Գլխավոր տեղեկություն
Номер
N 679
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2007-02.10.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.11.15/26(124)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2000
Дата вступления в силу
25.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 679
քաղ. Երևան

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2002-2005 թվականների պետական բյուջեների նախագծերը կազմելիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից ներկայացված հայտերի հիման վրա քննարկել բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու հնարավորության հարցը:

3. Գաղտնի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 25-ի N 679 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու

 

I. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման սկզբունքները

 

1. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովվում են`

ա) փրկարար ուժերի անձնակազմը` զտող հակագազերով, շնչադիմակներով, մաշկի պաշտպանության միջոցներով, իսկ քիմիական վտանգավոր օբյեկտներում վթարի վերացման աշխատանքներին մասնակցող փրկարար ուժերի անձնակազմը նաև լրացուցիչ մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.

բ) սահմանամերձ` մինչև 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը զտող հակագազերով և համազորային պաշտպանական լրակազմերով.

գ) կազմակերպությունների աշխատողները, Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և շնչադիմակներով.

դ) քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմը` մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.

ե) Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան ու Հրազդան քաղաքների բնակչությունը և այդ քաղաքների կազմակերպությունների աշխատողները` զտող հակագազերով.

զ) մնացած բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով:

 

II. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հերթականությունը

 

2. Բնակչությունն անհատական պաշտպանության միջոցներով ապահովվում է հետևյալ հերթականությամբ`

ա) առաջին հերթին`

սահմանամերձ` մինչև 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը,

փրկարար ուժերի անձնակազմը,

Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը և կազմակերպությունների աշխատողները.

քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմը.

բ) երկրորդ հերթին`

Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Հրազդան քաղաքների կազմակերպությունների աշխատողները. Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Հրազդան քաղաքների բնակչությունը.

գ) երրորդ հերթին`

մնացած բնակավայրերի բնակչությունը:

 

III. Անհատական պաշտպանության միջոցների կուտակումը

 

3. Բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են նախապես զորահավաքային պահուստում դրանց պահեստավորմամբ և կազմակերպություններում համապատասխան պաշարների ստեղծմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:

4. Կազմակերպությունների աշխատողների և կազմակերպությունների փրկարար ուժերի անձնակազմի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են կազմակերպություններում:

5. Բնակչության և կազմակերպությունների աշխատողների ու փրկարար ուժերի անձնակազմի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության պետական պահուստի նյութական արժեքների կուտակման համար սահմանված կարգով:

 

IV. Շնչառական օրգանների եվ մաշկի պաշտպանության հասարակ միջոցները

 

6. Անհատական պաշտպանության միջոցների բացակայության դեպքում, որպես մաշկի պաշտպանության հասարակ միջոցներ, կարող են հարմարեցվել սովորական հագուստը, մարզահագուստները (սպորտային կոստյումները) և կոշիկները, որոնք ենթարկվում են հերմետիկացման: Ցանկացած մարզահագուստ, ռետինե կոշիկներ և ձեռնոցներ կարող են դառնալ պաշտպանական զտող լրակազմ, եթե դրանք նախօրոք հագեցվեն հատուկ բաղադրությամբ: Այդ նպատակով կիրառվում են զանազան լվացող միջոցների լուծույթներ և օճառայուղային էմուլսիաներ: Մաշկի պաշտպանության հասարակ միջոցներն օգտագործվում են հակագազերի հետ զուգորդված` ճառագայթային փոշիներից և մանրէաբանական միջոցներից, իսկ քիմիական լուծույթներով հագեցնելուց հետո նաև մարտական թունավոր նյութերից պաշտպանվելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը բնակչությանն ուսուցանում է սեփական ուժերով շնչառական օրգանների պաշտպանության հասարակ միջոցների պատրաստման ու մաշկի պաշտպանության համար հագուստի հարմարեցման և դրանցից օգտվելու հնարքները:

 

V. Անհատական պաշտպանության միջոցների պահպանումը

 

7. Չափահաս բնակչության և երեխաների համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները պահպանվում են զորահավաքային պահուստի պահեստներում:

Կազմակերպությունների աշխատողների անհատական պաշտպանության միջոցների պաշարները պահպանվում են տվյալ կազմակերպությունների պահեստներում, ինչպես նաև դրանց համար նախատեսված պահարաններում:

8. Անհատական պաշտպանության միջոցների պահպանման պայմանները պետք է բավարարեն տվյալ օբյեկտում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից սահմանված քաղաքացիական պաշտպանության գույքի երկարատև պահպանման պահանջները:

Պահեստների շենքերի պայմանների անբավարարության և քաղաքացիական պաշտպանության գույքի երկարատև պահպանման պահանջների անհամապատասխանության դեպքում թույլատրվում է անհատական պաշտպանության միջոցները պահել ապաստարաններում ու այլ շինություններում:

 

VI. Զորահավաքային պահուստի անհատական պաշտպանության միջոցների թարմացումը

 

9. Զորահավաքային պահուստի` որակական հատկանիշները կորցրած անհատական պաշտպանության միջոցները, որոնք լաբորատոր հետազոտման են ենթարկվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճառագայթային և քիմիական լաբորատորիայում (համապատասխան եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը), ենթակա են զորահավաքային պահուստից ապաամրագրման` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացմամբ:

Կազմակերպությունների` պաշտպանական հատկանիշները կորցրած անհատական պաշտպանության միջոցները (լաբորատոր հետազոտումն իրականացնում և համապատասխան եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը) հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, որոնց փոխարեն տրվում են նորերը:

(9-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

10. Զորահավաքային պահուստի ապաամրագրված անհատական պաշտպանության միջոցները կարող են օգտագործվել բնակչության և կազմակերպությունների փրկարար ուժերի ուսուցման համար:

 

VII. Անհատական պաշտպանության միջոցների բաշխումը

 

11. Զորահավաքային պահուստից անհատական պաշտպանության միջոցները բնակչությանը բաշխվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:

Զորահավաքային պահուստի և կազմակերպությունների անհատական պաշտպանության միջոցների տեղաբաշխումն ու պահպանումն իրականացվում է` հաշվի առնելով կարճ ժամանակահատվածում դրանց բաշխման անհրաժեշտությունը:

12. Վտանգի առկայության դեպքում կազմակերպությունների փրկարար ուժերի անձնակազմերին, Հայկական ԱԷԿ-ի և քիմիական վտանգավոր օբյեկտների աշխատողներին, ինչպես նաև այն քաղաքների բնակչությանը, որտեղ տեղակայված են այդ օբյեկտները, և Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցները բաշխվում են նախօրոք:

13. Պատերազմի ժամանակ և արտակարգ իրավիճակներում անհատական պաշտպանության միջոցների բաշխման կարգը սահմանվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության պլաններով:

14. Նշված պլաններով որոշվում են անհատական պաշտպանության միջոցների բաշխման կետերը, ժամանակը, քանակը և հերթականությունն ըստ համայնքների ու կազմակերպությունների:

Այդ պլաններում նշվում են նաև պահեստներից անհատական պաշտպանության միջոցների ստացման, բաշխման կետեր հասցնելու, դրանց ստուգման և հարմարեցման, բեռնման-բեռնաթափման խմբերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ հատկացնող կազմակերպությունները և պատասխանատու անձինք: