040.0595.19.12.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 1997 թվականի N 595
քաղ. Երևան
ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում մեծածախ առևտրի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մեծածախ առևտրի հիմնական կանոնները (կցվում է):
2. Սահմանել, որ պարենային, ոչ պարենային ու արտադրատեխնիկական նշանակության ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ առևտրի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող մեծածախ առևտուրը:
2. Մեծածախ առևտուրն ապրանքների առուծախի այնպիսի գործունեություն է, երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով:
3. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:
4. Ձեռնարկության մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը:
5. Գնորդի պահանջով ձեռնարկությունը ներկայացնում է`
ձեռնարկության պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.
մեծածախ առևտրի հիմնական կանոնները.
սպասարկող բանկի ռեկվիզիտները (անվանումը, հասցեն, հաշվի համարը).
վաճառվող ապրանքներին և մատուցվող ծառայություններին վերաբերող ստանդարտները և այլ նորմատիվ փաստաթղթեր.
վաճառվող ապրանքների տեսականին և գնացուցակը.
չափման միջոցների ստուգաչափման վկայականները:
6. Մեծածախ առևտրի մասին պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Ձեռնարկությունում վաճառվող ապրանքների նմուշների սրահի առկայության դեպքում նմուշները ցուցադրվում են գնապիտակներով, որտեղ նշվում են ապրանքի անվանումը, վաճառքի առաջարկված գինը, արտասահմանյան արտադրության ապրանքների համար` հայերեն անվանումը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ապրանքը բնութագրող այլ տվյալներ:
8. Ձեռնարկությունը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի) պարտավոր է բանկում ունենալ հաշվարկային հաշիվ և գնորդի պահանջով նրա հետ հաշվարկները կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր վճարամիջոցներով:
Ձեռնարկությունն իրավունք ունի հրաժարվելու վճարումը քարտով ընդունելու, եթե վճարման ենթակա գումարը պակաս է տվյալ տեսակի քարտով վճարումներն իրականացնելու համար ձեռնարկության և սպասարկող բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով սահմանված քարտերով վճարման ենթակա նվազագույն գումարից:
9. Ձեռնարկությունում ապրանքներ ընդունողը և վաճառողը պարտավոր են կրել կազմակերպության ղեկավարի կողմից տրված անվանաքարտ` լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշումով` վավերացված ձեռնարկության կնիքով:
(9-րդ կետը լրաց. 13.12.02 N 2035-Ն)
10. Ապրանքների պահպանումը պետք է համապատասխանի տվյալ ապրանքի համար ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված պահանջներին:
11. Արգելվում են սահմանված պահանջներին չհամապատասխանող, անորակ, ապրանքային տեսքը կորցրած, պիտանիության և երաշխիքային ժամկետներն անցած ապրանքների ընդունումն ու վաճառքը, եթե դրա մասին նախապես գրավոր հայտարարված չէ (բացառությամբ դեղամիջոցների, որոնց վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի տված գրավոր թույլտվության առկայության դեպքում):
12. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վաճառքը` առանց համապատասխանության սերտիֆիկատների առկայության:
13. Ձեռնարկությունը պայմանագրային հիմունքներով գնորդին կարող է առաջարկել վճարովի ծառայություններ` ապրանքների ի պահ ընդունում, բեռնափոխադրում գնորդի նշած հասցեով, ապրանքների տեսակավորում և տարայավորում (այդ թվում բեռնարկղերով անմիջականորեն մանրածախ առևտրի ձեռնարկություն հասցնելու համար), տեղեկատվական, գովազդային և ապրանքամատակարարման բարելավմանը նպաստող այլ ծառայություններ:
14. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.05.2005, N 577-Ն | 01.01.2006, N 595 | |
04.12.2003, N 1602-Ն | 31.12.2003, N 595 | |
13.12.2002, N 2035-Ն | 30.12.2002, N 595 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|