Գլխավոր տեղեկություն
Номер
N 905-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.01.2007-09.08.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.13/41(276) Հոդ.759
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2003
Дата вступления в силу
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2007

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 30 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2003 թվականի N 905-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածների 1-ին կետերին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունիսի 11-ի ՆՀ-50-Ն հրամանագրին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 3
Երևան

 

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 905-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

6. Կոմիտեն կազմված է նախագահից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի համակարգում ընդգրկվում են նրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ և բաժնետիրական ընկերություններ:

7. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`

ա) նոր սոցիալ-տնտեսական պայմաններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական քաղաքականության ռազմավարության մշակումը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայեցակարգում ամրագրված հիմնական դրույթների իրականացման ապահովումը.

բ) բնակչության առողջացման, ֆիզիկական դաստիարակության և գիտականորեն հիմնավորված համակարգի ստեղծումը.

գ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերի մշակումն ու իրագործումը.

դ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումն անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործում.

ե) բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի մշակումն ու գործնականում ներդրումը, հաշմանդամների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու նպաստավոր պայմանների ստեղծումը.

զ) ֆիզկուլտուրային և մարզական հանրապետական միջոցառումների անցկացումը.

է) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստմանն աջակցումը և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.

ը) (ենթակետն ուժը կորցրել է 24.08.06 N 1210-Ն)

թ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գիտամեթոդական ու հետազոտական աշխատանքների իրականացման ապահովումը, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադասումը.

ժ) հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն ըստ ամենայնի աջակցելը:

(7-րդ կետը փոփ., խմբ. 24.08.06 N 1210-Ն)

 

ll. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման արդյունքների վերլուծություն ու ամփոփում, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

բ) Հայաստանի Հանրապետության իրավասու նախարարությունների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հանրապետությունում ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման ծրագրերի մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության իրավասու նախարարությունների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, այլ մարզական կազմակերպությունների հետ համատեղ ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչների մշակում և հաստատում.

դ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ՝ համապատասխան նախարարությունների, մարզպետարանների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հանրապետության մարզական միջոցառումների համալիր օրացուցային պլանի մշակում և հաստատում, զանգվածային ֆիզկուլտուրային, առողջարարական ու մարզական միջոցառումների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացում, հանրապետական առաջնությունների, չեմպիոնատների և հավաքների անցկացում.

ե) հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաստման նկատմամբ կազմակերպական-մեթոդական ղեկավարության իրականացում.

զ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գիտական հետազոտությունների անցկացում, այդ նպատակով նախարարությունների ու կազմակերպությունների աշխատանքների համադասում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի առաջավոր փորձի ու գիտության նվաճումների ընդհանրացում, մարզական կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում դրանց ներդրմանն օժանդակում.

է) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառման վարում.

ը) բնագավառի վաստակաշատ անձանց` պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների ներկայացնելը, մարզական կոչումների և կարգերի շնորհում, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի ակտիվիստներին և կազմակերպություններին մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով պարգևատրում.

թ) հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին աջակցելը.

ժ) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին ու կազմակերպություններին մարզահագուստով, մարզագույքով և սարքավորումներով ապահովելու աշխատանքներին մասնակցություն.

ժա) ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասնագետների հաշվառում և նրանց նկատմամբ հանրապետության պահանջարկի ուսումնասիրում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կոմիտեի համակարգի ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասնագետների պատրաստման ապահովում և սահմանված կարգով ֆիզկուլտուրայի ոլորտի կադրերի տեղաբաշխում.

ժբ) սահմանված կարգով ֆիզիկական դաստիարակության ուսուցիչների, մարզիչների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառի այլ մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

ժգ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մասին քարոզչության իրականացում.

ժդ) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ֆիզկուլտուրային և սպորտային տարածքային քաղաքականության իրականացման ապահովում.

ժե) միջազգային միջգերատեսչական պայմանագրերի նախագծերի մշակում և իր իրավասության սահմաններում կնքում, արտասահմանյան երկրների ու սփյուռքահայ համայնքների մարզական կառույցների հետ սահմանված կարգով կապերի ստեղծում, Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային մարզական միջոցառումների կազմակերպմանն աջակցելը.

ժզ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցություն.

ժէ) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարում.

ժը) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ` օլիմպիական խաղերին նախապատրաստության քառամյա ծրագրերի հաստատում.

ժթ) մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, հասարակական-մարզական և այլ կազմակերպությունների կողմից հանրապետական առաջնությունների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման, միջազգային մրցումներին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աջակցության կարգով նրանց հատկացված ֆինանսական միջոցների ծախսումների նպատակային օգտագործմանն ու արդյունավետության ապահովմանն աջակցում և համագործակցության կատարելագործում:

(8-րդ կետը լրաց. 04.08.05 N 1158-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.08.06 N 1210-Ն)

9. Կոմիտեն հանրապետությունում զանգվածային ֆիզկուլտուրային, առողջարարական ու մարզական աշխատանքների զարգացմանն ուղղված իր գործունեությունն իրականացնում է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

 

lll. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Կոմիտեն կառավարում է կոմիտեի նախագահը (այսուհետ` նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախագահի հետ:

Նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Նախագահը`

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կատարում է նշանակումներ կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրա գործունեության ստուգման արդյունքները, հաստատում աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.

ժդ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 

14. Նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալներից մեկը:

15. Նախագահի տեղակալը`

ա) համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում` կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` կոմիտեի համակարգի մարմիններին տրվող հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

դ) նախագահի հանձնարարությամբ իրականացնում է նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքի վերլուծության աշխատանքները.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառում նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախագահին.

ժ) նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.

ժա) նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Նախագահն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխում:

 

lV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Կոմիտեի աշխատակազմի նպատակն ու խնդիրը կոմիտեին օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:

18. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ:

26. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 375001, Աբովյան 9:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը:

29. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

31. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է  նախագահը:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

32. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախագահը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

դ) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

ե) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

34. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ու նախագահի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

35. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի և նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

ա) իր իրավասության սահմաններում` առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ.

է) նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան  հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները և կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է կոմիտեի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

(38-րդ կետը լրաց. 21.12.06 N 1846-Ն)

39. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ ու իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

40. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարումների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

42. Կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվե-տվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

43. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(հավելվածը լրաց. 04.08.05 N 1158-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.08.06 N 1210-Ն, լրաց. 21.12.06 N 1846-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 905-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. Վարչություններ

 

Ֆիզիկական դաստիարակության և սպորտի պետական քաղաքականության մշակման վարչություն

 

Օլիմպիական մարզաձևերի համակարգման վարչություն

 

Մարզակառույցների և մարզական կազմակերպությունների հետ կատարվող աշխատանքների վարչություն

 

Մարզական միջազգային կապերի վարչություն

 

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժին

 

Անձնակազմի կառավարման բաժին


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 905-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը
(հատ)

Մեկ միավորի արժեքը
(դրամ)

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Շենք

1

13400000

13400000

2.

Հեռուստացույց «Ֆիլիպս»

1

126048

126048

3.

Հեռատիպ (տելեֆաքս)

1

166670

166670

4.

Տեսաներածիչ (սկաներ)

1

154629

154629

5.

Տպիչ սարք (պրինտեր)

1

62739

62739

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան