Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-675
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.02.2007
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
02.02.2007
Дата вступления в силу
02.02.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1953 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

2 փետրվարի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը`  կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  25 , 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1953 թվականի մարտի 31-ին Նյու Յորքում ստորագրված` Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 1953 թվականի մարտի 31-ին` Նյու Յորքում և ուժի մեջ մտել 1954 թվականի հուլիսի 7-ին: Կոնվենցիային միանալու նպատակը կանանց վիճակի բարելավման և հասարակությունում նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի իրականացումն է:

2. Կոնվենցիան բաց է ՄԱԿ-ի անդամ և հրավիրված ցանկացած պետության համար:

Կոնվենցիան վավերացնող պետության համար այն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին  ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

3. Կոնվենցիայի գործողությունը դադարում է այն օրվանից, երբ Կողմերի քանակը պակասում է վեցից:

Կողմերի միջև վեճերը կարգավորվում են բանակցությունների միջոցով, իսկ հակառակ դեպքում հանձնվում են Միջազգային դատարանի քննությանը:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

ա) իրականացնել կանանց և տղամարդկանց հավասար հիմունքներով բոլոր ընտրություններում քվեարկելու իրավունքը,

բ) կանանց համար ստեղծել պայմաններ ընտրվելու բոլոր հանրորեն ընտրովի մարմիններում` ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ) հնարավորություն տալ կանանց զբաղեցնելու պետական պաշտոններ և կատարելու օրենսդրությամբ սահմանված պետական  գործառույթներ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1953 թվականի մարտի 31-ին Նյու Յորքում ստորագրված` Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


2 փետրվարի 2007 թվականի
ՍԴՈ-675