Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕՈՒՈՒՈ-1
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.1999-01.08.1999)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.06.27/15
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.06.1997
Дата вступления в силу
27.06.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների սահմանման վերաբերյալ օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարներ և հաստատել դրանց հաշվարկման ու վճարման կարգը (կցվում է):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարներ և հաստատել դրանց հաշվարկման ու վճարման կարգը (կցվում է):

3. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան հաստատագրված վճար վճարողները ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման գծով ապրանքների (շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների) դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն ավելացնում են ապրանքների ձեռքբերման արժեքին (շրջանառության ծախքերին).

բ) սույն որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան հաստատագրված վճար վճարողները Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափը և գումարը չեն նշվում: Հարկի գումարի առանձնացման դեպքում ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում սահմանված կարգով` անկախ հաստատագրված վճարների վճարումից.

գ) սույն որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան հաստատագրված վճար վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման և արտադրության մասով կասեցվում են մաքսատուրքի և (կամ) ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները.

դ) Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

(3-րդ կետը լրաց. 14.11.97 ՀՕՈ-2)

4. Սույն որոշման կիրառման վերաբերյալ համապատասխան գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

(կետը համարվել է 4-րդ  14.11.97 ՀՕՈ-2)

5. Սույն որոշման առաջին կետն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 27-ից, իսկ երկրորդ կետը` 1997 թվականի հուլիսի 1-ից:

(կետը համարվել է 5-րդ 14.11.97 ՀՕՈ-2)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
26 հունիսի 1997 թ.
ՀՕՈՒՈՒՈ-1

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՀՕՈՒՈՒՈ-1 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՈՒ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների (այսուհետև` հաստատագրված վճար) չափը, դրանց հաշվարկման և վճարման կարգը:

2. Հաստատագրված վճար վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցներն ու ֆիզիկական անձինք:

3. Ֆիզիկական անձանց կողմից ծխախոտի արտադրանքի ներմուծման դեպքում հաստատագրված վճարը գանձվում է 400 հատը, իսկ սիգարների ներմուծման դեպքում` 10 հատը գերազանցող մասի համար:

(3-րդ կետը փոփ. 29.12.98 ՀՕՈ-2)

4. Հաստատագրված վճարի չափը կախված չէ ծխախոտի արտադրանքի մաքսային արժեքից և վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: 

5. Հաստատագրված վճարների չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`

 

Ապրանքի ծածկագիրն
ըստ արտաքին տնտեսական
գործունեության
անվանացանկի

Ապրանքի անվանումը

Հաստատագրված
վճարի չափը (ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ)

2402 10 001
2402 10 009
2402 20 900
2402 20 910

սիգարներ
սիգարելաներ
սիգարետներ` ֆիլտրով
սիգարետներ` առանց ֆիլտրի

1000
6.0
4.3
2.2

 

(5-րդ կետը խմբ. 29.12.98 ՀՕՈ-2)

6. Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` ներմուծման օրվանից 10-օրյա ժամկետում:

7. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով և (կամ) արտարժույթով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:

8. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 15 տոկոս, իսկ մաքսատուրքի հաշվարկային մեծությունը` 8,5 տոկոս:

9. Հաստատագրված վճար վճարողները ծխախոտի արտադրանքի ներմուծման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում: Հաստատագրված վճար վճարողները գործունեության այդ մասով հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հարկեր, ինչպես նաև գործունեության այլ տեսակների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարներ:

10. Հաստատագրված վճար վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

11. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինները:

12. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(կարգը փոփ., խմբ. 29.12.98 ՀՕՈ-2)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 26-ի ՀՕՈՒՈՒՈ-1 ոՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների (այսուհետև` հաստատագրված վճար) չափը, դրանց հաշվարկման ու վճարման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտի արտադրանքի վրա:

3. Հաստատագրված վճար վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները և ֆիզիկական անձինք:

4. Հաստատագրված վճարի չափը կախված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

5. Հաստատագրված վճարների չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`

ա) ֆիլտրով սիգարետների համար` 1900 դրամ,

բ) առանց ֆիլտրի սիգարետների համար` 800 դրամ:

(5-րդ կետը փոփ. 29.12.98 ՀՕՈ-2)

6. Հաստատագրված վճարը վճարվում է ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 25-ը:

Հաստատագրված վճար վճարողները սույն կետում նշված ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված ձևով: 

(6-րդ կետը լրաց. 29.12.98 ՀՕՈ-2)

7. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 20 տոկոս:

8. Հաստատագրված վճար վճարողները ծխախոտի արտադրանքի իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում: Հաստատագրված վճար վճարողները գործունեության այդ մասով հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հարկեր, ինչպես նաև գործունեության այլ տեսակների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարներ:

9. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները:

10. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(կարգը փոփ., լրաց. 29.12.98 ՀՕՈ-2)