Գլխավոր տեղեկություն
Номер
N 133-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.03.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.28/13(537) Հոդ.279
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2007
Дата вступления в силу
10.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 133-Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ` ԿԱՊՎԱԾ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ՀԵՏ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թանկարժեք մետաղների ջարդոնների և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքի կարգը` կապված հարգորոշման և (կամ) հարգադրոշմման հետ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 8
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 1-ի N 133-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ՀԵՏ

1. Սույն կարգով կարգավորվում է թանկարժեք մետաղների ջարդոնների և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքը` կապված հարգորոշման և (կամ) հարգադրոշմման հետ:

2. Սույն կարգում նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով`

ա) թանկարժեք մետաղների ջարդոն (այսուհետ` ջարդոն)` թանկարժեք մետաղների կտորներ` տարբեր ձևի և չափի, որոնք առաջացել են ոսկերչական իրերի մաշվածության կամ ձևախախտման արդյունքում, թանկարժեք մետաղներից պատրաստվող իրերի արտադրության ընթացքում առաջացած կտորներ, գնդիկներ, տաշեղներ, լաբորատոր ամանեղենի կտորներ, առանձին մասեր, տաշեղներ, գնդիկներ, ոչ նպատակային նշանակության և անօգտագործելի հանդիսացող թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր, անընթեռնելի մետաղադրամներ և այլ նմանատիպ առարկաներ.

բ) թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքներ (այսուհետ` նախապատրաստվածք)` թանկարժեք մետաղներից պատրաստվող իրերի արտադրական գործընթացը չավարտված, իրերի վերջնական տեսք չստացած ձուլվածքներ, դրոշմվածքներ, գլանվածքներ, թիթեղներ` տարբեր ձևի և տեսքի, կռած և կոփած առարկաներ, որոնք պիտանի և անհրաժեշտ են որոշ արտադրական գործընթաց կատարելուց հետո պատրաստի իր ստանալու համար:

3. Ջարդոնները և նախապատրաստվածքները հարգորոշվում ու հարգադրոշմվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխան:

4. Ջարդոնների և նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարգերով հարգադրոշմների առկայության դեպքում` բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքի:

5. Այն ջարդոնների և նախապատրաստվածքների, որոնք հնարավոր չէ հարգադրոշմել` կախված իրենց կառուցվածքից և չափերից, մանրածախ առուվաճառքն իրականացվում է միայն հարգորոշումից հետո` փակ և կապարակնքված տուփերով: Տուփը պետք է լինի այնպիսին, որպեսզի հնարավոր լինի այն բացել միայն կոտրելու կամ կապարակնիքը վնասելու դեպքում: Կապարակնիքին պետք է ամրացված լինի մետաղյա թիթեղ (բայց ոչ երկաթյա), որի վրա պետք է գրված լինի «կապարակնիք» բառը, որից հետո պետք է նշված լինեն տուփում պարունակվող ջարդոնի և նախապատրաստվածքի հարգը հավաստող հարգադրոշմը, լիգատուրային քաշը, որը պետք է գրված լինի քերծվածքային տարբերակով, և այն լիցենզավորված անձի տարբերանիշը, որն իրականացրել է հարգորոշում:

6. Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարգերին և հարգադրոշմներին չհամապատասխանող հարգեր և հարգադրոշմներ ունեցող ջարդոնների ու նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքն իրականացվում է միայն հարգորոշումից և Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարգերով հարգադրոշմումից հետո:

7. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ջարդոնների և նախապատրաստվածքների տուփի ու կապարակնիքի վնասված չլինելու պարագայում տուփում պարունակվող ջարդոնի և նախապատրաստվածքի կապարակնիքին ամրացված մետաղյա թիթեղի վրա նշված հարգին անհամապատասխանության դեպքում` լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով և չափով կրում է պատասխանատվություն:

8. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ջարդոնների և նախապատրաստվածքների տուփի ու կապարակնիքի վնասված լինելու պարագայում տուփում պարունակվող ջարդոնի և նախապատրաստվածքի կապարակնիքին ամրացված մետաղյա թիթեղի վրա նշված հարգին անհամապատասխանության դեպքում` մանրածախ առուվաճառք իրականացնող անձն օրենքով սահմանված կարգով և չափով կրում է պատասխանատվություն:

9. Ջարդոնների և նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքի նկատմամբ վերահսկողությունը և ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան