Գլխավոր տեղեկություն
Номер
N 1939-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (15.09.2007-24.10.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.03.14/15(539) Հոդ.323
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2007
Дата вступления в силу
15.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.04.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1939-Ն

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով սպառողների (սեփականատերերի) էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 23
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

«Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ, ՏԿ) գործողությունը տարածվում է 1000 Վ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների սեփականատերեր հանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, բացի էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց (այսուհետ` սպառողներ) ծառայությունների վրա: Տեխնիկական կանոնակարգը ներառում է մինչև 220 կՎ` ներառյալ լարման գործող էլեկտրատեղակայանքները շահագործող սպառողներին ներկայացվող պահանջները:

Սույն ՏԿ-ի պահանջները տարածվում են «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների.» ՀԴ 006.3-2004 դասակարգչի հետևյալ ծառայությունների վրա`

45.31.41.400 Ծառայություններ էլեկտրահաղորդման գծերի ամպրոպապաշտպանիչ ճոպանների կախման
45.31.41.600 Ծառայություններ էլեկտրահաղորդման գծերի հաղորդալարերի գցման
45.31.41.300 Ծառայություններ էլեկտրահաղորդման գծերի հաղորդալարերի կախման
31.10.92.000 Ծառայություններ էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների նորոգման, տեխնիկական սպասարկման և փաթաթման
31.10.91.000 Ծառայություններ էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների տեղակայման
45.34.22.000 Ծառայություններ էլեկտրատեղակայման աշխատանքների անցկացման, այլ, չներառված ուրիշ խմբավորումներում
31.20.92.000 Ծառայություններ էլեկտրաբաշխիչ և կարգավորող սարքերի նորոգման և տեխնիկական սպասարկման
31.20.91.000 Ծառայություններ էլեկտրաբաշխիչ և կարգավորող սարքերի տեղակայման

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) գործող էլեկտրատեղակայանք` էլեկտրատեղակայանք կամ դրա մի մասը, որը գտնվում է լարման տակ կամ որին լարում կարելի է տալ միացնելով փոխարկման ապարատները,

2) երկրորդային էլեկտրահաղորդման շղթաներ` սեղմակների, էլեկտրահաղորդալարերի և մալուխների համախումբ, որոնցով միացվում են էլեկտրաավտոմատիկայի, արգելափակման, չափման, պաշտպանության և ազդանշանման կառավարման սարքերն ու սարքվածքները,

3) էլեկտրակայանի (ենթակայանի) կառավարման վահան` էլեկտրակայանի միևնույն շենքում տեղակայված վահանների համախումբ` իրենց կառավարման, հսկման, պաշտպանության սարքվածքներով,

4) էլեկտրական բաշխիչ կետ` ենթակայանի կազմում չգտնվող էլեկտրական ԲՍ,

5) էլեկտրական բաշխիչ սարքվածք (ԲՍ)` էլեկտրաէներգիայի ընդունման և բաշխման էլեկտրատեղակայանք, որը պարունակում է փոխարկման ապարատներ, հավաքման և միացման հաղորդաձողեր, օժանդակ սարքվածքներ (ճնշակային, կուտակիչ և այլն), ինչպես նաև պաշտպանության, ավտոմատիկայի սարքվածքներ և չափող սարքեր,

6) էլեկտրական ենթակայան` էլեկտրատեղակայանք` նախատեսված էլեկտրական էներգիայի կերպափոխման և բաշխման համար,

7) էլեկտրական էներգիայի աղբյուր` էլեկտրատեխնիկական արտադրատեսակ (սարքվածք), որը էներգիայի տարբեր տեսակները կերպափոխում է էլեկտրական էներգիայի,

8) էլեկտրական ցանց` էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման էլեկտրատեղակայանքների համախումբ, բաղկացած որոշակի տարածքում աշխատող ենթակայաններից, բաշխիչ սարքվածքներից (ԲՍ), հոսանահաղորդիչներից, էլեկտրահաղորդման օդային և մալուխային գծերից (ՕԳ և ՄԳ),

9) էլեկտրահաղորդագիծ` հաղորդալարերի, մալուխների համախումբ` իրենց ամրացման հարմարանքներով, տեղակայման և պաշտպանության մանրակներով անցկացված շենքերի, կառույցների կոնստրուկցիաների վրայով կամ միջով,

10) էլեկտրասարքավորում` ընդհանուր հատկանիշներով միավորված էլեկտրական սարքվածքների համախումբ: Միավորման հատկանիշներ, կախված խնդրից, կարող են լինել` տեխնոլոգիական (ըստ նշանակության), արևադարձային գոտիների (ըստ կլիմայական պայմանների) և օբյեկտի պատկանելության (ըստ հաստոցի, արտադրամասի և այլն),

11) էլեկտրատեխնիկական արտադրատեսակի (սարքվածքի) արգելափակում` էլեկտրատեխնիկական արտադրատեսակի (սարքվածքի) մաս, նախատեսված դրա որոշ մասերի գործողությունների կատարման կանխարգելման կամ սահմանափակման համար արտադրատեսակի այլ մասերի որոշակի վիճակների կամ դիրքերի դեպքերում, որպեսզի կանխվի դրանում անթույլատրելի վիճակների առաջացումը կամ բացառվի մոտեցումը լարման տակ գտնվող դրա մասերին,

12) էլեկտրատեղակայանք` մեքենաների, սարքերի, գծերի և օժանդակ սարքավորումների (այն կառույցների ու շենքերի հետ միասին, որոնցում դրանք տեղադրված են) համախումբը, որը նախատեսված է էլեկտրական էներգիայի արտադրության, կերպափոխման, տրանսֆորմացիայի, հաղորդման, բաշխման և էներգիայի այլ տեսակների կերպափոխման համար,

13) էլեկտրատնտեսություն` էներգատնտեսության ենթատնտեսություն, որն ընդգրկում է միայն էլեկտրաէներգիայի սարքավորումներն ու տեղակայանքները,

14) էներգատնտեսություն` կազմակերպության (ընկերության) էներգակիրների, այդ թվում` ջրի, սեղմած օդի, գազերի հաղորդման, բաշխման, կուտակման, սպառման, օգտահանման տեղակայանքների և համակարգերի, ինչպես նաև էներգակիրների կիրառմամբ տեխնոլոգիական և օժանդակ ուժային, կառավարման ու տեղեկատվական սարքավորումների և տեղակայանքների համալիր,

15) թեթևացված մեկուսացումով էլեկտրասարքավորում` ամպրոպային գերլարումների ազդեցությանը ոչ ենթակա կամ ամպրոպային գերլարումների ամպլիտուդը սահմանափակող պաշտպանական միջոցների առկայությամբ էլեկտրասարքավորում` նախատեսված էլեկտրատեղակայանքներում կիրառելու համար,

16) լրակազմ բաշխիչ սարքվածք (ԼԲՍ)` բաշխիչ սարքվածք, բաղկացած լրիվ կամ մասնակի փակ պահարաններից կամ բլոկներից, իրենց մեջ ներկառուցված փոխարկման ապարատներով, սարքավորումով, պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքներով, որը մատակարարվում է հավաքված կամ հավաքման համար լրիվ նախապատրաստված վիճակում: ԼԲՍ-ները նախատեսված են ներքին տեղակայման համար, իսկ ԼԲՍԱ-ները` արտաքին տեղակայման համար,

17) լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան (կերպափոխիչ) (ԼՏԵ, ԼԿԵ)` ենթակայան, բաղկացած տրանսֆորմատորներից (կերպափոխիչներից) և բլոկներից (ԼԲՍ կամ ԼԲՍԱ և այլ տարրեր), որը մատակարարվում է հավաքված կամ հավաքման համար լրիվ նախապատրաստված վիճակում: Փակ շենքերում տեղակայվող ԼՏԵ (ԼԿԵ) կամ դրանց մասերը պատկանում են ներքին տեղակայանքներին, իսկ բաց օդում տեղադրվողները` արտաքին,

18) ծածկված աշխատանքներ` շինարարական աշխատանքներ, որոնք տեխնոլոգիայի համաձայն, ավարտից հետո անտեսանելի են (փակված են ծեփով, չքանդվող ծածկույթով և այլն),

19) կերպափոխիչ ենթակայան` էլեկտրական ենթակայան, նախատեսված հոսանքի տեսակը կամ դրա հաճախականությունը կերպափոխելու համար,

20) հավաքող հաղորդաձողերի համակարգ` էլեկտրական բաշխիչ սարքվածքների միացումները կապող տարրերի լրակազմ,

21) հոսանահաղորդիչ`  հաղորդաձողերի կամ հաղորդալարերի տեսքով պատրաստված սարքվածք` իրենց մեկուսիչներով և պահող կոնստրուկցիաներով` նախատեսված էլեկտրակայանի, ենթակայանի կամ արտադրամասի սահմաններում էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման համար,

22) մալուխային էլեկտրահաղորդման գիծ (ՄԳ)` էլեկտրաէներգիայի կամ դրա առանձին իմպուլսների հաղորդման գիծ, բաղկացած մեկ կամ մի քանի զուգահեռ մալուխներից իրենց միացնող, սևեռող եզրային կցորդիչներով և ամրացնող տարբերակով, իսկ յուղալեցուն մալուխների համար, բացի դրանից նաև յուղի լրասնման ապարատներով ճնշման ազդանշանման համակարգով,

23) ներկառուցված ենթակայան` շենքի մասը զբաղեցնող էլեկտրական ենթակայան,

24) նորմալ մեկուսացումով էլեկտրասարքավորում` էլեկտրասարքավորում` նախատեսված ամպրոպային գերլարումների ազդեցությանը ենթակա, գերլարումներից սովորական պաշտպանության միջոցներով ապահովված էլեկտրատեղակայանքներում կիրառելու համար,

25) նպատակային հրահանգավորում` էլեկտրատեղակայանքում կատարվող կոնկրետ աշխատանքի անվտանգ կատարման ցուցումներ, որում ընդգրկվում են կարգագրով կամ կարգադրությամբ որոշվող աշխատողներ (ըստ կարգերի), սկսած կարգագիրը տվողից, կարգադրությունն իրագործողից մինչև բրիգադի անդամը կամ կատարողը,

26) շարժական էլեկտրաընդունիչ` էլեկտրաընդունիչ, որի կոնստրուկցիան հնարավորություն է տալիս այն տրանսպորտային միջոցների օգնությամբ կամ ձեռքով (շարժագլորելով) տեղափոխել, ըստ նշանակության, օգտագործման վայրը, իսկ միացումը սնուցման աղբյուրին իրականացվում է ճկուն մալուխով, էլեկտրաքուղով և ժամանակավոր քանդովի կամ կազմատվող հպումային միացումներով,

27) ուժային էլեկտրական շղթա` էլեկտրական շղթա, որը պարունակում է տարրեր, որոնց գործառնական նշանակությունն է էլեկտրական էներգիայի հիմնական մասի արտադրումը կամ հաղորդումը, դրա բաշխումը, կերպափոխումը` էներգիայի այլ տեսակների կամ հարաչափերի այլ նշանակությամբ էլեկտրական էներգիայի,

28) չեզոք` էլեկտրասարքավորման աստղաձև միացված փաթույթների (տարրերի) ընդհանուր կետը,

29) տրանսֆորմատորային ենթակայան` էլեկտրական ենթակայան` նախատեսված տրանսֆորմատորների (կերպափոխիչների) օգնությամբ մեկ լարման էլեկտրաէներգիան այլ լարման էլեկտրաէներգիայի կերպափոխելու համար,

30) փորձարկմանն ուղղված լարում` սահմանված ժամանակահատվածում էլեկտրասարքավորմանը տրված լարման ամպլիտուդային արժեքն է փորձարկման որոշակի պայմաններում,

31) քարշային ենթակայան` էլեկտրական ենթակայան` հիմնականում նախատեսված էլեկտրական քարշով տրանսպորտային միջոցները հպումային ցանցով սնելու համար,

32) օդային էլեկտրահաղորդման գիծ (ՕԳ)` հաղորդալարերով էլեկտրաէներգիայի հաղորդման սարքվածք, որը բացօթյա է և մեկուսիչների ու արմատուրի օգնությամբ ամրացված է հենասյուների կամ ինժեներական կառույցների (կամուրջներ, ուղանցումներ և այլն) բարձակներին և կանգնակներին: Էլեկտրահաղորդման օդային գծի սկիզբ և վերջ ընդունվում են գծային ճակատամուտքերը կամ բաշխիչ սարքվածքի ԲՍ գծային ներանցիչները, իսկ ճյուղավորումների համար` ճյուղավորման հենասյունը և գծային ճակատամուտքը կամ ԲՍ գծային ներանցիչը,

33) օպերատիվ հոսանքի ցանց` փոփոխական կամ հաստատուն հոսանքի էլեկտրական ցանց` նախատեսված էլեկտրակայանի (ենթակայանի) կառավարման, ավտոմատիկայի, պաշտպանության և ազդանշանման շղթաներում օգտագործվող էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման համար։

 

III. ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1) Սպառողների էլեկտրատեղակայանքների շահագործումն իրականացնում է`

ա) սպառողի համապատասխան որակավորում ունեցող անձնակազմը/անձը,

բ) համապատասխան որակավորում ունեցող սերտիֆիկացված անձը (իրավաբանական կամ ֆիզիկական)` պայմանագրային հիմունքներով։

Սերտիֆիկացման պահանջներն ու սխեմաները տրված են սույն ՏԿ-ի VI բաժնում:

2) Սպառողն էլեկտրատեղակայանքների անվտանգության ապահովման համար պետք է`

ա) գործող էլեկտրատեղակայանքները պահի աշխատունակ վիճակում և շահագործի սույն ՏԿ-ի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան,

բ) ապահովի ժամանակին և որակյալ տեխնիկական սպասարկում, կատարի պլանային-նախազգուշական նորոգում, փորձարկումներ, իրականացնի էլեկտրատեղակայանքների և էլեկտրասարքավորումների արդիականացում և վերակառուցում գործող պահանջներին համապատասխան,

գ) իրականացնի էլեկտրատեխնիկական և էլեկտրատեխնոլոգիական անձնակազմի ընտրություն, աշխատողների պարբերական բժշկական զննումներ, անցկացնի աշխատանքի և հրդեհային անվտանգության հրահանգավորումներ, կազմակերպի անձնակազմի ուսուցում և գիտելիքների ստուգում,

դ) ապահովի էլեկտրատեղակայանքների հուսալի և անվտանգ շահագործումը, էլեկտրատեխնիկական և էլեկտրատեխնոլոգիական անձնակազմի աշխատանքի և շրջակա միջավայրի պաշտպանությունը դրանց շահագործման ժամանակ,

ե) վարի հաշվառք, վերլուծություն և փորձաքննություն էլեկտրատեղակայանքների աշխատանքի խափանումների և դրանց շահագործման հետ կապված դժբախտ դեպքերի վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնի տեղեկատվություն վթարների, մահացու, ծանր և խմբային դժբախտ դեպքերի մասին, որոնք կապված են էլեկտրատեղակայանքների շահագործման հետ,

զ) էլեկտրատեխնիկական անձնակազմի համար մշակի աշխատանքի անվտանգության վերաբերյալ ներքին իրավական ակտեր (պաշտոնական, արտադրական և աշխատանքի պաշտպանության հրահանգներ և այլն),

է) էլեկտրատեղակայանքները համալրի պաշտպանիչ և հրդեհամարման միջոցներով ու գործիքներով:

3) Էլեկտրատեղակայանքների շահագործման կազմակերպման անմիջական պարտականությունների կատարման համար սպառողի ղեկավարը (բացի 1000 Վ-ից ավելի լարման էլեկտրատեղակայանքի սեփականատեր քաղաքացիներից) համապատասխան ներքին իրավական ակտով կազմակերպության ղեկավարներից և մասնագետներից նշանակում է էլեկտրատնտեսության պատասխանատուին: Եթե կազմակերպությունում կա գլխավոր էներգետիկի պաշտոն, ապա այդ պարտականությունները դրվում են դրա վրա:

4) Ոչ արտադրական գործունեությամբ զբաղվող սպառողների մոտ, որոնց էլեկտրատնտեսությունը կազմված է միայն մուտքի (մուտքի-բաշխման) սարքվածքներից, լուսավորման տեղակայանքներից, 380 Վ-ից ոչ ավելի անվանական լարման տանովի սարքավորումներից, էլեկտրատնտեսության պատասխանատու կարող է չնշանակվել:

5) Անհատ ձեռնարկատերերը, ովքեր պայմանագրով իրականացնում են էլեկտրատեղակայանքների տեխնիկական սպասարկում, շահագործում, դրանցում կատարում են հավաքակցման, կարգաբերման, նորոգման, փորձարկման աշխատանքներ և չափումներ, պետք է ունենան լիցենզիա և սպառողի կողմից սահմանված կարգով անցնեն գիտելիքների ստուգում, ունենան էլեկտրաանվտանգության համապատասխան խումբ:

6) Սպառողը պարտավոր է`

ա) կազմակերպել էլեկտրատեղակայանքների շահագործմանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի մշակումը և վարումը,

բ) կազմակերպել էլեկտրատեխնիկական անձնակազմի ուսուցումը, հրահանգավորումը, գիտելիքների ստուգումը և տալ ինքնուրույն աշխատանքի թույլտվություն,

գ) կազմակերպել էլեկտրատեղակայանքներում բոլոր տեսակի աշխատանքների անվտանգ կատարումը, այդ թվում` գործուղված անձնակազմինը,

դ) ապահովել էլեկտրատեղակայանքների տեխնիկական սպասարկման, պլանային-նախազգուշական նորոգման և պրոֆիլակտիկ փորձարկումների ժամանակին և որակով կատարումը,

ե) ապահովել էլեկտրատեղակայանքներում պաշտպանության և հրդեհաշիջման միջոցների ու գործիքների առկայությունը, դրանց ժամանակին ստուգումը և փորձարկումը,

զ) ապահովել նոր և վերակառուցված էլեկտրատեղակայանքների շահագործման թույլտվության և միացման սահմանված կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշման,

է) կազմակերպել էլեկտրատեղակայանքների օպերատիվ սպասարկումը և վթարային իրավիճակների վերացումը,

ը) ապահովել էլեկտրամատակարարման փաստացի շահագործման սխեմաների համապատասխանության ստուգումը հաստատված նախագծերին` դրանցում կատարելով նշում ստուգման մասին (2 տարին առնվազն մեկ անգամ), հրահանգների և սխեմաների վերանայում (3 տարին առնվազն մեկ անգամ), էլեկտրատեխնիկական անձնակազմի որակավորման բարձրացում (5 տարին առնվազն մեկ անգամ),

թ) հսկել գործող էլեկտրատեղակայանքներում և էլեկտրահաղորդման գծերի պահպանության գոտիներում շինարարական-հավաքակցման և մասնագիտական կազմակերպությունների անձնակազմի աշխատանքի թույլտվության ճշտությունը:

7) Էլեկտրատնտեսության պատասխանատուի և դրա տեղակալի նշանակումը պետք է կատարվի դրանց գիտելիքների ստուգումից և էլեկտրաանվտանգության համապատասխան խմբի շնորհումից հետո` V խումբ` 1000 Վ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների համար, IV խումբ` մինչև 1000 Վ լարման էլեկտրատեղակայանքների համար:

8) Պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված պետական մարմինը «Էներգետիկայի բնագավառում և էլեկտրասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

2. ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1) Նոր կամ վերակառուցված էլեկտրատեղակայանքների և թողարկվող համալիրների ընդունումը շահագործման պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխան:

2) Էլեկտրատեղակայանքների շահագործման ընդունումից առաջ պետք է իրականացվեն`

ա) էներգաօբյեկտի շինարարության և հավաքակցման ընթացքում` կառույցների և սարքավորումների հանգույցների միջանկյալ (նախնական) ընդունում, այդ թվում` ծածկված աշխատանքների,

բ) սարքավորումների ընդունման-հանձնման փորձարկումները և էլեկտրատեղակայանքների առանձին համակարգերի թողարկման-կարգաբերման փորձարկումները,

գ) սարքավորումների համալիր փորձարկումը:

3) Բոլոր փորձարկումներից առաջ պետք է ստուգել սույն տեխնիկական կանոնակարգի և այլ շահագործման փաստաթղթերի, շինարարական նորմերի և կանոնների, պահանջների, ինչպես նաև սարքավորումներն արտադրող կազմակերպության ցուցումների, դրանց հավաքակցման հրահանգների կատարումը:

4) Սարքավորումների համալիր փորձարկման ժամանակ պետք է ստուգվի դրանց և տեխնոլոգիական սխեմաների աշխատունակությունը, շահագործման անվտանգությունը` ստուգվեն և կարգաբերվեն. հսկման և կառավարման բոլոր համակարգերը, պաշտպանության և ուղեկալման սարքվածքները, ազդանշանման և հսկման չափման սարքերի սարքվածքները:

Համալիր փորձումը համարվում է կատարված, եթե հիմնական և օժանդակ սարքավորումներն անընդհատ և բնականոն ռեժիմով աշխատել են 72 ժ ընթացքում, իսկ էլեկտրահաղորդման գծերը` 24 ժ:

5) Նախքան էներգաօբյեկտի փորձումը և ընդունումը պետք է ստեղծված լինեն դրա անվտանգ շահագործման համար հետևյալ պայմանները`

ա) համալրվեն և ուսուցանվեն (գիտելիքների ստուգմամբ) էլեկտրատեխնիկական և էլեկտրատեխնոլոգիական անձնակազմերը,

բ) մշակված և հաստատված լինեն շահագործման, աշխատանքի պաշտպանության հրահանգները, օպերատիվ սխեմաները, հաշվառքի և հաշվետվության տեխնիկական փաստաթղթերը,

գ) նախապատրաստված և փորձարկված լինեն պաշտպանության միջոցները, գործիքները, պահեստամասերը և նյութերը,

դ) գործարկված լինեն կապի, ազդանշանման, հրդեհաշիջման, վթարային լուսավորության և օդափոխության միջոցները:

 

3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆՐԱ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

1) Էլեկտրատեղակայանքների շահագործումը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սերտիֆիկացված էլեկտրատեխնիկական անձնակազմը/անձը (տես գլուխ VI):

2) Էլեկտրատեխնոլոգիական տեղակայանքների (էլեկտրաեռակցում, էլեկտրալիզ և այլն), ինչպես նաև բարդ էներգահագեցված արտադրատեխնոլոգիական սարքավորումների սպասարկումը պետք է իրականացնի նախապատրաստված էլեկտրատեխնոլոգիական անձնակազմը:

3) Ոչ էլեկտրատեխնիկական անձնակազմին, ովքեր կատարում են այնպիսի աշխատանքներ, որի ընթացքում հնարավոր է առաջանալ հոսանքահարման վտանգ, տրվում է էլեկտրաանվտանգության I խումբ: Այդպիսի պաշտոնների և մասնագիտությունների ցուցակը որոշում է սպառողի ղեկավարը:

Էլեկտրաանվտանգության I խմբի շնորհումն իրականացվում է հրահանգավորման անցկացմամբ, որը պետք է ավարտվի գիտելիքների ստուգմամբ (բանավոր հարցումով) և ձևակերպվում է սպառողի հրամանով սահմանված ձևի մատյանում:

Էլեկտրաանվտանգության I խմբի շնորհումն իրականացնում է սպառողի էլեկտրատեխնիկական անձնակազմի ոչ պակաս III խումբ ունեցող աշխատողը:

Էլեկտրաանվտանգության I խմբի շնորհումն իրականացվում է տարեկան ոչ պակաս մեկ անգամ պարբերականությամբ:

4) Տարբեր կարգի աշխատողների հետ տարվող աշխատանքների պարտադիր ձևերն են`

ա) վարչատեխնիկական անձնակազմի հետ`

ներածական և նպատակային (անհրաժեշտության դեպքում) հրահանգավորում աշխատանքի պաշտպանության վերաբերյալ,

աշխատանքի պաշտպանության, սույն տեխնիկական կանոնակարգի, հրդեհային անվտանգության կանոնների և այլ նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ գիտելիքների ստուգում,

որակավորման բարձրացման համար մասնագիտական լրացուցիչ ուսուցում:

Օպերատիվ, օպերատիվ-նորոգման կամ նորոգման աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող վարչատեխնիկական անձնակազմի աշխատողների հետ պետք է անցկացվեն նաև նախապատրաստական (ուսուցման) այն բոլոր տեսակները, որոնք նախատեսված են օպերատիվ, օպերատիվ-նորոգման կամ նորոգման անձնակազմի համար.

բ) օպերատիվ և օպերատիվ-նորոգող անձնակազմի հետ`

ներածական, առաջնային (աշխատատեղում), կրկնական, արտապլանային և նպատակային հրահանգավորումներ աշխատանքի պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև հրդեհային անվտանգության հրահանգավորում,

նոր պաշտոնի կամ մասնագիտության նախապատրաստություն` աշխատատեղում ուսուցումով (ստաժավորում),

աշխատանքի պաշտպանություն, հրդեհային անվտանգության կանոնների և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում,

կրկնորդում,

հատուկ (մասնագիտական) նախապատրաստություն,

հակավթարային և հակահրդեհային ստուգողական վարժանքներ,

որակավորումը բարձրացնելու համար մասնագիտական լրացուցիչ ուսուցում.

գ) նորոգող անձնակազմի հետ տարվում են նույն աշխատանքները, ինչ որ օպերատիվ-նորոգող անձնակազմի հետ, բացառությամբ կրկնորդման, հատուկ նախապատրաստման և հակավթարային ու հակահրդեհային վարժանքների:

5) Էլեկտրատեղակայանքներում աշխատանքի ընդունվող աշխատողները պետք է ունենան համապատասխան բնույթի աշխատանքի մասնագիտական պատրաստվածություն: Մասնագիտական պատրաստվածության բացակայության դեպքում այդպիսի աշխատողները պետք է ուսուցանվեն (մինչև ինքնուրույն աշխատանքի թույլատրելը) սպառողի մասնագիտական ուսուցման կենտրոնում կամ պայմանագրային հիմունքներով` մասնագիտական կազմակերպությունում:

6) Էլեկտրատեխնիկական անձնակազմը մինչև ինքնուրույն աշխատանքի նշանակվելը կամ էլեկտրատեղակայանքների շահագործման հետ կապված այլ աշխատանքի (պաշտոնի) անցնելը, ինչպես նաև մեկ տարվանից ավելի աշխատանքի (որպես էլեկտրատեխնիկական անձնակազմի աշխատող) ընդմիջումից հետո, պարտավոր է անցնել ստաժավորում (արտադրական ուսուցում) աշխատատեղում: Ուսուցման համար աշխատողին պետք է տրամադրվի ժամկետ, որպեսզի ծանոթանա սարքավորումների, ապարատների, օպերատիվ սխեմաների հետ և միաժամանակ տվյալ պաշտոնի (մասնագիտության) համար անհրաժեշտ ծավալով ուսումնասիրի իր պաշտոնական հրահանգով նախատեսված ՏԿ-երը, անվտանգության կանոնները, արտադրությունում դժբախտ պատահարների դեպքում առաջին օգնություն ցույց տալու կանոններն ու ձևերը, պաշտպանության միջոցների կիրառման և փորձարկման կանոնները, պաշտոնական, արտադրական և աշխատանքի պաշտպանության հրահանգները, այլ նորմատիվ և շահագործական փաստաթղթեր:

7) Էլեկտրատեխնիկական անձնակազմի պատրաստման համար ծրագրերը, նշելով կանոնների և հրահանգների անհրաժեշտ բաժինները, կազմվում են սպառողի կազմակերպության կողմից:

Օպերատիվ անձնակազմի ղեկավարների, օպերատիվ, օպերատիվ-նորոգող անձնակազմի աշխատողների պատրաստման ծրագիրը պետք է նախատեսի ստաժավորում և գիտելիքների ստուգում, իսկ օպերատիվ անձնակազմի ղեկավարների, օպերատիվ, օպերատիվ-նորոգող անձնակազմի համար նաև կրկնորդում:

8) Ստաժավորում (կրկնորդում) անցած աշխատողը համապատասխան փաստաթղթով կցվում է կազմակերպության փորձառու աշխատողին (ղեկավարների և մասնագետների համար) կամ մասնաճյուղի փորձառու աշխատողին (բանվորների համար):

9) Ստաժավորումն անց է կացվում ուսուցանող պատասխանատու աշխատողի ղեկավարությամբ և իրականացվում է յուրաքանչյուր պաշտոնի (աշխատատեղի) համար հատուկ մշակված և հաստատված ծրագրերով: Ստաժավորման տևողությունը պետք է լինի 2-ից մինչև 14 հերթափոխ:

10) Ստաժավորման թույլտվությունը ձևակերպվում է սպառողի կամ մասնաճյուղի ղեկավարի համապատասխան փաստաթղթով: Փաստաթղթում նշվում են ստաժավորման օրացուցային ժամկետը և անցկացման համար պատասխանատու անձանց ազգանունները:

Ստաժավորման տևողությունը սահմանվում է անհատական կերպով` կախված սովորողի մասնագիտական կրթությունից, աշխատանքային փորձից և մասնագիտությունից (պաշտոնից):

11) Ստաժավորման ընթացքում աշխատողը պետք է`

ա) յուրացնի շահագործման, աշխատանքի պաշտպանության պահանջները, հրդեհային անվտանգության կանոնները և աշխատանքի վայրում դրանց գործնական օգտագործումը,

բ) ուսումնասիրի սխեմաները, արտադրական և աշխատանքի պաշտպանության հրահանգները, որոնց իմացությունն անհրաժեշտ է տվյալ պաշտոնի (մասնագիտության) համար,

գ) ուսումնասիրի սպասարկվող սարքավորման խնայողական, անվտանգ և անխափան շահագործման ձևերն ու պայմանները:

12) Օպերատիվ անձնակազմի համար կրկնորդման և վարչատեխնիկական ու նորոգող անձնակազմի համար ինքնուրույն աշխատանքի թույլտվությունը ձևակերպվում է սպառողի համապատասխան փաստաթղթով:

Կրկնորդումից հետո օպերատիվ և օպերատիվ-նորոգող անձնակազմի աշխատողները կարող են անցնել ինքնուրույն աշխատանքի: Կրկնորդումը տևում է 2-ից մինչև 12 աշխատանքային հերթափոխ: Կոնկրետ աշխատողի համար դրա տևողությունը հաստատվում է սպառողի կամ պայմանագրային հիմունքներով ընտրված մասնագիտական կազմակերպության գիտելիքների ստուգման հանձնաժողովի որոշմամբ և կախված է մասնագիտական պատրաստվածությունից, աշխատանքային փորձից և ստաժից:

Օպերատիվ անձնակազմի ինքնուրույն աշխատանքի թույլտվությունը ձևակերպվում է սպառողի ղեկավարի համապատասխան փաստաթղթով:

13) Կրկնորդության ընթացքում աշխատողը պետք է մասնակցի հակավթարային, հակահրդեհային ստուգողական վարժանքներին` արդյունքների գնահատմամբ և համապատասխան մատյանում գրանցում կատարելով:

Վարժանքների քանակը և թեմատիկան որոշվում են կրկնորդի պատրաստման ծրագրով:

14) Եթե կրկնորդման ընթացքում աշխատողը ձեռք չի բերել բավարար արտադրական հմտություն կան ստացել է անբավարար գնահատական հակավթարային վարժանքներից, ապա թույլատրվում է դրա կրկնորդման ժամկետի երկարաձգումը 2-ից մինչև 12 աշխատանքային հերթափոխով` անցկացնելով լրացուցիչ հակավթարային ստուգողական վարժանքներ: Կրկնորդման տևողության երկարաձգումը ձևակերպվում է սպառողի համապատասխան փաստաթղթով:

15) Եթե կրկնորդման ընթացքում պարզվի աշխատողի մասնագիտական ոչ պիտանի լինելը տվյալ գործունեությանը, ապա դադարեցվում է դրա ուսուցումը:

16) Կրկնորդման ընթացքում սովորողը կարող է օպերատիվ փոխարկումներ-զննումներ և այլ աշխատանքներ իրականացնել էլեկտրատեղակայանքներում միայն ուսուցանողի թույլտվությամբ և հսկողությամբ: Սովորողի գործողությունների ճշտության պահպանման համար պատասխանատու է ինչպես ինքը սովորողը, այնպես էլ նրան ուսուցանող անձը:

17) Իրականացվում են աշխատողների գիտելիքների առաջնային և պարբերական (հերթական ու արտահերթ) ստուգումներ` սպառողի կողմից սահմանված կարգով:

Գիտելիքների առաջնային ստուգում անցնում են էլեկտրատեղակայանքներն սպասարկող նոր աշխատանքի ընդունված աշխատողները, ինչպես նաև այն աշխատողները, ովքեր ավելի, քան 3 տարի չեն անցել գիտելիքների ստուգում:

18) Հերթական ստուգումը պետք է անցկացվի հետևյալ ժամկետներում`

ա) տարին մեկ անգամ` գործող էլեկտրասարքավորման սպասարկման աշխատանքներն անմիջական կազմակերպող և իրականացնող, կամ դրանց կարգաբերման, էլեկտրահավաքակցման, նորոգման աշխատանքներ, պրոֆիլակտիկ փորձարկումներ իրականացնող էլեկտրատեխնիկական անձնակազմի, ինչպես նաև կարգագրեր, հրամաններ տվող, օպերատիվ բանակցություններ վարելու իրավունք ունեցող անձնակազմի համար,

բ) 3 տարին մեկ անգամ` էլեկտրատեղակայանքներում սպառողի անձնակազմից աշխատանքի պաշտպանության տեսչական ստուգումների իրականացման իրավասություն ունեցող մասնագետների, ինչպես նաև նախորդ խմբին չպատկանող վարչատեխնիկական անձնակազմի համար:

Վերջին ստուգումների ժամկետի հիման վրա սահմանվում է հաջորդ ստուգման ժամկետը:

19) Գիտելիքների հերթական ստուգման արդյունքում անբավարար գնահատական ստացած աշխատողներին հանձնաժողովը նշանակում է կրկնակի ստուգում, բայց վերջին ստուգումից հետո 1 ամսվանից ոչ ուշ: Անբավարար գնահատական ստացած աշխատողի վկայականի ժամկետն ավտոմատ կերպով երկարացվում է հանձնաժողովի կողմից նշանակված կրկնակի ստուգման օրը, եթե չկա գիտելիքների ստուգման մատյանում հանձնաժողովի հատուկ որոշումն այն մասին, որ այդ աշխատողը ժամանակավոր հեռացված է էլեկտրատեղակայանքներում կատարվող աշխատանքներից:

20) Գիտելիքների արտահերթ ստուգումներն անց են կացվում նախորդ ստուգման ժամկետից անկախ, եթե`

ա) սպառողի մոտ գործողության մեջ են դրվել նոր կամ փոփոխված կանոններ և նորմեր,

բ) տեղակայվել են նոր սարքավորումներ, կատարվել է էլեկտրական և տեխնոլոգիական գլխավոր սխեմաների վերակառուցում կամ փոփոխություններ (այս դեպքում արտահերթ ստուգման անհրաժեշտությունը որոշում է տեխնիկական ղեկավարը),

գ) աշխատողը նշանակվել կամ փոխադրվել է այլ աշխատանքի և նոր պարտավորությունները պահանջում են լրացուցիչ նորմերի և կանոնների իմացություն,

դ) տեղի է ունեցել աշխատողների կողմից աշխատանքի պաշտպանության նորմատիվ ակտերի պահանջների խախտում,

ե) մարդկանց հետ դժբախտ պատահարները կամ էներգետիկական օբյեկտներում խախտումները քննող հանձնաժողովը եկել է այդպիսի եզրակացության,

զ) տվյալ պաշտոնում 6 ամսվանից ավելի ընդմիջում է տեղի ունեցել:

21) Գիտելիքների արտահերթ ստուգման ծավալը և ժամկետները որոշում է սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուն` հաշվի առնելով սույն ՏԿ-ի պահանջները:

22) Գործող ՏԿ-ում և այլ իրավական ակտերում փոփոխությունների և ուղղումների մասին աշխատողները, առանց արտահերթ ստուգման, տեղեկացվում են աշխատատեղում` ձևակերպելով այն սպառողի հրահանգների գրանցման մատյանում:

23) Սպառողի էլեկտրատեղակայանքներում գիտելիքների ստուգումը պետք է իրականացվի սպառողի ղեկավարի կողմից հաստատված օրացուցային գրաֆիկով:

Գիտելիքների ստուգման ենթակա աշխատողները պետք է ծանոթանան գրաֆիկի հետ:

24) Էլեկտրատեխնիկական և էլեկտրատեխնոլոգիական անձնակազմի գիտելիքների ստուգումները կազմակերպելու համար սպառողի ղեկավարը հատուկ հրամանով պետք է կազմի ամենաքիչը 5 հոգուց բաղկացած հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը, մինչև 1000 Վ և բարձր լարումով էլեկտրատեղակայանքներ ունեցող սպառողների դեպքում, պետք է ունենա էլեկտրաանվտանգության V խումբ, իսկ միայն 1000 Վ-ից ցածր լարում ունեցող էլեկտրատեղակայանքով սպառողների դեպքում` IV խումբ: Որպես կանոն հանձնաժողովի նախագահ է նշանակվում սպառողի էլեկտրատնտեսության ղեկավարը:

25) Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է ունենան էլեկտրաանվտանգության խումբ:

Թույլատրվում է հանձնաժողովի առանձին անդամների ստուգումը տեղում, եթե հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի առնվազն 2 անդամներ ունեն համապատասխան էլեկտրաանվտանգության կարգ:

26) Գիտելիքների ստուգմանն անպայման պետք է ներկա լինեն ամենաքիչը հանձնաժողովի 3 անդամ, այդ թվում` պարտադիր նաև հանձնաժողովի նախագահը (նախագահի տեղակալը):

27) Այն սպառողների աշխատողները, որոնց թիվը թույլ չի տալիս ստեղծել գիտելիքներն ստուգող հանձնաժողովներ, գիտելիքների ստուգումն անցնում են լիազոր մարմինների հանձնաժողովներում:

28) Բոլոր աշխատողների գիտելիքների ստուգումն անց է կացվում անհատականորեն: Ամեն պաշտոնի (մասնագիտության) համար սպառողի կամ մասնաճյուղի ղեկավարը պետք է որոշի նորմերի և կանոնների իմացության ստուգման ծավալը` հաշվի առնելով պաշտոնական պարտականությունները և պաշտոնին (մասնագիտությանը) համապատասխան աշխատողի արտադրական գործունեության բնույթը, ինչպես նաև այն նորմատիվային փաստաթղթերի պահանջները, որոնց ապահովումն ու կատարումը մտնում է իր պարտավորությունների մեջ:

29) Սույն ՏԿ-ի, տվյալ պաշտոնական հրահանգով նախատեսված ՏԿ-երի և այլ նորմատիվատեխնիական փաստաթղթերի մասով գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա էլեկտրատեխնիկական (էլեկտրատեխնոլոգիական) անձնակազմին տրվում է էլեկտրաանվտանգության խումբ:

30) Գիտելիքների ստուգման արդյունքներն անց են կացվում սահմանված ձևի մատյան, որտեղ հանձնաժողովի բոլոր անդամները պետք է ստորագրեն: Եթե մի քանի աշխատողների գիտելիքների ստուգումն անց է կացվել մեկ օրում և հանձնաժողովի կազմը մնացել է անփոփոխ, ապա հանձնաժողովի անդամները կարող են ստորագրել մեկ անգամ` աշխատանքային օրվա վերջում` նշելով (տառերով) աշխատողների թիվը, ովքեր անցել են գիտելիքների ստուգում:

Գիտելիքների ստուգումը հաջողությամբ անցած աշխատողներին տրվում է սպառողի կողմից սահմանված ձևի վկայական:

31) Սպառողների մոտ պետք է համակարգված աշխատանքներ անցկացվեն էլեկտրատեխնիկական անձնակազմի հետ, որոնք ուղղված են դրանց որակավորման, աշխատանքի պաշտպանության հրահանգների իմացության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև էլեկտրատեղակայանքների սպասարկման անվտանգության նորմերի իմացությանը և առաջատար փորձի ուսումնասիրմանը, վթարայնության ու վնասվածության նախազգուշացմանը:

Տեխնիկական ուսուցման կազմակերպման ծավալները և հակավթարային վարժանքների անցկացման անհրաժեշտությունը որոշում է սպառողի տեխնիկական ղեկավարը:

 

4. ԷԼԵԿՏՐԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

1) Սպառողը, որն ունի էլեկտրական էներգիայի սեփական աղբյուրներ կամ իր էլեկտրամատակարարման համակարգում էլեկտրական ցանցերի ինքնուրույն մասնաճյուղ, պետք է կազմակերպի էլեկտրասարքավորումների օպերատիվ կարգավարական կառավարում, որը տեղակայանքների ռեժիմային, գործարկումների և կանգի փոխարկումների և այլ խնդիրների հետ միասին պետք է իրականացնի նաև վթարների կանխարգելումը, տեղափակումը, վերացումը և աշխատանքային ռեժիմի վերականգնումը:

Սպառողի համար օպերատիվ կառավարման վերադաս մակարդակը հանդիսանում է համապատասխան էներգամատակարարող կազմակերպության կարգավարական ծառայությունը:

2) Սպառողի օպերատիվ կառավարման վահանների (կետերի) և այդ նպատակով այլ հարմարանքների սենքերում պետք է լինեն այն էլեկտրատեղակայանքների էլեկտրական միացումների օպերատիվ սխեմաները (սխեմա-մանրակերտերը), որոնք գտնվում են օպերատիվ կառավարման ներքո: Էլեկտրատեղակայանքների միացումների սխեմաների և ռելեային պաշտպանության ու ավտոմատիկայի (ՌՊԱ), ինչպես նաև հողակցումների վերադրման և հանման տեղերի բոլոր փոփոխությունները փոխարկման իրականացումից հետո պետք է պատկերվեն միացումների օպերատիվ սխեմաներում: Էլեկտրամատակարարման մշտական հերթապահ անձնակազմով յուրաքանչյուր կարգավարական կետում և օբյեկտում պետք է լինեն վթարների կանխարգելման և վերացման տեղական հրահանգներ` համաձայնեցված օպերատիվ-կարգավարական վերադաս մարմնի հետ:

Յուրաքանչյուր սպառողի մոտ այլ հրահանգների հետ միասին պետք է մշակված լինեն օպերատիվ փոխարկումների և վթարային ռեժիմների վերացման հրահանգներ:

3) Էլեկտրատեղակայանքներում, որոնք կահավորված չեն ուղեկապման սարքվածքներով կամ ունեն անսարք ուղեկապման սարքվածքներ, բարդ փոխարկումները, ինչպես նաև բոլոր փոխարկումները (բացի միակիներից) պետք է կատարվեն ըստ փոխարկման բլանկների, ծրագրերի: Բարդ փոխարկումներին են պատկանում այն փոխարկումները, որոնք պահանջում են փոխարկման ապարատների, հողակցման, ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի, հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի հետ գործողությունների խիստ հաջորդականություն:

Տեխնիկական ղեկավարների կողմից հաստատված բարդ փոխարկումների ցուցակները պետք է պահվեն կարգավարական կետերում, կառավարման կենտրոնական վահաններում: Այդ ցուցակները պետք է վերանայվեն սխեմաների, սարքավորումների կազմի, պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների փոփոխության դեպքերում:

4) Բարդ փոխարկումները պետք է կատարեն 2 աշխատող, որոնցից մեկը հանդիսանում է հսկող:

5) Ենթակայանների, վահանների և հավաքվածքների բաշխիչ սարքվածքների էլեկտրական սխեմաներում փոխարկումներն իրականացվում են վերադաս օպերատիվ անձնակազմի կարգադրությամբ կամ գիտությամբ (բանավոր կամ հեռախոսով) և գրանցելով այն օպերատիվ մատյանում:

Հետաձգում չհանդուրժող դեպքերում (դժբախտ պատահարներ, տարերային աղետներ, վթարների վերացում) թույլատրվում է տեղական հրահանգներին համապատասխան իրականացնել փոխարկումներ` առանց վերադաս կարգադրության և իրազեկման` հետագայում դրա մասին նրան իրազեկելով և օպերատիվ մատյանում գրանցում կատարելով:

6) Կրկնվող բարդ փոխարկումների համար պետք է օգտագործվեն փոխարկումների տիպային ծրագրեր և բլանկներ: Փոխարկումների բլանկները (տիպային բլանկները) պետք է օգտագործի անմիջականորեն փոխարկում կատարող օպերատիվ անձնակազմը:

Փոխարկումների ծրագրերը (տիպային ծրագրերը) պետք է կիրառեն օպերատիվ անձնակազմի ղեկավարները` կառավարման տարբեր մակարդակների էլեկտրատեղակայանքներում և տարբեր էներգաօբյեկտներում փոխարկումներ կատարելիս:

7) Փոխարկումների տիպային ծրագրերը և բլանկները պետք է ճշգրտվեն, եթե էլեկտրատեղակայանքների էլեկտրական միացման գլխավոր սխեմայում տեղի են ունեցել փոփոխություններ` կապված նոր սարքավորումների գործարկման, հին սարքավորումների փոխարինման կամ մասնակի ապահավաքակցման, ԲՍ վերակառուցման հետ, ինչպես նաև տեղադրված ՌՊԱ սարքվածքներում փոփոխություններ կամ նոր միացումներ կատարելիս:

8) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրատեղակայանքներում փոխարկումները կատարվում են`

ա) առանց փոխարկման բլանկների` պարզ փոխարկումների և այն բոլոր փոխարկումների դեպքերում, որոնք ունեն խզիչների և հողակցման դանակների ոչ ճիշտ գործողությունները բացառող, գործող ուղեկապման սարքվածքներ,

բ) փոխարկումների բլանկներով, եթե բացակայում են ուղեկապման սարքվածքները կամ դրանք սարքին չեն, ինչպես նաև բարդ փոխարկումները:

9) Վթարների վերացման դեպքում փոխարկումները կատարվում են առանց բլանկների` օպերատիվ մատյանում հետագա գրանցմամբ: Փոխարկումների բլանկները համարակալվում են: Օգտագործված բլանկները պահվում են սահմանված կարգով: Մինչև 1000 Վ լարման էլեկտրատեղակայանքներում փոխարկումները կատարվում են առանց բլանկների, բայց գրանցվում են օպերատիվ մատյաններում:

10) Տեխնոլոգիական անձնակազմի բանավոր դիմումով որևէ աշխատանք կատարելու համար անջատված էլեկտրասարքավորումները պետք է միացվեն միայն անջատման համար դիմողի կամ նրան փոխարինողի պահանջով:

Տեխնոլոգիական անձնակազմի դիմումով ժամանակավոր անջատված սարքավորումների գործարկումից առաջ օպերատիվ անձնակազմը պարտավոր է զննել սարքավորումը, համոզվել գործարկման համար դրան լարում տալու պատրաստ լինելու մեջ և նախազգուշացնել դրա վրա աշխատող անձնակազմին առաջիկա միացման մասին: Էլեկտրասարքավորումների անջատման և միացման դիմումների ձևակերպման կարգը պետք է հաստատի սպառողի տեխնիկական ղեկավարը:

11) Նորոգման կամ փորձարկման մեջ գտնված սարքավորումը, մշտական հերթապահ անձնակազմ ունեցող էլեկտրատեղակայանքներում, լարման տակ է դրվում միայն օպերատիվ անձնակազմի կողմից այն ընդունվելուց հետո: Առանց մշտական հերթապահ անձնակազմ ունեցող էլեկտրատեղակայանքներում նորոգումից կամ փորձարկումից հետո սարքավորման ընդունման կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության հրահանգներով` հաշվի առնելով էլեկտրատեղակայանքի առանձնահատկությունները և անվտանգության պահանջների կատարումը:

12) Էլեկտրատեղակայանքներում փոխարկումներ կատարելիս պետք է պահպանվի հետևյալ կարգը`

ա) փոխարկման առաջադրանք ստացած աշխատողը պետք է առաջադրանքը կրկնի, գրանցի այն օպերատիվ մատյանում և միացումների օպերատիվ սխեմայում կամ մանրակերտ-սխեմայով որոշի առաջիկա գործողությունների կարգը, եթե պահանջվում է կազմի փոխարկման բլանկը: Օպերատիվ անձնակազմի բանակցությունները պետք է լինեն առավելագույնս համառոտ և հստակ և պետք է բացառվի ընդունված հաղորդումների և փոխանցվող կարգադրությունների ոչ ճիշտ ընկալումը: Կարգադրություն տվողը և ընդունողը պետք է պարզորոշ կերպով պատկերացնեն գործողությունների հաջորդականությունը,

բ) եթե փոխարկումը կատարում են 2 աշխատող, ապա կարգադրություն ստացողը պարտավոր է միացումների օպերատիվ սխեմայի վրա բացատրել փոխարկմանը մասնակցող երկրորդ աշխատողին առաջիկա գործողությունների կարգը և հաջորդականությունը,

գ) փոխարկումներ կատարելու ճշտության մեջ կասկածներ առաջանալու դեպքում դրանք պետք է ընդհատվեն և ըստ միացումների օպերատիվ սխեմայի ստուգվի գործողությունների հաջորդականության ճշտությունը,

դ) փոխարկումների առաջադրանքը կատարելուց հետո դրա մասին գրանցում է կատարվում օպերատիվ մատյանում:

13) Սպառողի էներգետիկ սարքավորումների սխեմաներում և աշխատանքի ռեժիմներում պլանավորված փոփոխությունների, ՌՊԱ սարքվածքներում կարգավարական ծառայությունների (որի կառավարման ներքո են գտնվում սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները) կողմից կատարվող փոփոխությունների դեպքերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները փոխարկման տիպային ծրագրերում և բլանկներում կառավարման համապատասխան մակարդակներում նախօրոք պետք է կատարվեն:

14) Անմիջապես փոխարկումներ կատարող օպերատիվ անձնակազմին չի թույլատրվում ինքնակամ ուղեկապումը (արգելափակումը) հանել աշխատանքից:

Ապաուղեկապում թույլատրվում է միայն տեղում անջատիչի անջատված դիրքի ստուգումից և ուղեկապման խափանման պատճառը պարզելուց հետո` սպառողի էլեկտրատնտեսության պատասխանատուի գրավոր կարգադրությամբ այդ գործողությունը կատարելու համար լիազորված աշխատողների թույլտվությամբ և ղեկավարությամբ:

Ապաուղեկապման անհրաժեշտության դեպքում կազմվում է ուղեկապման բլանկ` դրանում նշելով ապաուղեկապման գործողությունները:

15) Փոխարկումների բլանկը լրացնում է փոխարկումների կարգադրությունը ստացող հերթապահը: Բլանկն ստորագրում են փոխարկումներն իրականացնող 2 աշխատող և երկուսն էլ բոլոր դեպքերում պատասխանատու են կատարված գործողությունների ճշտության համար:

Փոխարկումների հսկողությունն իրականացնում է ըստ պաշտոնի ավագ աշխատողը:

16) Վերադաս օպերատիվ անձնակազմի կառավարման ներքո գտնվող էլեկտրասարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում փոխարկումները պետք է կատարվեն դրա կարգադրությամբ, իսկ դրա վարույթի տակ գտնվողները` դրա թույլտվությամբ:

Հրդեհի և վթարների վերացման դեպքերում օպերատիվ անձնակազմը պետք է գործի տեղական հրահանգներին և հրդեհամարման օպերատիվ պլաններին համապատասխան:

17) Փոխարկումների վերաբերյալ կարգադրություններում պետք է նշվի էլեկտրատեղակայանքի սխեմայում և ՌՊԱ շղթաներում գործողությունների հաջորդականությունը վերադաս օպերատիվ անձնակազմի կողմից որոշվող անհրաժեշտ մանրամասնությամբ:

Փոխարկում կատարողին միաժամանակ պետք է տրվի մեկից ոչ ավելի օպերատիվ փոխարկում կատարելու առաջադրանք:

18) Էլեկտրատեղակայանքում լարման անհետացման դեպքում օպերատիվ անձնակազմը պետք է պատրաստ լինի առանց զգուշացման ցանկացած ժամանակ դրա հայտնվելուն:

19) Անջատիչ ունեցող միացման շղթայում միացումը և անջատումը պետք է կատարվի անջատիչով:

Թույլատրվում է անջատումը և միացումը խզիչներով, զատիչներով, լրակազմ բաշխիչ սարքվածքների (ԼԲՍ), այդ թվում` նաև արտաքին տեղադրման (ԼԲՍԱ) միացումների անջատովի (քանդովի) հպակներով`

ա) 110-220 կՎ լարման ուժային տրանսֆորմատորների չեզոքների,

բ) 6-35 կՎ լարման հողակցիչ, աղեղմարիչ ռեակտորների, եթե ցանցում բացակայում է հողակցումը,

գ) 6-220 կՎ լարման ուժային տրանսֆորմատորների մագնիսացնող հոսանքի,

դ) էլեկտրահաղորդման օդային և մալուխային գծերի լիցքային և հողակցման հոսանքների,

ե) հաղորդաձողերի համակարգի լիցքային հոսանքի, ինչպես նաև միացումների լիցքային հոսանքի` պահպանելով էներգամատակարար կազմակերպության նորմատիվատեխնիկական փաստաղթերի պահանջները:

Զատիչներով անջատվող և միացվող հոսանքների թույլատրելի արժեքները պետք է որոշվեն էներգամատակարար կազմակերպության ՆՏՓ-ով: Տարբեր էլեկտրատեղակայանքների համար գործողությունների կատարման կարգը և պայմանները պետք է կանոնակարգվեն տեղական հրահանգներով:

 

5. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

 

1) Անվտանգությունն ապահովելու համար սպառողները պետք է ապահովեն էլեկտրատեղակայանքների սարքավորումների տեխնիկական սպասարկում և պլանային-նախազգուշական նորոգումներ:

Տեխնիկական սպասարկման, պլանային-նախազգուշական նորոգման ծավալները պետք է որոշվեն` ելնելով էլեկտրատեղակայանքներն աշխատունակ վիճակում պահելու, դրանք պարբերաբար վերականգնելու և շահագործման փոփոխվող պայմաններին համապատասխան վիճակի բերելու անհրաժեշտությունից:

Նորոգումների պարբերականությունը և տևողությունն էլեկտրասարքավորումների առանձին տեսակների համար սահմանվում են սույն ՏԿ-ին և այլ իրավական ակտերի ու շահագործման փաստաթղթերով նախատեսված ցուցումներին համապատասխան:

2) Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կարող են իրականացվել նաև տեխնիկական արատորոշման արդյունքներով: Տեխնիկական արատորոշումը կատարվում է ստանդարտներով և այլ նորմատիվային փաստաթղթերով սահմանված կարգերով:

3) Շահագործման փաստաթղթերով սահմանված ծառայության ժամկետը լրանալուց հետո բոլոր տեխնոլոգիական համակարգերը և էլեկտրասարքավորումները պետք է ենթարկվեն տեխնիկական զննման` սպառողի տեխնիկական ղեկավարի գլխավորությամբ կազմված հանձնաժողովի կողմից: Տեխնիկական զննման նպատակը սարքավորումների վիճակի գնահատումն է, հետագա աշխատանքի ժամկետների և շահագործման պայմանների որոշումը։

Հանձնաժողովի աշխատանքի արդյունքները պետք է արտացոլվեն ակտում և սարքավորումների տեխնիկական անձնագրերում` անպայման նշելով հաջորդ զննման ժամկետը:

Տեխնիկական զննումը կարող է կատարվել նաև մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

4) Նորոգումներ կատարելիս էլեկտրասարքավորումներում և ապարատներում իրականացվող կոնստրուկտիվ փոփոխությունները, ինչպես նաև էլեկտրական սխեմայի փոփոխությունները պետք է կատարվեն ըստ հաստատված նախագծային փաստաթղթերի:

5) Նորոգումից հետո գործարկվող սարքավորումները պետք է ենթարկվեն փորձարկման` էլեկտրասարքավորումների փորձարկման վերաբերյալ կազմակերպության ստանդարտով սահմանված պահանջներին համապատասխան:

Շահագործվող սարքավորումների հատուկ փորձարկումները պետք է կատարվեն էլեկտրատնտեսության պատասխանատուի հաստատված սխեմաներով և ծրագրերով:

6) Էլեկտրատեղակայանքների հիմնանորոգում անցած հիմնական սարքավորումները ենթակա են բեռնվածքի տակ փորձարկման ոչ պակաս 24 ժամվա ընթացքում, եթե չկան արտադրող գործարանի այլ ցուցումներ: Սարքավորման բնականոն աշխատանքն արգելակող արատների հայտնաբերման դեպքում նորոգումը հաշվվում է չավարտված մինչև դրանց վերացնելը և կրկնակի փորձարկում իրականացնելը:

7) Հիմնական էլեկտրասարքավորումների հիմնանորոգման ընթացքում կատարված բոլոր աշխատանքներն ընդունվում են ակտով, որին կցվում են նորոգման տեխնիկական փաստաթղթերը: Ակտն իր բոլոր հավելվածներով պահվում է սարքավորման տեխնիկական անձնագրում: Այլ էլեկտրասարքավորումների և ապարատների նորոգման աշխատանքների մասին կատարվում են մանրամասն գրանցումներ դրանց անձնագրերում կամ նորոգման հատուկ մատյանում:

 

6. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1) Սպառողի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պարտավոր է ապահովել աշխատողների անվտանգ աշխատանքի պայմանները:

2) Էլեկտրատեղակայանքները պետք է համապատասխանեն շինարարական նորմերին, «Աշխատանքի անվտանգության» կազմակերպության ստանդարտներին և տվյալ սարքավորման շահագործման փաստաթղթերով սահմանված հրահանգներին:

Էլեկտրատեղակայանքների շահագործման և նորոգման կազմակերպումը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի և նորմատիվ այլ ակտերի պահանջներին:

3) Էլեկտրասարքավորումների սպասարկման և նորոգման ընթացքում կիրառվող պաշտպանության միջոցները, գործիքները ու հարմարանքները պետք է բավարարեն համապատասխան ազգային ստանդարտների և պաշտպանական միջոցների կիրառման ու փորձարկման պահանջներին:

Պաշտպանության միջոցները, գործիքներն ու հարմարանքները պետք է ենթարկվեն զննման և փորձարկումների կանոններին համապատասխան։

4) Սպառողի կողմից պետք է մշակված և հաստատված լինեն ինչպես առանձին մասնագիտությունների, այնպես էլ առանձին աշխատատեսակների համար աշխատանքի անվտանգ կատարման կանոնները` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն:

5) Յուրաքանչյուր աշխատող պարտավոր է իմանալ և իրականացնել իր կողմից սպասարկվող սարքավորման և աշխատատեղին վերաբերող տեխնիկական կանոնակարգերով սահմանած աշխատանքի անվտանգության պահանջները:

6) Յուրաքանչյուր սպառողի մոտ աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը պետք է համապատասխանի աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի սահմանված դրույթներին:

Սպառողների կառուցվածքային ստորաբաժանումների էլեկտրատնտեսության համար պատասխանատուները պատասխանատվություն են կրում աշխատանքի անվտանգ և առողջ պայմաններ ստեղծելու կազմակերպատեխնիկական միջոցառումների իրականացման, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի հրահանգավորման, անձնակազմին անվտանգ աշխատանքների կատարման մեթոդների ուսուցման և ցուցադրման, անձնակազմի կողմից աշխատանքի անվտանգության պահանջների պահպանման, դրանց կողմից օգտագործվող գործիքները, հարմարանքները, պաշտպանության միջոցները, հատուկ համազգեստը համապատասխան նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանության համար:

7) Սպառողի ղեկավարը և էլեկտրատնտեսության համար պատասխանատուն պետք է վերահսկեն աշխատատեղում աշխատանքային պայմանների համապատասխանությունն անվտանգության, արտադրական, առողջապահության պահանջներին: Անձնակազմի վրա վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության չեզոքացման անհնարինության դեպքում ղեկավար պաշտոնատար անձինք պարտավոր են անձնակազմին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով:

8) Սպառողի ղեկավարը պարտավոր է կազմակերպել ուսուցում, գիտելիքների ստուգում և անձնակազմի հրահանգավորում` ազգային ստանդարտների, սույն տեխնիկական կանոնակարգի, աշխատանքի անվտանգության կանոնների, տեղական հրահանգների պահանջների համապատասխան:

9) Աշխատողը, ով անց է կացնում առաջնային (աշխատատեղում), կրկնակի, արտապլանային հրահանգավորում, ստաժավորում և աշխատանքի թույլտվություն, դրա մասին կատարում է գրանցում աշխատանքի հրահանգավորման գրանցամատյանում և(կամ) հրահանգավորվող աշխատողի անձնական քարտում, հրահանգավորողի և հրահանգավորվողի պարտադիր ստորագրություններով, իսկ արտապլանային հրահանգավորման ժամանակ նշվում է նաև դրա անցկացման պատճառը:

10) Էլեկտրատեղակայանքների շահագործման հետ կապված դժբախտ պատահարների քննության նյութերը, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության պահանջների խախտումները պետք է մանրազնին վերլուծվեն` դրանց պատճառների և մեղավորների բացահայտման և նմանատիպ դեպքերի կանխարգելման միջոցառումների մշակման համար:

Դժբախտ պատահարների մասին տեղեկատվությունը, դրանց քննությունը և հաշվառումը կատարվում են սահմանված կարգով:

Դժբախտ պատահարների հաշվառման, ժամանակին և ճիշտ կատարվող քննության, սահմանված ձևի ակտի լրացման, դրանց վերահսկմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման համար պատասխանատվություն է կրում սպառողի ղեկավարը:

11) Արտադրության մեջ դժբախտ պատահարների համար պատասխանատու են ինչպես անմիջապես անվտանգության և աշխատանքի պաշտպանության հրահանգների պահանջները խախտած աշխատողները, այնպես էլ սպառողի և դրա կառուցվածքային ստորաբաժանումների էլեկտրատնտեսության համար պատասխանատուները և վարչատեխնիկական անձնակազմի այլ աշխատողներ, սպառողի ղեկավարը, ովքեր չեն ապահովել աշխատանքի անվտանգության և արտադրական առողջապահության նորմերի, աշխատանքի անվտանգության ստանդարտների պահանջների կատարումը և չեն ընդունել անհրաժեշտ միջոցառումներ` դժբախտ պատահարների կանխարգելման համար:

12) Խմբակային դժբախտ պատահարների և մահվան դեպքերով պատահարների քննության նյութերը պետք է քննարկվեն սպառողի էլեկտրածառայության անձնակազմի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում: Նմանատիպ դժբախտ պատահարների կանխարգելման համար պետք է մշակվեն և իրականացվեն համապատասխան միջոցառումներ:

13) Էներգածառայության ամբողջ անձնակազմը պետք է սովորի գործնականում էլեկտրական հոսանքի ազդեցությունից մարդուն ազատելու ձևերը և գործնականում կարողանա դեպքի վայրում տուժածին առաջին բժշկական օգնություն ցուցաբերել: Տուժողին առաջին օգնության ցույց տալու ուսուցումը պետք է իրականացնի հատուկ մասնագիտացված հրահանգիչը:

Դժբախտ պատահարների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու կանոնների և ձևերի իմացության ստուգումն իրականացվում է էլեկտրատեղակայանքների աշխատանքի անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքների պարբերաբար ստուգման ժամանակ:

14) Սպառողի ղեկավարը պարտավոր է ապահովել էլեկտրատնտեսության յուրաքանչյուր աշխատողին արտադրության մեջ դժբախտ պատահարների ընթացքում առաջին օգնության վերաբերյալ հրահանգով:

15) Աշխատատեղերում պետք է լինեն անհրաժեշտ դեղամիջոցներով դեղատուփեր կամ պայուսակներ` առաջին օգնություն ցուցաբերելու համար: Դեղամիջոցների պահուստները, հաշվի առնելով դրանց պիտանելիության ժամկետները, անընդհատ պետք է նորացվեն:

16) Անձնակազմը պետք է ապահովված լինի հատուկ համազգեստով, կոշիկներով և այլ անհատական պաշտպանության միջոցներով` կատարվող աշխատանքների բնույթին և գործող նորմերին համապատասխան և պարտավոր է դրանցից օգտվել աշխատանքների կատարման ընթացքում:

17) Սպառողի աշխատանքի մեջ գտնվող էլեկտրատեղակայանքներում շինհավաքակցման, կարգաբերման և նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ կողմնակի կազմակերպությունների կողմից պետք է մշակվեն համատեղ միջոցառումներ աշխատանքի անվտանգության, արտադրական առողջապահության, պայթյունահրդեհային անվտանգության վերաբերյալ` հաշվի առնելով շահագործող և շինհավաքակցման աշխատանքներ իրականացնող անձնակազմերի համագործակցությունը: Նշված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարները պատասխանատու են իրենց անձնակազմի պատրաստվածության, դրանց կողմից իրենց աշխատատեղում անվտանգության պահանջների պահպանման և աշխատանքի պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:

Միևնույն սարքավորման կամ կառույցի վրա միաժամանակ մի քանի կազմակերպությունների աշխատելու դեպքում պետք է մշակվի աշխատանքների կազմակերպման պլան:

18) Էլեկտրատեղակայանքների և դրանց տեղադրման շենքերի ու շինությունների հրդեհային անվտանգությունը պետք է համապատասխանի հրդեհային անվտանգության կանոնների, ինչպես նաև առանձին արտադրությունների առանձնահատկությունները հաշվի առնող այլ իրավական ակտերի պահանջներին:

19) Սպառողի բոլոր աշխատողները պետք է անցնեն հակահրդեհային հրահանգավորում:

Էլեկտրատեխնիկական անձնակազմի հրդեհային անվտանգության կանոնների գիտելիքների ստուգումն անց է կացվում էլեկտրատեղակայանքների աշխատանքի նորմերի ու կանոնների վերաբերյալ գիտելիքների պարբերաբար ստուգման հետ միաժամանակ:

20) Էլեկտրատեղակայանքները պետք է համալրված լինեն առաջնային կրակմարիչներով:

21) Էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ պետք է նախատեսվեն միջոցներ, որոնք կկանխեն կամ կսահմանափակեն շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, դեպի մթնոլորտ և ջրային ավազաններ աղտոտող և վնասակար նյութերի արտանետումները, ձայնային ճնշման թուլացումը, թրթռումը, էլեկտրական և մագնիսական դաշտերի և այլ վնասակար ֆիզիկական երևույթների ազդեցությունը և բնական աղբյուրների օգտագործվող ջրի քանակության նվազեցումը:

22) Վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ չպետք է գերազանցի նորմերով սահմանված թույլատրելի արժեքները, վնասակար նյութերի արտանետումը ջրային օբյեկտներ չպետք է գերազանցեն սահմանային թույլատրելի քանակությունները: Էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի սահմանային արժեքները, աղմուկի ազդեցությունը չպետք է գերազանցի համապատասխան սանիտարատեխնիկական նորմերով սահմանված սարքավորման ձայնային հզորության նորմերը:

23) Սպառողները, որոնք շահագործում են յուղալցված էլեկտրասարքավորումներ, պետք է մշակեն շրջակա միջավայր յուղի վթարային արտանետումները կանխող միջոցառումներ:

Գլխավոր իջեցնող ենթակայանում և բաշխիչ սարքվածքներում, որտեղ տեղադրված են յուղով լցված էլեկտրասարքավորումներ, պետք է հավաքակցվեն յուղընդունիչներ և յուղակուտակող սարքավորումներ տվյալ լարման սարքավորումների համար ՏԿ-երով կամ ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան: Յուղընդունիչ սարքավորումները պետք է գտնվեն այնպիսի վիճակում, որպեսզի ապահովեն տարվա ցանկացած ժամանակ յուղի ընդունումը:

24) Սպառողները, որոնց մոտ էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ առաջանում են թունավոր կամ վտանգավոր թափոններ և նյութեր, պետք է ապահովեն դրանց ժամանակին օգտահանումը, վնասազերծումը և թաղումը:

Սպառողի տարածքում թունավոր նյութերի պահեստավորումն ու թաղումը չի թույլատրվում:

25) Էլեկտրատեղակայանքների շահագործումն առանց սանիտարական կանոնների ու նորմերի և բնապահպանական պահանջների պահպանության սարքվածքների կամ անսարք սարքվածքներով, որոնք չեն ապահովում վերը նշված պահանջները, չի թույլատրվում:

26) Էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ ջրային ավազանները կեղտոտվելուց պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ջրավազանները կեղտոտվածությունից պաշտպանելու ազգային ստանդարտներով:

 

7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1) Յուրաքանչյուր սպառող պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

ա) գլխավոր հատակագիծը, որի վրա պատկերված լինեն շենքերը, շինությունները և ստորգետնյա էլեկտրատեխնիկական հաղորդակցուղիները,

բ) հաստատված նախագծային փաստաթղթերը (գծագրեր, բացատրագրեր և այլն)` հետագա փոփոխություններով հանդերձ,

գ) ծածկված աշխատանքների, էներգասարքավորումների փորձարկման ու կարգաբերման և էլեկտրատեղակայանքի շահագործման ընդունման ակտերը,

դ) առաջնային և երկրորդային էլեկտրական միացությունների սխեմաները,

ե) էլեկտրամատակարարող կազմակերպության և սպառողի միջև ըստ գույքային պատկանելության ցանցերի (ըստ հաշվեկշռի) սահմանազատման և շահագործման պատասխանատվության վերաբերյալ ակտերը,

զ) հիմնական էլեկտրասարքավորումների, էներգաօբյեկտի շենքերի և շինությունների տեխնիկական անձնագրերը և համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սարքավորումների ու նյութերի համապատասխանության սերտիֆիկատները կամ համապատասխանության հայտագրերը,

է) էներգատեղակայանքների շահագործման վերաբերյալ արտադրական հրահանգները,

ը) յուրաքանչյուր աշխատատեղի համար պետք է լինեն պաշտոնական հրահանգներ, աշխատատեղերում աշխատանքի անվտանգության ապահովման հրահանգներ, հրդեհային անվտանգության, վթարների կանխարգելման և վերացման, առանց կարգադրության փոխարկումներ կատարելու, էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման և հաշվառքի հրահանգներ, էլեկտրատեղակայանքների էլեկտրասարքավորումներն սպասարկող աշխատողների աշխատանքի պաշտպանության հրահանգներ: Բոլոր հրահանգները մշակվում են հաշվի առնելով կատարվող աշխատանքների տեսակները (էլեկտրատեղակայանքներում օպերատիվ փոխարկումներ, աշխատանքներ բարձրության վրա, հավաքակցման, նորոգման, կարգաբերման, փորձարկման, չափման աշխատանքներ և այլն) և հաստատվում են սպառողի ղեկավարի կողմից:

Վերը թվարկված փաստաթղթերի լրակազմը պահվում է սպառողի մոտ և սեփականատիրոջ փոփոխության դեպքում լրիվ ծավալով փոխանցվում է վերջինիս: Փաստաթղթերի պահպանման կարգը սահմանում է սպառողի ղեկավարը:

2) Յուրաքանչյուր սպառող պետք է կառուցվածքային ստորաբաժանումների համար կազմի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված տեխնիկական փաստաթղթերի ցանկ: Հրահանգների լրիվ լրակազմը պահվում է արտադրամասի, տեղամասի էլեկտրատնտեսության պատասխանատուի մոտ, իսկ անհրաժեշտ փաստաթղթեր` համապատասխան աշխատատեղերում:

Ցանկը ենթակա է վերանայման երեք տարին առնվազն մեկ անգամ:

Ցանկում պետք է ընդգրկել հետևյալ փաստաթղթերը`

ա) էլեկտրասարքավորումների հաշվառման մատյանները, որտեղ թվարկվում են հիմնական էլեկտրասարքավորումներն իրենց տեխնիկական տվյալներով և դրանց վերագրված գույքային համարներով (մատյաններին կցվում են շահագործման հրահանգները, սարքավորումների, արտադրանքների տեխնիկական անձնագրերը, սարքավորումների, նյութերի և արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատները կամ համապատասխանության հայտարարագրերը, փորձարկումների և չափումների, սարքավորումների և էլեկտրահաղորդման գծերի նորոգման, ՌՊԱ տեխնիկական սպասարկման արձանագրությունները և ակտերը),

բ) էլեկտրասարքավորումների, էլեկտրատեղակայանքների և կառույցների գծագրերը, պահեստամասերի գծագրերի լրակազմը, օդային և մալուխային ուղեգծերի կատարողական գծագրերը և մալուխային մատյանները,

գ) ստորգետնյա մալուխային ուղեգծերի և հողանցման սարքվածքների գծագրերը` տեղակապելով դրանք շենքերին և մշտական կառույցներին` նշելով մալուխների կցորդիչների տեղադրման և այլ հաղորդակցուղիների հետ հատման տեղերը,

դ) էլեկտրամատակարարման լրիվ սխեման սպառողի համար ամբողջությամբ և առանձին սխեմաներ արտադրամասերի ու տեղամասերի համար,

ե) սպառողի ղեկավարի գրավոր հանձնարարականը կամ ակտը կառուցվածքային ստորաբաժանումների միջև ցանցերի սահմանազատման հաշվեկշռային պատկանելության և շահագործման պատասխանատվության վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),

զ) արտադրամասի, տեղամասի (ստորաբաժանման էլեկտրատեղակայանքների շահագործման) արտադրական հրահանգների լրակազմը և տվյալ ստորաբաժանման (ծառայության) աշխատողների պաշտոնական ու աշխատանքի անվտանգության ապահովման հրահանգների լրակազմը,

է) աշխատողների ցուցակը`

ովքեր իրավասու են օպերատիվ փոխարկումներ կատարելու, օպերատիվ բանակցություններ վարելու, էլեկտրատեղակայանքների և տեխնոլոգիական սարքավորումների էլեկտրատեխնիկական մասերը միանձնյա զննումներ կատարելու,

ովքեր իրավասու են կարգադրություններ և կարգագրեր տալու,

ում տրված է թույլատրողի, աշխատանքների պատասխանատու ղեկավարի, աշխատանքների կատարողի և հսկողի իրավունք,

ստորգետնյա կառույցներում գազի առկայությունն ստուգելու թույլատրված անձանց,

էլեկտրատեղակայանքներում հատուկ աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող աշխատողների, որոնց գիտելիքները ենթակա են ստուգման,

ը) էլեկտրատեղակայանքներում հատուկ աշխատանքների և գազավտանգ ստորգետնյա կառույցների ցանկը,

թ) օդային գծերի (ՕԳ) ցանկը, որոնք անջատումից հետո գտնվում են մակածված լարման տակ,

ժ) ընթացիկ շահագործման կարգով թույլատրված աշխատանքների ցանկը` հաստատված սպառողի տեխնիկական ղեկավարի կողմից,

ժա) էլեկտրատեղակայանքների ցանկը, որտեղ աշխատանքների կատարման համար պահանջվում են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ,

ժբ) ճարտարագիտատեխնիկական աշխատողների և էլեկտրատեխնոլոգիական անձնակազմի պաշտոնների ցուցակները, ովքեր պետք է ունենան համապատասխան էլեկտրաանվտանգության խումբ,

ժգ) մասնագիտությունների և աշխատատեղերի ցուցակը, որոնց անձնակազմի համար պահանջվում է էլեկտրաանվտանգության առաջին խումբ,

ժդ) էլեկտրատեխնոլոգիական և էլեկտրատեխնիկական անձնակազմերի պարտականությունների բաշխման ցուցակը,

ժե) օպերատիվ կառավարման տակ գտնվող էլեկտրատեղակայանքների ցուցակը,

ժզ) բլանկների հիման վրա կատարվող բարդ փոխարկումների ցանկը,

ժէ) չափիչ սարքերի ցանկը, որոնք ունեն ցուցասարքի (ինդիկատորի) կարգ,

ժը) օբյեկտների միջև բաշխված պաշտպանական գույքային միջոցների ցանկը:

3) Շահագործման ընթացքում էլեկտրատեղակայանքների վրա կատարված բոլոր փոփոխությունները ժամանակին պետք է արտացոլվեն սխեմաներում և գծագրերում էլեկտրատնտեսության պատասխանատուի ստորագրությամբ` նշելով դրա պաշտոնը և փոփոխության կատարման ժամկետը:

Փոփոխությունների մասին պետք է տեղեկացվեն այն բոլոր աշխատողները, որոնց համար տվյալ սխեմաների իմացությունը պարտադիր է և դրա մասին կատարվում է գրառում` կարգագրերով և կարգադրություններով իրականացվող աշխատանքների հաշվառման մատյանում:

4) Սխեմաների վրա կատարված նշումները և համարները պետք է համապատասխանեն իրական կատարվածի հետ:

5) Էլեկտրական (տեխնոլոգիական) սխեմաների (գծագրերի) համապատասխանությունը փաստացիին ստուգվում է երկու տարին առնվազն մեկ անգամ` դրա մասին կատարելով համապատասխան գրառում սպառողի կողմից սահմանված ձևի մատյանում:

6) Էլեկտրամատակարարման սխեմաների լրակազմը պետք է գտնվի էլեկտրատնտեսության պատասխանատուի մոտ, դրա աշխատատեղում:

Տվյալ արտադրամասի տեղամասի (ստորաբաժանման) էլեկտրատեղակայանքների և դրանց հետ էլեկտրական կապեր ունեցող այլ ստորաբաժանումների օպերատիվ սխեմաները պետք է պահվեն տվյալ ստորաբաժանման օպերատիվ անձնակազմի աշխատատեղում:

Հիմնական սխեմաները փակցվում են տվյալ էլեկտրատեղակայանքի սենքում, երևացող տեղում:

7) Յուրաքանչյուր աշխատատեղ պետք է ունենա անհրաժեշտ արտադրական (շահագործման), պաշտոնական, աշխատանքի պաշտպանության և հրդեհային անվտանգության միջոցների մասին հրահանգներ:

8) Էլեկտրասարքավորումների շահագործման պայմանների փոփոխության դեպքում հրահանգում պետք է կատարվի համապատասխան փոփոխություն և դրա մասին տեղեկացվի աշխատողներին (ստորագրությամբ), ում համար պարտադիր է այդ հրահանգների իմացությունը:

Հրահանգները վերանայում են երեք տարին առնվազն մեկ անգամ:

9) Օպերատիվ անձնակազմի աշխատատեղերում (ենթակայաններում, բաշխիչ սարքվածքներում կամ էլեկտրատեղակայանքների սպասարկման անձնակազմի սենյակներում) պետք է վարեն (ընթանան) հետևյալ փաստաթղթերը`

ա) օպերատիվ սխեման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մակետ-սխեման: Այն սպառողներին, որոնց էլեկտրամատակարարման սխեմաները պարզ են և ակնառու, բավարար է ունենալ առաջնային էլեկտրական միացությունների միագիծ սխեմաները, որտեղ չեն նշվում փոխարկման սարքերի փաստացի դիրքերը,

բ) օպերատիվ մատյանը,

գ) կարգագրերով և կարգադրություններով կատարվող աշխատանքների հաշվառման մատյանը,

դ) էլեկտրատեղակայանքների բանալիներ տալու և վերադարձնելու նշումների մատյանը,

ե) ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի և հեռամեխանիկայի մատյանը,

զ) էլեկտրասարքավորումների անսարքությունների և արատների գրանցման մատյանը կամ քարտադարանը,

է) չափման միջոցների և էլեկտրական հաշվիչների ցուցմունքների գրանցման մատյանը,

ը) էլեկտրասարքավորումների հաշվառման մատյանը,

թ) մալուխների գրանցման մատյանը,

ժ) աշխատողների ցուցակը`

ովքեր իրավասու են օպերատիվ փոխարկումներ կատարելու, օպերատիվ բանակցություններ վարելու, էլեկտրատեղակայանքների և տեխնոլոգիական սարքավորումների էլեկտրատեխնիկական մասում միանձնյա զննումներ կատարելու,

ովքեր իրավունք ունեն կարգադրություններ անելու և կարգագրեր տալու,

որոնց տրված են թույլատրողի, աշխատանքների կատարման պատասխանատուի, աշխատանքներ կատարողի և հսկողի իրավունքները,

ում թույլատրված է ստորգետնյա կառույցներում գազի առկայության ստուգումը,

ովքեր էլեկտրատեղակայանքներում հատուկ աշխատանքներ կատարելու իրավունք ունեն և որոնց գիտելիքները ենթակա են ստուգման,

որոնք իրավասու են վարելու էլեկտրամատակարարող կազմակերպության և ենթաբաժանորդ կազմակերպությունների օպերատիվ բանակցությունները,

ժա) սարքավորումների, էլեկտրահաղորդման գծերի և ՌՊԱ-ի սարքվածքների ցանկը, որոնք գտնվում են օպերատիվ կառավարման ներքո, տվյալ ամրագրված տեղամասում,

ժբ) էլեկտրատեղակայանքներում փոխարկումների վերաբերյալ արտադրական հրահանգները,

ժգ) էլեկտրատեղակայանքներում աշխատանքներ կատարելու կարգագիր-թույլտվության բլանկները,

ժդ) ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների ցանկը:

Կախված տեղական պայմաններից (կազմակերպչական կառուցվածքից, օպերատիվ կառավարման տեսակից, դրա կառավարման ներքո գործող օպերատիվ անձնակազմի և էլեկտրատեղակայանքների կազմից)` օպերատիվ փաստաթղթերի մեջ կարող են ներառվել հետևյալ փաստաթղթերը`

աշխատատեղում հրահանգավորման գրանցման մատյանը,

էլեկտրատեղակայանքների միագիծ էլեկտրական միացումների սխեման` սարքավորումների նորմալ աշխատանքի ռեժիմներում,

օպերատիվ կարգադրություններ տալու իրավասություն ունեցող աշխատողների ցուցակը,

հակավթարային և հակահրդեհային վարժանքների հաշվառման մատյանը,

ռելեական պաշտպանության, ավտոմատիկայի և հեռամեխանիկայի մատյանը, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի նախադրվածքների քարտը,

վթարների կանխարգելման և վերացման տեղական հրահանգը,

բարդ օպերատիվ փոխարկումների ցանկը,

փոխարկումների բլանկները:

Օպերատիվ փաստաթղթերի ծավալը կարող է համալրվել սպառողի ղեկավարի կամ էլեկտրատնտեսության պատասխանատուի որոշմամբ:

10) Վերադաս օպերատիվ կամ վարչատեխնիկական անձնակազմը պետք է պարբերաբար (կազմակերպության սահմանած ժամկետներում, բայց ոչ պակաս ամիսը մեկ անգամ) վերանայի օպերատիվ փաստաթղթերը և ընդունի միջոցներ` հայտնաբերված թերությունների վերացման համար:

11) Օպերատիվ փաստաթղթերը, չափման միջոցների ցուցմունքները գրանցող դիագրամները, հաշվարկային էլեկտրահաշվիչների ցուցմունքների ամփոփագրերը, ելից փաստաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և ենթակա են պահպանման սահմանված կարգով:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

8. ՈՒԺԱՅԻՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԸ

 

1) Ռեակտորների և տրանսֆորմատորների տեղակայումը պետք է իրականացվի շինարարական նորմերին և ենթակայանների տեխնոլոգիական նախագծման նորմերին համապատասխան:

Տրանսֆորմատորների և ռեակտորների փոխադրումը, բեռնաթափումը, պահպանումը, տեղադրումը և շահագործման հանձնումը պետք է իրականացվի դրանց շահագործման փաստաթղթերին համապատասխան:

2) Ուժային տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) և շունտավորող յուղային ռեակտորների շահագործման ընթացքում պետք է ապահովվի դրանց հուսալի աշխատանքը: Բեռնվածքը, լարման մակարդակը, ջերմաստիճանը, յուղի բնութագրերը և մեկուսացման չափանիշները պետք է գտնվեն սահմանված նորմերի սահմաններում, սարքին վիճակում պետք է լինեն հովացման, լարման կարգավորման, պաշտպանության սարքվածքները, յուղի տնտեսությունը և այլ տարրեր:

3) Գազային պաշտպանության սարքվածքներով կահավորված տրանսֆորմատորները (ռեակտորները) պետք է տեղադրվեն այնպես, որ փականը (բաքի հանովի մասը) ունենա 1%-ից ոչ պակաս թեքություն գազային ռելեի նկատմամբ: Միևնույն ժամանակ յուղատար խողովակի թեքությունը դեպի ընդարձակիչ պետք է լինի 2%-ից ոչ պակաս:

4) Չաշխատող տրանսֆորմատորի (ռեակտորի) ընդարձակիչում յուղի մակարդակը պետք է գտնվի տվյալ պահին տրանսֆորմատորի (ռեակտորի) յուղի ջերմաստիճանին համապատասխանող նշագծի վրա:

Սպասարկող անձնակազմը պետք է հետևի յուղի վերին շերտերի ջերմաստիճանին` ջերմաչափերի և ջերմազդանշանիչների միջոցով, որոնցով կահավորված են ընդարձակիչով տրանսֆորմատորները, ինչպես նաև հերմետիկ տրանսֆորմատորների մանոմետրերի (վակուումամետրերի) ցուցմունքներին, որոնց բեռնվածքը պետք է իջեցվի բաքում ճնշումը 50 կՊա (0,5 գ/սմ2) ավելի բարձրացման դեպքում:

5) Տրանսֆորմատորի ապահովիչ խողովակի օդային տարածքը պետք է միացված լինի ընդարձակիչի օդային տարածքի հետ:
Ապահովիչ խողովակի մեմբրանի մակարդակը պետք է լինի ընդարձակիչի մակարդակից բարձր:

6) Հրդեհամարման անշարժ սարքվածքները պետք է պատրաստ լինեն վթարի դեպքում օգտագործմանը և ստուգվեն` համապատասխան գրաֆիկով:

7) Տրանսֆորմատորի յուղաընդունիչների կոպճային լցվածքը պետք է մաքուր պահվի և լվացվի առնվազն տարին մեկ անգամ:

Կոպճային լցվածքի աղտոտման (փոշի, ավազ և այլն) կամ կոպճի յուղոտման դեպքում դրա մաքրումը պետք է կատարվի աշնանը և գարնանը:

Կոպճային լցվածքի վրա 3 մմ-ից ավելի հաստությամբ նավթամթերքի կոշտ նստվածք առաջանալու, բուսականություն աճելու դեպքերում կամ լցվածքը մաքրման ենթակա չլինելու դեպքում պետք է փոխվի կոպիճը:

8) Արտաքին տեղակայման եռաֆազ տրանսֆորմատորների բաքերի վրա պետք է նշվեն ենթակայանային համարները: Միաֆազ տրանսֆորմատորների և ռեակտորների խմբերի վրա ենթակայանային համարը նշվում է միջին ֆազի վրա:

9) Տրանսֆորմատորային կետերի և խցիկների դռների վրա դրսի և ներսի կողմերից պետք է նշվեն տրանսֆորմատորների ենթակայանային համարները, ինչպես նաև նախազգուշացնող նշանները` արտաքին կողմից: Դռները պետք է միշտ կողպեքով փակված լինեն:

10) Տրանսֆորմատորների և ռեակտորների 3 մ-ից բարձր գտնվող տարրերի տեխսպասարկումը և զննումը պետք է կատարվի բազրիքով և վերևի հարթակով անշարժ սանդուղքներից` անվտանգության կանոնների պահպանմամբ:

11) Տրանսֆորմատորի (ռեակտորի) միացումը ցանցին պետք է իրականացվի միանգամից լրիվ լարման տակ, որոնք աշխատում են գեներատորի հետ բլոկով, կարող են միանալ աշխատանքի գեներատորի հետ, լարման 0-ից բարձրացմամբ:

12) Պահուստային տրանսֆորմատորներն աշխատանքին միանալու մշտական պատրաստականության վիճակում պետք է լինեն:

13) 110 կՎ լարման տրանսֆորմատորների և ռեակտորների փաթույթների չեզոքները պետք է աշխատեն խուլ հողակցման ռեժիմում: 110 կՎ լարման տրանսֆորմատորների չեզոքների աշխատանքի այլ ռեժիմները և դրանց պաշտպանության եղանակները սահմանում է էներգամատակարարող կազմակերպությունը:

14) Տրանսֆորմատորի (ռեակտորի) ներքին վնասվածքից պաշտպանության գործելուց ավտոմատ անջատման դեպքում, այն կարելի է միացնել աշխատանքի միայն զննումից, փորձարկումներից, գազի և յուղի վերլուծությունից և հայտնաբերված արատները (վնասվածքները) վերացնելուց հետո:

15) Ազդանշանից գազային ռելեի գործի ընկնելու դեպքում տրանսֆորմատորը պետք է ենթարկվի արտաքին զննման և ռելեից գազի նմուշառում կատարվի` վերլուծության և այրելիության ստուգման համար:

Անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար գազային ռելեից գազի նմուշառման և դրա գործելու հետ կապված պատճառների հայտնաբերման ընթացքում տրանսֆորմատորը (ռեակտորը) պետք է բեռնաթափվի և անջատվի արագ կերպով:

Եթե ռելեի գազն այրվող չէ և տրանսֆորմատորի վնասված լինելու նշանները բացակայում են, իսկ դրա անջատումը պատճառ է հանդիսացել էլեկտրաէներգիայի թերառաքման, ապա նա կարող է միացվել աշխատանքի գործընթացին մինչև ազդանշանից գազային ռելեի գործի ընկնելու պատճառի բացահայտումը: Այս դեպքում տրանսֆորմատորի աշխատանքի տևողությունը որոշում է սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուն: Գազային ռելեից գազի, յուղի վերլուծության և այլ չափումների, փորձարկումների արդյունքներով անհրաժեշտ է պարզել ազդանշանից գազային ռելեի գործի ընկնելու պատճառը, որոշել տրանսֆորմատորի (ռեակտորի) տեխնիկական վիճակը և դրա նորմալ շահագործման հնարավորությունը:

16) Տրանսֆորմատորի (ռեակտորի) ընդարձակիչի յուղը, ինչպես նաև բաքի կամ բեռնվածքի տակ լարման կարգավորման (ԲԼԿ) սարքվածքի ընդարձակիչի յուղը պետք է պաշտպանված լինի օդի հետ շփումից: Յուղի խոնավացումը կանխարգելող հատուկ սարքվածքով կահավորված տրանսֆորմատորներում և ռեակտորներում նշված սարքվածքները տրանսֆորմատորի (ռեակտորի) աշխատանքային ռեժիմից անկախ պետք է միշտ միացված լինեն: Նշված սարքվածքները պետք է շահագործվեն շահագործման փաստաթղթերով սահմանված հրահանգներին համապատասխան:

1000 Վ և բարձր հզորությամբ տրանսֆորմատորները պետք է շահագործվեն ջերմասիֆոնային և ադսորբային (մակակլանող) զտիչներում յուղի անընդհատ վերականգնման համակարգի հետ:

Ոչ հերմետիկ կատարման յուղալեցուն ներանցիչի յուղը պետք է պաշտպանված լինի խոնավացումից և օքսիդացումից:

17) ԲԼԿ սարքվածքով կահավորված չբեռնավորված տրանսֆորմատորի պարապ ընթացքի հոսանքի զատիչով անջատման անհրաժեշտության դեպքում փոխարկիչը, սպառողի կողմի բեռնվածքը հանելուց հետո, պետք է դրվի անվանական լարմանը համապատասխան դիրքում:

18) Տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) զուգահեռ աշխատանքը թույլատրվում է այն դեպքում, եթե փաթույթներից ոչ մեկը տվյալ փաթույթի համար թույլատրելիից գերազանցող հոսանքով ծանրաբեռնված չէ:

Տրանսֆորմատորների զուգահեռ աշխատանքը թույլատրվում է հետևյալ պայմաններում`

ա) փաթույթների միացումների խմբերը միանման են,

բ) տրանսֆորմատորների հզորությունների հարաբերությունը 1:3-ից ավելի չէ,

գ) փոխակերպման (տրանսֆորմացիայի) գործակիցները տարբերվում են 0,5%-ից ոչ ավելի,

դ) կարճ միացման լարումները տարբերվում են 10%-ից ոչ ավելի,

ե) կատարվել է տրանսֆորմատորների ֆազավորում:

Զուգահեռ աշխատող կարճ միացման տարբեր լարումներով տրանսֆորմատորների միջև բեռնվածության հավասարեցման համար թույլատրվում է ճյուղավորումների փոխարկումներով, փոխակերպման գործակցի փոփոխում ոչ մեծ սահմաններում, այն պայմանով, որ տրանսֆորմատորներից ոչ մեկը գերբեռնված չլինի:

19) Յուղային և հեղուկ չայրվող դիէլեկտրիկով տրանսֆորմատորների համար թույլատրվում է ցանկացած փաթույթի երկարատև բեռնվածք ճյուղավորման անվանական հոսանքը 5%-ը գերազանցող հոսանքով, եթե լարումը չի գերազանցում համապատասխան ճյուղավորման անվանական լարումը: Ավտոտրանսֆորմատորում ընդհանուր փաթույթի հոսանքը չպետք է գերազանցի այդ փաթույթի համար ամենամեծ երկարատև թույլատրելի հոսանքը:

Չոր տրանսֆորմատորների շարունակական թույլատրելի բեռնվածքները պետք է սահմանվեն տրանսֆորմատորների որոշակի խմբերի և տեսակների ստանդարտներով:

Յուղային և չոր, ինչպես նաև հեղուկ չայրվող դիէլեկտրիկով տրանսֆորմատորներում թույլատրվում են համակարգված գերբեռնումներ, որոնց արժեքները և տևողությունը կարգավորվում է շահագործման փաստաթղթերով:

20) Վթարային ռեժիմներում թույլատրվում է տրանսֆորմատորների անվանական հոսանքից առավել կարճատև գերբեռնվածություն սառեցման բոլոր համակարգերի առկայության դեպքում, անկախ նախորդ բեռնվածքի տևողությունից ու արժեքից և սառեցնող միջավայրի ջերմաստիճանից, հետևյալ սահմաններում`

Յուղային տրանսֆորմատորներ.

գերբեռնումն ըստ հոսանքի, %

30

45

60

75

100

գերբեռնման տևողությունը, րոպե

120

80

45

20

10

  

Չոր տրանսֆորմատորներ.

գերբեռնումն ըստ հոսանքի, %

20

30

40

50

60

գերբեռնման տևողությունը, րոպե

60

45

32

18

5

 

21) Թույլատրվում է տրանսֆորմատորների շարունակական աշխատանքը (անվանական հզորությունը չգերազանցելու դեպքում), եթե ցանկացած փաթույթի ցանկացած ճյուղավորման լարումը բարձրացել է տվյալ ճյուղավորման անվանական լարման համեմատ 10%-ով: Ընդ որում, ցանկացած փաթույթում լարումը չպետք է լինի բարձր առավելագույն աշխատանքային լարումից:

22) Տրանսֆորմատորի անվանական բեռնվածքի դեպքում յուղի վերին շերտերի ջերմաստիճանը (շահագործման փաստաթղթերով հրահանգներում այլ ջերմաստիճաններ նախատեսված չլինելու դեպքում) պետք է բարձր չլինի`

ա) օդափչումով և յուղի հարկադիր շրջանառության յուղային սառեցման համակարգով կահավորված տրանսֆորմատորներում (այսուհետ` ՕդՇ) - 750C,

բ) յուղային սառեցման համակարգով (այսուհետ` Յու) և օդափչումով յուղային սառեցման համակարգով (այսուհետ` Օդ) - 950C,

գ) ջրահովացուցչի միջով յուղի հարկադիր շրջանառության յուղային սառեցման համակարգով կահավորված տրանսֆորմատորներում (այսուհետ` Շ) յուղի ջերմաստիճանը յուղահովացուցիչ մուտքում չպետք է լինի 700C-ից բարձր:

23) ՕդՇ յուղային սառեցման համակարգերով կահավորված, փաթույթներում յուղի ուղղորդված շրջանառությամբ (այսուհետ` ՈւՕդՇ), Շ համակարգով փաթույթներով յուղի ուղղորդված շրջանառությամբ և ջրահովացուցչի միջով յուղի հարկադիր շրջանառությամբ (այսուհետ` ՈւՇ) տրանսֆորմատորներում և ռեակտորներում սառեցման սարքավորումները պետք է ավտոմատ միացվեն (անջատվեն) տրանսֆորմատորի (ռեակտորի) միացման (անջատման) հետ միաժամանակ:

Տրանսֆորմատորների միացումն անվանական բեռնվածքով թույլատրվում է`

ա) Յու և Օդ սառեցման համակարգերով` ցանկացած բացասական ջերմաստիճանի դեպքում,

բ) ՕդՇ և Շ սառեցման համակարգերով` շրջակա օդի մինուս 250C ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում տրանսֆորմատորը պետք է նախապես տաքացվի միացնելով մինչև 0,5 անվանականի բեռնվածք` յուղի շրջանառության համակարգը գործի չգցելով: Յուղի շրջանառության համակարգը պետք է միացվի աշխատանքի միայն յուղի վերին շերտերի ջերմաստիճանը մինուս 250C-ից ավելի բարձրացնելուց հետո:

Վթարային պայմաններում թույլատրելի է տրանսֆորմատորները լրիվ բեռնվածքով աշխատեցնելը` անկախ շրջակա օդի ջերմաստիճանից (ՈւՕդՇ և Շ սառեցման համակարգերով կահավորված տրանսֆորմատորների համար` գործարանային հրահանգներին համապատասխան):

24) Սառեցման համակարգերում յուղի հարկադիր շրջանառությունը պետք է լինի անընդհատ` տրանսֆորմատորի բեռնվածքից անկախ:

25) Յուղաջրային Շ և ՈւՇ սառեցման համակարգերի միացման ժամանակ առաջին հերթին պետք է գործի գցվի յուղապոմպը: Հետո յուղի վերին շերտերի ջերմաստիճանի 150C բարձր լինելու դեպքում պետք է միանա ջրապոմպը: Ջրապոմպի անջատումն իրականացվում է յուղի վերին շերտերի ջերմաստիճանը մինչև 100C իջնելը, եթե շահագործման հրահանգներով այլ բան չի նախատեսված:

Տրանսֆորմատորի ընդարձակիչում յուղը նվազագույն մակարդակում գտնվելիս դրա ճնշումը յուղահովարարներում պետք է շրջանառության մեջ գտնվող ջրի ճնշումից բարձր լինի առնվազն 10 կՊա-ով (0,1 կգ/սմ2):

Անհրաժեշտ է նախատեսել միջոցներ` յուղահովարարների, պոմպերի, ջրային մայրուղիների սառեցման կանխարգելման համար:

26) Բոլոր օդափոխիչների վթարային անջատման ժամանակ Օդ սառեցման համակարգերով տրանսֆորմատորներին թույլ է տրվում անվանական բեռնվածքով աշխատանքը` կախված շրջակա օդի ջերմաստիճանից, հետևյալ տևողությամբ`

Շրջակա օդի ջերմաստիճան, 0C

-15

-10

0

10

20

30

Աշխատանքի թույլատրելի տևողությունը, ժ

60

40

16

10

6

4

 

ՕդՇ և Շ սառեցման համակարգերով կահավորված տրանսֆորմատորների համար թույլատրելի է`

ա) արհեստական հովացման դադարի դեպքում անվանական բեռնվածքով աշխատանքը` 10 րոպե տևողությամբ կամ պարապ ընթացքը` 30 րոպե տևողությամբ, եթե նշված ժամանակի ավարտից հետո յուղի վերին շերտերի ջերմաստիճանը չի հասել 80C: 250 ՄՎԱ-ից ավելի հզորություն ունեցող տրանսֆորմատորների համար աշխատանքն անվանական բեռնվածքով թույլատրելի է մինչև նշված ջերմաստիճանին հասնելը, բայց 1 ժ-ից ոչ ավելի,

բ) օդափոխիչների լրիվ կամ մասնակի անջատման դեպքում կամ ջրի շրջանառության դադարի դեպքում, յուղի շրջանառության պահպանմամբ, երկարատև աշխատանք իջեցված բեռնվածքով մինչև յուղի վերին շերտերի 450C-ից ոչ բարձր ջերմաստիճանը:

Սույն կետի պայմաններն ուժի մեջ են, եթե շահագործման հրահանգներում այլ պայմաններ նախատեսված չեն:

27) Օդ սառեցման համակարգերով կահավորված տրանսֆորմատորների համար յուղի 550C ջերմաստիճանի դեպքում կամ անվանականին հավասար հոսանքի դեպքում, անկախ յուղի ջերմաստիճանից, պետք է ավտոմատ միանան օդափոխիչների շարժիչները: Օդափոխիչների շարժիչների անջատումն իրականացվում է յուղի վերին շերտերի ջերմաստիճանը մինչև 500C իջեցման դեպքում, եթե բեռնվածքի հոսանքն անվանականից ցածր է:

28) Բեռնվածքով լարման կարգավորման (ԲԼԿ) սարքավորումները պետք է աշխատեն ավտոմատ ռեժիմով: Դրանց աշխատանքը պետք է վերահսկվի գործողությունների թվի հաշվիչների ցուցմունքներով:

Սպառողի էլեկտրատնտեսության պատասխանատուի որոշմամբ թույլատրելի է ԲԼԿ-ի հեռափոխարկումը կառավարման վահանակից, եթե ցանցում լարման տատանումները սպառողների պահանջներին բավարարող սահմաններում են: Լարման տակ ձեռքով (բռնակի օգնությամբ) փոխարկումներ չեն թույլատրվում:

Սպառողի տրանսֆորմատորներն սպասարկող անձնակազմը պարտավոր է պահպանել ցանցի լարման և կարգավորվող ճյուղավորման վրա սահմանվող լարման համապատասխանությունը:

29) Առանց գրգռման փաթույթների (այսուհետ` ԱԳՓ) ճյուղավորումների փոխարկիչներով կահավորված տրանսֆորմատորների համար փոխակերպման գործակցի ընտրության իսկությունը պետք է ստուգվի առնվազն տարին 2 անգամ` ձմռան առավելագույն բեռնվածքի և ամռան նվազագույն բեռնվածքի հաստատումից առաջ:

30) Տրանսֆորմատորների (ռեակտորների) զննումն առանց դրանց անջատման պետք է իրականացվի հետևյալ ժամկետներում`

ա) անձնակազմի մշտական հերթապահությամբ ենթակայանների գլխավոր իջեցնող տրանսֆորմատորներինը` օրը մեկ անգամ,

բ) անձնակազմի մշտական և ոչ մշտական հերթապահությամբ էլեկտրատեղակայանքների մյուս տրանսֆորմատորները` ամիսը մեկ անգամ,

գ) տրանսֆորմատորային կետերում` ամիսը առնվազն մեկ ամգամ:

Ելնելով տրանսֆորմատորների (ռեակտորների) վիճակից և տեղային պայմաններից` նշված ժամկետները կարող են փոփոխվել սպառողի` էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կողմից:

Տրանսֆորմատորների (ռեակտորների) արտահերթ զննումները կատարվում են`

ա) եղանակի անբարենպաստ ազդեցություններից հետո (ամպրոպ, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն, ուժեղ քամի և այլն),

բ) գազային պաշտպանության ազդանշանման գործելու դեպքում, ինչպես նաև գազային և (կամ) դիֆերենցիալ պաշտպանության գործելու հետևանքով տրանսֆորմատորի (ռեակտորի) անջատման դեպքում:

31) Տրանսֆորմատորների (ռեակտորների) արտահերթ նորոգումները պետք է կատարվեն, եթե դրանց տարրերից որևէ մեկի արատը կարող է աշխատանքի խափանման պատճառ դառնալ: Տրանսֆորմատորի (ռեակտորի) նորոգման համար դրանք կանգնեցնելու որոշումը կայացնում է սպառողի ղեկավարը կամ էլեկտրատնտեսության համար պատասխանատուն:

32) Շահագործման մեջ գտնվող տրանսֆորմատորների ռեակտորների և դրանց տարրերի փորձարկումները պետք է իրականացվեն էլեկտրասարքավորումների փորձարկումների նորմերին և շահագործման հրահանգներին համապատասխան: Փորձարկումների արդյունքներով կազմվում են արձանագրություններ և պահվում տվյալ սարքավորումների փաստաթղթերի հետ:

33) Տրանսֆորմատորը (ռեակտորը) վթարային կերպով հանվում է աշխատանքից, եթե`

ա) տրանսֆորմատորի ներսում ուժեղ անհավասար աղմուկ կամ ճարճատյուն կա,

բ) տրանսֆորմատորն անկանոն և անընդհատ աճով տաքանում է` անվանականից ցածր բեռնվածքի և սառեցման սարքվածքների կանոնավոր աշխատանքի դեպքում,

գ) ընդարձակիչից յուղ է դուրս մղվել կամ արտանետման խողովակի դիաֆրագման պատռվել է,

դ) տեղի է ունեցել յուղի արտահոսք և, եթե յուղի մակարդակն իջնում է յուղաչափի ապակու վրա նշված մակարդակից ներքև:

Տրանսֆորմատորների աշխատանքը դադարեցվում է նաև յուղի անհապաղ փոխարինման անհրաժեշտության դեպքում` ելնելով լաբորատոր վերլուծությունների արդյունքներից:

 

9. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ (ԲՍ) ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԸ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են սպառողների 0,4-ից մինչև 220 կՎ լարման ԲՍ-ին և ենթակայաններին:

2) Կողմնակի կազմակերպություններին պատկանող շենքերին հարող սպառողի ԲՍ սենքը, կահավորված լարման տակ գտնվող սարքավորումներով, պետք է մեկուսացված լինի այդ շենքերից: Նա պետք է առանձին փակվող (կողպեքով) ելք ունենա:

ԲՍ, որոնք սպասարկվում են սպառողի կողմից և օգտագործվում են էներգամատակարարող կազմակերպությունների կողմից, պետք է կառավարվի սպառողի և էներգամատակարարող կազմակերպության միջև փոխհամաձայնեցված հրահանգների հիման վրա:

3) Սենքերում դռները և լուսամուտները պետք է միշտ փակ լինեն, իսկ յուղ պարունակող ապարատների միջև եղած միջնորմների բացվածքները պետք է լցափակված լինեն: Մալուխների անցկացման վայրերում եղած բոլոր անցքերը պետք է խցված լինեն: Շենքերի արտաքին պատերի անցքերը և բացվածքները պետք է լցափակվեն կամ 1x1սմ չափի անցքերով ցանցերով փակվեն, որպեսզի բացառվի կենդանիների և թռչունների մուտքը:

4) Գործարկման-կարգավորման և պաշտպանական ապարատների հոսանատար մասերը պետք է պատահական հպումներից ցանկապատվեն: Հատուկ սենքերում (էլեկտրամեքենայական, վահանային, ղեկավարման կայանները և այլն) թույլատրվում է ապարատների բաց տեղադրումն առանց պաշտպանական պատյանի:

Էլեկտրասենքերից դուրս տեղադրված բոլոր ԲՍ-ները (վահաններ, հավաքվածքներ և այլն) պետք է ունենան փակող սարքեր, որոնցով կարգելվեն ոչ էլեկտրատեխնիկական անձնակազմի աշխատողների մուտքն այդտեղ:

5) Բոլոր տեսակի և լարման ԲՍ էլեկտրասարքավորումները պետք է բավարարեն աշխատանքային պայմաններին` ինչպես բնականոն ռեժիմներում, այնպես էլ կարճ միացումների, գերլարումների և գերբեռնումների ժամանակ:

Էլեկտրասարքավորման մեկուսացման դասը պետք է համապատասխանի ցանցի անվանական լարմանը, իսկ գերլարումներից պաշտպանության սարքվածքները` էլեկտրասարքավորումների մեկուսացման մակարդակին:

6) Աղտոտված մթնոլորտով տարածքներում գտնվող էլեկտրասարքավորումներում պետք է իրականացվեն մեկուսացման հուսալիությունն ապահովող հետևյալ միջոցառումները`

ա) բաց բաշխիչ սարքվածքներում (այսուհետ` ԲԲՍ)` մեկուսացման ուժեղացում, մաքրում, լվացում, անջրանցիկ մածուկներով պատում,

բ) փակ բաշխիչ սարքավորումներում (այսուհետ` ՓԲՍ) փոշու և վտանգավոր գազերի ներթափանցումից պաշտպանություն,

գ) արտաքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքավորումներում (այսուհետ` ԱԼԲՍ)` պահարանների հերմետիկացում և մեկուսացում անջրանցիկ մածուկներով:

7) Հոսանատար մասերին մոտ գտնվող կոնստրուկցիաների մասերը, որոնք տաքանում են մակածված հոսանքով և մատչելի են անձնակազմի հպման համար, չպետք է ունենան 500C-ից բարձր ջերմաստիճան:

8) ՓԲՍ սենքում օդի ջերմաստիճանն ամռանը չպետք է գերազանցի 400C: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն սարքավորումների ջերմաստիճանի իջեցման կամ օդի սառեցման համար:

Ճնշակային կայանի սենքում օդի ջերմաստիճանը պետք է պահպանվի 100C-ից մինչև 350C սահմաններում, էլեգազային բաշխիչ սարքվածքների (այսուհետ` ԷԼԲՍ) սենքերում 10C-ից մինչև 400C սահմաններում:

ԲՍ-ում հաղորդաձողերի կազմատվող միացումների ջերմաստիճանի հսկողությունը պետք է կազմակերպել հաստատված գրաֆիկով:

9) ԲԲՍ-ի հոսանատար մասերի և ծառերի, բարձր թփերի միջև եղած հեռավորությունը պետք է լինի այնպիսին, որ բացառվի հոսանատար մասերի մակածածկվելու հնարավորությունը:

10) ԲԲՍ, ՓԲՍ և ԱԼԲՍ հատակի ծածկույթը պետք է այնպիսին լինի, որ բացառվի ցեմենտի փոշու գոյացումը:

Էլեգազային մեկուսացմամբ լրակազմ ԲՍ (այսուհետ` ԷԼԲՍ) բջիջների տեղակայման սենքերը, ինչպես նաև սարքավորումների նորոգումից և հավաքակցումից առաջ դրանց վերաստուգման սենքերը, պետք է մեկուսացվեն փողոցից և այլ սենքերից: Պատերը, հատակը և առաստաղը պետք է ներկվեն փոշեանթափանց ներկով:

Սենքերը պետք է մաքրվեն խոնավ կամ վակուումային եղանակով: Սենքերը պետք է կահավորված լինեն ներհոս-արտահոս օդափոխմամբ` օդի ներքևից ներծծմամբ: Ներհոս օդափոխման օդը պետք է անցնի փոշու ներթափանցումը սենք կանխարգելող զտիչներով:

11) ԲԲՍ և ՓԲՍ մալուխային անցուղիները և վերգետնյա մալուխային վաքերը պետք է փակված լինեն չայրվող սալիկներով, մալուխային անցուղիներից, վաքերից, հարկերից մալուխների դուրս գալու տեղերը և մալուխային հատվածամասերի միջև անցումները պետք է կիպացվեն հրակայուն նյութերով:

Թունելները, անցուղիները, նկուղները պետք է մաքուր պահվեն, իսկ ջրաքաշման սարքավորումները պետք է ապահովեն ջրի անարգել հեռացումը:

Յուղընդունիչները, կոպճածածկերը, ջրաքաշման և յուղահեռացման ուղիները պետք է պահվեն սարքին վիճակում:

12) Յուղի մակարդակը յուղային անջատիչներում, չափիչ տրանսֆորմատորներում և ներանցիչներում պետք է գտնվի յուղացուցչի սանդղակի սահմաններում` շրջակա օդի նվազագույն և առավելագույն ջերմաստիճանների դեպքում:

Ոչ հերմետիկ ներանցիչների յուղը պետք է պաշտպանված լինի խոնավությունից և օքսիդացումից:

13) ԲՍ և ենթակայաններ տանող ավտոմեքենայի ճանապարհները պետք է գտնվեն սարքին վիճակում:

Մալուխային անցուղիների վրայով ավտոփոխադրամիջոցների անցումը թույլատրող տեղերը պետք է նշվեն:

14) Կառավարման բոլոր բանալիների, կոճակների և բռնակների վրա պետք է լինեն իրենց նշանակությանը համապատասխան գործողություն ցույց տվող գրառումներ («Միացնել», «Անջատել», «Նվազեցնել», «Ավելացնել» և այլն):

Ազդանշանային ապարատների և լամպերի վրա պետք է լինեն ազդանշանը բնորոշող գրառումներ («Միացված է», «Անջատված է», «Գերտաքացում» և այլն):

15) Անջատիչները և դրանց հաղորդակները պետք է ունենան անջատված և միացված դիրքերի ցուցիչներ:

Ներսարքված հաղորդակներով կամ անջատիչին անմիջապես կից և դրանից անընդհատ անթափանց ցանկապատով (պատով) չանջատած հաղորդակներով անջատիչների վրա թույլատրվում է մեկ ցուցչի տեղադրում` անջատիչի կամ հաղորդակի վրա: Եթե անջատիչի արտաքին հպակներից պարզ երևում է միացված դիրքը, ապա անջատիչի և ներսարքված կամ պատով չանջատված հաղորդակի վրա ցուցչի առկայությունը պարտադիր չէ:

Բաժանիչների, հողակցող դանակների, խզիչների, կարճամիակցիչների և ապարատներից պատով անջատված այլ սարքավորումների հաղորդակները պետք է ունենան անջատված և միացված դիրքերի ցուցիչներ:

Բաժանիչների, խզիչների, կարճամիակցիչների, հողակցող դանակների ցանկապատեր չունեցող բոլոր հաղորդակները պետք է ունենան հարմարանքներ և անջատված, և միացված վիճակում փակելու համար:

Զսպանակային հաղորդակներով անջատիչներով կահավորված ԲՍ-ները պետք է համալրվեն զսպանակային մեխանիզմի լարման համար նախատեսված հարմարանքներով:

16) ԲՍ սպասարկող անձնակազմը պետք է ունենա վթարային և բնականոն պայմաններում աշխատանքի թույլատրելի ռեժիմների մասին փաստաթղթեր:

Հերթապահ անձնակազմը պետք է ունենա չափաբերված հալուն ներդիրների պահուստ: Չչափաբերված հալուն ներդիրների օգտագործումը չի թույլատրվում: Հալուն ներդիրները պետք է համապատասխանեն ապահովիչների տեսակին:

ԲՍ պահուստային տարրերի սարքինությունը (տրանսֆորմատորների, անջատիչների, հաղորդաձողերի և այլնի) պետք է կանոնավոր ստուգվեն` միացվեն լարման տակ, տեղային հրահանգներով սահմանված ժամկետներում:

17) ԲՍ սարքավորումները պետք է պարբերաբար մաքրվեն փոշուց և կեղտից:

Մաքրման ժամկետները որոշում է էլեկտրատնտեսության համար պատասխանատուն` հաշվի առնելով տեղային պայմանները:

ԲՍ սենքերի և էլեկտրասարքավորումների մաքրումը կատարում է ուսուցված անձնակազմը` պահպանելով անվտանգության կանոնները:

18) ԲՍ ուղեկապող սարքավորումները, բացի մեխանիկականից, պետք է միշտ կապարակնքված լինեն: Փոխարկումները կատարող անձնակազմին չի թույլատրվում ինքնակամ ապաուղեկապել դրանք:

19) 1000 Վ-ից բարձր լարումով ԲՍ հողակցման համար օգտագործվում են մնայուն (ստացիոնար) հողակցող դանակներ:

Հողակցող դանակների հաղորդակների բռնակները պետք է ներկված լինեն կարմիր գույնով, իսկ դրանց հաղորդակները` սևով: Ապարատների ձեռքի հաղորդակներով գործողությունները պետք է կատարվեն անվտանգության կանոնների պահպանմամբ:

Մնայուն հողակցող դանակների բացակայության դեպքում պետք է նախապատրաստվեն և նշվեն շարժական հողակցումների միացման տեղերը` հոսանատար մասերին ու հողակցող սարքվածքին:

20) ՓԲՍ խցերի դռներին և ներսի պատերին, ԲԲՍ սարքավորումներին, արտաքին և ներքին տեղակայման ԼԲՍ դիմացի և ներսի մասերում, հավաքվածքներում, ինչպես նաև վահանակների պանելների դիմացի և հակառակ կողմերի վրա պետք է գրվեն միացումների նշանակությունը և դրանց կարգավարական անվանումը:

ԲՍ դռների վրա պետք է լինեն սահմանված ձևի նախազգուշական պլակատներ և նշումներ:

Ապահովիչներով վահանակների և (կամ) միացումների ապահովիչների մոտ պետք է լինեն հալուն ներդիրի անվանական հոսանքը նշող գրառումներ:

21) ԲՍ պետք է գտնվեն էլեկտրապաշտպանական և անձնական պաշտպանության միջոցներ (պաշտպանության միջոցների լրակազմության նորմերին համապատասխան), հակահրդեհային պաշտպանական և օժանդակ միջոցներ (ավազ, կրակմարիչներ) և դժբախտ պատահարներից տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու միջոցներ:

Օպերատիվ արտագնա բրիգադների (այսուհետև` ՕԱԲ) կողմից սպասարկվող ԲՍ-ի պաշտպանության միջոցները կարող են պահվել ՕԱԲ-ի մոտ:

22) Ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի, կապի և հեռամեխանիկայի ապարատուրայի սարքվածքների պահարանները, կառավարման պահարանները և օդային անջատիչների բաշխիչ պահարանները, ինչպես նաև յուղային անջատիչների, բաժանիչների, կարճամիակցիչների հաղորդակների պահարանները և զատիչների շարժիչային հաղորդակների պահարանները, որոնք տեղակայված են ԲՍ-ում, որտեղ օդի ջերմաստիճանը կարող է թույլատրելիից ցածր լինել, պետք է ունենան էլեկտրատաքացման սարքավորումներ:

Էլեկտրատաքացուցիչների միացումն ու անջատումը պետք է իրականացվի ավտոմատ կերպով: Էլեկտրատաքացուցիչների միացման ու անջատման ավտոմատ համակարգը պետք է անընդհատ վերահսկի դրանց ամբողջականությունը` տեղային կառավարման վահանակին և (կամ) կարգավարական պուլտին տեղեկատվության փոխանցումով:

Յուղային անջատիչները պետք է կահավորված լինեն բաքերի հատակի և էլեկտրատաքացման սարքվածքներով, որոնք միացվում են օդի ջերմաստիճանը թույլատրելիից իջնելու դեպքում: Ջերմաստիճանի արժեքները, որոնց դեպքում էլեկտրատաքացուցիչը միացվում և անջատվում է, որոշվում են տեղային հրահանգներով` հաշվի առնելով սարքավորումներն արտադրող գործարանի ցուցումները:

23) Օդային անջատիչների և այլ ապարատների ռեզերվուարները, ինչպես նաև օդակուտակիչները և բալոնները պետք է բավարարեն տվյալ լարման էլեկտրատեղակայանքների համար ՏԿ-ով սահմանված պահանջներին:

24) Անջատիչների, բաժանիչների, զտիչների, կարճմիակցիչների մեխանիզմների և դրանց հաղորդակների շփվող մակերևույթները, առանցքակալները և հոսակապ միացումները պետք է յուղվեն ցածր ջերմաստիճաններում չսառող քսուքներով, իսկ անջատիչների և այլ ապարատների յուղային տատանամարիչները լցվեն յուղով, որի սառեցման ջերմաստիճանն արտաքին օդի ձմեռային նվազագույն ջերմաստիճանից պետք է առնվազն լինի 200C ցածր:

25) Օդապատրաստման տեղակայանքի ավտոմատ կառավարման ազդանշանման և պաշտպանության սարքվածքները, ինչպես նաև ապահովիչ կափույրները պետք է կանոնավոր կերպով ստուգվեն և կարգավորվեն` շահագործման հրահանգների պահանջների համաձայն:

26) 4,0-ից մինչև 4,5 ՄՊա (40-ից մինչև 45 կգ/սմ2) աշխատանքային ճնշմամբ աշխատանքային ճնշակների կանգի և հաջորդ գործարկման միջև ընկած ժամանակը (ոչ աշխատանքային դադարը) պետք է լինի առնվազն 60 րոպե, 23 ՄՊա (230 կգ/սմ2) աշխատանքային ճնշմամբ ճնշակներինը` առնվազն 90 րոպե:

Աշխատանքային ճնշակներով օդի ծախսի լրացումը պետք է ապահովվի ոչ ավելի 30 րոպեի ընթացքում` 4-ից մինչև 4,5 ՄՊա աշխատանքային ճնշմամբ ճնշակների համար և ոչ ավելի 90 րոպեի ընթացքում` 23 ՄՊա աշխատանքային ճնշմամբ ճնշակների համար:

27) Փոխարկման ապարատների սեղմած օդի չորացումը պետք է իրականացվի ջերմադինամիկական եղանակով: Սեղմած օդի չորացման պահանջվող աստիճանն ապահովվում է անվանական ճնշակային և փորձարկման ապարատների անվանական աշխատանքային ճնշումների միջև անկումների բազմապատիկը 2-ից ոչ պակաս լինելու դեպքում` 2 ՄՊա (20 կգ/սմ2) անվանական աշխատանքային ճնշմամբ ապարատների համար, և 4-ից ոչ պակաս` 2,6-ից մինչև 4,0 ՄՊա (26-ից մինչև 40 կգ/սմ2) անվանական աշխատանքային ճնշմամբ ապարատների համար:

28) 4-ից մինչև 4,5 ՄՊա (40- ից մինչև 45 կգ/սմ2) ճնշակային ճնշմամբ օդակուտակիչներից խոնավությունը պետք է հեռացվի առնվազն 3 օրը մեկ անգամ, իսկ այն օբյեկտներում, որտեղ մշտական հերթապահ անձնակազմ չկա` հաստատված գրաֆիկով, որը կազմվում է շահագործման փորձից ելնելով:

Օդակուտակչի հատակը և արտաթողման փականը պետք է ջերմամեկուսացվեն էլեկտրատաքացման սարքավորումներով, որոնք միացվում են դրսի օդի բացասական ջերմաստիճանների դեպքում խոնավության հեռացման համար և այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է սառույցի հալեցման համար:

23 ՄՊա (230 կգ/սմ2) ճնշմամբ բալոնների խմբերի խտուցքահավաքիչներից խոնավության հեռացումը պետք է ավտոմատ կատարվի ճնշակի յուրաքանչյուր գործի գցելու ժամանակ: Ջրի սառչելուց խուսափելու համար բալոնների ներքևի մասերը և խտուցքահավաքիչները պետք է տեղակայվեն էլեկտրատաքացուցչով կահավորված ջերմամեկուսացված խցիկում, բացառությամբ այն բալոնների, որոնք տեղադրված են սեղմած օդի մաքրման բլոկներից հետո (այսուհետ` ՕՄԲ): ՕՄԲ խոնավազտիչի փչամաքրումը պետք է իրականացվի առնվազն օրական 3 անգամ:

Չորացման աստիճանի ստուգումն իրականացվում է օրական մեկ անգամ` ՕՄԲ-ի ելքում` օդում ցողի կետի որոշման եղանակով: Ցողի կետը պետք է բարձր չլինի մինուս 500C-ից` շրջակա օդի դրական ջերմաստիճանի դեպքում և մինուս 400C-ից` բացասականի դեպքում:

29) Ճնշակային ճնշումով բալոնների և օդակուտակիչների ներքին զննումը և հիդրավլիկ փորձարկումները կատարվում են սահմանված պահանջներին համապատասխան: Օդային անջատիչների և այլ ապարատների ռեզերվուարների ներքին զննումն իրականացվում է հիմնական նորոգումների ժամանակ:

Օդային անջատիչների ռեզերվուարների հիդրավլիկ փորձարկումներն իրականացվում են զննման ընթացքում ռեզերվուարների ամրության մեջ կասկած հարուցող արատների հայտնաբերման դեպքում:

Ռեզերվուարների ներքին մակերևույթները պետք է ունենան հակակոռոզիական պատվածք:

30) Օդային անջատիչներում և մյուս փոխարկման ապարատների հաղորդակներում օգտագործվող սեղմած օդը պետք է մաքրվի մեխանիկական խառնուրդներից յուրաքանչյուր օդային անջատիչի բաշխիչ պահարաններում կամ յուրաքանչյուր ապարատի սնող հաղորդակների օդատարում տեղակայված ֆիլտրերի միջոցով:

Օդանախապատրաստող ցանցի հավաքակցման ավարտից հետո օդային անջատիչների և այլ ապարատների հաղորդակների ռեզերվուարներն առաջին անգամ օդով լցնելուց առաջ բոլոր օդատարները պետք է փչամաքրվեն:

Շահագործման ընթացքում սեղմած օդի կեղտոտման նախազգուշացման համար անհրաժեշտ է փչամաքրել`

ա) 2 ամիսն առնվազն մեկ անգամ օդատարերի մայրուղիները` շրջակա օդի դրական ջերմաստիճանի դեպքում,

բ) ապարատի յուրաքանչյուր հիմնական նորոգումից հետո բաշխիչ պահարան հասնող օդատարերը (ցանցից ճյուղավորումներ) և պահարանից մինչև անջատիչների յուրաքանչյուր բևեռի ռեզերվուարները և այլ ապարատների հաղորդակների ռեզերվուարները` դրանք ապարատից անջատելով,

գ) օդային անջատիչների ռեզերվուարները` յուրաքանչյուր հիմնական և ընթացիկ նորոգումից հետո, ինչպես նաև ճնշակային կայանների աշխատանքային ռեժիմների խանգարման դեպքում:

31) Օդային անջատիչներում պետք է պարբերաբար ստուգվի մեկուսիչների ներքին խոռոչների օդափոխման աշխատանքը (ցուցիչներ ունեցող անջատիչներում):

Ստուգումների պարբերականությունը սահմանվում է շահագործման հրահանգների հիման վրա:

32) ԷԼԲՍ-ում էլեգազային անջատիչների էլեգազի խոնավությունը վերահսկվում է սարքավորումն էլեգազով լցնելուց հետո մեկ շաբաթից ոչ ուշ` առաջին անգամ, և հետագայում տարին 2 անգամ` ձմռանը և ամռանը:

33) ԷԼԲՍ և ՓԲՍ շենքերում էլեգազի պարունակության վերահսկումն իրականացվում է հատուկ հոսաթողման որոնիչի օգնությամբ` հատակի մակարդակից 10-ից մինչև 15 սմ բարձրության վրա:

Էլեգազի պարունակությումը սենքերում պետք է լինի ապարատների շահագործման հրահանգներում նշված նորմերի սահմաններում:

Հսկողությունն իրականացվում է սպառողի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված գրաֆիկով:

34) Էլեգազի հոսակորուստը չպետք է գերազանցի տարեկան ընդհանուր զանգվածի 3 %-ը: Էլեգազի ճնշումն անվանականից շեղվելու դեպքում պետք է ձեռնարկել ռեզերվուարներն էլեգազով լցնելու համար համապատասխան միջոցներ:

Էլեգազի ցածր ճնշման ժամանակ անջատիչների հետ գործողություն կատարելը չի թույլատրվում:

35) Աղեղմարիչ վակուումային խցիկները (այսուհետ` ԱՎԽ) փորձարկում են անջատիչների շահագործման հրահանգներով սահմանված ժամկետներում և ծավալներով:

20 կՎ-ից ավելի ամպլիտուդով բարձր լարման տակ ԱՎԽ փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է օգտագործել էկրան` առաջացող ռենտգենյան ճառագայթումից պաշտպանվելու համար:

36) Բեռնվածքի անջատիչների աղեղմարիչ խցիկների ստուգումը, գազագեներացնող աղեղմարիչ ներդիրների մաշվածության և անշարժ աղեղմարիչ հպակների վառվածության աստիճանի որոշումն իրականացվում են պարբերաբար, էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կողմից սահմանված ժամկետում` կախված բեռնվածքի անջատիչների գործածման հաճախականությունից:

37) Յուղային անջատիչների բաքերից խոնավությունը հեռացնելու համար անհրաժեշտ է տարեկան 2 անգամ` գարնանը դրական ջերմաստիճանները հաստատվելիս և աշնանը` բացասական ջերմաստիճանների հաստատվելուց առաջ իրականացնել համապատասխան աշխատանքներ:

38) ԲՍ սարքավորումների փորձարկումները, չափումները և կանխազգուշացնող ստուգումները կատարում են էլեկտրասարքավորումների շահագործման հրահանգներով նախատեսված ծավալներով և ժամկետներում:

39) Առանց անջատման ԲՍ զննումը կատարվում է`

ա) մշտական հերթապահ անձնակազմ ունեցող օբյեկտներում` օրական առնվազն մեկ անգամ, պսակապարպման և լիցքաթափման հայտնաբերման դեպքում` առնվազն ամիսը մեկ անգամ մութն ընկնելուց հետո,

բ) մշտական հերթապահ անձնակազմ չունեցող օբյեկտներում` ամիսը առնվազն մեկ անգամ, իսկ տրանսֆորմատորային և բաշխիչ կետերում` առնվազն 6 ամիսը մեկ անգամ:

Անբարենպաստ եղանակների դեպքում (խիստ մառախուղ, թաց ձյուն, մերկասառույց և այլն) կամ ԲԲՍ-ի խիստ աղտոտված լինելու դեպքում պետք է իրականացվեն լրացուցիչ զննումներ:

Սարքավորումների արատների և անսարքությունների մասին մատյանում գրառումներ են արվում բոլոր նկատված թերությունների մասին և, բացի այդ, տվյալ տեղեկատվությունը փոխանցվում է էլեկտրատնտեսության համար պատասխանատուին:

Նկատված անսարքությունները պետք է վերացվեն նվազագույն ժամկետներում:

40) ԲՍ զննումների ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի`

ա) սենքի վիճակի, դռների և պատուհանների սարքինության, կտուրից և միջհարկային ծածկերից ջրահոսքերի բացակայության, կողպեքի առկայության և սարքինության վրա,

բ) ջեռուցմանը և օդափոխմանը, լուսավորությանը և հողակցման ցանցի սարքինությանը,

գ) հրդեհամարման միջոցների առկայությանը,

դ) փորձարկված պաշտպանական միջոցների առկայությանը,

ե) դեղորայքով ապահովված լինելուն,

զ) յուղի մակարդակը և ջերմաստիճանը, ապարատներից արտահոսքի բացակայությանը,

է) ցածր լարման վահանակի խզիչների հպակների վիճակին,

ը) հաշվիչների վրա կապարակնիքի ամբողջականությանը,

թ) մեկուսացման վիճակին (փոշոտվածությունը, ճաքերի առկայությունը, լիցքաթափումը և այլն),

ժ) վնասվածքների և կոռոզիայի հետքերի բացակայությանը, էլեգազային սարքավորման թրթռումների և ճտճտոցի բացակայությանը,

ժա) ազդանշանային համակարգի աշխատանքին,

ժբ) օդային անջատիչների բաքերում օդի ճնշմանը,

ժգ) անջատիչների օդաճնշիչ հաղորդակների ռեզերվուարներում սեղմած օդի ճնշմանը,

ժդ) օդի արտահոսման բացակայությանը,

ժե) անջատիչների դիրքերի ցուցիչների սարքինությանը և ցուցմունքների ճշգրտությանը,

ժզ) օդային անջատիչների բևեռների օդափոխման առկայությանը,

ժէ) օդային անջատիչների լարման ունակային բաժանարարի կոնդենսատորներից յուղի արտահոսքի բացակայությանը,

ժը) տարվա ցուրտ եղանակներին էլեկտրատաքացման սարքավորումների աշխատանքին,

ժթ) ղեկավարման պահարանների փակման կիպությանը,

ի) փոխարկման ապարատների հասանելիությանը, դյուրինությանը և այլն:

41) ԲՍ սարքավորումների հիմնանորոգումները պետք է իրականացվեն հետևյալ ժամկետներում`

ա) յուղային անջատիչները` 6-8 տարին մեկ անգամ, եթե միջնորոգման ընթացքում հաղորդակով անջատիչների բնութագրերը վերահսկվում են,

բ) բեռնվածքի անջատիչները, բաժանիչները և հողակցող դանակները` 4-8 տարին մեկ անգամ (կախված կոնստրուկտիվ հատկանիշներից),

գ) օդային անջատիչները` 4-6 տարին մեկ անգամ,

դ) բաց դանակով կարճմիակցիչները և զատիչներն ու դրանց հաղորդակները` 2-3 տարին մեկ անգամ,

ե) ճնշակները` 2-3 տարին մեկ անգամ,

զ) ԷԼԲՍ` 10-12 տարին մեկ անգամ,

է) էլեկտրագազային և վակուումային անջատիչները` 10 տարին մեկ անգամ,

ը) հոսանատարները` 8 տարին մեկ անգամ,

թ) բոլոր ապարատները և ճնշակները` պաշարների սպառումից հետո, անկախ շահագործման տևողությունից:

Տեղակայված սարքավորման առաջին հիմնանորոգումը պետք է կատարվի շահագործման փաստաթղթերով սահմանված ժամկետներում:

Ներքին տեղակայման բաժանիչները նորոգվում են անհրաժեշտության դեպքում:

ԲՍ սարքավորումների նորոգումը նույնպես իրականացվում է անհրաժեշտությունից ելնելով` հաշվի առնելով կանխազգուշացնող փորձարկումների և զննումների արդյունքները:

Նորոգումների պարբերականությունը կարող է փոփոխվել սպառողի տեխնիկական ղեկավարի որոշմամբ` ելնելով շահագործման փորձից:

 

10. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԸ ԵՎ ՀՈՍԱՆԱՏԱՐՆԵՐԸ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են փոփոխական և հաստատուն հոսանքի 0,38 կՎ-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ին և մինչև 35 կՎ (ներառյալ) լարման օդային հոսանատարներին, որոնք սպասարկվում են սպառողների կողմից:

ՏԿ-ի պահանջները չեն վերաբերում հպակային ցանցի գծերին, էլեկտրոլիզային տեղակայանքների հոսանատարներին և այլ հատուկ օդային գծերին և կառույցներին, որոնց սարքվածքն ու շահագործումը որոշվում են հատուկ կանոններով և նորմերով:

2) Բոլոր նորակառույց և վերակառուցված ՕԳ և հոսանատարները կառուցվում են ՏԿ-ի և գործող շինարարական նորմերին համապատասխան:

3) Նոր նախագծվող (վերակառուցվող) ՕԳ-ի և հոսանատարների տեխնիկական փաստաթղթերի համաձայնեցման ժամանակ սպառողները նախագծող կազմակերպություններին պետք է տրամադրեն նախագծվող ՕԳ, հոսանատարների տարածքի փաստացի պայմանների մասին տվյալներ (կլիմայական պայմաններ, աղտոտվածության բնույթն ու ինտենսիվությունը և այլն) և պահանջեն` նախագծում հաշվի առնել այդ պայմանները: Արտաքին էլեկտրամատակարարման էլեկտրական ցանցին միացվող նոր և վերակառուցվող ՕԳ-ի (հոսանատարների) նախատեսվող նախագծային լուծումները պետք է համաձայնեցվեն էլեկտրամատակարարող կազմակերպության հետ:

4) Նոր կառուցվող հոսանատարները և ՕԳ, որոնք պետք է հանձնվեն և ապագայում շահագործվեն սպառողի կողմից, վերջինս պետք է կազմակերպի աշխատանքների տեխնիկական հսկողությունը և իրականացնի հաստատված տեխնիկական փաստաթղթերին աշխատանքների համապատասխանության ստուգումը:

5) Նոր կառուցված ՕԳ և հոսանատարների շահագործման ընդունման թույլտվությունն իրականացվում է շինարարական նորմերին ու կանոններին և նոր ու վերակառուցված էներգատեղակայանքների շահագործման թույլտվության սահմանված կարգին համապատասխան:

Ընդունումից առաջ ստուգվում է ուղեգծի, հենասյուների և ՕԳ (հոսանատարի) այլ տարրերի, հողակցման և շանթապաշտպան սարքվածքների տեխնիկական վիճակի, կախվածքի և հատումներում ու հենամեջերում լարերի և մետաղաճոպանների օբյեկտներից և գետնից հեռավորության համապատասխանությունը նախագծին:

1000 Վ և բարձր լարման հոսանատարների շահագործման հանձնման ժամանակ շինարարական նորմերով նախատեսված փաստաթղթերից բացի ձևակերպվում են`

ա) ուղեգծի կատարողական գծագիրը, որի վրա նշվում են տարբեր հաղորդակցուղիների հետ հատման վայրերը,

բ) հաղորդակցուղիների հետ հատման վայրերում հոսանատարի պրոֆիլի գծագիրը,

գ) նախագծից շեղումների ցանկը,

դ) ֆազավորման արձանագրությունը,

ե) ճկուն հոսանատարները ձգող սեղմակների հավաքակցման մասին ակտը,

զ) փորձարկումների արձանագրությունները,

է) պատրաստված անձնակազմի առկայությունը հաստատող փաստաթղթերը,

ը) անհրաժեշտ կատարողական սխեմաները,

թ) մշակված և հաստատված տեղական հրահանգները:

6) ՕԳ շահագործման ժամանակ պետք է պահպանվեն էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներին ներկայացվող պահանջները և վերահսկվի դրանց կատարումը:

ՕԳ շահագործող սպառողը պետք է տեղեկացնի ՕԳ անցկացման շրջանում գտնվող մյուս սպառողներին, կազմակերպություններին նշված պահանջների մասին:

Սպառողը, որին պատկանում է ՕԳ, պետք է միջոցներ ձեռնարկի ՕԳ պահպանության գոտում էլեկտրական ցանցերի պահպանման կանոնների խախտմամբ կատարվող աշխատանքների դադարեցման համար:

7) ՕԳ և հոսանատարների շահագործման ժամանակ պետք է կատարվեն դրանց հուսալի աշխատանքն ապահովող տեխնիկական սպասարկում ու նորոգում:

Տեխնիկական սպասարկման ընթացքում պետք է կատարվեն ՕԳ տարրերը վաղաժամ մաշվածքների ապահովելուն ուղղված աշխատանքներ` վերացվեն զննումների, ստուգումների և չափումների ժամանակ հայտնաբերված վնասվածքներն ու անսարքությունները:

Երկաթբետոնե և մետաղե հենասյուներով ՕԳ հիմնանորոգումները կատարվում են առնվազն 10 տարին մեկ անգամ, փայտե մասերով հենասյուների դեպքում` առնվազն 5 տարին մեկ անգամ:

Հոսանատարների հիմնանորոգումը կատարվում է սպառողի տեխնիկական ղեկավարի որոշմամբ` անհրաժեշտությունից ելնելով:

8) Պետք է կազմակերպվեն ՕԳ պարբերական և արտահերթ զննումներ:

ՕԳ պարբերական զննումները կատարվում են սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կողմից հաստատված ժամանակացույցով: Յուրաքանչյուր ՕԳ ամբողջ երկարությամբ զննումների պարբերականությունն է տարին առնվազն մեկ անգամ: Կոնկրետ ժամկետները սահմանվում են սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կողմից` հաշվի առնելով շահագործման տեղային պայմանները և սույն ՏԿ-ով որոշված ժամկետների սահմանները: Բացի այդ, վարչատեխնիկական անձնակազմը պետք է առնվազն տարին մեկ անգամ իրականացնի գծերի առանձին հատվածների ընտրովի զննում` ներառյալ ՕԳ նորոգման ենթակա բոլոր հատվածները:

20 տարվանից ավելի շահագործման մեջ գտնվող 35 կՎ և բարձր լարման ՕԳ կամ դրանց հատվածների և ինտենսիվ աղտոտման գոտիով, ինչպես նաև բաց տեղանքով անցնող ՕԳ մետաղաճոպանների և լարերի, սեղմակների ու միջհաղորդագծային պահանջների վերին զննումներն ընտրովի ստուգմամբ կատարվում են 5 տարին առնվազն մեկ անգամ, 35 կՎ և բարձր լարման մնացած ՕԳ (հատվածներում) 10 տարին առնվազն մեկ անգամ:

0,38-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ վերին զննումները կատարվում են անհրաժեշտության դեպքում:

9) ՕԳ կամ դրա հատվածների արտահերթ զննումները կատարվում են լարերի և մետաղաճոպանների վրա մերկասառույցի գոյացման դեպքում, լարերի «պարի» դեպքում, սառցահոսքերի և գետերի վարարումների ժամանակ, ՕԳ ուղեգծում հրդեհների դեպքում, ուժգին փոթորիկներից, մրրիկներից և այլ աղետներից հետո, ինչպես նաև ռելեային պաշտպանությունից ՕԳ անջատման և դրա անհաջող ավտոմատ կրկնակի միացման դեպքում, իսկ հաջողված կրկնակի միացման դեպքում` անհրաժեշտության դեպքում:

10) Հոսանատարների պարբերական զննումները կատարում են սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կողմից հաստատված գրաֆիկով` հաշվի առնելով շահագործման տեղային պայմանները:

11) ՕԳ և հոսանատարների զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել`

ա) ուղեգծի հակահրդեհային վիճակը. ՕԳ պահպանման գծում չպետք է գտնվեն կողմնակի առարկաներ, կառույցներ, խոտի դեզեր, փայտի դարսվածքներ, ծառեր, որոնք սպառնում են գծի լարերին մոտենալն ու գծի վրա ընկնելը, այրվող նյութերի պահեստներ, խարույկներ: Չպետք է կատարվեն կողմնակի կազմակերպությունների կողմից աշխատանքներ, որոնք (գրավոր կերպով) համաձայնեցված չեն ՕԳ սեփականատիրոջ (սպառողի) հետ,

բ) հիմքերի, կցահենարանների վիճակը. հիմքերի շուրջ չպետք է լինի բնահողի նստվածք կամ փքվածություն, հիմքերում (կցահենարաններում) չպետք է լինեն ճաքեր և վնասվածքներ,

գ) հենասյուների վիճակը. չպետք է լինեն` տրված կամ բնահողում տեղաշարժված հենասյուներ, փայտյա հենասյուների նկատելի փտածություն, փայտյա տարրերի այրվածություն և ճեղքվածություն մետաղական հենասյուներում, կալանդների եռակցակարերի, հեղյուսային և գամային միացումների ամբողջականության խախտումներ, մետաղական տարրերի խզումներ, մետաղի կոռոզիա, երկաթբետոնե հենասյուներում ճաքեր և վնասվածքներ, թռչնի բներ, այլ կողմնակի առարկաներ: Հենասյուների վրա պետք է լինեն պլակատներ և անվտանգության նշաններ,

դ) հաղորդալարերի և մետաղաճոպանների վիճակը. չպետք է լինեն առանձին մետաղալարերի վրա խզումներ և հալվածքներ (մակահալվածքներ), այլ կողմնակի նյութեր (իրեր), դրանց կարգավորման խանգարումներ, հաղորդալարերի կախվածքի և գետնից ու օբյեկտներից եղած հեռավորությունների անթույլատրելի շեղումներ, թրթռամարիչների տեղերի տեղաշարժեր, որոնք նախատեսված են նախագծով,

ե) հոսանատարների ճկուն հաղորդաձողերի վիճակը. չպետք է լինեն գերլարումներ, թուլացած հյուսվածքներ և դուրս ցցված մետաղալարեր,

զ) մեկուսիչների վիճակը. չպետք է լինեն ջարդվածքներ, այրվածքներ, ճաքեր, չլինեն աղտոտված, վնասված ջնարակով (գլազուրով), ցցաձողային մեկուսիչների ոչ ճիշտ նստեցում ցցաձողի կամ կեռիկի վրա,

է) արմատուրի վիճակը. չպետք է դրանց վրա լինեն ճաքեր, առանձին տարրերի գերմաշվածություն կամ ձևախախտում,

ը) ՕԳ վրայի պարպիչների, փոխարկման ապարատների, ծայրային մալուխային կցորդիչների վիճակը. հենասյուների վրա կամ գետնին մոտ չպետք է լինեն հողակցող իջուցիկ հաղորդալարերի, վնասվածքներ կամ խզումներ շանթապաշտպան մետաղաճոպանի և հողակցիչի իջուցիկի կամ հենասյան իրանի հետ հեղյուսային հպակային միացումների խախտումներ, հողակցող սարքվածքի տարրերի քայքայումներ:

12) ՕԳ և հոսանատարերում կանխարգելիչ ստուգումները և չափումները կատարվում են էլեկտրասարքավորումների փորձարկման նորմերում նախատեսված ծավալներով և ժամկետներում:

13) ՕԳ և հոսանատարերում զննումների և կանխարգելիչ ստուգումների և չափումների ժամանակ հայտնաբերված անսարքությունները պետք է նշվեն շահագործական փաստաթղթերում արատների (թերությունների) մատյանում կամ ցուցակում և, կախված դրանց բնույթից, էլեկտրատնտեսության պատասխանատուի կողմից սահմանվում են դրանց վերացման ժամկետները:

14) ՕԳ և հոսանատարերի հենարանների և այլ տարրերի կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև բնահողում դրանց ամրացման եղանակի փոփոխությունները կարող են իրականացվել միայն տեխնիկական հիմնավորումների առկայության և սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուի գրավոր համաձայնության դեպքում:

Բոլոր դեպքերում կառուցվածքային փոփոխությունների տեխնիկական հիմնավորումը պետք է համապատասխանի էլեկտրատեղակայանքների նախագծման նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

15) ՕԳ ուղեգիծն անհրաժեշտ է պարբերաբար մաքրել ծառերից և թփուտներից և պահպանել հրդեհաանվտանգ վիճակում, անհրաժեշտ է պահպանել անտառուղու նախագծով սահմանված լայնությունը և կատարել ծառերի հատում:

Հաղորդալարերին անմիջապես կից աճող ծառերի հատումը կատարում է ՕԳ շահագործող սպառողը:

Ծառերը, որոնք սպառնում են գծի և լարերի վրա ընկնելուն, պետք է հատվեն` հետագայում տեղեկացնելով համապատասխան կազմակերպություններին:

16) ՕԳ և հոսանատարների այն տեղամասերում, որոնք ենթակա են ինտենսիվ աղտոտման, պետք է կիրառել հատուկ կամ ուժեղացված մեկուսացում և անհրաժեշտության դեպքում մեկուսիչի մաքրում (լվացում), կատարվի աղտոտված մեկուսիչների փոխարինում:

Թռչունների կողմից ինտենսիվ աղտոտման գոտիներում և դրանց զանգվածային բնադրման վայրերում օգտագործվում են սարքվածքներ, որոնք բացառում են թռչունների նստելը մեկուսիչների շարանների վրա կամ փախցնում են դրանց:

17) ՕԳ շահագործման ընթացքում գործող ՕԳ-ի հետ այլ ՕԳ-ների հատման հենամեջերում ՕԳ վերևից անցնող յուրաքանչյուր լարի կամ ճոպանի վրա թույլատրվում է 1-ից ոչ ավելի միացում: Կապի և ազդանշանային գծերի, ռադիոհեռարձակման ցանցերի գծերի հետ հատման հենամեջերում միացումներ չեն թույլատրվում: Մինչև 1000 Վ լարման ներքևից անցնող ՕԳ ճոպանների և լարերի միացումների քանակը չի կանոնակարգվում:

18) 1000 Վ և բարձր լարման ՕԳ, որոնք ենթակա են ինտենսիվ մերկասառուցապատման, անհրաժեշտ է իրականացնել մերկասառույցի հալեցումն էլեկտրական հոսանքով:

ՕԳ շահագործող սպառողը պետք է վերահսկի ՕԳ մերկասառուցապատման ընթացքը և ապահովի մերկասառույցի հալեցման սխեմաների ժամանակին գործի գցումը: Այն ՕԳ, որի վրա կատարվում է մերկասառույցի հալեցում պետք է կահավորված լինի մերկասառուցապատման և հալեցման ընթացքի ազդանշանային և ավտոմատ վերահսկողության սարքվածքներով, ինչպես նաև կարճամիակցման փոխարկման ապարատներով:

19) ՕԳ շահագործող սպառողը պետք է սարքին վիճակում պահի`

ա) ՕԳ հենարանների վրա տեղադրված լուսացանկապատման սարքվածքները, որոնք համապատասխանում են բարձր խոչընդոտների (արգելքների) լուսացանկապատման և պիտակավորման կանոնների պահանջներին,

բ) հաստատուն նշանները, որոնք տեղակայված են հիմքերի վրա` համաձայն ՕԳ նախագծի և նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերի պահանջների:

20) ՕԳ շահագործող սպառողը պետք է հետևի ՕԳ և ավտոխճուղիների հատման վայրերում տեղադրված եզրաչափային նշանների սարքինությանը և ՕԳ ու այն երկաթգծային ուղիներում տեղադրված եզրաչափային դարպասների սարքինությանը, որոնցով հնարավոր է մեծ եզրաչափքային բեռների և կռունկների տեղափոխում: Եզրաչափային դարպասների և նշանների տեղադրումը և սպասարկումն իրականացնում են այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ գտնվում են երկաթուղիները և ավտոճանապարհները:

21) Գյուղատնտեսական հանդակներով անցնող ՕԳ պլանային նորոգումը և վերակառուցումը կատարում են համաձայնեցված հողօգտագործողների հետ:

ՕԳ աշխատանքի խախտումների կանխարգելման և խախտումների հետևանքների վերացման համար աշխատանքները կարող են իրականացվել տարվա բոլոր եղանակներին, առանց հողօգտագործողների հետ համաձայնեցնելու, սակայն դրանց կատարվող աշխատանքների մասին տեղեկացնելով:

 

11. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ (ՄԳ)

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են 0,4-ից մինչև 200 կՎ լարման ուժային մալուխային գծերի վրա:

2) Մինչև 1000 Վ և բարձր լարման ՄԳ շահագործման հանձնելիս, բացի շինարարական նորմերով նախատեսված փաստաթղթերից, պետք է ձևակերպվեն և փոխանցվեն պատվիրատուին հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

ա) ՄԳ ճշգրտված նախագիծը, որը 110 կՎ և բարձր լարման ՄԳ-ի համար համաձայնեցվում է մալուխներն արտադրող և շահագործող կազմակերպությունների հետ,

բ) ուղեգծի կատարողական գծագիրը, 1:200 կամ 1:500 մասշտաբով, որի վրա նշվում են միացնող կցորդիչների տեղակայման վայրերը,

գ) մալուխների վիճակի ակտերը (թմբուկներում) և անհրաժեշտության դեպքում նմուշների զննման և ստուգման արձանագրությունները,

դ) մալուխային մատյանը,

ե) ՄԳ բոլոր տարրերի գույքացուցակը (1000 Վ-ից բարձր լարման ՄԳ համար),

զ) շինարարական և ծածկված աշխատանքների ակտերը, որտեղ նշված են մալուխների հատումները և մոտեցումները բոլոր ստորգետնյա հաղորդակցուղիներին,

է) մալուխային կցորդիչների հավաքակցման ակտերը,

ը) խրամուղիների, բլոկների, խողովակների, անցուղիների, թունելների և հավաքակցման հավաքիչների ընդունման ակտերը,

թ) էլեկտրաքիմիական քայքայումից ՄԳ պաշտպանման սարքվածքների հավաքակցման ակտերը, ինչպես նաև նախագծին համապատասխան քայքայման փորձարկումների արդյունքների մասին փաստաթղթերը,

ժ) ՄԳ անցկացնելուց հետո բարձրացրած լարումով մեկուսացման փորձարկման արձանագրությունները (1000 Վ բարձր լարման ՄԳ համար),

ժա) մեկուսացման դիմադրության չափումների արդյունքների մասին փաստաթղթերը,

ժբ) խրամուղիներով և անցուղիներով անցկացրած մալուխները ծածկելուց առաջ կատարված զննման ակտերը,

ժգ) ցածր ջերմաստիճանների դեպքում ՄԳ անցկացնելու համար մալուխների թմբուկների տաքացման արձանագրությունը,

ժդ) հրդեհամարման և հրդեհային ազդանշանման մնայուն (ստացիոնար) ավտոմատ տեղակայանքների ստուգման և փորձարկման ակտերը:

3) Նորակառույց ՄԳ շահագործման ընդունելուց առաջ պետք է իրականացվեն տվյալ լարման էլեկտրատեղակայանքների սարքվածքների սույն ՏԿ-ով սահմանված պահանջներին համապատասխանող փորձարկումներ:

4) Սպառողը, որին պատկանում են ՄԳ (շահագործող կազմակերպությունը), պետք է սահմանի տեխնիկական հսկողություն հավաքակցող կազմակերպությունների կողմից կատարվող բոլոր լարումների ՄԳ հավաքակցման և անցկացման աշխատանքների վրա: Ճկափողային պատվածքով ոչ զրահապատ մալուխների անցկացման և շահագործման ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձվի ճկափողերի վիճակին: Միջանցիկ խզում, ճաքեր և քերծվածքներ ունեցող ճկափողերը պետք է նորոգվեն կամ փոխարինվեն:

5) Յուրաքանչյուր ՄԳ պետք է ունենա տեղեկաթերթիկ, որն իր մեջ ներառում է 2-րդ կետում թվարկված փաստաթղթերը, կարգավարական համարը կամ անվանումը:

Բաց անցկացված մալուխները, ինչպես նաև բոլոր մալուխային կցորդիչները պետք է ունենան պիտակներ: Մալուխների գծի սկզբում և վերջում պիտակների վրա պետք է նշված լինեն գծի մակնիշը, լարումը, հատույթը, համարը կամ անվանումը, միացնող կցորդիչների պիտակների վրա` կցորդիչի համարը և հավաքակցման ամսաթիվը:

Պիտակները պետք է լինեն շրջակա միջավայրի ազդեցության նկատմամբ կայուն: Դրանք պետք է տեղադրված լինեն բաց անցկացված մալուխների գծի ամբողջ երկայնքով` յուրաքանչյուր 50 մ վրա մեկ հաջորդականությամբ:

6) Յուրաքանչյուր ՄԳ շահագործման հանձնելու ժամանակ պետք է սահմանվի առավելագույն թույլատրելի բեռնվածքների հոսանքը: Բեռնվածքները որոշվում են սառեցման վատթարագույն պայմաններով` ուղեգծի առնվազն 10 մ երկարությամբ հատվածի համար:

7) Մալուխային կառույցներում և այլ շինություններում պետք է կազմակերպվի մալուխների աշխատանքի ջերմային ռեժիմի, օդի ջերմաստիճանի և օդափոխման սարքվածքների աշխատանքի հետևողական հսկողություն:

Մալուխային թունելների, անցուղիների և հորանների ներսում օդի ջերմաստիճանն ամռանը պետք է լինի արտաքին օդի ջերմաստիճանից 100C-ից ոչ ավելի:

8) Վթարի վերացման ժամանակահատվածում մինչև 10 կՎ լարման տոգորված (ներծծված) թղթյա մեկուսացմամբ մալուխների համար թույլատրվում է 30 % հոսանքով գերբեռնում, որը կտևի 5 օրից ոչ ավելի` օրը 6 ժ, սակայն տարվա ընթացքում 100 ժ-ից ոչ ավելի, եթե այդ օրերին մնացած ժամանակահատվածներում բեռնվածքի արժեքը չի գերազանցում երկարատև թույլատրելին:

15 տարի շահագործման մեջ գտնվող մալուխների համար թույլատրելի գերբեռնումը պետք է իջեցվի մինչև 10 %:

20 և 35 կՎ լարման տոգորված թղթյա մեկուսացմամբ մալուխների համար գերբեռնում չի թույլատրվում:

9) Վթարի վերացման ժամանակահատվածում պոլիէթիլենային և պոլիվինիլքլորիդային պլաստիկատից մեկուսացմամբ մալուխների համար թույլատրվում է 15 % հոսանքով գերբեռնում և ռետինե ու վուլկանացված պոլիէթիլենային մեկուսացմամբ մալուխների համար` 18 % հոսանքով գերբեռնում, որը կտևի 5 օրից ոչ ավելի` օրը 6 ժ, սակայն տարվա ընթացքում 100 ժ-ից ոչ ավելի, եթե այդ օրերի մնացած ժամանակահատվածներում բեռնվածքի արժեքը չի գերազանցում երկարատև թույլատրելին:

15 տարի շահագործման մեջ գտնվող մալուխների համար գերբեռնումը պետք է իջեցվի մինչև 10 %:

10) Մեկուսացված կամ փոխհատուցված չեզոքով ցանցերում միաֆազ հողակցման դեպքում անձնակազմը պետք է անմիջապես հայտնի դրա մասին սնուցող ենթակայանի հերթապահին կամ էլեկտրամատակարարող կազմակերպության ցանցի հերթապահին և հետագայում գործի դրանց ցուցումներով:

11) ՄԳ-ի բեռնվածքները պետք է պարբերաբար չափվեն տեխնիկական կանոնակարգերով և շահագործման հրահանգներով սահմանված պարբերականությամբ և մեթոդներով: Այդ չափումների արդյունքների հիման վրա պետք է ճշտվեն ՄԳ աշխատանքային սխեմաները և ռեժիմները:

12) Մինչև 35 կՎ լարման ՄԳ-ի զննումը պետք է կատարվի հետևյալ ժամկետներում`

ա) հողում տեղադրված մալուխների ուղեգծերինը` 3 ամիսը առնվազն մեկ անգամ,

բ) էստակադներով, թունելներով, բլոկների անցուղիներով, ստորասրահներով և շենքերի պատերով անցկացված մալուխների ուղեգծերինը` 6 ամիսը առնվազն մեկ անգամ,

գ) մալուխահորերը` 2 տարին առնվազն մեկ անգամ,

դ) ստորջրյա մալուխների ուղեգծերինը` համաձայն տեղային հրահանգների և սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կողմից սահմանված ժամկետների:

13) Բաց անցկացված ՄԳ համար 1000 Վ-ից բարձր լարման մալուխային կցորդիչի զննումը պետք է կատարվի էլեկտրասարքավորումների յուրաքանչյուր զննման հետ համատեղ:

14) Պարբերաբար, բայց 6 ամիսը մեկ անգամից ոչ պակաս, ՄԳ ընտրովի զննումներ պետք է կատարվեն վարչատեխնիկական անձնակազմի կողմից:

Զննումների ընթացքում հայտնաբերված անսարքությունների տվյալների մասին պետք է արվեն գրանցումներ արատների և անսարքությունների մատյանում: Անսարքությունները պետք է վերացվեն նվազագույն ժամանակահատվածում:

15) Մշտական հերթապահ անձնակազմ ունեցող ենթակայանների թունելների (հավաքիչների), անցուղիների և հորանների զննումը պետք է կատարվի ամիսը առնվազն մեկ անգամ, մշտական հերթապահ անձնակազմ չունեցող ենթակայանների վերը նշված կառույցների զննումը` համաձայն տեղային հրահանգների և սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կողմից սահմանված ժամկետների:

16) Տեղային հրահանգներով պետք է սահմանվեն մալուխային կառույցներում գտնվող հրդեհային ազդանշանման և հրդեհամարման սարքվածքների աշխատունակության ստուգման ժամկետները:

17) Թունելներում, հավաքիչներում, անցուղիներում և այլ մալուխային կառույցներում պետք է մաքրություն պահպանվի, մալուխային կառույցներով անցկացված մալուխների մետաղական ոչ ցինկապատ զրահը և ոչ մետաղական ծածկույթով պատված մետաղական կոնստրուկցիաները, որոնցով մալուխներ են անցնում, պետք է պարբերաբար պատվեն չայրվող հակաքայքայիչ պատվածքներով:

Մալուխային կառույցներում որևէ նյութերի պահեստավորումն անթույլատրելի է:

18) Էլեկտրիֆիկացված ռելսագնաց տրանսպորտով կամ ագրեսիվ բնահողով շրջաններում ՄԳ վրա պետք է կատարվեն թափառող հոսանքների չափումներ, ՄԳ (կամ դրա առանձին հատվածների) համար կազմվեն և հետևողականորեն ճշգրտվեն պոտենցիալների դիագրամներ և կոռոզիոն հողային գոտիների քարտեզներ: Ճկափողային պահպանական ծածկույթներով մալուխների վրա հակաքայքայիչ պատվածքների վիճակը պետք է գտնվի հսկողության տակ:

19) Սպառողը, որի տնօրինության տակ են գտնվում ՄԳ, պետք է վերահսկի էլեկտրիֆիկացված ռելսագնաց տրանսպորտի գծով վարչությունների և ծառայությունների կողմից հաստատված պահանջներին համապատասխան հողում թափառող հոսանքների արժեքի նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարումը:

ՄԳ-ում էլեկտրական, քիմիական կամ բնահողային կոռոզիայի հետևանքով մետաղական պատյանների քայքայման վտանգի հայտնաբերման դեպքում պետք է ձեռնարկվեն դրանց կանխարգելմանն ուղղված միջոցներ:

ՄԳ պաշտպանական սարքվածքների վրա պետք է սահմանվեն դիտարկումներ` տեղային հրահանգներին համապատասխան:

20) Մալուխային ուղեգծերում կամ ուղեգծի մոտ հողային աշխատանքներն իրականացվում են միմիայն այն կազմակերպության, որի տարածքով անցնում են ՄԳ և այդ գծերը շահագործող կազմակերպության ղեկավարությունների կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: Թույլտվությանը կից ներկայացվում է հատակագիծ (սխեմա), որի վրա պետք է նշված լինի ՄԳ տեղաբաշխումը և խորությունը: ՄԳ տեղերը պետք է նշված լինի համապատասխան նշաններով կամ գրառումներով, ինչպես հատակագծի (սխեմայի) վրա, այնպես էլ աշխատանքների կատարման վայրում: Ընդ որում, կատարողը պարտավոր է հսկողություն սահմանել մալուխների անվնաս պահպանման վրա աշխատանքների տևողության ամբողջ ընթացքում, իսկ բացված մալուխներն անհրաժեշտ է ամրացնել դրանց կախվածքի առաջացումը և մեխանիկական վնասվածք ստանալը կանխարգելելու համար: Աշխատանքային վայրում պետք է տեղադրվեն ազդանշանային լույսեր և կանխազգուշացնող պլակատներ:

21) Քանդման աշխատանքներ սկսելուց առաջ ՄԳ շահագործող սպառողի էլեկտրատեխնիկական անձնակազմի վերահսկողությամբ պետք է մալուխային գծի վրա բացվեն հետախուզահորեր (ստուգիչ բացում)` մալուխների տեղադրման և դրանց խորության ճշտման նպատակով:

Հողային խրամուղին փորելու ժամանակ, հայտնաբերելով սխեմայի վրա չնշված խողովակաշարեր, անհայտ մալուխներ և այլ հաղորդակցուղիներ, անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքները և հայտնել դրա մասին էլեկտրատնտեսության համար պատասխանատուին:

22) Ձմռանը 0,4 մ-ից ավելի խորությամբ մալուխների անցկացման վայրերում փորման աշխատանքները պետք է իրականացվեն բնահողի տաքացմամբ: Անհրաժեշտ է հետևել, որպեսզի տաքացվող շերտի մակերևույթից մինչև մալուխներն առնվազն 0,15 մ հաստությամբ բնահողաշերտ պահպանվի: Հալված գրունտն անհրաժեշտ է հանել բահերով:

Լինգերի և այդ կարգի գործիքների կիրառումն անթույլատրելի է:

23) Մալուխից 1 մ-ից պակաս հեռավորության վրա հողափոր մեքենաներով փորման իրականացումը, ինչպես նաև մալուխների վրա գրունտի փխրեցումը, երբ մինչև մալուխը բնահողի շերտի հաստությունը 0,3 մ-ից պակաս է, մուրճերի, լինգերի և քլունգների օգտագործումը չի թույլատրվում:

Հարվածային և թրթռասուզ մեխանիզմների կիրառումը թույլատրվում է մալուխից առնվազն 5 մ հեռավորության վրա:

Պայթեցման աշխատանքների կատարման համար պետք է տրվեն լրացուցիչ տեխնիկական պայմաններ:

24) ՄԳ սեփականատերը և շահագործող կազմակերպությունը պետք է պարբերաբար մալուխային ուղեգծերի տեղակայման շրջանի բնակչությանը և կազմակերպություններին տեղեկացնեն ուղեգծերի մոտ հողային աշխատանքների կատարման կարգի մասին:

25) ՄԳ անհրաժեշտ է պարբերաբար ենթարկվեն հաստատուն հոսանքի բարձր լարմամբ կանխարգելիչ փորձարկումների` էլեկտրասարքավորումների փորձարկման նորմերին համապատասխան:

ՄԳ արտահերթ փորձարկումների անհրաժեշտությունը (օրինակ` նորոգման աշխատանքներից կամ ուղեգծի բացման հետ կապված փորման աշխատանքներից հետո, ինչպես նաև ՄԳ ավտոմատ անջատվելուց հետո) պետք է որոշվի մալուխային գծերը տնօրինող սպառողի ղեկավարության կողմից:

26) Մեկուսիչի չորացման հետևանքով 20-35 կՎ լարման մալուխների ուղղահայաց հատվածների վրա էլեկտրական ծակումների կանխարգելման համար անհրաժեշտ է մեկուսիչը պարբերաբար փոխել կամ տեղադրել սևեռող կցորդիչներ:

27) Աշխատանքի ընթացքում մեկուսիչի էլեկտրական ծակումից կամ կանխարգելող փորձարկումներից վնասված մալուխների նմուշները և վնասված մալուխային կցորդիչները ենթակա են լաբորատոր հետազոտության` վնասվելու պատճառների հայտնաբերման և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակման համար: Արտադրող կազմակերպությանը պահանջ ներկայացնելիս գործարանային արատներ ունեցող վնասված նմուշները պետք է պահվեն` փորձագետների կողմից զննում անցկացնելու համար:

 

12. ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԸ

 

1) Սույն գլխի գործողությունը տարածվում է հաստատուն և փոփոխական հոսանքի շարժիչների վրա:

2) Էլեկտրաշարժիչները, գործարկման կարգավորման և պաշտպանության սարքվածքները, ինչպես նաև դրանց էլեկտրական և օժանդակ սարքավորումներն ընտրվում և տեղակայվում են տվյալ լարման էլեկտրասարքավորումների համար ՏԿ-ով սահմանված պահանջներին համապատասխան:

3) Էլեկտրաշարժիչների և դրանցով շարժաբերվող մեխանիզմների վրա պետք է լինեն նշված պտտման ուղղությունը ցույց տվող սլաքներ:

Էլեկտրաշարժիչների և գործարկման կարգաբերման սարքվածքների վրա պետք է նշվեն ագրեգատի և (կամ) մեխանիզմի անվանումը, որին դրանք պատկանում են:

4) Ապահովիչների դյուրահալ ներդիրները պետք է չափաբերված լինեն և ունենան նախադրվածքի անվանական հոսանքի նշումով դրոշմ, որը նշվում է արտադրող կազմակերպությունում կամ համապատասխան սարքավորումներ և ապահովիչներ չափաբերման իրավունք ունեցող սպառողի ենթաբաժանմունքում: Չչափաբերված ներդիրների կիրառումը չի թույլատրվում:

5) Էլեկտրաշարժիչի էլեկտրասնուցման կարճատև ընդմիջման դադարի դեպքում պետք է ապահովվի պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների ինքնագործարկումը` համաձայն տեխնոլոգիական գործընթացի և անվտանգության պայմանների թույլատրելի լարման կրկնակի մատուցման ժամանակ մեխանիզմներն աշխատանքային վիճակում պահելու համար:

Ինքնագործարկման գործընթացին մասնակցող պատասխանատու մեխանիզմների ցանկը հաստատում է սպառողի տեխնիկական ղեկավարը:

6) Փոշոտ և բարձր խոնավությամբ շենքերում տեղակայված փչամաքրվող էլեկտրաշարժիչները պետք է սարքավորված լինեն մաքուր սառեցնող օդի ներմուծման սարքվածքներով, ընդ որում, օդի ջերմաստիճանն ու ծավալը պետք է համապատասխանեն շահագործման հրահանգներով սահմանված պահանջներին:

Սառեցման ուղու կիպությունը (էլեկտրաշարժիչի իրանի, օդատարների, սահափականների) պետք է ստուգվի առնվազն տարին մեկ անգամ:

7) Ռոտորի փաթույթի և ստատորի ակտիվ պողպատի ջրային հովացմամբ, ինչպես նաև ներկառուցված ջրային օդահովացուցիչներով էլեկտրաշարժիչները պետք է կահավորված լինեն իրանում ջրի առկայության մասին ազդանշող սարքվածքներով: Ջրային հովացման համակարգերի ապարատների և սարքավորումների շահագործումը, ջրի որակը պետք է համապատասխանեն շահագործման հրահանգների պահանջներին:

8) Առանցքակալի ստիպողական քսուքմամբ էլեկտրաշարժիչները պետք է սարքավորված լինեն պաշտպանության համակարգով, որը գործարկվում է ազդանշանից և անջատում է էլեկտրաշարժիչը` առանցքակալների ներդիրների ջերմաստիճանի բարձրացման կամ քսուքի մատակարարման դադարի դեպքում:

9) Բաշխիչ սարքվածքների հաղորդաձողերի լարումը պետք է պահվի անվանական արժեքի 100-ից մինչև 105 %-ի սահմաններում: Էլեկտրաշարժիչների երկարատև օգտագործման ապահովման համար խորհուրդ չի տրվում դրանց շահագործումն անվանականի` 110 %-ից բարձր և 90 %-ից ցածր լարման տակ:

Սնուցող ցանցի հաճախականության անվանական արժեքի + 2,5 % սահմաններում փոփոխման ժամանակ թույլատրվում է էլեկտրաշարժիչների աշխատանքն անվանական հզորությամբ:

Լարման անվանական արժեքից մինչև + 10 % և հաճախականության անվանական արժեքից մինչև 2,5 % միաժամանակ շեղվելու դեպքում էլեկտրաշարժիչների անվանական հզորությունը պետք է պահպանվի, եթե բարձր լարմամբ և ցածր հաճախականությամբ աշխատանքի կամ ցածր լարմամբ և բարձր հաճախականությամբ աշխատանքի ժամանակ լարման և հաճախականության բացարձակ արժեքների գումարը չի գերազանցում 10 %:

10) Էլեկտրաշարժիչների վահանակներում և խմբային հավաքվածքներում պետք է նախատեսված լինեն վոլտաչափերի կամ լարման առկայության վերահսկման ազդանշանային լամպեր:

11) Ստատորի հոսանքով կարգավորվող տեխնոլոգիական գործընթաց ունեցող մեխանիզմներով, ինչպես նաև տեխնոլոգիական գերբեռնվածքին ենթակա մեխանիզմներով էլեկտրաշարժիչները պետք է կահավորված լինեն ամպերաչափերով, որոնք տեղադրվում են գործարկման վահանի կամ պանելի վրա: Ամպերաչափերը պետք է միացված լինեն համաժամ էլեկտրաշարժիչների գրգռման շղթային: Ամպերաչափի սանդղակի վրա պետք է լինի կարմիր գիծ, որը համապատասխանում է ստատորի (ռոտորի) անվանական հոսանքի արժեքին կամ երկարատև թույլատրելի արժեքին:

Պատասխանատու մեխանիզմների շարժաբերման համար օգտագործվող հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչներում, անկախ դրանց հզորությունից, պետք է վերահսկվի խարսխի հոսանքը:

12) Կարճ միացված ռոտորներով էլեկտրաշարժիչները թույլ է տրվում գործարկել սառը վիճակից` 2 անգամ անընդմեջ, տաք վիճակից` մեկ անգամ, եթե շահագործման հրահանգներով չի թույլատրվում ավելի շատ գործարկում: Հետագա գործարկումները թույլատրվում են էլեկտրաշարժիչի տվյալ տեսակի համար շահագործման հրահանգներով սահմանված ժամանակահատվածում սառելուց հետո:

Հիմնական պաշտպանություններից անջատման դեպքում էլեկտրաշարժիչի կրկնակի գործարկումները թույլատրվում են զննումից և մեկուսացման դիմադրության ստուգիչ չափումներ անցկացնելուց հետո:

Պահուստ չունեցող պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար, հիմնական պաշտպանությունների գործելուց հետո, թույլատրվում է մեկ կրկնակի գործարկում` ելնելով շարժիչի արտաքին զննման արդյունքներից:

13) Երկար ժամանակ որպես պահուստային պահվող էլեկտրաշարժիչները պետք է միշտ պատրաստ լինեն անհապաղ գործարկման: Էլեկտրաշարժիչները և մեխանիզմները պարբերաբար պետք է ենթարկվեն զննման և փորձարկման` սպառողի տեխնիկական ղեկավարի հաստատած գրաֆիկով: Ընդ որում, արտաքին տեղակայման չտաքացվող էլեկտրաշարժիչներում պետք է ստուգվեն ստատորի փաթույթի մեկուսացման դիմադրությունը և կլանման գործակիցը:

14) Մեխանիզմների հետ հոդակապված էլեկտրաշարժիչի առանցքակալների վրա չափված թրթիռի ուղղահայաց և լայնական բաղադրիչները (թրթռաարագության միջին քառակուսային արժեքը կամ տատանման երկակի լայնույթը) չպետք է գերազանցեն շահագործման հրահանգներում նշված արժեքները:

Շահագործման փաստաթղթերում նման նշումներ չլինելու դեպքում էլեկտրաշարժիչի մեխանիզմների հետ հոդակապած առանցքակալների թրթիռի արժեքը չպետք է լինի բարձր հետևյալներից`

 

պտտման սինքրոն հաճախականությունը`

պտույտ/րոպե

3000 1500 1000

750 և պակաս

առանցքակալների տատանման կրկնակի

լայնույթը, մկմ

30 60 80

95

   

Պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների առանցքակալների թրթիռի չափման պարբերականությունը պետք է սահմանվի սպառողի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված գրաֆիկով:

15) Էլեկտրաշարժիչների բեռնվածքի, խոզանակային ապարատի, թրթիռի, էլեկտրաշարժիչը սառեցնող միջավայրի և տարրերի ջերմաստիճանի (ստատորի, փաթույթների և միջուկների, օդի, առանցքակալների և այլն) հսկողությունը, առանցքակալների (յուղի համապատասխան մակարդակի պահպանումը) և սառեցման սարքվածքների խնամքը, ինչպես նաև էլեկտրաշարժիչի գործարկման և կանգի գործողությունները պետք է իրականացնի մեխանիզմն սպասարկող ստորաբաժանման անձնակազմը:

16) Էլեկտրաշարժիչները ցանցից անմիջապես պետք է անջատվեն հետևյալ դեպքերում`

ա) մարդկանց հետ դժբախտ պատահարի դեպքում,

բ) էլեկտրաշարժիչի իրանից, ինչպես նաև դրա գործարկման կարգաբերման ապարատուրայից և գրգռման սարքվածքներից ծուխ կամ կրակ երևալիս,

գ) շարժաբեր մեխանիզմը կոտրվելուց,

դ) միացք առանցքակալների թրթիռը կտրուկ բարձրանալիս,

ե) առանցքակալների ջերմաստիճանը շահագործման հրահանգներով սահմանված թույլատրելի արժեքից բարձրանալիս:

Շահագործման հրահանգներում կարող են նշված լինեն նաև այլ դեպքեր, որոնց ժամանակ էլեկտրաշարժիչը պետք է անհապաղ անջատվի, ինչպես նաև սահմանվի վթարային վիճակի վերացման և էլեկտրաշարժիչի գործարկման կարգը:

17) Էլեկտրաշարժիչների հիմնական և ընթացիկ նորոգումների պարբերականությունը որոշվում է սպառողի տեխնիկական ղեկավարի կողմից: Էլեկտրաշարժիչների և շարժաբեր մեխանիզմների նորոգումները պետք է կատարվեն միաժամանակ:

 

13. ՌԵԼԵԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՎՏՈՄԱՏԻԿԱՆ, ՀԵՌԱՄԵԽԱՆԻԿԱՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՂԹԱՆԵՐԸ

 

1) Սպառողի ենթակայանների, էլեկտրական ցանցերի և էլեկտրատեղակայանքների ուժային էլեկտրասարքավորումները պետք է պաշտպանված լինեն կարճ միացումներից և նորմալ ռեժիմի խանգարումներից` ռելեային պաշտպանության սարքվածքներով, ավտոմատ անջատիչներով կամ ապահովիչներով, և համապատասխանաբար սարքավորված լինեն էլեկտրաավտոմատիկայի և հեռամեխանիկայի միջոցներով:

2) Ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի և հեռամեխանիկայի (այսուհետ` ՌՊԱևՀ) սարքվածքների և դրանց երկրորդային շղթաների չափումները, փորձարկումները և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի և չափումների հավատարմագրված կենտրոնական, տեղական ծառայությունների (լաբորատորիաների) անձնակազմի կամ սպառողի էլեկտրալաբորատորիայի կողմից` համաձայն կազմակերպության ստանդարտների: Եթե ՌՊԱևՀ սարքվածքների առանձին տեսակների սպասարկմանը մասնակցում են այլ ծառայություններ, ապա դրանց միջև բաժանվում են սպասարկման գոտիները և պարտականությունները` տեղային հրահանգներին համապատասխան:

3) Էլեկտրական ցանցերի սնուցող տարրերի սահմանային թույլատրելի բեռնվածքները ռելեային պաշտպանության կարգաբերումից ելնելով և հաշվի առնելով շահագործման հնարավոր ռեժիմները` պետք է սպառողի կողմից համաձայնեցվեն էլեկտրամատակարարող կազմակերպության կարգավարման ծառայության հետ և պարբերաբար վերանայվեն:

4) Էլեկտրամատակարարող կազմակերպության հետ սպառողի կապի գծերի ՌՊԱևՀ սարքվածքների, ինչպես նաև էլեկտրամատակարարող կազմակերպության կարգավարի օպերատիվ կառավարման կամ վարույթի տակ գտնվող սպառողի ենթակայաններում տեղակայված տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) նախադրվածքները պետք է համաձայնեցվեն էլեկտրամատակարարող կազմակերպության ՌՊԱ համապատասխան ծառայության հետ:

Նախադրվածքների ընտրության ժամանակ պետք է ապահովվի գործողության ընտրողականությունը` հաշվի առնելով պահուստի ավտոմատ միացման (այսուհետ` ՊԱՄ) և կրկնակի ավտոմատ միացման (ԿԱՄ) սարքվածքների առկայությունը: Բացի այդ, ըստ ընտրողականության նախադրվածքների, պետք է հաշվի առնել տեխնոլոգիական ավտոմատիկայի և արտադրամասի միացքների ու այլ մեխանիզմների ուղեկապման սարքվածքների աշխատանքները:

5) Ռելեային պաշտպանության սարքվածքների բոլոր նախադրվածքները պետք է ստուգվեն էլեկտրամատակարարման գործող սխեմայի համար սպառողի և էլեկտրամատակարարող կազմակերպության նվազագույն էլեկտրական բեռնվածքի պայմաններում:

6) Օպերատիվ հոսանքի շղթաներում պետք է ապահովվի պաշտպանության ապարատների (ապահովիչների և ավտոմատ անջատիչների) գործողության ընտրողականությունը:

Ավտոմատ անջատիչները, ապահովիչների կոճղակները պետք է ունենան անվանական հոսանքը և միացման անվանումը նշող գրառումներ:

7) ՌՊԱևՀ սարքվածքների պլանային կերպով աշխատանքից դուրսբերումը ձևակերպվում է համապատասխան հայտով և կատարվում է վերադաս վարչական անձնակազմի (ըստ պատկանելության) թույլտվությամբ:

Սխալ գործարկման վտանգի դեպքում ՌՊԱևՀ սարքվածքը դուրս է բերվում աշխատանքից առանց վերադաս օպերատիվ անձնակազմի թույլտվության, սակայն հետագայում հայտ ձևակերպելով տեղեկացնել դրանց այդ մասին` համաձայն տեղային հրահանգների: Ընդ որում, դեռ գործող ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է ապահովեն էլեկտրասարքավորման և էլեկտրափոխադրման գծերի լիարժեք պաշտպանվածությունը բոլոր տեսակի վնասվածքներից: Եթե այս պայմանը չի կատարվում, ապա իրականացվում է ժամանակավոր պաշտպանություն կամ միացումն անջատվում է:

8) Վթարային և նախազգուշացնող ազդանշանման սարքվածքները պետք է միշտ լինեն աշխատանքին միանալու պատրաստ վիճակում և պարբերաբար փորձարկվեն:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել օպերատիվ հոսանքի առկայության վրա ապահովիչների և երկրորդական շղթաներում ավտոմատ անջատիչների սարքինության վրա, ինչպես նաև անջատիչների կառավարման շղթաների վրա:

9) ՌՊԱևՀ սարքվածքների վրա մասնագիտացված կազմակերպության կողմից կատարված կարգաբերման աշխատանքներն ընդունում է ՌՊԱևՀ սարքվածքներն սպասարկող սպառողի տեխնիկական անձնակազմը:

Եթե սպառողը նման անձնակազմ չունի, ապա ընդունումը կատարում է վերադասի անձնակազմը: Նոր հավաքակցված սարքվածքները շահագործման հանձնելու թույլտվությունը ձևակերպվում է ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի և հեռամեխանիկայի մատյանում համապատասխան գրառմամբ` ստորագրված տվյալ սպառողի (վերադաս կազմակերպության) ներկայացուցչի և կարգաբերող կազմակերպության պատասխանատու կատարողի կողմից:

10) ՌՊԱևՀ սարքվածքները շահագործման մեջ դնելուց առաջ պետք է ներկայացվեն հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

ա) հավաքակցող և կարգաբերող կազմակերպությունների կողմից` հավաքակցման և կարգաբերման ժամանակ ճշգրտված նախագծային նյութերը (սխեմաներ և գծագրեր, բացատրողական գրառումներ, մալուխային մատյան և այլն),

բ) հավաքակցող կազմակերպության կողմից` գործարանային նյութերը (տեխնիկական նկարագրություն և շահագործման հրահանգներ, էլեկտրասարքավորումների և ապարատների տեղեկաթերթիկներ և այլն),

գ) կարգաբերող կազմակերպության կամ սպառողի լաբորատորիայի կողմից` կարգաբերման և փորձարկումների արձանագրությունները:

11) Շահագործման մեջ գտնվող ՌՊԱևՀ յուրաքանչյուր սարքվածքի համար սպառողի մոտ պետք է պահվեն հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

ա) տեղեկաթերթիկ - արձանագրությունը,

բ) մեթոդական ցուցումները կամ տեխնիկական սպասարկման հրահանգները,

գ) սարքվածքների ցուցանիշները և տեխնիկական տվյալները` քարտերի կամ աղյուսակների տեսքով,

դ) սկզբունքային, հավաքակցման կամ սկզբունքահավաքակցման սխեմաները:

Սարքվածքի տեխնիկական սպասարկման ընթացքում պարբերաբար կատարվող ստուգումների արդյունքները պետք է մուտքագրվեն տեղեկաթերթիկ-արձանագրությունում (մանրամասն գրառումներ խորհուրդ է տրվում վարել ռելեային պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի մատյանում` հատկապես ՌՊԱևՀ բարդ սարքվածքների համար):

12) ՌՊԱևՀ ռելեները, ապարատները և օժանդակ սարքվածքները, բացառությամբ դրանց, որոնց նախադրվածքների փոխարինումը կատարում է օպերատիվ անձնակազմը, թույլատրվում է բացել այդ սարքվածքները տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներին:

13) Ազդանշանման, ՌՊԱևՀ սարքվածքների պահարանների և պանելների երեսի և հակառակ կողմերի վրա, ինչպես նաև կառավարման պանելների և վահանակների վրա պետք է լինեն դրանց կարգավարական անվանմանը համապատասխան նշանակություն ունեցող գրառումներ, իսկ դրանց վրա տեղակայված ապարատների վրա` գրառումներ կամ մականիշներ սխեմաների համաձայն:

Տարբեր միացումներին կամ մեկ միացման տարբեր ՌՊԱևՀ սարքվածքներին, որոնք կարող են ստուգվել առանձին, դրանց պատկանող ապարատների պանելների վրա պետք է տեղադրված կամ գրված լինեն հստակ սահմանագծեր: Առանձին սարքվածքների ստուգման ժամանակ պետք է ապահովվի ցանկապատի տեղադրման հնարավորությունը:

14) Հավաքվածքների (շարքերի) սեղմակների միացված լարերը պետք է ունենան սխեմաներին համապատասխանող մականշվածքներ: Ստուգիչ մալուխների վրա մականշվածքները պետք է կատարվեն ծայրերին, ճյուղավորումներում և մալուխների հատման տեղերում, իսկ պատերով, առաստաղներով անցնելու դեպքում` երկու կողմից: Մալուխների ազատ ջիղերի ծայրերը պետք է մեկուսացված լինեն:

15) ՌՊԱևՀ սարքվածքների էլեկտրականորեն կապակցված երկրորդային շղթաների մեկուսացման դիմադրությունը հողի նկատմամբ, ինչպես նաև էլեկտրականորեն չկապակցված տարբեր նշանակության շղթաների միջև (չափման շղթաներ, օպերատիվ հոսանքի, ազդանշանման շղթաներ) մեկուսացման դիմադրությունը յուրաքանչյուր միացման սահմաններում պետք է լինի 1 ՄՕմ ոչ ցածր, իսկ հեռակառավարման ելքային շղթաներինը և հեռամեխանիկայի սարքվածքների 220 Վ լարման սնման շղթաներինը` 10 ՄՕմ-ից ոչ ցածր:

ՌՊԱևՀ սարքվածքների երկրորդային շղթաների մեկուսացման դիմադրությունը, որոնք նախատեսված են 60 Վ և ցածր աշխատանքային լարման համար և սնուցվում են առանձին աղբյուրից կամ բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով, պետք է պահպանվի 0,5 ՄՕմ-ից ոչ ցածր:

Կիսահաղորդիչ և միկրոէլեկտրոնային տարրեր պարունակող ՌՊԱևՀ սարքվածքների երկրորդային շղթաների մեկուսացման ստուգման ժամանակ պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ այդ տարրերն անվնաս պահելու համար:

16) ՌՊԱևՀ սարքվածքների յուրաքանչյուր նոր միացման և առաջին կանխարգելիչ փորձարկման ժամանակ էլեկտրականորեն կապակցված ՌՊԱևՀ շղթաների և յուրաքանչյուր միացման մնացած բոլոր երկրորդային շղթաների հողի նկատմամբ մեկուսացումը, ինչպես նաև մեկուսացումն էլեկտրականորեն չկապակցված մեկ պանելի սահմաններում գտնվող շղթաների միջև, որոնք նախատեսված են 60 Վ և ցածր աշխատանքային լարման համար, պետք է փորձարկվեն փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով` 1 րոպե տևողությամբ:

Բացի դրանից, 1000 Վ լարումով 1 րոպե տևողությամբ պետք է փորձարկվի ստուգիչ մալուխի ջիղերի միջև դիմադրությունն այն շղթաներում, որտեղ կա լուրջ հետևանքներ ունեցող հողակցման բարձր հավանականություն (որպես օպերատիվ հոսանքի աղբյուր օգտագործվող գազային պաշտպանության շղթաներ, կոնդենսատորների շղթաներ և այլն):

Հետագա շահագործման ժամանակ ՌՊԱևՀ շղթաների մեկուսացումը, բացառությամբ 60 Վ և ցածր աշխատանքային լարում ունեցող շղթաների, կանխարգելիչ փորձարկումների ընթացքում թույլ է տրվում փորձարկել ինչպես 1000 Վ լարումով 1 րոպե տևողությամբ, այնպես էլ 2500 Վ ուղղված լարումով` օգտագործելով մեգաօմաչափ կամ հատուկ տեղակայանք:

60 Վ և ցածր լարման ՌՊԱ շղթաների և հեռամեխանիկայի շղթաների մեկուսացման փորձարկումները կատարվում են 500 Վ մեգաօմաչափով` դրա դիմադրության չափման ընթացքում (սույն գլխի 15-րդ կետը):

17) ՌՊԱևՀ սարքվածքների բոլոր ճիշտ և սխալ գործարկման դեպքերը, ինչպես նաև դրանց օպերատիվ և տեխնիկական սպասարկման ընթացքում հայտնաբերված արատները (անսարքությունները) պետք է մանրամասն վերլուծվեն սպասարկող անձնակազմի կողմից: Անձնակազմը պետք է վերացնի բոլոր արատները:

18) ՌՊԱևՀ սարքվածքները և երկրորդային շղթաները պետք է անցնեն տեխնիկական սպասարկում, որի ծավալները և պարբերականությունը որոշվում է տեղային հրահանգներով:

19) ՌՊԱ արագագործ սարքվածքների և պահուստավորող սարքվածքների առկայության դեպքում, եթե անջատիչները խափանվել են (չեն գործում), ապա էլեկտրասարքավորման գծերի և հաղորդաձողերի նորոգումից հետո դրանց գործարկման հետ կապված բոլոր գործողությունները, ինչպես նաև բաժանիչների և օդային անջատիչների հետ գործողությունները պետք է իրականացվեն ՌՊԱ սարքվածքի գործարկումից հետո: Եթե դրանց գործարկումը հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է պահուստային պաշտպանությունների վրա մտցնել արագացում կամ իրականացնել ժամանակավոր պաշտպանություն (այդ թվում` ոչ ընտրողական):

20) Պանելների (պահարանների) վրա և կառավարման, ռելեային պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի և հեռամեխանիկայի շղթաներում աշխատանքներ կատարելու համար պետք է ձեռնարկվեն միջոցներ սարքավորման սխալ անջատումը կանխելու համար: Աշխատանքները պետք է կատարվեն միայն մեկուսացված գործիքներով:

Այդ աշխատանքների կատարումը` առանց կատարողական սխեմաների, իսկ բարդ ՌՊԱևՀ սարքվածքների համար` առանց ծավալները և աշխատանքների հերթականությունը սահմանող ծրագրի, չի թույլատրվում:

Աշխատանքների ավարտից հետո պետք է ստուգվեն հոսանքի, լարման և օպերատիվ շղթաների միացումների սարքինությունը և ճշտությունը: ՌՊԱ օպերատիվ շղթաները և կառավարման շղթաները պետք է ստուգվեն գործողության մեջ փորձելով:

21) Եթե ՌՊԱևՀ սարքվածքներում կատարվող աշխատանքները կարող են հանգեցնել դրանց միացումների անջատման գործարկմանը (պաշտպանվող կամ հարակից), ինչպես նաև ունենալ այլ չկանխատեսված ազդեցություններ, ապա դրանք պետք է կատարվեն այդ դեպքերը հաշվի առնող թույլատրված հայտով:

22) Հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթները պետք է միշտ ռելեի և սարքերի վրա լինեն կարճ միակցված կամ կարճափակված: Հոսանքի և լարման երկրորդային շղթաները և բարձր հաճախականության կանալների միացումների զտիչների երկրորդային փաթույթները պետք է հողակցված լինեն:

23) ՌՊԱևՀ սարքվածքների պլանային տեխնիկական սպասարկման ավարտից, փորձարկումներից և հետվթարային ստուգումներից հետո պետք է կազմվեն արձանագրություններ և կատարվեն գրառումներ ռելեային պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի և հեռամեխանիկայի մատյանում, ինչպես նաև տեղեկաթերթիկ-արձանագրությունում:

ՌՊԱևՀ սխեմաների և նախադրվածքների փոփոխման ժամանակ մատյանում և տեղեկաթերթիկ-արձանագրությունում պետք է արվեն համապատասխան գրառումներ, ինչպես նաև ուղղումներ արվեն սկզբունքային և հավաքակցման սխեմաներում ու սարքվածքների շահագործման հրահանգներում:

24) Օպերատիվ անձնակազմը պետք է իրականացնի`

ա) կառավարման և ՌՊԱևՀ պանելների (պահարանների) վրա փոխարկման սարքվածքների, փորձարկման բլոկերի կափարիչների դիրքի ճշտության, ինչպես նաև կառավարման և ՌՊԱևՀ շղթաներում ավտոմատ անջատիչների և ապահովիչների սարքինության հսկողությունը,

բ) պանելների (պահարանների) և ապարատների վրա արտաքին ազդանշանային սարքվածքների հիման վրա ՌՊԱևՀ սարքվածքների վիճակի հսկողությունը,

գ) բարձրավոլտ անջատիչների և այլ ապարատների, ինչպես նաև ավտոմատ կրկնակի միացման սարքվածքների, պահուստի ավտոմատ միացման ու սևեռող սարքերի (ցուցասարքի) փորձարկում,

դ) բարձր հաճախականության պաշտպանությունների ազդանշանների փոխանակումը և բարձր հաճախականության հեռաանջատման, ավտոմատիկայի կանալների ցածր հաճախականության ապարատների, հակավթարային ավտոմատիկայի բարձր հաճախականության ապարատների սարքվածքների վերահսկող ցուցանիշների չափումներ,

ե) հաղորդաձողերի պաշտպանության հոսանքի անհաշվեկշռության և լարման տրանսֆորմատորի բաց եռանկյունու լարման անհաշվեկշռության չափում,

զ) վթարային գրանցման ավտոմատ տատանագրիչ ժամացույցի լարման հսկողություն և այլն:

Հսկողության և մյուս գործողությունների պարբերականությունը, ինչպես նաև անձնակազմի գործողությունների կարգը պետք է սահմանվեն տեղային հրահանգներով:

25) Սարքավորման հեռակառավարումից ինքնավար կառավարման անցնելը և հակառակը, պետք է կատարվի միայն կարգավարի կամ սպառողի էլեկտրատնտեսության պատասխանատուի թույլտվությամբ:

Ենթակայաններում հեռակառավարման ելքային շղթաների աշխատանքից դուրսբերման համար կիրառվում են ընդհանուր բանալիներ կամ անջատող սարքվածքներ:

Հեռակառավարման ընդհանուր բանալիների և հեռակառավարման ու հեռաազդանշանման շղթաներում առանձին անջատող սարքվածքների հետ բոլոր գործողությունները թույլատրվում է կատարել միայն կարգավարի (օպերատիվ անձնակազմի) թույլտվությամբ կամ ցուցմունքով:

26) ՌՊԱևՀ սարքվածքների պանելների (պահարանների) և կառավարման վահանակների հավաքվածքներին (շարքերին) անմիջապես մոտիկ չպետք է գտնվեն սեղմակներ, որոնց պատահական միանալը կարող է պատճառ դառնալ միացումների անջատմանը կամ միանալուն, կարճ միացմանը (ԿՄ) օպերատիվ հոսանքի շղթաներում կամ համաժամ գեներատորի (էլեկտրաշարժիչի, փոխհատուցիչի) գրգռման շղթաներում:

27) Մետաղյա պատյանով ստուգիչ մալուխների վնասվածքների վերացման ընթացքում կամ դրանք երկարացնելու դեպքում, ջիղերի միացումը պետք է կատարվի հերմետիկ կցորդիչների տեղադրմամբ կամ հատուկ նախատեսված տուփերով: Նշված կցորդիչները և տուփերը պետք է հաշվառվեն հատուկ մատյանում:

Պոլիվինիլքլորիդային և ռետինե թաղանթով մալուխները պետք է միացվեն էպոկսիդե միացնող կցորդիչների օգնությամբ կամ սեղմակների անցումային շարքերում:

Մեկ մալուխի յուրաքանչյուր հիսուն մետրի վրա պետք է լինի նշված միացումը մեկից ոչ ավելի:

Օդի, լույսի և յուղի ազդեցությունից քայքայման ենթակա մեկուսացում ունեցող ստուգիչ մալուխների կիրառման դեպքում սեղմակների և ծայրային անջատիչների միջև եղած ջղերի հատվածները պետք է ունենան քայքայումը կանխարգելող լրացուցիչ պատվածք:

28) Պանելների (պահարանների) հետ բանալիներով, հպակային մակադրակներով, փորձարկիչ բլոկներով և այլ հարմարանքներով օպերատիվ անձնակազմի կողմից գործողություններ կատարելիս պետք է կիրառվեն նշված ՌՊԱևՀ փոխարկող սարքվածքների դիրքերի աղյուսակներ` օգտագործվող ռեժիմների համար:

Այդ փոխարկման գործողությունների մասին պետք է օպերատիվ մատյանում արվի գրառում:

29) ՌՊԱևՀ սարքվածքների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների ծառայություններ մատուցող անձնակազմը պետք է պարբերաբար կատարի բոլոր պանելների և կառավարման վահանակների, ռելեային պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի, հեռամեխանիկայի, ազդանշանային պանելների (պահարանների) զննում: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի փոխարկող սարքվածքների (հպակային մակադրակներ, կառավարման բանալիների հատիչներ և այլն) և փորձարկիչ բլոկների կափարիչների դիրքերի ճշտության վրա, դրանց դիրքերը պետք է համապատասխանեն էլեկտրասարքավորման աշխատանքային ռեժիմներին և սխեմաներին:

Տեղային հրահանգներով որոշվող զննումների պարբերականությունը հաստատվում է սպառողի էլեկտրատնտեսության պատասխանատուի կողմից: Օպերատիվ անձնակազմը պատասխանատու է ՌՊԱևՀ այն էլեմենտների ճիշտ դիրքերի համար, որոնց հետ ունի գործողություններ կատարելու թույլտվություն` անկախ ՌՊԱևՀ ծառայությունների անձնակազմի պարբերական զննումներից:

30) Ենթակայաններում կան բաշխիչ սարքվածքներում տեղակայված վթարային ռեժիմներում գրառման ավտոմատ արագացմամբ ինքնագիր սարքերը, վթարային գրառման ավտոմատ տատանագրիչները, այդ թվում` դրանց գործարկման սարքվածքները, արձանագրող սարքերը (ցուցասարքերը) և ՌՊԱևՀ սարքվածքների աշխատանքի վերլուծության և էլեկտրահաղորդման օդային գծերի վնասվածքների տեղերը որոշելու համար կիրառվող սարքվածքները պետք է միշտ պատրաստ լինեն գործարկման: Նշված սարքվածքների գործարկումը և աշխատանքից դուրսբերումը պետք է կատարվի հայտի հիման վրա:

 

14. ՀՈՂԱԿՑՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ

 

1) Սույն գլուխը տարածվում է հողակցող սարքվածքների բոլոր տեսակների, պոտենցիալների հավասարեցման համակարգերի և այլնի վրա (այսուհետ` հողակցող սարքվածքներ):

2) Սարքվածքների հողակցումն անհրաժեշտ է իրականացնել տվյալ լարման սարքվածքների համար սույն ՏԿ-ում տրված նորմերին և փաստաթղթերով նախատեսված նորմերին համապատասխան և պետք է ապահովեն մարդկանց անվտանգության պայմանները, շահագործման աշխատանքային ռեժիմները և էլեկտրատեղակայանքների պաշտպանությունը:

3) Հողակցող սարքվածքների շահագործման թույլտվությունը կատարվում է տվյալ լարման սարքվածքների համար ՏԿ-ով սահմանված պահանջներին համապատասխան:

Հողակցող սարքվածքները շահագործման հանձնելիս հավաքակցող կազմակերպությունը պետք է ներկայացնի տվյալ լարման սարքվածքների ՏԿ-ով և սարքվածքների շահագործման հրահանգներով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթեր:

4) Հողակցող կառուցվածքներին և հողակցիչներին հողակցող հաղորդիչների միացումը կատարվում է եռակցումով, իսկ գլխավոր հողակցող սեղմակին, ապարատների իրաններին, մեքենաներին և ՕԳ հենասյուներին` հեղույսային միացումներով (փոփոխություններ կատարելու հնարավորություն ապահովելու համար):

5) Հողակցիչների, հողակցող հաղորդիչների հավաքակցումը, հողակցող հաղորդիչների միացումը հողակցիչներին և սարքավորումներին պետք է համապատասխանի շահագործման փաստաթղթերով սահմանված պահանջներին:

6) Էլեկտրատեղակայանքի հողակցման կամ զրոյացման ենթակա յուրաքանչյուր մասը պետք է առանձին հաղորդչի օգնությամբ միացված լինի հողակցման կամ զրոյացման ցանցին: Էլեկտրատեղակայանքի մի քանի տարրերի հողակցող (զրոյացնող) հաղորդիչների հաջորդական միացումը չի թույլատրվում:

7) Բաց անցկացված հողակցող հաղորդիչները պետք է պաշտպանված լինեն քայքայումից և ներկված լինեն սև ներկով:

8) Հողակցող սարքվածքի տեխնիկական վիճակը որոշելու համար պետք է անցկացվեն տեսանելի մասի արտաքին զննումներ, հողակցող սարքվածքի զննումներ` գրունտի ընտրովի բացումով, հողակցող սարքվածքների ցուցանիշների չափումներ էլեկտրասարքավորման շահագործման փաստաթղթերով սահմանված նորմերին համապատասխան:

9) Հողակցող սարքվածքի տեսանելի մասի արտաքին զննումները պետք է կատարվեն ժամանակացույցի համաձայն, բայց առնվազն 6 ամիսը մեկ անգամ, սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կամ դրա կողմից լիազորված աշխատողի կողմից:

Զննման ժամանակ գնահատվում է պաշտպանիչ հաղորդչի և սարքավորումների միջև եղած հպակային միացումների վիճակը, հակակոռոզիոն ծածկույթի առկայությունը, խզվածքների բացակայությունը:

Զննումների արդյունքների մասին գրառումներ են արվում հողակցող սարքվածքների տեղեկաթերթիկների մեջ:

10) Քայքայման առավել ենթակա վայրերում գրունտի ընտրովի բացումով, ինչպես նաև ուժային տրանսֆորմատորների չեզոքների, պարպիչների միացումների և գերլարումների սահմանափակիչների հողակցման տեղերի մերձակայքում, հողակցող սարքվածքների զննումներն իրականացվում են համաձայն պլանային կանխարգելիչ աշխատանքների ժամանակացույցի (այսուհետ` ՊԿԱ), բայց առնվազն 12 տարին մեկ անգամ: Գրունտի ընտրովի բացմանը ենթակա հողակցող սարքվածքների տեղանքի չափերը որոշվում են սպառողի տեխնիկական ղեկավարի կողմից (բացառությամբ բնակելի տեղանքով անցկացված ՕԳ):

11) Գրունտի ընտրովի բացումը կատարվում է սպառողի էլեկտրատեղակայանքների բոլոր հողակցող սարքվածքների վրա: Բնակելի տեղանքներով անցկացված ՕԳ համար ընտրովի բացումը կատարվում է հողակցող սարքվածքներ ունեցող հենասյուներում:

12) Գրունտի բարձր ագրեսիվությամբ տեղանքներում կարող են սահմանվել գրունտի ընտրովի բացումով զննումներ առավել հաճախակի պարբերականությամբ:

Գրունտի բացման ժամանակ պետք է տրվեն հողակցիչների վիճակի գործիքային գնահատականը և հպակային միացումների քայքայման աստիճանի գնահատականը: Եթե հողակցչի տարրի հատույթի 50 %-ից ավելի քայքայված է, ապա այդ տարրը պետք է փոխվի:

Զննումների արդյունքները ձևակերպվում են ակտերով:

13) Հողակցող սարքվածքների տեխնիկական վիճակի որոշման համար էլեկտրասարքավորումների փորձարկման նորմերին համապատասխան պետք է կատարվեն`

ա) հողակցող սարքվածքի դիմադրության չափում,

բ) հպման լարման չափում (հպման լարման նորմերով կատարված հողակցող սարքվածքներով կահավորված էլեկտրատեղակայանքներում), հողակցող սարքվածքի և հողակցվող տարրերի միջև շղթայի առկայության, նաև հողակցվող սարքվածքի և բնական հողակցիչների միացումների առկայության ստուգում,

գ) էլեկտրատեղակայանքի կարճ միակցման հոսանքների չափում, ծակվող ապահովիչների վիճակի ստուգում,

դ) հողակցող սարքվածքների տեղանքում գրունտի տեսակարար դիմադրության չափում:

ՕԳ համար չափումները կատարվում են ամեն տարի բաժանիչներ, պաշտպանիչ միջանցքներ, պարպիչներ և զրոյական լարի կրկնակի հողակցում ունեցող հենասյուների վրա, ինչպես նաև բնակելի տեղանքում երկաթբետոնե և մետաղական հենասյուների 2%-ի վրա` ընտրովի:

Չափումները կատարվում են գրունտի առավելագույն չոր ժամանակահատվածում:

Չափումների արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով:

Գլխավոր իջեցնող ենթակայաններում և տրանսֆորմատորային ենթակայաններում, որտեղ հողակցող սարքվածքների անջատումը սարքավորումներից անհնար է, ելնելով էլեկտրամատակարարման կարգի ապահովման պայմաններից, հողակցող սարքվածքի տեխնիկական վիճակը գնահատվում է ըստ չափումների արդյունքների և սույն գլխի 9-11-րդ կետերին համապատասխան:

14) Հողակցող սարքվածքների ցուցանիշների` հողակցման սարքվածքի դիմադրության, հպման, լարման, հողակցիչների և հողակցվող տարրերի միջև շղթայի առկայության չափումները պետք է կատարվեն նաև հողակցող սարքվածքների վերակառուցումից և նորոգումից հետո, քայքայումներ հայտնաբերելով կամ ՕԳ մեկուսիչների էլեկտրական աղեղով ծածկվելու դեպքում:

15) Շահագործման մեջ գտնվող յուրաքանչյուր հողակցող սարքվածքի համար պետք է տարվի տեղեկաթերթիկ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) սարքվածքի կատարողական սխեման հիմնական կառույցների հետ` տեղակապմամբ,

բ) վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների և այլ հողակցող սարքվածքների հետ կապի մասին տվյալները,

գ) շահագործման հանձնման թվականը,

դ) հողակցիչների հիմնական ցուցանիշները (նյութ, պրոֆիլ, գծային չափսեր),

ե) հողակցող սարքվածքի հոսանքի տարհոսման դիմադրության մեծությունը,

զ) գրունտի տեսակարար դիմադրության մասին տվյալները,

է) հպման լարման մասին տվյալները (անհրաժեշտության դեպքում),

ը) արհեստական հողակցիչների քայքայման աստիճանի մասին տվյալները,

թ) սարքավորման հետ հողակցող սարքվածքի մետաղակապի դիմադրության մասին տվյալները,

ժ) զննումների և հայտնաբերված արատների գրանցման ցուցակը,

ժա) արատների և դիտողությունների վերացման վերաբերյալ տեղեկությունները:

Տեղեկաթերթիկին, որի ձևը սահմանվում է սպառողի կողմից, պետք է կցվեն արտաքին զննումների, գրունտի բացումով զննումների արդյունքները, հողակցող սարքվածքի ցուցանիշների չափումների արձանագրությունները, սարքվածքի կառուցվածքային փոփոխությունների և նորոգումների բնույթի մասին տվյալները:

16) Ապահովիչների հալման հոսանքին կամ ավտոմատ անջատիչների շղթայախզիչների նախադրվածքների կարճ միացման հոսանքին համապատասխանության ստուգման համար էլեկտրատեղակայանքներում պարբերաբար պետք է ստուգվի կարճ միացման պաշտպանության գործելը:

17) Էլեկտրասարքավորման յուրաքանչյուր տեղափոխման կամ նորի հավաքակցման ժամանակ (մինչև 1000 Վ էլեկտրատեղակայանքներում), այն միացնելուց առաջ, պետք է ստուգվի կարճ միացման պաշտպանության գործելը:

18) Մինչև 1000 Վ էլեկտրատեղակայանքներում ֆազային կամ զրոյական լարի փոխարեն հողի օգտագործումը չի թույլատրվում:

19) Մեկուսացված չեզոքով մինչև 1000 Վ լարման ցանցերը պետք է պաշտպանված լինեն ծակող ապահովիչներով: Ապահովիչը կարող է տեղադրված լինի չեզոքում կամ ֆազում` տրանսֆորմատորի ցածրագույն լարման կողմում: Ընդ որում, պետք է նախատեսվի դրա ամբողջականության հսկողությունը:

 

15. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ

 

1) Սպառողի էլեկտրատեղակայանքները պետք է ունենան ամպրոպային և ներքին գերլարումներից պաշտպանություն տվյալ լարման սարքվածքների համար ՏԿ-ով սահմանված պահանջներին համապատասխան:

Էլեկտրահաղորդման գծերը, ԲԲՍ, ՓԲՍ, բաշխիչ սարքվածքները և ենթակայանները պաշտպանվում են կայծակի ուղիղ հարվածներից և էլեկտրահաղորդման գծերով ամպրոպային գերլարումների վրավազ ալիքներից: ՓԲՍ շենքերի և փակ ենթակայանների, ինչպես նաև ենթակայանների տարածքում գտնվող շենքերի և շինությունների (յուղի տնտեսության, էլեկտրալիզային, գազերի և այրվող հեղուկների պահեստարանների և այլն) պաշտպանությունն իրականացվում է տվյալ լարման սարքվածքների համար ՏԿ-ով և այլ նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան:

2) Շանթապաշտպանության սարքվածքների հավաքակցումից հետո ընդունման ժամանակ սպառողին են փոխանցվում հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

ա) համապատասխան մարմիններում հաստատված, էներգամատակարարող կազմակերպության և հակահրդեհային պաշտպանության տեսչության հետ համաձայնեցված շանթապաշտպանության տեխնիկական նախագիծը,

բ) փականային պարպիչների և լարման ոչ գծային սահմանափակիչների նախահավաքակցման և հետհավաքակցման փորձարկումների ակտերը,

գ) խողովակային պարպիչների տեղակայման ակտերը,

դ) պարպիչների և շանթարգելների հողակցման դիմադրության չափումների արձանագրությունները:

3) Սպառողների մոտ են պահվում հետևյալ համակարգված տվյալները`

ա) խողովակային և փականային պարպիչների և պաշտպանիչ միջանցների (պարպիչների տեսակներ, մինչև պաշտպանվող սարքավորումը եղած հեռավորություններ) տեղաբաշխման մասին, ինչպես նաև խողովակային պարպիչներից մինչև գծային բաժանիչներ և փականային պարպիչներ եղած հեռավորությունների մասին,

բ) հոսանքների հողակցիչների դիմադրության մասին, որոնց վրա տեղակայված են շանթապաշտպան միջոցները, այդ թվում` մետաղաճոպանները,

գ) էլեկտրահաղորդման գծերի ենթակայաններին մոտեցման տեղերում գրունտի դիմադրության մասին,

դ) էլեկտրահաղորդման գծերի միմյանց հետ, կապի և ավտոբլոկավորման գծերի հետ հատման մասին, ՕԳ ճյուղավորման, գծային մալուխային ներդիրների մասին և այլ թուլացված մեկուսացմամբ տեղերի մասին:

Յուրաքանչյուր ԲԲՍ համար պետք է կազմվեն շանթարգելների, լուսարձակային կայմասյան, մետաղե և երկաթբետոնե կոնստրուկցիաների պաշտպանիչ գոտիների գծապատկերը, որոնց գոտիներում կան բաց հոսանքատար մասեր:

4) ԲԲՍ կոնստրուկցիաներից, առանձին կանգնած ձողաձև շանթարգելներից, լուսարձակային կայմասյուներից, ծխնելույզներից և հովարաններից մինչև 1000 Վ լարման ՕԳ (լուսավորություն, հեռախոս և այլն) լարերի կախումը և այդ լարերը մոտեցնելը նշված կառույցներին, ինչպես նաև այդ գծերը մոտեցնելը պայթյունավտանգ շենքերին չի թույլատրվում:

Նշված գծերը պետք է անցկացվեն մետաղական պատյան ունեցող մալուխներով, ստորգետնյա եղանակով: Մալուխների պատյանները պետք է հողակցվեն: Գծերի մոտեցումը պայթյունավտանգ շենքերին պետք է կատարվի` հաշվի առնելով շենքերի և կառույցների շանթապաշտպանության սարքվածքների շահագործման հրահանգների պահանջները:

5) Յուրաքանչյուր տարի, ամպրոպային եղանակներից առաջ, պետք է ստուգվի բաշխիչ սարքվածքների և էլեկտրահաղորդման գծերի գերլարումներից պաշտպանության վիճակը և ապահովվի ամպրոպային ու ներքին գերլարումներից պաշտպանության պատրաստականությունը:

Սպառողների մոտ պետք է արձանագրվեն ՕԳ, ԲՍ սարքավորումների և ՏԵ վնասվածքների և ամպրոպային անջատումների դեպքերը: Ստացված տվյալների հիման վրա գնահատվում է շանթապաշտպանության հուսալիությունը և անհրաժեշտության դեպքում մշակվում են միջոցառումներ` դրանց հուսալիությունը բարձրացնելու համար:

ԲՍ ոչ ստանդարտ ապարատների կամ սարքավորումների տեղակայման ժամանակ անհրաժեշտ է մշակել համապատասխան շանթապաշտպան միջոցառումներ:

6) Բոլոր լարումների փականային պարպիչները և գերլարումների սահմանափակիչները պետք է մշտապես միացված լինեն:

7) Էլեկտրահաղորդման գծերի շրջայցերի ժամանակ պետք է զննվեն նաև պաշտպանիչ միջանցները և խողովակային պարպիչները: Պարպիչների գործարկումները նշվում են տեղեկաթերթիկներում: Հենասյուներից հանելով խողովակային պարպիչների ստուգումները` կատարվում են 3 տարին մեկ անգամ:

Առանց հենասյուներից հանելու արտաքին զննումները, ինչպես նաև ինտենսիվ աղտոտման գոտիներում տեղակայված խողովակային պարպիչների լրացուցիչ զննումները և ստուգումները կատարվում են տեղային հրահանգների պահանջներին համապատասխան:

8) Ենթակայաններում գերլարումներից պաշտպանության միջոցների զննումը պետք է կատարվի`

ա) անձնակազմի մշտական հերթապահությամբ տեղակայանքներում` հերթական շրջայցերի ժամանակ, ինչպես նաև դուրս եկող ՕԳ վրա ռելեային պաշտպանության գործարկման պատճառ հանդիսացող յուրաքանչյուր ամպրոպից հետո,

բ) անձնակազմի ոչ մշտական հերթապահությամբ տեղակայանքներում` ամբողջ սարքավորման զննման ժամանակ:

9) Տարվա ամպրոպային եղանակներից առաջ սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուի հայեցողությամբ ընտրողաբար ստուգվում են մինչև 1000 Վ լարման ՕԳ-ի երկաթբետոնե հենասյուների վրա տեղակայված մեկուսիչների ցցաձողերի և կեռերի հողակցումների սարքինությունը, ինչպես նաև այդ հենասյուների ամրանները: Զրոյական լարի առկայության դեպքում ստուգվում է նաև այդ տարրերի զրոյացումը:

Փայտյա հենասյուներով ՕԳ-ի ամպրոպային գերլարումներից պաշտպանություն ունեցող հենասյուների վրա, ինչպես նաև այնտեղ, ուր կատարված է զրոյական լարի կրկնակի հողակցում, ստուգվում են մեկուսիչների ցցաձողերի և կեռերի հողակցումը և զրոյացումը:

10) Մեկուսացված չեզոքով կամ ունակային հոսանքների փոխհատուցմամբ ցանցերում թույլատրվում է էլեկտրահաղորդման օդային և մալուխային գծերի աշխատանքը` հողին հողակցմամբ մինչև վնասվածքի վերացնելը:

Ընդ որում, բնակելի տեղանքով, ուր հոսանքը կարող է վնաս հասցնել մարդկանց և կենդանիներին, անցնող ՕԳ-ի վնասված տեղերի որոնումը և վնասվածքների վերացումը կատարվում է նվազագույն ժամկետներում:

Տվյալ պահին ցանցում հողին հողակցման առկայության դեպքում աղեղմարող ռեակտորների անջատումը չի թույլատրվում: Մարդկանց էլեկտրաանվտանգության պայմանների բարձրացման պահանջներ ունեցող էլեկտրական ցանցերում (հանքային արդյունաբերության կազմակերպություններ, տորֆահանքեր և այլն) աշխատանքը հողին միաֆազ հողակցմամբ չի թույլատրվում: Նման ցանցերում ենթակայանից գնացող բոլոր գծերը պետք է ունենան հողին հողակցումից պաշտպանություն:

11) Գեներատորային լարման ցանցերում, ինչպես նաև այն ցանցերում, ուր միացված են բարձր լարման էլեկտրաշարժիչներ, ստատորի փաթույթում միաֆազ հողակցում հայտնաբերելու դեպքում մեքենան պետք է ցանցից ավտոմատ անջատվի, եթե հողին հողակցման հոսանքը գերազանցում է 5Ա-ը: Եթե հողակցման հոսանքը չի գերազանցում 5Ա-ը, ապա թույլատրվում է 2 ժ-ից ոչ ավելի տևողությամբ աշխատանք, և ժամանակն սպառվելուց հետո մեքենան պետք է անջատվի: Եթե պարզվել է, որ հողին հողակցման տեղը ստատորի փաթույթում չի գտնվում, ապա սպառողի տեխնիկական ղեկավարի հայեցողությամբ թույլ է տրվում ցանցում հողին հողակցմամբ պտտվող մեքենայի աշխատանքը` մինչև 6 ժ տևողությամբ:

12) Աղեղմարող ռեակտորներով հողին հողակցման ունակային հոսանքի փոխհատուցումը պետք է կիրառվի ունակային հոսանքների հետևյալ արժեքները գերազանցելու դեպքում`

 

ցանցի անվանական լարումը, կՎ

6 10 15-20 35 և բարձր

հողին հողակցման ունակային հոսանքը, Ա

30 20 15 10

 

Երկաթբետոնե և մետաղական հենասյուներով ՕԳ-ի 6-ից մինչև 35 կՎ լարման ցանցերում աղեղմարող ապարատները կիրառվում են հողին հողակցման ունակային հոսանքի 10 Ա-ից բարձր լինելու դեպքում:

6-ից մինչև 35 կՎ լարման ցանցերի աշխատանքն առանց հոսանքի վերը նշված արժեքները գերազանցող ունակային հոսանքի փոխհատուցման չի թույլատրվում:

Ցանցերում հողին հողակցված ունակային հոսանքի փոխհատուցման համար պետք է օգտագործվեն հողակցող աղեղմարող ռեակտորներ` հոսանքի ավտոմատ կամ ձեռքի կարգավորմամբ:

Ունակային հոսանքների, աղեղմարող ռեակտորների հոսանքների, հողին հողակցման հոսանքների և չեզոքի լարման տեղաշարժման չափումները կատարվում են աղեղմարող ռեակտորների շահագործման հանձնման ժամանակ և ցանցի աշխատանքային ռեժիմների զգալի փոփոխության դեպքում, բայց 6 տարին մեկ անգամից ոչ պակաս:

13) Աղեղմարող ռեակտորների հզորությունը պետք է ընտրվի ըստ ցանցի ունակային հոսանքի` հաշվի առնելով դրա հեռանկարային զարգացումը:

Հողակցող աղեղմարող ռեակտորները պետք է տեղադրվեն ենթակայաններում, որոնք կապված են փոխհատուցվող ցանցի հետ առնվազն երկու էլեկտրահաղորդման գծերով: Փակուղային ենթակայաններում ռեակտորների տեղակայումը չի թույլատրվում:

Աղեղմարող ռեակտորները տրանսֆորմատորների չեզոքներին պետք է միացվեն բաժանիչներով:

Աղեղմարող ռեակտորների միացման համար օգտագործվում են միացումների փաթույթների «աստղ-եռանկյունի» սխեմա ունեցող տրանսֆորմատորները:

Աղեղմարող ռեակտորների միացումը հալուն ապահովիչներով պաշտպանված տրանսֆորմատորներին չի թույլատրվում:

Հողակցման համար նախատեսված աղեղմարող ռեակտորների ներանցիչը պետք է միացված լինի ընդհանուր հողակցող սարքվածքին հոսանքի տրանսֆորմատորի միջոցով:

14) Աղեղմարող ռեակտորները պետք է ունենան ռեզոնանսային լարք:

15) Ունակային հոսանքի փոխհատուցմամբ աշխատող ցանցերում անհամաչափության լարումը չպետք է գերազանցի ֆազային լարման 0,75%-ը:

Ցանցում հողին հողակցման բացակայության դեպքում թույլատրելի է չեզոքի տեղաշարժման լարում, որը չի գերազանցում ֆազային լարման 15%` երկարատև, և 30%` մեկ ժամվա ընթացքում:

Անհամաչափության և չեզոքի տեղաշարժման լարման հավասարեցումն իրականացվում է գետնի նկատմամբ ցանցի ֆազի ունակության հավասարեցման եղանակով (ֆազային լարերի միմյանց նկատմամբ դիրքերի փոփոխմամբ, բարձր հաճախականության կապի կոնդենսատորների ֆազային լարերի մեջ տեղաբաշխմամբ):

Բարձր հաճախականության կապի կոնդենսատորները և պտտվող մեքենաների շանթապաշտպանության կոնդենսատորները ցանցին միացնելիս պետք է ստուգվի գետնի նկատմամբ ֆազերի ունակությունների անհամաչափության թույլատրելիությունը:

Չեն թույլատրվում էլեկտրահաղորդման մալուխային և օդային գծերի ըստ ֆազերի անջատումները և միացումները, որոնք կարող են չեզոքի տեղաշարժման լարման պատճառ հանդիսանալ:

16) 6 կՎ-ից մինչև 10 կՎ լարման ցանցերում պետք է օգտագործվեն սահուն կարգավորվող աղեղմարող ռեակտորներ` փոխհատուցման հոսանքի ավտոմատ սարքավորմամբ:

Հոսանքի ձեռքի սարքաբերմամբ աղեղմարող ռեակտորների կիրառման ժամանակ սարքաբերման ցուցանիշները որոշվում են փոխհատուցման ապասարքաբերման չափիչներով: Նման սարքի բացակայության դեպքում սարքաբերման ցուցանիշները որոշվում են հողին հողակցման հոսանքների, ունակային հոսանքների, փոխհատուցման հոսանքի չափումների արդյունքների հիման վրա` հաշվի առնելով չեզոքի տեղաշարժման լարումը:

17) Վակուումային անջատիչներով տեղակայանքներում պետք է նախատեսվեն փոխարկումային գերլարումներից պաշտպանվածության միջոցառումներ: Գերլարումների պաշտպանվածություն չկիրառելու դեպքում այն պետք է հիմնավորվի:

18) Ունակային հոսանքի փոխհատուցմամբ աշխատող ցանցերից սնվող սպառողն աղեղմարող ռեակտորների վերալարքի համար իր ցանցի սխեմայում կատարած փոփոխությունների մասին պետք է ժամանակին տեղեկացնի էներգահամակարգի օպերատիվ անձնակազմին:

19) 110 կՎ-ից մինչև 220 կՎ լարման ենթակայաններում չեզոքի ինքնաբեր տեղաշարժումից կամ վտանգավոր ֆերոռեզոնանսային երևույթներից առաջացող գերլարումների կանխարգելման ուղղությամբ օպերատիվ գործողությունները պետք է սկսվեն միացված տրանսֆորմատորի չեզոքի հողակցումից ՆԿՖ-110 և ՆԿՖ-220 (НКФ-220) տեսակի լարման տրանսֆորմատորներով հաղորդաձողերի չբեռնված համակարգին:

ՆԿՖ-110 և ՆԿՖ-220 տեսակի լարման տրանսֆորմատորներով հաղորդաձողերի չբեռնված համակարգը ցանցից անջատելուց առաջ սնուցող տրանսֆորմատորների չեզոքը պետք է հողակցված լինի:

Էլեկտրամագնիսական լարման տրանսֆորմատորներով և անջատիչներով 150 կՎ-ից մինչև 220 կՎ լարման բաշխիչ սարքվածքները, որոնց հպակները կոնդենսատորներով են շունտավորված, պետք է ստուգվեն ըստ հաղորդաձողերի համակարգերի անջատումների ժամանակ ֆերոռեզոնանսային գերլարումների առաջացման հնարավորության: Անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն օպերատիվ և ավտոմատ անջատումների ժամանակ ֆերոռեզոնանսային գործընթացների կանխարգելման ուղղությամբ:

6 կՎ-ից մինչև 35 կՎ լարման միացումների վրա և ցանցերում անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ ֆերոռեզոնանսային գործընթացների, այդ թվում` և չեզոքի ինքնաբեր տեղաշարժը կանխարգելելու ուղղությամբ:

20) Տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների (միջին) լարման չօգտագործվող փաթույթները պետք է միմյանց հետ միացված լինեն աստղի կամ եռանկյունու տեսքով և գերլարումներից պաշտպանված լինեն:

Եթե ցածր լարման փաթույթին մշտապես միացված է առնվազն 30 մ երկարությամբ էլեկտրահաղորդման մալուխային գիծ, ապա պաշտպանություն չի պահանջվում:

Մնացած դեպքերում ցածր և միջին լարման չօգտագործվող փաթույթների պաշտպանությունը կատարվում է մեկ ֆազի կամ չեզոքի հողակցմամբ կամ գերլարման վենտիլային պարպիչներով կամ սահմանափակիչներով, որոնք միացված են յուրաքանչյուր ֆազի ելքին:

21) 110 կՎ լարման ցանցերում տրանսֆորմատորների 110 կՎ լարման փաթույթների չեզոքի ապահողակցումը, ինչպես նաև ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի գործարկման տրամաբանությունը պետք է իրականացվի այնպես, որ տարբեր օպերատիվ և ավտոմատ անջատումների ժամանակ չառանձնանան հողակցված չեզոքներով տրանսֆորմատորներ չունեցող ցանցերի հատվածներ:

Գծային ներանցիչների մեկուսացման մակարդակից ցածր մեկուսացման մակարդակ ունեցող տրանսֆորմատորների չեզոքի պաշտպանությունը գերլարումներից իրականացվում են փականային պարպիչներով կամ գերլարումների սահմանափակիչներով:

 

16. ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1) Սույն գլուխը տարածվում է 0,22-ից մինչև 10 կՎ լարման և 50 Հց հաճախականության կոնդենսատորային տեղակայանքների վրա, որոնք նախատեսված են ռեակտիվ հզորության փոխհատուցման և լարման կարգավորման համար և զուգահեռ միացված են էլեկտրական ցանցերի ինդուկտիվ տարրերին:

2) Կոնդենսատորային տեղակայանքը պետք է լինի երկարատև և հուսալի աշխատանք ապահովող տեխնիկական վիճակում:

3) Կոնդենսատորային տեղակայանքի կառավարումը, կոնդենսատորների մարտկոցների աշխատանքային ռեժիմի կարգավորումը պետք է լինեն ավտոմատ:

Էլեկտրական էներգիայի անհատական ընդունիչի հետ ընդհանուր փոխարկման ապարատ ունեցող կոնդենսատորային տեղակայանքի կառավարումը կատարվում է ձեռքով` էլեկտրական էներգիայի ընդունիչի անջատման կամ միացման հետ միաժամանակ:

4) 110% անվանական արժեքին հավասար լարման դեպքում, որն առաջացել է էլեկտրական ցանցում լարման բարձրացման հետևանքով, օրվա ընթացքում կոնդենսատորային տեղակայանքի աշխատանքի տևողությունը պետք է լինի 12 ժ-ից ոչ ավելի: 110% անվանական արժեքից բարձր լարման դեպքում կոնդենսատորային տեղակայանքը պետք է անմիջապես անջատվի:

Եթե ցանկացած մեկ կոնդենսատորում (հաջորդական շարքի կոնդենսատորներում) լարումը գերազանցում է դրա 110% անվանական արժեքից, ապա կոնդենսատորային տեղակայանքի աշխատանքը չի թույլատրվում:

5) Եթե ֆազերում հոսանքների տարբերությունը 10%-ից ավելի է, ապա կոնդենսատորային տեղակայանքի աշխատանքը չի թույլատրվում:

6) Կոնդենսատորների տեղակայման վայրում պետք է նախատեսված լինի շրջակա օդի ջերմաստիճանի չափման սարք: Ընդ որում, պետք է ապահովվի դրա ցուցմունքին հետևելու հնարավորությունն առանց կոնդենսատորային տեղակայանքի անջատման և ցանկապատի հանման:

7) Եթե կոնդենսատորների ջերմաստիճանը տեղեկաթերթիկ-ցուցանակում կամ շահագործման փաստաթղթերում նշված սահմանային նվազագույն թույլատրելի ջերմաստիճանից ցածր է, ապա կոնդենսատորային տեղակայանքը միացնել չի թույլատրվում:

Կոնդենսատորային տեղակայանքի աշխատանքի միացումը թույլատրվում է միայն շրջակա օդի ջերմաստիճանը մինչև տեղեկաթերթիկում նշված ջերմաստիճանը բարձրացնելուց հետո:

8) Կոնդենսատորների տեղակայման վայրում շրջակա օդի ջերմաստիճանը չպետք է բարձր լինի տեղեկաթերթիկ-ցուցանակում կամ շահագործման փաստաթղթերում նշված առավելագույն ջերմաստիճանից: Այդ ջերմաստիճանը գերազանցելու դեպքում պետք է ուժեղացվի օդափոխությունը: Եթե 1 ժ ընթացքում ջերմաստիճանը չի իջնում, ապա կոնդենսատորային տեղակայանքը պետք է անջատվի:

9) Մարտկոցների կոնդենսատորները պետք է ունենան հերթական համարներ` նշված իրանի վրա:

10) Անջատումից հետո կոնդենսատորային տեղակայանքը թույլատրվում է միացնել 1 րոպեից ոչ շուտ` կոնդենսատորային մարտկոցին անմիջականորեն միացված (առանց փոխարկման ապարատների և ապահովիչների) պարպիչ սարքվածքի առկայության դեպքում: Եթե որպես պարպիչ սարքվածք օգտագործվում են միայն կոնդենսատորների մեջ ներկառուցված դիմադրատարրերը, ապա կոնդենսատորային տեղակայանքի կրկնակի միացումը թույլ է տրվում 1 ժ-ից ոչ շուտ` 660 Վ լարման կոնդենսատորների համար, և 5 ժ-ից ոչ շուտ` 660 Վ բարձր լարման կոնդենսատորների համար:

11) Պաշտպանության սարքվածքների գործելու հետևանքով անջատված կոնդենսատորային տեղակայանքի միացումը թույլատրվում է միայն անջատման պատճառների բացահայտումից և վերացումից հետո:

12) Կոնդենսատորային տեղակայանքը պետք է ապահովված լինի`

ա) համապատասխան անվանական հոսանքների համար հալուն ներդիրներով ապահովիչների պահուստով,

բ) կոնդենսատորների ստուգողական պարպման համար նախատեսված հատուկ ձողով, որը պահվում է կոնդենսատորային մարտկոցի սենքում,

գ) հակահրդեհային միջոցներով (կրակմարիչ, ավազով և գոգաթիով արկղ):

Խցերի դռներին ներսի և արտաքին կողմերից, կոնդենսատորային մարտկոցների պահարանների դռներին պետք է լինեն դրանց կարգավարական անվանումը նշող գրառումներ: Խցերի դռների արտաքին կողմի վրա, ինչպես նաև արտադրական շենքերում տեղակայված կոնդենսատորային մարտկոցների պահարանների դռներին պետք է չլվացվող ներկով գրված կամ ամրացված լինեն անվտանգության նշաններ: Դռները պետք է միշտ փակված լինեն կողպեքով:

13) Ապահովիչները փոխելու ժամանակ կոնդենսատորային տեղակայանքը պետք է ցանցից անջատված լինի և ապահովված լինի էլեկտրական ցանցի խզում (փոխարկման ապարատի անջատմամբ)` ապահովիչների և կոնդենսատորային մարտկոցների միջև: Եթե այդպիսի խզման համար համապատասխան պայմաններ չկան, ապա ապահովիչների փոխարինումը կատարվում է բոլոր կոնդենսատորային մարտկոցների հատուկ ձողով ստուգողական պարպումից հետո:

Կոնդենսատորների ստուգողական պարպումը թույլատրվում է կատարել տեղակայանքի անջատումից 3 րոպեից ոչ շուտ, եթե շահագործման հրահանգներում այլ ցուցումներ չկան:

14) Կոնդենսատորների, որտեղ որպես տոգորող դիէլեկտրիկ օգտագործված է եռաքլորդիֆենիլ, տեխնիկական սպասարկման ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն շրջակա միջավայր դրա թափանցումը կանխարգելելու համար: Շարքից դուրս եկած եռաքլորդիֆենիլով տոգորված կոնդենսատորները, դրանց օգտահանման պայմանների բացակայության դեպքում, ենթակա են ոչնչացման հատուկ առանձնացված վայրերում:

15) Կոնդենսատորային տեղակայանքի զննումը (առանց անջատման) կատարվում է տեղային հրահանգներով սահմանված ժամկետներում, բայց առնվազն օրական մեկ անգամ` անձնակազմի մշտական հերթապահությամբ օբյեկտներում, և առնվազն ամիսը մեկ անգամ` անձնակազմի մշտական հերթապահություն չունեցող օբյեկտներում:

Կոնդենսատորային տեղակայանքի արտահերթ զննումը կատարվում է լարման կամ շրջակա օդի ջերմաստիճանի մինչև առավելագույն թույլատրելի արժեքների բարձրացման դեպքում, պաշտպանական սարքվածքները գործելու, նորմալ աշխատանքի համար վտանգ հանդիսացող արտաքին ազդեցությունների դեպքերում, ինչպես նաև դրա գործարկումից հետո:

16) Կոնդենսատորային տեղակայանքի զննման ընթացքում պետք է ստուգվեն`

ա) ցանկապատի և փականների սարքինությունը, կողմնակի առարկաների բացակայությունը,

բ) լարման, հոսանքի, շրջակա օդի ջերմաստիճանի արժեքները, առանձին ֆազերի բեռնվածքի հավասարաչափությունը,

գ) ապարատների, սարքավորման, հպակային միացումների տեխնիկական վիճակը, մեկուսացման ամբողջականությունը և դրա աղտոտվածության աստիճանը,

դ) տոգորող հեղուկի կաթիլային արտահոսքի և կոնդենսատորների իրանների պատերի անթույլատրելի փքվածքի բացակայությունը,

ե) հրդեհամարման միջոցների առկայությունը և վիճակը:

Զննման արդյունքների մասին պետք է համապատասխան գրառում կատարվի օպերատիվ մատյանում:

17) Էլեկտրասարքավորման և կոնդենսատորային տեղակայանքի սարքվածքների հիմնական և ընթացիկ նորոգումների պարբերականությունը, ստուգումների և փորձարկումների ծավալները պետք է համապատասխանեն էլեկտրասարքավորման շահագործման հրահանգով սահմանված պարբերականության և ծավալի փորձարկման նորմերի պահանջներին:

 

17. ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1) Սույն գլուխը տարածվում է սպառողի մոտ տեղակայված թթվային և ալկալիական (հիմնային) կուտակչային մարտկոցների (այսուհետ` կուտակչային մարտկոցներ) մնայուն (ստացիոնար) տեղակայանքների վրա:

2) Կուտակչային մարտկոցները պետք է տեղակայվեն և սպասարկվեն էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնների, էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնների, սույն ՏԿ-ի պահանջներին և շահագործման հրահանգներին համապատասխան:

Կուտակիչների հավաքումը, մարտկոցների տեղադրումը և դրանց գործարկումը պետք է կատարեն մասնագիտացված կազմակերպությունները` կուտակչային տեղակայանքների շահագործման հրահանգներին համապատասխան:

3) Կուտակչային մարտկոցների շահագործման ժամանակ բնականոն և վթարային ռեժիմներում հաստատուն հոսանքի հաղորդաձողի վրա պետք է ապահովվի լարման անհրաժեշտ մակարդակը:

Մարտկոցի հուսալի աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է պահպանել շահագործման հրահանգներով սահմանված պահանջները:

4) Թթվային և ալկալիական կուտակչային մարտկոցների տեղակայումը նույն սենքի մեջ չի թույլատրվում:

5) Կուտակիչների սենքի պատերն ու առաստաղը, դռներն ու լուսամուտների ապակեկալերը, մետաղական կոնստրուկցիաները, դարակաշարերը և այլ մասեր պետք է ներկված լինեն թթվակայուն (ալկալիակայուն) և սպիրտ չպարունակող ներկով: Օդափոխման տուփերը և օդաքաշ պահարանները պետք է ներկվեն արտաքին և ներքին կողմերից:

Լուսամուտների համար անհրաժեշտ է կիրառել փայլատ կամ սպիտակ սոսնձաներկով պատված ապակի:

6) Կուտակչային մարտկոցների սենքերի լուսավորման համար պետք է կիրառվեն պայթյունապաշտպանված արմատուրայում տեղակայված շիկացման լամպեր: Մեկ լուսատու պետք է միացված լինի վթարային լուսավորման ցանցին:

Անջատիչները, խցակի վարդակները, ապահովիչները և ավտոմատները պետք է տեղադրվեն կուտակչային սենքից դուրս: Լուսավորման էլեկտրահաղորդագիծը պետք է իրականացվի թթվակայուն (ալկալիակայուն) պատվածքով հաղորդալարից:

7) Բաց կառուցվածքի թթվային կուտակչի էլեկտրոլիտի գոլորշացման նվազեցման համար անհրաժեշտ է կիրառել ծածկապակիներ կամ թափանցիկ թթվակայուն պլաստմասսայե ծածկոցներ, որոնք հենված են թիթեղների ելուստների (ձուլապտուկների) վրա: Այդ ապակիների չափերը պետք է բաքի ներքին չափերից փոքր լինեն: 400X200 մմ մեծ չափերով բաքի համար թույլատրվում է կիրառել 2 և ավելի մասերից բաղկացած ծածկապակիներ:

8) Թթվային էլեկտրոլիտի պատրաստման համար անհրաժեշտ է կիրառել ծծմբական թթու և թորած ջուր, որոնց որակը հավաստված է դրանց ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան անցկացված քիմիական վերլուծության արձանագրությամբ:

Թթվային էլեկտրոլիտի պատրաստումը, էլեկտրոլիտի և թթվի պահպանումն ու տեղափոխումը, կուտակչային մարտկոցների աշխատանքային վիճակի բերելը պետք է կատարվեն ստացիոնար կապարաթթվային կուտակչային մարտկոցների շահագործման հրահանգներով սահմանված ցուցումներին համապատասխան:

9) Թթվային կուտակչային մարտկոցներում էլեկտրոլիտի մակարդակը պետք է լինի`

էլեկտրոդների վերին եզրից 10-ից մինչև 15 մմ բարձր` ՍԿ (СК) տեսակի մակերևութատուփային թիթեղներով մնայուն կուտակիչների համար,

20-ից մինչև 40 մմ սահմաններում ապահովիչ վահանակից բարձր` ՍՆ (СН) տեսակի քսուքապատված թիթեղներով մնայուն կուտակիչների համար:

Թթվային էլեկտրոլիտի խտությունը, տրված 200C ջերմաստիճանի, պետք է լինի`

ՍԿ տեսակի կուտակիչների համար (1,205±0,005) գ/սմ3,

ՍՆ տեսակի կուտակիչների համար (1,240±0,005) գ/սմ3 :

10) Մարտկոցի մեջ հավաքելիս ալկալիական կուտակիչները պետք է միացվեն հաջորդական շղթայով պողպատյա նիկելապատ միջտարրային միջակապերով:

Կուտակչային ալկալիական մարտկոցները պետք է միացվեն հաջորդական շղթայով` պղնձյա հաղորդալարի միջակապերով:

Նատրիում - լիթիումային և կալիում-լիթիումային լիցքավորված կուտակիչներում էլեկտրոլիտի մակարդակը պետք է լինի թիթեղների վերին եզրից 5-ից մինչև 10 մմ բարձր:

11) Ալկալիական էլեկտրոլիտի պատրաստման համար անհրաժեշտ է կիրառել կալիումի կամ նատրիումի հիդրօքսիդներ, լիթիումի հիդրօքսիդներ, թորած ջուր, որոնք պետք է համապատասխանեն ստանդարտների պահանջներին:

Ալկալիական էլեկտրոլիտը պատրաստելիս և կուտակչային մարտկոցն աշխատանքային վիճակի բերելիս պետք է կատարվեն դրա շահագործման հրահանգի ցուցումները:

12) Կուտակչային մարտկոցի տարրերը պետք է համարակալված լինեն: Խոշոր թվերը թթվակայուն (ալկալիակայուն) ներկով նշվում են բաքի դիմային ուղղաձիգ պատի վրա: Մարտկոցի մեջ առաջին համարով նշվում է այն տարրը, որին միացված է դրական հաղորդաձողը:

13) Նոր տեղադրված կամ հիմնանորոգումից նոր դուրս եկած կուտակչային մարտկոցներն ընդունելուց պետք է ստուգվեն`

ա) ունակությունը (10-ժամանոց պարպման հոսանքով կամ շահագործման հրահանգի ցուցումներին համապատասխան),

բ) էլեկտրոլիտի որակը,

գ) էլեկտրոլիտի խտությունը և մարտկոցի լիցքավորման ու պարպման վերջում տարրերի վրա լարումը,

դ) հողի նկատմամբ կուտակչային մարտկոցի մեկուսացման դիմադրությունը,

ե) ներհոս-արտահոս օդափոխման սարքինությունը:

Կուտակչային մարտկոցները պետք է շահագործման մեջ դրվեն դրանց 100% անվանական ունակության հասնելուց հետո:

14) Մշտական լրալիցքավորման ռեժիմում աշխատող թթվային կուտակչային մարտկոցները պետք է շահագործվեն առանց հավասարիչ պարբերական վերալիցքավորումների: Բոլոր կուտակչային մարտկոցները լրիվ լիցքավորված վիճակում պահելու համար և էլեկտրոդների սուլֆատացումը կանխելու համար, դրանց վիճակից կախված, բայց տարին մեկ անգամից ոչ պակաս, պետք է անցկացվի կուտակչային մարտկոցի հավասարիչ լիցք (լրալիցք)` մինչև բոլոր տարրերում էլեկտրոլիտի սույն գլխի 9-րդ կետում նշված խտության սահմանվող արժեքներին հասնելը:

Հավասարիչ լիցքի տևողությունը կախված է մարտկոցի տեխնիկական վիճակից և պետք է լինի 6 ժ-ից ոչ պակաս:

Ենթակայաններում մարտկոցի աշխատունակությունը պետք է ստուգվի ցնցումային հոսանքների ժամանակ` լարման անկմամբ:

Ամբողջ մարտկոցի կամ դրա առանձին տարրերի հավասարիչ վերալիցքը պետք է իրականացվի միայն ըստ անհրաժեշտության:

Լիցքավորել և լիցքաթափել մարտկոցը թույլատրվում է տվյալ մարտկոցի համար առավելագույնից ոչ բարձր հոսանքով: Լիցքավորման վերջում էլեկտրոլիտի ջերմաստիճանը պետք է լինի ՍԿ տեսակի կուտակիչների համար` 400C-ից ոչ բարձր և ՍՆ տեսակի կուտակիչների համար` 350C-ից ոչ բարձր:

15) Թթվային մարտկոցների ստուգողական պարպումները պետք է անցկացվեն մնայուն կապարաթթվային կուտակչային մարտկոցների շահագործման հրահանգին համապատասխան` մարտկոցի փաստացի ունակությունը որոշելու համար` ըստ անհրաժեշտության կամ 1-2 տարին մեկ անգամ:

Պարպման հոսանքի մեծությունն ամեն անգամ պետք է լինի նույնը: Ստուգողական պարպումների դեպքում չափումների արդյունքները պետք է համեմատվեն նախկին պարպումների չափումների արդյունքների հետ:

Մշտական լրալիցքի ռեժիմում աշխատող թթվային մարտկոցները պետք է շահագործվեն առանց փորձնական պարպումների: Առանձին կուտակիչների (կամ դրանց խմբի) պարպումը կարող է կատարվել նորոգման աշխատանքների կատարման համար կամ դրանցում անսարքությունների վերացման դեպքում:

16) Լիցքավորող սարքվածքի հզորությունն ու լարումը պետք է բավարար լինեն 8 ժ-ից ոչ ավելի ժամանակաընթացքում կուտակչային մարտկոցի անվանական ունակության 90%-ով լիցքավորման համար` նախորդող 30-րոպեանոց լիցքաթափման դեպքում:

Լրալիցքավորման սարքվածքը պետք է ապահովի մարտկոցի հաղորդաձողերի վրա լարման կայունացումը` ± 2% շեղումով: Կուտակչային մարտկոցների լիցքի ու լրալիցքի համար կիրառվող ուղղիչ տեղակայանքները պետք է միացվեն փոփոխական հոսանքի կողմից` բաժանիչ տրասնֆորամատորի միջոցով:

Մարտկոցների լրացուցիչ կուտակիչները, որոնք աշխատանքում օգտագործվում են ոչ մշտապես, պետք է ունենան լրալիցքի առանձին սարքվածք:

Կուտակչային տեղակայանքը պետք է կահավորված լինի լիցքավորման, լրալիցքավորման սարքվածքների և կուտակչային մարտկոցի շղթաներում փոխարկիչով վոլտմետրով և ամպերմետրերով:

17) Կուտակչային մարտկոցի սենքում օդափոխման համակարգի շահագործման կարգը, հաշվի առնելով կոնկրետ պայմանները, պետք է սահմանվի տեղական հրահանգով:

Կուտակչային մարտկոցի սենքի ներհոս-արտահոս օդափոխությունը պետք է միացվի կուտակչային մարտկոցի լիցքավորումից առաջ և անջատվի` գազերի լրիվ հեռացումից հետո, բայց լիցքի ավարտից 1,5 ժ-ից ոչ շուտ: Կուտակչային մարտկոցի համար անհրաժեշտ է նախատեսել ուղեկապում, որը թույլ չի տա անջատված օդափոխության դեպքում տարրի վրա հաղորդել 2,3 Վ-ից ավելի լարմամբ լիցք:

18) Շահագործման բնականոն պայմաններում օպերատիվ հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա լարումը թույլատրվում է պահպանել հոսանաընդունիչների անվանական լարումից 5%-ով բարձր:

19) Հաստատուն հոսանքի բոլոր հավաքվածքները և օղակաձև մայրուղիները պետք է ապահովված լինեն սնման 2 աղբյուրով:

20) Կուտակչային մարտկոցի մեկուսացման դիմադրության չափումը կատարվում է 3 ամիսը մեկ անգամ և դրա արժեքը, կախված մարտկոցի անվանական լարումից, պետք է լինի հետևյալը`

 

Կուտակչային մարտկոցի լարումը, Վ

24 48 60 110 220

Մեկուսացման դիմադրությունը` Rմեկ, կՕմ, ոչ պակաս

15 25 30 50 100

 

Հաստատուն հոսանքի հաղորդաձողերը պետք է ունենան մեկուսացումը մշտապես հսկող սարքվածք, որը գործում է ազդանշանով, եթե բևեռներից մեկի մեկուսացման դիմադրությունը նվազել է` մինչև 3 կՕմ` 24 Վ ցանցում, 5 կՕմ` 48 Վ ցանցում, 6 կՕմ` 60 Վ ցանցում, 10 կՕմ` 110 Վ ցանցում, 20 կՕմ` 220 Վ ցանցում:

Շահագործման պայմաններում հաստատուն օպերատիվ հոսանքի ցանցի մեկուսացման դիմադրությունը, որը պարբերաբար չափվում է մեկուսացման հսկման սարքվածքի (կամ վոլտմետրի) օգնությամբ, պետք է լինի նշված նվազագույն արժեքների կրկնապատիկից ոչ պակաս:

21) Օպերատիվ հոսանքի ցանցում հողանցման (կամ մեկուսացման դիմադրության նվազման մինչև հսկման սարքվածքի գործելը) դեպքում անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել դրա վերացմանն ուղղված միջոցներ:

Չի թույլատրվում օպերատիվ հոսանքի ցանցում լարման տակ աշխատանքների կատարումը, եթե այդ ցանցում կա հողանցում` բացառությամբ հողանցման տեղի որոնման աշխատանքների:

22) Կուտակչային տեղակայանքների սպասարկումը պետք է կատարի կուտակչային մարտկոցների շահագործման որակավորում ունեցող մասնագետը:

Յուրաքանչյուր կուտակչային տեղակայանքի համար պետք է լինի կուտակչային մարտկոցի մատյան` զննումների արդյունքների և կատարված աշխատանքների ծավալների գրանցման համար:

23) Աշխատող թթվային կուտակչային մարտկոցի էլեկտրոլիտի վերլուծությունը պետք է կատարվի ամեն տարի` հսկվող տարրերից վերցված նմուշներով: Հսկվող տարրերի քանակը սահմանում է սպառողի էլեկտրատնտեսության պատասխանատուն` կախված կուտակչային մարտկոցի վիճակից, բայց մարտկոցի տարրերի քանակի 10%-ից ոչ պակաս: Որպես հսկվող ամեն տարի պետք է նշանակվեն տարբեր տարրեր:

Ստուգողական պարպման ժամանակ էլեկտրոլիտի նմուշները վերցվում են լիցքաթափման ավարտին:

Կուտակիչների լրալցման համար պետք է կիրառվի թորած ջուր, որում ստուգված է քլորի և երկաթի բացակայությունը:

24) Կուտակչային մարտկոցում կարող են լինել 5%-ից ոչ ավելի հետ ընկնող տարրեր: Այդ տարրերի լարումը լիցքաթափման վերջում պետք է տարբերվի մնացած տարրերի միջին լարումից 1,5%-ից ոչ ավելի:

25) Կուտակչային մարտկոցների զննումը պետք է անցկացվի ժամանակացույցով` հաստատված սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից` հաշվի առնելով զննումների հետևյալ պարբերականությունը`

ա) հերթապահ անձնակազմի կողմից` օրական մեկ անգամ,

բ) հատուկ հատկացված աշխատողի կողմից` ամիսը երկու անգամ,

գ) էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից` ամիսը մեկ անգամ:

26) Ընթացիկ զննման ժամանակ պետք է ստուգվեն`

ա) լարումը, էլեկտրոլիտի խտությունը և ջերմաստիճանը հսկվող տարրերում (լարումը և խտությունը` բոլոր, իսկ ջերմաստիճանը հսկվող տարրերում պետք է ստուգվեն ամիսը մեկ անգամից ոչ պակաս),

բ) հիմնական և լրացուցիչ կուտակիչների լրալիցքի լարումն ու հոսանքը,

գ) էլեկտրոլիտի մակարդակը,

դ) ծածկապակիների կամ զտիչ-խցանների տեղադրման ճշտությունը,

ե) կուտակիչների ամբողջականությունը, մաքրությունը սենքում,

զ) օդափոխությունն ու ջեռուցումը,

է) կուտակիչներից գազի պղպջակների ոչ մեծ արտազատման առկայությունը,

ը) թափանցիկ բաքերով կուտակիչներում ապարախյուսի (շլամի) մակարդակն ու գույնը:

27) Կուտակչային տեղակայանքն սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի`

ա) տեխնիկական փաստաթղթերով,

բ) մարտկոցի առանձին տարրերի լարման, էլեկտրոլիտի խտության և ջերմաստիճանի հսկողության սարքերով,

գ) հատուկ անհատական պաշտպանության միջոցներով հագուստով,

դ) հատուկ գույքով և պահեստամասերով:

28) Կուտակչային մարտկոցի հիմնանորոգման անհրաժեշտությունը սահմանում է սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուն:

ՍԿ տեսակի կուտակիչների հիմնանորոգումը պետք է իրականացվի շահագործման 15-20 տարվանից ոչ շուտ:

ՍՆ տեսակի կուտակիչների հիմնանորոգում չի արվում: Այդ կուտակիչների փոխարինումը պետք է կատարվի շահագործման 10 տարվանից ոչ շուտ:

 

18. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1) Սույն գլխում շարադրված պահանջները տարածվում են սպառողի շինությունների և կառույցների, բնակելի և հասարակական շենքերի, բաց տարածքների ու փողոցների էլեկտրական լուսավորության սարքվածքների, ինչպես նաև գովազդային լուսավորության վրա:

Բոլոր շինություններում, աշխատատեղերում, բաց տարածքներում և փողոցներում աշխատանքային և վթարային լուսավորությունը պետք է ապահովի սահմանված պահանջներին համապատասխան լուսավորություն:

Ծրագրային ղեկավարման սարքվածքներով ապահովված գովազդային լուսավորությունը պետք է բավարարի նաև թույլատրելի արդյունաբերական ռադիոխանգարումների գործող նորմերի պահանջներին:

2) Վթարային լուսավորության լուսատուները պետք է աշխատանքային լուսավորման լուսատուներից տարբերվեն նշաններով կամ ներկվածքով:

Ծխնելույզների և այլ բարձր կառույցների լուսացանկապատումը պետք է համապատասխանի սահմանված կանոններին:

3) Աշխատանքային և վթարային լուսավորման լուսատուների սնումը պետք է իրականացվի անկախ աղբյուրներից: Աշխատանքային լուսավորության անջատման դեպքում փոխարկումը վթարայինի պետք է տեղի ունենա ավտոմատ կերպով կամ ձեռքով, նախագծային լուծումների համաձայն` ելնելով տեղական պայմանների նպատակահարմարությունից:

Վթարային լուսավորության ցանցի սնումը նախագծայիններից տարբերվող սխեմաներով չի թույլատրվում:

Վթարային լուսավորության ցանցին շարժական տրանսֆորմատորների և այլ տեսակի բեռնվածքների միացումը չի թույլատրվում:

Վթարային լուսավորության ցանցը պետք է կատարված լինի առանց խցակի վարդակների:

4) Լուսավորության ցանցի վահանների և հավաքվածքների դիմային կողմի վրա պետք է լինեն մակագրություններ (դրոշմանշվածք)` նշելով անվանումը (վահանի կամ հավաքվածքի), կարգավարական անվանմանը համապատասխանող համարը: Ներքին կողմից (օրինակ` դռնակների վրա) պետք է լինեն միագիծ սխեման և մակագրություններ` ապահովիչների վրա նշելով ներդիրի հալոցքով հոսանքի կամ ավտոմատ անջատիչների անվանական հոսանքի մեծությունը, համապատասխանաբար դրանց միջոցով սնում ստացող էլեկտրաընդունիչների անվանումը: Ավտոմատ անջատիչները պետք է ապահովեն դրանց կողմից սնում ստացող սպառողների անջատման ընտրողականությունը:

Չի թույլատրվում որևէ տանովի կամ շարժական էլեկտրաընդունիչների միացման համար լուսավորման ցանցերի օգտագործումը:

5) Բարձր վտանգավորությամբ և հատկապես վտանգավոր սենքում տանովի (ձեռքի) էլեկտրալուսատուների սնման համար պետք է կիրառվի 50 Վ-ից ոչ բարձր լարում, իսկ հատկապես անբարենպաստ պայմաններում և արտաքին տեղակայանքներում աշխատանքների դեպքում` 12 Վ-ից ոչ բարձր:

12-ից մինչև 50 Վ լարման սարքերի երկժանիները չպետք է մտնեն ավելի բարձր անվանական լարմամբ վարդակների մեջ: Այն շինություններում, որոնցում օգտագործվում է 2 և ավելի անվանական լարում, բոլոր խցակի վարդակների վրա պետք է լինեն անվանական լարման նշումով մակագրություններ:

12-ից մինչև 50 Վ ցանցի լուսատուների սնման համար ավտոտրանսֆորմատորների օգտագործում չի թույլատրվում:

Տանովի լուսավորության համար կոշտ հենարանների վրա չամրացված լյումինեսցենտային լամպերի կիրառումը չի թույլատրվում:

6) Աշխատանքային և վթարային լուսավորության ցանցի լուսատուների մեջ այն լամպերի տեղադրումը, որոնց ճառագայթման հզորությունը կամ գունավորումը չեն համապատասխանում նախագծայինին, ինչպես նաև լուսատուների լուսացիրների, էկրանավորող ու պաշտպանական ցանցերի հանումը չի թույլատրվում:

7) Սպառողների կառույցների, բնակելի և հասարակական շենքերի, բաց տարածքների ու փողոցների ներքին, արտաքին, ինչպես նաև պահպանական լուսավորության ցանցերի սնումը պետք է նախատեսված լինի առանձին գծերով:

Արտաքին լուսավորության ցանցի կառավարումը, հեռավոր օբյեկտների լուսավորության ցանցից բացի, ինչպես նաև պահպանական լուսավորության ցանցի կառավարումը պետք է իրականացվի կենտրոնացված կարգով` տվյալ սպառողի էլեկտրատնտեսության կառավարման վահանակի սենքից կամ այլ հատուկ սենքից:

8) Լուսավորության ցանցը պետք է սնում ստանա այնպիսի աղբյուրներից (կայունարարներից կամ առանձին տրանսֆորմատորներից), որոնք ապահովում են անհրաժեշտ սահմաններում լարումը պահելու հնարավորություն:

Լամպերի վրա լարումը պետք է լինի անվանականից ոչ բարձր: Ներքին աշխատանքային լուսավորության ցանցի առավել հեռավոր լամպերի, ինչպես նաև լուսարձակային տեղակայանքների լարման նվազեցումը պետք է լինի անվանական լարման 5%-ից ոչ ավելի, արտաքին և վթարային լուսավորման ցանցի առավել հեռավոր լամպերի և 12-ից մինչև 50 Վ լարման ցանցի համար` 10%-ից ոչ ավելի:

9) Երկու ելք ունեցող էլեկտրաենթակայանների ու բաշխիչ սարքվածքների միջանցքներում և միջանցիկ թունելներում լուսավորությունը պետք է կատարվի երկկողմանի կառավարմամբ:

10) Էլեկտրական լուսավորության ցանցն սպասարկող օպերատիվ անձնակազմի մոտ պետք է լինեն այդ ցանցի սխեմաները, չափաբերված ներդիրների, լուսավորության տվյալ ցանցի համապատասխան լուսատուների և բոլոր լարումների լամպերի պաշար:

Սպառողի կամ օբյեկտի օպերատիվ և օպերատիվ-նորոգող անձնակազմը, նույնիսկ վթարային լուսավորության առկայության դեպքում, պետք է ունենա ինքնավար սնմամբ տանովի էլեկտրական լապտեր:

11) Լուսատուների մաքրումը, էլեկտրական լուսավորման ցանցի զննումն ու նորոգումը պետք է ըստ գրաֆիկի (ՊՆՆ-ի ծրագրի) կատարի համապատասխան որակավորում ունեցող անձնակազմը:

Սպառողի լուսատուների մաքրման և լուսավորության տեղակայանքների տեխնիկական վիճակի ստուգման (ապակիների, վանդակապատերի ու ցանցերի առկայությունն ու ամբողջականությունը, հատուկ նշանակության լուսատուների կիպացումների սարքինությունը և այլն) աշխատանքների պարբերականությունը պետք է սահմանվի սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները: Ուժեղ աղտոտման ենթակա տեղամասերում լուսատուների մաքրումը պետք է կատարվի հատուկ գրաֆիկով:

12) Շարքից դուրս եկած լյումինեսցենտային լամպերը, ԴՌԼ (ДПЛ) տիպի լամպերը և սնդիկ պարունակող այլ աղբյուրներ պետք է պահվեն հատուկ սենքում: Դրանք անհրաժեշտ է պարբերաբար տանել վերացնելու և ակտիվազերծելու համար հատկացված տեղեր:

13) Լուսավորության ցանցի զննումն ու ստուգումը պետք է անցկացվեն հետևյալ ժամկետներում`

ա) վթարային լուսավորության սարքինության ստուգումն աշխատանքային լուսավորության անջատմամբ` տարին 2 անգամ,

բ) շինությունների (այդ թվում` տեղամասերի, առանձին աշխատատեղերի, անցուղիների և այլնի) ներսում լուսավորվածության նորմերին համապատասխան լուսավորվածության չափումը` ցանցը շահագործման մեջ դնելիս, ինչպես նաև սենքի գործառնային նշանակությունը փոփոխելիս:

14) Վթարային և աշխատանքային լուսավորության մնայուն սարքավորման և էլեկտրահաղորդագծի վիճակի ստուգումը, հաղորդալարերի, մալուխների և հողակցող սարքվածքների դիմադրության փորձարկումն ու չափումը պետք է անցկացվեն ցանցը շահագործման մեջ դնելիս, իսկ հետագայում` սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից հաստատված գրաֆիկով, բայց 3 տարին մեկ անգամից ոչ պակաս: Չափումների արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ` էլեկտրասարքավորման փորձարկման նորմերին համապատասխան:

15) Արտաքին (փողոցային) և գովազդային լուսավորության տեղակայանքների տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է կատարի նախապատրաստված էլեկտրատեխնիկական անձնակազմը:

Գովազդային լուսավորության ցանցի գազալուսային տեղակայանքների պլանային նախազգուշական նորոգումների պարբերականությունը սահմանվում են կախված դրանց կարգից (տեղադրությունից, տեխնիկական սպասարկման համակարգից և այլնից) և հաստատվում է սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից:

16) Արտաքին (փողոցային) և գովազդային լուսավորության տեղակայանքների միացումն ու անջատումը պետք է իրականացվի ավտոմատ կերպով` տարվա եղանակը, տեղական պայմանները հաշվի առնող գրաֆիկին համապատասխան` հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

17) Գովազդային լուսավորության տեղակայանքների աշխատանքում բոլոր անսարքությունների և վնասվածքների (թարթում, մասնակի պարպումներ և այլն) մասին սպառողի օպերատիվ կամ օպերատիվ-նորոգող անձնակազմը պարտավոր է անհապաղ հաղորդել իրենց ղեկավարներին և ձեռնարկել դրանց վերացման համապատասխան միջոցներ: Տեսանելի վնասվածքների դեպքում գովազդային լուսավորության տեղակայանքների աշխատանքը չի թույլատրվում:

18) Փողոցային և գովազդային լուսավորության տեղակայանքների կառավարման կենտրոնացված ավտոմատ համակարգի դեպքում պետք է ապահովվի իր տրամադրության տակ փոխադրամիջոցներ և հեռախոսակապ ունեցող անձնակազմի շուրջօրյա հերթապահություն:

 

V. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

19. ԷԼԵԿՏՐԱԵՌԱԿՑՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1) Սույն գլուխը տարածվում է հաստատուն և փոփոխական հոսանքի աղեղային եռակցման մնայուն, շարժական (տանովի) տեղակայանքների վրա:

2) Էլեկտրաեռակցման տեղակայանքները, դրանց տեղակայումը պետք է համապատասխանի էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման սահմանված պահանջներին:

3) Եռակցման աշխատանքները պետք է կատարվեն գործող ստանդարտներին, եռակցման աշխատանքների անցկացման ժամանակ հրդեհային անվտանգության կանոններին, էլեկտրաեռակցման սարքավորման շահագործման հրահանգներով սահմանված ցուցումներին և սույն գլխի պահանջներին համապատասխան:

4) Պայթյունավտանգ և պայթյունահրդեհավտանգ սենքերում էլեկտրաեռակցման աշխատանքներն անհրաժեշտ է կատարել պայթյունաանվտանգության ստանդարտների պահանջներին, պայթյունավտանգ օբյեկտներում կրակային աշխատանքների անվտանգ վարման կազմակերպման ցուցումներին և սույն գլխի պահանջներին համապատասխան:

5) Եռակցման հոսանքի աղբյուրները կարող են միացվել մինչև 660 Վ լարմամբ բաշխիչ էլեկտրացանցերին:

6) Որպես եռակցման հոսանքի աղբյուր աղեղային եռակցման բոլոր տեսակների համար պետք է կիրառվեն միայն դրա համար հատուկ նախատեսված ստանդարտների պահանջները բավարարող եռակցման տրանսֆորմատորներ կամ փոխարկիչներ (ստատիկ կամ շարժիչ-գեներատորային)` էլեկտրաշարժիչներով կամ ներքին այրման շարժիչներով:

7) Մեկ եռակցման աղեղի վրա աշխատելու դեպքում եռակցման հոսանքի մի քանի աղբյուրների միացման սխեման պետք է բացառի առարկայի և էլեկտրոդի միջև այնպիսի լարում ստանալու հնարավորությունը, որը գերազանցում է եռակցման հոսանքի աղբյուրներից մեկի պարապ ընթացքի առավելագույն լարումը:

8) Եռակցման հոսանքի աղբյուրից ձեռքի աղեղային եռակցման տեղակայանքի էլեկտրաբռնիչին հոսանք մատակարարելու համար պետք է օգտագործել ռետինե մեկուսացմամբ և ռետինե պատյանով եռակցման ճկուն պղնձյա մալուխ: Չի թույլատրվում այրումը տարածող պոլիմերային նյութերից պատրաստված մեկուսացմամբ կամ պատյանով մալուխների և հաղորդալարերի կիրառումը:

9) Էլեկտրաեռակցման տեղակայանքի առաջնային շղթան պետք է ունենա փոխարկման (անջատման) և պաշտպանիչ էլեկտրասարքեր:

10) Եռակցման հոսանքի բազմակետային աղբյուրով էլեկտրաեռակցման տեղակայանքները պետք է եռակցման կետ գնացող յուրաքանչյուր գծի վրա ունենան աղբյուրը գերբեռնվածությունից պաշտպանելու սարքավորում (ավտոմատ անջատիչ, ապահովիչներ), ինչպես նաև փոխարկման և պաշտպանիչ էլեկտրասարքեր:

11) Շարժական (տանովի) էլեկտրաեռակցման տեղակայանքը պետք է տեղակայվի փոխարկման սարքից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի դրանց միացնող ճկուն մալուխի երկարությունը լինի 15 մ ոչ ավելի:

Տվյալ պահանջը չի վերաբերում հպաանվակային (տրոլեյային) համակարգով տեղակայանքների սնմանը և այն դեպքերին, երբ կոնստրուկցիայով նախատեսված է այլ երկարություն` տեղակայանքի շահագործման փաստաթղթերին համապատասխան: Տեղափոխման ժամանակ շարժական էլեկտրաեռակցման տեղակայանքներն անհրաժեշտ է անջատել ցանցից:

12) Հատկապես վտանգավոր պայմաններում (մետաղական տարողություններում, հորերում, թունելներում, կաթսաներում, նավերի մեկուսամասերում և այլն) կամ բարձրավտանգ սենքերում եռակցման համար նախատեսված փոփոխական և հաստատուն հոսանքի աղբյուրներով էլեկտրաեռակցման բոլոր տեղակայանքները պետք է համալրված լինեն եռակցման շղթայի ընդհատման դեպքում պարապ ընթացքի լարման ավտոմատ անջատման կամ տվյալ պայմաններում մինչև անվտանգ մակարդակը դրա սահմանափակման սարքերով: Սարքերը պետք է ունենան սահմանված կարգով հաստատված տեխնիկական փաստաթղթեր, իսկ դրանց հարաչափերը պետք է համապատասխանեն էլեկտրաեռակցման սարքերի շահագործման փաստաթղթերով կամ ստանդարտներով սահմանված պահանջներին:

13) Փակ սենքերում եռակցման աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է նախատեսել (անհրաժեշտության դեպքում) տեղային արտածծման սարքեր, որոնք կապահովեն եռակցման աերոզոլների որսումն անմիջապես դրանց գոյացման տեղում: Էլեկտրաեռակցման տեղակայանքների սենքերի օդափոխիչ համակարգերում պետք է տեղադրվեն շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետումը բացառող զտիչներ:

14) Վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների հսկման համար եռակցման տեղամասեր ստեղծող սպառողները` շինարարական և այլ կազմակերպություններ պետք է ունենան չափիչ սարքեր, մեթոդիկաներ և որակավորված անձնակազմ: Չափումների արդյունքները պետք է գրանցվեն: Աշխատանքային գոտու համար սահմանված նորմերը գերազանցելու դեպքում պետք է ձեռնարկվեն վտանգավոր և վնասակար գործոնները նվազեցնող միջոցներ:

15) Էլեկտրաեռակցման աշխատանքներ թույլատրվում է կատարել այն աշխատողներին, ովքեր անցել են անվտանգության պահանջների ուսուցում, հրահանգավորում և գիտելիքների ստուգում, ունեն II ոչ ցածր էլեկտրաանվտանգության խումբ ու համապատասխան վկայական:

Հատուկ ուսուցում ստացած էլեկտրաեռակցողներին կարող է սահմանված կարգով տրվել էլեկտրաանվտանգության III և ավելի բարձր խումբ` որպես օպերատիվ-նորոգող անձնակազմի աշխատող` ցանցին շարժական ու տանովի էլեկտրաեռակցման տեղակայանքներ միացնելու և անջատելու իրավունքով:

16) Շարժական, տանովի էլեկտրաեռակցման սարքավորումը կցվում է էլեկտրաեռակցողին, ինչի մասին գրանցում է արվում շարժական ու տանովի էլեկտրասարքերի, դրանց օժանդակ սարքավորման գույքահաշվառման, պարբերական ստուգման և նորոգման գրանցամատյանում: Էլեկտրաեռակցողներին չկցված աղեղային եռակցման շարժական ու տանովի հոսանքի աղբյուրները պետք է պահվեն կողպեքով փակվող շինություններում:

17) Էլեկտրաեռակցման տեղակայանքների միացումն ու անջատումը ցանցից, ինչպես նաև շահագործման ընթացքում դրանց սարքին վիճակի հսկողությունը պետք է կատարի տվյալ սպառողի էլեկտրաանվտանգության III ոչ ցածր խումբ ունեցող էլեկտրատեխնիկական անձնակազմը:

18) Բարձրավտանգ, հատկապես վտանգավոր սենքերում և հատկապես անբարենպաստ պայմաններում եռակցման աշխատանքներ կատարելիս էլեկտրաեռակցողը պարտավոր է օգտվել ոչ միայն հատուկ հագուստից, այլև մեկուսիչ ձեռնոցներից, կրկնակոշիկներից և գորգիկներից:

Փակ կամ դժվարամատչելի տարածություններում աշխատելիս անհրաժեշտ է հագնել նաև պաշտպանիչ (պոլիէթիլենային, տեքստոլիտային կամ վինիպլաստային) սաղավարտներ. այս դեպքում մետաղական վահանիկներից օգտվել չի թույլատրվում:

19) Փակ կամ դժվարամատչելի տարածություններում եռակցող աշխատանքները պետք է կատարվեն երկու հսկողների հսկողության տակ, որոնցից մեկը պետք է ունենա էլեկտրաանվտանգության III ոչ ցածր խումբ: Եռակցողի աշխատանքների կատարման հսկողության դիտորդները պետք է գտնվեն դրսում: Եռակցողը պետք է ունենա ձգափոկային ապահովիչ գոտի ճոպանով, որի ծայրը գտնվում է հսկողի մոտ: Էլեկտրաեռակցման աշխատանքներն այս պայմաններում պետք է կատարվեն միայն սույն գլխի 12-րդ և 13-րդ կետերի պահանջներին բավարարող տեղակայանքի վրա:

20) Չի թույլատրվում ճնշման տակ գտնվող փակ անոթների (կաթսաներ, բալոններ, խողովակաշարեր և այլն) և դյուրավառ կամ պայթյունավտանգ նյութեր պարունակող անոթների վրա եռակցման աշխատանքների կատարումը: Ցիստեռնների, բաքերի, տակառների, ռեզերվուարների և բռնկվող ու դյուրավառ հեղուկների, ինչպես նաև դյուրավառ ու պայթյունավտանգ գազերի այլ տարողությունների էլեկտրաեռակցումն ու կտրատումն առանց դրանց նախնական մանրազնին մաքրման, շոգեփչման և օդափոխմամբ գազերի հեռացման չի թույլատրվում:

Նշված տարողություններում եռակցման աշխատանքների կատարումը թույլատրում է եռակցման աշխատանքների անվտանգ կատարման պատասխանատու աշխատողը` տարողություններն անձամբ ստուգելուց հետո:

21) Էլեկտրաեռակցման տեղակայանքների տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը մշակվում և իրականացվում է սպառողի տեղային սխեմային համապատասխան` հաշվի առնելով սույն գլխի պահանջները, այդ տեղակայանքների շահագործման հրահանգները, դրանցով սահմանված ցուցումները, էլեկտրասարքավորման փորձարկման նորմերը և տեղական պայմանները:

22) Էլեկտրաեռակցման տեղակայանքների վրա փորձարկումների ու չափումների անցկացումն իրականացվում է էլեկտրասարքավորման փորձարկման նորմերի, շահագործման փաստաթղթերով սահմանված ցուցումներին համապատասխան: Բացի այդ, նշված տեղակայանքների մեկուսացման դիմադրության չափումը պետք է կատարվի դրանք երկարատև չօգտագործելուց հետո, տեսանելի մեխանիկական վնասվածքների դեպքում, բայց 6 ամիսը մեկ անգամից ոչ պակաս:

23) Եռակցման սարքավորման շահագործման պարտականությունը, տեխնիկական սպասարկման և նորոգման տարեկան ժամանակացույցի կատարումը, եռակցման աշխատանքների անվտանգ անցկացումը որոշվում են սպառողի ղեկավարի կողմից հաստատված պաշտոնական հրահանգներով: Սպառողի մոտ գլխավոր եռակցողի պաշտոնի կամ դրա գործառույթները կատարող աշխատողի (օրինակ` գլխավոր մեխանիկի) առկայության դեպքում նշված պարտականությունը դրվում է դրա վրա:

 

20. ԷԼԵԿՏՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են սպառողների մոտ շահագործվող էլեկտրաջերմային տեղակայանքների բոլոր տեսակների վրա: Էլեկտրաջերմային տեղակայանքների կառուցվածքն ու տեղակայումը պետք է համապատասխանեն շահագործման փաստաթղթերում ստանդարտներով և էլեկտրատեղակայանքների սարքվածքի շահագործման փաստաթղթերում սահմանված պահանջներին:

2) Էլեկտրաջերմային տեղակայանքների շահագործման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել տեխնոլոգիական հրահանգներով և ռեժիմային քարտերով, ինչպես նաև սույն ՏԿ-ի համապատասխան դրույթներով:

3) Էլեկտրաջերմային տեղակայանքների շահագործման ժամանակ պետք է պահպանել սույն ՏԿ-ի այլ բաժինների պահանջները, որոնք վերաբերում են այդ տեղակայանքների կազմի մեջ մտնող առանձին տարրերի շահագործմանը, ինչպիսիք են տրանսֆորմատորները, էլեկտրաշարժիչները, փոխարկիչները, բաշխիչ սարքվածքները, կոնդենսատորային տեղակայանքները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի միջոցների սարքավորումները, չափիչ գործիքները և այլն:

Էլեկտրաջերմային տեղակայանքները պետք է սպասարկի էլեկտրատեխնոլոգիական անձնակազմը: Էլեկտրատեխնիկական անձնակազմի և էլեկտրատեխնոլոգիական սարքավորումն սպասարկող անձնակազմի պարտականությունները սպառողի մոտ պետք է սահմանված կարգով արձանագրված լինեն:

4) Հաղորդաձողերի և հպակային միացումների տաքացման ջերմաստիճանը, էլեկտրաջերմային տեղակայանքների երկրորդային հոսանքալարերում հոսանքի խտությունը պետք է պարբերաբար հսկվեն տեղական հրահանգներով պայմանավորված ժամկետներում, բայց տարեկան մեկ անգամից ոչ պակաս: Տաքացման ջերմաստիճանն անհրաժեշտ է չափել ամառային ժամանակաշրջանում:

5) Էլեկտրավառարանների ու էլեկտրաջերմային սարքերի (դիմադրության էլեկտրատաքուցիչների, ինդուկտորների և այլն) երկրորդային հոսանալարերի և աշխատող հոսանատար տարրերի մեկուսացման դիմադրությունը պետք է չափվի նորոգումից հետո էլեկտրաջերմային տեղակայանքի ամեն միացման և տեղական հրահանգներով նախատեսված այլ դեպքերում:

6) Սառեցնող ջրի որակը պետք է հետևողականորեն հսկվի` սարքավորման շահագործման հրահանգների պահանջներին համապատասխան:

7) Դիմադրության ուղղակի գործողության էլեկտրատաքացուցիչ սարքերը, ինչպես նաև առանց տեղակայանքների անջատման ինքնաեռակալացող էլեկտրոդների տարաթողումով երկաթաձուլական վառարանների տեղակայանքներն սպասարկող կռունկների ու ամբարձիչների կեռի կամ ճոպանի միջոցով հողի հետ միացումը կանխող մեկուսացնող միջադիրների էլեկտրական մեկուսացման դիմադրությունը պետք է պարբերաբար ստուգվի սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից հաստատված ժամկետներում` կախված տեղական պայմաններից, բայց տարին մեկ անգամից ոչ պակաս:

8) Սենքի հատակից 2,0 մ-ից ավելի բարձրության վրա գտնվող էլեկտրաջերմային տեղակայանքների սարքավորման օպերատիվ սպասարկումը պետք է կատարվի մշտական աշխատանքային հարթակներից:

9) Տեղակայումից հետո էլեկտրաջերմային տեղակայանքի ընդունումը պետք է իրականացվի դրա շահագործման փաստաթղթերի կազմի մեջ մտնող ծրագրին համապատասխան տարվող փորձնական շահագործման ու էլեկտրաջերմային տեղակայանքի տաք աշխատանքի մեջ փորձարկումների արդյունքների հիման վրա:

 

21. ԱՂԵՂԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՎԱՌԱՐԱՆՆԵՐԸ

 

1) Աղեղային վառարանի վրա փորձնական ճանապարհով պետք է որոշվեն երկրորդային լարման բոլոր աստիճանների և դրոսելի ռեակտիվ դիմադրության աստիճանների աշխատանքային բնութագրերը: Տվյալ արտադրամասում միանման հարաչափերով մի քանի վառարանների առկայության դեպքում բնութագրերը որոշվում են դրանցից մեկի վրա:

2) Էլեկտրավառարանների բեռնման ընթացքում անհրաժեշտ է հետևել, որպեսզի էլեկտրոդների շիկացած ծայրերը գտնվեն էլեկտրավառարանի թաղի (կամարի) տակ:

3) Աղեղային պողպատահալ վառարանների տեղակայանքների վրա գերբեռնվածությունից հոսանքային պաշտպանության սարքը պետք է համաձայնեցվի էլեկտրական ռեժիմի ավտոմատ կարգավորչի գործողության հետ: Շահագործման ընթացքում կարճ միակցումները (ԿՄ) պետք է վերացվեն ավտոմատ կարգավորչով, և միայն այն դեպքերում, երբ էլեկտրոդների տեղաշարժմամբ չի հաջողվում արագ վերացնել ԿՄ, պետք է աշխատի պաշտպանությունը գերբեռնվածությունից:

4) Էլեկտրական ռեժիմի ավտոմատ կարգավորչի լարքը պետք է ապահովի աղեղային էլեկտրավառարանի աշխատանքի լավագույն ռեժիմը: Կարգավորիչների լարքի հարաչափերը պետք է պարբերաբար հսկվեն:

Ավտոմատ կարգավորիչների ստուգումների ծավալներն ու ժամկետները որոշվում են տեղական հրահանգներով, որոնք կազմվում են հաշվի առնելով ավտոմատ կարգավորիչներով շահագործման հրահանգը: Ավտոմատ կարգավորիչների լրիվ ստուգումները պետք է անցկացվեն տարին մեկ անգամից ոչ պակաս:

5) Հոսանալարի կարճ ցանցի և էլեկտրաբռնիչների հպակային միացումները պետք է ենթարկվեն պարբերական զննման 6 ամիսը մեկ անգամից ոչ պակաս:

Էլեկտրոդների հպակներում էլեկտրաէներգիայի կորուստների կրճատման նպատակով անհրաժեշտ է ապահովել դրանց ճակատների ու նիպելային միացումների բարձր որակը և էլեկտրոդների պինդ փաթաթումը:

6) Տրանսֆորմատորում և յուղային անջատիչներում յուղի որակի հսկումը, յուղի էլեկտրական ամրության փորձարկումը, փոխարկիչներում, տրանսֆորմատորներում և յուղային անջատիչներում հպակների ստուգումները կատարվում են սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից հաստատված ժամկետներում, բայց ընդհանուր էլեկտրատեղակայանքների համար սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված ժամկետներից ոչ պակաս:

7) Էլեկտրախարամային վերաձուլման տեղակայանքների վրա ձուլման նախապատրաստման բոլոր աշխատանքներն իրականացվում են միայն անջատված տրանսֆորմատորների դեպքում: Այն դեպքերում, եթե մի տրանսֆորմատորը հաջորդաբար սնում է 2 էլեկտրախարամային տեղակայանքներ և, երբ առաջինը միացված է երկրորդ տեղակայանքի անվտանգ նախապատրաստման համար, պետք է մշակված լինի հատուկ տեղական հրահանգ: Այդ էլեկտրատեղակայանքների ցուցակը պետք է հաստատված լինի սպառողի ղեկավարի կողմից, իսկ տեղական հրահանգը պետք է տեղեկացվի անձնակազմին:

8) Աղեղային էլեկտրավառարանները պետք է սարքավորված լինեն այնպիսի սարքերով, որոնք պետք է թույլ չտան էլեկտրաէներգիայի որակի վատացում էլեկտրամատակարարման պայմանագրով նախատեսված սահմաններից:

Չի թույլատրվում աղեղային էլեկտրավառարանների աշխատանքն առանց զտիչափոխհատուցող սարքերի:

9) Աղեղային պողպատաձուլման վառարանի վրա էլեկտրոդների տարաթողման, երկարացման և փոխարինման, ինչպես նաև էլեկտրոդային անցքերի կիպացման աշխատանքները պետք է կատարվեն անջատված էլեկտրավառարանի վրա:

Հանքաջերմային վառարանների լցովի ինքնաեռակալացող էլեկտրոդների տարաթողումն ու երկարացումը, արգելակային ժապավենի զոդակցումը և էլեկտրոդային զանգվածով բեռնումը մինչև 1000 Վ էլեկտրատեղակայանքներում կարելի է կատարել առանց լարումը հանելու: Այս աշխատանքները պետք է կատարվեն մեկուսացված աշխատանքային հարթակներից, որոնք ունեն միջֆազային բաժանող մեկուսիչ միջնորմներ:

 

22. ՊԼԱԶՄԱԱՂԵՂԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1) Պլազմաաղեղային և էլեկտրոնաճառագայթային տեղակայանքները պետք է սպասարկի տվյալ տեղակայանքների վրա աշխատանքի համար հատուկ նախապատրաստված անձնակազմը:

2) Պլազմաաղեղային և էլեկտրոնաճառագայթային տեղակայանքների (այսուհետ` էլեկտրոնաճառագայթային) շահագործման հրահանգի հիման վրա սպասարկման էլեկտրատեխնիկական և էլեկտրատեխնոլոգիական անձնակազմի համար պետք է կազմվի և հաստատվի տեղական պայմանների առանձնահատկությունը հաշվի առնող միասնական տեղական հրահանգ:

3) Էլեկտրոնաճառագայթային տեղակայանքները պետք է սարքավորված լինեն հետևյալ ուղեկապումներով`

ա) էլեկտրական, որն անջատում է յուղային անջատիչներն էլեկտրասարքավորման սենքի դռնակների, բլոկների, փակոցների բացման ժամանակ (էլեկտրական բլոկավորման կողպեքներ),

բ) մեխանիկական` զատիչների հաղորդակների ուղեկապմամբ, որը թույլ է տալիս բացել յուղային անջատիչի խցիկների դռնակները, ինչպես նաև զատիչների ուղղորդչի և զատիչների միայն անջատված դիրքում շիկացման բլոկի ուղեկապմամբ:

4) Բացել ահազանգման բլոկի դռները, կառավարման վահանակի կափարիչը և էլեկտրասարքավորման պաշտպանական պատյանները միացված տեղակայանքի դեպքում արգելվում է:

5) Էլեկտրոնաճառագայթային տեղակայանքի ճառագայթային տաքուցիչի գոտում նորոգման աշխատանքները տարվում են միայն դրա անջատումից և հողակցումից հետո:

6) Էլեկտրոնաճառագայթային տեղակայանքների ռենտգենյան ճառագայթման մակարդակը պետք է լինի սանիտարական նորմերով թույլատրվող մեծություններից ոչ բարձր: Տեղակայանքների շահագործման ընթացքում պետք է պարբերաբար անցկացվի դոզիմետրական հսկողություն:

 

23. ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՎԱՌԱՐԱՆՆԵՐԸ

 

1) Էլեկտրավառարանի պատյանի արտաքին մակերևույթի ջերմաստիճանը պետք է լինի դրա շահագործման հրահանգով հաստատված մեծություններից ոչ բարձր:

2) Տաքացնող տարրերի վիճակը պետք է ստուգվի էլեկտրավառարանի շահագործման հրահանգին համապատասխան` հաշվի առնելով տեղական պայմանները:

 

24. ԻՆԴՈՒԿՑԻՈՆ ՀԱԼՈՑԱՅԻՆ ԵՎ ՏԱՔԱՑՆՈՂ ՍԱՐՔԵՐԸ

 

1) Սույն գլխի 2-7-րդ կետերը տարածվում են արդյունաբերական (50 Հց), բարձրացած (մինչև 30 կՀց) և բարձր (30 կՀ-ից ավելի) հաճախականության էլեկտրաջերմային ինդուկցիոն տեղակայանքների (այսուհետ` ինդուկցիոն տեղակայանքներ) վրա:

2) Ինդուկցիոն տեղակայանքների շահագործման ընդունումն իրականացվում է սույն ՏԿ-ի և տվյալ լարման սարքվածքների ՏԿ-ով նախատեսված պահանջներին, աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի մակարդակի սանիտարական նորմերին` հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ և ռադիոխանգարումների նորմերի կատարման դեպքում համապատասխան փորձարկումների կատարման և ռադիոտեսչության մարմիններում ռադիոհաճախականության ընդգրկույթի գրանցման դեպքում:

3) Հոսանակորուստներից էլեկտրակոռոզիայի նվազեցման համար ջրահովացման համակարգի մետաղական խողովակները պետք է հողակցված լինեն անմիջապես այն տեղում, որտեղ դրանք միացվում են մեկուսացված ճկափողերով լարման տակ գտնվող ջրահովացման տարրերին:

4) Ջրահովացումը պետք է իրականացվի անընդհատ ինդուկցիոն տեղակայանքի միացման պահից մինչև անջատումից հետո տարրերի լրիվ սառելը: Ջրահովացման ուղեկապման առկայությունն ինդուկցիոն տեղակայանքը միացնող սարքվածքի հետ պարտադիր է:

5) Ինդուկցիոն հալոցային վառարաններ և տաքացնող տեղակայանքներ սպասարկող անձնակազմը պարտավոր է հետևողականորեն անցկացնել էլեկտրամագնիսական դաշտերի ցրումից մակածվող հոսանքներից դրանց կառուցվածքային տարրերի տաքացման աստիճանի զննումները: Ստացված արդյունքներից կախված պետք է ձեռնարկվեն միջոցներ կորուստների նվազեցման ուղղությամբ:

6) Տեղակայանքների զննումն անց է կացնում էլեկտրատեխնիկական անձնակազմը` կազմակերպության հաստատված գրաֆիկին համապատասխան: Զննման արդյունքներն ու անսարքության վերացման կապակցությամբ ձեռնարկված միջոցները գրանցվում են տեղակայանքի աշխատանքի մատյանի մեջ: Զննման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալին`

ա) բոլոր ուղեկապող սարքավորումների աշխատանքի անխափանությանը, որոնք ապահովում են անձնակազմի աշխատանքի անվտանգ պայմաններ և տեղակայանքի բոլոր տեխնոլոգիական ու էլեկտրական տարրերի միացման անհրաժեշտ հստակություն և հերթականություն,

բ) էկրանավորման և առանձին բլոկների հողակցման հուսալիությանը,

գ) միացումների ու անջատումների առավելագույն քանակ ունեցող գործարկման կարգավորման ապարատների հպակների մաքրությանը,

դ) աղեղի մարմամբ հպակների աշխատանքի ճշտությանը,

ե) տեղակայանքի ջրահովացնող տարրերի մակերևույթների վրա նստվածքի բացակայությանը,

ը) տեղակայանքի մասերի վրա փոշու բացակայությանը:

7) Ինդուկցիոն տեղակայանքների զննումը և դրանց նորոգման աշխատանքները կատարվում են սնման աղբյուրից անջատելուց հետո:

8) Ինդուկցիոն հալոցային վառարանների ինդուկտորի հովացման համակարգը պետք է ունենա ուղեկապում, որն ապահովում է ինդուկտորից լարման հանումը` ջրի մատակարարման ընդհատման դեպքում:

9) Ինդուկցիոն հալոցային վառարաններում հալման անցկացման ժամանակ բովախառնուրդին թույլատրվում է դիպչել մեկուսացված բռնակներով գործիքով: Այրվածքներից խուսափելու համար պետք է աշխատել թաթմաններով:

10) Ինդուկցիոն հալոցային վառարաններում հալման պրոցեսում լարման տակ հաղորդաշղթայի կոնդենսատորների միացումը տատանողական հաղորդաշղթայի համալարման համար թույլատրվում է հեռագործ շարժաբերով զատիչի առկայության դեպքում: Չի թույլատրվում հաղորդաշղթայի կոնդենսատորների անջատումը լարման տակ:

11) Տաքացման կետերը, որտեղ կատարվում են ջերմամշակման գործողություններ և, որոնք հանդիսանում են մասնագիտացված ագրեգատների (դարբնամամլիչային և գլոցման հաստոնների, խողովակաեռակցման հաստոցների և այլն) մասեր, ագրեգատ են ներկառուցվում առանձին հանգույցների տեսքով:

12) Տաքացման կետում բաց տաքացնող ինդուկտորներով աշխատելիս, դրանք միացված են նվազեցնող համաձայնեցնող բարձրահաճախական տրանսֆորմատորի միջոցով, պետք է նախատեսվեն հետևյալ պաշտպանական միջոցառումները`

ա) տաքացման կետի տաքացման և անջատման կառավարման կոճակները պետք է տեղադրված լինեն տաքացնող ինդուկտորին անմիջապես մոտ` ջերմագետ-օպերատորին հարմար տեղում,

բ) համաձայնեցնող բարձրահաճախական տրանսֆորմատորի երկրորդային փաթույթի մի կետը պետք է հողակցված լինի ցանկացած տեղում,

գ) ջերմագետ-օպերատորը պետք է ունենա անհատական պաշտպանական միջոցներ,

դ) պետք է կախված լինի «Մանրակների տեղադրումը և ինդուկտորին ձեռքով դիպչելը միացած լարման ժամանակ չի թույլատրվում» պլակատը։

 

25. ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1) Ուլտրաձայնային և ռադիոհաճախական տեղակայանքներին են պատկանում այն էլեկտրատեղակայանքները, որոնք օգտագործվում են նյութերի ջերմամշակման (մետաղներինը` ինդուկցիոն տաքացման դեպքում, ոչ հաղորդիչ նյութերինը` կոնդենսատորների էլեկտրական դաշտում) և ուլտրաձայնային մշակման համար:

2) Սերիչ (գեներացնող) տատանումների հաճախականությունը պետք է ըստ գրաֆիկի պարբերաբար, ինչպես նաև ամեն նորոգումից հետո, կապված տատանողական հաղորդաշղթայի ապահավաքակցման կամ մանրակների փոխարինման հետ, ստուգվի անձնագրային տվյալներին համապատասխանության առումով:

3) Չի թույլատրվում չէկրանավորված տաքացման կետերի, աշխատող կոնդենսատորների կամ այլ տեխնոլոգիական սարքվածքների շահագործումը, որոնցում էլեկտրամագնիսական կամ էլեկտրական դաշտի մակարդակն աշխատատեղում գերազանցում է նորմավորված մեծությունները:

4) Լարման տակ տեղակայանքի ապաուղեկապմամբ կամ դրանից մշտական պաշտպանակի հանմամբ կարգաբերման կամ նորոգման աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է համոզվել ապաուղեկապման կամ պաշտպանակի հանման անհրաժեշտության մեջ և նախատեսել լրացուցիչ միջոցառումներ` աշխատանքի անվտանգ պայմաններ ստեղծելու համար:

5) Աշխատող տեղակայանքի վրա չափումների ժամանակ որևէ կարգավորիչ աշխատանք կատարելը, կապված մշտական պաշտպանակներից, ներս մտնելու և հոսանատար մասերին մոտենալու հետ, չի թույլատրվում:

6) Ուլտրաձայնային մշակման տեղակայանքների տեխնոլոգիական տարրերում պետք է նախատեսված լինեն միջոցներ, որոնք ապահովում են էլեկտրական պոտենցիալների բացակայությունն այն միջավայրերում ու նյութերում, որոնց հետ անհրաժեշտ է լինում սպասարկող անձնակազմի շփումը: Բոլոր բարձր հաճախականությամբ մասերը պետք է էկրանավորված լինեն սանիտարական նորմերի պահանջներին և թույլատրելի ռադիոխանգարումներին համապատասխան:

7) Տեղակայանքի անսարք մանրակների, ապահովիչների և այլնի փոխարինման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն լարման հանումից հետո:

 

26. ԷԼԵԿՏՐՈԴԱՅԻՆ ԿԱԹՍԱՆԵՐԸ

 

1) Տվյալ պահանջները տարածվում են էլեկտրոդային ջրատաքացման և շոգեկաթսաների վրա` անկախ դրանցում աշխատանքային ճնշումից և ջրի տաքացման ջերմաստիճանից, որոնք սնվում են արդյունաբերական հաճախականության մինչև 1000 Վ և ավելի լարմամբ հոսանքի աղբյուրներից և նախատեսված են բնակելի, կոմունալ-կենցաղային, հասարակական ու արտադրական շենքերի, կառույցների, արդյունաբերական և գյուղատնտեսական տեղակայանքների ջեռուցման, տաք ջրա- և շոգեմատակարարման համար:

2) Շահագործման են թույլատրվում միայն այն էլեկտրոդային կաթսաները, որոնք պատրաստված են այնպիսի կազմակերպություններում, որոնք ունեն դրանց որակի համապատասխանությունն ապահովող տեխնիկական միջոցներ:

3) Էլեկտրոդային կաթսաներն ու խողովակաշարերը պետք է ունենան ցածր տեսակարար կշռով և ջերմահաղորդականությամբ նյութից ջերմամեկուսացում: Մեկուսացման արտաքին մակերևույթի ջերմաստիճանը պետք է լինի 550C-ից ոչ բարձր:

4) Էլեկտրոդային կաթսաները պետք է տեղակայվեն առանձին սենքում: Նույն սենքում կարելի է տեղադրել տեխնոլոգիական սարքավորումը և պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքները: Մինչև 1000 Վ լարման էլեկտրոդային կաթսաները թույլատրվում է տեղակայել արտադրական սենքերում այլ սարքավորման հետ համատեղ: Կաթսայատան տարածքում պետք է նախատեսված լինեն ջրաքաշման (դրենաժային) սարքեր, որոնք ապահովում են վթարային և նորոգման դեպքում ջրի դատարկումը ջեռուցման կամ տաք ջրամատակարարման համակարգից:

5) 1000 Վ ավելի լարման էլեկտրակաթսայատանը պետք է նախատեսված լինի առանձին սենք` էլեկտրատեխնիկական անձնակազմի համար: Նույն տարածքում կարող են տեղադրվել հեռակառավարման և հեռաչափման վահանակը, ինչպես նաև պաշտպանության ու ավտոմատ սարքերը:

6) Էներգասպառման գրաֆիկի կարգավորման անհրաժեշտությունից ելնելով` գործարկման կարգավորման սարքեր չունեցող էլեկտրոդային կաթսաների շահագործումը ջերմաֆիկացման համակարգերում չի թույլատրվում: Էլեկտրոդային կաթսաները պետք է ունենան աշխատանքի տրված գրաֆիկին համապատասխան դրանց անջատող ավտոմատ սարքվածքներ:

7) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրոդային շոգեկաթսաները թույլատրվում են շահագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց գրանցումից, ստուգումից և փորձարկումներից հետո:

8) Էլեկտրոդային կաթսաները կարող են աշխատել առանց անձնակազմի անընդհատ հերթապահության միայն ավտոմատ և հեռակառավարման սարքերի առկայության դեպքում, որոնք ավտոմատ կամ կառավարման վահանակից ապահովում են էլեկտրոդային կաթսաների աշխատանքի բնականոն ռեժիմը, ինչպես նաև կաթսայի կանգն ապահովող պաշտպանության առկայության դեպքում` աշխատանքի ռեժիմների խանգարման դեպքում կառավարման վահանակի վրա ազդանշանի մատուցմամբ: Ընդ որում, կառավարման վահանակից պետք է նախատեսված լինի կաթսայի կանգի հնարավորություն:

9) Լարման տակ էլեկտրոդային կաթսաների հզորության կարգավորում չի թույլատրվում:

10) Էլեկտրոդային կաթսան պետք է անմիջապես անջատվի հետևյալ դեպքերում`

ա) դժբախտ պատահարների,

բ) հեռա- և ավտոմատ կառավարման սարքերի և բոլոր հսկիչ-չափիչ գործիքների վրա լարման անհետացման,

գ) կաթսայում թույլատրելիից 10%-ով ճնշման բարձրացման և դրա աճի շարունակման,

դ) ջրատաքացման կաթսայով ջրի ծախսի ընդհատում կամ նվազագույն թույլատրելիից ցածր նվազում, ինչպես նաև տեղական հրահանգով նախատեսված այլ դեպքերում:

Շահագործման հրահանգում պետք է նշված լինի նաև վթարային վիճակի վերացման և էլեկտրոդային կաթսաների գործարկման կարգը:

11) Կաթսայատանը տեղակայված 1000 Վ ավելի լարման յուրաքանչյուր կաթսայի համար պետք է վարել առանձին մատյան, որում գրանցվում են նորոգման թվականը, տեսակը, զննման արդյունքները, տեղեկություններ մանրակների փոխարինման մասին, տվյալներ վթարային իրավիճակների մասին և այլն:

12) Մինչև 1000 Վ լարման էլեկտրոդային կաթսաների զննումը պետք է կատարվի ամեն ջեռուցման շրջանից առաջ, իսկ 1000 Վ-ից բարձր լարման կաթսաների համար` գրաֆիկով սահմանված որոշակի պարբերականությամբ, բայց ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Զննումը կատարում են սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից հաստատված տեղական արտադրական հրահանգի պահանջների համաձայն:

Զննման արդյունքները և անսարքությունների վերացման միջոցները գրանցվում են մատյանում` զննումն անցկացնող աշխատողի ստորագրությամբ:

13) Պլանանախազգուշական նորոգումը 1000 Վ ավելի լարման կաթսաների համար կատարում են հատուկ գրաֆիկով սահմանվող պարբերականությամբ, բայց 6 ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Մինչև 1000 Վ լարման կաթսաների համար պլանանախազգուշական նորոգման անհրաժեշտությունը որոշում է սպառողի տեխնիկական ղեկավարը կամ նորոգումն իրականացնող կազմակերպությունը:

14) Էլեկտրոդային կաթսաների վրա կանխարգելիչ փորձարկումներն ու չափումները պետք է անցկացվեն էլեկտրասարքավորման փորձարկումների նորմերին համապատասխան:

 

27. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ

 

1) Սույն գլուխը տարածվում է մինչև 30000 կՎտ սահմանված հզորությամբ էլեկտրաէներգիայի մշտական և շարժական աղբյուրների վրա (բենզինային, դիզելային, գազային), մինչև 10000 կՎտ միակի հզորության ագրեգատներով (այսուհետ` սպառողների տեխնոլոգիական էլեկտրակայաններ` ՍՏԷ), որոնք օգտագործվում են որպես սպառողների էլեկտրաընդունիչների հիմնական, գագաթնային, պահուստային և վթարային սնման աղբյուրներ:

2) ՍՏԷ-ի էլեկտրական մեքենաների, ապարատների, գործիքների և այլ սարքավորումների, ինչպես նաև հաղորդալարերի ու մալուխների կոնստրուկցիան, կատարումը և մեկուսացման դասը, պետք է համապատասխանեն ցանցի և էլեկտրաընդունիչի հարաչափերին, շրջակա միջավայրի պայմաններին և արտաքին ազդող գործոններին, կամ պետք է ապահովված լինի պաշտպանություն այդ ներգործություններից, ինչպես նաև բավարարեն շրջակա միջավայրի պահպանության նորմերը:

3) Շահագործման թույլ են տրվում այն ՍՏԷ-ները, որոնց վրա լրիվ հավաքակցված, ստուգված և անհրաժեշտ ծավալով փորձարկված են սարքավորումները, պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, հսկիչ-չափիչ և ազդանշանման սարքերը, հաղորդալարերն ու մալուխները, պաշտպանության միջոցները:

4) ՍՏԷ շահագործման ընդունելիս էլեկտրակայանի չեզոքի աշխատանքի ռեժիմը և էլեկտրաանվտանգության պաշտպանական միջոցները պետք է համապատասխանեն սպառողների ցանցում (էլեկտրաընդունիչներում) ընդունված չեզոքի աշխատանքի ռեժիմին և պաշտպանական միջոցներին:

5) Սպառողի ցանցերին (էլեկտրաընդունիչներին) վթարային կամ պահուստային ՍՏԷ-ի ձեռքով միացումը թույլատրվում է միայն փոխարկման ապարատների միջև ուղեկապումների առկայության դեպքում, որը բացառում է սպառողի ցանց և էներգամատակարար կազմակերպության ցանց լարման միաժամանակյա մատուցման հնարավորությունը:

6) Էներգահամակարգի կողմից լարման անհետացման դեպքում վթարային կամ պահուստային ՍՏԷ-ի ավտոմատ միացումը պետք է իրականացվի ավտոմատ սարքվածքների օգնությամբ, որոնք ապահովում են սպառողի էլեկտրատեղակայանքների փոխարկման ապարատների նախնական անջատումն էներգամատակարար կազմակերպության ցանցից և էլեկտրաընդունիչներին լարման հետագա մատուցումը ՍՏԷ-ից:

7) Նախքան ՍՏԷ-ի շահագործման հանձնելը, որի աշխատանքը հնարավոր է էներգամատակարար կազմակերպության ցանցին զուգահեռ, պետք է մշակվի և էներգամատակարար կազմակերպության հետ համաձայնեցվի ՍՏԷ-ի աշխատանքի ռեժիմը որոշող տեղական հրահանգ:

8) ՍՏԷ-ի հաշվեկշռային պատկանելության սահմանին էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի (այսուհետ` ԷԱՀԱՀ) տեղակայման դեպքում ՍՏԷ-ի միացումն ու անջատումը հիմնական և գագաթնային ռեժիմներում իրականացվում է էներգամատակարար կազմակերպության (էլեկտրացանցերի) օպերատիվ անձնակազմին ծանուցմամբ:

9) ՍՏԷ-ի սպասարկման համար պետք է առանձնացնել նախապատրաստված անձնակազմ, որն ունի էլեկտրաանվտանգության գծով համապատասխան որակավորման խումբ: Սպասարկող անձնակազմն իր գործողություններում պետք է ղեկավարվի ՍՏԷ-ի սպասարկման և շահագործման հրահանգի պահանջներով:

10) ՍՏԷ-ի յուրաքանչյուր տեսակի տեխնիկական սպասարկման և նորոգման համար պետք է որոշվեն ժամկետներ` հաշվի առնելով շահագործման փաստաթղթերը: Պահուստում գտնվող կայանի զննումը պետք է անցկացվի 3 ամիսը մեկ անգամից ոչ պակաս:

11) Գործարկմանը ՍՏԷ-ի պատրաստությունը, դրա աշխատանքի տևողությունը պարապ ընթացքով կամ բեռնվածության տակ, ինչպես նաև զննման ու կայանի աշխատանքի ստուգումների արդյունքները պետք է գրանցվեն շահագործման փաստաթղթերում:

12) Պահուստային մշտական կամ շարժական ՍՏԷ-ի առկայության մասին տեղեկությունները, դրանց դրվածքային հզորությունը և անվանական լարման մեծությունը նշվում են էներգամատակարարման պայմանագրում և արտացոլվում են էլեկտրական սխեմաների վրա:

13) Էլեկտրասարքավորման (բացի գեներատորներից), հողակցող սարքվածքների, ապարատների, հաղորդալարերի, մալուխների և այլնի կանխարգելիչ փորձարկումներն ու հարաչափերի չափումները պետք է իրականացվեն էլեկտրասարքավորման շահագործման հրահանգով սահմանվող նորմերին համապատասխան:

 

28. ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են սենքերի ներսում և դրանցից դուրս պայթյունավտանգ գոտիներում տեղադրված էլեկտրատեղակայանքների վրա: Էլեկտրասարքավորման ընտրության և տեղակայման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել էլեկտրատեղակայանքի սարքվածքի հրահանգներով սահմանված պահանջներով:

2) Էլեկտրատեղակայանքների և էլեկտրասարքավորման շահագործումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնով, շահագործման հրահանգների, պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման շահագործման պահանջները սահմանող ստանդարտների համալիրի պահանջներին համապատասխան:

3) Պայթյունավտանգ գոտիներում շահագործման է թույլատրվում այն էլեկտրասարքավորումը, որը նախատեսված է պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջներին համապատասխան:

Պայթյունավտանգ գոտիներում, որոնցում պահանջվում է պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման տեղակայում, չի թույլատրվում շահագործել էլեկտրասարքավորման իրանի վրա պայթյունապաշտպանության դրոշմանշվածք չունեցող էլեկտրասարքավորում: Տեխնոլոգիական տեղակայանքներում ներկառուցվող էլեկտրասարքավորման կիրառման հնարավորությունը դիտարկվում է սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման կազմակերպությունների գրավոր եզրակացության առկայության դեպքում:

4) Նոր հավաքված կամ վերականգնված տեղակայանքը շահագործման մեջ դնելիս, բացի շահագործման փաստաթղթերից և սույն ՏԿ-ով նախատեսված փաստաթղթերից, պետք է ձևակերպված և սպառողին փոխանցված լինեն հետևյալ փաստաթղթերն ու հաշվարկները`

ա) ուժային էլեկտրասարքավորման և էլեկտրական լուսավորության նախագիծը, որը սովորական տեխնիկական հաշվարկների ու գծագրերի հետ մեկտեղ պետք է պարունակի սենքում կամ արտաքին տեղակայանքի շուրջն օդի հետ խառնուրդում այրվող գազերի, դյուրավառ հեղուկների (այսուհետ` ԴՎՀ) գոլորշիների, այրվող փոշու կամ թելիկների պայթյունավտանգ կոնցենտրացիաների գոյացման հնարավորության հաշվարկը կամ տեխնիկական հիմնավորումը` նշելով արտադրության պրոցեսում կիրառվող և ստացվող այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվում է պայթյունավտանգ գոտու դասը, պայթյունավտանգ գազա- կամ շոգե-օդային խառնուրդների կարգը և խումբը կամ էլ այրվող թելիկների կամ փոշու անվանումը` ըստ որոնց ընտրվում է էլեկտրասարքավորումը: Հաշվարկն ու տեխնիկական հիմնավորումը կարող են շարադրվել նախագծի տեխնոլոգիական մասում,

բ) էլեկտրասարքավորման և տեղակայվող ապարատուրայի ցանկը` նշելով դրանց մակնիշներն ըստ պայթյունապաշտպանության,

գ) ուժային, լուսավորման, ստուգողական և այլ էլեկտրական շղթաների բաշխմամբ էլեկտրասարքավորման դասավորության գծագրերը` նշելով պայթյունավտանգ գոտիների դասերը, պայթյունավտանգ խառնուրդների կարգերն ու խմբերը կամ այրվող թելիկների կամ փոշու անվանումները` ըստ որոնց ընտրված է եղել էլեկտրասարքավորումը,

դ) շենքերի ու շինությունների շանթապաշտպանության և ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության փաստաթղթերը,

ե) մինչև 1000 Վ լարման ցանցերում ԿՄ հոսանքների (միաֆազ` փակ հողակցված չեզոքով ցանցերի համար և երկֆազ` մեկուսացված չեզոքով ցանցերի համար) հաշվարկը: Ընդ որում, պետք է ստուգվի ԿՄ հոսանքների բազմապատիկությունը` համեմատած մոտակա ապահովիչի հալուն ներդիրի կամ փակ հողակցված չեզոքով ցանցերի համար ավտոմատ անջատիչի խզիչի ներդրման անվանական հոսանքի հետ,

զ) այն միջոցառումների ցուցակը, որոնք կարող են կանխել պայթյունավտանգ կոնցենտրացիաների գոյացումը օդափոխության, ազդանշանման սարքվածքները, պաշտպանական, բլոկավորող սարքվածքները և պայթյունավտանգ գազերի, գոլորշիների, նյութերի և այլնի կոնցենտրացիայի հսկողության ավտոմատ միջոցները,

է) էլեկտրասարքավորման ընդունման-հանձնման և թողարկման փորձարկումների արձանագրությունները, ինչպես նաև`

պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման արտադրող գործարանների հրահանգներով նախատեսված նախագործարկման փորձարկումների արձանագրությունները,

ենթակայանների, բաշխիչ սարքվածքների սենքերի, ինչպես նաև էլեկտրաշարժիչներով սենքերի, որոնց լիսեռը պատով անցնում է հարևան պայթյունավտանգ սենք, ներածվող օդի հավելյալ ճնշման կամ ծախսի չափման արձանագրությունները,

խողովակաշարերի միացումների կիպության և էլեկտրահաղորդագծերի բաժանիչ խտացումների ճնշմամբ փորձարկումների արձանագրությունները,

չեզոքի փակ հողակցմամբ մինչև 1000 Վ լարման տեղակայանքներում ֆազ-զրո շղթայի լրիվ դիմադրության ստուգման արձանագրությունները (ստուգվում է պայթյունավտանգ գոտիներում տեղակայված բոլոր էլեկտրաընդունիչների դիմադրությունը)` հսկելով միաֆազ ԿՄ հոսանքի բազմապատիկությունը մոտակա ապահովիչի հալման ներդիրի կամ ավտոմատ անջատիչի նախադրվածքի անվանական հոսանքի հետ համեմատած,

ավտոմատ անջատիչների էլեկտրամագնիսական խզիչների, մագնիսական գործարկիչների ու ավտոմատների ջերմային խզիչների (ռելեների), պաշտպանական անջատման սարքվածքների աշխատանքի ստուգման արձանագրությունները,

մեկուսացված չեզոքով մինչև 1000 Վ լարման էլեկտրատեղակայանքներում ծակող ապահովիչի մեկուսացման ու ամբողջականության, ձայնային ազդանշանման հսկողության ստուգման արձանագրությունները,

հաստատուն հոսանքի ցանցի մեկուսացման ձայնային ազդանշանման հսկողության ստուգման արձանագրությունները,

ը) ներմուծված պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման հետ տրվող փաստաթղթերը,

թ) շահագործման հրահանգները պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման տեղադրման ու շահագործման վերաբերյալ:

5) Էլեկտրատեղակայանքները շահագործման ընդունելիս, տվյալ լարման սարքվածքների համար ՏԿ-ով սահմանված պահանջներից, սույն ՏԿ-ից ու շահագործման հրահանգներից բացի, անհրաժեշտ է վերահսկել`

ա) պայթյունավտանգ գոտիներում տեղակայված էլեկտրասարքավորման, ինչպես նաև տեղադրված հաղորդալարերի ու մալուխների համապատասխանությունը նախագծին, նախագծով նախատեսված էլեկտրասարքավորման համարի համապատասխանությունը տեխնոլոգիական սարքավորման համարին, որի համար այդ էլեկտրասարքավորումը նախանշված է,

բ) յուրաքանչյուր էլեկտրատեխնիկական արտադրատեսակի տեխնիկական վիճակը`

դրոշմանշվածքի ու նախազգուշացնող նշանների առկայությունը,

պայթյունապաշտպանվածության վրա ազդող պատյանի, դիտապակիների վնասվածքների բացակայությունը,

բոլոր ամրակատարրերի (հեղույսների, մանեկների, տափօղակների և այլնի), հողակցող ու կապարակնքվող սարքվածքների, չօգտագործվող ներանցիկ սարքվածքներում խցափակիչների առկայությունը,

գ) հաղորդալարերի, մալուխների ներանցման կատարման ճշտությունը, էլեկտրասարքավորման մեջ դրանց կիպացումների հուսալիությունը, դրանց հպակային միացումների հուսալիությունը` հանված կափարիչներով ներանցիկ սարքվածքների զննմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում` լրիվ քանդելով,

դ) էլեկտրահաղորդագծերի խողովակների բաժանիչ կիպացումների առկայությունը, որը պետք է հաստատված լինի հավաքակցման կազմակերպության փորձարկումների արձանագրությամբ և ընտրողական ստուգմամբ,

ե) պատերի միջով բաց կերպով անցկացված մալուխների անցման համար ավազալիցքի տուփերի առկայությունը և մալուխների արտաքին պատյանների վնասվածքների բացակայությունը,

զ) խողովակաոստերում կիպացումների առկայությունը` պատերի միջով բաց կերպով անցկացված միակի մալուխների համար,

է) շահագործման հրահանգներով նախատեսված տեղադրման պահանջների կատարման ճշտությունը` անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այն էլեկտրասարքավորման շահագործման հրահանգների պահանջների կատարմանը, որի դրոշմանշվածքում պայթյունապաշտպանության նշանից հետո դրված է «X» նշանը,

ը) պայթյունապաշտպանությունն ապահովող միջոցառումների համալիրի կատարման լրիվությունը, որի համար անհրաժեշտ է`

«պայթյունաանթափանց պատյան». «d» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման վրա արանքաչափիչներով ստուգել պայթյունաանթափանց ճեղքերի (արանքների) լայնությունը, որոնց չափման համար չի պահանջվում էլեկտրասարքավորման հանգույցների քանդում (ճեղքերի լայնությունը չպետք է գերազանցի հրահանգներում նշվածը),

պայթյունաանթափանց պատյանների մատչելի պայթյունապաշտպան մակերևույթների վրա կատարել հակաքայքայիչ քսուքի առկայության ընտրողական ստուգում և անհրաժեշտության դեպքում թարմացնել այն,

ստուգել բոլոր այն ամրակահեղույսների առկայությունը, որոնք էլեկտրասարքավորման կափարիչների, կցաշրթերի, վահանների և այլ մասերի հետ համատեղ ապահովում են պայթյունապաշտպանության տարրերը (ամրակահեղույսները պետք է ձգված լինեն, հանովի մանրակները պետք է պատյանի իրանին հպվեն այնքան ամուր, որքան դա թույլ է տալիս կոնստրուկցիան, իսկ պարուրակավոր ամրակցմամբ մանրակները պետք է ներպտուտակված ու կասեցված լինեն),

«e» տեսակի պաշտպանության էլեկտրասարքավորման վրա ստուգել միջադիրների առկայությունն ու սարքինությունը, արտաքին ազդեցություններից արտադրանքի պաշտպանությունն ապահովող կցաշուրթային միացումների վիճակը, մեկուսիչ մանրակների ամբողջականությունը: Էլեկտրական մեքենաների մոտ` գերբեռնվածությունից պաշտպանության առկայությունը և դրա գործարկման ժամանակի համապատասխանությունը ցուցակում կամ տեխնիկական անձնագրում նշված ժամանակին, օդափոխիչի ու պատյանի, ինչպես նաև միացնող կցորդչի ու դրա պաշտպանական պատյանի միջև շփման բացակայությունը, լուսատուների մոտ` լամպերի հզորության համապատասխանությունը լուսատուի տեխնիկական անձնագրային տվյալներին, լուսաթափանց տարրերի ու պահպանական ցանցերի վիճակը, որտեղ դրանք ցուցված են կոնստրուկցիայով,

«պատյանը չայրվող հեղուկով կամ յուղով լցված». «օ» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման վրա ստուգել պաշտպանական հեղուկի շերտի բարձրության ցուցանակի վրայի դիտապատուհանների կամ դրա բարձրության հսկողության այլ միջոցների վիճակը, շերտի բարձրությունը, պաշտպանական հեղուկով բաքի իջեցման համար բաց տարածության առկայությունը, առաձգական միջադիրների առկայությունը, պատյանից պաշտպանական հեղուկի հոսքի բացակայությունը, հանքային յուղի կամ պաշտպանական հեղուկի համապատասխանությունը ստանդարտներում սահմանված նորմերին,

«պատյանի լիցքով կամ ներփչում հավելյալ ճնշման տակ». «p» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման վրա ստուգել տեղադրման ու շահագործման հրահանգներով նախատեսված պահանջների կատարումը, ինչպես նաև նախքան գործարկումն էլեկտրասարքավորման միջով ներփչվող օդի ճնշումն ու քանակը վերահսկող ուղեկապումների և այլ ուղեկապումների սարքինությունը, որոնք նշված են շահագործման փաստաթղթերում,

«կայծաանվտանգ էլեկտրաշղթա». «i» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման վրա ստուգել պահանջվող հարաչափերին այդ էլեկտրասարքավորման լրակազմությունն ու համապատասխանությունը, սարքերի (տեղակայանքների) արտաքին միացումների համապատասխանությունը միացման մալուխների (հաղորդալարերի) սխեմային, երկարությանը և մակնիշին կամ դրանց ունակության և ինդուկտիվության առավելագույն թույլատրելի մեծությանը, առբերվող լարման մեծության համապատասխանությունն արտադրատեսակի տեղադրման ու շահագործման հրահանգներով նախատեսված պահանջներին, տեղադրման ճշտությունը, կայծանվտանգ շղթաներ պարունակող ընդհանուր նշանակության միացնող պահարաններում, արկղերում և տուփերում այն գործիքների ու ապարատների էլեկտրաշղթաների բացակայությունը, որոնք չեն մտնում տվյալ էլեկտրասարքավորման լրակազմի մեջ,

«պատյանի քվարցային լիցքով». «q» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման վրա ստուգել լցանյութի (քվարցավազի) պաշտպանիչ շերտի հաստության հսկողության դիտապատուհանների կամ այլ միջոցների վիճակը, պատյանի և ճկուն միջադիրների վնասվածքների բացակայությունը, վերջիններիս առկայության դեպքում` ուղեկապումների և ազդանշանման սարքինությունը:

6) Արատներով, թերություններով, անսարքություններով պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման ընդունումը շահագործման չի թույլատրվում:

7) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման շահագործման ընթացքում դրա համար պետք է վարվեն անհատական շահագործման անձնագրեր, օրինակ` առանձին քարտերի տեսքով, որոնցում անձնագրային տվյալների հետ մեկտեղ պետք է նշվեն նորոգումների, կանխարգելիչ փորձարկումների և պայթյունապաշտպանության հարաչափերի չափումների (ճեղքի լայնությունն ու երկարությունը, հավելյալ ճնշման մեծությունը և այլն) արդյունքները, անսարքությունները և արատները: Շահագործման անձնագրի (քարտի) ձևը հաստատում է սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուն: Տեխնիկական անձնագրում գրանցված արդյունքները ստորագրում է կառուցվածքային ստորաբաժանման էլեկտրատնտեսության գծով պատասխանատուն:

8) Ավտոմատների էլեկտրամագնիսական խզիչները և մագնիսական գործարկիչների ու ավտոմատների ջերմային խզիչները (ռելեները), պաշտպանական անջատման սարքվածքները պետք է ստուգվեն գործարկման առմամբ` հիմնական, ընթացիկ նորոգումների և միջնորոգման, այսինքն` կանխարգելիչ, էլեկտրասարքավորումը նորոգման հանելու հետ չկապված փորձարկումների ժամանակ, այն ժամկետներում, որոնք սահմանված են էլեկտրասարքավորման փորձարկումների նորմերով, ինչպես նաև դրանց ոչ ճիշտ գործելու կամ խափանման դեպքում:

9) Ապահովիչների հալուն ներդիրները պետք է ստուգվեն պլանային նորոգումների ժամանակ` պաշտպանվելիք սարքավորման անվանական հարաչափերին համապատասխանության առմամբ: Հալուն ներդիրների փոխարինումը կատարվում է դրանց շարքից դուրս գալուն զուգընթաց: Լցանյութի հոսակորստով, ճաքերով և իրանի այլ արատներով ապահովիչների շահագործումը չի թույլատրվում:

10) «Պատյանի լիցքով կամ ներփչում հավելյալ ճնշման տակ» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման ուղեկապումների գործարկման ստուգումը կատարվում է 6 ամիսը մեկ անգամ:

11) Էլեկտրասարքավորման անջատման վրա ազդող գազազդանշանիչների գործարկման ստուգումը կատարվում է տարին մեկ անգամ` հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների կողմից:

12) Հիմնական, ընթացիկ նորոգումների և միջնորոգման փորձարկումների ժամանակ, բայց 2 տարին մեկ անգամից ոչ պակաս, մինչև 1000 Վ լարման փակ հողակցված չեզոքով էլեկտրատեղակայանքներում պետք է չափվի տվյալ էլեկտրատեղակայանքին վերաբերող և յուրաքանչյուր հավաքվածքին, պահարանին և այլնին միացրած էլեկտրաընդունիչների ֆազ-զրո շղթայի լրիվ դիմադրությունը և ստուգվի ԿՄ հոսանքի բազմապատիկությունը, որն ապահովում է պաշտպանական սարքվածքների գործարկման հուսալիությունը:

Արտապլանային չափումները պետք է կատարվեն էլեկտրատեղակայանքների պաշտպանության սարքվածքների խափանման դեպքում:

13) Մինչև 1000 Վ լարման մեկուսացված չեզոքով էլեկտրատեղակայանքներում շահագործման ընթացքում պարբերաբար, բայց ամիսը մեկ անգամից ոչ պակաս, պետք է ստուգվեն մեկուսացման վերահսկման սարքվածքի ձայնային ազդանշանումը և ծակող ապահովիչի ամբողջականությունը: Ծակող ապահովիչների վիճակը պետք է ստուգվի նաև դրանց գործարկման առմամբ կասկածի դեպքում:

Հաստատուն հոսանքի ցանցերում շահագործման ընթացքում պարբերաբար, բայց ամիսը մեկ անգամից ոչ պակաս, պետք է ստուգվի ցանցի մեկուսացման վերահսկման սարքվածքի ձայնային ազդանշանումը:

14) Հողակցող սարքվածքի զննումը, ստուգումն ու փորձարկումը պետք է կատարվեն սույն ՏԿ սահմանված ժամկետներում: Պայթյունավտանգ տեղակայանքների հողակցող սարքվածքի առանձին տարրեր են բացվում ընտրողաբար: Ստորգետնյա մասի առաջին բացումը թույլատրվում է շահագործման 8 տարիներից հետո, հետագա բացումները` ամեն 10 տարին մեկ:

Եթե հողակցող սարքվածքի դիմադրության չափման ժամանակ ստացվել է նախագծայինը գերազանցող մեծություն, ապա պետք է կատարվի դրա վերստուգում և ձեռնարկվեն արատի վերացման միջոցներ: Դրանից հետո պետք կրկին չափել հողակցող սարքվածքի դիմադրությունը:

15) Էլեկտրասարքավորման յուրաքանչյուր տեղափոխությունից հետո, նախքան դրա գործարկումը, անհրաժեշտ է ստուգել դրա միացումը հողակցող սարքվածքի հետ, իսկ մինչև 1000 Վ լարման մեկուսացված չեզոքով ցանցում, բացի այդ` ֆազ-զրո շղթայի դիմադրությունը:

16) Գործուն («տաք») պահուստում գտնվող էլեկտրատեղակայանքները պետք է միշտ պատրաստ լինեն անհապաղ գործարկմանը: Դրա համար դրանց պետք է տեղական պայմաններով որոշվող ժամկետներում պարբերաբար միացնել աշխատանքի:

Մեկ օր ավելի աշխատանքից հանված էլեկտրատեղակայանքները գործարկումից առաջ պետք է ստուգվեն սույն գլխի 20-րդ կետի պահանջներին համապատասխան:

17) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումն աշխատանքին միացնելը պետք է կատարվի շահագործման հրահանգներում ներկայացված կարգով:

18) Պայթյունավտանգ գոտիներում բոլոր էլեկտրական մեքենաները, ապարատները, ինչպես նաև այլ էլեկտրասարքավորումն ու էլեկտրահաղորդագծերը պետք է տեղական պայմաններով որոշվող ժամկետներում պարբերաբար, բայց 3 ամիսը մեկ անգամից ոչ պակաս, ենթարկվեն արտաքին զննման` էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կամ դրա նշանակած աշխատողի կողմից: Զննման արդյունքները գրանցվում են օպերատիվ կամ հատուկ մատյանում:

19) Մինչև 1000 Վ և ավելի լարման էլեկտրասարքավորման ներքին մասերի զննումը կատարվում է տեղական հրահանգներում նշված ժամկետներում` էլեկտրաանվտանգության միջոցառումների պահպանմամբ:

20) Էլեկտրասարքավորման ու ցանցերի զննումը պետք է կատարի էլեկտրատեխնիկական անձնակազմը` տեղական հրահանգներով կարգորոշվող ժամկետներում` հաշվի առնելով էլեկտրասարքավորման ու ցանցերի, միջավայրի, դրանց աշխատանքի պայմանների, բեռնման և այլնի վիճակը: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել հետևյալին`

ա) էլեկտրասարքավորման գործելու սովորական վիճակից փոփոխությունների կամ շեղումների բացակայությանը,

բ) քայքայման աստիճանին, խողովակների ներկվածքի, պատյանների ամրակատարրերի վիճակին, էլեկտրասարքավորմանը խողովակների միացման տեղերում խաղացքի բացակայությանը (խաղացքի բացակայությունը թույլատրվում է ստուգել խողովակների ճոճումով), չօգտագործված ներդիրների վրա խցափակիչների առկայությանը, միջադիրների սարքինությանը: Կցամասերի և տուփերի կափարիչներին, որոնք պետք է մինչև վերջ պտուտակափակված լինեն,

գ) էլեկտրասարքավորման մեջ հաղորդալարերի ու մալուխների ներանցումների սարքինությանը,

դ) էլեկտրասարքավորման դիտալուսամուտների պատերի և լուսատուների ապակյա թասակների ամբողջականությանը,

ե) հողակցող սարքվածքների ամբողջականությանը,

զ) ներածման-արտածման օդափոխության սարքինությանը բաշխիչ սարքվածքների, տրանսֆորմատորային ու վերափոխիչային ենթակայանների սենքերում, որոնք հարում են պայթյունավտանգ գոտով սենքերին, ինչպես նաև այն սենքերում, որտեղ տեղակայված են էլեկտրաշարժիչներ, որոնց լիսեռները պատի միջով անցնում են պայթյունավտանգ գոտով հարևան սենք և պատի միջով անցման տեղում պետք է ունենան խցուկային կիպացումներ,

է) էլեկտրասարքավորման վրա պայթյունապաշտպանության նախազգուշացնող պլակատների և դրոշմանշվածքների նշանների առկայությանը,

ը) կոնստրուկցիայով նախատեսված բոլոր հեղույսների, պատյանի ամրակատարրերի (դրանք պետք է լավ ձգված լինեն), կապարակնիքների և հողակցման առկայությանը,

թ) էլեկտրասարքավորման վրա ցայտերի, կաթիլների ընկնելու և փոշու թափանցելու բացակայությանը,

ժ) էլեկտրասարքավորման և տեխնոլոգիական սարքավորման համարների համընկնմանը,

ժա) պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման մակերևույթների սահմանային ջերմաստիճանին այնտեղ, որտեղ դրա համար նախատեսված են հսկողության միջոցներ:

Ջերմաստիճանը պետք է լինի ստորև տրված մեծություններից ոչ բարձր.

ժբ) ստանդարտ էլեկտրասարքավորման համար`

 

Ջերմաստիճանը, 0C

450

300

200

135

100

85

Ջերմաստիճանային դասը

T1

T2

T3

T4

T5

T6

 

ժգ) պայթյունապաշտպանված և հանքային էլեկտրասարքավորման ստանդարտներով պատրաստված (այսուհետ` ՊՀԷՊԿ) էլեկտրասարքավորման համար`

 

Ջերմաստիճանը, 0C

450

300

200

135

100

Պայթյունավտանգ դասերի խումբը

T1

T2

T3

T4

T5

     

ժդ) պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորում պատրաստող կազմակերպության ստանդարտներին համապատասխան պատրաստված (այսուհետ` ՊԷՊԿ) էլեկտրասարքավորման համար`

 

Ջերմաստիճանը, 0C

360

240

140

100

Խումբը

Ա(А)

Բ(Б)

Գ(Г)

Դ(Д)

 

21) «Պայթյունաանթափանց պատյան». «d» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման զննման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել`

ա) ամրակահեղույսների վիճակին, որոնք էլեկտրասարքավորման կափարիչների, կցաշուրթերի, վահանների և այլ մասերի հետ համատեղ ապահովում են պայթյունապաշտպանությունը: Ամրակահեղույսները պետք է ձգված լինեն, հանովի մանրակները` կիպ հարեն պատյանին, իսկ պարուրակավոր ամրակցման մանրակները` պտուտակներով ամրացված ու կասեցված լինեն,

բ) պատյանի վիճակին: Պատյանի վրա չպետք է լինեն ճաքեր, ջարդատեղեր, ներճմլվածքներ:

22) «Պատյանի չայրվող հեղուկով կամ յուղային լիցքով». «օ» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման զննման ժամանակ պետք է ստուգվեն պատյանում պաշտպանական հեղուկի շերտի բարձրությունը, որը պետք է համապատասխանի շահագործման փաստաթղթերով սահմանված տվյալներին, հեղուկի գույնը և դրա հոսաթողման բացակայությունը, ինչպես նաև վերին շերտի ջերմաստիճանը, եթե էլեկտրասարքավորման կոնստրուկցիայով նախատեսված է դրա չափումը:

Հանքային յուղի (բարձր ջերմաստիճաններին դիմակայող) վերին շերտի սահմանային ջերմաստիճանը պետք է լինի, ոչ ավելի`

 

Ջերմաստիճանը, 0C

115

100

85

Ջերմաստիճանային դասը

T1-T4

T5

T6

 

Սինթետիկ հեղուկի վերին շերտի սահմանային ջերմաստիճանը պետք է լինի այդ հեղուկի տեխնիկական պայմաններում նշված, ինչպես նաև սույն գլխի 20-րդ կետում նշված մեծություններից ոչ ավելի:

23) «e» տեսակի պաշտպանությամբ (ՊՀԷՊԿ-ին համապատասխան` պայթյունի հանդեպ բարձր հուսալիության) էլեկտրասարքավորման զննման ժամանակ պետք է ստուգվեն`

ա) տեսանելի խտացնող միջադիրների առկայությունն ու վիճակը և արտաքին ազդակներից սարքավորման պաշտպանությունն ապահովող մատչելի կցաշուրթային միացումների վիճակը,

բ) գերբեռնումից պաշտպանության առկայությունը և դրա գործարկման ժամանակի համապատասխանությունը սարքավորման տեխնիկական անձնագրում, աղյուսակում կամ տեղադրման-շահագործման հրահանգում նշված ժամանակին, ուղեկապումների աշխատանքը, արտաքին մեկուսացնող մանրակների վիճակը,

գ) էլեկտրաշարժիչների օդամղիչների վիճակը, դրանց և միացնող կցորդիչների պաշտպանական պատյանների վիճակը,

դ) լուսատուների լամպերի հզորության և տեսակի համապատասխանությունը,

ե) էլեկտրասարքավորման պատյանի վրա փոշու և կեղտի բացակայությունը,

զ) էլեկտրասարքավորման գործելու ժամանակ փոփոխություններն ու շեղումները դրա սովորական վիճակից:

24) «Պատյանի լիցքով կամ ներփչում հավելյալ ճնշման տակ». «p» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման զննման ժամանակ պետք է ստուգվեն`

ա) սենքերի շինարարական մասը (ճաքերի, քայքայումների բացակայություն),

բ) էլեկտրական հաղորդակցման ուղիների վիճակը (այն տեղերում, որտեղ անցքերը բացվում են պայթյունավտանգ գոտու մեջ, պետք է լինեն խցափակիչներ կամ փակվող կափույրներ, որպեսզի հավելյալ ճնշման տակ ներփչման համակարգի վնասման դեպքում կանխվի արտաքինից պայթյունավտանգ գազերի կամ գոլորշիների մուտքը),

գ) սենք տանող դռների վրա «Ուշադրությու՜ն: Սենքը պաշտպանված է, հավելյալ ճնշման տակ է: Փակել դուռը» ցուցումների առկայությունը,

դ) պաշտպանական գազի մատուցման համակարգի (օդամուղների, զտիչների, խողովակաշարերի և այլնի), պաշտպանական գազի և ուղեկապումների հարաչափերի հսկողության համակարգի սարքինությունը,

ե) էլեկտրասարքավորման պատյանի և գազատարի խտացումների ամբողջականությունը, պատյանում հավելյալ ճնշումը և առանցքակալերի, պատյանի, ինչպես նաև էլեկտրասարքավորման պատյան մտնող ու ելնող պաշտպանական գազի ջերմաստիճանը վերահսկող չափիչ գործիքների սարքինությունն ու ցուցմունքները:

25) «Կայծաանվտանգ էլեկտրաշղթա». «i» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման զննման ժամանակ պետք է ստուգվեն`

ա) պատյանի վիճակը: Պատյանը պետք է ապահովի կայծաանվտանգ էլեկտրասարքավորման ներքին տարրերի պաշտպանությունը պայթյունավտանգ գոտում` շահագործման հրահանգներին համապատասխան: Պատյանի կափարիչը պետք է ունենա փակող սարքվածքներ կամ կապարակնքված լինի,

բ) հողակցող սարքվածքի առկայությունն ու ամբողջականությունը,

գ) միացնող հաղորդալարերի ու մալուխների վնասվածքների բացակայությունը,

դ) տեսանելի հավաքակցման քուղերի ամրակցման վնասվածքների բացակայությունը,

ե) զոդվածքի տեղերում մատչելի մեկուսացնող փողակների պահպանվածությունը և դրանց սոսնձվածքի որակը,

զ) կայծապաշտպանության մատչելի բլոկերի մեկուսախառնուրդով լցվածքի ամբողջականությունը,

է) ապահովիչների առկայությունն ու ամբողջականությունը,

ը) կայծապաշտպանության և ելքային շղթաների տարրերի հարաչափերն այնտեղ, որտեղ դա նախատեսված է,

թ) տեղադրման-շահագործման հրահանգի պահանջների և ցուցումների կատարումն ապահովիչների փոխարինման, էլեկտրական չափումների, էլեկտրամեկուսացման փորձարկումների և այլնի ժամանակ:

26) Հատուկ «s» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման զննման և ստուգման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել դրա շահագործման հրահանգներով:

27) Մեկուսախառնուրդի լցվածքով էլեկտրասարքավորման մեջ պետք է ստուգվի լցման վիճակը: Լցվածքի մեջ փչուկների, ճաքերի, ինչպես նաև լցոնվող մանրակներից լցազանգվածի շերտազատումների հայտնաբերման դեպքում հետագա շահագործումը չի թույլատրվում:

28) Սորուն նյութի լցվածքով էլեկտրաշարժիչներում պետք է ստուգվի սորուն նյութի հոսակորստի (դուրս թափման) բացակայությունը: Հոսակորստի հայտնաբերման դեպքում սարքավորման հետագա շահագործումը չի թույլատրվում:

29) «Պատյանի քվարցային լիցքով» («q») տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել`

ա) լցանյութի առկայությունը, լցվածքի հաստությունը և լցանյութի դատարկությունների բացակայությունը, եթե պատյանի կոնստրուկցիայով նախատեսված է լցանյութի շերտի տեսողական հսկողության սարք,

բ) պատյանի վնասվածքների և հեղույսամիակցումների ինքնապտուտակման բացակայությունը,

գ) լիցքի և պատյանի մակերևույթի գերտաքացման ջերմաստիճանն ըստ սույն գլխի 20-րդ կետի պայթյունապաշտպանության պայմանների:

30) Էլեկտրատեղակայանքի արտահերթ զննումները պետք է կատարվեն պաշտպանության սարքերով դրա ավտոմատ անջատումից հետո: Ընդ որում, պետք է ձեռնարկվեն միջոցներ տեղակայանքի ինքնամիացման կամ կողմնակի աշխատողի կողմից միացման դեմ:

Կոնկրետ տեղակայանքների շահագործման փաստաթղթերով կարող են նախատեսված լինել նաև ստուգումների այլ տեսակներ, որոնք նույնպես պետք է կատարվեն զննումների ժամանակ:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այն էլեկտրասարքավորման շահագործման հրահանգների պահանջների կատարմանը, որի դրոշմանշվածքում պայթյունապաշտպանության նշանից հետո դրված է «X» նշանը:

Ներքին զննման ժամանակ էլեկտրասարքավորման իրանի ստուգման հետ մեկտեղ անհրաժեշտ է ստուգել պատյանների ներքին խոռոչները, հեռացնել կուտակված խտուցքը, ձգել թուլացած մանրակները և հոսանքատար մասերի միակցող ու հպակավոր սեղմակները, փոխարինել վնասված կամ մաշված միջադիրները, մաքրել պայթյունապաշտպան մակերևույթները հին թանձր քսուքից և այդ մակերևույթների վրա քսել նոր հակակոռոզիոն քսուք: Հավաքումից հետո ստուգել կափարիչների և այլ քանդովի միացումների բոլոր հեղույսների ձգվածությունը:

31) Շահագործման ընթացքում էլեկտրասարքավորման պատյանների մատչելի տեղերում պետք է չափվի պայթյունաանթափանց ճեղքի լայնությունը`

ա) տատանվող մեխանիզմների վրա տեղակայված էլեկտրասարքավորման վրա` սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից սահմանված պարբերականությամբ,

բ) պլանային նորոգման մեջ գտնվող էլեկտրասարքավորման վրա, ինչպես նաև այն էլեկտրասարքավորման վրա, որի պայթյունաանթափանց պատյանները ենթարկվել են քանդման:

Ճեղքի լայնությունը պետք է լինի շահագործման հրահանգներում նշվածից ոչ ավելի:

32) Խոնավ և հատկապես խոնավ շինություններով տարված խողովակային էլեկտրահաղորդագծերում, ջերմաստիճանների կտրուկ փոփոխությունների շրջանում անհրաժեշտ է դատարկել խտուցքը ջրահավաք խողովակներից ամիսը մեկ անգամից ոչ պակաս, իսկ մնացած ժամանակ` ելնելով տեղական պայմաններից:

Խտուցքի դատարկումից հետո անհրաժեշտ է ապահովել խողովակային հաղորդագծերի կիպացումը:

33) Պայթյունավտանգ գոտիներում չի թույլատրվում`

ա) նորոգել լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումը,

բ) շահագործել էլեկտրասարքավորումը ցանկացած վնասվածքների դեպքում, օրինակ` անսարք պաշտպանական հողակցումների, հպակային միացումների, մեկուսացնող մանրակների, ապարատների կափարիչների ուղեկապումների, միջադիրների, «պատյանի լիցքով կամ ներփչում հավելյալ ճնշման տակ» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորման միացման անսարք ուղեկապումների դեպքում, պատյանի պայթյունապաշտպանվածության խախտման, ամրակատարրերի բացակայության դեպքում, պատյանից պաշտպանական հեղուկի հոսակորստի դեպքում և այլն,

գ) բացել պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման պատյանը, որի հոսանքատար մասերը գտնվում են լարման տակ,

դ) միացնել ավտոմատ կերպով անջատված էլեկտրատեղակայանքը` առանց դրա անջատման պատճառները պարզելու և վերացնելու,

ե) նորմերից բարձր բեռնել պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումը, հաղորդալարերը և մալուխները կամ թույլ տալ դրա աշխատանքի այնպիսի ռեժիմներ, որոնք նախատեսված չեն շահագործման փաստաթղթերով,

զ) փոփոխել կայծաանվտանգ գործիքների (սարքերի) շահագործման հրահանգով սահմանված լրակազմությունը,

է) փոփոխել հաղորդալարերի ու մալուխների մակնիշը և մեծացնել դրանց երկարությունը, եթե այդ փոխարինման դեպքում էլեկտրաունակությունը կամ ինդուկտիվությունը պետք է գերազանցի տվյալ կայծաանվտանգ շղթայի համար այդ մեծությունների առավելագույն թույլատրելի արժեքները,

ը) բաց թողնել շինությունների և նախամուտքերի դռները, որոնք բաժանում են պայթյունավտանգ գոտիները (սենքերը) այլ պայթյունավտանգ գոտիներից (սենքերից) կամ ոչ պայթյունավտանգ սենքերից,

թ) պայթյունապաշտպանված լուսատուներում փոխարինել այրված էլեկտրալամպերն այլ տեսակների լամպերով կամ ավելի մեծ հզորության լամպերով, ներկել և փայլատել լուսաթողանցող տարրերը (թասակները),

ժ) միացնել էլեկտրատեղակայանքներն առանց այն ապարատների, որոնք անջատում են պաշտպանվող էլեկտրաշղթան ոչ նորմալ ռեժիմների դեպքում,

ժա) փոխարինել էլեկտրասարքավորման պաշտպանության սարքվածքները (մագնիսական գործարկիչների և ավտոմատների ջերմային խզիչները (ռելեները), ապահովիչները, ավտոմատների էլեկտրամագնիսական խզիչները) պաշտպանության այլ տեսակներով կամ այլ անվանական հարաչափերով պաշտպանության սարքվածքներով, որոնց համար տվյալ էլեկտրասարքավորումը նախատեսված չէ,

ժբ) թողնել աշխատանքի մեջ պաշտպանական հեղուկի կամ քվարցային շերտի սահմանվածից ցածր բարձրությամբ էլեկտրասարքավորումը,

ժգ) թողնել աշխատանքի մեջ «պատյանի լիցքով կամ ներփչում հավելյալ ճնշման տակ» («p») տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորումը, որի ճնշումը ցածր է տեղադրման և շահագործման հրահանգի համաձայն այդ ճնշման վերահսկման կետերում նշվածից: Ընդ որում, նորմավորվածից ցածր ճնշման դեպքում, 1-ին և 2-րդ դասերի պայթյունավտանգ գոտիներում Px և Py տեսակի պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման համար պահանջվում է երկու ավտոմատ սարքվածքների կամ Pz տեսակի պայթյունապաշտպանության համար մեկ պաշտպանական սարքվածքի գործարկում: Էլեկտրասարքավորման շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի սարքվածքների աշխատանքի ճշտության ստուգման հնարավորությունը: Պաշտպանական սարքվածքների նախադրվածքների փոփոխությունը պետք է հնարավոր լինի միայն գործիքի կամ դարձակի օգնությամբ,

ժդ) շահագործել պատյանի և էլեկտրահաղորդագծերի պողպատյա խողովակների արտաքին վնասվածքներով մալուխները:

34) Չի թույլատրվում ներկել պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման վրայի անձնագրային մականշվածքները: Անհրաժեշտ է պարբերաբար վերականգնել պայթյունապաշտպանության և նախազգուշացնող նշանների ներկվածքը: Դրանց ներկվածքի գույնը պետք է տարբերվի էլեկտրասարքավորման ներկվածքի գույնից:

35) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման կանխարգելիչ փորձարկումների պարբերականությունը սահմանում է սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուն` հաշվի առնելով տեղական պայմանները: Այն պետք է լինի նշված ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորումների շահագործմանը վերաբերող սույն ՏԿ-ի համապատասխան գլուխներում նշված պարբերականություններից ոչ պակաս:

Փորձարկումները կատարվում են շահագործման հրահանգներում նշված պահանջներին և նորմերին համապատասխան:

36) Պայթյունավտանգ գոտիներում էլեկտրական փորձարկումները թույլատրվում է անցկացնել միայն պայթյունապաշտպանված սարքերով, որոնք նախանշված են համապատասխան պայթյունավտանգ միջավայրերի համար, ինչպես նաև այնպիսի սարքերով, որոնց համար կա փորձարկող կազմակերպության եզրակացությունը:

Անմիջապես պայթյունավտանգ գոտիներում ընդհանուր նշանակության սարքերով փորձարկումների անցկացումը թույլատրվում է միայն այն պայմանով, որ փորձարկումների անցկացման ժամանակ պայթյունավտանգ խառնուրդները բացակայում են կամ այրվող գազերի (դյուրավառ հեղուկների գոլորշիների) պարունակությունը պայթյունավտանգ գոտում գտնվում է նորմերի սահմաններում: Բացի այդ, պետք է բացառված լինի փորձարկումների անցկացման ժամանակ պայթյունավտանգ խառնուրդների գոյացումը, ինչպես նաև պետք է լինի կրակային աշխատանքների կատարման գրավոր թույլտվություն:

Առանց կրակային աշխատանքների սպառողի կողմից գրավոր թույլտվության, սենքերում (բացի հատկապես վտանգավոր) տեղադրված պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման («Կայծաանվտանգ էլեկտրաշղթա» և «Պայթյունի հանդեպ բարձր հուսալիություն» (ըստ ՊՀԷՊԿ) կամ «e» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորումից բացի) փորձարկումը բաշխիչ սարքվածքներում տեղակայված ընդհանուր նշանակության սարքերով, ապարատներով, փորձարկող տեղակայանքներով թույլատրվում է այն պայմանով, որ էլեկտրասարքավորման պայթյունապաշտպանության տարրերը ստեղծող բոլոր հանգույցները գտնվեն հավաքված վիճակում:

37) Վթարի, աշխատանքի տեխնոլոգիական ռեժիմի խախտման կամ որևէ այլ պատճառով հարուցված սենքի գազավորվածության դեպքում պետք է անցկացվեն բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են վթարային իրավիճակներում գործողությունների տեղական հրահանգներով:

38) Այն սպառողների մոտ, որտեղ կա փոշու կամ թելիկների պայթյունի վտանգ, անհրաժեշտ է չափել օդում կախյալ փոշու կամ թելիկների կոնցենտրացիան` ամբողջ տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի դեպքում: Կոնցենտրացիայի չափումների պարբերականությունը կախված է տեղական պայմաններից, բայց պետք է լինի ամիսը մեկ անգամից ոչ պակաս:

Տեխնիկական փաստաթղթերում (նախագծում, տեխնիկական կանոնակարգում, տեխնոլոգիական փաստաթղթերում և այլն) պետք է տրված լինեն արտադրության ընթացքում գոյացող այրվող թելիկների կամ փոշու բնութագրերը` ստորին կոնցենտրացիոն սահմանը, նստած փոշու (աերոգելի) ինքնաբռնկման և մարման ջերմաստիճանը, կախված փոշու (աերոզոլի) ինքնաբռնկման ջերմաստիճանից, որոնք սահմանվում են դրա համար լիազորված կազմակերպությունների կողմից:

39) Փոշու և այրվող թելիկների թափանցումից ենթակայանների, տրանսֆորմատորային կետերի սենքերի և էլեկտրատեղակայանքների այլ սենքերի պաշտպանությունն ապահովող խտացումներն ու այլ հարմարանքներ պետք է պահպանվեն սարքին վիճակում: Այդ սենքերը պետք է մաքրվեն փոշուց և թելիկներից տեղական պայմաններով պայմանավորված ժամկետներում, բայց տարին 2 անգամից ոչ պակաս:

40) Էլեկտրասարքավորման և էլեկտրահաղորդագծերի ներքին և արտաքին մակերևույթները պետք է կանոնավոր կերպով մաքրվեն փոշուց և թելիկներից` տեղական պայմաններով որոշվող ժամկետներում: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել տաք մակերևույթների վրա փոշու և թելիկների կուտակման կանխմանը:

41) Էլեկտրասարքավորումն ու էլեկտրահաղորդագծերը փոշուց կամ թելիկներից պետք է մաքրել արտածծման ճանապարհով:

42) Էլեկտրասարքավորման ներսի փոշին և թելիկները պետք է հավաքվեն տեղական հրահանգներում նշված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան`

ա) տարին 2 անգամ` նորմալ կայծկլտացող մասերով էլեկտրամեքենաների համար (հաստատուն հոսանքի մեքենաներ, հավաքիչներ և այլ),

բ) 2-3 ամիսը մեկ անգամ` տատանման, ցնցման և այլնի ենթարկվող մեխանիզմների վրա տեղակայված էլեկտրասարքավորման համար,

գ) տարին մեկ անգամ` մնացած էլեկտրասարքավորման համար:

43) Լուսավորման արմատուրը (ապակյա թասակներ, ցոլարձակներ, մետաղական մասեր և այլն) և լամպերի բոլոր տեսակները պետք է մաքրվեն տեղական հրահանգներով պայմանավորված ժամկետներում, իսկ այն դեպքերում, երբ նստած փոշու շերտը մետաղական պատյանների արտաքին մակերևույթներին գերազանցում է 5 մմ` վաղաժամկետ:

44) Էլեկտրասարքավորումն սպասարկող անձնակազմը պետք է ժամանակին յուղի դրա շփվող մակերևույթները` դրանց հղկամաշումից խուսափելու համար: Անհրաժեշտ է կանոնավոր կերպով, տեղական պայմաններով սահմանված ժամկետներում «մետաղը մետաղին» տեսակի յուղմամբ փոշեանթափանց միացումներում փոխել քսուքը:

45) Ճկուն խտացումները, որոնք նախատեսված են փոշու և թելիկների թափանցումից էլեկտրասարքավորումը պաշտպանելու համար, պետք է սարքին լինեն և ժամանակին փոխարինվեն:

46) Նոր տեղակայված խտացնող ռետինե միջադիրի սեղմման դեպքում դրա բարձրությունը պետք է փոխվի 30-ից մինչև 40% սահմաններում:

47) Փոշու կամ թելիկների թափանցումից էլեկտրամեքենաները պաշտպանելու համար, որպես լրացուցիչ պատյաններ, փայտե կամ մետաղական արկղերի կիրառումը չի թույլատրվում:

48) Պայթյունավտանգ տեխնոլոգիական գործընթացներով սենքերում էլեկտրասարքավորմանը լարման մատուցում թույլատրվում է միայն աշխատող օդափոխության համակարգերի դեպքում:

49) Ամեն ամիս անհրաժեշտ է կատարել չաշխատող (պահուստային) օդամուղների կարճատև գործարկում` կուտակված փոշուց կամ թելիկներից դրանց ազատման նպատակով:

50) Հետևողականորեն պետք է վերահսկվի էլեկտրասարքավորման հանգույցների ջերմաստիճանը, որոնց համար դա նախատեսված է կոնստրուկցիայով: Փոշու և թելիկների պայթյունի վտանգով արտադրություններում տեղակայված էլեկտրասարքավորման արտաքին մակերևույթների առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի մարման կամ ինքնաբռնկման ջերմաստիճանից 500C-ով ցածր` նստած փոշու համար և ինքնաբռնկման ջերմաստիճանի 2/3-ից ոչ ավելին կախված փոշու համար:

Այն դեպքերում, երբ անհնար է ապահովել նստած փոշու շերտի 5 մմ-ից պակաս հաստությունն էլեկտրասարքավորման պատյանի վրա, այն պետք է փորձարկվի արտաքին մակերևույթների իրական տաքացումը որոշելու առումով: Այդպիսի փորձարկումներն անց են կացնում հատուկ հավատարմագրված փորձարկող կազմակերպությունները:

51) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման նորոգումն ու կանխարգելիչ փորձարկումները պետք է անցկացվեն սույն ՏԿ-ով, շահագործման հրահանգներով սահմանված ժամկետներում:

52) Սպառողը կարող է փոխարինել պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման ցանկացած մանրակներն այն արտադրող գործարանի կամ այն արտադրական կազմակերպությունների կողմից պատրաստված մանրակներով, որոնք ստացել են այդպիսի սարքավորումը նորոգելու իրավունք` սահմանված կարգով համաձայնեցված տեխնիկական փաստաթղթերով, պայթյունապաշտպանության տարրերի հետագա ստուգմամբ:

53) Ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորման նորոգման ժամանակ ներկայացվող պահանջների պահպանման դեպքում, ըստ ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների ցուցակի, պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման վրա օպերատիվ կամ օպերատիվ-նորոգման անձնակազմին թույլատրվում է կատարել աշխատանքների հետևյալ տեսակները`

ա) յուղի փոխարինումը և առանցքակալների փոխարինումը համանմաններով,

բ) հոսանքատար մասերի, հպակային միացումների վերստուգումը, խզիչների ռելեների, հպարկիչների փոխարինումը նմանատեսակներով, հպակային օղերի և հավաքիչների փոխարինումը,

գ) լուսատուներում (դրանց տեղակայման մինչև 2,5 մ բարձրության դեպքում) այրված լամպերի և վնասված թասակների փոխարինումը,

դ) էլեկտրասարքավորման քանդումն ու հավաքումը, պայթյունապաշտպանված մակերևույթների մաքրումն ու յուղումը, պատյանի պայթյունաանվտանգության հետ չկապված արտաքին տարրերի (օրինակ` տեղափոխման համար շարժիչների թաթերի, կապօղակների կամ ունկների և այլնի) նորոգումը,

ե) յուղի (պաշտպանական հեղուկի) արտահոսքի վերացումը և դրա փոխարինումը,

զ) խտացնող միջադիրների և մալուխները կամ հաղորդալարերը խտացնող առաձգական օղերի փոխարինումը,

է) ապահովիչների, չոր գալվանական տարրերի և կուտակչային մարտկոցների փոխարինումը նույնանմաններով: Կայծաանվտանգ համակարգերի և էլեկտրասարքավորման նորոգման ժամանակ կատարվում են միայն այն աշխատանքները, որոնք կանոնակարգված են շահագործման հրահանգով,

ը) վնասված մեկուսիչների փոխարինումը նույնանմաններով,

թ) պատյանների և դրանց մեջ տեղակայված էլեկտրասարքավորման, ինչպես նաև պատյանները պաշտպանական գազով ապահովելու համակարգերի և պաշտպանության ու ուղեկապումների համակարգերի նորոգումն այն պայմանով, որ այդ նորոգումը չի ազդի այն էլեկտրասարքավորման պայթյունապաշտպանության վրա, որի պատյանը լցված է կամ ներփչվում է հավելյալ ճնշման տակ պաշտպանական գազով,

ժ) էլեկտրաշարժիչի օդամուղների և դրա պատյանի նորոգումը,

ժա) պակասող հեղույսների, պտուտակների ու մանեկների տեղադրումը: Տեղադրվող հեղույսների, պտուտակների, մանեկների չափերն ու նյութը պետք է համապատասխանեն փոխարինվողներին:

Պաշտպանության «e» տեսակով (պայթյունի հանդեպ բարձր հուսալիություն), փոխարինված փաթույթով անհամաժամ (ասինքրոն) էլեկտրաշարժիչը շահագործման հանձնելիս անհրաժեշտ է ստուգել գերբեռնումից պաշտպանության առկայությունը, որն ապահովում է դրա անջատումն արգելակված ռոտորի դեպքում` դրա գործարանային ցուցանակի վրա նշված պաշտպանության գործարկման te ժամանակը չգերազանցող ժամանակահատվածում:

Նորոգումից հետո էլեկտրասարքավորման պայթյունապաշտպանության տարրերը պետք է համապատասխանեն շահագործման հրահանգների և պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման գործող ստանդարտների կամ փորձարկող կազմակերպության հետ համաձայնեցված նորոգման փաստաթղթերի պահանջներին:

Այլ տեսակի նորոգման աշխատանքների կատարման համար սպառողը պետք է սահմանված կարգով թույլտվություն ստանա:

Ղեկավարներն ու մասնագետները, ում ղեկավարության և հսկողության ներքո կատարվում են էլեկտրասարքավորման նորոգումն ու փորձարկումները, աշխատանքների որակի համար կրում են լիակատար պատասխանատվություն:

54) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման յուրաքանչյուր վնասվածքի դեպքում տեղամասի շահագործման գծով պատասխանատուն կազմում է ակտ կամ սարքավորման տեխնիկական անձնագրի մեջ կատարվում է գրանցում` նշելով վնասվածքի թվականն ու պատճառները, ինչպես նաև նշում է անում դրա վերացման մասին:

55) Էլեկտրասարքավորման քանդումն ու հավաքումը պետք է կատարվեն այն հաջորդականությամբ, որը նշված է տեղադրման և շահագործման հրահանգում: Այդ աշխատանքները հնարավոր դեպքերում պետք է կատարվեն արհեստանոցում: Էլեկտրաշարժիչները նորոգման հանելու ժամանակ անջատված սնող մալուխները պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից: էլեկտրասարքավորման պայթյունաանթափանց պատյանների քանդման ժամանակ կրակի առկայություն չի թույլատրվում, չի կարելի ծխել, պետք է կիրառվի կայծերի գոյացումը բացառող գործիք:

56) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման նորոգման ավարտին անհրաժեշտ է չափել պայթյունապաշտպանության հարաչափերը, որոնք նշված են շահագործման հրահանգներում կամ փորձարկող կազմակերպության հետ համաձայնեցված նորոգման փաստաթղթերում, իսկ ստացված տվյալներն ու կատարված աշխատանքի ծավալը պետք է գրանցել էլեկտրասարքավորման անձնագրի (քարտի) մեջ:

57) Ուժային և լուսավորման ցանցերը պետք է նորոգվեն նորմերի (նշված առանձին տեսակի էլեկտրահավաքակցման հրահանգներում) պահպանմամբ:

Հաղորդալարերի ու մալուխների փոխարինման ժամանակ չի թույլատրվում փոխել դրանց հատույթը (կտրվածքը) ու մակնիշը:

58) Էլեկտրահաղորդագծի խողովակների նորոգումից հետո, որը կապված է դրանց լրիվ կամ մասնակի փոխարինման հետ, խողովակները պետք է փորձարկվեն միացումների կիպության առմամբ` սահմանված պահանջներին համապատասխան:

Խողովակային հաղորդագծի մասնակի փոխարինման կամ դրան նոր հավաքված հատվածամասերի միացման ժամանակ փորձարկվում են միայն նոր հավաքված կամ փոխարինված հատվածամասերը:

59) Էլեկտրասարքավորումը շահագործող և դրա նորոգումն իրականացնող սպառողը պետք է անցկացնի անձնակազմի տեխնիկական ուսուցում` անմիջականորեն կապված էլեկտրասարքավորման նորոգման և (կամ) ստուգման հետ, և իրականացնի անձնակազմի որակավորման մակարդակի հսկողություն:

Ուսուցումը որակավորման բարձրացման դասընթացներում պետք է անցկացվի կանոնավոր կերպով` 3 տարին մեկ անգամից ոչ պակաս:

 

29. ՏԱՆՈՎԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԸՆԴՈՒՆԻՉՆԵՐԸ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են մինչև 1000 Վ լարման տանովի և շարժական էլեկտրաընդունիչների վրա, որոնց կոնստրուկցիան նախատեսում է դեպի կիրառման վայրը ձեռքով (առանց փոխադրամիջոցների կիրառման) դրանց տեղափոխման հնարավորություն, ինչպես նաև դրանց օժանդակ սարքավորման վրա, որոնք օգտագործվում են սպառողների արտադրական գործունեության մեջ, և սահմանում է ընդհանուր պահանջներ դրանց շահագործումը կազմակերպելու համար:

2) Տանովի, շարժական էլեկտրաընդունիչների կոնկրետ տեսակի (էլեկտրագործիք, էլեկտրամեքենաներ, լուսատուներ, եռակցող տեղակայանքներ, պոմպեր, վառարաններ, ճնշակներ), դրանց օժանդակ սարքավորման (տանովի` բաժանիչ և ցածրացնող տրասնֆորմատորներ, հաճախականության վերափոխիչներ, պաշտպանական անջատման սարքվածքներ, երկարիչ մալուխներ և այլն) շահագործման կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց նկատմամբ լրացուցիչ պահանջները, որոնք շարադրված են սույն ՏԿ-ի շահագործման փաստաթղթերում և համապատասխան ստանդարտներում:

3) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչները, դրանց օժանդակ սարքավորումները, այդ թվում` արտասահմանյան արտադրության, որոնք ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման, պետք է հավաստված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4) Օգտագործել տանովի և շարժական էլեկտրաընդունիչները` թույլատրվում է միայն տեխնիկական անձնագրում նշված դրանց նպատակներին համապատասխան:

5) Յուրաքանչյուր տանովի, շարժական էլեկտրաընդունիչ, դրանց օժանդակ սարքավորման տարրեր պետք է ունենան գույքահամարներ:

6) Տանովի կամ շարժական էլեկտրաընդունիչի օգտագործումով աշխատանքին, որն անձնակազմից պահանջում է էլեկտրաանվտանգության խմբի առկայություն, թույլատրվում են այն աշխատողները, ովքեր անցել են հրահանգավորում աշխատանքի անվտանգության գծով և ունեն էլեկտրաանվտանգության խումբ:

7) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչները միացնել (անջատել) էլեկտրացանցին (ց), էլեկտրաանվտանգության պահանջները բավարարող խրվող միակցիչների կամ խրոցակային միացումների օգնությամբ, կարող են դրանց հետ աշխատելու համար թույլատրված անձինք:

8) Տանովի, շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման միացումն էլեկտրացանցին քանդովի հպակային միակցումների օգնությամբ և դրանց անջատումը ցանցից պետք է կատարի այդ էլեկտրացանցը շահագործող, III խումբ ունեցող էլեկտրատեխնիկական անձնակազմը:

9) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման սարքին վիճակում պահելու, պարբերական ստուգումներ անցկացնելու համար սպառողի ղեկավարի կարգադրությամբ պետք է նշանակվի III խումբ ունեցող պատասխանատու աշխատող կամ աշխատողներ: Տվյալ աշխատողները պարտավոր են վարել տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման գույքահաշվառման գրանցման, պարբերական ստուգման և նորոգման մատյան:

10) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչները, դրանց օժանդակ սարքավորումները պետք է ենթարկվեն պարբերական ստուգման` 6 ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Սույն գլխի 9-րդ կետում նշված աշխատողներն այդ ստուգման արդյունքները գրանցում են տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման գույքահաշվառման, պարբերական ստուգման և նորոգման մատյանում:

11) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման պարբերական ստուգման ծավալի մեջ մտնում են`

ա) արտաքին զննումը,

բ) առնվազն 5 րոպե պարապ ընթացքում աշխատանքի ստուգումը,

գ) մեկուսացման դիմադրության չափումը,

դ) 01 և 1 դասերի էլեկտրաընդունիչների և օժանդակ սարքավորման հողակցման շղթայի սարքինության ստուգումը:

12) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչները, դրանց օժանդակ սարքավորումը շահագործման ընթացքում պետք է ենթարկվեն տեխնիկական սպասարկման, փորձարկումների և չափումների, պլանանախազգուշական նորոգումների` էլեկտրաընդունիչների և դրանց օժանդակ սարքավորումների ցուցումներին համապատասխան:

13) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորումների նորոգումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության (ստորաբաժանման) կողմից: Նորոգումից հետո յուրաքանչյուր տանովի և շարժական էլեկտրաընդունիչ և դրանց օժանդակ սարքավորումներ պետք է ենթարկվեն փորձարկումների շահագործման` փաստաթղթերով սահմանված ցուցումներին համապատասխան:

14) Չի թույլատրվում շահագործել 0 դասի տանովի և շարժական էլեկտրաընդունիչներ` հատկապես անբարենպաստ պայմաններում, վտանգավոր սենքերում և բարձր վտանգավորությամբ սենքերում:

 

30. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

1) Սպառողների էլեկտրասարքավորման և էլեկտրատեղակայանքների ապարատների փորձարկումների նորմերը (այսուհետ` նորմեր) պարտադիր են մինչև 220 կՎ լարման էլեկտրատեղակայանքներ շահագործող սպառողների համար:

2) Հիմնական նորոգման ժամանակ, ընթացիկ նորոգման ժամանակ և միջնորոգման փորձարկումների և չափումների ժամանակ, այսինքն էլեկտրասարքավորման վիճակի գնահատման համար կատարվող և էլեկտրասարքավորումը նորոգման հանելու հետ չկապված կանխարգելիչ փորձարկումների ժամանակ էլեկտրատեղակայանքների էլեկտրասարքավորման փորձարկումների և հարաչափերի չափումների կոնկրետ ժամկետները որոշում է սպառողի տեխնիկական ղեկավարը` հաշվի առնելով շահագործման հրահանգների հանձնարարականները, էլեկտրատեղակայանքների վիճակը և տեղական պայմանները:

3) Սույն նորմերում չներառված էլեկտրասարքավորման տեսակների համար փորձարկումների և հարաչափերի չափումների կոնկրետ նորմերն ու ժամկետները պետք է սահմանի սպառողի տեխնիկական ղեկավարը` հաշվի առնելով դրանց շահագործման հրահանգները (հանձնարարականները):

4) Արտասահմանյան ֆիրմաների էլեկտրասարքավորման փորձարկումների նորմերը պետք է սահմանվեն` հաշվի առնելով արտադրող ֆիրմայի ցուցումները:

5) Նորոգումից հետո էլեկտրասարքավորումը փորձարկվում է նորմերով որոշվող ծավալով: Մինչև նորոգումն սկսելը կատարվում են փորձարկումներ և չափումներ` նորոգման ծավալն ու բնույթը սահմանելու համար, ինչպես նաև ելակետային տվյալներ ստանալու համար, որոնց հետ համեմատվում են հետնորոգման փորձարկումների և չափումների արդյունքները:

6) Երկարատև պահպանման շրջանում (այդ թվում` վթարային պահուստում), ինչպես և շահագործման մեջ գտնվող էլեկտրասարքավորման մեկուսացման վիճակի գնահատումը կատարվում է փորձարկումների նորմերի ցուցումներին համապատասխան: Առանձին մասերն ու մանրակներն ստուգվում են շահագործման փաստաթղթերով սահմանված նորմերով:

7) Աշխատանքի երաշխիքային շրջանում էլեկտրատեղակայանքների էլեկտրասարքավորման փորձարկումների և չափումների ծավալն ու պարբերականությունը պետք է ընդունվեն արտադրող գործարանների հրահանգների ցուցումներին համապատասխան:

8) Շահագործման համար պիտանիության մասին եզրակացությունը տրվում է ոչ միայն փորձարկումների և չափումների արդյունքները նորմերի հետ համեմատելու հիման վրա, այլ նաև բոլոր կատարված փորձարկումների, չափումների և զննումների արդյունքների համախմբի հիման վրա:

Փորձարկումների և չափումների ժամանակ ստացված հարաչափերի արժեքները պետք է համադրվեն միատիպ էլեկտրասարքավորման կամ էլեկտրասարքավորման այլ ֆազերի չափումների արդյունքների հետ, ինչպես նաև նախորդ փորձարկումների և չափումների արդյունքների, այդ թվում` նաև դրանց ելակետային արժեքների հետ:

Չափվող հարաչափերի ելակետային արժեքներ ասելով անհրաժեշտ է հասկանալ դրանց այն արժեքները, որոնք նշված են գործարանային փորձարկումների և չափումների արձանագրություններում: Հիմնական կամ վերականգնողական նորոգում անցկացնելու դեպքում ելակետային արժեքների տակ հասկացվում են այդ նորոգումների ժամանակ ստացված չափումների արդյունքները:

9) Եթե բարձրացած ուղղված լարումով կամ արդյունաբերական հաճախականության լարումով փորձարկումն անց է կացվում առանց էլեկտրասարքավորումից ձողավորումն անջատելու, ապա փորձարկման լարման մեծությունն ընդունվում է ցածրագույն փորձարկման լարումով էլեկտրասարքավորման համար նորմերով:

10) Փորձարկումները և չափումները պետք է անցկացվեն` ըստ սպառողի ղեկավարի կողմից հաստատված ծրագրերով (մեթոդիկաներով) և սահմանված կարգով հաստատված (հանձնարարված) փաստաթղթերով ու փորձարկումների և չափումների տիպային մեթոդական ցուցումներին համապատասխան պահանջներով: Ծրագրերը պետք է նախատեսեն աշխատանքների անվտանգ անցկացման ապահովման միջոցառումներ:

11) Փորձարկումների և չափումների արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրություններով, որոնք պահվում են էլեկտրասարքավորման անձնագրերի հետ միասին:

12) Էլեկտրասարքավորման էլեկտրական փորձարկումները և քիմիական անալիզի համար ապարատների բաքերից տրանսֆորմատորային յուղի նմուշառումն անհրաժեշտ է անցկացնել մեկուսացման 50C-ից ոչ ցածր ջերմաստիճանում:

13) Մեկուսացման բնութագրերի համեմատումը պետք է իրականացվի մեկուսացման միևնույն ջերմաստիճանի կամ դրան մոտ մեծությունների պայմաններում (ջերմաստիճանների տարբերությունը 50C-ից ոչ ավելի): Եթե դա անհնար է, ապա պետք է կատարվի ջերմաստիճանային վերահաշվարկ` էլեկտրասարքավորման կոնկրետ տեսակների շահագործման հրահանգներին համապատասխան:

14) Նախքան էլեկտրասարքավորման (շահագործման մեջ գտնվող պտտվող մեքենաներից բացի) փորձարկումների և չափումների անցկացումը` դրա մեկուսացման արտաքին մակերևույթը պետք է մաքրված լինի փոշուց ու կեղտից, բացի այն դեպքերից, երբ չափումներն անց են կացվում սարքավորման անջատում չպահանջող եղանակով:

15) Պտտվող մեքենաների, տրանսֆորմատորների և ռեակտորների փաթույթների մեկուսացումն արդյունաբերական հաճախականության բարձրացած լարումով փորձարկելու ժամանակ պետք է հերթականությամբ փորձարկվեն ամեն մի էլեկտրականապես անկախ շղթա կամ զուգահեռ ճյուղ (վերջին դեպքում` ճյուղերի միջև լրիվ մեկուսացման առկայության պայմաններում): Ընդ որում, փորձարկող սարքվածքի մի բևեռը միացվում է փորձարկվող փաթույթի ելքին, իսկ մյուսը` փորձարկվող այն էլեկտրասարքավորման հողակցված իրանին, որի հետ տվյալ փաթույթի փորձարկումների ամբողջ ժամանակաընթացքում էլեկտրականորեն միանում են բոլոր այլ փաթույթները: Միմյանց միջև խուլ կերպով միացած և առանց յուրաքանչյուր ֆազի կամ ճյուղի ծայրերի դուրսբերման փաթույթները պետք է փորձարկվեն իրանի համեմատ առանց անջատման:

16) Էլեկտրասարքավորման մեկուսացման հարաչափերի չափման ժամանակ պետք է հաշվի առնվեն պատահական ու մշտապես առկա սխալանքները, որոնք պայմանավորված են չափիչ գործիքների և ապարատների սխալանքներով, չափիչ սխեմայի տարրերի միջև լրացուցիչ ունակություններով և ինդուկտիվ կապերով, ջերմաստիճանի ներգործությամբ, չափիչ սարքվածքի վրա արտաքին էլեկտրամագնիսական և էլեկտրաստատիկ դաշտերի ազդեցությամբ, մեթոդի սխալանքներով և այլն: Կորստի հոսանքի (հաղորդականության հոսանքի) չափման ժամանակ անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում ուղղված լարման բաբախումները:

17) Արդյունաբերական հաճախականության 1000 Վ լարումով փորձարկումը կարող է փոխարինվել 2500 Վ լարման մեգօմաչափով` մեկուսացման դիմադրության մեկ րոպեական արժեքի չափումով: Այդ փոխարինումը չի թույլատրվում պատասխանատու պտտվող մեքենաների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի շղթաների փորձարկման դեպքում, ինչպես նաև նորմերում վերապահված դեպքերում:

18) Էլեկտրասարքավորման արտաքին մեկուսացումն արդյունաբերական հաճախականության բարձրացած լարումով փորձարկելու ժամանակ, որը կատարվում է արտաքին միջավայրի նորմալ գործոններից (օդի ջերմաստիճանը` 200C, բացարձակ խոնավությունը` 11 գ/մ3, մթնոլորտային ճնշումը` 101,3 կՊա, եթե էլեկտրասարքավորման ստանդարտներում ընդունված չեն այլ սահմաններ) տարբերվող գործոնների պայմաններում, փորձարկման լարման մեծությունը պետք է որոշվի` հաշվի առնելով փորձարկման պայմանների վրա շտկման գործակիցը, որը կանոնակարգվում է համապատասխան ստանդարտներով:

19) Էլեկտրասարքավորման մեկուսացման փորձարկումների մի քանի տեսակների անցկացմանը, բարձրացած լարումով փորձարկմանը պետք է նախորդեն մեկուսացման մանրակրկիտ զննումն ու վիճակի գնահատումն այլ մեթոդներով: Արտաքին զննման ժամանակ խոտանված էլեկտրասարքավորումը, անկախ փորձարկումների և չափումների արդյունքներից, պետք է փոխարինվի կամ նորոգվի:

20) Բարձրացած լարումով փորձարկման արդյունքները բավարար են համարվում, եթե լրիվ փորձարկման լարումը կիրարկելիս չեն նկատվել սահող պարպումներ, հոսանքի կորստի ցնցումներ կամ հոսանքի կորստի սահուն ուժգնացում, մեկուսացման ծակումներ կամ մակերևութային պարպումներ, և եթե մեկուսացման մեգօմաչափով չափված դիմադրությունը փորձարկումից հետո մնացել է նախկինը:

Եթե մեկուսացման բնութագրերը կտրուկ կերպով վատթարացել են կամ մոտ են խոտանման նորմին, ապա պետք է պարզվի մեկուսացման վատթարացման պատճառը և ձեռնարկվեն միջոցներ դրա վերացման ուղղությամբ: Եթե մեկուսացման արատը հայտնաբերված կամ վերացված չէ, ապա հաջորդող չափումների ու փորձարկումների ժամկետները սահմանվում են սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից` հաշվի առնելով մեկուսացման վիճակը և աշխատանքի ռեժիմը:

21) Յուղալցված էլեկտրասարքավորման (յուղային անջատիչներից բացի) մեջ յուղի լրիվ փոխարինումից հետո դրա մեկուսացումը պետք է ենթարկվի կրկնակի փորձարկումների` շահագործման փաստաթղթերում սահմանված նորմերին համապատասխան:

22) Ուժային տրանսֆորմատորների պարապ ընթացքի որոշման փորձը կատարվում է բոլոր փորձարկումների և չափումների սկզբում` նախքան տրանսֆորմատորի փաթույթներին հաստատուն հոսանք մատուցելը, այսինքն մինչև հաստատուն հոսանքին մեկուսացման դիմադրության և փաթույթների դիմադրության չափումը, տրանսֆորմատորի տաքացումը հաստատուն հոսանքով և այլն:

23) Էլեկտրասարքավորման մեկուսացման ջերմաստիճանը որոշվում է հետևյալ կերպ`

ա) տաքացման չենթարկված տրանսֆորմատորի համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է յուղի վերին շերտերի ջերմաչափով չափված ջերմաստիճանը,

բ) տաքացման կամ արևային ճառագայթման ներգործության ենթարկված տրանսֆորմատորի համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է ամենաբարձր լարման փաթույթի B ֆազի միջին ջերմաստիճանը, որը որոշվում է հաստատուն հոսանքին դրա դիմադրությամբ,

գ) տաքացման ենթարկված էլեկտրամեքենաների համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է փաթույթների միջին ջերմաստիճանը, որը որոշվում է հաստատուն հոսանքին դիմադրությամբ,

դ) հոսանքի ՏՖԶՄ, ՏՖՆ (ТФЗМ, ТФН) շարքի յուղային լցմամբ տրանսֆորմատորների համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է շրջակա միջավայրի ջերմաստիճանը,

ե) յուղային անջատիչի կամ տաքացման չենթարկված տրանսֆորմատորի վրա տեղակայված ներանցիչի համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է շրջակա միջավայրի ջերմաստիճանը կամ անջատիչի կամ տրանսֆորմատորի բաքում յուղի ջերմաստիճանը:

 

VI. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1) Սպառողների նոր և գործող էլեկտրական գծերի, սարքավորումների և դրանց պաշտպանության ու ավտոմատիկայի սարքերի կարգաբերման, փորձարկման, օպերատիվ և տեխնիկական սպասարկման ու նորոգման սերտիֆիկացված ծառայությունների մատուցումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

2) Սպառողների էլեկտրատեղակայանքների շահագործման կազմակերպումը և իրականացումը կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

3) Սպասարկող անձը, որը պայմանագրի հիման վրա կատարում է պատվիրատուի էլեկտրատեղակայանքների կարգաբերման, փորձարկման, տեխնիկական սպասարկման կամ նորոգման միանգամյա կամ մշտական աշխատանքներ, պարտավոր է`

ա) ապահովել իր կողմից կատարվող աշխատանքների ծավալի և անվանացանկի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին և (կամ) այլ նորմատիվ փաստաթղթերին,

բ) ապահովել փորձարկված (կարգաբերված, նորոգված) էլեկտրատեղակայանքների անվտանգությունը` պայմանագրով կամ տեխնիկական անձնագրով սահմանված միջփորձարկման (միջնորոգման) ժամանակահատվածի համար` պայմանով, որ պատվիրատուն օգտագործում է այդ սարքավորումների շահագործման փաստաթղթերով սահմանված հրահանգները` նախատեսված պայմաններով ու կարգով,

գ) կազմել և տրամադրել պատվիրատուին փորձարկումների (նորոգումների կամ ստուգումների) վերաբերյալ արձանագրություններ և այլ տեխնիկական փաստաթղթեր, որոնցով հավաստվում են կատարված աշխատանքների ծավալը և արդյունքները:

4) Սպասարկող անձի կողմից մատուցվող ծառայությունների սերտիֆիկացումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության հավաստման 8ս սերտիֆիկացման սխեմայով:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունների կամ անհամապատասխանության դեպքում նշված ժամկետները հաշվարկվում են նոր փաստաթղթերի ներկայացման պահից:

 

VII. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ուժային տրանսֆորմատորներ և ռեակտորներ

ԳՕՍՏ 11920-93

Տրանսֆորմատորների ուժային յուղային ընդհանուր
նշանակման մինչև 35 կՎ ներառյալ լարման.
Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 12965-93 Տրանսֆորմատորներ ուժային յուղային 110 կՎ և
150 կՎ ընդհանուր նշանակման.
Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 17544-93 Տրանսֆորմատորներ ուժային յուղային ընդհանուր
նշանակման 220, 330, 500 և 750 կՎ լարման դասերի.
Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 30030-93
(ԻԷԿ 742-83)
Տրանսֆորմատորներ բաժանիչ և անվտանգ
բաժանիչ տրանսֆորմատորներ. Տեխնիկական
պայմաններ
29.240.30 Էլեկտրական ուժային համակարգերի կառավարման
ապարատներ
ԳՕՍՏ 2933-93 Ապարատներ էլեկտրական ցածրավոլտ.
Փորձարկման մեթոդներ
Բաշխիչ սարքվածքներ և ենթակայաններ
ԳՕՍՏ 2933-93 Ապարատներ էլեկտրական ցածրավոլտ.
Փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 30011.3-93
(ԻԷԿ 947-3-90)
Ապարատուրա ցածրավոլտ բաշխման և
կառավարման. Մաս 3. Անջատիչներ, զատիչներ և
համակցություններն ապահովիչների հետ
ԳՕՍՏ 30011.5-93
(ԻԷԿ 947-5-1-90)
Ապարատուրա ցածրավոլտ բաշխման և
կառավարման. Մաս 5. Ապարատներ և տարրեր
կոմուտացման շղթաների կառավարման համար.
Բաժին 1. Ապարատներ էլեկտրամեխանիկական
կառավարման շղթաների
Էլեկտրական հաղորդալարեր և մալուխներ
ԳՕՍՏ 28244-96 Հաղորդալարեր և քուղեր ամրանավորված.
Տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 159-97 Կաբելային արտադրատեսակներ.
Տերմիններ և սահմանումներ
Մալուխային գծեր
ԳՕՍՏ ԻԷԿ 60245-1-2003
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60245-1-97
                                  
Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև 450/750 Վ
ներառյալ անվանական լարումով. Ընդհանուր
պահանջներ
ԳՕՍՏ ԻԷԿ 60245-3-2003
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60245-3
Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև 450/750 Վ
ներառյալ անվանական լարումով. Մալուխներ
գերակայուն սիլիկաօրգանական մեկուսացումով
ԳՕՍՏ ԻԷԿ 60245-5-2003
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60245-5-97
Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև 450/750 Վ
ներառյալ անվանական լարումով. Վերելակային
մալուխներ
ԳՕՍՏ ԻԷԿ 60245-6-2003
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60245-6-97
Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև 450/750 Վ
ներառյալ անվանական լարումով. Մալուխներ
էլեկտրոդային աղեղային եռակցման համար
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60799-2002 Սարքվածքներ էլեկտրատեղակայանքային. Լարեր-
միակցիչներ և լարեր միջմիացումների համար
ԳՕՍՏ ԻԷԿ 60245-8-2002 Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև 450/750 Վ
ներառյալ անվանական լարման. Բարձր ճկունություն
պահանջող ոլորտներում կիրառման համար լարեր
Էլեկտրաշարժիչներ
ԳՕՍՏ 30195-94 Էլեկտրաշարժիչներ համաժամ սուզվող. Ընդհանուր
տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 30533-97 Էլեկտրահաղորդակներ հաստատուն հոսանքի
ընդհանուր նշանակման. Ընդհանուր տեխնիկական
պահանջներ
Ռելեային պաշտպանություն, էլեկտրաավտոմատիկա, հեռամեխանիկա, երկրորդային շղթաներ
ԳՕՍՏ 30328-95
(ՄԷԿ 255-5-77)
Ռելե էլեկտրական. Մեկուսացման փորձարկում
ԳՕՍՏ 30329-95
(ՄԷԿ 255-1-00-75)
Ռելե տրամաբանական էլեկտրական
ԳՕՍՏ Ռ 51287-99 Տեխնիկա հեռախոսային բաժանորդային.
Անվտանգության պահանջներ և փորձարկման
մեթոդներ
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065-2002 Լսա-, տեսա- և համանման էլեկտրոնային
ապարատուրա. Անվտանգության պահանջներ
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ60335-2-56-99 Կենցաղային և համանման էլեկտրական սարքերի
անվտանգություն. Պրոյեկտորներին և համանման
ապարատուրային վերաբերող մասնավոր
պահանջներ
Պաշտպանություն գերլարումներից
ԳՕՍՏ 30325-95
(ԻԷԿ 898-87)
Ավտոմատ անջատիչներ գերհոսանքից
պաշտպանության համար կենցաղային և համանման
նշանակման
ԳՕՍՏ 30331.5-95
(ԻԷԿ 364-4-43-77)
Էլեկտրատեղակայանքներ շենքերի. Մաս 4.
Անվտանգության ապահովման պահանջներ.
Պաշտպանություն գերհոսանքից
ԳՕՍՏ 30331.7-95
(ԻԷԿ 364-4-46-81)
Էլեկտրատեղակայանքներ շենքերի. Մաս 4.
Անվտանգության ապահովման պահանջներ.
Բաժանում, անջատում, կառավարում
ԳՕՍՏ 30331.9-95
(ԻԷԿ 364-4-473-77)
Էլեկտրատեղակայանքներ շենքերի. Մաս 4.
Անվտանգության ապահովման պահանջներ.
Գերհոսանքից պաշտպանության միջոցների կիրառում
Հսկման, չափման և հաշվառքի միջոցներ
ՀՍՏ 146-96 Արտաքին ազդող գործոններ. Տերմիններ և
սահմանումներ
ՀՍՏ 8.11-94 Չափումների միասնականության ապահովման
ազգային համակարգ. Չափագիտություն. Տերմիններ
և սահմանումներ
ԳՕՍՏ 8.331-99 Չափումների պետական համակարգ. Հարմոնիկների
գործակցի չափիչներ. Ստուգաչափման ու
ստուգաճշտման միջոցներ և մեթոդներ
Կերպափոխիչներ չափողական ջերմաէլեկտրական
կերպափոխիչների և դիմադրության
ջերմափոխիչների համար. Ընդհանուր
տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 13384-93
ՀՍՏ 41-93
Չափիչ կերպափոխիչներ ջերմաէլեկտրական
կերպափոխիչների և դիմադրության
ջերմակերպափոխիչների համար. Ընդհանուր
տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 6570-96 Հաշվիչներ էլեկտրական ակտիվ և ռեակտիվ
էներգիայի ինդուկցիոն. Ընդհանուր տեխնիկական
պայմաններ
ԳՕՍՏ Ռ 51350-99
(ԻԷԿ 61010-1-90)
Էլեկտրական հսկիչ-չափիչ սարքերի և լաբորատոր
սարքավորանքի անվտանգություն. Մաս 1.
Ընդհանուր պահանջներ
Էլեկտրական լուսավորություն
ԳՕՍՏ 30337-95
(ԻԷԿ 598-2-20-82)
Ծաղկաշղթա լուսային. Ընդհանուր տեխնիկական
պայմաններ
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 598-2-1-97 Լուսատուներ. Մաս 2. Մասնավոր պահանջներ.
Բաժին 1. Լուսատուներ անշարժ ընդհանուր
նշանակման
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 598-2-6-98 Լուսատուներ. Մաս 2. Մասնավոր պահանջներ.
Բաժին 6. Լուսատուներ ներկառուցված
տրանսֆորմատորներով կամ շիկացման լամպերի
համար կերպափոխիչներով
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ
60598-1-2003
Լուսատուներ. Մաս 1. Ընդհանուր պահանջներ և
փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ
60598-2-2-99
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ
60598-2-4-99
Լուսատուներ. Մաս 2. Մասնավոր պահանջներ.
Բաժին 2. Լուսատուներ ներսարքվող
Լուսատուներ. Մաս 2. Մասնավոր պահանջներ.
Բաժին 4. Լուսատուներ շարժական ընդհանուր
նշանակման
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ
60598-2-22-99
Լուսատուներ. Մաս 2-22. Մասնավոր պահանջներ.
Լուսատուներ վթարային լուսավորման համար
ԳՕՍՏ 12.2.007.13 Աշխատանքի անվտանգության ստանդարտների
համակարգ. Լամպեր էլեկտրական. Անվտանգության
պահանջներ
Շարժական էլեկտրաընդունիչներ
ԳՕՍՏ Ռ 50783-95 Էլեկտրաագրեգատներ և շարժական
էլեկտրակայաններ ներքին այրման շարժիչներով.
Ընդհանուր տեխնիկական պահանջներ
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 1029-2-4-96 Մեքենաներ շարժական. Սեղանի հղկման
մեքենաներին վերաբերող անվտանգության
մասնավոր պահանջներ և փորձարկման մեթոդներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան