Գլխավոր տեղեկություն
Номер
N 5-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.03.2007-27.05.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.03.01/6(154) Հոդ.75
Принят
Տավուշի մարզպետ
Дата принятия
30.01.2004
Подписан
Տավուշի մարզպետ
Дата подписания
30.01.2004
Дата вступления в силу
11.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.05.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 51004025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

 

30 հունվարի 2004 թ.

N 5-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշումը (ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 8-ի թիվ 953-Ն որոշման խմբագրությամբ)` որոշում եմ.

1. Հաստատել ՀՀ Տավուշի մարզպետարանի գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետին` սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Դավթյանի վրա:

 

Մարզպետ

Ա. Ղուլարյան

 

 

Հավելված
ՀՀ Տավուշի մարզպետի
2004 թվականի հունվարի 30-ի
թիվ 5-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի գործավարության կարգը:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

3. Մարզպետարանում գործավարությունը միասնական է և պարտադիր աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների համար: Աշխատակազմի ստորաբաժանումներում սույն կարգով նախատեսված գործավարության միասնական համակարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:

4. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

6. Աշխատակազմում սույն կարգով սահմանված գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ հսկողությունը դրվում է աշխատակազմի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) վրա:

 

2. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

7. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև առանձին հաշվառման վերցված մատյաններում, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

8. Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:

Մարզպետարանում ընդունած թղթակցությունը պարտադիր գրանցվում է:

9. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):

«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

10. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները) առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարության ընդհանուր բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

Ծրարում կամ փաստաթղթում սխալմամբ դրված փաստաթղթեր լինելու դեպքում, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են, անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

11. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման և ստացման ժամանակը որոշելու համար:

12. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են մարզպետարանի համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, այդպիսին չլինելու դեպքում լրացուցիչ պետք է պարունակի ուղարկող (կատարող) օպերատորի ազգանունը: Այս դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:

13. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, համաձայն հրահանգի գրանցվում է գաղտնի գրությունների գրանցամատյանում և անձամբ հանձնվում է հասցեատիրոջը:

14. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունները գրանցվում ու հանձնվում են զեկուցման` արտահերթ: Մնացած թղթակցությունները հասցեատերերին են տրվում աշխատանքային օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

Աշխատանքային օրվա ավարտից հետո, կամ ոչ աշխատանքային օրերին ստացված հեռագրերը կամ այլ թղթակցությունները ընդունվում են մարզպետի ընդունարանում` հերթապահ աշխատողի կողմից և հանձնվում են քարտուղարություն:

Շտապ և բովանդակությամբ կարևոր հեռագրերն ու հեռաֆաքսով ստացված թղթակցություններն անհապաղ զեկուցվում են հասցեատերերին:

15. Մարզպետից, նրա տեղակալներից, աշխատակազմի ղեկավարի կողմից համապատասխան մակագրությամբ թղթակցությունները ստանալուց հետո քարտուղարությունը անմիջապես ապահովում է դրանց ստորագրությամբ հանձնումը կատարողներին` գրանցելով մատյաններում:

16. Քարտուղարությունը փաստաթուղթը գործին կցելու համար ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման հիման վրա առկա է մարզպետի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը:

17. Մարզպետարանի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:

Չի թույլատրվում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ ձևով նշում կատարել:

18. Մարզպետարանի աշխատակիցները մարզպետին, աշխատակազմի ղեկավարին զեկուցման ներկայացվող փաստաթղթերը նախապատրաստելիս պարտավոր են ուսումնասիրել դրանց բովանդակությունը և անհրաժեշտության դեպքում հավաքել հիմնավոր տեղեկատվական նյութեր, կազմել տեղեկանքներ:

19. Նյութերը մարզպետի, մարզպետի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականներով և ցուցումներով ուղարկվում են համապատասխան հասցեներով, որպես կանոն պատճենների ձևով:

20. ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի մոտ քննարկման համար իրավական ակտերի նախագծերը նախապատրաստելիս աշխատակազմի ղեկավարը հետևում է.

ա) որ ներկայացվող նախագծերը համաձայնեցված լինեն շահագրգիռ նախարարությունների պետական կառավարման և տարածքային կառավարման այլ մարմինների հետ

բ) նախագծերի, ինչպես նաև տեղեկանքների տակ դրվեն ամսաթվեր, նախագիծ մշակողի պաշտոնը, անվանատառերը և ազգանունը

գ) ապահովված լինեն ուղեկցական նամակով և նշագրերով

դ) կցել նախագծի ընդունման հիմնավորումը

ե) ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտության, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք

զ) իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին տեղեկանք

է) հասցեաթերթիկ այն պետական մարմինների կամ կազմակերպությունների նշումով, որոնց նախագիծը ուղարկվում է համաձայնեցման, նշելով ներկայացնողի անունը, ազգանունը, պաշտոնը, իրավական ակտի անվանումը, որի համաձայն ներկայացվում է նախագիծը:

21. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին: Փաստաթղթերը տուն տանելը արգելվում է:

22. Մարզպետարանում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն).

ա) լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր

բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 15 օր

գ) քաղաքացիների իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որոնց մասին հայտնվում է հեղինակին

դ) դիմումներին ու բողոքներին ընթացք է տրվում դրանք ստանալուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ

ե) այն դեպքում, երբ անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, այդ ժամկետները բացառության կարգով մարզպետը կամ աշխատակազմի ղեկավարը կարող են երկարաձգել դրա կատարումը, բայց ոչ ավելի, քան 15 օրով, այդ մասին հայտնելով շահագրգիռ կողմին` բերելով անհրաժեշտ հիմնավորումներ:

 

3. ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

23. Մարզի խորհրդի նիստերի հրավիրման, սպասարկման և օրակարգի նախապատրաստման աշխատանքները կատարում է աշխատակազմի ղեկավարը` աշխատակազմի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության ու քարտուղարության միջոցով:

24. Մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների նախապատրաստումը կատարում է համապատասխան ստորաբաժանումը, հրավիրվող անձանց ծանուցումը ներառյալ:

25. Աշխատակազմի ղեկավարը ապահովում է մարզի խորհրդի նիստերի, մարզպետի խորհրդակցությունների օրակարգերի նախապատրաստումն ու դրանց ներկայացումը մարզպետի հաստատմանը:

26. Մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրումը իրականացվում է քարտուղարության կողմից:

27. Մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները համարակալվում են առանձին-առանձին միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ: Խորհրդակցությունների արձանագրությունների քաղվածքները քարտուղարության կողմից առաքվում են հասցեատերերին: Առաքումը կատարվում է նաև համակարգչային ցանցով, եթե հասցեատերը ընդգրկված է դրանում:

28. Հարցը քննարկման նախապատրաստելիս պատասխանատու անձը.

ա) անհրաժեշտության դեպքում այդ գործում ներգրավում է մարզպետարանի համապատասխան վարչությունների, բաժինների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ենթակայության կազմակերպությունների և հիմնարկությունների մասնագետներին.

բ) հետևում է, որ մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններին ներկայացվեն մշակված և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ցուցումով մարզպետարանի շահագրգիռ վարչությունների և բաժինների հետ համաձայնեցված, նրանց նշագրերով նախագծեր.

գ) ապահովում է մարզպետարանի վարչությունների և բաժինների կողմից ներկայացված որոշումների նախագծերի սահմանված ժամկետում նախապատրաստումը մարզպետի և աշխատակազմի ղեկավարի կողմից հրավիրվող խորհրդակցություններում քննարկելու համար.

դ) հետևում է, որ նշագրերի տակ դրվեն ամսաթվեր և նշվեն նշագիր տվողի պաշտոնը, ազգանունը, անվանատառերը:

29. Մարզպետարանի համապատասխան աշխատողը յուրաքանչյուր որոշման նախագծի համար կազմում է գործ (օգտագործելով համապատասխան թղթապանակ), որի մեջ ժամանակագրական կարգով պետք է զետեղվեն հետևյալ նյութերը.

ա) հասցեաթերթիկ այն կազմակերպությունների նշումով, որոնց ուղարկվելու է տվյալ որոշումը` ստորագրված մարզպետի կողմից

բ) համաձայնեցման թերթ, նշելով որ կազմակերպությունների և ում (նշել ազգանունն ու անվանատառերը) հետ է համաձայնեցված և համաձայնեցման արդյունքը: Տարաձայնության դեպքում համաձայնեցման թերթի վերջին սյունակում նշվում է «համաձայն չէ, տես տեղեկանքը» և կցել տեղեկանք այդ մասին:

Եթե տվյալ հարցի մասին կայացել է կազմխորհրդակցություն կամ աշխատանքային խորհրդակցություն, նշված թերթի դարձերեսի համապատասխան տողում կատարել նշում այդ մասին:

30. Մարզպետարանի համապատասխան աշխատողը որոշման նախագիծը մեկօրյա ժամկետում համաձայնեցնում է աշխատակազմի ղեկավարի, իրավաբանական ծառայության հետ և հանձնում քարտուղարություն` մեքենագրման:

31. Մարզպետարանի աշխատողը որոշումների, կարգադրությունների նախագծերին պետք է կցի նաև տվյալ հարցը լուսաբանող լրացուցիչ նյութեր, տեղեկանք կամ բացատրագիր, մարզպետարանի շահագրգիռ բաժինների եզրակացություններ ու անհրաժեշտ այլ նյութեր, ինչպես նաև տեղեկություններ տվյալ հարցի մասին նախկինում ընդունված որոշումների ու կարգադրությունների մասին (եթե այդպիսիք կան):

Այն որոշումների նախագծերը, որոնց վերաբերյալ կան տարաձայնություններ, որպես կանոն, նախապես պետք է քննության առնվեն մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող գործակարգավարական խորհրդակցություններում:

Հարցը նախապատրաստող աշխատողը կազմում է գործակարգավարական կամ աշխատանքային խորհրդակցության հրավիրվողների ցուցակ, այն համաձայնեցնելով աշխատակազմի ղեկավարի հետ և ապահովում է նրանց մասնակցությունը այդ խորհրդակցությանը:

Գործակարգավարական կամ աշխատանքային խորհրդակցություններում, այն վարողի կողմից տրված ցուցումների համաձայն, մարզպետարանի համապատասխան աշխատողը կազմում է արձանագրություն` որոշման նախագծում փոփոխություններ և շտկումներ կատարելով:

Աշխատակազմում հրավիրվող աշխատանքային խորհրդակցություններում առաջարկվող փոփոխությունների մասին աշխատակազմի ղեկավարը զեկուցում է մարզպետին:

Մարզպետարանի աշխատողը վերամշակված նախագիծը կրկին համաձայնեցնում է աշխատակազմի ղեկավարի հետ և այն հանձնում քարտուղարություն:

32. Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններում քննարկված հարցերով ընդունված որոշման նախագծում փոփոխություններ կատարելիս, այն անհրաժեշտության դեպքում, կրկին ճշգրտման է տրվում մարզպետարանի շահագրգիռ վարչություններին և բաժիններին, այնուհետև ստանալով մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի համապատասխան մակագրությունը, հանձնվում է քարտուղարություն:

33. Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների համար բազմացման ենթակա նյութերի քննարկումը կատարվում է տվյալ հարցը նախապատրաստող մարզպետարանի աշխատողի կողմից: Նշված նյութերը բազմացվում և առաքվում են ըստ հաստատված ցուցակի:

34. Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների համար առաքված նյութերը ենթակա են վերադարձման քարտուղարություն: Խորհրդակցությունների արձանագրությունների քաղվածքները ուղարկվում են հասցեատերերին` համաձայն ներկայացնողի կողմից կազմած հասցեաթերթիկի:

35. Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններում քննարկված հարցերով ընդունված որոշումների նախագծերը լրամշակվում են կատարված ընդհանրացումներին համապատասխան:

36. Ներկայացնողը պետք է որոշումները ուղարկի այն անձանց, որոնք պարտավոր են ապահովել դրանց կատարումը կամ որոնք իրենց գործունեության բնույթով պետք է ծանոթ լինեն այդ որոշումների բովանդակությանը` նշում կատարելով նաև որոշումների քաղվածքներն ուղարկելու մասին:

Այն որոշումները, որոնք ընդունվում են ի լրացումն կամ ի փոփոխումն նախկինում ընդունված որոշումների, ուղարկվում են նախկինում ընդունված որոշումների հետ համատեղ:

 

4. ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ԽՄԲԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ

 

37. Մարզպետի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը խմբագրվում են քարտուղարությունում: Մեքենագրվում են սահմանված ձևաթղթերի վրա` առանց ուղղումների ու ջնջումների:

38. Քարտուղարությունը տանում է որոշումների, կարգադրությունների և հրամանների հաշվառում` սահմանված կարգով: Մարզպետի որոշումներին, կարգադրություններին և աշխատակազմի ղեկավարի հրամաններին առանձին տրվում են հերթական համարներ` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:

39. Քարտուղարությունը բազմացնում է մարզպետի կողմից ստորագրված որոշումները, կարգադրությունները և աշխատակազմի ղեկավարի հրամանները համաձայն հասցեաթերթի:

40. Հասցեատերերին առաքելու համար նախապատրաստված մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների օրինակները հանձնվում են մարզպետարանի քարտուղարություն:

41. Կազմակերպություններին որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների լրացուցիչ օրինակները տրվում են քարտուղարության կողմից` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ցուցումով:

42. Մարզպետի որոշումները, կարգադրությունները և աշխատակազմի ղեկավարի հրամանները սահմանված կարգով, հավաքված կարվում և պահպանվում են քարտուղարությունում մինչև դրանց արխիվ հանձնելը:

43. Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարների կողմից օրենսդրությամբ, մարզպետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներին վերաբերող հարցերով մարզպետի որոշումները, կարգադրությունները, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի հրամանները որպես կանոն քարտուղարություն են ներկայացնում նախագծի տեսքով:

44. Ներկայացված նախագծերը մուտք են արվում ընդհանուր բաժնում, որտեղ խմբագրվում են առանց բովանդակության փոփոխման և ստորագրվում են խմբագրողի կողմից:

45. Խմբագրված տեքստը հանձնվում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին և իրավաբանական ծառայությանը` համաձայնեցման:

46. Նախագծերի վերաբերյալ առարկություններ, դիտողություններ կամ առաջարկություններ լինելու դեպքում աշխատակազմի ղեկավարի և իրավաբանական ծառայությունը համակարգող աշխատողի կողմից նախագծերի վերաբերյալ գրվում է կարծիք և վերադարձվում է հեղինակին` լրամշակման: Անհամաձայնության դեպքում հարցը քննարկվում է աշխատակազմի ղեկավարի մոտ, որտեղ ընդունվում է վերջնական որոշում:

47. Նախագծերը հանձնվում են տպագրության մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և իրավաբանական ծառայության կողմից ստորագրվելուց հետո, աշխատակազմի ղեկավարի կողմից «ձևաթղթի վրա» նշագրման դեպքում:

48. Ներկայացված որոշումների և կարգադրությունների, հրամանների հիմնավորվածության, դրանց որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատվություն է կրում նախագծի հեղինակը:

49. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ (տակադիր) օրինակը` նախագիծը պատրաստող աշխատողի նշագրով:

50. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութերի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի քանակը:

Այդ դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերին ձախ անկյունում նշվում է այդ գրությունների ամսաթիվը և համարը: Օրինակ` «Ձեր 2000 թ. փետրվարի 15-ի թիվ 31/150 գրությանը»:

51. Հեռագրային գրությունները տարվում են միայն բնույթով շտապ հարցերի վերաբերյալ: Մարզպետարանի աշխատողը` կատարողը հեռագրի մինչև ղեկավարությանը ստորագրության տալը, երեսի կողմից, ձախից ներքև, անկյունում դնում է իր նշագիրը և հեռախոսի համարը:

52. Կից թղթակցությունը բաց վիճակում հանձնվում է ընդհանուր բաժին` առաքման համար, նշելով հասցեները: Ծրարված թղթակցությունը գրանցվում է մատյանում և սահմանված կարգով առաքվում հասցեատերերին:

53. Ինչպես շտապ, այնպես էլ սովորական թղթակցությունը, ընդհանուր բաժնի կողմից մարզպետարանի նստավայրում գտնվող հասցեատերերին է առաքվում սուրհանդակների միջոցով:

54. Մարզպետի որոշումների և կարգադրությունների հավելվածները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:

 

5. ՆՅՈՒԹԵՐԻ ՄԵՔԵՆԱԳՐՈՒՄԸ, ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ

 

55. Մարզպետի որոշումներն ու կարգադրությունները, աշխատակազմի ղեկավարի հրամանները, մարզի խորհրդի նիստերի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունները, մարզպետարանում նախապատրաստված այլ փաստաթղթերը և ելից գրությունները տպագրվում են քարտուղարության կողմից:

56. Քարտուղարությունում պատճենահանվում և բազմացվում են միայն ծառայողական նյութերը:

57. Պատճենահանման և բազմացման համար քարտուղարություն հանձնվող նյութերը գրանցվում են հաշվառման մատյանում:

Անընթեռնելի և մատիտով գրված նյութերը մեքենագրման չեն ընդունվում:

Մեքենագրման համար քարտուղարություն հանձնվող նյութերը գրանցվում են հաշվառման մատյանում: Մեքենագրողների անվանատառը, մեքենագրական ամսաթիվը դրվում են մեքենագրական նյութի վերջին էջի ձախից ներքևի անկյունում, իսկ փաստաթուղթը կատարողի ազգանունը և հեռախոսահամարը նշվում են մեքենագրված նյութի վերջին էջի դարձերեսին (ձախից ներքևի անկյունում):

 

6. ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

58. Մարզպետի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների, կարգադրական այլ փաստաթղթերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ:

Հանձնարարությունների կատարման ժամկետները լրանալու մասին քարտուղարությունը կատարողներին տալիս է հիշեցման տեղեկանք` շաբաթական մեկ անգամ, իսկ կատարման ժամկետները լրանալու դեպքում` ահազանգման տեղեկանք և այդ մասին զեկուցում է աշխատակազմի ղեկավարին:

Հանձնարարությունը հսկողությունից հանվում է աշխատակազմի ղեկավարի կողմից «հանել հսկողությունից» նշագրումից հետո:

59. Կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն հանձնարարությունը տվողի կողմից` հիմնավորված պատճառաբանության դեպքում:

 

7. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

60. Մարզպետարանում ստացված քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարության մտից մատյանում:

61. Ծրարները պահպանվում են այն դեպքում, երբ միայն դրանց միջոցով կարելի է պարզել առաջարկությունների, դիմումների ու գանգատների ուղարկման ու ստացման ամսաթիվը կամ այլ անհրաժեշտ տեղեկություններ:

62. Քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց բանավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են սահմանված կարգով գրանցման:

63. Առաջարկությունների, դիմումների ու բողոքների գրանցման դրոշմակնիքի վրա դրվում է գրանցման համարը: Գրանցման պայմանանիշը բաղկացած է հեղինակի ազգանվան առաջին տառից և ստացված առաջարկության, դիմումի ու բողոքի հերթական համարից:

64. Կոլեկտիվ առաջարկություն, դիմում կամ բողոք ստանալու դեպքում դրանք կոդավորվում են (Կոլ) պայմանանշանով:

65. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են սահմանված կարգով:

66. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների ստացման կրկնվածությունն ստուգվում է ըստ դիմողների ազգանունների և դրանց տրվում է հերթական գրանցման դասիչներ:

Կրկնակի առաջարկությունների, դիմումների ու բողոքների առաջին էջի վերին աջ անկյունում կատարվում է «կրկնակի» նշում և կցվում է նախորդ ամբողջ գրագրությունը:

Կրկնական են համարվում միևնույն անձից միևնույն հարցով ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, եթե առաջին առաջարկությունը, դիմումն ու բողոքը ստանալու օրվանից անցել է դրանց քննարկման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը, կամ դիմողը բավարարված չէ իրեն տրված պատասխանով:

Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները գրանցման են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով, ավելացնելով հերթական թիվը կոտորակի ձևով:

67. Դիմումներն ու գանգատները տրվում են քարտուղարություն քննարկման և կրկնակի ստացվելու պատճառների պարզաբանման համար:

68. Մարզպետարանի տնօրինությանը չվերաբերող առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում ուղարկվում են պետական, հասարակական այն մարմիններին, մարզային ենթակայության այն կազմակերպություններին, քաղաքային, գյուղական համայնքների ղեկավարներին, որոնց անմիջական իրավասությանն են պատկանում տվյալ հարցի լուծումը և այդ մասին ծանուցում են դիմողներին: Արգելվում է քաղաքացիների բողոքները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողությունները բողոքարկվում են:

Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հանձնվում են մարզպետին, նրա տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև վարչությունների պետերին և վարիչներին, եթե դրանք հասցեագրված են նրանց:

Մակագրություններում պետք է նշվեն կոնկրետ կատարողները և կատարման ժամկետները:

69. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները մակագրություններով վերադարձվում են քարտուղարություն` ղեկավարության ցուցումների համաձայն կատարումն ապահովելու համար:

70. Աշխատողները պարտավոր են ապահովել առաջարկություններում, դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի բազմակողմանի խոր և ամբողջական ուսումնասիրությունը և մակագրության համաձայն ու սահմանված ժամկետներում դրանց լուծումը:

Այս նպատակով, անհրաժեշտության դեպքում, նրանք կարող են պահանջել լրացուցիչ նյութեր, տեղերում կատարել ուսումնասիրություններ, ձեռնարկել այլ միջոցներ` հարցն օբյեկտիվորեն լուծելու համար:

Նամակների քննարկման արդյունքների մասին կազմվում է տեղեկանք, որը զեկուցվում է ղեկավարությանը: Եթե նամակի քննարկումը հանձնարարվում է երկու կամ ավելի ստորաբաժանումների, ապա տեղեկանքն ստորագրվում է բոլորի կողմից: Նման դեպքում հանձնարարության ժամանակին կատարման պատասխանատվությունը դրվում է այն անձի վրա, ով մակագրության մեջ նշված է առաջինը, եթե մակագրության մեջ ուղղակիորեն չկա համապատասխան հանձնարարություն:

Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր (կամ դիմողի համաձայնությամբ բանավոր) հայտնվում է դրանց հեղինակներին: Պատասխանը նախապատրաստվում է երկու օրինակից և հանձնվում քարտուղարություն: Առաջին օրինակը ստորագրությամբ ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը կարվում է գործին:

71. Առաջարկությունների, դիմումների ու բողոքների վերաբերյալ տրված հանձնարարությունների կատարման վերահսկողությունը դրվում է աշխատակազմի ղեկավարի վրա:

72. Առաջարկությունները, դիմումներն ու բողոքները համարվում են լուծված, եթե քննության են առնվում դրանցում առաջադրված բոլոր հարցերը, դրանց լուծման վերաբերյալ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, գործող օրենսդրությանը համապատասխան տրվել են սպառիչ պատասխաններ:

73. Վերջնական լուծում ստանալուց հետո առաջարկությունները, դիմումներն ու բողոքները իրենց բոլոր նյութերով վերադարձվում են քարտուղարություն` որոշումը կայացնողի «գործին» մակագրությամբ, ստորագրելով այն և նշելով ամսաթիվը:

74. Յուրաքանչյուր տարվա առաջին և երկրորդ կիսամյակների վերջին, քարտուղարության պետը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է ամփոփ տեղեկանք մարզպետարանում ստացված քաղաքացիների նամակների մասին: Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների մասին յուրաքանչյուր եռամսյակը մեկ ԶԼՄ-ի միջոցով տրվում է տեղեկատվություն: Հսկողական նամակների (գրությունների, հանձնարարականների) վերջին էջի աջ անկյունում դրվում է «Վերահսկողություն» դրոշմը կամ «Հ» նշանը: Կատարման ընթացքի հսկողությունը իրականացնում է քարտուղարությունը` ընդհանուր բաժնի միջոցով: Փաստաթուղթը սահմանված կարգով հանվում է վերահսկողությունից` դրա վրա կատարված «հանել հսկողությունից» մակագրության դեպքում:

75. Միջանկյալ պատասխանների դեպքում առաջարկությունները, դիմումներն ու բողոքները վերահսկողությունից չեն հանվում:

76. Կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն հանձնարարությունը տվող ղեկավարի կողմից, սահմանված կարգով և սահմանված ժամկետով:

77. Հսկողական յուրաքանչյուր դիմումի, բողոքի և առաջարկության համար կազմվում է գործ բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից, եթե կատարման համար դրանք հասցեագրվել են ենթակա կազմակերպություններին:

78. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ներապարատային վերահսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը: Նամակների ամբողջ շարժը գրանցվում է էլեկտրոնային հաշվիչ համակարգի կամ քարտերի միջոցով ընդհանուր բաժնում: Նամակներն ընդհանուր բաժնից ստանում է ստորագրությամբ համապատասխան աշխատողը և դրանք կատարելուց հետո համապատասխան մակագրությամբ վերադարձնում է ընդհանուր բաժին` գործում պահելու համար:

79. Քաղաքացու պահանջով նրա դիմումը կարող է հետ վերադարձվել, այդ մասին կատարելով նշում համապատասխան մատյանում, որի դիմաց քաղաքացին ստորագրում է:

 

8. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

80. Փաստաթղթերը մարզպետարանի աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) արխիվ են հանձնվում դրանց գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ 5 տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք պահպանության ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգով գրանցվում են նաև ֆայլերը:

(80-րդ կետը խմբ. 23.02.07 թիվ 14-Ն)

81. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(81-րդ կետը խմբ. 23.02.07 թիվ 14-Ն)

82. Բնօրինակ փաստաթղթերի դուրս բերումը արխիվից արգելվում է: Բացառիկ դեպքերում արխիվից գործեր կարելի է դուրս բերել միայն մարզպետի (տեղակալների), աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ համապատասխան փաստաթուղթ կազմելու միջոցով:

83. Արխիվային գործերին կարելի է ծանոթանալ «82» կետում նշված անձանց թույլտվությամբ, արխիվի պատասխանատու աշխատողի ներկայությամբ:

84. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (5 օրինակ) և գործերի նիշերի:

Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:

(84-րդ կետը խմբ. 23.02.07 թիվ 14-Ն)

85. Արխիվի պատասխանատու անձը արխիվ հանձնված գործերի պահպանությունը և հետագայում սահմանված կարգով պետական արխիվ հանձնումը իրականացնում է պետական արխիվի հրահանգներով:

(կարգը խմբ. 23.02.07 թիվ 14-Ն)

 

ՀՀ Տավուշի մարզպետարանի
աշխատակազմի ղեկավար
Ս. Դավթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.04.2010, N 30-Ն 27.05.2010, N 5-Ն
23.02.2007, թիվ 14-Ն 29.03.2007, N 5-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան