Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.07.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.07.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
06.07.2007
Дата вступления в силу
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1098 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-690/2007 թ.
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

դատավորներ`

Դ. Խաչատրյան

Վ. Ավանեսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վազգեն Ղարիբյանի վճռաբեկ բողոքն ըստ Անահիդա և Մհեր Բաղդասարյանների հայցի ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի, Սարգիս և Գարեգին Վարդանյանների, Զեփյուռ Շուլուկյանի, Վազգեն Ղարիբյանի, Գուրգեն Կիտուրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման՝ բնակարանի առուվաճառքի պայմանագրերը, սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և սեփականատիրոջը վերադարձնելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի վճռի դեմ,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ հայցվորներ Անահիդա և Մհեր Բաղդասարյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Ղ. Փարպեցու փողոցի 26 շենքի թիվ 17 բնակարանի վերաբերյալ Մհեր Բաղդասարյանի և Գուրգեն Կիտուրյանի միջև կնքված առուվաճառքի 01.09.2004 թվականի պայմանագիրը, Գուրգեն Կիտուրյանի և Գարեգին Վարդանյանի միջև կնքված առուվաճառքի 30.12.2004 թվականի պայմանագիրը, Գարեգին Վարդանյանի և Զեփյուռ Շուլուկյանի միջև կնքված առուվաճառքի 23.03.2005 թվականի պայմանագիրը, Զեփյուռ Շուլուկյանի և Վազգեն Ղարիբյանի միջև կնքված առուվաճառքի 29.03.2005 թվականի պայմանագիրը և դրանց հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականներն ու նշված բնակարանը վերադարձնել սեփականատիրոջը` Անահիդա Բաղդասարյանին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.02.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 14.07.2006 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի:

Վճռվել է`

1) անվավեր ճանաչել Երևանի Ղ.Փարպեցու փողոցի 26 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ Մհեր Բաղդասարյանի և Գուրգեն Կիտուրյանի միջև կնքված առուվաճառքի 01.09.2004 թվականի պայմանագիրը, Գուրգեն Կիտուրյանի և Գարեգին Վարդանյանի միջև կնքված առուվաճառքի 30.12.2004 թվականի պայմանագիրը, Գարեգին Վարդանյանի և Զեփյուռ Շուլուկյանի միջև կնքված առուվաճառքի 23.03.2005 թվականի պայմանագիրը, Զեփյուռ Շուլուկյանի և Վազգեն Ղարիբյանի միջև կնքված առուվաճառքի 29.03.2005 թվականի պայմանագիրը:

2) Պայմանագրերի հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճել:

3) Երևանի Ղ.Փարպեցու փողոցի 26 շենքի թիվ 17 բնակարանը վերադարձնել Անահիդա Բաղդասարյանին:

4) Մհեր Բաղդասարյանից հօգուտ Սարգիս Վարդանյանի բռնագանձել 12.250 (տասներկու հազար երկու հարյուր հիսուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

 

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Վազգեն Ղարիբյանի ներկայացուցիչը:

Անահիդա և Մհեր Բաղդասարյանները վճռաբեկ բողոքին ներկայացրել են պատասխան:

 

2. Սույն վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի պահանջները չի կիրառել նշված դրույթը, որը պետք է կիրառվեր, որի արդյունքում անտեսել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով ամրագրված սեփականության իրավունքի ճանաչումը և պաշտպանումը:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը, անվավեր ճանաչելով առուվաճառքի պայմանագրերը, անտեսել է այն հանգամանքը, որ Անահիդա Բաղդասարյանի տիրապետումից նշված բնակարանը դուրս է եկել իր կամքով` օրենքի պահանջներին համապատասխան, Վ.Ղարիբյանը գույքը ձեռք է բերել բարեխղճորեն գույքի սեփականատեր Զ. Շուլուկյանից:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել, գործի փաստական հանգամանքներով չի լուծել վեճը, չի պարզել ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության հարցը, մասնավորապես, խարդախության միջոցով գույքի հափշտակության փաստը պետք է հաստատվեր միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պայմաններում:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի վճիռը և կայացնել Անահիդա և Մհեր Բաղդասարյանների հայցը մերժելու վերաբերյալ դատական ակտ:

 

2.1 Բողոքի դեմ ներկայացրած պատասխանի փաստարկները.

 

Ըստ Անահիդա և Մհեր Բաղդասարյանների պատասխանի՝ ներկայացված վճռաբեկ բողոքի փաստարկներն անհիմն են և ենթակա մերժման, քանի որ դատարանի կողմից չի անտեսվել ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի պահանջները, բնակարանը վերադարձվել է իրական սեփականատիրոջը, իսկ գործում առկա ապացույցներով հիմնավորված է, որը Վ.Ղարիբյանը բարեխիղճ ձեռք բերող չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

ա) Նոտարական կարգով վավերացված առուվաճառքի 01.09.2004 թվականի պայմանագրով Մհեր Բաղդասարյանը, որը գործել է Անահիդա Բաղդասարյանի կողմից տրված 25.08.2004 թվականի թիվ 15531 լիազորագրով, վաճառել է Գուրգեն Կիտուրյանին Երևանի Ղ.Փարպեցու փողոցի 26 շենքի թիվ 17 բնակարանը:

բ) 17.12.2004 թվականին Գուրգեն Կիտուրյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 1479972 վկայականը:

գ) Նոտարական կարգով վավերացված առուվաճառքի 30.12.2004 թվականի պայմանագրով Գուրգեն Կիտուրյանը նշված բնակարանը վաճառել է Գարեգին Վարդանյանին:

դ) Նշված պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են և Գարեգին Վարդանյանին 07.01.2005 թվականին տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 1481595 վկայականը:

ե) Նոտարական կարգով վավերացված առուվաճառքի 23.03.2005 թվականի պայմանագրով Գարեգին Վարդանյանը նշված բնակարանը վաճառել է Զեփյուռ Շուլուկյանին:

զ) Նշված պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են և 25.03.2005 թվականին Զեփյուռ Շուլուկյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 1491751 վկայականը:

է) 22.03.2005 թվականի պատվերի թիվ 23 պայմանագրով կատարող «Կարմա-կոմ» ՍՊ ընկերությունը պարտավորվել է պատվիրատու Վ. Ղարիբյանի հանձնարարությամբ որոնել (ընտրել) բնակարան:

ը) 26.03.2005 թվականի միջնորդական պայմանագրով «Կարմա-կոմ» ՍՊ ընկերության միջնորդությամբ Զեփյուռ Շուլուկյանը նշված բնակարանը վաճառել է Վազգեն Ղարիբյանին:

թ) Նոտարական կարգով վավերացված առուվաճառքի 29.03.2005 թվականի պայմանագրով Զեփյուռ Շուլուկյանը նշված բնակարանը վաճառել է Վազգեն Ղարիբյանին:

ժ) Երևանի Կենտրոնի քննչական բաժանմունքի ավագ քննիչի 02.07.2005 թվականի որոշմամբ Սարգիս Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք՝ խարդախությամբ Երևանի Ղ.Փարպեցու փողոցի 26 շենքի թիվ 17 բնակարանին տիրանալու և վաշխառություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն) և 213-րդ հոդվածի 1-ին մասով (Վաշխառություն):

ի) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 11.01.2006 թվականի դատավճռով Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել վաշխառության համար ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով:

լ) Նշված դատավճռով հաստատվել է, որ ամբաստանյալ Սարգիս Վարդանյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելը հիմնավորված չէ, նրա արարքը ճիշտ չի որակված և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին չի համապատասխանում:

խ) ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 07.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Սարգիս Վարդանյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 11.01.2006 թվականի դատավճռի եզրափակիչ մասը փոփոխվել է: Սարգիս Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով:

ծ) Նշված դատավճռով հաստատվել է, որ ամբաստանյալ Սարգիս Վարդանյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը) նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայությունը հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ: «Խարդախության հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի գույքը տիրապետողը մոլորության մեջ գտնվելով այն հանձնի հանցավորին միաժամանակ նրան փոխանցելով գույքի նկատմամբ սեփականության բոլոր լիազորությունները` տիրապետում, օգտագործում, տնօրինում կամ դրանցից թեկուզ մեկը: Սույն գործով Մհեր Բաղդասարյանը Սարգիս Վարդանյանին չի հանձնել Երևանի Փարպեցու փող. 26/17 բնակարանը և ոչ էլ նրան է փոխանցել բնակարանի սեփականության որևէ լիազորություն: Բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Մհեր Բաղդասարյանի ու Գուրգեն Կիտուրյանի միջև և ինչպես նշված է Սարգիս Վարդանյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, վերջինս 01.09.2004թ-ին ոչ մի կերպ չէր կարող այդ բնակարանը խարդախությամբ հափշտակել: 01.09.2004թ-ի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո Կիտուրյանին անցել են վիճարկվող բնակարանի սեփականության բոլոր լիազորությունները և նա ազատ է եղել այն ինքնուրույն կերպով տնօրինելու: Եթե վերջինս ժամանակին Մհեր Բաղդասարյանից ստանար իր տված գումարները, ապա ըստ պայմանավորվածության առուվաճառքի պայմանագիրը պետք է մնար անհետևանք, սակայն իր տված գումարը չստանալով` Կիտուրյանը տնօրինել է բնակարանը, այն լիազորագրով ըստ էության հանձնել Սարգիս Վարդանյանին»: «Ինչ վերաբերում է Կիտուրյանին գումարը վերադարձնելուց և բնակարանի տնօրինման իրավունք տվող լիազորագիրը ստանալուց հետո Սարգիս Վարդանյանի կողմից այն իր հարազատներին 2004թ. դեկտեմբերին և դրանից հետո վաճառելուն, ապա դա նույնպես խարդախության հանցակազմ չի կարող առաջացնել և ենթակա է գնահատման քաղաքացիաիրավական առումով»:

կ) Կապալառու «Վան» ՍՊ ընկերության կնիքով դրոշմված, ստորագրված և պատվիրատու Վ.Ղարիբյանի ստորագրությամբ կնքված 20.03.2006 թվականի կապալի պայմանագրով կապալառուն պարտավորվել է վերանորոգել նշված բնակարանը:

հ) Կապալառու «Վան» ՍՊ ընկերության կնիքով դրոշմված, ստորագրված և պատվիրատու Վ.Ղարիբյանի ստորագրությամբ կազմվել է նշված բնակարանի շինարարական աշխատանքների ավարտման մասին 05.04.2006 թվականի հանձնման-ընդունման ակտը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1/ բողոքի առաջին հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, իսկ 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից: Եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը:

Օրենսդիրը սույն դրույթով նախ սահմանել է այն պայմանը, թե ով է հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, այն է`

- գույքը հատուցմամբ ձեռք բերելիս ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, որ գույքն օտարողն իրավունք չուներ այդ գույքն օտարելու:

Տվյալ դեպքում նշված բնակարանը Վ.Ղարիբյանը ձեռք է բերել հատուցմամբ` վճարելով բնակարանի գինը:

Բնակարանի սեփականատերը` Զ.Շուլուկյանը (հիմք` սեփականության իրավունքի գրանցման վկայականը), օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականատիրոջ իրավազորությունից, վաճառել է այն: Հետևաբար Վ.Ղարիբյանը չգիտեր և չէր կարող իմանալ, թե նշված բնակարանի նախկին սեփականատերերը ովքեր են եղել, ինչպես են ձեռք բերել և Զ.Շուլուկյանը, որը բնակարանի սեփականատերն է, այն օտարելու իրավունք ունեցել է, թե՞ ոչ: Ավելին, նշված բնակարանը Վ.Ղարիբյանը փնտրել է «Կարմա-կոմ» ՍՊ ընկերության միջոցով, որի վերաբերյալ գործում առկա են պայմանագրեր:

Օրենսդիրը, նշված դրույթով ամրագրելով բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտը, սեփականատիրոջը հնարավորություն է ընձեռել գույքը հետ պահանջել բարեխիղճ ձեռք բերողից հետևյալ դեպքերից որևէ մեկի առկայության դեպքում`

1. երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման,

2. երբ գույքը հափշտակվել է մեկից կամ մյուսից,

3. երբ գույքը նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Սույն գործի փաստական հանգամանքներով, այդ թվում նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ նշված գույքն Անահիդա Բաղդասարյանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքով, այն է` Անահիդա Բաղդասարյանը Մհեր Բաղդասարյանին նշված բնակարանի նկատմամբ գործարք կատարելու կապակցությամբ 25.08.2004 թվականին տրամադրել է թիվ 15531 լիազորագիրը: Նշված բնակարանի նախկին սեփականատերերից, հատկապես Անահիդա Բաղդասարյանից գույքը չի հափշտակվել, ընդհակառակը բոլոր գործարքները սեփականատերերի միջև վավերացվել են նոտարական կարգով:

Սույն գործի փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Ղարիբյանը նշված բնակարանը սեփականատիրոջից ձեռք է բերել հատուցմամբ և հատկանշական է, որ վիճելի բնակարանն Անահիդա Բաղդասարյանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքով, Վ.Ղարիբյանը գույքը ձեռք է բերել բարեխղճորեն և տիրապետում է:

Տվյալ պարագայում դատարանը, անտեսելով գործում առկա վերը նշված փաստական հանգամանքները, խախտել է ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածով ամրագրված բարեխիղճ ձեռք բերողին վերաբերող պայմանը, այնպես էլ բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու դեպքերը, որպիսի պայմաններում չի կիրառել նշված դրույթը, որը պետք է կիրառվեր.

 

2) բողոքի երկրորդ հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Տվյալ դեպքում դատարանն ապացույցները չի գնահատել համակցության մեջ, չի հիմնվել այն նյութաիրավական նորմերի վրա, որոնք վերը նշված ապացույցների վերաբերելիությամբ և թույլատրելիությամբ կհանգեցնեին վեճի ճիշտ լուծմանը, ինչպես նաև դատարանն անտեսել է քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված որոշակի գործողություններ, որոնք սույն քաղաքացիական գործի համար կարևոր նշանակություն ունեն և այլևս կրկին ապացուցման ենթակա չեն: Մասնավորապես, նշված բնակարանը խարդախությամբ հափշտակված չլինելու և օրենքով սահմանված կարգով Գ.Կիտուրյանին սեփականության իրավազորությունները հանձնելու փաստերը, որից հետո ծագել են հետագա գործարքները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Անահիդա Բաղդասարյանը չի կարող հետ պահանջել Վ.Ղարիբյանից, քանի որ տվյալ պարագայում վերջինս գույքը ձեռք է բերել բարեխղճորեն և հանդիսանում է գույքի բարեխիղճ ձեռք բերող:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Սույն գործի փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր կողմից վերաքննիչ դատարանի վճիռը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Միևնույն ժամանակ սույն քաղաքացիական գործի վարույթը անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Վճռաբեկ դատարանն այս իրավական հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 3-1920(ՎԴ) որոշմամբ (տես՝ քաղաքացիական գործն ըստ հայցի Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի՝ պայմանագրերը լուծելու, Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):

 

Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքերը հիմնավոր է համարում և դիտում որպես բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վազգեն Ղարիբյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի վճիռը` առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, Երևանի Ղ.Փարպեցու փողոցի 26 շենքի թիվ 17 բնակարանն Անահիդա Բաղդասարյանին վերադարձնելու և Մհեր Բաղդասարյանից հօգուտ Սարգիս Վարդանյանի 12.250 (տասներկու հազար երկու հարյուր հիսուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասերը և այդ մասերով դատական ակտը փոփոխել: Մերժել Անահիդա և Մհեր Բաղդասարյանների հայցն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի, Սարգիս և Գարեգին Վարդանյանների, Զեփյուռ Շուլուկյանի, Վազգեն Ղարիբյանի, Գուրգեն Կիտուրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման` բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, բնակարանն Անահիդա Բաղդասարյանին վերադարձնելու և Մհեր Բաղդասարյանից հօգուտ Սարգիս Վարդանյանի 12.250 (տասներկու հազար երկու հարյուր հիսուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասերը:

2. Վճիռը՝ պայմանագրերի հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճելու մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Ս. Սարգսյան