Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.06.13/30(554)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.06.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
01.06.2007
Дата вступления в силу
01.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-161(ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-1394/2006 թ.
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան
Ն. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Սարգսյանի

                                          

2007 թվականի հունիսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) և Գարեգին Ղույումչյանի վճռաբեկ բողոքներն ըստ Գարեգին Ղույումչյանի հայցի ընդդեմ կազմակերպության՝ «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի խորհրդի ստեղծման մասին ռեկտոր Ռ. Եդոյանի 07.12.2002 թվականի թիվ 178/Կ և ինստիտուտի գիտական խորհուրդ ստեղծելու մասին թիվ 18/Կ հրամաններն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել ինստիտուտի ռեկտորի՝ ինստիտուտի խորհրդի ստեղծման մասին 07.12.2002 թվականի թիվ 178/Կ հրամանը և ինստիտուտի գիտական խորհրդի ստեղծման 03.02.2003 թվականի թիվ 18/Կ հրամանը:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 13.02.2006 թվականի վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է՝ «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կառավարման մարմնի՝ խորհրդի ստեղծման մասին ռեկտորի 07.12.2002 թվականի թիվ 178/Կ և ինստիտուտի գիտական խորհուրդ ստեղծելու մասին թիվ 18/Կ հրամանները ճանաչվել են անվավեր:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել կազմակերպությունը և Գ. Ղույումչյանը:

Գ. Ղույումչյանը կազմակերպության կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել:

Կազմակերպությունը Գ. Ղույումչյանի կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2. Կազմակերպության վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Կազմակերպության վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, որոնք չպետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը կիրառելով նշված հոդվածները՝ անտեսել է, որ ռեկտորը 07.12.2002 թվականին բուհի կառավարման մարմին՝ խորհուրդ ստեղծելու մասին հրամանն արձակելիս հիմք է ընդունել ՀՀ կրթության և գիտության նախարարության Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 1999 թվականի կանոնադրությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը վերակազմակերպվել է ՊՈԱԿ-ի, որը 23.12.2002 թվականին գրանցվել է պետական ռեգիստրի գործակալությունում: Հետևաբար, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը հիմք չէ 07.12.2002 թվականի թիվ 178/Կ հրամանն անվավեր ճանաչելու համար, քանի որ ռեկտորը ոչ թե կազմավորել է խորհուրդը և գիտական խորհուրդը, այլ ընդամենը հրամաններով հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ձևավորված խորհրդի և գիտական խորհրդի կազմերը:

2) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է այն փաստարկով, որ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, որպիսի խախտումը դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:

Վերոգրյալի հիման վրա կազմակերպությունը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

2.1 Գ. Ղույումչյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

 

Գ. Ղույումչյանի վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը, անվավեր ճանաչելով հրամանները, չի կիրառել վերը նշված դրույթներով սահմանված անվավերության հետևանքները և չի վերականգնել Գ. Ղույումչյանի խախտված իրավունքները:

2) Վճռաբեկ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 92-րդ հոդվածների, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ, 10-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների և պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 86-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 2-րդ հոդվածների պահանջները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վճռաբեկ դատարանը 15.11.2006 թվականի որոշմամբ վերադարձնելով վճռաբեկ բողոքը՝ Գ. Ղույումչյանին զրկել է իր իրավունքները վերականգնելու, իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրականացման, արդար դատաքննության իրավունքներից:

Վերոգրյալի հիման վրա Գ. Ղույումչյանը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

2.2 Կազմակերպության բողոքի դեմ Գ. Ղույումչյանի ներկայացրած պատասխանի փաստարկները.

 

Ըստ Գ. Ղույումչյանի պատասխանի՝ կազմակերպության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի փաստարկներն անհիմն են և ենթակա են մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ:

1) Հրամանն արձակվել է ոչ թե 1999 թվականի կանոնադրության, այլ ՀՀ կառավարության 12.09.2002 թվականի թիվ 1856-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա և ղեկավարվելով այդ կանոնադրության 3-րդ գլխի 13-րդ կետով, ինչի մասին հստակ կերպով նշված է վիճարկվող հրամանում:

2) բողոքարկվող վճիռը չի շոշափում ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավունքներն ու պարտականությունները:

3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոք կարող են բերել գործի քննությանը չմասնակցած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, այլ ոչ թե պատասխանողի ներկայացուցիչը, ընդ որում գործի քննությանը մասնակից չդարձված անձինք իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքների մասին, մինչդեռ վճիռը կայացվել է 06.05.2006 թվականին և նախարարությունն իմանալով վճռի մասին՝ սահմանված ժամկետում բողոք չի ներկայացրել:

4) Բողոքարկվող դատական ակտը չի հակասում Վճռաբեկ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 2-1493(ՎԴ) որոշմանը, քանի որ դա չի վերաբերում նույն հարցին, բացի այդ վկայակոչված որոշումը ոչ թե նախորդում է, այլ հաջորդում է դրան: Վկայակոչված որոշմամբ ուժի մեջ է թողնված վերաքննիչ դատարանի վճիռը վերաբերել է ինստիտուտի խորհրդի որոշումների, այլ ոչ թե խորհրդի ստեղծման մասին ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու պահանջներին:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարության 12.09.2002 թվականի թիվ 1856-Ն որոշմամբ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության: Նշված որոշումն ուժի մեջ է մտել 28.12.2002 թվականին:

2) Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.09.2002 թվականի թիվ 1856-Ն որոշմամբ հաստատված Կազմակերպության կանոնադրության 13-րդ կետը, 07.12.2002 թվականին արձակել է թիվ 178/Կ հրամանը, որով ստեղծվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի խորհուրդը:

3) Ռեկտորը, հիմք ընդունելով Կազմակերպության կանոնադրության 19-րդ և 21-րդ կետերը, 03.02.2003 թվականին ընդունել է թիվ 18/Կ հրամանը, որով ստեղծվել է ինստիտուտի գիտական խորհուրդը:

4) ՀՀ կառավարության նշված որոշմամբ հաստատված կազմակերպության կանոնադրությունը պետական գրանցում է ստացել 23.12.2002 թվականին:

5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 02.09.2003 թվականի վճռով մերժվել է Գ. Ղույումչյանի հայցն ընդդեմ կազմակերպության, ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ նախկին աշխատանքում վերականգնելու, օրենքին հակասող որոշումները և հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատավարձի տարբերությունը բռնագանձելու պահանջների մասին:

6) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 08.06.2005 թվականի վճռով մերժվել է Գ. Ղույումչյանի հայցն ընդդեմ Շվարց Սահակյանի և երրորդ անձ կազմակերպության՝ խորհրդի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է.

1) կազմակերպության բողոքի առաջին հիմքը անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ պետական կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ վերակազմակերպման արդյունքում ստեղծված՝ «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկի իրավահաջորդը հանդիսացող «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը և դրա կանոնադրությունը պետական գրանցում են ստացել 23.12.2002 թվականին, այսինքն այն որպես ՊՈԱԿ ստեղծված է համարվում 23.12.2002 թվականից:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն): Հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կոլեգիալ կառավարման, խորհրդակցական, վերահսկողություն իրականացնող և (կամ) այլ մարմինների (խորհուրդ, տնօրենների խորհուրդ և այլն) ձևավորում:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է սույն օրենքին, այլ իրավական ակտերի և ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան: Ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ: Ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, մանկավարժական խորհուրդը, գործադիր մարմինը: Ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ուսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, ռեկտորը (պետը), որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն: Ուսումնական հաստատության կառավարման բարձրագույն և գործադիր մարմինների միջև լիազորությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Սույն գործի փաստերի ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանը պարզեց, որ ինստիտուտի ռեկտոր Ռ. Եդոյանը 07.12.2002 թվականի և 03.02.2003 թվականի հրամանները արձակել է ինստիտուտի կանոնադրության (հաստատված ՀՀ կառավարության 12.09.2002 թվականի թիվ 1856-Ն որոշմամբ) երրորդ գլխի 13-րդ, 19-րդ և 21-րդ կետերի համաձայն, որով հրամայվել է ստեղծել ինստիտուտի կառավարման մարմին՝ խորհուրդ: Այսինքն՝ ռեկտորը հղում կատարելով դեռևս չստեղծված (պետական գրանցում չստացած) իրավաբանական անձի կանոնադրության վրա, ստեղծել է ինստիտուտի խորհուրդ, որպիսի լիազորություն կանոնադրությամբ ռեկտորին երբևէ վերապահված չի եղել:

Հետևաբար, վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ վիճելի հրամանները հակասում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:

Կազմակերպության ներկայացուցչի բողոքին կից ներկայացված՝ ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի 03.07.2006 թվականի թիվ 10-04/Ե-1201 և 29.12.2006 թվականի թիվ 10-04/Ե-3343 գրություններում հիշատակված փաստերը Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում այն պատճառաբանությամբ, որ այդ ապացույցները առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում պատասխանողի կողմից չեն ներկայացվել: Հետևաբար, դրանք չեն կարող Վճռաբեկ դատարանի կողմից քննարկման առարկա դառնալ:

2) Կազմակերպության բողոքի երկրորդ հիմքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը:

Նույն օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռները վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն՝

1) գործին մասնակցող անձինք,

2) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Քաղաքացիական դատավարությունում տնօրինչականության սկզբունքի հաշվառմամբ վերը նշված հոդվածների վերլուծությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ անձը վճռաբեկ բողոք իրավասու է ներկայացնելու կոնկրետ իր նյութական կամ (և) դատավարական իրավունքի խախտման հիմքով: Այս դիրքորոշումը հիմնավորվում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, ըստ որի՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել: Այսինքն, անձն իրավասու է վճռաբեկ բողոք բերել կոնկրետ իր իրավունքի խախտման փաստի հիմքով և բողոք բերած անձի իրավունքի խախտման փաստի առկայությունը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, հետևաբար Վճռաբեկ դատարանում քննության առարկա դառնալու համար պարտադիր նախապայման է համարվում:

Մինչդեռ, բողոքի սույն հիմքում բողոք բերած անձը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ պահանջել է բեկանել վերաքննիչ դատարանի վճիռն այն պատճառաբանությամբ, որ այն կայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հետևաբար, վերը նշված հիմնավորումներով, Վճռաբեկ դատարանը բողոքի սույն հիմքը քննարկման առարկա դարձնելը անհնարին է համարում, քանի որ բողոքի սույն հիմքը վերաբերում է այլ անձի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավունքի ենթադրյալ խախտմանը և չի առնչվում բողոք բերած անձի իրավունքներին:

4) Գ.Ղույումչյանի վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ իրավական ակտն անվավեր է ճանաչվում ընդհանուր իրավասության դատարանի կողմից ակտն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով այլ իրավական ակտին հակասող ճանաչվելու դեպքում:

Նույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ վերը հիշատակված հիմքով իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաստեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին համապատասխան իրավական ակտ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտով կարող են լուծվել՝

1) իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու հարցերը.

2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը,

3) անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունելու և անվավեր ճանաչելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն հոդվածի իմաստով վիճելի հրամանների անվավերության հետևանք կարող է հանդիսանալ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի՝ սույն վեճի առարկա հանդիսացող հրամաններն անվավեր ճանաչելու մասին համապատասխան հրամանը, որը պետք է ընդունվի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: Այդ հրամանով կարող են լուծվել իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու հարցերը, անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը, ինչպես նաև անվավեր ճանաչված հրամանն ընդունելու և անվավեր ճանաչելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը բողոքի սույն հիմքի՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի կիրառելիության փաստարկն անհիմն է համարում, քանի որ հոդվածի նշված պահանջները վերաբերում են ոչ թե վճիռ կայացրած դատարանին, այլ հրաման ընդունող համապատասխան իրավաստեղծ մարմնին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը նույնպես անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի նշում՝ անվավերության հետևանքների մասին՝ ակտն ամբողջովին կամ մասամբ անվավեր ճանաչելու դեպքում: Այն դեպքում, երբ քաղաքացու կամ իրավաբանական անձի խախտված իրավունքը չի կարող վերականգնվել միայն պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի՝ օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու միջոցով, դատարանն իրավունք ունի իր վճռով պարտադրել համապատասխան մարմնին կամ պաշտոնատար անձին՝ ընդունելու քաղաքացու օրենքով երաշխավորվող իրավունքները և (կամ) ազատությունները վերականգնող ակտ:

Վերը նշված հոդվածը վերաբերում է պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով կայացված դատարանի վճիռներին:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ պատասխանող կազմակերպությունը պետական մարմին, իսկ ինստիտուտի ռեկտորը՝ պետական մարմնի պաշտոնատար անձ չեն հանդիսանում:

5) Գ. Ղույումչյանի վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքին անդրադառնալը Վճռաբեկ դատարանն աննպատակահարմար է համարում, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Այսպիսով, վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը սույն գործով ներկայացված բողոքները անհիմն է համարում, հետևաբար՝ մերժման ենթակա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորություններից է վճռաբեկ բողոքի մերժումը և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Գ. Ղույումչյանի վճռաբեկ բողոքը մերժել:

3. Գ. Ղույումչյանից բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար սահմանված պետական տուրքի գումար:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Սարգսյան