Գլխավոր տեղեկություն
Номер
N 662
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.05.2004-12.01.2006)
Статус
Գործում է մասնակի
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.590
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2001
Дата вступления в силу
30.08.2001

040.0662.20.07.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2001 թվականի N 662
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի  պահանջներին համապատասխան և ի կատարումն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը (կցվում է):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 20-ի N 662 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում ԵՎ դոկտորանտուրայում ուսուցման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետև` բուհեր), Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների գիտական կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման, ինչպես նաև հայցորդության ձևակերպման կարգը:

2. Ասպիրանտուրան, դոկտորանտուրան և հայցորդությունը հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձևեր են, որոնք իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության (այսուհետև` ԲՈՀ) Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:

(2-րդ կետը փոփ. 25.03.04 N 496-Ն)

3. Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձ է, որը սովորում է ասպիրանտուրայում՝ տեսական մասնագիտական գիտելիքները խորացնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստելու, իսկ հետազոտողի հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի առկայության դեպքում՝ նաև համապատասխան որակավորման աստիճան ստանալու համար:

4. Դոկտորանտը գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձ է, որն ընդունվել է դոկտորանտուրա` գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստելու համար:

5. Հայցորդը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձ է, որը բուհին կամ կազմակերպությանը կից պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն:

6. Ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդների համակարգի ձևերով գիտական կադրեր պատրաստելու իրավունք ունեն այն բուհերն ու կազմակերպությունները, որոնք ունեն բարձր որակավորմամբ գիտամանկավարժական և գիտական կադրեր, ժամանակակից գիտահետազոտական ու փորձարարական բազա, հեղինակավոր գիտական դպրոցներ, մասնակցում են հանրապետական և միջազգային գիտակրթական ծրագրերի, նախագծերի մշակմանն ու իրականացմանը:

7. Ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր պատրաստելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունները համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետև՝ նախարարություն), իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն՝ կցելով սույն կարգի 2-րդ կետում նշված մասնագիտությունների ցանկը, յուրաքանչյուր մասնագիտությամբ՝ գիտամանկավարժական կադրերի և գիտական աշխատողների կազմը, նրանց գիտական աշխատությունների ցանկը, ինչպես նաև բուհի և կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհրդի որոշումը:

Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր  պատրաստելու և այն դադարեցնելու մասին որոշում ընդունվում է փորձաքննության հիման վրա, որը սույն կարգի 6-րդ կետում նշված՝ նախարարության կողմից սահմանված  չափանիշներով անցկացվում է նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից։ Ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի բացումը և դրանց գործունեության դադարեցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հրամանով:

Բուհերում, կազմակերպություններում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի գիտամեթոդական ղեկավարությունն ու գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է  նախարարությունը:

8. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 6 ամիս առաջ նախարարությունը, շահագրգիռ նախարարություններից և գերատեսչություններից ստացած հայտերի հիման վրա, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի տեղերի թիվն ըստ ուսուցման ձևերի (առկա, հեռակա) և ֆինանսավորման (անվճար, վճարովի):

Գիտության և տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացումն ու պետական (միջպետական) կարևորագույն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին իր սահմանած կարգով հատկացնում է նպատակային տեղեր:

(8-րդ կետը լրաց. 11.04.02 N 391)

9. Առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունված անձինք զինվորական ծառայությունից ստանում են տարկետում՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

II. Ասպիրանտուրա

 

10. Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը՝ 4 տարին:

11. Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների ասպիրանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով:

Նախկինում ասպիրանտուրան ավարտած կամ ասպիրանտուրայից ազատված անձինք (անհարգելի պատճառով) չեն կարող պետական պատվերով կրկին ընդունվել ասպիրանտուրա։

(11-րդ կետը խմբ. 25.03.04 N 496-Ն)

12. Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմումը տրվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

ա) բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

բ) հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքի մասին հաշվետվությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ.

գ) որակավորման քննությունների հանձնման մասին վկայական (եթե դրանք հանձնված են).

դ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 25.03.04 N 496-Ն)

զ) քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է):

Ընդունվողն անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը ներկայացնում է անձամբ:

(12-րդ կետը փոփ. 25.03.04 N 496-Ն)

13. Ասպիրանտուրայի ընդունելությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի համար ավարտվում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը, իսկ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղերի համար ընդունելությունը կարող է կատարվել նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ասպիրանտուրա ընդունելությունն իրականացնելու համար բուհի կամ կազմակերպության ղեկավարի կողմից ստեղծվում է ընդունող հանձնաժողով՝ բուհի կամ կազմակերպության ղեկավարի (տեղակալի) նախագահությամբ: Ընդունող հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր:

(13-րդ կետը փոփ. 24.12.01 N 1239, խմբ. 25.03.04 N 496-Ն)

14. Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություններ մասնագիտական առարկայից, օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) և ստուգարք (ինֆորմատիկա և (կամ) համակարգչից օգտվելու հիմունքներ): Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը՝ քննություն են հանձնում մասնագիտականից տարբեր այլ օտար լեզու: Մասնագիտական առարկայի քննությունը պետք է նախորդի այլ առարկաների քննություններին:

Քննությունների և ստուգարքի անցկացման կանոնակարգը մշակում և հաստատում է նախարարությունը:

(14-րդ կետը լրաց. 25.03.04 N 496-Ն)

15. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում: Ասպիրանտուրա ընդունելության քննությունների արդյունքներն ուժի մեջ են հաջորդ տարվա ընդունելության քննությունների ընթացքում:

16. Ընդունող հանձնաժողովն ընդունելության քննությունների և մրցույթի արդյունքներով որոշում է ընդունում յուրաքանչյուր դիմողի վերաբերյալ: Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներն իրազեկվում են ընդունող հանձնաժողովի որոշումից հետո 5-օրյա ժամկետում:

17. Ասպիրանտների ընդունումը ձևակերպվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:

18. Առկա ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ` ընդունման օրվանից (եթե աշխատում է՝ աշխատանքից ազատվելու պահից):

19. Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է՝

ա) հանձնի որակավորման քննություններ՝ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան.

բ) ունենա բուհի կամ կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան և առնվազն 36 ժամ մանկավարժական ծանրաբեռնվածություն (բուհում սովորող ասպիրանտը):

Առկա ասպիրանտուրայում ուսանելու ժամանակը մտնում է ասպիրանտների  գիտամանկավարժական ստաժի մեջ:

20. Ասպիրանտների ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում հաստատվում են ատենախոսության թեման և գիտական ղեկավարը՝ համաձայն ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգի:

Գիտական ղեկավար, որպես կանոն, կարող է լինել տվյալ բուհում (կազմակերպությունում) աշխատող գիտությունների դոկտորը կամ նախարարության սահմանած կարգով ԲՈՀ-ի թույլտվության դեպքում՝ գիտությունների թեկնածուն: Յուրաքանչյուր գիտական ղեկավար կարող է միաժամանակ ունենալ 5-ից ոչ ավելի ասպիրանտ և հայցորդ:

21. Հարակից մասնագիտությունների սահմանում գիտական հետազոտություններ կատարելիս կարող է հաստատվել համաղեկավար:

22. Ասպիրանտն ըստ աշխատանքային պլանի ամեն տարի հաշվետվության հիման վրա ատեստավորվում է ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից: Բուհերի համապատասխան ամբիոնում, ֆակուլտետի խորհրդում, կազմակերպությունների գիտական ստորաբաժանումներում, գիտական (գիտատեխնիկական) խորհրդում պարբերաբար լսվում և քննարկվում են ասպիրանտների ու նրանց գիտական ղեկավարների հաշվետվությունները: Ատեստավորում չանցած ասպիրանտը բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով ազատվում է ասպիրանտուրայից:

Ընտրած մասնագիտությամբ գիտական հետազոտություններ կատարելիս ասպիրանտները բուհի և կազմակերպության աշխատողների հետ հավասարապես օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից:

23. Ասպիրանտի տեղափոխումը մեկ բուհից կամ կազմակերպությունից մյուսը, ինչպես նաև առկա ուսուցման ձևից` հեռակա և հակառակը, իրականացվում է բուհերի և կազմակերպությունների ղեկավարների կողմից` ընդունող կազմակերպության միջոցների հաշվին:

Հարգելի պատճառներով մինչև ուսման ժամկետի ավարտն ասպիրանտուրայից ազատված՝ պետպատվերով սովորող ասպիրանտը բուհի կամ կազմակերպության միջոցների հաշվին կարող է վերականգնվել՝ ուսման մնացած ժամկետով, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի:

(23-րդ կետը լրաց. 25.03.04 N 496-Ն)

24. Առկա ուսուցմամբ ասպիրանտներին ուսման ընթացքում տարեկան տրվում է երկամսյա արձակուրդ՝ կրթաթոշակի պահպանմամբ:

25. Բուհերի և կազմակերպությունների ղեկավարները կարող են արտաբյուջետային միջոցների հաշվին սահմանել առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակին հավելավճար: Առկա ուսուցմամբ այն ասպիրանտները, ովքեր կատարում են  իրենց պարտականությունները, կարող են աշխատել:

26. Ասպիրանտների գիտական ղեկավարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է բուհերի և կազմակերպությունների կանոնադրություններով սահմանված կարգով (մեկ ասպիրանտի համար տարեկան առնվազն 50 ժամ հաշվարկով): Բուհերի և կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն ասպիրանտների գիտական ղեկավարների համար արտաբյուջետային միջոցների հաշվին սահմանելու աշխատավարձին հավելավճար:

 

III. Դոկտորանտուրա

 

27. Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը չպետք է գերազանցի 3 տարին:

Դոկտորանտուրա ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Դոկտորանտուրա ընդունվողները ներկայացնում են տվյալ բուհում կամ կազմակերպությունում գիտական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հիմնարար և (կամ) կիրառական հետազոտությունների ծրագիր (նախագիծ):

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների դոկտորանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով:

(27-րդ կետը խմբ. 25.03.04 N 496-Ն)

28. Դոկտորանտուրա ընդունվելու համար դիմումները տրվում են համապատասխան բուհերի և կազմակերպությունների ղեկավարների անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

ա) գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար՝ նաև ԲՈՀ-ի կողմից տրված համապատասխանեցման վկայագիրը).

բ) դոկտորական ատենախոսության ծավալուն պլանը.

գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափսի).

դ) հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը:

Անձնագիրը և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիրն ընդունվողը ներկայացնում է անձամբ:

29. Բուհի կամ կազմակերպության համապատասխան ամբիոնը կամ բաժինը (սեկտոր, լաբորատորիա) փաստաթղթերի քննարկման հիման վրա ներկայացնում է եզրակացություն: Դրական արդյունքի դեպքում բուհի կամ կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը քննարկում է եզրակացությունը և ընդունում որոշում թեկնածուին դոկտորանտուրա ընդունելու մասին, որը հաստատում է բուհի կամ կազմակերպության ղեկավարը: Երկու և ավելի թեկնածուների դեպքում դոկտորանտի ընտրությունը կատարում է բուհի կամ կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը, որը թեկնածուի ատենախոսության ծավալուն պլանի հիման վրա որոշում է ատենախոսության ավարտման հնարավոր ժամկետը:

30. Դոկտորանտի ընդունումը ձևակերպվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:

31. Դոկտորանտուրայում գտնվելու ժամկետում դոկտորանտը պետք է կատարի անհատական ծրագրով նախատեսված աշխատանքները՝ ավարտի ատենախոսությունը և տվյալ բուհում կամ կազմակերպությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկումը:

Դոկտորանտը կարող է ունենալ գիտական խորհրդատու, որը հաստատվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի կողմից։

32. Դոկտորանտներն անվճար օգտվում են բուհերի և կազմակերպությունների լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, փորձարարական սարքավորումներից, գրադարաններից և այլ ծառայություններից՝ համաձայն բուհերի և կազմակերպությունների կանոնադրությունների:

33. Բուհերի կամ կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդները դոկտորանտների ծրագրին համապատասխան ներկայացված հաշվետվության հիման վրա տարեկան մեկ անգամ ատեստավորում են նրանց: Ատեստավորումը չանցած դոկտորանտն ազատվում է դոկտորանտուրայից:

Մինչև սահմանված ժամկետի ավարտը դոկտորանտուրայից ազատված դոկտորանտը (հարգելի պատճառով) բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով կարող է վերականգնվել՝ ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

34. Դոկտորանտներին վճարվում է պետական կրթաթոշակ և ամեն տարի տրամադրվում է երկամսյա արձակուրդ՝ կրթաթոշակի պահպանմամբ: Բուհի կամ կազմակերպության ղեկավարն արտաբյուջետային միջոցների հաշվին կարող է սահմանել դոկտորանտների կրթաթոշակին հավելավճար:

35. Դոկտորանտների գիտական խորհրդատուների աշխատանքի վարձա-տրությունը կատարվում է բուհի կամ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

IV. Հայցողների համակարգը (հայցորդություն)

 

36. Թեկնածուական ատենախոսության վրա ինքնուրույն աշխատող հայցորդներ կարող են լինել բարձրագույն կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձինք:

37. Որակավորման քննություններ հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հայցորդներին հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է:

Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ չեն կարող օգտվել նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից:

38. Հայցորդների կցումը բուհին կամ կազմակերպությանը ձևակերպվում է տվյալ բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:

39. Բուհի կամ կազմակերպության ղեկավարը հայցորդի և նախատեսվող գիտական ղեկավարի հետ հարցազրույցի արդյունքների և համապատասխան ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) եզրակացության հիման վրա՝ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան հրամանագրում է հայցորդին՝ հաստատելով ատենախոսության թեման և գիտական ղեկավարին:

40. Հայցորդները տարեկան մեկ անգամ հաշվետվություն են ներկայացնում, որի հիման վրա ատեստավորվում են բուհի կամ կազմակերպության ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից: Ատեստավորումը չանցած հայցորդները ենթակա են ազատման:
41. Հայցորդները տվյալ բուհում կամ կազմակերպությունում անվճար օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից և գրադարաններից: Բուհի կամ կազմակերպության ղեկավարն աջակցում է նրանց և ատենախոսությունների վրա աշխատելու համար ստեղծում անհրաժեշտ պայմաններ:

42. Հայցորդները բուհում և կազմակերպությունում հանձնում են որակավորման քննություններ՝ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան:

43. Բուհերի կամ կազմակերպությունների ղեկավարներին թույլատրվում է սահմանված կարգով կատարել հայցորդների գիտական ղեկավարների վարձա-տրությունը (տարեկան առնվազն 30 ժամ):

44. Դոկտորական ատենախոսություն ինքնուրույն պատրաստող գիտությունների թեկնածուների ատենախոսության թեման հաստատվում է ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան: Նրանք անվճար օգտվում են բուհի կամ կազմակերպության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային սենյակներից և գրադարաններից: Նրանց գիտական գործունեությունը որևէ ժամկետով չի սահմանափակվում:

Հայցորդությունը բուհերում կամ կազմակերպություններում իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով, տվյալ բուհի կամ կազմակերպության սահմանած կարգով: