ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 ապրիլի 2007 թ. |
N 171-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ N 60 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով՝
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև՝ Ընկերություն) թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի (այսուհետև՝ Լիցենզիա) 5.Բ.1 կետի ե) ենթակետը, որի համաձայն առաջին վերախմբագրման ամսաթվի ութերորդ տարելիցի դրությամբ լիցենզառուն պարտավոր է արդիականացնել մարզերում տեղադրված 70.000 անալոգային գծերը՝ հնարավորություն ընձեռելով միջքաղաքային և միջազգային զանգեր կատարել ավտոմատ եղանակով,
բ) Լիցենզիայի 5.Բ.1 կետի զ) ենթակետը, որի համաձայն 2006 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ լիցենզառուն պարտավոր է ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության 800 գյուղի թվայնացումը,
գ) Ընկերության 2006 թվականի մարտի 6-ի N 82/06 գրությունը, որի համաձայն 2006 թվականի մարտի 3-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մարզերում արդիականացվել է 71100 համար տեղակայված կայանային ունակություն, որից փաստացի հեռախոսագիծ է միացված 46354 բաժանորդների,
դ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) 2006 թվականի դեկտեմբերի 26-ի N ՌՆ-1814Հ գրությունը, որով Ընկերությունից պահանջվել է մինչև 2007 թվականի հունվարի 15-ը Հանձնաժողով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ Լիցենզիայի 5.Բ.1 կետի գ), զ) և ե) ենթակետերի պահանջների կատարման վերաբերյալ,
ե) Ընկերության 2007 թվականի հունվարի 31-ի N 26/07 գրությունը, որի համաձայն 2006 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ թվային հեռախոսակապի հնարավորություն է ստեղծվել Հայաստանի Հանրապետության 492 գյուղում,
զ) Ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 1-ի N 472/06 գրությունը, որով խնդրել է Լիցենզիայի 5.Բ.1 կետի զ) ենթակետով սահմանված պարտավորության կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը, Ընկերության 2007 թվականի ապրիլի 2-ի N 136/07 գրությունը, որով խնդրել է Լիցենզիայի 5.Բ.1 կետի զ) ենթակետով սահմանված պարտավորության կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի հունիսի 30-ը,
է) Ընկերության 2007 թվականի ապրիլի 9-ի N 149/07 գրությունը, որի համաձայն Ընկերությունը պարտավորվել է մինչև 2007 թվականի հունիսի 30-ը թվայնացնել Հայաստանի Հանրապետության 810 գյուղ,
ը) Ընկերության 2007 թվականի մարտի 6 ի N 84/07 գրությամբ ներկայացված առաջարկությունները, որոնց համաձայն Ընկերությունը պարտավորվում է մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը ստեղծել տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 70.000 անալոգային գծերին հնարավորություն ընձեռելով ավտոմատ կերպով կատարել միջքաղաքային և միջազգային զանգեր, ինչպես նաև մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ստեղծել տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր անալոգային գծերին հնարավորություն ընձեռելով ավտոմատ կերպով կատարել միջքաղաքային և միջազգային զանգեր, և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ, 9-րդ և 10-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ) ենթակետը, 4-րդ կետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 40-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Ընդունել Ընկերության ներկայացրած առաջարկությունները և՝
1) Լիցենզիայի 5.Բ.1 կետի ե) ենթակետով սահմանված պարտավորության կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը.
2) մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ստեղծել տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր անալոգային բաժանորդային գծերին հնարավորություն ընձեռելով ավտոմատ կերպով կատարել միջքաղաքային և միջազգային զանգեր.
3) Լիցենզիայի 5.Բ.1 կետի զ) ենթակետով սահմանված պարտավորության կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի հունիսի 30-ը.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ժամկետում ավարտել 810 գյուղի թվայնացումը:
2. Հանձնարարել Ընկերությանը.
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել թվայնացվող 810 գյուղերի ցանկը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, պարբերաբար, եռամսյակային արդյունքներով, Հանձնաժողով ներկայացնել գրավոր տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետի 1)-ին և 2)-րդ ենթակետերով սահմանված պարտավորությունների կատարման ընթացքի մասին:
3. Սահմանել, որ Ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետով սահմանված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կամ կատարման ժամկետների խախտումը կդիտվի որպես Լիցենզիայի կոպիտ խախտում՝ Լիցենզիայի 10.Դ կետի իմաստով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |