Գլխավոր տեղեկություն
Номер
N 346-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.04.2004-16.12.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.470
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.06.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.2002
Дата вступления в силу
29.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2002 թվականի N 346-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1.1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները կանոնակարգելու նպատակով`

ա) մշակել և մինչև 2002 թվականի հունիսի 11-ը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել 2003 թվականի բյուջեների նախագծերի կազմման մեթոդական ցուցումները, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի ձևերը և դրանք ներկայացնելու կարգը,

բ) մշակել և մինչև 2002 թվականի հունիսի 11-ը պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմիններին տրամադրել պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2003-2005 թվականների պետական բյուջեների նախագծերով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների կանխատեսումների կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները,

գ) մինչև 2002 թվականի հունիսի 11-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության հետ համաձայնեցնելով` սահմանել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի ընդհանուր կառուցվածքը և պետական կառավարման մարմինների կողմից այդ անվանացանկի կազմման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը (կարգի հիմքում դնելով 2002 թվականի համար սահմանված համանման կարգի հիմնադրույթները),

դ) մինչև 2002 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ներկայացնել (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար նշված մարմիններից պահանջվող լրացուցիչ տեղեկատվության ցանկը.

1.2. մինչև 2002 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու հայտ ներկայացրած հայտատուների հետ համաձայնեցնել իրենց գծով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք ծախսերի ֆինանսավորման չափերը` դրանց մասին կազմելով համապատասխան արձանագրություններ, և դրանք 5-օրյա ժամկետում ուղարկել հայտատուներին.

1.3. մինչև 2002 թվականի սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել նախնական տեղեկություններ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերի մասին.

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա) մինչև 2002 թվականի հոկտեմբերի 4-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի բյուջետային ուղերձի նախագիծը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագրի),

բ) մինչև 2002 թվականի հոկտեմբերի 4-ը` 2003 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը,

գ) մինչև 2002 թվականի հոկտեմբերի 11-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային ուղերձի նախագծի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծում առաջարկվող եկամուտների կանխատեսումների հիման վրա մշակված Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ու դրա բացատրագիրը.

1.5. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծում կապիտալ (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների) ծախսերը` աշխատանքների ձեռքբերման գծով, նախատեսել բացառապես`

նոր սկսվող ծրագրերի կամ օբյեկտների գծով` նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությամբ,

նախորդ տարիներին սկսված և 2003 թվականին շարունակվող ծրագրերի կամ օբյեկտների գծով` նախորդ տարիների ընթացքում կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի առկայությամբ:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարներին`

2.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մինչև 2002 թվականի հուլիսի 10-ը` սույն որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն մշակված համապատասխան ճյուղերի (ոլորտների) զարգացման 2003 թվականի հիմնական ուղղությունները,

բ) մինչև 2002 թվականի հուլիսի 16-ը` սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2003-2005 թվականների պետական բյուջեների նախագծերով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների մասին (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով),

գ) մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը` սույն որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց և համակարգի 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (սույն որոշման 20-րդ կետում նշված ոլորտների գծով հայտերը պետք է ներառեն նաև 2003-2005 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը),

դ) մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը` օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների` իրենց համակարգում 2003-2005 թվականների օգտագործման մասին կանխատեսումները,

ե) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 5-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2003 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության զեկույցի` իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում),

զ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 15-ը` 2003 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկություն (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով).

2.2. մինչև 2002 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ համատեղ` մինչև 2002 թվականի հուլիսի 16-ը` Հայաստանի Հանրապետության 2003-2005 թվականների պետական բյուջեների ընթացիկ եկամուտների գծով («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասակարգմամբ) բյուջետային մուտքերի կանխատեսումները` համապատասխան հիմնավորումներով,

բ) մինչև 2002 թվականի հունիսի 16-ը` «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2001 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի մուծված բնապահպանական վճարների (ներառյալ մարված ապառքները) գումարների մասին տեղեկատվություն` ըստ դրանց առանձին տեսակների (Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից վերահսկվող վճարների մասով),

գ) մինչև 2002 թվականի հուլիսի 10-ը` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը (սույն որոշման 1.1-ին կետի «դ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան ցանկը ներկայացվելու դեպքում),

դ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 7-ը` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվելիք դոտացիաների «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները (համագործակցելով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ)` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին`

ա) մինչև 2002 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2003-2005 թվականների Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության հիմնական ուղղությունները,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մշակել և մինչև 2002 թվականի հուլիսի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել աղետի գոտու 2003 թվականի վերականգնման տարեկան ծրագրի նախագիծը,

գ) Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ մշակել և մինչև 2002 թվականի հուլիսի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2003 թվականի տարեկան ծրագրի նախագիծը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համաձայնեցնելով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մինչև 2002 թվականի հուլիսի 10-ը` սույն որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն մշակված համապատասխան մարզի (Երևան քաղաքի) սոցիալ-տնտեսական զարգացման 2003 թվականի հիմնական ուղղությունները,

բ) մինչև 2002 թվականի հուլիսի 16-ը` սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2003-2005 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի գումարների մասին (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով),

գ) մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը` սույն որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը,

դ) մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը` սույն որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված` մարզի (Երևան քաղաքի) համայնքներից ստացված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը.

5.2. համագործակցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների հետ` վերջիններիս համակարգին վերաբերող` մարզպետների (Երևանի քաղաքապետի)`

ա) կողմից իրականացվող ծրագրերի գծով և

բ) ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին ներկայացնել աղետի գոտու 2003 թվականի վերականգնման տարեկան ծրագրի նախագիծը` համաձայնեցման համար:

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) մինչև 2002 թվականի հուլիսի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Սևանա լճի վերականգնման 2003 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.

բ) մինչև 2002 թվականի հունիսի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող միջոցառումների ծրագիրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնելու և նրա հետ համաձայնեցնելու կարգը,

գ) մինչև 2002 թվականի հունիսի 16-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները):

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև 2002 թվականի հունիսի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող միջոցառումների ծրագիրը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնելու և նրա հետ համաձայնեցնելու կարգը:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված 2003-2005 թվականների ծախսերի ֆինանսավորման գծով պահանջվող հատկացումների հաշվարկ (կազմակերպությունների կտրվածքով) և առաջարկություններ այդ ծախսերի գծով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծում հատկացումների նախատեսման առաջնահերթության վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`

10.1. մինչև 2002 թվականի հուլիսի 2-ը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնել կոմիտեի իրավասությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության 2003-2005 թվականների պետական բյուջեների ընթացիկ եկամուտների գծով («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասակարգմամբ) կանխատեսումները` համապատասխան հիմնավորումներով.

10.2. մինչև 2002 թվականի հունիսի 16-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2001 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի մուծված բնապահպանական վճարների (ներառյալ մարված ապառքները) գումարների մասին տեղեկատվություն` ըստ դրանց առանձին տեսակների (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից վերահսկվող վճարների մասով).

10.3. մինչև 2002 թվականի հուլիսի 10-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն (սույն որոշման 1.1-ին կետի «դ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան ցանկը ներկայացվելու դեպքում):

11. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին սույն որոշման 1.1-ին կետի «դ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան ցանկը ներկայացվելու դեպքում մինչև 2002 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը:

12. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահին, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մինչև 2002 թվականի հուլիսի 16-ը` սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2003-2005 թվականների պետական բյուջեների նախագծերով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների մասին (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով),

բ) մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը` սույն որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման իրենց (համակարգ ունեցող մարմինները` նաև համակարգի) հայտերը,

գ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 15-ը` 2003 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկություն (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով):

13. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մինչև 2002 թվականի հուլիսի 16-ը` սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2003-2005 թվականների պետական բյուջեների նախագծերով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների մասին (խորհրդին վերապահված իրավասության մասով),

բ) մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը` սույն որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը` ըստ յուրաքանչյուր դատարանի,

գ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 15-ը` 2003 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկություն (խորհրդին վերապահված իրավասության մասով):

14. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`

ա) մինչև 2002 թվականի հուլիսի 16-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված կանխատեսումները պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2003-2005 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի մասին (իրեն վերապահված իրավասության մասով).

բ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագծում ներառելու համար մինչև 2002 թվականի սեպտեմբերի 6-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2003-2005 թվականների կապիտալ ներդրումների ծրագրի ու ծախսերի նախահաշիվների նախագծերը (համապատասխան հիմնավորումներով):

15. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահին` մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կանխատեսումներ 2003-2005 թվականների ընթացքում օտարերկրյա պետությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք դրամաշնորհների (այդ թվում` նաև մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում), դրանց աղբյուրների ու ծավալների վերաբերյալ:

16. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2003 թվականի բյուջեների նախագծերը (ըստ եկամտային և ծախսային բոլոր հոդվածների), դրանց կազմման բացատրագրերը (ներառյալ 2003 թվականի համար ծրագրավորվող ցուցանիշների համեմատական վերլուծությունը` 2001 թվականի փաստացի և 2002 թվականի սպասվելիք ցուցանիշների նկատմամբ):

17. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկը կազմելու, ինչպես նաև պետության և համայնքների 2003 թվականի կարիքների համար ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների գնումների գործընթացի նախապատրաստմանն աջակցելու նպատակով`

ա) համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններից ստացվող հարցումների` այդ մարմիններին տրամադրել նրանց կողմից 2003 թվականին գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերը կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն.

բ) իրեն վերապահված իրավասության սահմաններում ստուգել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններից ստացվող` 2003 թվականի բյուջետային տարում այդ մարմինների կարիքները բավարարելու համար գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերի (ներառյալ դրանց տեխնիկական բնութագրերը) կազմման ճշտությունը և իր դիտողություններն ու առաջարկությունները, համապատասխան անվանացանկն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում հայտնել անվանացանկ ներկայացրած համապատասխան մարմիններին.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից ստուգված և վավերացված` 2003 թվականի բյուջետային տարում գնվելիք ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների անվանացանկերը տրամադրել դրանք նշված վարչություն ներկայացրած Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությանը:

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետին`

ա) բյուջետային հայտերի կազմման աշխատանքների շրջանակներում պետական գնումների հաշվարկներում կիրառվող գների և սակագների միասնական հիմքի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններից ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների (համապատասխան տեխնիկական բնութագրերով) ցանկերն ստանալով` 10 օրվա ընթացքում այդ մարմիններին տրամադրել տեղեկատվություն նշված ցանկերում ներառված ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների 2003 թվականի կողմնորոշիչ գների մասին: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմիններին տրամադրվող` միանման բնութագրեր ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների կողմնորոշիչ գները չեն կարող միմյանցից տարբերվել.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված կողմնորոշիչ գների մակարդակը որոշելիս հիմք ընդունել`

այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց ձեռքբերման համար 2002 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կողմից կնքվել են գնման պայմանագրեր` այդ պայմանագրերով նախատեսված գները և սակագները: 2003 թվականին գործող պայմանագրերի առկայության դեպքում նշվում են այդ պայմանագրերով 2003 թվականի համար նախատեսված գները, իսկ մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում` համանման բնութագրեր ունեցող պայմանագրերից, ժամանակագրական առումով, վերջին պայմանագրով նախատեսված գները,

այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց ձեռքբերման համար 2002 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կողմից պետական գնումների պայմանագրեր չեն կնքվել կամ այդ պայմանագրերում հստակ գներ նախատեսված չեն` գնանշման հարցման միջոցով ստացված գները: Գնանշման հարցումը կատարվում է գործակալության կողմից առնվազն 3 կազմակերպությունից հարցման միջոցով, և հիմք է ընդունվում հարցումների արդյունքում ստացված գների միջին թվաբանականը: Հարցումը, ի լրումն պահանջվող այլ տեղեկությունների, պետք է պարունակի նաև տեղեկություններ 2003 թվականի ընթացքում կատարվելիք գնումների, ինչպես նաև գնման առարկայի մատակարարման պայմանների փոփոխությամբ պայմանավորված առաջարկվող գների փոփոխության մասին:

19. Առաջարկել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահին մինչև 2002 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի գործունեության 2003 թվականի պետական նպատակային տարեկան ծրագիրը` այն Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար:

20. Սահմանել, որ կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և ջրային տնտեսության բնագավառների համար 2003 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում կազմվում են 2003-2005 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրեր (այսուհետ` ՄԺԾ) և այդ կապակցությամբ`

20.1. 2003-2005 թվականների, ինչպես նաև առաջիկա տարում` 2004-2006 թվականների ՄԺԾ-ի մշակման գործընթացը վերահսկելու և ռազմավարական որոշումներ ընդունելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ՄԺԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի.

20.2. 2003-2005 թվականների, ինչպես նաև առաջիկա տարում` 2004-2006 թվականների ՄԺԾ-ի մշակման աշխատանքների համակարգումն ապահովելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ՄԺԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի.

20.3. սույն որոշման N 2 հավելվածում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ՄԺԾ-ի մշակման աշխատանքները համակարգող խմբում իրենց ներկայացուցչի (նախարարի տեղակալի, նախագահի տեղակալի) թեկնածությունը.

20.4. լիազորել ՄԺԾ-ի մշակման աշխատանքները համակարգող խմբին իր որոշմամբ ստեղծել իրեն հաշվետու ճյուղային ՄԺԾ-ների մշակման միջգերատեսչական խմբեր` կազմված համապատասխան ճյուղում պետական կառավարում իրականացնող մարմնի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներից.

20.5. սահմանել, որ ճյուղային ՄԺԾ-ների մշակման յուրաքանչյուր միջգերատեսչական խմբի անհատական կազմը սահմանվում է տվյալ խմբում ներկայացվող համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համատեղ հրամաններով, ընդ որում, յուրաքանչյուր միջգերատեսչական խմբի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը.

(20.5 կետը խմբ. 16.07.02 N 439-Ն)

20.6. սահմանել Հայաստանի Հանրապետությունում ՄԺԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի, ՄԺԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի և ճյուղային ՄԺԾ-ների մշակման միջգերատեսչական խմբերի հիմնական գործառույթները` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. հունիսի 7
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2002 թվականի
հունիսի 7-ի N 346-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ սոցիալական ապահովության նախարար

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ պետական եկամուտների նախարար

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

 

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ

 

Գ. Մինասյան

- ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով)

 

 

Գ. Մխեյան

- ՕԵԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով)

 

 

Հ. Կարապետյան

- ՀՅԴ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար (համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով)

 

(Կազմը լրաց. 16.07.02 N 439-Ն, 04.03.04 N 106-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2002 թվականի
հունիսի 7-ի N 346-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԻ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ` (խմբի ղեկավար)

 

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Նվիրատու կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2002 թվականի
հունիսի 7-ի N 346-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ (ՄԺԾ) ՄՇԱԿՄԱՆ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. ՄԺԾ-Ի ՄՇԱԿՄԱՆ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՄԺԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը (այսուհետ` բարձրագույն խորհուրդ)`

ա) ապահովում է ՄԺԾ-ի նախագծման և իրագործման ամբողջ ընթացքում ռազմավարական վերահսկումը և ղեկավարումը,

բ) հաստատում է 2003-2005 թվականների ՄԺԾ-ի աշխատանքային ծրագիրը և ժամանակացույցը, ինչպես նաև հետագա տարիներին` ՄԺԾ-ի արդիականացման աշխատանքային ծրագրերը,

գ) նպաստում է ՄԺԾ-ի և առանձին ոլորտների ռազմավարությունների ներգրավմանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքականության մշակման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրավորման գործընթացներում,

դ) որոշում է ՄԺԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի հաշվետվությունների բովանդակությունն ու հաճախականությունը, որոնց միջոցով բարձրագույն խորհուրդը վերահսկելու է ՄԺԾ-ի մշակման ամբողջ գործընթացը:

Բարձրագույն խորհրդի նիստերը, որպես կանոն, գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

 

2. ՄԺԾ-Ի ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԽՈՒՄԲ

 

ՄԺԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը (այսուհետ` համակարգող խումբ)`

ա) իրականացնում է ՄԺԾ-ի և առանձին ոլորտների քաղաքականության մշակման աշխատանքների ընթացիկ կազմակերպումը, վերահսկումն ու ղեկավարումը,

բ) նպաստում է ՄԺԾ-ի ներգրավմանը քաղաքականության մշակման և բյուջետային ծրագրավորման ընթացակարգերում`

գ) վերանայում և բարձրագույն խորհուրդ է ներկայացնում ՄԺԾ-ների մշակման աշխատանքային ծրագրերն ու ժամանակացույցերը,

դ) վերահսկում է ճյուղային ՄԺԾ-ների մշակման միջգերատեսչական խմբերի կողմից կատարված աշխատանքների առաջընթացն ու արդյունքները` դրանք համեմատելով համաձայնեցված ծրագրերի պահանջների հետ, և առաջընթացի մասին զեկուցում բարձրագույն խորհրդին` նշելով այն առանձնահատուկ խնդիրները, որոնց վերաբերյալ պահանջվում են բարձրագույն խորհրդի որոշումներ և (կամ) ուղեցույց,

ե) ուսումնասիրում է բյուջետային գործընթացում ՄԺԾ-ների արմատավորմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կազմման ներկայիս գործընթացում փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները: Համակարգող խումբը համապատասխան առաջարկություններ է ներկայացնում բարձրագույն խորհուրդ,

զ) լուծում է ճյուղային ՄԺԾ-ների մշակման միջգերատեսչական խմբի կողմից նշված տեխնիկական և (կամ) իրագործման ցանկացած խնդիր:

Համակարգող խմբի նիստերը գումարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` սկսած 2002 թվականի հունիսից:

 

3. ՃՅՈՒՂԱՅԻՆ ՄԺԾ-ՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՒՄԲ

 

Ճյուղային ՄԺԾ-ների մշակման միջգերատեսչական խումբը (այսուհետ` միջգերատեսչական խումբ)`

ա) ակտիվորեն աջակցում է ճյուղային ՄԺԾ-ների մշակման խնդրի բնորոշմանն ու առաջարկում գործնական լուծումներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջնաժամկետ ծրագրավորման հարցում միջազգային փորձի լավագույն օրինակներին համապատասխան,

բ) մշակում և համակարգող խմբի հաստատմանն է ներկայացնում`

2003-2005 թվականների ՄԺԾ-ի մշակման մանրակրկիտ աշխատանքային ծրագիրը (ներառյալ ժամկետները, արդյունքները և հիմնական փուլերը) և ապահովում է դրանց հետագա ամենամյա արդիականացումը,

ՄԺԾ-ի մշակման յուրաքանչյուր աշխատանքային ուղղության մանրամասնեցված աշխատանքային ծրագիրը,

ՄԺԾ-ների մշակման աշխատանքներում ներգրավված մասնագետների վերապատրաստման անհրաժեշտության գնահատումը և այդ գնահատմանը համապատասխան` վերապատրաստման ծրագիրը,

գ) համակարգող խմբին զեկուցում է ՄԺԾ-ի մշակման աշխատանքներում առաջընթացի մասին` մատնանշելով այն խնդիրները (այդ թվում` տեխնիկական բնույթի), որոնց վերաբերյալ պահանջվում է համակարգող խմբի կամ բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան որոշումների ընդունում,

դ) մշակում է ՄԺԾ-ների մշակման աշխատանքներում ներգրավված մասնագետների վերապատրաստման համապատասխան միջոցներ, փորձարկում դրանք և անհրաժեշտության դեպքում որոշում, թե ինչպիսի լրացուցիչ վերապատրաստման կամ կարողությունների զարգացման նախաձեռնություններ կարող են պահանջվել` բյուջետային գործընթացի և քաղաքականության մշակման կարողությունների զարգացման առումով,

ե) համակարգում է միջգերատեսչական խմբում ներկայացված պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող ՄԺԾ-ի մշակման աշխատանքները,

զ) յուրաքանչյուր տարվա վերջին իրագործում է աշխատանքային ծրագրերով նախատեսված և գործնականում իրականացված միջոցառումների համեմատություն` հաջորդ տարվա ծրագրավորման տեղեկատվական ապահովման նպատակով և արդյունքների մասին զեկուցում է համակարգող խմբին:

Միջգերատեսչական խմբի նիստերը գումարվում են յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` սկսած 2002 թվականի հունիսից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան