ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-873 (ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-497 | |
Նախագահող դատավոր՝ |
Ա. Խառատյան |
դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հուլիսի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Թամարա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)` թիվ 07-497 քաղաքացիական գործով 23.01.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Շողիկ Ղարիբյանի ընդդեմ Անահիտ Հակոբյանի, երրորդ անձ Արսեն Մխիթարյանի՝ տան առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է տան առուվաճառքի պայմանագիրը ճանաչել վավեր: Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ հայցվորը փոփոխելով հայցապահանջը դատարանից պահանջել է` վավեր ճանաչել հայցվորի և պատասխանողի միջև կնքված առուծախի պայմանագիրը և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բայդուկովի փողոցի թիվ 17 տան նկատմամբ:
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 11.09.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Վարդանյանը։
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները վճիռ են կայացրել Թամարա Վարդանյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ՝ նրան մասնակից չդարձնելով գործի քննությանը, ինչը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, բոլոր դեպքերում հիմք է վճիռը բեկանելու համար:
Վիճելի իրավահարաբերությունում առկա չեն այն հատկանիշները, որոնց ուժով Վերաքննիչ դատարանը կարող էր կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը: Դատարանը վճռի հիմքում դրել է կողմերի միջև կնքված փոխառության պայմանագիրը, որը միանգամայն այլ քաղաքացիաիրավական գործարք է և որևէ կապ չունի տան առուվաճառքի հետ, այդպիսին կնքելու համար որևէ պարտադիր պայման իր մեջ չի պարունակում:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.01.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Անահիտ Հակոբյանը, Շողիկ Ղարիբյանը և միջնորդական գործունեություն իրականացնող Արսեն Մխիթարյանը 23.05.2006 թվականին կնքել են Բայդուկովի փողոցի թիվ 17 բնակելի տան առուվաճառքի միջնորդական պայմանագիր:
2) Շողիկ Ղարիբյանի և Անահիտ Հակոբյանի միջև 24.05.2006 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որով պատասխանողին տրվել է 13.500 ԱՄՆ դոլար:
3) 24.07.2006 թվականին Անահիտ Հակոբյանի և Թամարա Վարդանյանի միջև կնքվել է Բայդուկովի փողոցի թիվ 17 բնակելի տան և հողի առուվաճառքի պայմանագիր:
4) Նշված գործարքից ծագած իրավունքները ստացել են պետական գրանցում և 26.07.2006 թվականին Թամարա Վարդանյանին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
5) Թամարա Վարդանյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի վճռով հայցը բավարարվել է. վավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և Շողիկ Ղարիբյանին ճանաչել է Բայդուկովի փողոցի թիվ 17 բնակելի տան սեփականատեր: Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա 26.07.2006 թվականից տվյալ բնակարանի սեփականատեր է հանդիսանում Թամարա Վարդանյանը, որը սույն գործի քննությանը ներգրավված չի եղել: Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել գործի քննությանը մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպեu նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման իրավաչափության ստուգմանը Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.01.2007 թվականի վճռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |