ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2007 թվականի N 369-Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան`
1. Ստեղծել Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա կանոնադրությունն ու անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 369-Ն որոշման համաձայն:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի նախապատրաստման» դրամաշնորհային համաձայնագրով, երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի վերաբերյալ ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային, երթևեկության կառավարման և անվտանգության վարկային և (կամ) դրամաշնորհային ծրագրի (ծրագրերի) իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման ընթացքում 35700.0 հազ. դրամ գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
2) «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
4) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.
5) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
7) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
8) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
10) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
11) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, մեկշաբաթյա ժամկետում քննարկվում են խորհրդի նիստերում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ սահմանված կարգով արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել այլ հրավիրված անձինք:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Խորհրդի նիստերին անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարն է:
25. Խորհրդի նախագահը`
1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացման կազմակերպման համար.
2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում.
3) կազմակերպում և ղեկավարում է խորհրդի գործունեությունը:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը uահմանվում է 11-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք և (կամ) նախարարությանը ենթակա` ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 3 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից և Երևանի քաղաքապետարանից:
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ մարմնի ղեկավարը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է լինել խորհրդի անդամ:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի կամ մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.
2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունները և (կամ) լրացումները կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Ծրագրի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Մանուկյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Լ. Գևորգյան |
- ՀՀ Նախագահի օգնական |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ս. Ղոնաղչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ |
Հ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական |
Ա. Մնացականյան |
- Երևանի քաղաքապետի խորհրդական |
Մ. Սողոմոնյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության հսկողության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ |
Ա. Բարսեղյան |
- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության հաշվառման, գրանցման և համակարգման բաժնի պետ |
Կ. Գևորգյան |
- «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
Ա. Բախտամյան |
- «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |