«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 50204026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
18 դեկտեմբերի 2003 թ. ք. Արարատ |
N 241-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 20-ի N 890-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 953-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի գործավարության կարգը` համաձայն հավելվածի:
Մարզպետ՝ |
Ա. Սարգսյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) գործավարության կարգը:
2. Մարզպետարանի գործավարության կազմակերպումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):
3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՈՒ ՇԱՐԺԸ
5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն)` ապարատածրագրային միջոցներով զուգահեռ նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից:
«Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելիության` փաստաթղթերին կցելով այն ծրարները, որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
8. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
9. Փաստաթղթի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հաստատել է փաստաթուղթը` համապատասխան ստորագրություններով:
10. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
Գաղտնիք պարունակող փաստաթղթերից օգտվելու թույլտվությունը տալիս է մարզպետը, մարզպետի տեղակալները կամ աշխատակազմի ղեկավարը:
11. Մարզպետարան և Արարատի մարզպետին (այսուհետ` մարզպետ) հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները, մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին` մարզպետին ներկայացնելու համար: Մարզպետի անմիջական ցուցում պահանջող գրությունները նրա հանձնարարականով և քարտուղարության միջոցով ուղարկվում են մարզպետի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին կամ ստորաբաժանումների ղեկավարներին:
12. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են աշխատակազմի ղեկավարին:
Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:
Հեռապատճենային և էլեկտրոնային կապի միջոցով ստացված փաստաթղթերը ուղարկվում են քարտուղարություն` մուտքագրման համար: Հրատապ պատասխան պահանջող հեռագրի ստացման դեպքում աշխատակազմի ղեկավարը ստացված փաստաթղթի պատճենը հանձնում է մարզպետին կամ մարզպետի համապատասխան տեղակալին, կամ մակագրվում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին` մինչև քարտուղարությունում բնօրինակի մուտքագրումը:
13. Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվական բնույթի փաստաթղթերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:
14. Կառուցվածքային ստորաբաժանման աշխատողը (այսուհետ` աշխատակազմի աշխատող) քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը, այն գրանցում է մատյանում, ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունն ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ:
15. Եթե հանձնարարականում նշված է մեկից ավելի ստորաբաժանում, ապա պատասխանատու է այն ստորաբաժանումը, որն առաջինն է նշված մակագրման մեջ: Նրան իրավունք է վերապահվում հրավիրել կատարող մասնակիցներին, որոնք հավասարաչափ պատասխանատու են փաստաթղթի պատշաճ կատարման համար: Արդյունքները ամփոփում և ներկայացնում է հանձնարարականում առաջինը նշված ստորաբաժանումը` մյուսների նշագրումներով:
Հանձնարարությունը համարվում է կատարված առաջադրված հարցերի լուծումից և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին պատշաճ ձևով պատասխանելուց հետո: Միջանկյալ պատասխանը հիմք չի հանդիսանում փաստաթուղթը կատարված համարելու համար:
16. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի «Գործին» մակագրությունը:
17. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:
Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում որևէ նշում կատարել:
18. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
19. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի քննարկմանը ենթակա հարցերի վերաբերյալ գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար`
լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր մինչև 5 օր,
լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր:
20. Արարատի մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերի նախապատրաստման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող նախագծեր մինչև 7 օր,
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող նախագծեր` մինչև 15 օր:
21. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի որոշումներն ու կարգադրություններն աշխատակազմի քարտուղարությունից դուրս տրվում են միայն աշխատակազմի քարտուղարություն վերադարձնելու պայմանով: Աշխատակազմի քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:
III. ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ
22. Մարզպետի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը կազմում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները` ղեկավարության հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ:
Նախագծերի առաջին էջի վերևի աջ անկյունում գրվում է «ՆԱԽԱԳԻԾ» բառը:
23. Մարզպետի որոշումների, կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը խմբագրվում են քարտուղարությունում:
Որոշումները, կարգադրությունները և հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա:
Քարտուղարությունը ձևաթղթի վրա տպագրված որոշումների, կարգադրությունների և հրամանների նախագծերը հանձնում է աշխատակազմի ղեկավարին և մարզպետին` ստորագրության:
24. Որոշումների, կարգադրությունների և հրամանների նախագծերը ստորագրության ներկայացնելուց առաջ նախապես համաձայնեցվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, անհրաժեշտության դեպքում` մարզպետի և աշխատակազմի ղեկավարի տեղակալների հետ` դրանց վրա նշագրում կատարելու ձևով:
25. Քարտուղարության իրավաբան մասնագետը մարզպետի որոշման և կարգադրության, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագծերը նշագրում է դրանք համապատասխանաբար մարզպետի և աշխատակազմի ղեկավարի ստորագրությանը ներկայացնելուց առաջ` հաստատելով դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Արգելվում է նախագիծն առանց նշագրման ղեկավարությանը ներկայացնելը:
26. Մարզպետի որոշումներն ու կարգադրությունները գրանցվում են մարզպետի որոշումների, կարգադրությունների գրանցամատյանում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
Աշխատակազմի ղեկավարի հրամանները գրանցվում են առանձին գրանցամատյանում:
Յուրաքանչյուր տարվա համար որոշումների, կարգադրությունների, հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին որոշումից, կարգադրությունից, հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշումով, կարգադրությունով, հրամանով:
27. Քարտուղարությունը մարզպետի որոշումներն ու կարգադրություններն առաքում է փոստով` համաձայն հասցեաթերթի:
Որոշման յուրաքանչյուր օրինակ կնքվում է մարզպետի կնիքով:
28. Քարտուղարության կողմից կազմակերպություններին և աշխատակազմի աշխատողներին որոշումների և կարգադրությունների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի ցուցումի:
29. Որոշումներում և կարգադրություններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր ցուցումով, և առաքվում` ըստ սկզբնական հասցեաթերթերի:
30. Մարզպետի որոշումների և կարգադրությունների գործերը, որոշումների, կարգադրությունների առաքումից հետո, քարտուղարության կողմից մշակվում են և հանձնվում աշխատակազմի արխիվ` պահպանության:
31. Քարտուղարությունը մարզպետի որոշումները, կարգադրությունները, մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունները և մարզխորհրդի արձանագրություններն ստորագրվելուց հետո, դրանց կրկնօրինակները ուղարկում է համապատասխան պետական մարմիններ և կազմակերպություններ: Կրկնօրինակները կնքվում են մարզպետի կնիքով:
Նշված արձանագրությունները համարակալվում և պահվում են քարտուղարությունում:
IV. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
32. Աշխատակազմում ելից փաստաթղթերն ստորագրվում են մարզպետի, աշխատակազմի ղեկավարի, իսկ նրանց բացակայության դեպքում` համապատասխան տեղակալների կողմից:
33. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` նախագիծը պատրաստող աշխատողի նշագրով:
34. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի թիվը:
35. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը:
36. Նամակի պատասխանը կազմվում է երեք օրինակից: Առաջինն ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդը` կատարողի նշագրումով մնում է քարտուղարությունում, իսկ երրորդը կատարման հիմքերով պահպանվում է համապատասխան ստորաբաժանումում:
37. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից: Ելից համարը դրվում է տեքստի վերջում:
38. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կառավարություն և օտարերկրյա պետություններ ուղարկվող նամակները, որոնք ստորագրվում են ՀՀ Արարատի մարզպետի կողմից, նախքան առաքվելը պետք է նշագրման տրվեն Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:
39. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցանկերը սահմանված կարգով պահվում են քարտուղարությունում:
V. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
40. Մարզպետարանում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
41. Քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների ու բողոքների գծով գործավարությունը մարզպետարանում տարվում է առանձին:
42. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքներն ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:
43. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:
44. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:
45. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:
46. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին կամ նրա տեղակալին:
47. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:
48. Աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները մարզպետի կամ աշխատակազմի ղեկավարի մակագրություններով, վերադարձվում են քարտուղարություն` հասցեատերերին ուղարկելու համար: Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր, տեղեկացվում է դրանց հեղինակներին: Առաջին օրինակը` քարտուղարության պետի ստորագրությամբ, ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը` համապատասխան աշխատողի նշագրով, կցվում է գործին:
49. Ուսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են քարտուղարություն` «Գործին» մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվի նշումով:
50. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:
51. Վերահսկողության վերցված նամակների պատասխանները ենթակա են քարտուղարությունում պարտադիր գրանցման: Այդ դեպքում նամակի վերջին էջի աջ անկյունում դրվում է «Վերահսկողություն» դրոշմոցը:
Պատասխանի պայմանանիշը կազմված է գրանցման պայմանանշանից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը:
Պատասխաններն ուղարկվում են աշխատակազմի այն ստորաբաժանումներ, որոնց վրա դրված է տվյալ նամակի նկատմամբ վերահսկողությունը:
52. Պատասխաններն ուղարկվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կամ աշխատակազմի ղեկավարին զեկուցելու համար, որից հետո փաստաթուղթը սահմանված կարգով հանվում է վերահսկողությունից, և դրա վրա կատարվում է համապատասխան նշում:
53. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:
Նամակների ամբողջ շարժը գրանցվում է քարտուղարությունում և պահպանվում տվյալների շտեմարանում:
VI. ՍՏԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
54. Քարտուղարության աշխատողը ստանալով մարզպետարան հասցեագրված փաստաթուղթը, նրանում արձանագրված կատարման ժամկետների առկայության դեպքում վերցնում է հսկողության փաստաթղթի կամ ուղեկցող նամակի առաջին էջի աջ անկյունում դնելով «Հսկողություն» դրոշմակնիքը:
55. Եթե առաքման ենթակա փաստաթղթի մակագրության մեջ սահմանվել է ժամկետ, ապա հսկողության է վերցվում նշված ժամկետը, իսկ եթե որոշակի ժամկետ չի նշվել, ապա քարտուղարության աշխատողը ինքն է նշում կատարման ժամկետը, ելնելով սույն կարգի 19-րդ կետից:
56. Հսկողության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ քարտուղարությունը կատարող ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում է սահմանված ձևի հիշեցում-տեղեկանք, իսկ կատարման ժամկետը լրանալիս` ահազանգման տեղեկանք:
57. Քարտուղարությունը եռամսյակը մեկ անգամ ստուգում է բոլոր փաստաթղթերի շարժը: Ժամկետանց և չկատարված փաստաթղթերի մասին աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է տեղեկանք:
VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
58. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց՝ գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգում գրանցվում են նաև ֆայլերը։
(58-րդ կետը խմբ. 29.01.07 N 03-Ն)
59. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։
(59-րդ կետը խմբ. 29.01.07 N 03-Ն)
60. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան։
(60-րդ կետը խմբ. 29.01.07 N 03-Ն)
61. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի։
(61-րդ կետը խմբ. 29.01.07 N 03-Ն)
62. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը։
Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:
(62-րդ կետը խմբ. 29.01.07 N 03-Ն)
(հավելվածը խմբ. 29.01.07 N 03-Ն)