ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՆԽԱՎՃԱՐ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 մարտի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև նամակ-համաձայնագրում (Կանխավճար ոռոգման համակարգի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման պատրաստման նպատակով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև նամակ-համաձայնագիրը (Կանխավճար ոռոգման համակարգի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման պատրաստման նպատակով) ստորագրվել է 2007 թ. մարտի 9-ին` Երևանում:
Նամակ-համաձայնագրի նպատակը ոռոգման համակարգի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով որոշակի ծախսերի ֆինանսավորումն է, որոնք կբարելավեն Համաշխարհային բանկի «Սկզբնական ոռոգման համակարգի զարգացում» ծրագրի ազդեցությունը ջրի խնայողության, էներգիայի ծախսի նվազեցման առումներով և դրանով կնպաստեն այդ ծրագրի` ոռոգվող գյուղատնտեսության եկամտաբերությունն ու կայունությունն ապահովելու նպատակների ձեռքբերմանը, որի իրականացման համար ստացողը` Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկից խնդրել է ֆինանսական օժանդակություն` ըստ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև իրավական համաձայնության (Ֆինանսավորման համաձայնագիր):
Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 1.000.000 ԱՄՆ դոլար: Այդ Կանխավճարի հաշվին կարող են ֆինանսավորվել միայն Նամակ-համաձայնագրում նախատեսված աշխատանքները, խորհրդատուների ծառայություններն ու ուսուցումը, ինչպես նաև ստորև նշված Գործողությունների իրականացումը:
Ըստ Նամակ-համաձայնագրի` կանխավճարը տրամադրվում է հետևյալ գործողությունների (այսուհետ` Գործողություններ) դիմաց`
- աջակցել Ջուր օգտագործողների ընկերակցությունների (այսուհետ` ՋՕԸ-ներ) աշխատակազմի այն հատվածի վերաուսուցմանը, որն առանցքային է ՋՕԸ-ների արդյունավետությունն ու լավ կառավարումն ապահովելու գործում,
- նախապատրաստել Լրացուցիչ ֆինանսավորման մեջ ընդգրկվելիք երրորդային ջրատարների վերականգնմանն առնչվող նախագծային աշխատանքները կամ վերանայել կամ փոփոխել արդեն գոյություն ունեցող նախագծերը,
- իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնված 51 ՋՕԸ-ների 2006 թ. աուդիտը,
- իրականացնել առավել հրատապ շրջաններում երրորդային ջրատարների վերականգնման սահմանափակ աշխատանքներ:
Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
- Գործողություններն իրականացնել պատշաճ ջանադրությամբ և արդյունավետությամբ,
- ժամանակին ապահովել այդ նպատակի համար պահանջվող դրամական միջոցները, սարքավորումները, ծառայություններն ու անհրաժեշտ այլ միջոցները,
- Համաշխարհային բանկի ողջամիտ պահանջի դեպքում տրամադրել Գործողությունների և դրամաշնորհային միջոցների օգտագործման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը,
- որոշակի պարբերականությամբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել Գործողությունների իրականացման ընթացքն ու արդյունքները,
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Համաշխարհային բանկին հնարավորություն տալով կանխավճարի հետ կապված նպատակներով այցելել Հայաստանի Հանրապետության տարածք,
- ապահովել ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցների համաձայն,
- նորացնել Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ և դրամաշնորհային միջոցների հաշվին գնվելիք ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների Գնումների պլանը` Համաշխարհային բանկի համար ընդունելի ուղեցույցների համաձայն, և նորացված պլանը Համաշխարհային բանկին տրամադրել ոչ ուշ, քան նախորդ Գնումների պլանի ամսաթվից 12 ամիս հետո,
- կանխավճարի մասնահանված և չմարված գումարների համար կիրառել սպասարկման վճար` տարեկան 3/4 տոկոսի չափով,
- մասնահանված կանխավճարի գումարը և սպասարկման վճարը մարել Համաշխարհային բանկին` Նամակ-համաձայնագրով սահմանված պայմաններով և ժամկետներում,
- Համաշխարհային բանկին բոլոր վճարումները կատարել ԱՄՆ դոլարով այն տեղերում և ավանդային հաստատություններում, որոնք կնշվեն Համաշխարհային բանկի կողմից:
Նամակ-համաձայնագրում նախատեսված են նաև Հայաստանի Հանրապետության կողմից Դրամաշնորհային հաշվից մասնահանումներ կատարելու, հաշիվներ վարելու և աուդիտներ իրականացնելու կարգը և պայմանները, ինչպես նաև Դրամաշնորհային հաշվից մասնահանումներ կատարելու Հայաստանի Հանրապետության իրավունքը Համաշխարհային բանկի կողմից կասեցնելու և դադարեցնելու կարգն ու պայմանները:
Նամակ-համաձայնագիրն ունի երկու հավելված` Հավելված I (Գնումներ), Հավելված II (Հատուկ հաշիվ), որոնք դրա բաղկացուցիչ մասն են կազմում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև նամակ-համաձայնագրում (Կանխավճար ոռոգման համակարգի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման պատրաստման նպատակով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|