Գլխավոր տեղեկություն
Номер
N 477
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.02.2006-09.04.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.05.29/16(191) Հոդ.354
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.04.2002
Дата вступления в силу
08.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2011

040.0477.29.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2002 թվականի N 477
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրենսդրությունը հաստատելու մասին» N 205 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 29-ի N 477 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետև` ՀՀ ԳԱԱ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածով, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետով և 8-րդ ու 9-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքով ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ ԳԱԱ-ն միավորում է համակարգի գիտական կազմակերպությունները, ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամներին, գիտնականներին ու գիտական աշխատողներին: ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության կառավարումն իրականացվում է պետական կարգավորման և ինքնակառավարման սկզբունքների զուգակցմամբ: ՀՀ ԳԱԱ-ի կազմում կան նաև ընդհանուր ակադեմիական` գիտակրթական, գիտաարտադրական, գիտաօժանդակ բնույթի կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ-ն գործում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի ու իր կանոնադրության հիման վրա:

ՀՀ ԳԱԱ-ի աշխատանքների կազմակերպումն իրականացվում է ՀՀ ԳԱԱ-ի կառավարման մարմինների միջոցով, որոնց կարգավիճակը սահմանվում է սույն կանոնադրությամբ:

ՀՀ ԳԱԱ-ի կառավարման մարմիններն են` ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամների ընդհանուր ժողովը, ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը (այսուհետ` նախագահություն) և ՀՀ ԳԱԱ-ի նախագահը:

2. ՀՀ ԳԱԱ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամների, գիտնականների ու գիտական աշխատողների մտավոր գործունեության և մշակումների արդյունքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքով սահմանված կարգով պահպանելով նրանց` դրանց նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը:

4. ՀՀ ԳԱԱ-ն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք: ՀՀ ԳԱԱ-ն կարող է ունենալ իր անվամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: ՀՀ ԳԱԱ-ն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

5. ՀՀ ԳԱԱ-ի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

 

II. ՀՀ ԳԱԱ-Ի ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. ՀՀ ԳԱԱ-ի հատուկ կարգավիճակի առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության գիտական քաղաքականության մշակման, իրականացման և գիտության կառավարման ոլորտում սահմանված են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

ՀՀ ԳԱԱ-ն պետության հետ ունեցած հարաբերություններում անմիջականորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: ՀՀ ԳԱԱ-ի նախագահն ունի Հայաստանի Հանրապետության նախարարի կարգավիճակ, արտոնություններ և իրավունք ունի մասնակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:

ՀՀ ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության գիտական բարձրագույն կենտրոնն է և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական գիտական խորհրդատուն, որի կողմից ներկայացված առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման պետական կառավարման համապատասխան մարմիններում` առաջարկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում: ՀՀ ԳԱԱ-ի պաշտոնական ներկայացուցիչներն իրավունք ունեն անմիջականորեն մասնակցելու իրենց ներկայացրած առաջարկությունների քննարկմանը, որի մասին պետական կառավարման համապատասխան մարմինները նախապես գրավոր տեղեկացնում են նրանց:

ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունները ՀՀ ԳԱԱ-ի հիմնարկներն են, որոնք գործում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպությունների տիպային (օրինակելի) կանոնադրության հիման վրա ստեղծված և ՀՀ ԳԱԱ-ի կողմից հաստատված իրենց կանոնադրություններով և, համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի, հաշվառվում են իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից, ունեն զինանշանի պատկերով կնիք, հաշվեկշիռ, նախահաշիվ, բանկային, գանձապետական հաշիվներ, այդ թվում` տարադրամային:

ՀՀ ԳԱԱ-ն համակարգում է Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում (այդ թվում` ճյուղային) և բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարվող հիմնարար հետազոտությունները:

ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունները ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները ծախսում են իրենց կանոնադրական խնդիրների լուծման համար:

7. ՀՀ ԳԱԱ-ի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության գիտական մտքի զարգացման ապահովումը, գիտության նվաճումների առավել արդյունավետ օգտագործումը հանրապետության տնտեսության մեջ և հոգևոր կյանքի զարգացման ոլորտում:

8. ՀՀ ԳԱԱ-ի հիմնական խնդիրներն են`

ա) ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական, բնական, հումանիտար, հասարակական և այլ գիտությունների բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումը.

բ) գիտական, կրթական և մշակութային ներդաշնակ համակարգի ձևավորմանն ու հանրապետության գիտական ներուժի զարգացմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեության իրականացումը.

գ) հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև դրանց կատարելագործման ուղղությամբ տարվող գիտահետազոտական ուսումնասիրությունների ծավալմանը նպաստելը.

դ) իր կանոնադրությամբ հաստատված կարգով` ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամների ընտրությունները կազմակերպելը և ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսի կոչում, ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր անդամի, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամի և ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտորի տիտղոսներ շնորհելը.

ե) ՀՀ ԳԱԱ-ի համակարգի օպտիմալացումն իրականացնելը.

զ) ՀՀ ԳԱԱ-ի, բուհերի, գերատեսչությունների գիտական կազմակերպությունների միջև փոխադարձ կապի զարգացմանը, ներհանրապետական և միջազգային գիտատեխնիկական համագործակցության կազմակերպմանն աջակցելը.

է) գիտական կադրերի պատրաստումը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների լուծումը:

9. ՀՀ ԳԱԱ-ի գործառույթներն են`

ա) ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտական աշխատանքների ուղղությունների և կատարվող աշխատանքների քննարկումը, հաստատումը և համակարգումը.

բ) հանրապետությունում իրականացվող հիմնարար գիտահետազոտական աշխատանքների համակարգման նպատակով քննարկումների կազմակերպումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձագիտական, խորհրդատվական մարմինների, խմբերի ձևավորումը.

դ) սահմանված կարգով հիմնարար գիտությունների բնագավառում փորձաքննության իրականացումը.

ե) իր գործունեության ոլորտներին առնչվող բուհական և գերատեսչական գիտական կազմակերպությունների հետ նպատակային ծրագրեր մշակելը, քննարկելը և պետական մարմիններ ներկայացնելը.

զ) բուհերի և գերատեսչությունների գիտահետազոտական կազմակերպությունների հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գիտակրթական և գիտաարտադրական կազմակերպությունների ստեղծումը.

է) համակարգի գիտական կազմակերպություններում ստացված արդյունքների հիման վրա ներդրումային առաջարկությունների ձևավորումը.

ը) իր ոլորտում ստեղծված մտավոր սեփականության պահպանման և օգտագործման հետ կապված միջոցառումների մշակումը.

թ) միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրերի և համաձայնագրերի կնքումը:

10. ՀՀ ԳԱԱ-ի` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում գիտության ժամանակակից ուղղությունների և միասնական գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրագործումը.

բ) գիտահետազոտական ծրագրերի փորձաքննության սկզբունքների և մեթոդների մշակումը.

գ) հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարային ու առավել հրատապ ժամանակակից խնդիրների, գիտատար տեխնոլոգիաների մշակման հիմնահարցերի լուծման ուղղությամբ տարվող գիտական հետազոտությունների, այդ հետազոտությունների հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան արտադրությունների գործընթացների կազմակերպումը.

դ) հիմնարար հետազոտությունների գերակա ուղղությունների, պետական ծրագրերի և նախագծերի ձևավորումը, գիտատեխնիկական առաջընթացի հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության իրավական և ենթաօրենսդրական ակտերի մշակումը և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի գիտական հիմնավորումը:

 

III. ՀՀ ԳԱԱ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. ՀՀ ԳԱԱ-ի կոլեգիալ բարձրագույն մարմինը ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամների ընդհանուր ժողովն է:

ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան ու պատվավոր անդամները և ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունների տնօրենները մասնակցում են ընդհանուր ժողովների աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

12. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը`

ա) հաստատում է գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, քննարկում դրանց զարգացման ընթացքը, լուծում ՀՀ ԳԱԱ-ի կարևորագույն գիտական և գիտակազմակերպական հարցերը.

բ) ընդունում է որոշումներ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին` դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

գ) քննարկում և հաստատում է նախագահության տարեկան հաշվետվությունը.

դ) ՀՀ ԳԱԱ-ի նախագահի առաջարկությամբ սահմանում է նախագահության անդամների թիվը.

ե) լսում է ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների, համակարգի գիտական կազմակերպությունների, առանձին գիտնականների զեկուցումները.

զ) ընտրում է ՀՀ ԳԱԱ-ի անդամներին.

է) ընտրում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահին, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղարին, նախագահության այլ անդամների, հաստատում է ՀՀ ԳԱԱ գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներին` 5 տարի ժամկետով:

(12-րդ կետը փոփ. 15.12.05 N 2212-Ն)

13. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը գումարվում է առնվազն տարեկան երկու անգամ: ՀՀ ԳԱԱ-ի տարեկան հաշվետու ընդհանուր ժողովն անցկացվում է նախագահության որոշմամբ` հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Ընդհանուր ժողովի արտահերթ նիստերը հրավիրվում են ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, ինչպես նաև նախագահության կամ ՀՀ ԳԱԱ-ի նախագահի պահանջով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է դրա անդամների առնվազն երկու երրորդը: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ընդհանուր ժողովի անդամները` նախագահության միջոցով կամ ընդհանուր ժողովի մասնակիցների ձայների մեկ երրորդով, իսկ ՀՀ ԳԱԱ-ի գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդները և գիտաշխատողները` ՀՀ ԳԱԱ-ի գիտական բաժանմունքների (այսուհետ` բաժանմունք) միջոցով:

14. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը` ՀՀ ԳԱԱ-ի նախագահի առաջարկությամբ, փակ (գաղտնի) քվեարկությամբ ժողովի մասնակիցների ցուցակային կազմի ձայների առնվազն երկու երրորդով կարող է վաղաժամկետ դադարեցնել նախագահության կամ դրա առանձին անդամների գործունեությունը և անցկացնել նոր ընտրություններ մնացած ժամկետի համար:

15. ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները կամ լրացումներն ընդունվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի անդամների ցուցակային կազմի ձայների առնվազն երկու երրորդով:

ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությունը, կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց և ապա սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո:

16. Նախագահությունն ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ-ի կառավարման կոլեգիալ մարմինն է, որն իրականացնում է բաժանմունքների, գիտական կազմակերպությունների գիտական և գիտակազմակերպական ընդհանուր ղեկավարումը:

Ի պաշտոնե նախագահության անդամներ են ՀՀ ԳԱԱ-ի նախագահը, և ակադեմիկոս-քարտուղարը: Բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները և ՀՀ ԳԱԱ-ի այլ անդամներ նախագահության անդամ ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից` փակ (գաղտնի) քվեարկությամբ, ժողովի անդամների ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ` 5 տարի ժամկետով:

Նախագահության անդամների միջև պարտականությունների բաշխումը կատարում է նախագահությունը` ՀՀ ԳԱԱ-ի նախագահի առաջարկությամբ:

Նախագահության որոշումներն ընդունվում են փակ (գաղտնի) կամ բաց քվեարկությամբ` նախագահության բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

(16-րդ կետը փոփ. 15.12.05 N 2212-Ն)

17. Նախագահությունն իր գործունեությամբ հաշվետու է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին: Նախագահությունը տարեկան ընդհանուր ժողովին զեկուցում է ընդհանուր ժողովի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ-ի գիտական կարևոր ձեռքբերումների, իր ընդունած կարևորագույն որոշումների և դրանց կատարման ընթացքի մասին:

18. Նախագահության գործառույթներն են`

ա) ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական հետազոտությունների թեմատիկայի, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների հայտերի, հիմնարար հետազոտությունների պետական ծրագրերի, տնտեսական և այլ նախագծերի և գիտական փորձաքննության արդյունքները քննարկելը և դրանց վերաբերյալ որոշում ընդունելը.

բ) ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության և ՀՀ ԳԱԱ-ի գիտական կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումներ կայացնելը, որոնց հիման վրա ՀՀ ԳԱԱ-ի նախագահը առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին և վերջինիս դրական որոշման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) միջազգային գիտատեխնիկական համագործակցության իրականացումը, դրա ձևերի մշակումը, այլ երկրների գիտական կենտրոնների հետ պայմանագրերի կնքումը, միջազգային գիտական կազմակերպությունների ստեղծմանը և դրանց գործունեությանը մասնակցությունը, միջազգային գիտաժողովների, խորհրդակցությունների անցկացումը.

դ) ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողով հրավիրելու մասին որոշում ընդունելը.

ե) ՀՀ ԳԱԱ-ի համակարգում հայցման ինստիտուտի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի կազմակերպման մասին որոշում ընդունելը.

զ) ՀՀ ԳԱԱ-ի կողմից սահմանվող պատվավոր կոչումների, մրցանակների և մեդալների շնորհման մասին որոշում ընդունելը.

է) հիմնարար հետազոտությունների կարևորագույն հիմնահարցերի մշակման, փորձագիտական աշխատանքների իրականացման համար գիտական խորհուրդների և հանձնաժողովների ձևավորման մասին որոշում ընդունելը.

ը) հրատարակչական աշխատանքներ կազմակերպելու, գիտական պարբերականներ հիմնելու, վերափոխելու և հրատարակելու, ՀՀ ԳԱԱ-ի գիտահրատարակչական խորհրդի կողմից ներկայացվող հրատարակչական պլանը հաստատելու և դրա կատարումը վերահսկելու մասին որոշումներ ընդունելը.

թ) համակարգի գիտական և այլ կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին որոշում ընդունելը.

ժ) ՀՀ ԳԱԱ-ի տարեկան հաշվետվությունները ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի քննարկմանը ներկայացնելը.

ժա) սահմանված կարգով ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընտրությունների անցկացման ժամկետի, մասնագիտությունների անվանացանկի, ակադեմիկոսների և թղթակից-անդամների առավելագույն թափուր տեղերի թվի վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու մասին որոշում ընդունելը.

ժբ) ՀՀ ԳԱԱ-ի տարեկան բյուջետային հայտը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու մասին որոշում ընդունելը.

ժգ) ՀՀ ԳԱԱ-ի գիտահետազոտական և գիտաօժանդակ կազմակերպությունների տնօրեններին, ամսագրերի գլխավոր խմբագիրներին, խորհուրդների և հանձնաժողովների նախագահներին իրենց պաշտոններում հաստատելը.

ժդ) հիմնարար հետազոտությունների առավել հեռանկարային ուղղությունների զարգացման և ՀՀ ԳԱԱ-ի գիտաշխատողների սոցիալական պաշտպանվածության ապահովման համար հատուկ հիմնադրամներ, պահուստներ (այդ թվում` արտաբյուջետային) ստեղծելը.

ժե) ՀՀ ԳԱԱ-ի նախագահի առաջարկությամբ նշանակովի պաշտոնների անվանացանկը հաստատելը.

ժզ) ՀՀ ԳԱԱ-ին տրամադրված ֆինանսական միջոցների, նյութական արժեքների և այլ ունեցվածքի տնօրինման մասին որոշում ընդունելը.

ժէ) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ գործառույթների իրականացումը:

19. Նախագահությունը վերահսկում է ակադեմիայի անդամների կողմից ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության դրույթների կատարումը:

20. Նախագահության անմիջական ենթակայությամբ գործող գիտակրթական, գիտաարտադրական, գիտաօժանդակ ընդհանուր ակադեմիական բնույթի կազմակերպությունների տնօրեններին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահը` նախագահության որոշմամբ:

21. Բաժանմունքը ՀՀ ԳԱԱ-ի խորհրդատվական մարմին է, որը միավորում է տվյալ բաժանմունքի գծով ակադեմիայի անդամներին, դրա կազմում նախագահության կողմից հաստատված ցանկի համաձայն ընդգրկված գիտական և գիտաօժանդակ կազմակերպությունները և դրանց աշխատողներին ու հանդիսանում է գիտությունների տվյալ բնագավառի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման հիմնական օղակը:

22. Բաժանմունքի ղեկավար մարմինը բաժանմունքի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է տվյալ բաժանմունքի ՀՀ ԳԱԱ-ի անդամներին, բաժանմունքի կազմում ընդգրկված գիտական կազմակերպությունների տնօրեններին:

23. Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն առաջադրվում է բաժանմունքի ակադեմիկոսներից կամ թղթակից-անդամներից, ընտրվում բաժանմունքի ընդհանուր ժողովում` 5 տարի ժամկետով` փակ (գաղտնի) քվեարկությամբ, ժողովի անդամների ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ, և ներկայացվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի հաստատմանը:

24. Բաժանմունքի ընդհանուր ժողովը`

ա) հաստատում է գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, քննարկում դրանց կատարման ընթացքը.

բ) քննարկում և հաստատում է բաժանմունքի տարեկան հաշվետվությունը.

գ) լսում և քննարկում է ՀՀ ԳԱԱ-ի համակարգի և այլ գիտական կազմակերպությունների, առանձին գիտնականների գիտական զեկուցումները.

դ) ընտրում է ՀՀ ԳԱԱ-ի անդամության թեկնածուներին` ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին ներկայացնելու համար.

ե) կազմակերպում է ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների տնօրենների ընտրությունը:

25. Բաժանմունքի ընդհանուր ժողովների կազմակերպումը, քվորումի ապահովման և որոշումների ընդունման կարգը համանման է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կազմակերպման կարգին, բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

26. Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի ընտրությունը և բաժանմունքի գործունեությունը կարգավորվում է սույն կանոնադրությամբ և ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի ու բաժանմունքի ընդհանուր ժողովի որոշումներով:

27. ՀՀ ԳԱԱ-ի գործադիր մարմինը ՀՀ ԳԱԱ-ի նախագահն է, որն իրականացնում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը:

28. ՀՀ ԳԱԱ-ի նախագահն ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամներից, փակ (գաղտնի) քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

29. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը`

ա) նախագահում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի և նախագահության նիստերը.

բ) նախագահության հաստատմանն է ներկայացնում նախագահության կառուցվածքը, աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատողների թիվը.

գ) ընդհանուր ժողովին առաջարկում է նախագահության անդամների թեկնածությունները` խորհրդակցելով բաժանմունքների հետ.

դ) հանդիսանում է ՀՀ ԳԱԱ-ի վարկերի գլխավոր կարգադրիչը.

ե) ստորագրում է ՀՀ ԳԱԱ-ի կողմից կնքվող գիտական համագործակցության և այլ պայմանագրեր, համաձայնագրեր կամ սահմանված կարգով դրա համար լիազորում է ակադեմիկոս-քարտուղարին.

զ) ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին ներկայացնում է առաջարկություններ նախագահության անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և նոր անդամների ընտրության վերաբերյալ.

է) ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի և նախագահության որոշումների կատարումը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմի աշխատողներին.

թ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ գործառույթներ:

(29-րդ կետը փոփ. 15.12.05 N 2212-Ն)

30. ՀՀ ԳԱԱ-ի նախագահն իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և կարգադրություններ, կասեցնում ՀՀ ԳԱԱ-ի համակարգի մեջ մտնող գիտական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության պահանջներին հակասող հրամաններն ու կարգադրությունները:

31. ՀՀ ԳԱԱ-ի նախագահի բացակայության դեպքում նոր պարտականությունները կատարում է ակադեմիկոս-քարտուղարը:

(31-րդ կետը փոփ. 15.12.05 N 2212-Ն)

32. (32-րդ կետն ուժը կորցրել է 15.12.05 N 2212-Ն)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 15.12.05 N 2212-Ն)

34. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղարը նախապատրաստում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովները և նախագահության նիստերը, վերահսկողություն սահմանում ընդհանուր ժողովների ու նախագահության որոշումների, ՀՀ ԳԱԱ-ի նախագահի հրամանների և կարգադրությունների կատարման նկատմամբ, կազմակերպում է նախագահության հաշվետվության նախապատրաստումը, իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական և այլ մարմինների հետ կապը:

 

IV. ՀՀ ԳԱԱ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

35. ՀՀ ԳԱԱ-ի անդամներ են ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամները, պատվավոր և արտասահմանյան անդամները:

36. ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամ ընտրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն գիտնականները, որոնք գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով:

ՀՀ ԳԱԱ-ի թղթակից-անդամ ընտրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն գիտնականները, որոնք գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող գիտական աշխատանքներով:

37. Իրենց գործունեությամբ Հայաստանի հետ կապված գիտական ակնառու արդյունքներ ունեցող, աշխարհում ճանաչված գիտնականները կարող են ընտրվել ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներ:

ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր անդամ կարող են ընտրվել Հայաստանի կամ օտարերկրացի ճանաչված գիտնականները, հասարակական և այլ գործիչներ, որոնք նպաստում են ՀՀ ԳԱԱ-ի գործունեությանը:

38. ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամների առավելագույն թիվը և մասնագիտությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախագահության առաջարկությամբ:

39. ՀՀ ԳԱԱ-ի անդամներն ընտրվում են ցմահ: ՀՀ ԳԱԱ-ի այն անդամները, ովքեր կորցնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, դառնում են ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ:

40. ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամների ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

41. Ընտրությունների անցկացման մասին նախագահության հայտարարությունը հրապարակվում է մամուլում` ոչ ուշ, քան ընտրությունների անցկացման օրվանից 2 ամիս առաջ:

42. ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամի թեկնածությունների առաջադրման իրավունքը վերապահվում է ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամներին, գիտական հիմնարկներին, բարձրագույն ուսումնական հաստատություններին: Թեկնածուներն առաջադրվում են գիտական և գիտատեխնիկական խորհուրդների նիստերում` ձայների պարզ մեծամասնությամբ:

43. ՀՀ ԳԱԱ-ի իսկական, թղթակից-անդամների ընտրություններն անցկացվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` փակ (գաղտնի) քվեարկությամբ` բաժանմունքների ընդհանուր ժողովների կողմից ընտրված թեկնածուներից: Բաժանմունքների ընդհանուր ժողովներում ընտրված ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամների թեկնածուների թիվը չպետք է գերազանցի տվյալ բաժանմունքի համապատասխան թափուր տեղերի թիվը:

ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան և պատվավոր անդամների ընտրություններն անցկացվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` ՀՀ ԳԱԱ-ի նախագահի առաջարկությամբ, բաժանմունքների ընդհանուր ժողովների կողմից առաջադրված թեկնածուներից: Քվեարկության կարգը որոշվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից:

44. ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամների թեկնածուների ընտրության ժամանակ բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն տվյալ բաժանմունքի` ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամները:

ՀՀ ԳԱԱ-ի թղթակից-անդամների թեկնածուների ընտրության ժամանակ բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն տվյալ բաժանմունքի` ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամները:

45. Բաժանմունքի առանձին անդամների` հարգելի պատճառով բացակայության դեպքում բաժանմունքի ընդհանուր ժողովին մասնակցող ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամների ընդհանուր ցուցակները ճշգրտվում են ընդհանուր ժողովից առաջ, որից հետո բաժանմունքը հաստատում է դրանք` քվեարկության համար:

46. Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է անցկացնելու ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամների թեկնածուների ընտրությունը, եթե քվեարկությանը մասնակցում է տվյալ բաժանմունքում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամների թվի առնվազն երեք քառորդը:

Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է անցկացնելու ՀՀ ԳԱԱ-ի թղթակից-անդամների թեկնածուների ընտրությունը, եթե քվեարկությանը մասնակցում է տվյալ բաժանմունքում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդը:

47. ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամի թեկնածու ընտրված են համարվում այն անձինք, ովքեր ստացել են առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս, քան տվյալ բաժանմունքի քվեարկության ցուցակում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների ձայների երկու երրորդը:

ՀՀ ԳԱԱ-ի թղթակից-անդամի թեկնածու ընտրված են համարվում այն անձինք, ովքեր ստացել են առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս, քան տվյալ բաժանմունքի քվեարկության ցուցակում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամների ձայների երկու երրորդը:

48. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամ ընտրելիս վճռական ձայնի իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամները, իսկ թղթակից-անդամ ընտրելիս` ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամները: Քվորումը և քվեարկության կարգն այնպիսին են, ինչպիսին բաժանմունքների ընդհանուր ժողովներում ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամների թեկնածուների առաջադրման ժամանակ: Քվեարկության համար ցուցակային կազմը հաստատվում է նախագահության որոշմամբ:

49. ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամ ընտրված են համարվում այն անձինք, ովքեր ստացել են ցուցակային կազմում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամների ձայների առնվազն երկու երրորդը:

ՀՀ ԳԱԱ-ի թղթակից-անդամ ընտրված են համարվում այն անձինք, ովքեր ստացել են ցուցակային կազմում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի անդամների ձայների առնվազն երկու երրորդը:

50. ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան և պատվավոր անդամները համարվում են ընտրված, եթե ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում նրանք ստացել են ՀՀ ԳԱԱ-ի անդամների ցուցակային կազմի ձայների մեծամասնությունը:

 

V. ՀՀ ԳԱԱ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

51. ՀՀ ԳԱԱ-ի յուրաքանչյուր իսկական և թղթակից-անդամ կարող է լինել ՀՀ ԳԱԱ-ի միայն մեկ բաժանմունքի կազմում:

52. ՀՀ ԳԱԱ-ի անդամներն իրավունք ունեն իրենց բաժանմունքի և նախագահության քննարկմանը ներկայացնելու գիտական և գիտակազմակերպական հարցեր, ինչպես նաև այդ հարցերի քննարկումը նախագահության և բաժանմունքի միջոցով տեղափոխելու բաժանմունքի ընդհանուր ժողով և ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողով:

53. ՀՀ ԳԱԱ-ի անդամներն իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու ՀՀ ԳԱԱ-ի ղեկավար մարմինների կազմում:

54. ՀՀ ԳԱԱ-ի անդամները պարտավոր են կատարել ՀՀ ԳԱԱ-ի ղեկավար մարմինների որոշումները, մասնակցել ՀՀ ԳԱԱ-ի առջև դրված խնդիրների կատարմանը, ամեն տարի իրենց գիտական և գիտակազմակերպական գործունեության մասին հաշվետվություն ներկայացնել այն բաժանմունք, որի գծով նրանք ընտրվել են ՀՀ ԳԱԱ-ի անդամ:

55. ՀՀ ԳԱԱ-ի իսկական և թղթակից-անդամն ինստիտուտի տնօրենի հրամանով կարող է, առանց մրցույթի և ընտրության, գիտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվել 5 տարի ժամկետով, ինչպես նաև` երկրորդ ժամկետով:

56. Նախագահության երկարամյա նախկին անդամները և տնօրենները նախագահության որոշմամբ կարող են անժամկետ հաստատվել նախագահության խորհրդականներ: Խորհրդականների համար պահպանվում են ՀՀ ԳԱԱ-ի համակարգում նրանց զբաղեցրած վերջին պաշտոններին համապատասխան աշխատավարձը և գործող օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

 

VI. ՀՀ ԳԱԱ-Ի ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

57. ՀՀ ԳԱԱ-ի գույքը և միջոցները ձևավորվում են հիմնադրի կողմից նրան անժամկետ և անհատույց օգտագործման համար ամրացված գույքից, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից, պայմանագրային աշխատանքներից ստացված եկամուտներից, հանրապետական և միջազգային հիմնադրամների, այլ կազմակերպությունների ու մասնավոր անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

58. ՀՀ ԳԱԱ-ի և դրա համակարգի գիտական կազմակերպություններն իրենց օգտագործման և տիրապետման տակ ունեն շենքեր, շինություններ, կառույցներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, կապի միջոցներ, հողատարածքներ և այլ գույք, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի համակարգում աշխատողների սոցիալական պահանջների բավարարումն ապահովող գույք` բնակարանային ֆոնդ, պոլիկլինիկա, հյուրանոցներ, հանգստյան տներ, պանսիոնատներ, ճամբարներ, գիտնականների ստեղծագործական տներ և օրենքով չարգելված այլ գույք:

59. ՀՀ ԳԱԱ-ի և դրա համակարգի գիտական կազմակերպությունները ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները ծախսում են իրենց կանոնադրական խնդիրների լուծման համար:

60. ՀՀ ԳԱԱ-ի և դրա համակարգի կազմակերպությունների գույքը ենթակա չէ սեփականաշնորհման:

61. ՀՀ ԳԱԱ-ն և դրա համակարգի կազմակերպություններն իրավունք ունեն իրենց տնօրինության տակ գտնվող և չօգտագործվող գույքը (այդ թվում` անշարժ) հանձնելու վարձակալության և ստացված գումարներն օգտագործելու դրանց կանոնադրական խնդիրների լուծման համար:

62. ՀՀ ԳԱԱ-ին ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները ՀՀ ԳԱԱ-ի սեփականությունն են:

63. ՀՀ ԳԱԱ-ի գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներն են:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր կարող են ծառայել պետական, հասարակական և մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաև այն միջոցները, որոնք ստացվում են հանրապետության և այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերի հիման վրա և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

64. ՀՀ ԳԱԱ-ի բազային և նպատակային-ծրագրային ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նշվում է առանձին տողով:

65. ՀՀ ԳԱԱ-ն տնօրինում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սահմանված կարգով իրենց հատկացվող բազային ֆինանսական միջոցները և դրանք բաշխում ըստ գիտական ուղղությունների ու գիտական կազմակերպությունների:

66. ՀՀ ԳԱԱ-ի համակարգում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

 

VII. ՀՀ ԳԱԱ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

67. ՀՀ ԳԱԱ-ն վերակազմակերպվում ու լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: