Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (06.07.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/4(12)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
31.01.1967
Дата подписания
31.01.1967
Дата вступления в силу
06.07.1993

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

(31 հունվարի 1967 թ.)

 

Սույն Արձանագրությանը մասնակից պետությունները,

հաշվի առնելով, որ 1951թ. հուլիսի 28-ին Ժնևում կատարված Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) տարածվում է միայն այն անձանց վրա, ովքեր փախստական են դարձել մինչև 1951թ. հունվարի 1-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով,

հաշվի առնելով, որ Կոնվենցիայի ընդունումից հետո առաջացել են փախստականներին առնչվող նոր իրավիճակներ և, որ նման փախստականներն այդ իսկ պատճառով կարող են դուրս մնալ Կոնվենցիայի շրջանակներից,

հաշվի առնելով, որ ցանկալի է, որպեսզի Կոնվենցիայի սահմանման համաձայն փախստական համարվող բոլոր անձինք օգտվեն հավասար կարգավիճակից՝ անկախ 1951թ. հունվարի 1-ի վերջնաժամկետից,

 

համաձայնել են հետևյալի շուրջ.

 

Հոդված 1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Արձանագրությանը մասնակից պետությունները պարտավորվում են Կոնվենցիայի 2-34-րդ հոդվածները կիրառել փախստականների նկատմամբ, ինչպես սահմանված է ստորև։

2. Սույն Արձանագրության նպատակների համար «փախստական» հասկացությունը, բացի սույն հոդվածի 3-րդ կետի կիրառության դեպքերից, նշանակում է ցանկացած անձ, ով համապատասխանում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի սահմանմանն այնպիսի ձևակերպմամբ, եթե 1 Ա (2)-րդ հոդվածում բաց թողնված լինեին «մինչև 1951թ. հունվարի 1-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով» և «նման իրադարձությունների հետևանքով» բառերը։

3. Սույն Արձանագրությունը մասնակից պետությունները կիրառում են առանց աշխարհագրական որևէ սահմանափակման, բացառությամբ այն դեպքերի, երբ Կոնվենցիային արդեն մասնակից պետությունների կողմից Կոնվենցիայի 1 Բ (1)(Ա)-րդ հոդվածի համաձայն կատարած առկա հայտարարությունները, եթե Կոնվենցիայի 1 Բ (2)-րդ հոդվածին համապատասխան ընդլայնում տեղի չի ունեցել, նույնպես կիրառվում են ըստ սույն Արձանագրության։

 

Հոդված 2

 

Ներպետական իշխանությունների համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության հետ

 

1. Սույն Արձանագրությանը մասնակից պետությունները պարտավորվում են համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կամ Միավորված ազգերի կազմակերպության որևէ այլ հաստատության հետ, որը համապատասխան գործառույթները կատարելու գործում կարող է փոխարինել նրան, և, մասնավորապես, հեշտացնում են սույն Արձանագրության դրույթների կիրառումը վերահսկելու նրա պարտականությունը։

2. Որպեսզի Գերագույն հանձնակատարի գրասենյակին կամ Միավորված ազգերի կազմակերպության՝ նրան փոխարինած՝ որևէ այլ հաստատության հնարավորություն տրվի պատրաստելու Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին ուղղված զեկույց, Պայմանավորվող պետությունները պարտավորվում են համապատասխանաբար նրանց տրամադրել պահանջվող տեղեկատվություն և վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերում են.

(ա) փախստականների վիճակին,

(բ) սույն Արձանագրության կատարմանը,

(գ) փախստականներին առնչվող գործող կամ ընդունվելիք օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին ու հրամանագրերին։

 

Հոդված 3

 

Ներպետական օրենսդրության վերաբերյալ տեղեկատվությունը

 

Սույն Արձանագրության մասնակից պետությունները Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հաղորդում են այն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մասին, որ նրանք կարող են ընդունել սույն Արձանագրության կատարումն ապահովելու համար։

 

Հոդված 4

 

Վեճերի կարգավորումը

 

Սույն Արձանագրության մասնակից պետությունների միջև դրա մեկնաբանմանը կամ կիրառությանը վերաբերող ցանկացած վեճ, որը հնարավոր չէ լուծել այլ միջոցներով, վեճի կողմերից ցանկացածի պահանջով հանձնվում է Միջազգային դատարանին։

Հոդված 5

 

Միանալը

 

Սույն Արձանագրությունը միանալու նպատակով բաց է Կոնվենցիայի բոլոր մասնակից պետությունների և Միավորված ազգերի կազմակերպության կամ մասնագիտացված ցանկացած հաստատության ցանկացած այլ անդամ պետության, ինչպես նաև ցանկացած այլ պետության համար, որին կարող է միանալու հրավեր ուղղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան։ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։

 

Հոդված 6

 

Դաշնային դրույթը

 

Դաշնային կամ ոչ ունիտար պետության դեպքում գործում են հետևյալ դրույթները.

(ա) Կոնվենցիայի այն հոդվածների առնչությամբ, որոնք կիրառվում են սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետին համապատասխան և որոնք ենթակա են դաշնային օրենսդիր իշխանության օրենսդրական իրավազորությանը, դաշնային կառավարության պարտավորություններն այս շրջանակներում նույնն են, ինչ դաշնային պետություն չհանդիսացող մասնակիցներինը։

(բ) Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք կիրառվում են սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետին համապատասխան և ենթակա են պետության կազմի մեջ մտնող նահանգների, գավառների կամ կանտոնների օրենսդրական իրավազորությանը, որոնք, ըստ դաշնային սահմանադրական համակարգի, պարտավոր չեն համապատասխան օրենսդրական միջոցառումներ կիրառել, դաշնային կառավարությունը նպաստավոր հանձնարարականի հետ միասին հնարավորինս վաղ ներկայացնում է նահանգների, գավառների կամ կանտոնների համապատասխան իշխանությունների ուշադրությանը։

(գ) Սույն Արձանագրությանը մասնակից դաշնային պետությունը ցանկացած այլ մասնակից պետության՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով փոխանցված խնդրանքով, հաղորդագրություն է տրամադրում դաշնության և նրա բաղկացուցիչ միավորների՝ սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետին համապատասխան կիրառվող՝ Կոնվենցիայի ցանկացած դրույթի առնչությամբ իր օրենսդրության ու պրակտիկայի վերաբերյալ՝ նշելով, թե ինչ չափով է այդ դրույթն իրագործվել օրենսդրական կամ այլ գործողությունների միջոցով։

 

Հոդված 7

 

Վերապահումները և հայտարարությունները

 

1. Միանալու ժամանակ ցանկացած պետություն կարող է վերապահումներ կատարել սույն Արձանագրության 4-րդ հոդվածի և սույն Արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան կիրառվող՝ Կոնվենցիայի ցանկացած հոդվածի կապակցությամբ, բացի 1, 3, 4, 16 (1) և 33-րդ հոդվածների, պայմանով, որ Կոնվենցիայի մասնակից պետությունների դեպքում սույն հոդվածի հիման վրա կատարված վերապահումները չեն տարածվում այն փախստականների վրա, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։

2. Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից նրա 42-րդ հոդվածին համապատասխան կատարված վերապահումները, եթե հետ չեն վերցվել, կիրառվում են սույն Արձանագրությամբ նրանց պարտավորությունների նկատմամբ։

3. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վերապահում կատարած պետությունը կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել հիշյալ վերապահումը՝ այդ մասին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով։

4. Սույն Արձանագրությանը միացած՝ Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից նրա 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա կատարված հայտարարությունները կիրառելի են համարվում սույն Արձանագրության կապակցությամբ, եթե միանալու ժամանակ տվյալ մասնակից պետությունը հակառակի մասին ծանուցում չի հղում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Կոնվենցիայի 40-րդ հոդվածի 2 և 3-րդ կետերի և 44-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները mutatis mutandis կիրառելի են համարվում սույն Արձանագրության առնչությամբ։

 

Հոդված 8

 

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին վեցերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրը։

2. Միանալու մասին վեցերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո Արձանագրությանը միացող պետությունների համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը հիշյալ պետության կողմից ի պահ հանձնելու օրը։

Հոդված 9

 

Չեղյալ հայտարարումը

 

1. Սույն Արձանագրությանը մասնակից ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով։

2. Չեղյալ հայտարարումը տվյալ մասնակից պետության համար ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալուց մեկ տարի անց։

 

Հոդված 10

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ծանուցումները

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 5-րդ հոդվածում հիշատակված պետություններին տեղեկացնում է սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա, միանալու, վերապահումների, վերապահումները հետ վերցնելու և չեղյալ հայտարարելու, ինչպես նաև դրանց հետ կապված հայտարարությունների և ծանուցումների մասին։

 

Հոդված 11

 

Ի պահ հանձնումը Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարության արխիվ

 

Սույն Արձանագրության պատճենը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ստորագրված Գլխավոր ասամբլեայի Նախագահի և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարության արխիվ։ Գլխավոր քարտուղարը դրա հաստատված պատճենները փոխանցում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և 5-րդ հոդվածում հիշատակված մյուս պետություններին։

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 6-ից: