Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-698
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
27.04.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
27.04.2007
Дата вступления в силу
27.04.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

27 ապրիլի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 16-ին Բեռլինում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

2. Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում հինգ հավելվածները, որոնցով ներկայացվում են համաձայնագրով նախատեսված փաստաթղթերի ցանկը և կողմերի իրավասու մարմինները:

Համաձայնագրով տրվում են քաղաքացի, երրորդ երկրի քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, առանց թույլտվության գտնվող անձ, կացության թույլտվություն, բազմակի մուտքի վիզա և այլ հասկացությունների սահմանումները:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- որպես հայցվող Պայմանավորվող կողմ, առանց պաշտոնականության հետ ընդունել հայցող գերմանական կողմի տարածքում առանց թույլտվության գտնվող անձին` պայմանով, որ հաստատված է, որ այդ անձը ՀՀ քաղաքացի է,

- որպես հայցվող պայմանավորվող կողմ, գերմանական կողմի դիմումով, առանց այլ, քան համաձայնագրով նախատեսված պաշտոնականությունն է, ընդունել հայցող գերմանական կողմի տարածքում առանց թույլտվության գտնվող անձին` պայմանով, որ կարող է prima facie փաստերի հիման վրա հավաստի կերպով ենթադրվել, որ այդ անձը ՀՀ քաղաքացի է,

- դիմումին տրվող դրական պատասխանի դեպքում, որպես հայցվող կողմ, հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում ըստ համաձայնագրի 2-րդ կետի հետ ընդունելու ենթակա անձին տրամադրել վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր,

- հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում տրամադրել 30-օրյա վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ, եթե իրավական կամ փաստական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել նախկինում տրված ճամփորդական փաստաթղթերի վավերականության ժամկետի ընթացքում,

- որպես հայցվող Պայմանավորվող կողմ նույն պայմաններով հետ վերցնել վերադարձված անձին, եթե հետագա ստուգումների արդյունքում երեք ամսվա ընթացքում հաստատվի, որ ՀՀ տարածքից մեկնելու պահին այդ անձը չի ունեցել հայցվող գերմանական կողմի պետության քաղաքացիություն կամ ՀՀ տարածքում ունեցել է կացության իրավունք,

- որպես հայցվող Պայմանավորվող կողմ, գերմանական կողմի դիմումի հիման վրա, առանց այլ, քան համաձայնագրով նախատեսված պաշտոնականությունն է, հետ ընդունել այն անձին, որը հայցող գերմանական կողմի տարածք մուտք գործելուց հետո կորցրել է ՀՀ քաղաքացիությունը և ձեռք չի բերել որևէ պետության քաղաքացիություն կամ գերմանական կողմից չի ստացել հավաստիացում, որ կստանա նրա քաղաքացիությունը, եթե այդ անձը չի բավարարում կամ այլևս չի բավարարում գերմանական կողմի տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու համար գործող պայմանները,

- որպես հայցվող Պայմանավորվող կողմ, գերմանական կողմի դիմումի հիման վրա, առանց այլ, քան համաձայնագրով նախատեսված պաշտոնականությունն է, հետ ընդունել երրորդ երկրի յուրաքանչյուր քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում գերմանական կողմի տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու համար գործող պայմանները, եթե ապացուցվել է կամ հավաստի է դարձել, որ այդ անձն ունի ՀՀ կողմից տրված կացության վավերական թույլտվություն, եթե ապացուցվել է կամ հավաստի է դարձել, որ այդ անձն անօրինական ձևով գտնվելու փաստը պարզելու պահին ունեցել է ՀՀ կողմից տրված կացության վավերական թույլտվություն, և անօրինական ձևով գտնվելու փաստը պարզելու պահից անցել է ամենաշատը վեց ամիս, եթե ապացուցվել է, որ այդ անձը գերմանական կողմի տարածք մուտք գործելու պահին ունեցել է ՀՀ կողմից տրված կացության վավերական թույլտվություն, և մուտք գործելու պահից անցել է ամենաշատը վեց ամիս, եթե ապացուցվել է կամ հավաստի է դարձել, որ անձն ունի ՀՀ կողմից տրված վավերական բազմակի մուտքի վիզա, եթե անձն անօրինական մուտք է գործել գերմանական կողմի տարածք անմիջապես ՀՀ տարածքից,

- առանց հետագա պաշտոնականության, ճանաչել երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունն ապացուցող ցանկացած ապացույց համաձայնագրի 3-րդ հավելվածի հիման վրա,

- հայցող գերմանական կողմի դիմումի հիման վրա` ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան դիմումի դրական պատասխանից հետո 14 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին տրամադրել վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր,

- որպես հայցվող կողմ, հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում տրամադրել նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ, եթե իրավական կամ փաստական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում,

- հետ ընդունելու ենթակա անձի` համաձայնագրի 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված պարտավորություններից որևէ մեկի հիման վրա փոխադրման դեպքում հետ ընդունելու վերաբերյալ դիմումը ներկայացնել հայցվող գերմանական կողմի իրավասու մարմնին` բացառությամբ համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի,

- երրորդ երկրի քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում առանց թույլտվության բնակության հայտնաբերման դեպքում, որպես հայցող կողմ, հետ ընդունելու դիմումը հայցվող գերմանական կողմի իրավասու մարմիններին ներկայացնել հայտնաբերումից հետո վեց ամսվա ընթացքում,

- հետ ընդունելու դիմումին պատասխան տալ հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, 

- հետ ընդունելու դիմումի մերժման դեպքում, որպես հայցվող կողմ տեղեկացնել հայցող գերմանական կողմին մերժման ընդհանուր պատճառների մասին,

- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինն անձին հետ ընդունելու դիմումի վերաբերյալ համաձայնության հիման վրա և ճամփորդական փաստաթղթի տրամադրումից հետո հայցվող գերմանական կողմի իրավասու մարմնին ուղարկի ծանուցում անձի վերադարձի մասին ոչ ուշ, քան նախատեսվող վերադարձի օրվանից 7 օր առաջ,

- եթե փոխադրումը չի կարող իրականացվել իրավական կամ փաստական խոչընդոտների պատճառով, ապա որպես հայցող կողմ, այդ մասին տեղեկացնել հայցվող գերմանական կողմին,

- հայցող գերմանական կողմի դիմումի հիման վրա թույլ տալ երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցում ՀՀ տարածքով, եթե հետագա ուղևորությունը տարանցման այլ հնարավոր պետություններ և հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետության կողմից երաշխավորված է,

- գործադրել ջանքեր երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումն իրականացնել միայն այն դեպքերում, երբ այդ անձինք չեն կարող անմիջապես վերադարձվել վերջնակետ հանդիսացող երկիր,

- ապահովել, որպեսզի գերմանական կողմի հետ փոխադարձ խորհրդակցությունների հիման վրա, որպես հայցվող կողմի իրավասու մարմին, ՀՀ իրավասու մարմինն աջակցի տարանցման իրականացմանը,

- Համաձայնագրի համաձայն` հոգալ հետ ընդունելու առնչությամբ փոխադրման բոլոր ծախսերը մինչև հայցվող գերմանական կողմի սահման, և համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը,

- որպես հայցող կողմ, հոգալ տարանցման հետ կապված բոլոր ծախսերը մինչև վերջնական նպատակակետ հանդիսացող պետության սահման և վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը,

- անձնական տվյալները հավաքել միայն համաձայնագրի հստակ, որոշակի և օրինական կիրառման նպատակով և չօգտագործել ոչ փոխանցողի, ոչ էլ ստացողի որևէ եղանակով, որը համատեղելի չէ այդ նպատակների հետ,

- ապահովել, որպեսզի փոխանցված անձնական տվյալները ոչնչացվեն այն պահից, երբ այլևս անհրաժեշտ չեն լինի այն նպատակի համար, որի համար փոխանցվել են,

- ապահովել, որպեսզի փոխանցող մարմնի խնդրանքով ՀՀ ստացող մարմինը տեղեկացնի փոխանցած տվյալների օգտագործման և օգտագործումից ստացված արդյունքների մասին,

- փոխանցել անձնական տվյալները միայն իրավասու մարմիններին, իսկ դրանց հետագա փոխանցումն այլ մարմիններին իրականացնել փոխանցվող մարմնի նախնական համաձայնությամբ,

- համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող խնդիրները լուծել գերմանական կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նաև համաձայնագրի իրականացման մանրամասները կարգավորել փորձագետի միջոցով, որի նպատակով ստեղծել փորձագետների հանձնախումբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի նոյեմբերի 16-ին Բեռլինում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


27 ապրիլի 2007 թվականի
ՍԴՈ-698