«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605349
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2005 թ. |
N 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը (Հավելված 1)։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 18-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 13/1-Ն որոշումը:
|
Գ. Ազարյան |
|
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Գ Լ ՈՒ Խ 1
Ընդհանուր դրույթներ
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրական տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում դրա արդյունքները:
2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովը որոշումներ է ընդունում Օրենսգրքով նախատեսված դեպքերում` իր լիազորությունների սահմաններում:
5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են տեղամասային կենտրոնում։
Գ Լ ՈՒ Խ 2
Հանձնաժողովի կազմավորումը եվ առաջին նիստը
6. Հանձնաժողովը կազմավորվում է Օրենսգրքով սահմանված ժամկետներում:
7. Հանձնաժողովի անդամները նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:
8. Հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը՝ ժամը 12-ին:
9. Հանձնաժողովի առաջին նիստը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
10. Հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը վարողը և Հանձնաժողովի քարտուղարը:
11. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 14, իսկ վերաքվեարկություն անցկացվելու դեպքում` վերաքվեարկության օրվանից 14 օր հետո:
(11-րդ կետը խմբ. 01.02.07 N 3-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եվ քարտուղարի ընտրության կարգը
12. Հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը ընտրում են Հանձնաժողովի առաջին նիստում` Հանձնաժողովի անդամների կազմից` երկօրյա ժամկետում:
13. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովի անդամն ինքը կարող է առաջադրել իր թեկնածությունը:
14. Նիստը վարողը գրանցում է Հանձնաժողովի նախագահ առաջադրված թեկնածուների անուն-ազգանունները։
Ինքնաբացարկն ընդունվում է առանց քվեարկության:
15. Գրանցված թեկնածուները պատասխանում են Հանձնաժողովի անդամների հարցերին, կարող են ելույթ ունենալ:
16. Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ կամ ձեռնպահ:
(16-րդ կետը փոփ. 01.02.07 N 3-Ն)
17. Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:
18. Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
19. Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն:
(19-րդ կետը փոփ. 01.02.07 N 3-Ն)
20. Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:
(20-րդ կետը լրաց. 01.02.07 N 3-Ն)
21. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետում և կարգով Հանձնաժողովի նախագահ չընտրելու դեպքում Հանձնաժողովի նախագահին նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ սույն կանոնակարգի 12-րդ կետով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 2 օր հետո՝ համապատասխան հանձնաժողովի կազմից:
(21-րդ կետը փոփ. 01.02.07 N 3-Ն)
22. Հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունն անցկացվում է Հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
Հանձնաժողովի նախագահը
23. Հանձնաժողովի նախագահը.
ա) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) ապահովում է վերադաս ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների կատարումը.
գ) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
դ) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.
ե) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոշումները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.
զ) ելույթների համար՝ ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.
է) զգուշացումներ է անում կանոնակարգը խախտողներին.
ը) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.
թ) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում՝ զրկում խոսքից, նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից.
ժ) կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.
ժա) իրականացնում է Օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ լիազորություններ:
24. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել իր դիմումի համաձայն, որը նրա կողմից ներկայացվում է հանձնաժողովի նիստին: Այն ընդունվում է ի գիտություն:
25. Եթե հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարել են Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու Օրենսգրքով նախատեսված դեպքերում, ապա Հանձնաժողովի նախագահի տեղակալը եռօրյա ժամկետում հրավիրում է արտահերթ նիստ՝ Հանձնաժողովի նախագահի ընտրության համար։
26. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
27. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է Հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն՝ Օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
Հանձնաժողովի նախագահի տեղակալը
28. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
ա) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա բացակայության ընթացքում.
բ) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:
29. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
30. Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարող է պաշտոնանկ արվել Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
Գ Լ ՈՒ Խ 6
Հանձնաժողովի քարտուղարը
31. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը.
բ) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստերի օրվա և ժամի մասին` նիստից առնվազն մեկ օր առաջ.
գ) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը, հրավիրված անձանց ներկայությունը.
դ) վարում է Հանձնաժողովի գործավարության մատյանը, արձանագրում և ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
է) իրականացնում է Օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
32. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:
33. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
34. Հանձնաժողովի քարտուղարը կարող է պաշտոնանկ արվել Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
Գ Լ ՈՒ Խ 7
Հանձնաժողովի անդամը
35. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
ա) նախապես ծանոթանալ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
բ) ելույթներ ունենալ Հանձնաժողովի նիստերում.
գ) Հանձնաժողովի նիստում ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.
դ) Հանձնաժողովի նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ.
է) ծանոթանալ Հանձնաժողովում ստացված փաստաթղթերին.
թ) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.
ժ) ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն։
36. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
ա) կատարել Հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները.
բ) մասնակցել Հանձնաժողովի նիստերին։
37. Հանձնաժողովի անդամը՝
ա) ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում՝ նաև զորակոչից.
բ) համապետական ընտրությունների ժամանակ կարող է կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ.
գ) իր գործունեության ընթացքում կարող է ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունները կատարելուց:
38. Հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են Օրենսգրքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8
Հանձնաժողովի նիստերը, Հանձնաժողովի նիստում հարցեր քննարկելու եվ որոշումներ ընդունելու կարգը
39. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի:
Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ հերթական նիստերն իրավազոր են անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են Հանձնաժողովի նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:
Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:
(39-րդ կետը լրաց. 01.02.07 N 3-Ն)
40. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը:
41. Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցության մասին նշվում է Հանձնաժողովի գործավարության մատյանում: Այդ գրառման տակ ստորագրում են Հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
42. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են:
43. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Կենտրոնական և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:
44. Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել՝
ա) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.
բ) Հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք.
գ) դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները.
դ) յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ:
45. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրվում է՝
ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,
բ) հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում և օրակարգով։
Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի և օրակարգի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան արտահերթ նիստից 2 ժամ առաջ։
46. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ։
47. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստը վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը՝ ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ կամ ձեռնպահ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:
48. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:
49. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը:
(49-րդ կետը լրաց. 01.02.07 N 3-Ն)
50. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թվից:
Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերում որոշումներ ընդունելու վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:
(50-րդ կետը լրաց. 01.02.07 N 3-Ն)
51. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունվելու կամ չընդունվելու մասին:
52. Քվեարկության արդյունքները գրառվում են նիստի արձանագրությունում:
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 01.02.07 N 3-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 44-Ն | |
01.02.2007, N 3-Ն | 11.03.2007, N 44-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|