Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2007-25.11.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հոդ.265
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
19.07.2005
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
19.07.2005
Дата вступления в силу
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605295

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հուլիսի 2005 թ.
ք. Երևան
N 27-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով, 30-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերով, 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը (Հավելված 1):

2. Հաստատել դիտորդների վկայականների ձևերը (Հավելված 2):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. օգոստոսի 28-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 10/8-Ն և «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից միջազգային և տեղական դիտորդներին տրվող վկայականների ձևերը հաստատելու մասին» N 10/9-Ն որոշումները:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 27-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Դիտորդական առաքելություն իրականացնելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքումն է և դրանց հիման վրա ընտրությունների, հանրաքվեի անցկացման վերաբերյալ անկողմնակալ և անկախ եզրակացության կազմումը: Այն իրականացվում է դիտորդների միջոցով՝ պահպանելով չեզոքության, անկողմնակալության և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքները:

2. Հանրապետությունում ընտրությունների և (կամ) հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն՝

1) միջազգային կազմակերպությունները,

2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները,

3) հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

21. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարարկական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պետական մարմինների համապատասխան հրավերի առկայության դեպքում:

(21 կետը լրաց. 01.02.07 N 12-Ն)

3. Եթե հանրաքվեն անցկացվում է Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն, եթե չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:

4. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն նաև Հանրապետությունում գրանցված կուսակցությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրաքվեն անցկացվում է Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների օրը:

5. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները համարվում են միջազգային դիտորդներ, իսկ Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ տեղական դիտորդներ:

 

II. Դիտորդների հավատարմագրման կարգը

 

6. Սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերում նշված կազմակերպությունները և անձինք դիտորդական առաքելություն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

7. Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են ընտրություններ (հանրաքվե) նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ:

8. Հասարակական կազմակերպությունը կամ կուսակցությունը դիմումին կից ներկայացնում է կանոնադրության պատճենը (միայն Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում, իսկ միջազգային կազմակերպությունները համապատասխան հրավերի պատճենը) և դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը՝ նաև էլեկտրոնային կրիչով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմն ուսումնասիրում է սույն կետով սահմանված փաստաթղթերի առկայությունն ու համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ներկայացնում առաջարկություն` կազմակերպությանը հավատարմագրելու վերաբերյալ: Համապետական ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին տրամադրվում է տեղեկատվություն, որը տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվելու մասին դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:

(8-րդ կետը լրաց. 01.02.07 N 12-Ն)

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին հավատարմագրում և համապատասխան վկայականներ է տրամադրում դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո: Հավատարմագրումից հետո հասարակական կազմակերպությունը կամ կուսակցությունը կարող է փոփոխություն (լրացում) կատարել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում: Եթե փոփոխությունը կատարվում է դիտորդի լիազորությունների դադարեցման հիմքով, ապա փոփոխություն կատարելիս դիմումին կից ներկայացվում է նաև լիազորությունները դադարեցրած դիտորդի վկայականը:

(9-րդ կետը լրաց. 10.10.05 N 48-Ն)

10. Միջազգային դիտորդներին տրամադրվում է հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։

11. Տեղական դիտորդների դեպքում, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված՝ դիտորդական առաքելություն իրականացնող անձանց թվին համապատասխան քանակի վկայականներ: Դիտորդի վկայականը լրացվում է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից, կնքվում այդ կազմակերպության կնիքով և ներկայացվում կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կազմակերպության կողմից ներկայացված դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակին համապատասխան, լրացված վկայականը կնքվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով և տրամադրվում համապատասխան կազմակերպությանը:

12. (կետն ուժը կորցրել է 01.02.07 N 12-Ն)

 

III. Դիտորդի իրավունքները եվ պարտականությունները

 

13. Դիտորդն իրավունք ունի՝

1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում, ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում՝ քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար: Եթե տեղամասային կենտրոնում ներկա գտնվող դիտորդական առաքելություն իրականացնող՝ Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների և (կամ) կուսակցությունների թվի մեծությունը կարող է տեխնիկական բարդություններ ստեղծել տեղամասային կենտրոնում քվեարկության և ձայների հաշվման համար, ապա քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում միաժամանակ ազատ կարող է տեղաշարժվել մինչև հինգ տեղական դիտորդ,

2) անարգել ծանոթանալ տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ,

3) ներկա գտնվել տպագրատանը և հետևել քվեաթերթիկների տպագրմանը, իր միջոցներով ուղեկցել քվեաթերթիկներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան,

4) հետևել քվեաթերթիկների՝ ընտրական հանձնաժողովներում պահպանելու, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին,

41) անարգել տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը,

5) հանդիպումներ ունենալ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ընտրողների հետ,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անցկացնել մամլո ասուլիսներ, դիմել զանգվածային լրատվության միջոցներին:

(13-րդ կետը խմբ. 10.10.05 N 48-Ն, լրաց. 01.02.07 N 12-Ն)

14. Հանրաքվեի դեպքում տեղական դիտորդն իրավունք ունի նաև բողոքարկել ընտրական հանձնաժողովի որոշումները, հանձնաժողովի անդամի գործողությունները կամ անգործությունը:

15. Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում, կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կուսակցությունից կամ հասարակական կազմակերպությունից՝ մեկ դիտորդ:

16. Դիտորդը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ:

17. Դիտորդի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։

18. Դիտորդն իրավունք չունի՝

1) աջակցել թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին,

2) միջամտել հանձնաժողովների աշխատանքներին,

3) օգտագործել իր կարգավիճակը՝ ընտրությունների (հանրաքվեի) դիտարկման հետ չառնչվող գործողություններում:

19. Դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում դիտորդն իրավունք չունի կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չսահմանված գործառույթներ:

(19-րդ կետը խմբ. 10.10.05 N 48-Ն)

20. Դիտորդը կարող է արտահայտել իր կարծիքը հարցման դեպքում, սակայն չի կարող պահանջել կամ փորձել միջամտել հանձնաժողովների կողմից որոշումների ընդունմանը:

21. Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպության, կուսակցության կամ դիտորդի կողմից միջազգային իրավունքի նորմերին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է համապատասխան հասարակական կազմակերպությանը, կուսակցությանը կամ դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

(21-րդ կետը խմբ. 10.10.05 N 48-Ն)

22. Դիտորդական առաքելություն իրականացնող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունները, կուսակցությունները ընտրությունների (հանրաքվեի) վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացնում են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ միջազգային դիտորդական կազմակերպություններ և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

(22-րդ կետը խմբ. 10.10.05 N 48-Ն)

 

IV. Դիտորդի գործունեության երաշխիքները

 

23. Դիտորդն իր դիտարկումներն իրականացնում է ինքնուրույն, անկախ և անկողմնակալ:

24. Դիտորդն իր գործունեության ընթացքում գտնվում է պետության պաշտպանվածության ներքո:

25. Դիտորդական առաքելություն իրականացնելիս ընտրական հանձնաժողովները դիտորդին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն:

26. Դիտորդը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների (հանրաքվեի) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման վերաբերյալ հայտնած կարծիքի համար։

27. Դիտորդի գործունեության նյութական և ֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ դիտորդի անձնական միջոցների հաշվին:

28. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:

(28-րդ կետը խմբ. 01.02.07 N 12-Ն)

(հավելվածը լրաց.,փոփ.,խմբ. 01.02.07 N 12-Ն)

 

 


Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 27-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_14200

 

 

Ներմուծեք նկարագրությունը_14201

(հավելվածը փոփ. 01.02.07 N 12-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 27-Ն
01.02.2007, N 12-Ն 11.03.2007, N 27-Ն
10.10.2005, N 48-Ն 11.11.2005, N 27-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան