Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.06.13/30(554)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.06.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
01.06.2007
Дата вступления в силу
01.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի
առաջին ատյանի դատարանի
թիվ 2-130 վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-479(Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝

Ն. Գալստյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հունիսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ դատարան) 22.02.2006 թվականի վճռի դեմ ըստ հայցի Արմեն Մելիքյանի ընդդեմ Այվազ Սարգսյանի և համապատասխանողներ Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանների՝ փոխառությամբ տրված գումարի և տոկոսների բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին թիվ 2-130 քաղաքացիական գործով,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Այվազ Սարգսյանին պարտավորեցնել կատարելու 09.08.2003 թվականին կնքված փոխառության պայմանագրով իր կողմից ստանձնած պարտավորությունները և որպես այդ պարտավորությունների կատարման ապահովում՝ բռնագանձում տարածել 09.08.2003 թվականին կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա հանդիսացող՝ ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում գտնվող 116.8 քմ բնակելի տան, 10.9 քմ, 11 քմ և 13.8 քմ ծածկոցի շինությունների, 27 քմ թոնրատան շինության, 30,7 քմ գոմի շինության և 0,283 հեկտար հողամասի վրա:

Դատարանի 22.02.2006 թվականի վճռով հաստատվել է Արմեն Մելիքյանի և Այվազ Սարգսյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, և գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել համապատասխանողներ Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկով.

22.02.2006 թվականին կայացրած վճռով հաստատվել է հայցվոր Արմեն Մելիքյանի և Այվազ Սարգսյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը, որով վերջինս համաձայնություն է տվել պարտքի գումարը բռնագանձել ամբողջ սեփականության նկատմամբ՝ առանց հաշվի առնելու համասեփականատերերի կարծիքը: Հաշտության համաձայնագիրը չի ստորագրվել համապատասխանողների կողմից, որոնք հանդիսանում են գրավադրված գույքի համասեփականատերեր: Պատասխանող Այվազ Սարգսյանը համապատասխանողների կողմից հաշտության համաձայնագիր կնքելու լիազորություն չի ունեցել, ուստի կայացված վճիռը ենթակա է բեկանման:

 

Բողոք բերած անձինք պահանջել են մասնակիորեն բեկանել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 22.02.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 09.08.2003 թվականին Արմեն Մելիքյանի և Այվազ Սարգսյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր:

2) 09.08.2003 թվականին Արմեն Մելիքյանի և Այվազ, Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանների միջև ի ապահովումն վերը նշված պայմանագրի՝ կնքվել է հիփոթեքի պայմանագիր:

3) Դատարանի 20.01.2006 թվականի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց՝ արգելանք է դրվել պատասխանողներ Այվազ, Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյաններին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում գտնվող 116,8 քմ մակերեսով բնակելի տան, 10,9; 11 և 13,8 քմ մակերեսներով ծածկոցի շինությունների, 27քմ մակերեսով թոնրատան շինության, 30,7 քմ մակերեսով գոմի շինության և 0,283 հեկտար հողամասի վրա:

4) Պատասխանող Այվազ Սարգսյանը մյուս համապատասխանողների կողմից՝ իրենց անունից գործը վարելու հանձնարարություն չի ստացել:

5) Դատարանի 22.02.2006 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությունը պատասխանող կողմից ստորագրել է միայն Այվազ Սարգսյանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքում դատարանը վեճը քննում է ըստ էության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ և 30-րդ հոդվածների համաձայն՝ քաղաքացիական դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը: Հայցը կարող է հարուցվել մի քանի հայցվորի (համահայցվորներ) կողմից համատեղ կամ ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ): Հայցվորներից և պատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն: Համահայցվորները կամ համապատասխանողները կարող են գործը վարելը հանձնարարել իրենցից մեկին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին: Նույն օրենսգրքի 249 հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ դատարանի 22.02.2006 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությունը կնքվել է հայցվոր Արմեն Մելիքյանի և պատասխանող Այվազ Սարգսյանի միջև՝ այն պայմաններում, երբ Այվազ Սարգսյանը մյուս պատասխանողներից գործը վարելու վերաբերյալ համապատասխան հանձնարարություն չի ստացել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով պատասխանողներ Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանները հանդիսանում են գրավատուներ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն հաշտության համաձայնությունը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու մասով միմիայն կարող էր կնքվել հայցվորի և բոլոր համապատասխանողների կամահայտնությամբ, որովհետև հաշտության համաձայնությունն այդ մասով վերաբերում է վերջիններիս իրավունքներին և օրինական շահերին:

Փաստորեն, կնքված հաշտության համաձայնությամբ խախտվել են մյուս գրավատուների համապատասխանողներ Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանների իրավունքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաստատելով Արմեն Մելիքյանի և Այվազ Սարգսյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը՝ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի պահանջները, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով, վերը նշված հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում և այն դիտում է բավարար հիմք՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 22.02.2006 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանների վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի 22.02.2006 թվականի վճիռը և քաղաքացիական գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան