Գլխավոր տեղեկություն
Номер
N 55-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (11.08.2007-01.04.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.08.01/21(261)
Принят
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Дата принятия
18.07.2007
Подписан
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
18.07.2007
Дата вступления в силу
11.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 55-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2007 թվականի հուլիսի 18-ի դռնբաց նիստում «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) 2007 թվականի հուլիսի 4-ի թիվ ՊՄ/2007-09 դիմումի հիման (այսուհետ՝ Դիմում) վրա քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) նախատեսված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու կամ ղրան մասնակցելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը:

Քննարկման ընթացքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը.

Դիմումով Հիմնադրամը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումն առ այն, թե Դիմումը ներկայացնելու պահին արդյոք գործում է կամ իրավաբանորեն կիրարկելի է (իրավաբանական ուժ ունի) Օրենքի 9-րդ հոդվածը՝ տնտեսվարող սուբյեկտների պարտավորության կատարման մասով, Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող իրավական ակտի բացակայությունն արդյոք չի ենթադրում, որ Օրենքի 9-րդ հոդվածը կգործի 3-րդ մասով նախատեսված իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից և այդ հանգամանքն օտարերկրյա ներդրողին հնարավորություն տալիս է առանց համակենտրոնացման հայտարարագրման և Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կանոնադրական կապիտալի քսան և ավելի տոկոսը:

Դիմումում նշվել է նաև, որ խնդրի պարզաբանման անհրաժեշտությունն առաջացել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե՝...», իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը»: Մինչև այս պահը Հանձնաժողովի կողմից նման կարգ սահմանված չէ (Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակված չէ): Այսինքն, պարտադիր հայտարարագրման ինստիտուտն օրենքով սահմանվել է, սակայն դրա կիրառման մեխանիզմը բացակայում է:

Հիմնադրամը, մեջբերելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը, հայտնել է նաև, որ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը՝ դրա իրավաբանական ուժ ունենալու առումով, տարաբնույթ հարցադրումների հնարավորություն է ընձեռում:

Առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ մասով՝ Հիմանդրամը հարցի առնչությամբ առաջարկել է պարզաբանման հետևյալ տարբերակը. «Օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կանոնադրական կապիտալի քսան և ավելի տոկոսը՝ առանց համակենտրոնացման հայտարարագրման ու Հանձնաժողովի թույլտվության, քանի դեռ իրավաբանորեն ուժի մեջ չի մտել Հանձնաժողովի կողմից հաստատված հայտարարագրման կարգը և ձևը»:

Քննարկելով Դիմումը, Հանձնաժողովն ամրագրում է, որ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի թիվ ՀՕ-107-Ն օրենքով Օրենքի 4-րդ գլուխը, ներառյալ 9-րդ հոդվածը, շարադրվել է նոր խմբագրությամբ՝ 9-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսելով, որ համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը: Ըստ այդմ, Հանձնաժողովի կողմից սահմանման ենթակա հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը ներառելու են Օրենքի 4-րդ գլխով նախատեսված՝ համակենտրոնացման հայտարարագրման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող դրույթներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են այն հարցերին, թե ով պետք է դիմի համակենտրոնացումը հայտարարագրելու համար (մասնակիցներից մեկը, թե յուրաքանչյուրն առանձին- առանձին, թե բոլոր մասնակիցները միասին), ով պետք է ներկայացնի մասնակիցներից յուրաքանչյուրի մասին տեղեկատվությունը, ինչ ձև ունի հայտարարագիրը և այլն: Այսինքն, Օրենքի 4-րդ գլխի, այդ թվում նաև՝ 9-րդ հոդվածի կիրարկումը հնարավոր է միայն Հանձնաժողովի կողմից նշված հարաբերությունները կանոնակարգող՝ համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի սահմանման պարագայում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար տնտեսվարող սուբյեկտներն իրավունք ունեն գործողության մեջ դնել համակենտրոնացումը կամ մասնակցել դրան առանց հայտարարագրման և (կամ) Հանձնաժողովի թույլտվության՝ մինչև վերջինիս կողմից համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի սահմանումը:

Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րղ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը՝ որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ տնտեսվարող սուբյեկտներն իրավունք ունեն գործողության մեջ դնել Օրենքով նախատեսված համակենտրոնացումի կամ մասնակցել դրան՝ առանց հայտարարագրման և (կամ) Հանձնաժողովի թույլտվության՝ մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի սահմանումը (ուժի մեջ մտնելը):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ` Ա. Շահնազարյան