Գլխավոր տեղեկություն
Номер
N 1298-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.12.2005-01.03.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.05/55(290) Հոդ.1044
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.09.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2003
Дата вступления в силу
06.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 731-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հոկտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմավորվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) պետական մշակութային և երիտասարդական քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումն ու իրականացումը.

բ) մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում քաղաքականության վերլուծությունը, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրումը, ռազմավարության, հայեցակարգերի ու նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, օգտագործման ու համալրման սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվներ) և չափորոշիչների մշակումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` մշակութային արժեքների ապօրինի արտահանման ու ապօրինի ներմուծման, ինչպես նաև մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումների մշակումն ու իրականացումը.

ե) երիտասարդական և մանկական կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով միջոցառումների մշակումն ու իրականացումը.

զ) մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում միջազգային (նաև սփյուռքի հետ) մշակութային ու երիտասարդական համագործակցության և փոխանակումների զարգացումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

բ) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր, մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

գ) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

դ) ապահովում է պետական թանգարանային, գրադարանային հավաքածուների պետական հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը, համալրումը, ուսումնասիրումը, ներկայացումը և հանրահռչակումը.

ե) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների, թանգարանային, գրադարանային հավաքածուների կառավարումը, պետության անունից գնման նախապատվության իրավունքը.

զ) (ենթակետն ուժը կորցրել է 07.07.05 N 937-Ն)

է) (ենթակետն ուժը կորցրել է 07.07.05 N 937-Ն)

ը) (ենթակետն ուժը կորցրել է 07.07.05 N 937-Ն)

թ) պետական թանգարաններում, գրադարաններում ստեղծում ու ներդնում է անվտանգության և տեղեկատվության ապահովման արդիական համակարգեր.

ժ) պետական թանգարաններում սահմանում է թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգ (ռեժիմ).

ժա) իրականացնում է գրադարանային աշխատանքների միջգերատեսչական համակարգումը, ստեղծում տեղեկատվական-գրադարանային ցանցեր.

ժբ) սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգ և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.

ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ) է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու վերաբերյալ.

ժդ) նպաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակույթների պահպանմանը, տարածմանը և զարգացմանը, պետական աջակցություն ցուցաբերում նրանց մշակութային կենտրոններին ու հայրենակցական միություններին.

ժե) պետական աջակցություն է ցուցաբերում արվեստի բոլոր տեսակների և ձևերի զարգացմանը, մշակույթի ու արվեստի գործիչների, ինչպես նաև երիտասարդության ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը.

ժզ) պետական թանգարանային, գրադարանային հավաքածուների, երաժշտական, թատերական խմբերի խաղացանկի համալրման նպատակով գնում է կերպարվեստի, զարդային (դեկորատիվ)-կիրառական, երաժշտական և թատերական արվեստի ստեղծագործություններ.

ժէ) նպաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական և գիտական կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.

 ժը) աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.

ժթ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում մասնագետների պատրաստման վերաբերյալ առաջարկություններ, իր իրավասության սահմաններում տեղաբաշխում (համակարգում) մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.

ի) ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

իա) մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

իբ) միջազգային (նաև սփյուռքի հետ) մշակութային և երիտասարդական համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում ստեղծագործական և երիտասարդական խմբեր, անհատ կատարողների, մասնագետների, աջակցում է միջազգային (նաև սփյուռքի հետ) մշակութային և երիտասարդական համագործակցության և փոխանակումների զարգացմանը.

իգ) համագործակցում և մասնակցում է միջազգային (նաև սփյուռքի) մշակութային և երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.

իդ) սահմանում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում տնտեսական բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը, մշակում և պետական կառավարման համապատասխան մարմիններ է ներկայացնում առաջարկություններ ֆինանսավորման համակարգի, հարկային քաղաքականության, աշխատանքի կազմակերպման, վարձատրության ու կենսաթոշակային ապահովության կատարելագործման վերաբերյալ.

իե) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականություն համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

իզ) սահմանում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում մշակութային, մանկական և երիտասարդական կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.

իէ) վերլուծում է ծառայությունների շուկան մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը, իր ենթակայության կազմակերպություններում նպաստում շուկայագիտության զարգացմանը.

իը) ապահովում է տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը.

իթ) հարցումների միջոցով պետական կառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից հավաքագրում է համապատասխան տեղեկատվություն, օգտվում Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոյի տեղեկություններից.

լ) ապահովում է փառատոնների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, աճուրդների, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպումը.

լա) մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից)` ակադեմիական կոչման.

լբ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված ու պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.

լգ) կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մասնակցում է մշակույթի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.

լդ) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային, մանկական ու երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.

լե) ապահովում է մշակութային և երիտասարդական քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.

լզ) աջակցում է երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը, տեղեկատվական ու փաստաթղթային, խորհրդատվական և սոցիալական, մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտասարդական ծառայությունների և կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը, երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանը.

լէ) վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում, դրանց ազդեցությունը պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի վրա.

լը) կազմակերպում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնում մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառների ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը.

լթ) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային և երիտասարդական քաղաքականության ապահովման նպատակով.

խ) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը.

խա) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաստում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը.

խբ) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը:

(8-րդ կետը լրաց. 16.12.04 N 1755-Ն, խմբ. 30.12.04 N 1879-Ն, փոփ. 07.07.05 N 937-Ն, 03.11.05 N 1924-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում` օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) իրեն հանձնարարված բնագավառներում ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրի շրջանակներում գնումները կատարվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 375010, Կառավարական տուն N 3:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները` գործակալությունները:

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթներ իրականացնող ու պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին.

բ) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

գ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

դ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

ե) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նախարարի հրամանով նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Մշակութային քաղաքականության վարչություն

Երիտասարդական քաղաքականության վարչություն

Միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Անձնակազմի կառավարման բաժին

Առաջին բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Գործակալություններ

 

Հրատարակչական գործի գործակալություն

Մշակութային արժեքների պահպանության գործակալություն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
  Ընդամենը

այդ թվում`

 

38142985
  Կառուցվածքային ստորաբաժանումներ` ընդամենը

14971180

 

որից`

 
1. Հիմնական միջոցներ

այդ թվում`

14608915
  Գրասենյակային գույք

4636498

  Էլեկտրական ապրանքներ

2208171

  Համակարգչային տեխնիկա

2467131

  Կապի սարքավորում

967779

  Այլ հիմնական միջոցներ

4329336

2.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

362265

  Հրատարակչական գործի գործակալություն` ընդամենը

6786643

 

որից`

 
1. Հիմնական միջոցներ

այդ թվում`

5486350

  Գրասենյակային գույք

141810

  Էլեկտրական ապրանքներ

636526

  Համակարգչային տեխնիկա

3744676

  Կապի սարքավորում

963338

  Այլ հիմնական միջոցներ

 

2.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

1300293

  Մշակութային արժեքների պահպանության գործակալություն` 
ընդամենը

10073644

 

որից`

 

1. Հիմնական միջոցներ

այդ թվում`

10073644

  Գրասենյակային գույք

1984123

  Էլեկտրական ապրանքներ

933707

  Համակարգչային տեխնիկա

4606289

  Կապի սարքավորում

151450

  Այլ հիմնական միջոցներ

2398075

2.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

0

  ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն` ընդամենը

6311518

 

որից`

 

1. Հիմնական միջոցներ

այդ թվում`

6013746

  Գրասենյակային գույք

744543

  Էլեկտրական ապրանքներ

382810

  Համակարգչային տեխնիկա

1682800

  Կապի սարքավորում

249117

  Այլ հիմնական միջոցներ

2954476

2.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

297772

 

(Հավելվածը խմբ. 05.02.04 N 103-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան