Գլխավոր տեղեկություն
Номер
N 357-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2007-25.06.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.01.05/1(149) Հոդ.7
Принят
Լոռու մարզպետ
Дата принятия
07.11.2003
Подписан
Լոռու մարզպետ
Дата подписания
07.11.2003
Дата вступления в силу
15.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 50503373

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Վանաձոր
N 357-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշումը (ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի թիվ 953-Ն որոշման խմբագրությամբ)`

Հաստատել ՀՀ Լոռու մարզպետարանի գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ Լոռու մարզպետ` Հ. Քոչինյան

 

 

Հավելված
ՀՀ Լոռու մարզպետի 2003 թ.
նոյեմբերի 7-ի թիվ 357-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գործավարության կարգը:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի (այսուհետև` մարզպետարան) գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմը (այսուհետև աշխատակազմ):

3. Մարզպետարանում գործավարությունը միասնական է և պարտադիր աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների համար:

Աշխատակազմի ստորաբաժանումներում սույն կարգով նախատեսված գործավարության միասնական համակարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:

4. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:

5. Մարզպետարանի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:

6. Արգելվում է ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարելը:

7. Արգելվում է մատիտով և ջնջումներով գրված գրությունները ընդունել և գրանցել:

8. Մարզպետարանի աշխատողներին արգելվում է փաստաթղթերը տուն տանել: Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողները պարտավոր են իրենց մոտ գտնվող անավարտ գործերով փաստաթղթերը հանձնել իրենց փոխարինողին:

9. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները միմյանց միջև գրագրությունը կարող են իրականացնել նաև ուղիղ, առանց քարտուղարությունում գրանցելու:

10. Գործավարական մատյանները նախապես համարակալվում են և կնքվում աշխատակազմի ղեկավարի կողմից:

11. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ԽՄԲԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

12. Լոռու մարզպետի (այսուհետև` մարզպետ) որոշումների կամ կարգադրությունների նախագծեր ներկայացնելու իրավունք ունեն մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, մարզպետի խորհրդականները և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

(12-րդ կետը փոփ. 15.03.07 N 60-Ն)

13. Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծեր ներկայացնելու իրավունք ունեն աշխատակազմի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

14. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի որոշումների կամ կարգադրությունների նախագծեր, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծեր կարող են ներկայացնել աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:

15. Մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը ներկայացվում են աշխատակազմի քարտուղարություն (այսուհետև քարտուղարություն), նախագծին կցելով անհրաժեշտ հիմքերը նշելով նաև այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվեն որոշումների կամ կարգադրությունների պատճենները: Նախագիծը քարտուղարություն է առաքվում նաև մարզպետարանի համակարգչային ցանցով (այսուհետև` համակարգչային ցանց):

16. Մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը ներկայացվում են հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցնելու նպատակով:

Նախագիծը ներկայացնողը պատասխանատու է հիմքերի հիմնավորվածության, դրա որակի, ներկայացված նյութի արժանահավատության և ամբողջականության համար:

Նախագիծը ներկայացնողը նախագծի հետ անհրաժեշտության դեպքում պետք է կցի նաև տվյալ հարցը լուսաբանող լրացուցիչ նյութեր, տեղեկանք կամ բացատրագիր, ինչպես նաև տեղեկություններ տվյալ հարցի մասին նախկինում ընդունված մարզպետի որոշումների, կարգադրությունների կամ աշխատակազմի ղեկավարի հրամանների մասին։

Սույն կետով նշված պահանջներին չհամապատասխանող նախագծերը հետ են վերադարձվում և համարվում են չներկայացված:

(16-րդ կետը լրաց. 15.03.07 N 60-Ն)

17. Քարտուղարությունում մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը համապատասխանաբար առանձին մատյաններում գրանցելուց և քարտուղարության պետի կողմից մակագրվելուց հետո խմբագրվում են քարտուղարության իրավաբանական բաժնի կողմից:

(17-րդ կետը լրաց. 15.03.07 N 60-Ն)

18. Խմբագրելիս քարտուղարության իրավաբանական բաժնի պետը պետք է ուսումնասիրի ներկայացված նախագծերի հիմքերի առկայությունը, հիմնավորվածությունը, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և ըստ բովանդակային էության, ծանոթանա տվյալ հարցի մասին նախկինում ընդունված մարզպետի որոշումների և կարգադրությունների կամ աշխատակազմի ղեկավարի հրամանների հետ` դրանք շաղկապելու նպատակով:

Իրավաբանական բաժնի կողմից ՀՀ օրենսդրությանը հակասող նախագծերը մերժվում են, այդ մասին գրավոր տեղյակ պահելով նախագիծը ներկայացնողին։

(18-րդ կետը փոփ., լրաց. 15.03.07 N 60-Ն)

19. Արգելվում է մարզպետի որոշման, կարգադրության, աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագծի բնօրինակի վրա կատարել խմբագրում, ուղղում կամ ջնջում:

20. Քարտուղարությունը մարզպետի որոշումների կամ կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը նախապատրաստելիս.

ա) հետևում է, որ մարզպետին կամ աշխատակազմի ղեկավարին ներկայացվեն խմբագրված և նախագիծը խմբագրողի, իրավաբանական բաժնի պետի, քարտուղարության պետի, նախագիծը ներկայացնողի, շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների, ֆինանսական բնույթի հարցեր պարունակող նախագծերը՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մարզպետի տեղակալների և (կամ) մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ համաձայնեցված նախագծեր.

բ) հետևում է, որ համաձայնեցման ժամանակ նշվեն ստորագրողի պաշտոնը, անունը, ազգանունը, և ամսաթիվը (նույնը վերաբերում է նաև տեղեկանքներին).

գ) ապահովում է մարզպետի որոշումների, կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի սույն կարգով սահմանված ժամկետում նախապատրաստումը և աշխատակազմի ղեկավարին «Ձևաթղթի վրա» նշագրման ներկայացումը:

(20-րդ կետը խմբ. 15.03.07 N 60-Ն)

21. Քարտուղարությունը մարզպետի յուրաքանչյուր որոշման, կարգադրության և աշխատակազմի ղեկավարի հրամանի համար կազմում է գործ, որի մեջ պետք է զետեղվեն հետևյալ նյութերը`

ա) նախագիծը ներկայացնողի կողմից ստորագրված մարզպետի որոշման, կարգադրության կամ աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագիծը.

բ) մարզպետի որոշման, կարգադրության կամ աշխատակազմի ղեկավարի հրամանի ընդունումը հիմնավորող փաստաթղթերը (զեկուցագիր, տեղեկանք և այլն), եթե այդպիսիք անհրաժեշտ են համարել մարզպետը, մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալը.

գ) աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների եզրակացությունները, եթե այդպիսիք կան.

դ) քարտուղարության կողմից խմբագրված և աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ համաձայնեցված մարզպետի որոշման, կարգադրության կամ աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագծի տարբերակը.

ե) մարզպետի կողմից ստորագրված որոշման, կարգադրության կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանի բնօրինակը, բոլոր էջերը կնքված համապատասխանաբար մարզպետարանի և աշխատակազմի կնիքներով, մարզպետի որոշման, կարգադրության կամ աշխատակազմի ղեկավարի հրամանի հավելվածները (եթե այդպիսիք կան)` ստորագրված աշխատակազմի ղեկավարի կողմից և բոլոր էջերը կնքված համապատասխանաբար մարզպետարանի և աշխատակազմի կնիքներով:

զ) այլ նյութեր:

22. Մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի համաձայնեցումը կատարվում է նախագծի խմբագրված տարբերակի վրա:

Մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը քարտուղարության կողմից համաձայնեցվում են նախագիծը ներկայացնողի, աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մարզպետի տեղակալների և (կամ) մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ:

Այն դեպքում, երբ համաձայնություն տվողներից որևէ մեկը տարաձայնություն ունի, այդ մասին կատարում է նշում նախագծի վրա կամ կարող է կցել տեղեկանք:

Մարզպետի որոշումների կամ կարգադրությունների այն նախագծերը, որոնց վերաբերյալ կան տարաձայնություններ, նախապես պետք է քննության առնվեն աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում, որի արդյունքների մասին կատարվում է նշում նախագծի խմբագրված տարբերակի վրա: Եթե աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում մարզպետի որոշման կամ կարգադրության նախագծի վերաբերյալ ձեռք չի բերվում համաձայնություն, ապա հարցը քննարկվում է մարզպետի մոտ հրավիրվող խորհրդակցությունում:

Աշխատակազմի ղեկավարի հրամանների այն նախագծերը, որոնց վերաբերյալ կան տարաձայնություններ, նախապես պետք է քննության առնվեն աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ հրավիրվող խորհրդակցությունում, որի արդյունքների մասին կատարվում է նշում նախագծի խմբագրված տարբերակի վրա: Եթե աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ հրավիրվող խորհրդակցությունում աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագծի վերաբերյալ ձեռք չի բերվում համաձայնություն, ապա հարցը քննարկվում է աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում:

(22-րդ կետը խմբ. 15.03.07 N 60-Ն)

23. (կետն ուժը կորցրել է 15.03.07 N 60-Ն)

24. Մարզպետի որոշման կամ կարգադրության նախագիծը մարզպետի, իսկ աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագիծը` աշխատակազմի ղեկավարի կողմից մերժվելու դեպքում վերադարձվում են քարտուղարություն, գրանցվում մատյանում և պահվում առանձին թղթապանակում:

Մարզպետի որոշման կամ կարգադրության նախագիծը մինչև մարզպետին, իսկ աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագիծը` մինչև աշխատակազմի ղեկավարին ներկայացվելը կարող են մերժվել միայն նախագիծը ներկայացնողի համաձայնությամբ, որի մասին կատարվում է համապատասխան նշում նախագծի խմբագրված տարբերակի վրա:

25. Մարզպետի ստորագրությանը ներկայացվող մարզպետի որոշումները և կարգադրությունները, աշխատակազմի ղեկավարին ներկայացվող աշխատակազմի ղեկավարի հրամանները քարտուղարության կողմից տպագրվում են ձևաթղթերի վրա, առանց ուղղումների և ջնջումների, աշխատակազմի ղեկավարի կողմից «Ձևաթղթի վրա» նշագրումը կատարելուց, քարտուղարությունում համապատասխանաբար մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների առանձին գրանցամատյաններում գրանցելուց հետո:

Քարտուղարության պետը ձևաթղթի վրա տպագրված մարզպետի որոշումներն ու կարգադրությունները հանձնում է աշխատակազմի ղեկավարին` մարզպետի ստորագրմանը ներկայացնելու համար:

Մարզպետի որոշումների և կարգադրությունների հավելվածները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:

Մարզպետի որոշումներն ու կարգադրությունները աշխատակազմում գրանցվում են մարզպետի որոշումների ու կարգադրությունների առանձին գրանցամատյաններում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

Յուրաքանչյուր տարվա համար մարզպետի որոշումների և կարգադրությունների համարակալումներն սկսվում են տարեսկզբի առաջին որոշումից կամ կարգադրությունից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշումով կամ կարգադրությամբ:

Աշխատակազմի ղեկավարի հրամանների համար սահմանվում է առանձին համարակալում, որը նույնպես կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:

Մարզպետարանի աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հրամանները ձևակերպվում են առանձին մատյանում` քարտուղարության կադրերի գծով պատասխանատուի կողմից, որոնց պատճենները քաղվածքների տեսքով ստորագրության են տրվում աշխատակազմի ղեկավարին և պատճենի տեսքով տրվում են ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը:

(25-րդ կետը փոփ. 15.03.07 N 60-Ն)

26. Մարզպետի որոշումների, կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք ուժը կորցրած ճանաչելու մասին կատարվում է նշում համապատասխան գրանցամատյանում, իսկ բնագրի վրա փակցվում է համապատասխանաբար նոր որոշման, կարգադրության կամ հրամանի պատճենը:

27. Քարտուղարությունը կատարում է մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների պատճենահանումը և առաքումը` համաձայն նախագիծը ներկայացնողի կողմից նշված հասցեատերերի ցանկի: Առաքումը կատարվում է նաև համակարգչային ցանցով, եթե հասցեատերն ընդգրկված է դրանում:

Եթե նախագիծը ներկայացնողը հասցեատերերի ցանկը չի նշել, ապա մարզպետի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների պատճենները քարտուղարության կողմից առաքվում են միայն նախագիծը ներկայացնողին:

Քարտուղարության կողմից կազմակերպություններին և աշխատակազմի աշխատողներին որոշումների և կարգադրությունների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց աշխատակազմի ղեկավարի ցուցումի:

Պատճենները, անհրաժեշտության դեպքում, կարող են կնքվել մարզպետարանի կամ աշխատակազմի կնիքով:

Քարտուղարությունը պատասխանատու է մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների ժամանակին առաքման համար:

28. Մարզպետի որոշումներում, կարգադրություններում և աշխատակազմի ղեկավարի հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով, և առաքվում ըստ սկզբնական հասցեատերերի:

29. Մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների գործերը մեկ տարի պահվում են քարտուղարության խմբագրական ենթաբաժնում, իսկ ֆայլերը` համակարգչային ցանցի տվյալների շտեմարանում, որից հետո սույն կարգով սահմանված ձևով հանձնվում են աշխատակազմի արխիվ` պահպանության:

30. Մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները նրանց կողմից ստորագրվելուց հետո քաղվածքների ձևով և համակարգչային ցանցով քարտուղարությունը ուղարկում է հասցեատերերին:

Քաղվածքները կարող են վավերացվել աշխատակազմի կնիքով:

Նախորդ տարիներին ընդունված մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների պատճենները կարելի է ստանալ աշխատակազմի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալի թույլտվությամբ` աշխատակազմի արխիվից:

 

III. ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

31. Մարզի խորհրդի նիստերի հրավիրման, սպասարկման և օրակարգի նախապատրաստման աշխատանքները կատարում է աշխատակազմի ղեկավարը` աշխատակազմի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության ու քարտուղարության միջոցով:

32. Մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացվող խորհրդակցությունների նախապատրաստումը կատարում է համապատասխան ստորաբաժանումը, հրավիրվող անձանց ծանուցումը ներառյալ:

33. Աշխատակազմի ղեկավարը ապահովում է մարզի խորհրդի նիստերի, մարզպետի խորհրդակցությունների օրակարգերի նախապատրաստումն ու դրանց ներկայացումը մարզպետի հաստատմանը:

34. Մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրումը իրականացվում է քարտուղարության կողմից:

35. Մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունները համարակալվում են առանձին-առանձին` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ: Խորհրդակցությունների արձանագրությունների քաղվածքները քարտուղարության կողմից առաքվում են հասցեատերերին: Առաքումը կատարվում է նաև համակարգչային ցանցով, եթե հասցեատերն ընդգրկված է դրանում:

Մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացված խորհրդակցությունների արձանագրությունները մեկ տարի պահվում են քարտուղարության խմբագրական ենթաբաժնում, իսկ ֆայլերը` համակարգչային ցանցի տվյալների շտեմարանում, որից հետո սահմանված կարգով հանձնվում են աշխատակազմի արխիվ` պահպանության:

36. Նյութերը մարզպետի հանձնարարականներով և ցուցումներով ուղարկվում են հասցեատերերին պատճենների ձևով:

 

IV. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

37. Աշխատակազմում մուտք եղած ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է քարտուղարությունում` համապատասխան մտից մատյանում և ապարատածրագրային միջոցներով, պաշտոնական գրությունները և ելից գրությունների նախագծերը առանձին, իսկ քաղաքացիների դիմումները և նրանց պատասխանների նախագծերը` առանձին գրանցամատյաններում:

Գրանցման միջոցով արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը և ամբողջ շարժը:

Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված մտից գրանցման դասիչը, հերթական համարը և ամսաթիվը:

Մարզպետարանում ընդունված թղթակցությունը պարտադիր գրանցվում է:

38. Գրությունների նախագծերը քարտուղարություն են առաքվում նաև համակարգչային ցանցով:

Իրավական բնույթի հարցեր պարունակող ելից գրությունների նախագծերը քարտուղարություն ներկայացնելուց հետո քարտուղարության կողմից համաձայնեցվում են իրավաբանական բաժնի պետի, իսկ ֆինանսական բնույթի հարցեր պարունակողները` ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի հետ:

(38-րդ կետը փոփ. 15.03.07 N 60-Ն)

39. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):

«Անձամբ» մակագրությամբ ծրարները կամ ֆայլերը չեն գրանցվում, փակ վիճակում հանձնվում կամ մարզպետարանի համակարգչային ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:

40. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

41. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում են և փաստաթղթերին կցվում են այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

42. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական «լոկալ» համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:

43. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է դրա պատրաստող անձը կամ ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը` համապատասխան ստորագրություններով:

44. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:

45. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:

46. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:

47. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և այլ պաշտոնական մարմիններից ստացված շտապ թղթակցությունները գրանցվում ու հանձնվում են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին անմիջապես` մարզպետին արտահերթ զեկուցելու համար:

Մնացած թղթակցությունը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին է տրվում աշխատանքային օրվա վերջում:

Աշխատանքային օրվա ավարտից հետո կամ հանգստյան օրերին ստացված հեռագրերն ընդունվում են մարզպետի ընդունարանում կամ մարզպետարանի անցագրային կետում` հերթապահի կողմից:

Շտապ և բովանդակությամբ կարևոր հեռագրերը հանձնվում են աշխատակազմի ղեկավարին` անհապաղ մարզպետին զեկուցելու համար:

48. Ստացված փաստաթղթերը մարզպետի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում առաքվում են հասցեատերերին: Անհրաժեշտության դեպքում այդ փաստաթղթերը պատճենահանվում են, պատճենները առաքվում են հասցեատերերին, իսկ բնօրինակները պահվում են քարտուղարությունում:

Մարզպետի կողմից փաստաթղթերը մակագրվելուց հետո իրենց իրավասության շրջանակներում մակագրելու իրավունք ունեն մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ աշխատակազմի ղեկավարի կողմից փաստաթղթերը մակագրվելուց հետո իր իրավասության շրջանակներում մակագրելու իրավունք ունի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների բնօրինակները հանձնվում են աշխատակազմի արխիվ` մշտական պահպանության:

49. Գրությունների ամբողջ շարժը քարտուղարությունում գրանցվում և վերահսկվում է էլեկտրոնային հաշվիչ համակարգի միջոցով:

50. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է աշխատակազմի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալի «Կարել գործին» մակագրությունը:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

51. Մարզպետարանում ստացված քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում` դիմումների մտից մատյանում:

52. Քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են սահմանված կարգով գրանցման:

53. Առաջարկությունների, դիմումների ու բողոքների առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա դրվում է գրանցման դասիչը` հեղինակի ազգանվան առաջին տառը, հերթական համարը և ամսաթիվը: Կոլեկտիվ առաջարկություն, դիմում կամ բողոք ստանալու դեպքում դրվում է «Կոլ» դասիչը:

54. Անստորագիր և անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

55. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների ստացման կրկնվածությունն ստուգվում է ըստ դիմողների ազգանունների և դրանց տրվում են հերթական գրանցման դասիչներ:

Կրկնակի առաջարկությունների, դիմումների ու բողոքների առաջին էջի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնակի» նշում և կցվում է նախորդ ամբողջ գրագրությունը:

Կրկնակի են համարվում միևնույն անձից միևնույն հարցով ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, եթե առաջին առաջարկությունը, դիմումն ու բողոքը ստանալու օրվանից անցել է դրանց քննարկման օրենսդրությամբ սահմանված ժամկետը, կամ դիմողը բավարարված չէ իրեն տրված պատասխանով:

56. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները մարզպետի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականով տրվում են համապատասխան կատարողին:

Մարզպետարանի տնօրինմանը չվերապահված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ուղարկվում են այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին, որոնց անմիջական իրավասությանն են պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջականորեն ենթարկվում են այն կազմակերպությունները կամ պաշտոնատար անձը, որի գործունեությունը բողոքարկվում է:

57. Քաղաքացիներին պատասխանելու համար, քննարկված առաջարկությունների, դիմումների ու բողոքների վերաբերյալ, օրենսդրությամբ սահմանված ժամկետում կատարողի կողմից քարտուղարություն է ներկայացվում պատասխանի նախագիծ` իր բոլոր նյութերով: Պատասխանի նախագիծը քարտուղարություն է առաքվում նաև համակարգչային ցանցով: Եթե դիմումի քննարկումը հանձնարարվում է երկու և ավելի կատարողների, ապա նախագիծը ստորագրվում է բոլորի կողմից: Նման դեպքում, հանձնարարության ժամանակին կատարման պատասխանատվությունը դրվում է այն անձի վրա, ով մակագրության մեջ նշված է առաջինը: Նախագիծը ներկայացնողը պատասխանատու է հիմքերի հիմնավորվածության, դրա որակի, ներկայացված նյութի արժանահավատության և ամբողջականության համար:

58. Առաջարկությունները, դիմումներն ու բողոքները համարվում են լուծված, եթե քննության են առնվում դրանցում առաջադրված բոլոր հարցերը, դրանց լուծման վերաբերյալ ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ և տրվում գործող օրենսդրությանը համապատասխան սպառիչ պատասխաններ:

59. Պատասխանի նախագիծը ենթակա է քարտուղարությունում պարտադիր գրանցման: Պատասխանի պայմանանիշը կազմված է աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված դասիչից և նախագծի հերթական համարից:

60. Առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այն դեպքում, երբ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները լուծվել են և քաղաքացուն գրավոր պատասխանելու կարիք չկա, աշխատակազմի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից դրվում է «Կարել գործին» մակագրությունը` ստորագրությամբ, ամսաթվի նշումով և պատասխան չի առաքվում:

61. Ուսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են քարտուղարություն:

62. Յուրաքանչյուր դիմումի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի, բողոքի բնօրինակից կամ պատճենից և այլ փաստաթղթերից:

63. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը: Նրանց ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում համապատասխան ծրագրի և մատյանների միջոցով` քարտուղարությունում և պահպանվում տվյալների շտեմարանում:

64. Քաղաքացու պահանջով նրա դիմումը կարող է հետ վերադարձվել, այդ մասին կատարելով նշում համապատասխան մատյանում, որի դիմաց քաղաքացին ստորագրում է:

65. Յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը քարտուղարության պետը մարզպետին ներկայացնում է ամփոփ տեղեկանք մարզպետարանում ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների մասին:

 

VI. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

66. Մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, մարզպետի խորհրդականների և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների կողմից մարզպետի կամ աշխատակազմի ղեկավարի անունից առաքվելիք գրությունների նախագծերը տրվում են գրանցման քարտուղարություն և ուղարկվում համակարգչային ցանցի միջոցով:

Եթե գրության քննարկումը հանձնարարվում է երկու և ավելի կատարողների, ապա նախագիծը ստորագրվում է բոլորի կողմից:

Նման դեպքում, հանձնարարության ժամանակին կատարման պատասխանատվությունը դրվում է այն անձի վրա, ով մակագրության մեջ նշված է առաջինը:

Նախագիծը ներկայացնողը պատասխանատու է հիմքերի հիմնավորվածության, դրա որակի, ներկայացված նյութի արժանահավատության և ամբողջականության համար:

Նախագիծը քարտուղարության կողմից խմբագրվելուց և աշխատակազմի ղեկավարի կողմից «Ձևաթղթի վրա» նշագրումը կատարելուց հետո տպագրվում է քարտուղարության կողմից, համարակալված ձևաթղթերի վրա:

Քարտուղարության պետը ձևաթղթի վրա տպագրված գրությունը հանձնում է աշխատակազմի ղեկավարին` մարզպետի ստորագրմանը ներկայացնելու համար:

(66-րդ կետը փոփ. 15.03.07 N 60-Ն)

67. Մարզպետարանում ելից փաստաթղթերն ստորագրվում են մարզպետի, աշխատակազմի ղեկավարի, իսկ նրանց բացակայության դեպքում` համապատասխան տեղակալների կողմից:

68. Ձևաթղթի վրա տպագրված և ստորագրված գրությունները քարտուղարության կողմից գրանցվում են համապատասխանաբար պաշտոնական գրությունների և քաղաքացիների դիմումների ելից մատյաններում և առաքվում հասցեատերերին: Գրությունների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութերի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի քանակը:

Այն դեպքում` երբ գրություններն ուղարկվում են որպես պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում է այդ գրությունների ամսաթիվը և համարը: Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը:

69. Գրության ելից համարի վրա նշվում են աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված ելից գրանցման դասիչը, հերթական համարը և ամսաթիվը:

70. Հեռագրային, հեռախոսագրային գրությունները տարվում են միայն բնույթով շտապ հարցերի վերաբերյալ: Մարզպետարանի աշխատողը հեռագիրը մինչև ստորագրության տալը` երեսի կողմից, ձախից ներքևի անկյունում դնում է իր նշագիրը: Հեռագրի ելից համարը դրվում է տեքստի վերջում:

71. Քարտուղարությունը հեռագրատուն է հանձնում հեռագրերի պատճենները: Հեռագրերի բնագրերը (ստորագրված օրինակը նշագրերով), հեռագրատան դրոշմակնիքով պահվում են հեռագրերի գործում: Պատասխան ստանալիս գործից հանվում է միայն հեռագրի պատճենը, իսկ բնագրի վրա կատարվում է նշում պատասխանն ստանալու մասին:

72. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցուցակները պահվում են քարտուղարությունում սահմանված կարգով:

73. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված են ելից համարներ, և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են համապատասխան իրավասություն ունեցողին, որը փաստաթղթերն ուղարկում է հասցեատերերին:

74. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցե, փաստաթուղթը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային իսկական օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:

75. Փաստաթուղթն ուղարկվելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:

76. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, կարող է ուղարկվել մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:

 

VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

77. Մարզպետարանում փաստաթղթերի ձևակերպման համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և այլ պաշտոնական մարմիններից ստացված` մարզպետարանի քննարկմանը ենթակա հարցերի վերաբերյալ գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար`

- լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր,

- լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 15 օր:

Վերադասից ուղարկված գրությունների կատարման հսկողության ժամկետները համարվում են վերադասի կողմից նշված ժամկետները.

բ) քարտուղարության կողմից մարզպետի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի խմբագրման համար` մինչև 3 օր:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից մարզպետի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների խմբագրված նախագծերի համաձայնեցման համար`

- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող որոշումներ և կարգադրություններ` մինչև 3 օր.

- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող որոշումներ և կարգադրություններ` մինչև 7 օր:

Նախագիծը ներկայացնողի և շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների կողմից, խմբագրված նախագծերի համաձայնեցման համար` մինչև 2 օր.

գ) մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունների ձևակերպման համար` 1 օր:

 

VIII. ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

78. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից ստացված գրությունների, այլ պաշտոնական գրությունների, մարզպետի որոշումների և կարգադրությունների, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացված խորհրդակցությունների արձանագրությունների, ինչպես նաև քաղաքացիների դիմումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ:

79. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված հսկողական գրությունների առաջին էջի վերևի աջ անկյունում դրվում է «Հսկողություն» դրոշմակնիքը կամ «Հ» նշանը:

80. Միջանկյալ պատասխանների դեպքում առաջարկությունները, դիմումներն ու գանգատները հսկողությունից չեն հանվում:

81. Հանձնարարությունների կատարման ժամկետները լրանալու մասին քարտուղարությունը կատարողներին տալիս է հիշեցման տեղեկանք` շաբաթական մեկ անգամ, իսկ կատարման ժամկետները լրանալուց հետո այդ մասին զեկուցվում է աշխատակազմի ղեկավարի խորհրդակցության ժամանակ, որտեղ հսկողությունից հանվում են կատարված հանձնարարականները:

Չկատարված հանձնարարականների մասին զեկուցվում է մարզպետին` յուրաքանչյուր երկուշաբթի խորհրդակցության ժամանակ:

Մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացված խորհրդակցությունների հանձնարարականների վերաբերյալ համապատասխանաբար տեղյակ է պահվում մարզպետի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարի տեղակալին:

82. Կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն հանձնարարությունը տվողի կողմից:

 

IX. ՆՅՈՒԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒՄԸ, ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՁԱՅՆԱԳՐՈՒՄԸ

 

83. Մարզպետի որոշումներն ու կարգադրությունները, աշխատակազմի ղեկավարի հրամանները, մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունները, մարզպետարանից առաքվող ելից գրությունները տպագրվում են քարտուղարության կողմից: Անընթեռնելի և մատիտով գրված, ջնջումներով նյութերը տպագրման չեն ընդունվում: Քարտուղարության կողմից նյութերը տպագրվում են միայն աշխատակազմի ղեկավարի «Ձևաթղթի վրա» մակագրության առկայության դեպքում: Գրության առաջին էջի ներքևի ձախ անկյունում գրվում է նախագիծը ներկայացնողի անունը, ազգանունը և հեռախոսի համարը:

84. Նյութերի պատճենահանումը կատարվում է քարտուղարության կողմից: Պատճենահանվում են միայն ծառայողական բնույթի նյութերը:

Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետի խորհրդականները, պատճենահանվող նյութերի համար ձևակերպում են պատվեր քարտուղարության պետի անունով:

Պատճենահանման համար քարտուղարություն հանձնվող նյութերը գրանցվում են հաշվառման մատյանում:

(84-րդ կետը փոփ. 15.03.07 N 60-Ն)

85. Ձայնագրությունները իրականացվում են միայն ծառայողական բնույթի միջոցառումների ժամանակ:

 

X. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

86. Մարզպետի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների գործերը, մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի խորհրդակցությունների արձանագրությունները, մշտական և ժամանակավոր պահպանության ենթակա փաստաթղթերը աշխատակազմի արխիվ են հանձնվում գործավարության ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում՝ դրանք սահմանված կարգով մշակելուց հետո։

Դրանց մշակումից հետո էլեկտրոնային պատճենները գրանցվում են նաև «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգչի վրա:

(86-րդ կետը խմբ. 15.03.07 N 60-Ն)

87. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (5 օրինակ) և գործերի պայմանանիշների։

Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը։

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում։

(87-րդ կետը խմբ. 15.03.07 N 60-Ն)

88. Գործավարության համար պատասխանատու անձինք պարտավոր են ապահովել փաստաթղթերի պահպանվածությունը:

Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։

(88-րդ կետը խմբ. 15.03.07 N 60-Ն)

89. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների առաջին օրինակները պահվում են աշխատակազմի արխիվում և արխիվից դուրս տրվում են միայն աշխատակազմի աշխատողներին` վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները` իրենց պահանջով:

Աշխատակազմի քարտուղարության արխիվից վերցված իրավական ակտերը ենթակա են 15-օրյա ժամկետում վերադարձման:

Մարզպետի որոշումների ու կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների բնօրինակները պահվում են արխիվում և դուրս չեն տրվում:

Չի թույլատրվում գործերից փաստաթղթեր հանելը և դուրս տալը:

Անհրաժեշտության դեպքում գործերը կարելի է դուրս տալ կամ գործերին ծանոթանալ միայն աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

90. Արխիվի աշխատակիցը մարզպետարանի փաստաթղթերը նախապատրաստում է հետագայում սահմանված կարգով պետական արխիվ հանձնելու համար:

91. Պետական պահպանման ենթակա փաստաթղթերը արխիվում պահպանվում են օրենսդրությամբ սահմանված ժամկետով, որից հետո հանձնվում են պետական արխիվ:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 15.03.07 N 60-Ն)

 

ՀՀ Լոռու մարզպետարանի
աշխատակազմի ղեկավար

Ա. Մանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2010, թիվ 105-Ն 25.06.2010, N 357-Ն
15.03.2007, N 60-Ն 26.04.2007, N 357-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան