Գլխավոր տեղեկություն
Номер
N 71
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.11.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.11.01/27(204)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
29.09.2005
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
29.09.2005
Дата вступления в силу
11.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N  71

 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258 ՀՈԴՎԱԾԻ («ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ») ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկան, արձանագրում է, որ խուլիգանությունը շարունակում է մնալ որպես հասարակական կարգի, քաղաքացիների անդորրը խաթարող վտանգավոր և տարածված հանցագործություն, որը հաճախ հանգեցնում է այլ` ավելի ծանր հանցագործությունների կատարմանը: ՀՀ դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում վերոհիշյալ հոդվածի դրույթները։

Այնուհանդերձ, դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ նշված հոդվածը մեկնաբանվում է տարաբնույթ ձևով։

Շատ դատարաններ պատշաճ պահանջկոտություն չեն ցուցաբերում խուլիգանության գործերով հետաքննության և նախաքննության որակի նկատմամբ, ինչը հանգեցնում է չհիմնավորված դատավճիռների կայացման:

Այդ հանցագործությունների որակման ընթացքում հաճախ թույլ են տրվում սխալներ, որոնք մեծ մասամբ կապված են խուլիգանությունը այլ հանցագործություններից ճիշտ տարանջատելու բարդության հետ:

Թույլ տրված թերությունները վերացնելու և խուլիգանության գործերով դատական միասնական պրակտիկա ձևավորելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Խուլիգանության վերաբերյալ գործը դատական քննության նշանակելու հարցի լուծման ընթացքում հարկ է մանրակրկիտ ստուգել, արդյոք լրիվ է իրականացվել հետաքննությունը կամ նախաքննությունը, և առանց համապատասխան արձագանքի չթողնել օրենքի էական խախտման փաստերը, որոնք թույլ են տրվել գործի նախնական քննության ընթացքում: Դատական քննության ընթացքում անհրաժեշտ է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն ուսումնասիրել մեղադրանքի յուրաքանչյուր դրվագը:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով` խուլիգանական գործողությունների որակման դեպքում, որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշման մեջ, մեղադրական եզրակացությունում և դատավճռում պարտադիր կերպով պետք է արտացոլված լինի, թե մեղադրյալի գործողությունները օբյեկտիվ կողմի հատկապես որ հատկանիշներով է ճանաչվել որպես խուլիգանություն:

Դատարանը իրավասու չէ դատավճռում նշել խուլիգանության այնպիսի որակյալ հատկանիշներ, որոնք որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ չեն մեղսագրվել անձին:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով` մեղադրյալի գործողությունները բացառիկ ցինիզմի առկայության հատկանիշով որակելիս, դատավճռում պարտադիր պետք է նշվի, թե մեղադրյալի կոնկրետ ո՞ր արարքն է դատարանը համարում բացառիկ ցինիզմի դրսևորմամբ կատարված:

Խուլիգանական գործողությունները բացառիկ ցինիզմով զուգորդված դիտելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է գնահատել գործի կոնկրետ հանգամանքները՝ դրանց համակցության մեջ, հաշվի առնելով հանցագործությունների կատարման բնույթը, տեղը և պայմանները:

Բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կարող են ճանաչվել բռնությամբ ուղեկցված այն խուլիգանական գործողությունները, որոնք արտահայտվել են բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերի նկատմամբ դրսևորած ցուցադրական արհամարհանքով, անամոթ, անպարկեշտ վարքագիծ հանդես բերելով, ինչպես օրինակ` հասարակության առջև բնական կարիքները հոգալը, սեքսուալ բնույթի գործողությունների կատարումը, սեռական հարաբերություններ ունենալը, անպարկեշտ ձևով քաղաքացիներին հետապնդելը, հիվանդների, ծերերի, անօգնական վիճակում գտնվող անձանց նկատմամբ ծաղրը և այլն:

3. Խուլիգանական գործողությունները, որոնք զուգորդվել են իշխանության ներկայացուցիչներին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով՝ լրիվ կերպով ներառված են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում:

Խուլիգանական գործողությունները խափանող անձին ցույց տրված դիմադրությունը չի ներառվում խուլիգանության հանցակազմի մեջ միայն այն դեպքերում, երբ դրա ընթացքում գործադրված բռնության արդյունքում մեղադրյալի կողմից կատարվում է ևս մեկ այլ` ավելի ծանր հանցագործություն: Այս դեպքում նշված հանցագործությունը ենթակա է որակման` խուլիգանության հետ համակցությամբ:

Խուլիգանական գործողությունների ավարտից հետո ցույց տրված դիմադրությունը, մասնավորապես, երբ այն կապված է հանցավորի ձերբակալման հետ, չպետք է դիտել որպես խուլիգանությունը որակյալ դարձնող հանգամանք և ենթակա է որակման` խուլիգանության հետ համակցությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով պետք է որակվեն այն խուլիգանական գործողությունները, որոնք կատարվել են նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից:

4. Խուլիգանության գործողությունների կատարման ընթացքում հրազենի, սառը զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրումը հիմք է հանդիսանում հանցագործությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որակելու համար ոչ միայն այն դեպքերում, երբ մեղադրյալը դրանց օգնությամբ հասցնում է կամ փորձում է հասցնել մարմնական վնասվածքներ, այլև այն դեպքերում, երբ խուլիգանական գործողությունների ընթացքում նշված առարկաների օգտագործումը քաղաքացիների կյանքի և առողջության համար ստեղծում է իրական սպառնալիք:

5. Զենք պետք է համարել զենքի բուլոր տեսակները (հրազեն, սառը զենք և այլն)՝ համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենքի: Որպես զենք կարող է օգտագործվել նաև` ինչպես տնտեսական-կենցաղային նշանակության ցանկացած առարկա, այնպես էլ առարկաներ, որոնք կարող են օգտագործվել նշանակետը խոցելու կամ ազդանշան արձակելու նպատակով և որոնց օգտագործումը քաղաքացիների կյանքի և առողջության համար վտանգ է ներկայացնում՝ անկախ այն հանգամանքից, թե որպես զենք ճանաչված և մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով գործադրված առարկան մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված է, թե՞ ոչ, հանցավորի կողմից այն վերցվել է նախօրոք, թե՝ հենց դեպքի վայրից:

6. Դատարանները պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրեն խուլիգանական գործողությունների կատարման ընթացքում զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրման հետ կապված հանգամանքները` նկատի ունենալով, որ որոշակի դեպքերում, մեղադրյալների գործողություններում կարող են պարունակվել առավել ծանր հանցագործությունների հատկանիշներ, օրինակ` սպանության փորձ և այլն:

7. Անձի կողմից տարբեր ժամանակներում երկու և ավելի հանցագործությունների կատարման դեպքում, որոնց համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր մասերով, մեղադրյալի արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, կամ նշված հոդվածի 4-րդ կետով:

8. Դատարանները պետք է հստակ սահմանազատեն խուլիգանությունը այլ հանցագործություններից` կախված մեղադրյալի կողմից կատարված արարքների դիտավորության բովանդակությունից և ուղղվածությունից, շարժառիթներից, նպատակներից և հանգամանքներից:

Ընտանիքում, բնակարանում, ազգականներին, ծանոթներին անձնական վատ հարաբերություններով և տուժողների սխալ գործողություններով պայմանավորված` վիրավորանքներ, թեթև կամ նվազ ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելը և նմանատիպ այլ գործողությունները պետք է որակվեն ՀՀ քրեական օրենսգրքի՝ անձի դեմ կատարված հանցագործության համար պատասխանատվություն նախատեսող հոդվածներով: Սակայն, այն դեպքում, երբ այդ գործողությունները զուգորդվել են մեղադրյալի կողմից հասարակական կարգի ակնհայտ կոպիտ խախտմամբ և արտահայտել են հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, դրանք պետք է որակվեն որպես խուլիգանություն:

9. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պետք է որակել այն խուլիգանական գործողությունները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Մի խումբ անձանց կողմից կատարված են համարվում այն խուլիգանական գործողությունները, որոնք կատարվել են երկու կամ ավելի թվով անձանց կողմից: Խուլիգանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը կատարելու մասին: Խուլիգանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչև հանցագործությունը սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

Խուլիգանությունը պետք է համարել կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հացագործություններ կատարելու համար:

10. Հաշվի առնելով, որ խուլիգանական գործողությունները հաճախ կատարվում են ալկոհոլի, թմրանյութի կամ այլ թմրեցնող նյութերի ազդեցության տակ, դատարանները յուրաքանչյուր նման դեպքում հանցանքը նշված վիճակում կատարելը պետք է ծանրացնող հանգամանք համարեն միայն այն դեպքում, երբ ալկոհոլի, թմրամիջոցի կամ այլ թմրեցնող նյութի ազդեցությունը հանդիսացել է հանցանքը կատարելուն նպաստող պայման:

 

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ՝

Հ. Մանուկյան


29 սեպտեմբերի, 2005 թ.
ք. Երևան