«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2007 թվականի N 472-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 22.2-րդ կետով ամրագրված դրույթները, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման 2007 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
2 0 0 7 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (վարչական շենքերի) (այսուհետ` պետական գույք) օտարման 2007 թվականի ծրագիրը (այսուհետ` ծրագիր) նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:
2. Պետական գույքի օտարման 2007 թվականի պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`
1) պետական կառավարչական հիմնարկներին ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը.
2) պետական կառավարչական հիմնարկներին ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվներից ավելի ամրացված և վերջիններիս կողմից չօգտագործվող պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելը.
3) պետական գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:
3. Սույն ծրագրի համաձայն օտարման ենթակա չեն`
1) քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.
2) պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.
3) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիները (մետրոպոլիտենը) և ավտոճանապարհները, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայություններին ամրացված և վերջիններիս կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող պետական գույքը.
4) ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումները) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող գույքը.
5) պետական կառավարչական հիմնարկներին ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և վերջիններիս կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող գույքը.
6) պետական սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքի փոխանցումն արգելված է օրենքով:
4. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմակերպություններից առանձնացվելուց և պետական կառավարչական հիմնարկներին ամրացվելուց հետո:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական գույքի օտարման սուբյեկտներին կարող է տրվել տարաժամկետ վճարումների իրավունք:
6. Պետական գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գույքի գնորդը սեփականության իրավունքի ձեռքբերման հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ կապված պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գույքը հրապարակային սակարկությամբ օտարման ներկայացնելիս ընտրվում է վաճառքի աճուրդի ձևը, եթե գնորդից չի պահանջվում կատարել սույն ծրագրի 6-րդ կետում նշված պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|