Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-666
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
21.11.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
21.11.2006
Дата вступления в силу
21.11.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

21 նոյեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանի, հրավիրված` ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, Ա. Կիրակոսյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 1-ին` Սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորման նպատակով:

Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների որակի բարելավման, համայնքային և քաղաքային մակարդակում լրացուցիչ ինստիտուցիոնալ կարողության խթանման միջոցով աջակցել աղքատ և խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությանը:

Համաձայնագիրն ունի երեք հավելված` հավելված 1. «Ծրագրի նկարագրություն», հավելված 2. «Ծրագրի իրականացում» և հավելված 3. «Մարման ժամանակացույցը»: Հավելված 3-ն ունի առդիր, որի դրույթներով բացահայտվում է համաձայնագրում օգտագործվող հասկացությունների բովանդակությունը:

Համաձայնագրի անբաժանելի մասն է հանդիսանում 2005 թ. հուլիսի 1-ի` «Վարկերի և դրամաշնորհների` Զարգացման միջազգային ընկերակցության ընդհանուր պայմաններ» վերտառությամբ փաստաթուղթը:

2. Ըստ համաձայնագրի` Ծրագրի իրականացման նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը (այսուհետ` Ընկերակցություն) համաձայնագրում նշված ժամկետներում և պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է տասնվեց միլիոն ինը հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (SDR/ՓՀԻ 16.900.000) համարժեք գումարի չափով վարկ: Վարկի մարումն սկսվում է 2017 թ. ապրիլի 1-ից և ավարտվում 2026 թ. հոկտեմբերի 1-ին: Վարկի միջոցներից առհանման վերջին ժամկետը 2011 թ. հունիսի 30-ն է:

3. Ծրագիրը բաղկացած է երեք մասերից.

- «Մաս 1. Համայնքային ներդրումներ», որը ներառում է, մասնավորապես, դպրոցների, առողջարանային կլինիկաների, համայնքային կենտրոնների, փոքրամասշտաբ ջրամատակարարման համակարգերի, ջրահեռացման, արվեստի հատուկ դպրոցների, երաժշտության և սպորտի, գյուղական էլեկտրաֆիկացման համակարգերի, փոքր ոռոգման աշխատանքների և այլ ենթակառուցվածքների վերակառուցման և վերականգնման միկրոծրագրերի իրականացումը, դպրոցների ջեռուցման համակարգերի և գիտական լաբորատորիաների շինարարության և/կամ վերակառուցման միկրոծրագրերի իրականացումը, դպրոցական կահույքի և սարքավորումների, գիտական լաբորատորիաների կահույքի և սարքավորումների, ուսումնական նյութերի տրամադրումը, միկրոծրագրերի նախագծման և վերահսկման ծառայությունների տրամադրումը, ներառյալ տեխնիկական աջակցությունը, խորհրդատվական ծառայությունը, ուսուցումը և տեխնիկական օժանդակությունը,

- «Մաս 2. Տեղեկատվական մակարդակի ինստիտուցիոնալ հզորացում, մոնիտորինգ և գնահատում», որը ներառում է, մասնավորապես, տեխնիկական աջակցության տրամադրումը, ուսուցման և աջակցության ծառայությունները տեղական իշխանությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական կառավարումը, բյուջետավորումը և ակտիվների կառավարումը, տեղական մակարդակում Ծրագրի աշխատանքների մոնիտորինգին և գնահատմանն աջակցելու և հզորացնելու համար հատուկ ուսումնասիրությունների, տեխնիկական գնահատումների, սեմինարների և ուսումնական այցելությունների իրականացումը,

- «Մաս 3. Ծրագրի կառավարում, մոնիտորինգ և գնահատում», որը ներառում է, մասնավորապես, ինստիտուցիոնալ աջակցության տրամադրումը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին (այսուհետ` ՀՍՆՀ):

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- վարկի հիմնական գումարի չառհանված գումարից կիսամյակային մուծումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել պարտավճար` տարեկան առավելագույնը 1%-ի կեսը (1%-ի 1/2),

- վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված և չվճարված գումարներից հաշվարկված` յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել սպասարկման վճար` տարեկան մեկ տոկոսի երեք քառորդը (1%-ի 3/4-ը) տոկոսադրույքով,

- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին, սկսած 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը, մարել վարկի հիմնական գումարը (ընդ որում, յուրաքանչյուր մուծում, սկսած 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ի մուծումը, պետք է կազմի նշված հիմնական գումարի հինգ տոկոսը (5%)),

- հայտնել Ծրագրի նպատակների իրականացման համար իր պարտավորությունները և այս առումով իրականացնել Ծրագիրը ՀՍՆՀ-ի միջոցով` համաձայն Գործառնական ձեռնարկի և Ընդհանուր պայմանների 4-րդ հավելվածի դրույթների,

- ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի համաձայնագրի 2-րդ հավելվածի դրույթների համաձայն` չսահմանափակելով համաձայնագրի 3.01 կետի դրույթները, բացառությամբ ՀՀ և Ընկերակցության միջև այլ համաձայնության,

- ստեղծել ՀՍՆՀ III Ծրագրի տեխնիկական հանձնաժողով,

- Ընկերակցության համար ընդունելի ձևով բանկում բացել Ծրագրի հաշիվ՝ 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք նախնական ավանդով, և հաստատել Ընկերակցությանը բավարարող Գործառնական ձեռնարկը,

- պահել ՀՍՆՀ` այն կառուցվածքով, աշխատակազմով և այլ ռեսուրսներով, որոնք բավարարում են Ընկերակցությանը,

- ապահովել, որպեսզի ՀՍՆՀ գործառույթներն իրականացվեն համաձայն Գործառնական ձեռնարկում նշված կամ նախատեսված ընթացակարգերի, ինչպես նաև ապահովել, որպեսզի ՀՍՆՀ կարգավիճակի կամ կանոնադրության ցանկացած էական փոփոխություն և գործադիր տնօրենի ու ՀՍՆՀ վարչության պետերի նշանակման կամ աշխատանքի ընդունման պայմանների ցանկացած փոփոխություն համաձայնեցվի Ընկերակցության հետ,

- ՀՍՆՀ միջոցով ապահովել, որպեսզի միկրոծրագրերը սահմանվեն, գնահատվեն, հաստատվեն և իրականացվեն համաձայն Գործառնական ձեռնարկում նշված կամ նախատեսված ընթացակարգերի,

- ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացման գործակալությունը միկրոծրագրերն իրականացնի համաձայն շրջանակային համաձայնագրով սահմանված ժամկետների և պայմանների,

- Ընկերակցության համար բավարար տեխնիկական առաջադրանքով տարեկան կտրվածքով իրականացնել միկրոծրագրերի իրականացման վերաբերյալ անկախ տեխնիկական և գնումների ուսումնասիրություն` կենտրոնանալով Գործառնական ձեռնարկում սահմանված ուղեցույցների և ընթացակարգերի, աշխատանքների որակի, ուսուցման և տեխնիկական աջակցության ծրագրերի ու համայնքային գնումների վրա, ինչպես նաև իրականացնել շահառուների վրա Ծրագրի ազդեցության գնահատում,

- պարտադրել, որպեսզի ՀՍՆՀ-ն Ընկերակցության ուսումնասիրությանը և հաստատմանը ներկայացնի աշխատանքների տարեկան ծրագիրը և բյուջեն, ինչպես նաև Ընկերակցությանը բավարարող ձևով Ծրագրի իրականացման մասին ներկայացնի եռամսյակային և տարեկան առաջընթացի մասին հաշվետվություններ` ներառյալ միկրոծրագրերի ծախսարդյունավետության և մարզային նպատակաուղղվածության գնահատումը,

- ձեռնարկել կամ ստեղծել պայմաններ, որպեսզի ժամանակին ձեռնարկվեն բնապահպանական կառավարման պլանի (ԲԿՊ/EMP) իրականացման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները,

- մինչև Ծրագրի ավարտը պահել Ծրագրի հաշվի հաշվեկշիռը Ծրագրի իրականացման հաջորդ երեք (3) ամիսներին համարժեք գումարի չափով` բացառությամբ ՀՀ-ի և Ընկերակցության միջև այլ համաձայնության և չսահմանափակելով 3.01-ին բաժնի դրույթները,

- մոնիտորինգի ենթարկել և գնահատել Ծրագրի առաջընթացը, նախապատրաստել Ծրագրի հաշվետվություններ` Ընկերակցության հետ համաձայնեցված ցուցանիշների հիման վրա և Ընդհանուր պայմանների 4.08-րդ բաժնի դրույթներին համապատասխան, որոնք պետք է ներառեն մեկ օրացուցային կիսամյակ ժամանակահատված, և դրանք ներկայացնել Ընկերակցությանը հաշվետվության տվյալ ժամանակահատվածի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո,

- 2011 թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ Ընդհանուր պայմանների 4.08-րդ բաժնի «գ» կետի նպատակներով Ընկերակցությանը ներկայացնել Ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը և դրա հետ կապված պլանը,

- ունենալ կամ պարտադրել, որ ունենան ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր պայմանների 4.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան,

- պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակից ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո Ընկերակցությանը ներկայացնել այդ եռամսյակին վերաբերող Ծրագրի` աուդիտի չենթարկված, միջանկյալ ֆինանսական հաշվետվություն` Ընկերակցությանը բավարարող ձևով և բովանդակությամբ` չսահմանափակելով հավելված 2-ի բաժին II-ի Ա մասի դրույթները,

- աուդիտի ենթարկել ՀՀ ֆինանսական հայտարարագիրը` համաձայն Ընդհանուր պայմանների 4.09-րդ բաժնի «բ» կետի դրույթների: Աուդիտի ենթարկված յուրաքանչյուր տարվա այդպիսի ժամանակահատվածի ֆինանսական հայտարարագիրը ներկայացնել Ընկերակցությանը յուրաքանչյուր այդպիսի ժամանակահատվածի ավարտից վեց ամսից ոչ ուշ,

- Ծրագրի համար պահանջվող և ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքներն ու աշխատանքները գնել ըստ Գնումների ուղեցույցի 1-ին բաժնում սահմանված կամ նախատեսված պահանջների` ըստ միջազգային մրցակցային սակարկության հիման վրա շնորհված պայմանագրերի և հավելված 2-ի դրույթների,

- Ծրագրի համար պահանջվող և ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող բոլոր խորհրդատուների ծառայությունները գնել ըստ Խորհրդատուների ուղեցույցի I և IV բաժիններում սահմանված կամ նախատեսված պահանջների` ըստ որակի և արժեքի վրա հիմնված պայմանագրերի և հավելված 2-ի դրույթների,

- ֆինանսավորել աշխատանքների, ապրանքների, խորհրդատուների ծառայությունների և ուսուցման ծախսերի 22 տոկոսը, գործառնական ծախսերի 50 տոկոսը, փոխհատուցել Ծրագրի նախապատրաստման կանխավճարը, որը կազմում է մեկ միլիոն տասնչորս հազար ՓՀԻ-ին համարժեք գումար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


21 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-666