Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.06.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.13/44(416)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.06.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
01.06.2007
Дата вступления в силу
01.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-966(ՎԴ)
2007 թ.


Քաղաքացիական գործ թիվ 07-1079

Նախագահող դատավոր՝

Ա. Թումանյան
Դատավորներ՝ Տ. Սահակյան
Ն. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

2007 թվականի հունիսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Սարիբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 20-ի վճռի դեմ՝ ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի (այսուհետ՝ Թաղապետարան) ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Թաղապետարանը պահանջել է 750 000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ փոխհատուցմամբ դադարեցնել Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքները:

Երևանի Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի ապրիլի 25-ի վճռով հայցը բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ բեկանվել է Երևանի Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի ապրիլի 25-ի վճիռը և գործն ուղարկվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2007 թվականի մարտի 20-ի վճռով հայցը` Լիանա Կազկոյի, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների մասով մերժվել է, իսկ Ալվինա Կազկոյի մասով գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Սարիբեկյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները և 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն, որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ գործի քննությանը չի ներգրավել Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանի սեփականատեր Գայանե Սարիբեկյանին և վճիռ է կայացրել նրա իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:

Թաղապետարանի 2006 թվականի օգոստոսի 23-ի աճուրդում բողոք բերած անձը գնել է նշված բնակարանը: Այդ բնակարանի նկատմամբ նրա սեփականության իրավունքը գրանցվել է, սակայն Վերաքննիչ դատարանը նշված բնակարանի նկատմամբ պատասխանողների բնակելի տարածության օգտագործման իրավունքի վերաբերյալ վճիռ է կայացրել առանց բնակարանի սեփականատիրոջը գործին մասնակից դարձնելու: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

 

2) Բողոքի մյուս հիմքերը չեն վկայակոչվում, քանի որ Վճռաբեկ դատարանը դրանց սույն որոշմամբ չի անդրադառնում:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 20-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանում հաշվառված են Ալվինա Կազկոն՝ 1982 թվականից, Լիանա Կազկոն՝ 1991 թվականից, Արամ Մարկոսյանը՝ 1996 թվականից:

2) Պատասխանողներ Ֆրունզ Մարկոսյանը՝ ծնված 27.01.1993 թվականին, և Նարեկ Մարկոսյանը՝ ծնված 15.04.1996 թվականին Լիանա Կազկոյի և Արամ Մարկոսյանի երեխաներն են:

3) 2005 թվականի մայիսի 16-ի վճարման անդորրագրի համաձայն` «Արայ» համատիրությունը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանի հասցեով ավտոտնակի վարձի պարտքից 20 000 ՀՀ դրամ գանձել է Կազկոյից:

4) 28.08.2006 թվականին Ալվինա Կազկոն մահացել է:

5) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի 2006 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 41/3-Կ-13 գրության համաձայն` Լ. Կազկոյի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լ. Կազկոյի և Թաղապետարանի միջև առկա է բնակարանային վեճ: Միաժամանակ Լ. Կազկոյին տեղեկացվել է, որ Գայանե Սարիբեկյանը պարտավորվել է չօտարել և չօգտագործել Երևանի Բագրատունյաց փողոցի 26 շենքի թիվ 32 բնակարանում առկա նրանց պատկանող գույքը:

6) Վերաքննիչ դատարանին հասցեագրված 2007 թվականի մարտի 15-ի դիմումով Թաղապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանն արդեն Գայանե Սարիբեկյանի սեփականությունն է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի հիման վրա հայցից հրաժարվելու հնարավորություն չունենալու պատճառով պահանջը չի պնդում և խնդրել է հայցը թողնել առանց քննության:

7) 2007 թվականի մարտի 20-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վերաքննիչ դատարանի կողմից Գայանե Սարիբեկյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Վերաքննիչ դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ և նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ կայացրել:

8) Շենգավիթի համայնքի ավագանու «Բագրատունյաց փողոցի 26 շենքի թիվ 32 բնակարանն աճուրդով վաճառելու թույլտվություն տալու մասին» 2006 թվականի հուլիսի 07-ի թիվ 77 որոշմամբ թույլատրվել է համայնքի ղեկավարին դասական աճուրդի եղանակով օտարելու նշված բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3 075 000 (երեք միլիոն յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ (որոշումը ներկայացվել է բողոքին կից):

9) Նոտարական կարգով վավերացված 2006 թվականի սեպտեմբերի 05-ի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Թաղապետարանը 3 351 750 (երեք միլիոն երեք հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամով Գայանե Սարիբեկյանին է վաճառել Երևանի Բագրատունյաց փողոցի 26 շենքի թիվ 32 բնակարանը (պայմանագիրը ներկայացվել է բողոքին կից):

10) 2006 թվականի սեպտեմբերի 07-ին Երևանի Բագրատունյաց փողոցի 26 շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ գրանցվել է Գայանե Սարիբեկյանի և Հովիկ Ալեքսանյանի սեփականության իրավունքը (սեփականության իրավունքի գրանցման թիվ 2177043 վկայականի լուսապատճենը ներկայացվել է բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սեփականության իրավունքի գրանցման թիվ 2177043 վկայականի լուսապատճենի համաձայն` 2006 թվականի սեպտեմբերի 07-ին Երևանի Բագրատունյաց փողոցի 26 շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ գրանցվել է Գայանե Սարիբեկյանի և Հովիկ Ալեքսանյանի սեփականության իրավունքը:

Փաստորեն, վերը նշված բնակարանի համասեփականատեր է նաև Գայանե Սարիբեկյանը, որը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել, և սույն գործով կայացված վճիռը` հայցը մերժելու մասով, ազդում է նրա իրավունքների ծավալի վրա:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` բեկանել է դատական ակտը (իրավական հիմանվորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

2) բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել Գայանե Սարիբեկյանի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

 

Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով` քաղաքացիական գործի վարույթն Ալվինա Կազկոյի մասով կարճելը չի ազդում բողոք բերած անձի իրավունքների ծավալի վրա:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 20-ի վճիռը` հայցը մերժելու մասով և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան