Գլխավոր տեղեկություն
Номер
N 1769-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.01.2007-29.12.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1418
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2006
Дата вступления в силу
06.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժդ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի կողմից ճանապարհային երթևեկության կարգավորման ընթացքում կիրառվող ազդանշանները տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներն ու պարեկային տրանսպորտային միջոցները սույն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված համապատասխան տեխնիկական սարքավորումներով կահավորելը` ճանապարհապարեկային ծառայությունն իրականացվում է առկա տեխնիկական միջոցներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) կողմից ճանապարհապարեկային ծառայության կազմակերպման և իրականացման նպատակները, ձևերն ու մեթոդները, ինչպես նաև կարգավորվում են տեխնիկական միջոցների օգտագործման, ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի կողմից իրականացվող գործողությունների, անձնական անվտանգության ապահովման միջոցների, տրանսպորտային միջոցների ուղեկցման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

բացահայտ ծառայություն` ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլներով կամ մոտոցիկլետներով.

ծածուկ ծառայություն` ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով, որոնք, շարժման մեջ գտնվելով տրանսպորտային հոսքերում, տեսանկարահանման և (կամ) լուսանկարահանման միջոցով ամրագրում են թույլ տրված խախտումները և ծառայության ավարտից հետո այդ տվյալները փոխանցում շարային ստորաբաժանման հերթապահ մաս կամ հրամանատարին.

ճանապարհապարեկային ծառայություն` ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումների կողմից ճանապարհային երթևեկության կարգավորման, ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով իրականացվող ծառայություն.

ճանապարհապարեկային ծառայության կարգախումբ` ճանապարհապարեկային ծառայության ծառայողներից կազմված խումբ, որը նշանակված է ճանապարհապարեկային ծառայություն կատարելու համար.

ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանում` ճանապարհային ոստիկանության համակարգում գործող ճանապարհապարեկային ծառայության կառուցվածքային միավոր (գումարտակ, վաշտ, դասակ, խումբ).

պարեկության երթուղի` ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի տեղաբաշխմամբ որոշված երթևեկության հատված.

տեղաբաշխում` ճանապարհապարեկային ծառայության ուժերի և միջոցների հաշվարկ` ըստ պարեկության երթուղիների տեղաբաշխման։

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Ճանապարհապարեկային ծառայության նպատակներն են`

ա) ճանապարհային երթևեկության կարգավորումը (սուլիչով ազդանշան տալու միջոցով, ցուցաձողի կամ կարմիր ազդանշանով սկավառակի միջոցով ազդանշաններ կիրառելով),

բ) տրանսպորտային միջոցների ուղեկցումը (այդ թվում` նաև հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման և առանձին ավտոմոբիլների կամ տրանսպորտային միջոցների շարասյուների ուղեկցման միջոցով).

գ) ճանապարհային երթևեկության ոլորտում հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, հայտնաբերումը, պատասխանատվության միջոցների կիրառումը.

դ) վթարային, փրկարարական աշխատանքների և զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության կազմակերպման ապահովումը.

ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, այդ թվում` տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով.

զ) անվտանգ երթևեկության ապահովման նպատակով ճանապարհներին հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը.

է) ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում անհետաձգելի գործողությունների իրականացումը, տուժածներին մինչբժշկական օգնության ցուցաբերումը, նրանց բուժհաստատություններ տեղափոխման համար միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև վնասված տրանսպորտային միջոցների փոխադրման համար համապատասխան տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայությանը դիմելու հարցում քաղաքացիներին աջակցելը.

ը) ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը նպաստող պայմանների հայտնաբերումն ու դրանց վերացման համար միջոցների ձեռնարկումը.

թ) ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնացող հանգամանքների վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունների իրականացումը:

 

III. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Ճանապարհապարեկային ծառայությունը կազմակերպվում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումների (գումարտակներ, վաշտեր, դասակներ, խմբեր) միջոցով` ելնելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքներից և երթևեկության ինտենսիվության աստիճանից։

5. Ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումների գործունեությունը ղեկավարվում է ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի կողմից` ըստ ֆունկցիոնալ ենթակայության:

6. Ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումների աշխատանքների պլանավորման, ուժերի և միջոցների տեղաբաշխման, կարգախմբերի նախապատրաստման և հրահանգավորման, ոստիկանության այլ ծառայությունների հետ փոխհամագործակցության կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների փոխհամագործակցության կարգը, կապված Հայաստանի Հանրապետության տարածք անօրինական մուտք գործած կամ մաքսային մարմնի կողմից տրվող փաստաթղթի բացակայության դեպքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի կողմից արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցները մաքսային մարմիններին փոխանցելու հետ, սահմանվում է ոստիկանության պետի և մաքսային բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանով:

 

IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

7. Ճանապարհապարեկային ծառայության իրականացման ձևերն են`

ա) շրջիկ պարեկություն` ավտոմոբիլներով, մոտոցիկլետներով, ուղղաթիռներով, ինչպես նաև մշտական անշարժ ծառայություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղերում,

բ) ճանապարհային երթևեկության կարգավորում,

գ) տրանսպորտային միջոցների ուղեկցում, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցում, էսկորտ ուղեկցում և առանձին ավտոմոբիլների կամ տրանսպորտային միջոցների շարասյուների ուղեկցում,

դ) ժամանակավոր անշարժ ծառայություն` սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում:

Իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման նպատակով համապետական, ինչպես նաև կարանտին միջոցառումներ անցկացնելիս` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով իրականացվում է ժամանակավոր անշարժ ծառայություն:

Օպերատիվ իրավիճակի բարդությամբ պայմանավորված, ինչպես նաև հանցագործության կանխման, խափանման և բացահայտման նպատակով միջոցառումներ անցկացնելիս` ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի պետի կամ ոստիկանության մարզային ստորաբաժանման պետի հանձնարարությամբ կարող է իրականացվել ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով ժամանակավոր անշարժ ծառայություն` դրա մասին 24 ժամվա ընթացքում տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին կամ նրան փոխարինող անձին:

8. Պարեկային ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով ճանապարհապարեկային ծառայության իրականացումը կարող է լինել բացահայտ, ծածուկ, խառը։

Ծածուկ և խառը ծառայություններն իրականացվում են ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների նախազգուշացման և կանխման, ճանապարհային երթևեկության մասնակիցների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող, համապատասխան գրառումներով և տարբերիչ նշաններով պարեկային ավտոմոբիլների տեսադաշտից դուրս կատարվող իրավախախտումների հայտնաբերման նպատակով:

Տվյալ պարեկային երթուղում ծածուկ կամ խառը ծառայություն իրականացվում է շաբաթական ոչ ավելի, քան մեկ անգամ: Ծածուկ ծառայություն իրականացնելու մասին որոշումն ընդունում է շարային ստորաբաժանման հրամանատարը։ Դրա մասին պարեկապահակետային ամփոփագրերում կատարվում են համապատասխան գրառումներ։ Պարեկապահակետային ամփոփագիրը փաստաթուղթ է, որը ներառում է ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող անձնակազմի և ծառայության իրականացմանը վերաբերող տվյալներ (ծառայողի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի տվյալները, ծառայության իրականացման տեղի և ժամանակի մասին տվյալներ): Պարեկապահակետային ամփոփագրի ձևը և վարման կարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Խառը ծառայությունը բացահայտ և ծածուկ ծառայությունների համակցումն է, որը կազմակերպվում է միաժամանակ երկու ավտոմոբիլով, որոնցից մեկն ունի հատուկ գունագրաֆիկ երանգավորում և տարբերիչ նշաններ, իսկ մյուսը` ոչ։

Շարային ստորաբաժանման ծառայողը ծառայությունը պետք է իրականացնի ոստիկանության ծառայողի համազգեստով, և նրա մոտ ծառայողական վկայականի և ճանապարհային ոստիկանության կրծքանշանի առկայությունը պարտադիր է։

9. Խառը ծառայության ժամանակ կարգախմբերի միջև փոխհամագործակցությունը և համատեղ գործողությունները համակարգվում են ռադիոկապի միջոցով։

10. Գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային ավտոմոբիլներ և մոտոցիկլետներ օգտագործելիս ճանապարհապարեկային ծառայության կատարման ժամանակ կիրառվում են հետևյալ մեթոդները`

ա) տրանսպորտային միջոցների հոսքում երթևեկելը` խախտումների նախականխման և հայտնաբերման նպատակով,

բ) տրանսպորտային հոսքի առջևից սահմանվածից ոչ ավելի արագությամբ երթևեկելը` արագության գերազանցումը նախականխելու համար:

11. Ծառայության իրականացման ընթացքում մեթոդի ընտրությունը, կիրառումը, դրանց իրար հաջորդումը և երթևեկության արագության ընտրումը որոշվում է հրահանգավորման ժամանակ առաջադրված խնդրով և պարեկային երթուղում ստեղծված իրադրությամբ։

12. Պարեկային ավտոմոբիլները (մոտոցիկլետները) պետք է կահավորված լինեն հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված սարքավորումներով, բորտհամակարգչով, իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն), կապի միջոցներով, լուսարձակով, մահակով, կրակմարիչով, մինչբժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պայուսակով, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան տեխնիկական միջոցներով ու ճանապարհային նշաններով: Ճանապարհային նշանների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Ծառայություն իրականացնող պարեկային ավտոմոբիլում (մոտոցիկլետի վրա) տեղադրված տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը և երթևեկության ուղղությունը ցույց տվող սարքավորումը և (կամ) ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը պետք է միացվեն ծառայության դուրս գալու պահից և չանջատվեն (հսկողական տեսախցիկը` բացառությամբ ընդմիջման ժամանակի) մինչև ծառայության ավարտից հետո շարային ստորաբաժանում վերադառնալը:

Եթե ծառայության ընթացքում այդ սարքերը շարքից դուրս են գալիս, ապա կարգախմբի ավագը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել շարային ստորաբաժանման հերթապահին կամ հրամանատարին և հրամանատարի ցուցումով վերադառնալ շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար:

13. Պարեկային տրանսպորտային միջոցով ծառայություն կատարելիս արգելվում են`

ա) կողմնակի անձանց կամ բեռներ փոխադրելը, ինչպես նաև պարեկային տրանսպորտային միջոցն առանց հսկողության թողնելը,

բ) նշանակված երթուղուց ինքնակամ շեղվելը կամ ծառայության կատարման կարգը փոխելը,

գ) որևէ մեկին տրանսպորտային միջոցի վարումը փոխանցելը,

դ) իրավախախտում կատարելու համար հայտնաբերված անձանց պարեկային տրանսպորտային միջոցում առանց հսկողության թողնելը,

14. Պարեկային ավտոմոբիլներով ուղեկցվող, հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակող շարասյան կամ առանձին ավտոմոբիլների երթևեկության ժամանակ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը միջոցներ է ձեռնարկում պարեկային երթուղով նրանց անվտանգ և անխոչընդոտ անցման համար։

15. Օպերատիվ և հատուկ ծառայություններին պատկանող` հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակող ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտման դեպքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի կողմից կազմվում է զեկուցագիր` բոլոր հանգամանքների նկարագրմամբ, և ներկայացվում ըստ ենթակայության։ Նշված ավտոմոբիլները կարող են կանգնեցվել միայն այն դեպքում, երբ ստույգ տեղեկություններ կան այն մասին, որ դրանք հափշտակված կամ առևանգված են, օգտագործվում են հակաիրավական նպատակներով կամ վարվում են ոչ սթափ վիճակում գտնվող անձանց կողմից։

16. Ուղղաթիռներով պարեկությունը կազմակերպվում է երթևեկության բարձր ինտենսիվություն ունեցող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին։

Ուղղաթիռների միջոցով կարող են իրականացվել ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողությունը, ավտոմոբիլների շարասյուների ուղեկցումը, մեծ թվով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովումն ու տրանսպորտային միջոցների հետախուզումը։

Ուղղաթիռներով պարեկության իրականացման թույլտվությունը տրվում է ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի պետի կողմից` շարային ստորաբաժանման հրամանատարի գրավոր առաջարկության հիման վրա:

Օպերատիվ իրավիճակի բարդությամբ պայմանավորված` հետաձգում չհանդուրժող դեպքերում, ուղղաթիռներով պարեկության իրականացումը թույլատրվում է շարային ստորաբաժանման հրամանատարի բանավոր առաջարկության հիման վրա, իսկ պարեկության իրականացման անհրաժեշտության մասին 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացվում է ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի պետին:

Ուղղաթիռներով պարեկության իրականացման համար կազմվում է առանձին աշխատանքային ժամանակացույց, որում նշվում են աշխատանքային օրերն ու ժամերը, պարեկության տեղն ու ժամանակը։ Աշխատանքային ժամանակացույցի մեկ օրինակը հանձնվում է ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմին:

Շարային ստորաբաժանման հրամանատարը թռիչքից անմիջապես առաջ անցկացնում է ուղղաթիռային պարեկության աշխատանքներում ընդգրկված ճանապարհապարեկային ծառայության կարգախմբի ծառայողների հրահանգավորում։

17. Պարեկային ավտոմոբիլի և ուղղաթիռի կարգախմբի կազմում պետք է ընդգրկվեն առնվազն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման երկու ծառայող։

18. Պարեկային երթուղում ծառայություն կատարելիս` ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը ճանապարհների վիճակի և կահավորվածության, երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների (ճանապարհային նշաններ, լուսացույցներ, ուղենշաններ և այլն) թերությունների հայտնաբերման դեպքում դրանց մասին հայտնում է շարային ստորաբաժանման հերթապահին կամ անմիջական ղեկավարին, որը դրանք գրառում է ճանապարհներին հայտնաբերված թերությունների, երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների անսարքությունների հաշվառման մատյանում, որի ձևը և վարման կարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Մինչև երթևեկության համար նշված թերությունների վերացումը` երթևեկության համար վտանգ առաջանալու սպառնալիքի դեպքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը կարգավորում է ճանապարհային երթևեկությունը` դրա ժամկետների մասին հայտնելով շարային ստորաբաժանման հերթապահին կամ անմիջական ղեկավարին։

19. Ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը կարող է պարեկային երթուղին թողնել միայն շարային ստորաբաժանման հրամանատարի, նրա տեղակալների կամ հերթապահի թույլտվությամբ` հետևյալ դեպքերում`

ա) հարևան տեղամասերում երթևեկության խոչընդոտների կամ վտանգների վերացման համար անհետաձգելի միջոցներ ձեռնարկելիս.

բ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության կամ հասարակական կարգի խախտումներ թույլ տված կամ հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելիս.

գ) արգելանքի տակ դրվող տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք փոխադրելիս.

դ) ոստիկանության այլ կարգախմբերին աջակցելիս.

ե) տրանսպորտային միջոցները հետապնդելիս.

զ) ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ դեպքերի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելիս.

է) ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ դեպքի վայրը պահպանելիս.

ը) հրդեհի և տարերային աղետների հետևանքների վերացման համար միջոցներ ձեռնարկելիս.

թ) առողջական վիճակը կտրուկ վատթարանալիս.

ժ) սահմանված ժամին սնունդ ընդունելու նպատակով։

20. Պարեկային երթուղին ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի կողմից թողնվելու մասին կատարվում է համապատասխան գրառում պարեկապահակետային ամփոփագրի մատյանում, որի ձևը և վարման կարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

21. Ծառայության ընթացքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կազմված բոլոր նյութերը` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերցված փաստաթղթերի հետ միասին, ծառայության ավարտից հետո ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը հանձնում է շարային ստորաբաժանման հրամանատարին կամ նրա կողմից նշանակված ծառայողին։

22. Ճանապարհային երթևեկությունը կարգավորվում է կարգադրիչ-կարգավորիչ գործողություններով ազդանշան տալու միջոցով` կարգավորվող խաչմերուկներում` երթևեկության ժամանակավոր խցանումների դեպքում և չկարգավորվող խաչմերուկներում, զանգվածային և հատուկ միջոցառումներ անցկացնելիս, անսարք լուսացույցներով խաչմերուկներում, ճանապարհով հետիոտների անցումն ապահովելիս և ճանապարհային իրադրության այլ բարդությունների ստեղծման ժամանակ (ճանապարհատրանսպորտային պատահար, վտանգավոր բնական երևույթ, տեխնածին, տարերային կամ բնապահպանական աղետ):

 

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցների ցանկը և դրանց օգտագործման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չափաբանական ստուգում չանցած կամ ժամկետանց ստուգման վկայականով կամ չսերտիֆիկացված չափիչ միջոցների կիրառումը։

24. Ծառայության ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը թույլատրվում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման այն ծառայողներին, ովքեր ուսումնասիրել են դրանց շահագործման վերաբերյալ իրավական ակտերը, մեթոդական ձեռնարկները և կիրառման կանոններից ստուգարք հանձնել ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի պետի կողմից կազմված հանձնաժողովին։

25. Տեխնիկական միջոցների պահպանման և սարքինության համար անձնական պատասխանատվություն են կրում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողները` օգտագործման համար ստանալու պահից։

26. Կապի միջոցներն օգտագործվում են կարգախմբերի կառավարումը, նրանց միջև փոխհամագործակցությունն ապահովելու նպատակով:

Կապի միջոցներով տեղեկատվությունը հաղորդվում է, կապի համակարգը կազմակերպվում ու կիրառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:

Արգելվում է ծառայողական պարտականությունների կատարման հետ կապ չունեցող հարցերով ծառայողական կապի միջոցների օգտագործումը։

27. Արգելվում է ծառայության կատարման ժամանակ այնպիսի տեխնիկական միջոցների օգտագործումը, որոնք ոստիկանության հաշվեցուցակով նախատեսված չեն։

 

VI. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

28. Ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողն իրեն հայտնի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին զեկուցում է շարային ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի հերթապահ մաս կամ իր ստորաբաժանման հրամանատարին և հետագայում գործում` համաձայն նրանց կողմից տրված ցուցումների։ Պատահարի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պարտավոր է լսել դիմողին և արձանագրել տեղեկություններ`

ա) պատահարի մասին հայտնող անձի մասին (ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը և հեռախոսահամարը),

բ) պատահարի տեղի, ժամի, տեսակի, հանգամանքների մասին,

գ) տուժած անձանց մասին,

դ) տուժած անձանց մինչբժշկական օգնություն ցույց տալու մասին,

ե) բժշկական հաստատությունների և տուժած անձանց այնտեղ ուղարկողների (տեղափոխողների) մասին (բժշկական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, տեղափոխողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, տրանսպորտային միջոցի մակնիշը, գույնը և հաշվառման համարանիշը),

զ) պատահարին առնչվող տրանսպորտային միջոցների մասին (մակնիշը, գույնը և հաշվառման համարանիշը)։

29. Ներկայանալով պատահարի վայր, որի հետևանքով տուժել են մարդիկ, մինչև օպերատիվ-քննչական խմբի ժամանումը ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը`

ա) պարզում է տուժած անձանց թիվը, կանչում շտապ օգնություն, անհրաժեշտության դեպքում` նաև հրշեջ մեքենաներ և փրկարար ջոկատներ, մինչև նրանց` դեպքի վայր հասնելը կամ կանչի անհնարինության դեպքում տուժածներին անհրաժեշտության դեպքում ցուցաբերում է մինչբժշկական օգնություն, կազմակերպում տուժածների փոխադրումը բժշկական հաստատություններ, հնարավորության դեպքում պարզում տուժած անձանց ազգանունները, անունները, հայրանունները, բնակության և աշխատանքի վայրերը.

բ) պարզում է պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների վարորդների անձը և դրան առնչվող այլ անձանց, վերցնում վարորդների և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը` ապահովելով նրանց ներկայությունը պատահարի վայրում` մինչև օպերատիվ-քննչական խմբի ժամանումը.

գ) միջոցներ է ձեռնարկում այն վտանգավոր գործոնների հայտնաբերման և վերացման համար, որոնք կարող են ազդել ինչպես ճանապարհային երթևեկության, այնպես էլ իր անձնական անվտանգության վրա: Այդպիսի գործոնների շարքն են դասվում տրանսպորտային միջոցների ինտենսիվ երթևեկությունը, տրանսպորտային հոսքի երթևեկության բարձր արագությունը, պատահարի վայրին մոտենալու անբավարար տեսանելիությունը, ճանապարհի սայթաքուն ծածկը, պատահարին մասնակից տրանսպորտային միջոցներում առկա վտանգավոր բեռները, վնասված ավտոմոբիլների ինքնայրման սպառնալիքը.

դ) պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների վարորդներից պահանջում է միացնել վթարային լույսերը և տեղադրել վթարային կանգառի նշան, անհրաժեշտության դեպքում տեղադրում է երթևեկության կազմակերպման լրացուցիչ միջոցներ (ժամանակավոր ճանապարհային նշաններ, արգելափակոցներ և այլն), անվտանգության ապահովման նպատակով տեղակայում հատուկ լուսային ազդանշանները միացրած պարեկային ավտոմոբիլ.

ե) հայտնաբերում է պատահարի ականատեսներին և գրառում նրանց տվյալները.

զ) միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցների, հետքերի, իրերի և պատահարին առնչվող այլ առարկաների պահպանման համար.

է) պատահարի վայր ժամանած օպերատիվ-քննչական խմբի ղեկավարին կամ նրա նշած խմբի անդամին է հանձնում պատահարին մասնակից անձանց, ականատեսների մասին տեղեկությունները, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերցված փաստաթղթերը, հետագայում գործում` ըստ խմբի ղեկավարի ցուցումների.

ը) կազմակերպում է տրանսպորտի երթևեկությունը շրջանցմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու համար.

թ) եթե վարորդը տրանսպորտային միջոցով պատահարի վայրից դիմել է փախուստի, պարզում է վարորդի երթևեկության հնարավոր ուղղությունը, տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, հաշվառման համարանիշը, գույնը, ինչպես նաև վարորդի և տրանսպորտային միջոցի հատուկ նշանները:

Պատահարի տեղանքի ուսումնասիրումից և ականատեսների հարցումից ստացված` փախուստի դիմած վարորդի և տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններն անհապաղ զեկուցում է շարային ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի հերթապահին, այնուհետև գործում է` համաձայն նրանց ցուցումների:

30. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն նյութական վնաս, իրավախախտումներին վերաբերող նյութերը ձևակերպվում են ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի կողմից` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով` դրա մասին տեղեկացնելով ճանապարհապարեկային շարային ստորաբաժանման հերթապահին կամ հրամանատարին։

 

VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

31. Ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելիս պարտավոր է պահպանել անձնական անվտանգությանը վերաբերող հետևյալ հիմնական պայմանները`

ա) ծառայության կատարման վայրն ընտրել այնպես, որպեսզի ինքը հստակ տեսանելի լինի ճանապարհային երթևեկության մասնակիցներին և հնարավորություն ունենա ժամանակին կանխարգելելու իրավախախտումները.

բ) օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում ծառայությունն իրականացնել ճանապարհների լուսավորված հատվածներում, ունենալ լուսարձակող ցուցաձող և լուսաանդրադարձիչ հանդերձանք.

գ) խուսափել ճանապարհային ծածկույթի սայթաքուն տեղամասերում ծառայություն իրականացնելուց.

դ) օրվա մութ ժամերին տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար ընտրել ճանապարհի առավել լուսավորված հատված, անհնարինության դեպքում օգտագործել պարեկային տրանսպորտային միջոցի լապտերների լույսը.

ե) կանգնեցված տրանսպորտային միջոցի կողքին կանգնել այնպիսի դիրքով, որպեսզի բացառվի վարորդի կողմից դուռը կտրուկ բացելու կամ երթևեկությունը հանկարծակի վերսկսելու հետևանքով իրեն հարված հասցնելը.

զ) խուսափել ճանապարհի երթևեկելի մասում իրավախախտման պարզաբանումից, եթե դա խոչընդոտներ է առաջացնում տրանսպորտի երթևեկության համար կամ սպառնում է անձնական անվտանգությանը.

է) շարժման մեջ գտնվող, գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային տրանսպորտային միջոցների վրա` ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել հատուկ լուսային ազդանշանները` օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում, կամ տրանսպորտային միջոցները կանգնեցնելու ժամանակ.

ը) ստուգման ժամանակ պարեկային տրանսպորտային միջոցը կանգնեցնել ստուգվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:

32. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը։

33. Նախատեսված պարեկային երթուղուց հարկադրաբար շեղման դեպքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը զեկուցում է շարային ստորաբաժանման հերթապահին կամ հրամանատարին։

34. Ճանապարհատրանսպորտային պատահարի նյութերի ձևակերպման ժամանակ անհրաժեշտ է հսկել, որպեսզի տեղադրվեն վթարային ազդանշանային միջոցները, ինչպես նաև միացվեն հատուկ լուսային ազդանշանները։

35. Հանցագործություն կատարած կամ հետախուզման մեջ գտնվող անձանց կամ տրանսպորտային միջոցների հայտնաբերման հետ կապված` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ժամանակ երթևեկության մասնակիցների և անձնական անվտանգությունն ապահովելու համար ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պարտավոր է`

ա) մշտապես միացված պահել պարեկային ավտոմոբիլի հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքերը,

բ) լինել ուշադիր հետապնդվողի և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների գործողությունների նկատմամբ,

գ) ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի հերթապահին տեղյակ պահել երթուղուց դուրս գալու պատճառի և նպատակի մասին,

դ) համապատասխան միջոցներ ձեռնարկել ճանապարհային երթևեկության մասնակիցների ուշադրությունը հրավիրելու համար:

 

VIII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

36. Տրանսպորտային միջոցների ուղեկցումն իրականացվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրա կողմից լիազորված տեղակալի կամ ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի պետի թույլտվությամբ։ Ուղեկցման թույլտվություն տալու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Սույն բաժնի պահանջները չեն տարածվում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման և առանձին ավտոմոբիլների կամ տրանսպորտային միջոցների շարասյուների ուղեկցման դեպքերի վրա:

37. Ուղեկցումն իրականացվում է գունագրաֆիկ երանգավորում ունեցող հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված պարեկային տրանսպորտային միջոցներով։

38. Ստանալով ուղեկցման առաջադրանք` ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման հրամանատարը`

ա) որոշում է ուղեկցման համար անհրաժեշտ պարեկային տրանսպորտային միջոցների թիվը.

բ) ուսումնասիրում է շարժման երթուղին, երթևեկության կազմակերպման առանձնահատկությունները, պարեկային երթուղիների տեղաբաշխումը, կապի համակարգը, պարեկային երթուղիների կարգախմբերի համագործակցությունն ուղեկցող պարեկային տրասնպորտային միջոցների անձնակազմերի հետ.

գ) որոշում է ուղեկցող անձնակազմի կազմը և նշանակում ավագին, անցկացնում է հրահանգավորում (ուղեկցող մեկ պարեկային տրանսպորտային միջոցի անձնակազմն ավտոմոբիլի դեպքում պետք է կազմված լինի երկու ծառայողից, իսկ մոտոցիկլետի դեպքում` մեկ ծառայողից).

դ) կազմակերպում է ուղեկցման համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումների ու կապի միջոցների սարքինության ստուգումը:

39. Ուղեկցվող տրանսպորտային միջոցների վարորդների հրահանգավորումն անցկացնում է ուղեկցող անձնակազմի ավագը։

40. Մեկ պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցման ժամանակ այն պետք է երթևեկի ուղեկցվող տրանսպորտային միջոցների առջևից` տվյալ ուղղությամբ երթևեկելու համար նախատեսված երթևեկելի մասի ձախ եզրային գոտիով` դրանց երթևեկության անվտանգությունն ապահովող հեռավորության վրա։

Երկու պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցման ժամանակ դրանցից մեկը շարժվում է ուղեկցվող տրանսպորտային միջոցների առջևից` տվյալ ուղղությամբ երթևեկելու համար նախատեսված երթևեկելի մասի ձախ եզրային գոտիով, իսկ երկրորդը` հետևից` տվյալ ուղղությամբ երթևեկելու համար մեկ գոտի ունեցող ճանապարհներին և այլ վտանգավոր տեղերում շարասյանը վազանցելը նախականխելու համար։

Երեք պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցման ժամանակ դրանցից մեկը` առաջատարը, երթևեկում է ուղեկցվող տրանսպորտային միջոցների առջևից, ուղեկցման անվտանգությունն ապահովող հեռավորության վրա, երկրորդը (ազդանշանային) առաջատար ավտոմեքենայից դեպի առաջ` 200-400 մետր հեռավորությամբ, տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված ձախ եզրային գոտիով` նպատակ ունենալով ապահովելու անարգել և անվտանգ երթևեկությունը, կարգախմբերին տեղեկացնելու ուղեկցվող շարասյան մոտենալու մասին, իսկ առաջատար ուղեկցող տրանսպորտային միջոցի անձնակազմին` երթևեկության պայմանների մասին: Երրորդ պարեկային տրանսպորտային միջոցը` շարափակը, երթևեկում է շարասյան հետևից։

41. Ուղեկցող անձնակազմի ավագը սահմանում է ուղեկցման ժամանակ երթևեկության արագությունը` կախված ճանապարհային պայմաններից, տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության ինտենսիվությունից, ուղեկցվող տրանսպորտային միջոցների բնութագրերից։

42. Եթե ուղեկցվող շարասյան երթևեկության արագությունը ցածր է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով թույլատրվածից, իսկ ճանապարհային պայմանները թույլ չեն տալիս համընթաց երթևեկող տրանսպորտային միջոցներին նրանց վազանցելու, ուղեկցող անձնակազմի ավագը միջոցներ է ձեռնարկում կուտակված տրանսպորտային միջոցների բացթողման համար։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման

     
  Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ ՏԱԼՈՒ

 

I. ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ` ՑՈՒՑԱՁՈՂՈՎ

 

1. Հիմնական` շարային ուղեկեցվածք (այսուհետ` հիմնական ուղեկեցվածք)` կանգնել ուղիղ, կրունկները` միասին, ոտնաթաթերի ծայրերը` դեպի առաջ` բացված ոտնաթաթի լայնությամբ, ոտքերը` ծնկներում ուղիղ, բայց ոչ լարված, կրծքավանդակը` մի փոքր բարձրացված, ուսերը` բացված` առանց ավելորդ լարվածության, ձեռքերը` դեպի ներքև ազատ, աջը` ցուցաձողով, գլուխը պահել ուղիղ, նայում է իր դիմացը (NN 1, 2 և 3 նկարներ)։

2. Ազդանշան «Ուշադրություն»` ուղեկեցվածք` աջ ձեռքն ազատ բարձրացված է իր առջև, ցուցաձողը` դեպի վեր։ Այս դիրքում ձեռքն անհրաժեշտ է ծալել արմնկահոդում` այնպես, որպեսզի արմունկը լինի ճակատի մակարդակին, բռունցք արված, մատները շրջած դեպի դեմքը` բութ մատը և ցուցամատն ուղղված են ցուցաձողի երկայնքով, ցուցաձողը պահում է ուղղահայաց վիճակում (N 7 նկար)։

3. Ազդանշան «Ձախ շրջադարձ»` ուղեկեցվածք` աջ ձեռքը ձգված է առաջ, ցուցաձողը` առաջ մեկնած` հանդիսանալով, կարծես, ձեռքի շարունակությունը (N 9 նկար)։

4. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»`

ա) հիմնական ուղեկեցվածք (N 11 նկար),

բ) ուղեկեցվածք` աջ ձեռքը ծալված է կրծքավանդակի առջև, ցուցաձողը` դեպի ձախ։ Այս դիրքում ձեռքն արմնկահոդում ծալվում է այնպես, որպեսզի ցուցաձողը պահող դաստակը գտնվի իրանի միջին մասի մակարդակին, արմունկը բարձրացված է ուսին հավասար, դաստակը շրջված է դեպի ներս (N 12 նկար),

գ) ուղեկեցվածք` ձեռքերը` կողմ, աջ ձեռքի բութ մատը և ցուցամատը ձգված են ցուցաձողի երկայնքով (N 13 նկար)։

 

II. ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՆ ԱՌԱՆՑ ՑՈՒՑԱՁՈՂԻ

 

5. Հիմնական ուղեկեցվածք` նույնն է, ինչ որ ցուցաձողով (NN 4, 5 և 6 նկարներ):

6. Ազդանշան «Ուշադրություն»` ուղեկեցվածք` աջ ձեռքն ազատ բարձրացված է վեր, դաստակը շրջված է ափով դեպի առաջ, մատները սեղմված են իրար, մնացած ցուցումները նույնն են, ինչ որ ցուցաձողով նմանատիպ դիրքում (N 8 նկար)։

7. Ազդանշան «Ձախ շրջադարձ»` ուղեկեցվածք` աջ ձեռքն ուղղված է առաջ, ափը` դեպի ներս (N 10 նկար)։

8. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»`

ա) հիմնական ուղեկեցվածք (N 14 նկար),

բ) ուղեկեցվածք` աջ ձեռքը ծալված է կրծքավանդակի առջև, դաստակը` իրանի միջին մասի մակարդակին, ափը շրջված է դեպի դեմքը (N 15 նկար),

գ) ուղեկեցվածք` ձեռքերը` կողմ, ափերը` շրջված դեպի առաջ (N 16 նկար)։

 

III. ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ` ՑՈՒՑԱՁՈՂՈՎ

 

9. Ազդանշան «Ուշադրություն»`

ելման դիրքը` հիմնական ուղեկեցվածք` ազդանշաններ «Ձախ շրջադարձ» կամ «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ` դեպի ձախ շրջադարձով».

ցուցաձողով աջ ձեռքը բարձրացնել առջևում դեպի վեր (N N 17,19 և 21 նկարներ)։

10. Ազդանշան «Ձախ շրջադարձ»։ Կատարվում է երկու ելման դիրքից`

ա) հիմնական ուղեկեցվածք` ելման դիրքից (N 23 նկար)` պարզելով աջ ձեռքն իր առջև, մատների շարժմամբ ցուցաձողն արագ ուղղել դեպի առաջ (NN 24 և 25 նկարներ),

բ) ելման դիրքից` աջ ձեռքն առջևում վեր բարձրացված, ցուցաձողը վերևում` ազդանշան «Ուշադրություն» (N 28 նկար), իջեցնել ցուցաձողով ձեռքն առաջ` ուսի մակարդակին, ցուցաձողն առջևում` ինչպես ձեռքի շարունակությունը, ցուցամատը վերևում` ձգված է ցուցաձողի երկայնքով (N 30 նկար)։

11. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»։ Կատարվում է երկու ելման դիրքից`

ա) ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք (N 32 նկար)` աջ ձեռքը բարձրացնել կողմ, ցուցաձողը` դեպի աջ, դաստակը` շրջված ներքև (N 33 նկար)։ Այնուհետև ծալել ձեռքը կրծքավանդակի առջևում, ցուցաձողը` դեպի ձախ, դաստակը` շրջված ներքև` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 34 նկար),

բ) ելման դիրքից` աջ ձեռքն ազատ բարձրացված է վեր, ցուցաձողը վերևում` ազդանշան «Ուշադրություն» (N 38 նկար)։ Ձեռքը ցուցաձողի հետ իջեցնել կրծքավանդակի առջև, դաստակը` շրջված դեպի ներքև` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 40 նկար)։

«Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով» ազդանշանի երկրորդ տարբերակը կատարվում է ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք կամ ազդանշան «Ուշադրություն»։

Ձեռքերը պարզել կողմ` ուսերի մակարդակին հավասար, աջ ձեռքը պահում է ցուցաձողը, դաստակը` ներքևում, ձախը` ափով դեպի առաջ (N 42 նկար), այնուհետև աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, դաստակը` դեպի ներքև` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 43 նկար), որից հետո աջ ձեռքը նորից ուղղել դեպի կողմ (N 44 նկար)։

Ազդանշանի կրկնություն` ցուցաձողով ձեռքը պարզել կողմ (N 33 նկար), այնուհետև ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, ցուցաձողը` դեպի ձախ (N 34 նկար)։

 

IV. ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ, ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՐԳՆ ԱՌԱՆՑ ՑՈՒՑԱՁՈՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

12. Ազդանշան «Ուշադրություն»` ազդանշաններ «Ձախ շրջադարձ» կամ «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ` դեպի աջ շրջադարձով»։

Ելման դիրք` հիմնական ուղեկեցվածք` բարձրացնել աջ ձեռքն առաջ, դաստակը` ափով շրջված դեպի առաջ (NN 18, 20 և 22 նկարներ)։

13. Ազդանշան «Ձախ շրջադարձ»`

ա) ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք (N 26 նկար), աջ ձեռքը բարձրացնել դեպի առաջ` ուսի մակարդակին հավասար, ափը` դեպի ներս (N 27 նկար).

բ) ելման դիրքից` աջ ձեռքն առջևում վեր բարձրացված` ազդանշան «Ուշադրություն» (N 29 նկար)։ Ձեռքն իջեցնել դեպի առաջ` ուսի մակարդակին հավասար, դաստակը ափով շրջված դեպի ձախ (N 31 նկար)։

14. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»։ Կատարվում է երկու ելման դիրքից`

ա) ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք (N 35 նկար), աջ ձեռքը` դեպի կողմ` ուսի մակարդակին հավասար, ափը` դեպի առաջ (N 36 նկար)։ Այնուհետև ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, դաստակը շրջել ափով դեպի ներս` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան,

բ) ելման դիրքից աջ ձեռքն ազատ բարձրացված է վեր` ազդանշան «Ուշադրություն» (N 39 նկար)։ Աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, ափով` դեպի իրանը, դաստակը` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 41 նկար)։

«Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով» ազդանշանի կատարման երկրորդ տարբերակը կատարվում է ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք կամ աջ ձեռքը ծալած կրծքավանդակի առջևում` ազդանշան «Ուշադրություն»։

Ձեռքերը պարզել կողմ` ափերը` դեպի առաջ (N 45 նկար), այնուհետև աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում` ափով` դեպի իրանը, դաստակը` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 46 նկար), որից հետո աջ ձեռքը պարզել դեպի կողմ (N 47 նկար)։

Ազդանշանի կրկնությունը`

աջ ձեռքը պարզել կողմ` ափը` դեպի առաջ (N 36 նկար),

աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում` ափով` դեպի իրանը (N 37 նկար):

 

V. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԵՍՏԵՐ ՁԱԽ ՁԵՌՔՈՎ` ՑՈՒՑԱՁՈՂՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԴՐԱ

 

15. Ձախից մոտեցող տրանսպորտային միջոցները կանգնեցնելը.

ելման դիրք` հիմնական ուղեկեցվածք (N 48 նկար)։ Ձախ ձեռքը ծալել դեպի ուսը, դաստակը բարձրացված է, ափը` դեպի արտաքին կողմը (N 49 նկար)։ Այնուհետև ձեռքն ուղղել դեպի կողմ, դաստակը բարձրացված է, ափը` դեպի արտաքին կողմը (N 50 նկար)։

16. Աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները կանգնեցնելը.

ելման դիրք` ուղեկեցվածք` աջ ձեռքը` դեպի կողմ (N 51 նկար)`

ա) ձախ ձեռքը ծալել դեպի ուսը, դաստակը բարձրացված է, ափը` դեպի առաջ (N 52 նկար),

բ) ձեռքը պարզել առաջ, դաստակը բարձրացված է, ափը` դեպի առաջ (N 53 նկար)։

17. Ժեստ «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ձախ կողմից կարգավորողի թիկունքի կողմով».
ելման դիրք` ուղեկեցվածք` աջ ձեռքը` դեպի առաջ (N 54 նկար)։ Ձախ ձեռքը` կողմ` ափով դեպի վերև (N 55 նկար), այնուհետև ձեռքն արագորեն ծալել դեպի ուսը (N 56 նկար)։

18. Ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունն արագացնող ազդանշան.

ելման դիրք` ուղեկեցվածք` աջ ձեռքը` դեպի առաջ (N 57 նկար)`

ա) ձախ ձեռքը բարձրացնել դեպի կողմ` ուսի մակարդակին համապատասխան, ափը շրջված է դեպի առաջ (N 58 նկար),

բ) ձախ ձեռքն արագորեն իջեցնել և պարզել առաջ` դեպի աջ ձեռքը, և հակառակը (NN 59 և 60 նկարներ)։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

NN 1 – 60 ՆԿԱՐՆԵՐ

Ներմուծեք նկարագրությունը_18594
Ներմուծեք նկարագրությունը_18595

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.12.2021, N 1991-Ն 19.12.2021, N 1769-Ն
11.12.2014, N 1398-Ն 29.12.2014, N 1769-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան