Գլխավոր տեղեկություն
Номер
N 202-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.12.2004-01.01.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.273
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.03.2003
Дата вступления в силу
05.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2003 թվականի N 202-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերն ու 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի երկրորդ մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող վարչությունները կարող են ունենալ առնվազն 6 հաստիքային միավոր.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի բաժինները, բացառությամբ առաջին բաժնի, կարող են ունենալ առնվազն 4 հաստիքային միավոր.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի առաջին բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր:

(3-րդ կետը խմբ. 18.11.04 N 1611-Ն)

4. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «է» - «ժգ» ենթակետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին:

5. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմական ավիացիայի) և օդային տրանսպորտի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա.Մարգարյան


2003 թ. մարտի 3
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 202-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ավիացիայի բնագավառում պետական քաղաքականությունը, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահսկողությունը: Գլխավոր վարչությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմական ավիացիայի) բնագավառի պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմին:

2. Գլխավոր վարչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Գլխավոր վարչության լիազորությունները սահմանվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գլխավոր վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գլխավոր վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Գլխավոր վարչությունը կազմված է գլխավոր վարչության պետից և գլխավոր վարչության աշխատակազմից: Գլխավոր վարչության համակարգում ընդգրկվում են գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գլխավոր վարչությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասություն:

 

II. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Գլխավոր վարչության նպատակներն ու խնդիրներն են՝

ա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում, իր իրավասության սահմաններում, թռիչքային անվտանգության և արդյունավետության, օդային տարածքի օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների, միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախապատրաստումը, քննարկումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.

բ) քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման իրականացումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումն ու վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու համար և օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա ծառայություններ մատուցող մարմինների նշանակումն ու դրանց գործունեության վերահսկումը՝ քաղաքացիական ավիացիայում թռիչքային անվտանգության ապահովման համար.

գ) խաղաղ ժամանակ օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի աերոնավիգացիոն հեռահաղորդակցության ծառայությունների և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը.

դ) քաղաքացիական ավիացիայում մանրամասն ու համապարփակ կանոնակարգերի հաստատումը և ներդրումը, ընթացակարգերի կանոնակարգումը, Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման սահմանափակումների ու արգելքների սահմանումը՝ ռազմական ավիացիային առնչվող մասով՝ դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդությամբ սահմանված կարգով ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը, օդանավերի թռիչքային պիտանության, աերոնավիգացիոն միջոցների ու այլ ավիացիոն սարքավորումների, թռիչքային անձնակազմերի, օդային երթևեկության կարգավարների և օդանավերի տեխնիկական սպասարկման անձնակազմերի վկայականների տալն ու վավերացումը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.

զ) քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող բոլոր շահագործողների, կազմակերպությունների ու ընկերությունների շարունակական վերահսկողությունը և դրանց կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը` միջազգային չափանիշներին և կանոնակարգերին համապատասխանության ապահովման նպատակով.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և միջադեպերի քննություն), այլ պետությունում՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ Հայաստանի Հանրապետության շահագործողի կողմից շահագործվող օդանավի հետ կապված նման քննությանը մասնակցությունը, ապահովության հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա վթարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության մատուցումը, Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի տեսչական ստուգումների անցկացումը.

ը) Հայաստանի Հանրապետության ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը.

թ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգումը.

ժ) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող շահագործողական չափանիշների և կանոնակարգերի մշակումը, հրապարակումն ու արդիականացումը.

ժա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի կիրառումը.

ժբ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը.

ժգ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնողներից ֆինանսական և արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալների հավաքագրումն ու գնահատումը, հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

ժդ) առևտրային նպատակներով իրականացվող օդային փոխադրումների թույլտվություններ տալը, թռիչքային անվտանգության ապահովման նպատակով նման փոխադրումների նկատմամբ տեխնիկական, ֆինանսական և այլ պահանջների ու պայմանների սահմանումը, թռիչքների շահագործման և քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության դադարեցումը և (կամ) կասեցումը և (կամ) փոփոխումը, եթե նման շահագործումը կամ գործունեությունը վտանգում է թռիչքային անվտանգությունը կամ չի համապատասխանում միջազգային չափանիշներին և կանոնակարգերին.

ժե) տրված թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) իրականացվող օդային հաղորդակցությունների, պայմանների սահմանումը, ինչպես նաև կիրառվող սակագների ու չվերթերի ծրագրերի հաստատումը՝ համաձայնագրերով կամ տրված թույլտվությամբ նախատեսված ծավալով.

ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը:

8. Գլխավոր վարչությունն իր խնդիրների և նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը.

բ) քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը.

գ) օդանավերի թռիչքային պիտանության սերտիֆիկատներ տալու (ճանաչելու), սերտիֆիկատների գործողության ժամկետները երկարաձգելու, կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով օդանավի թռիչքատեխնիկական և ռեսուրսային վիճակի ուսումնասիրումը՝ դրանց պիտանությունը որոշելու համար.

դ) օդանավերի, դրանց սարքավորումների ու արտադրատեսակների տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ձևափոխման և այլ աշխատանքներ կատարող ընկերությունների ու կազմակերպությունների սերտիֆիկացումը, ինչպես նաև ինժեներատեխնիկական մասնագետների որակավորումը.

ե) օդանավերի թռիչքային պիտանության և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման սերտիֆիկատների վավերականության ժամանակահատվածում դրանց համապատասխանության ստուգումների և վերահսկողության իրականացումը.

զ) թռիչքատեխնիկական ուսումնասիրությունների և փորձարկումների կատարումը՝ օդանավին հատուկ թռիչքի թույլտվություն տալու նպատակով, երբ օդանավին թռիչքային պիտանության սերտիֆիկատ չի կարող տրվել.

է) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության իրականացումը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը.

ը) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում զորահավաքային ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացմանը մասնակցությունը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը.

թ) օդանավ շահագործողի սերտիֆիկատ հատկացնելու համար նախատեսված պահանջների սահմանումը և կանոնակարգումը.

ժ) օդանավ շահագործողի սերտիֆիկատ ունեցող անձանց ավիացիոն տեսչական ստուգումների և վերահսկողության իրականացումը.

ժա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով օդային փոխադրումների թույլտվությունների հատկացումը, կիրառվող սակագների և չվերթերի ծրագրերի հաստատումը.

ժբ) դեպի Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար թույլտվություններ տալու կարգի սահմանումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

ժգ) օդանավակայանների և օդանավ շահագործող ընկերությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատումը.

ժդ) քաղաքացիական օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման կարգի հաստատումը.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով սահմանված կարգով դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից օդային փոխադրումների կարգավորումն ու այդ նպատակով օրենքներով կամ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորության սահմաններում համապատասխան իրավական ակտերի հաստատումը և ներդրումը.

ժզ) ավիացիոն մասնագետներին (օդանավերի հրամանատարների և օդաչուական, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների, բորտուղեկցորդների և բորտօպերատորների կազմին) վկայականների հատկացումը, դրանց գործողության ժամկետների երկարաձգումը, կասեցումը և դադարեցումը, ինչպես նաև իրավունքների ու պարտականությունների սահմանումը՝ ըստ շնորհված որակավորման կարգի.

ժէ) ավիացիոն մասնագետների (օդանավերի հրամանատարների և օդաչուական, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների, բորտուղեկցորդների ու բորտօպերատորների կազմի) պատրաստման և որակավորման կարգերի շնորհման նորմատիվների սահմանումն ու համապատասխան կարգերի շնորհումը.

ժը) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև նրանց չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը համակարգի ընկերություններում և կազմակերպություններում.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության լիցենզիաները տալու գործընթացի կազմակերպումն ու լիցենզիաների հատկացումը.

ի) իր իրավասության սահմաններում օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման իրականացումը.

իա) օդային փոխադրումների շուկայի ուսումնասիրումը՝ դրա օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով.

իբ) օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին անհամապատասխանության փաստերի հայտնաբերման դեպքում օդանավերին, օդանավակայաններին, օդային ուղիներին թռիչքների ապահովման հետ կապված ծառայություններին, օդային երթևեկության կառավարման մարմիններին տրված սերտիֆիկատների և (կամ) լիցենզիաների և (կամ) վկայականների և (կամ) թույլտվությունների գործողության դադարեցումը.

իգ) աղետալի իրավիճակում հայտնված օդանավերի և ավիացիոն պատահարից հետո ողջ մնացածների որոնման և փրկարարական աշխատանքների վերաբերյալ կանոնակարգերի մշակումը.

իդ) բոլոր քաղաքացիական ավիացիոն պատահարների և միջադեպերի հաշվառումը.

իե) իր իրավասության սահմաններում օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք շենքերի ու կառույցների նկատմամբ անհրաժեշտ հսկողություն իրականացնելու նպատակով դրանց շինարարական նախագծերի ուսումնասիրումը և համաձայնություն տալը.

իզ) հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների թռիչքներին գլխավոր վարչության համապատասխան մասնագետների և ներկայացուցիչների մասնակցության ապահովումը.

իէ) օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով թույլատրումը (արգելումը) քաղաքացիական օդանավերի մուտքը Հայաստանի Հանրապետության օդային տարածք, ինչպես նաև դրանց վայրէջքը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում.

իը) թռիչքաբժշկական փորձագիտական, ինչպես նաև բարձրագույն որակավորման հանձնաժողովների կանոնակարգերի և կազմի հաստատումը, վերջիններիս կողմից ընդունված որոշումների նկատմամբ բողոքարկումների քննարկման կազմակերպումը.

իթ) միջազգային պայմանագրերով, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների իրականացման համար քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող ընկերություններից ու կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկությունների ստացումը.

իժ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերի ու ցանկի, ինչպես նաև դրանց կիրառման կարգի սահմանումը.

լ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում չվերթերի իրականացման կանոնավորության վերահսկումը.

լա) ստուգումներ (վերահսկողություններ) իրականացնելիս գործող նորմատիվների պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում, ըստ անհրաժեշտության, կասեցնում կամ դադարեցնում է տվյալ գործողության հետագա իրականացումը, տալիս խախտումների վերացման մասին համապատասխան հանձնարարականներ և պահանջում դրանց կատարումը.

լբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված նպատակների և խնդիրների կատարման համար իրականացնում է այլ գործառույթներ:

 

III. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գլխավոր վարչությունը կառավարում է գլխավոր վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Գլխավոր վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով գլխավոր վարչության պետի հետ:

Գլխավոր վարչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գլխավոր վարչության պետն իրականացնում է գլխավոր վարչությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Գլխավոր վարչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Գլխավոր վարչության պետը՝

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է գլխավոր վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գլխավոր վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր վարչության անունից, տալիս է Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր վարչության աշխատողներին, գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների ու 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների տնօրեններին (գլխավոր տնօրեն, գործադիր տնօրեն) և վերջիններիս տեղակալներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների, 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում գլխավոր վարչության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում գլխավոր վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում գլխավոր վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում գլխավոր վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գլխավոր վարչության աշխատողների թիվը.

ժդ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ և դասային կոչումներ.

ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գլխավոր վարչության պետի բացակայության դեպքում, վերջինիս հանձնարարությամբ, նրա պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

14. Գլխավոր վարչության պետի տեղակալը՝

ա) համակարգում է գլխավոր վարչության համակարգի աշխատանքները՝ գլխավոր վարչությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է գլխավոր վարչության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) գլխավոր վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրեն հանձնարարված բնագավառներում՝ գլխավոր վարչության համակարգի մարմիններին տալիս է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.

դ) գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է գլխավոր վարչության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում գլխավոր վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար գլխավոր վարչության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում գլխավոր վարչության պետի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում գլխավոր վարչության պետին.

ժ) գլխավոր վարչության պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Գլխավոր վարչության պետը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխում:

16. Գլխավոր վարչության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գլխավոր վարչությունն ունի արտաբյուջետային հաշիվ, որում միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IV. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Գլխավոր վարչության աշխատակազմի նպատակը և խնդիրը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ գլխավոր վարչությանը (այդ թվում՝ նաև նրա կազմում գործող տեսչությանը) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին գլխավոր վարչության մասնակցության ապահովումը:

18. Գլխավոր վարչության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Գլխավոր վարչության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Գլխավոր վարչության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Գլխավոր վարչության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Գլխավոր վարչության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Գլխավոր վարչության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Գլխավոր վարչության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Գլխավոր վարչության աշխատակազմն իր ֆինանսական գործառույթներն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

25. Գլխավոր վարչության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև գլխավոր վարչության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

26. Գլխավոր վարչության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

27. Գլխավոր վարչության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ:

28. Գլխավոր վարչության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան:

 

V. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

29. Գլխավոր վարչության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր վարչության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

30. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու գլխավոր վարչության աշխատակազմի գույքը:

31. Գլխավոր վարչության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

32. Գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են կառուցվածքային ստորաբաժանումներ (քարտուղարություն, վարչություններ, բաժիններ):

33. Գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է գլխավոր վարչության պետը:

 

VII. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

34. Գլխավոր վարչության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և գլխավոր վարչության պետը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Գլխավոր վարչության աշխատակազմը ղեկավարում է գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը.

35. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է գլխավոր վարչության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է գլխավոր վարչության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է գլխավոր վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

36. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, գլխավոր վարչության պետի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է գլխավոր վարչության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, գլխավոր վարչության պետի հրամանների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

37. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

38. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, գլխավոր վարչության պետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները և հրահանգները:

39. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

40. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է գլխավոր վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

է) գլխավոր վարչության պետի հաստատմանն է ներկայացնում գլխավոր վարչության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է գլխավոր վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, գլխավոր վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) գլխավոր վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ գլխավոր վարչության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է գլխավոր վարչության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է գլխավոր վարչությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է գլխավոր վարչության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) գլխավոր վարչության պետի ստորագրությանն է ներկայացնում գլխավոր վարչության պետի հրամանները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է գլխավոր վարչությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

41. Գլխավոր վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է գլխավոր վարչության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

42. Գլխավոր վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, գլխավոր վարչության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

43. Գլխավոր վարչության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ ու հայտարարագրեր:

44. Գլխավոր վարչության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

45. Գլխավոր վարչության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 202-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Քարտուղարություն

 

Թռիչքների անվտանգության տեսչական վարչություն

 

Թռիչքային ստանդարտների վարչություն

 

Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն

 

Օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն

 

Իրավաբանական բաժին

 

Հաշվապահական հաշվառման բաժին

 

Ավիացիոն անվտանգության բաժին

 

Առաջին բաժին

(Հվելված 2-ը խմբ. 18.11.04 N 1611-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 202-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

NN
ը/կ

Հիմնական միջոցի
անվանումը

Սկզբնական արժեքը
(հազ. դրամ)

Մնացորդային  արժեքը
2002 թ. հոկտեմբերի 1-ի
դրությամբ
(հազ. դրամ)

1.

Շենքեր և շինություններ

   

2.

Մեքենաներ և սարքավորումներ

77725.5

4637.9

3.

Ավտոտրանսպորտային միջոցներ

   

4.

Փոխանցվող հարմարանքներ

   

5.

Արտադրական և տնտեսական գույք

3816.9

21.9

6.

Գրծիքներ

   

7.

Այլ հիմնական միջոցներ

   

Ընդամենը

81542.4

4659.9 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան