«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2007 թվականի N 490-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի և գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել ոչ ավելի, քան 51408.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), որից՝
1) առաջին կիսամյակի ընթացքում՝ ոչ ավելի, քան 24350.5 հազ. դրամ,
2) ինն ամսվա ընթացքում՝ ոչ ավելի, քան 36821.9 հազ. դրամ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարները հատկացվում են`
1) ավելացված արժեքի հարկի գծով (առանց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և (կամ) մաքսային մարմիններին վճարված գումարի)` 2006 թվականի գործունեության արդյունքներով 2007 թվականին մուծված գումարների փոխհատուցման համար՝ 864.3 հազ. դրամ, և 2007 թվականի գործունեության արդյունքներով տարվա ընթացքում մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 20845.6 հազ. դրամ.
2) գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով՝ 2006 թվականի գործունեության արդյունքներով 2007 թվականին մուծված գումարների փոխհատուցման համար՝ 266.8 հազ. դրամ, և 2007 թվականի գործունեության արդյունքներով տվյալ տարվա ընթացքում մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 29432.1 հազ. դրամ:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը, իսկ վերջինիս կողմից միավորման ընկերություններին են տրամադրվում բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող` վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը պատրաստել՝ հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում՝
ա. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով՝ ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվետվությունների հիման վրա հաշվարկված փոխհատուցման ենթակա հարկի փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի գծով հաշվետվությունների պատճենները.
2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում՝
ա. եռամսյակային արդյունքներով ընկերությունների կողմից որպես գործատու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարների վճարումները հավաստող փաստաթղթերը (վճարման անդորրագրերը),
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվետվությունների պատճենները.
3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):
5. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.
2) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե գործատուի կողմից փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն ընկերություններին փոխհատուցվում են 81.5 տոկոսի չափով.
3) ընկերությունների` 2006 թվականի տարեկան գործունեության արդյունքներով ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների եռամսյակային (ամսական, տարեկան) հաշվետվությունների հիման վրա հաշվարկված` փոխհատուցման ենթակա գումարներից ավելի համապատասխան բյուջեներ ընկերությունների կողմից վճարված գումարները նրանց` սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|