«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 912-Ա
ԵՐԵՎԱՆԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 9 ՇԵՆՔԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել վերակառուցել Երևանի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքը` ըստ Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նախագծի:
2. Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի հետ, «Մուլտի գրուպ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևանի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքը որպես վարչական և բնակելի նշանակության բազմահարկ շենք վերակառուցելու մասին համապատասխան պայմանագիր` հիմք ընդունելով հետևյալ պայմանները`
ա) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների կատարման ֆինանսավորումն իրականացվելու է «Մուլտի գրուպ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
բ) «Մուլտի գրուպ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա, երեք տարվա ընթացքում իրականացնելու է Երևանի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքի`
Աբովյան փողոցին հարող մասի նկուղային տարածքում գտնվող լողավազանի` որպես սպորտի թանգարանի վերակառուցումը,
շենքի տանիքի վերանորոգումը,
Երևանի Թումանյան փողոցին հարող շենքի, դրան կից շինությունների վերակառուցումը` որպես վարչական և բնակելի նշանակության բազմահարկ շենք:
3. Սահմանել, որ Երևանի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքի` Թումանյան փողոցին հարող մասի` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող սպորտային դահլիճի և վարչական տարածքի, նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում «Մուլտի գրուպ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
4. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել միջոցներ` սույն որոշմամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքները սեղմ ժամկետներում ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|