Գլխավոր տեղեկություն
Номер
N 01
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.08.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.08.01/39(563)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
10.07.2007
Подписан
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата подписания
10.07.2007
Дата вступления в силу
11.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2007 թվականի  N 01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշման 5-րդ կետով ամրագրել է, որ բոլոր դեպքերում հետաքննության մարմնի աշխատակիցների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների բողոքարկման արդյունքում վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով (տվյալ պահին գործող) նախատեսված դեպքում քրեական վերաքննիչ դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:

Սակայն, համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 384-րդ հոդվածի. «Սույն գլխի կանոններով բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ» (սույն գլխի կանոններով սահմանված է վերաքննիչ բողոք բերելու ընթացակարգը), իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով հետաքննության մարմնի աշխատակիցների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների բողոքարկման արդյունքում վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերադաս դատարան բողոք բերելու վերաբերյալ այլ բան է նախատեսված միայն 278-րդ հոդվածի երրորդ մասով` քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի կողմից ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ, 2006 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի երրորդ մասը` «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան», փոփոխվել է և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Քրեական գործի հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 24-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է. 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Բոլոր դեպքերում հետաքննության մարմնի աշխատակիցների, քննիչի, դատախազի որոշումների և գործողությունների բողոքարկման արդյունքում վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանի վերջնական որոշումները կարող են բողոքարկվել վերադաս դատարան.

բ) հետաքննության մարմնի աշխատակիցների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի կողմից ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից»:

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահ
Հ. Մանուկյան