Գլխավոր տեղեկություն
Номер
N 168-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2005-25.03.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.12.01/30(207) Հոդ.408
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
08.11.2005
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
08.11.2005
Дата вступления в силу
11.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 168-Ն


 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը և 26-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված կարգի N 101 հավելվածը՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման կարգը» նոր խմբագրությամբ (հավելված)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 20-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 42-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի նոյեմբերի 8-ի
N 168-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման

 

Սույն կարգով սահմանվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիա ստանալու համար ֆինանսական երաշխիքների (այսուհետև՝ երաշխիք) հաշվարկման սկզբունքներն ու Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետև՝ հանձնաժողով) դրանց ներկայացման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Երաշխիք է համարվում սույն կարգին համապատասխան հաշվարկված և ձևակերպված որոշակի գումարը, որը ներկայացվում է էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտով հանձնաժողով դիմած անձի կողմից՝ ի վկայություն լիցենզիայի պայմանների պահպանման և կատարման պատրաստականության:

1.2 Լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում երաշխիքը մասնակիորեն կամ ամբողջությամբ` հանձնաժողովի որոշման հիման վրա, երաշխավորողը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

1.3 Երաշխավորող կարող է հանդիսանալ`

ա) Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկ,

բ) լիցենզայի հայտով դիմած իրավաբանական անձը, եթե նա ունի հանձնաժողովի կողմից իրեն տրված գործունեության լիցենզիա, բացառությամբ նոր արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիայի:

1.4 Երաշխավորողը տալիս է երաշխավորագիր, որում պարտադիր նշվում են`

ա) երաշխավորագրի գործողության ժամկետը, որը պետք է համապատասխանի լիցենզիայի գործողության ժամկետին,

բ) երաշխավորողի պարտավորությունը լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ հանձնաժողովի որոշման հիման վրա, երաշխիքն ամբողջությամբ կամ մասնակիորեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին:

1.5 Երաշխավորագիրը լիցենզիա ստանալու հայտի հետ միասին ներկայացվում է հանձնաժողով:

1.6 Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե գործունեության լիցենզիա ստանալու համար անձը հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:

1.7 Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, կայացնում է որոշում կամ տալիս է գրավոր թույլտվություն՝ երաշխիքը լիցենզավորված անձին վերադարձնելու մասին:

 

2. ԵՐԱՇԽԻՔԻ ՉԱՓԸ

 

2.1 Երաշխիքի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի չափը:

2.2 Երաշխիքի մեծությունը պետք է հավասար լինի կառուցվող (վերականգնվող) արտադրական հզորության տեղակայվելիք հզորության (արտահայտված կիլովատներով) և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը:

 

3. ԵՐԱՇԽԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

3.1 Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

ա) հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայից զրկելու մասին,

բ) լիցենզիայի գործողության ժամկետում լիցենզավորված անձը չի ավարտել արտադրական հզորության կառուցման (վերականգնման) աշխատանքների իրականացումը և չի դիմել լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտով, կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը:

3.2 Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

ա) հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին,

բ) հանձնաժողովը որոշում է ընդունել բնապահպանական և տեխնիկական փորձաքննություն անցած նախագծի հանձնաժողով ներկայացման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու մասին:

3.3 Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել երաշխիքի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե լիցենզավորված անձը պարբերաբար խախտում է հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին և կարգին համապատասխան տեղեկատվությունների և հաշվետվությունների հանձնաժողով ներկայացման ժամկետը:

3.4 Լիցենզավորված անձը, սույն կարգի 3.1, 3.2 և 3.3 կետերի համաձայն սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում, ներկայացնում է հանձնաժողով:

3.5 Սույն կարգի 3.2 և 3.3 կետերում սահմանված դեպքերում` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 2.2 կետին համապատասխան հաշվարկված նոր երաշխիք:

 

4. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

4.1 Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքը սույն կարգով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի ու հանգամանքների, որոնք ստեղծվել են նրա կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

4.2 Լիցենզավորված անձը պարտավոր է սույն կարգի 4.1 կետում սահմանված դեպքերում անհապաղ տեղեկացնել հանձնաժողովին` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.11.2013, N 374-Ն 02.01.2014, N 168-Ն
28.02.2006, N 24-Ն 25.03.2006, N 168-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան