«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2007 թվականի N 227-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետի գյուղական համայնքի «Թումանյան» կայարանի շենքով (բացառությամբ կայարանի սպասասրահի և օժանդակ սենյակների) և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այնտեղ բնակվողներին անհատույց օտարելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետի գյուղական համայնքին` սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 խմբի 05 ենթախմբով «Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում և սեփականության իրավունքի վկայականների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում Ձորագետի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գույքի զբաղեցրած հողատարածքի սահմանների ու չափերի ճշգրտումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. մարտի 9 |