Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-658
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
31.10.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
31.10.2006
Дата вступления в силу
31.10.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ, ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ՃԱՆԱՉՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

31 հոկտեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1996 թվականի հոկտեմբերի 19-ին Հաագայում ստորագրված` Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ և վերապահումներով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության  հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով  կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիայի նպատակներն են.

ա. որոշել այն պետությունը, որի մարմինները լիազորված են ձեռնարկելու երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցներ,

բ. որոշել այն իրավունքը, որը կիրառվելու է այդպիսի մարմինների կողմից` իրենց լիազորություններն իրականացնելու ժամանակ,

գ. որոշել այն իրավունքը, որը կիրառվելու է ծնողական պարտականության նկատմամբ,

դ. ապահովել պաշտպանության նման միջոցների ճանաչումը և իրականացումը բոլոր պայմանավորվող պետություններում,

ե. հաստատել այնպիսի համագործակցություն պայմանավորվող պետությունների մարմինների միջև, որը կարող է անհրաժեշտ լինել սույն կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:

2. Կոնվենցիան կիրառվում է երեխաների նկատմամբ` նրանց ծննդյան պահից սկսած մինչև 18 տարին լրանալը:

3. Կոնվենցիան չի կիրառվում.

ա. երեխա-ծնող հարաբերությունների հաստատման կամ վիճարկման հարցերում,

բ. որդեգրման մասին որոշումների, որդեգրման նախապատրաստման միջոցառումների կամ որդեգրումը դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցերում,

գ. երեխայի անվան և ազգանվան հարցերում,

դ. էմանսիպացիայի հարցերում,

ե. ալիմենտային պարտավորության հարցերում,

զ. կտակի կամ ժառանգության հարցերում,

է. սոցիալական ապահովագրության հարցերում,

ը. կրթության կամ առողջապահության հարցերով ընդհանուր բնույթի հանրային միջոցառումների հարցերում:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

-ապահովել, որպեսզի կոնվենցիայի համաձայն երեխայի անձի կամ սեփականության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու իրավասություն ունեցող Հայաստանի Հանրապետության մարմինները հրաժարվեն իրավասությունն իրականացնելուց, եթե դատավարությունն սկսելու պահին կոնվենցիայի համաձայն իրավասություն ունեցող մյուս պայմանավորվող պետության մարմիններին ներկայացվել է համապատասխան միջոցների վերաբերյալ հարցում, որը դեռևս ենթակա է քննարկման, բացառությամբ այն դեպքերի, երբ այն մարմինը, որին ներկայացվել են այդ միջոցների վերաբերյալ հարցումները, հրաժարվել է իրավասությունից (հոդված 13),

-օրենքի ուժով ճանաչել կոնվենցիայի մասնակից այլ պետությունների մարմինների կողմից կոնվենցիայի շրջանակներում ձեռնարկված միջոցները (հոդված 23, կետ 1),

-նշանակել Կենտրոնական մարմին` նման մարմինների վրա կոնվենցիայով դրված պարտականություններն իրականացնելու նպատակով (հոդված 29, կետ 1),

-ապահովել, որպեսզի ՀՀ կենտրոնական մարմինը համագործակցի այլ պայմանավորվող պետությունների կենտրոնական մարմինների հետ և խթանի համագործակցությունը ՀՀ և այլ պետությունների  իրավասու մարմինների միջև` կոնվենցիայի նպատակներին հասնելու համար (հոդված 30, կետ 1),

-ապահովել, որպեսզի ՀՀ կենտրոնական մարմինը, կոնվենցիայի կիրառման հետ կապված, ձեռնարկի համապատասխան քայլեր  երեխայի պաշտպանությանն առնչվող՝ ՀՀ օրենսդրության և հնարավոր ծառայությունների մասին այլ պայմանավորվող պետությունների կենտրոնական մարմիններին տեղեկատվության տրամադրման համար (հոդված 30, կետ 2),

-կոնվենցիայի համաձայն հավաքված կամ փոխանակված անձնական տվյալներն օգտագործել միայն այն նպատակներով, որի համար դրանք հավաքվել կամ փոխանակվել են (հոդված 41),

-ապահովել, որպեսզի կոնվենցիայի մասնակից պետության Կենտրոնական մարմնին կամ մեկ այլ մարմնին ուղարկված հաղորդակցությունը լինի ՀՀ պաշտոնական լեզվով և ուղեկցվի տվյալ պետության պաշտոնական լեզվով կամ լեզուներից որևէ մեկով թարգմանությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` անգլերենով (հոդված 54):

5. Կոնվենցիան միանալու է ներկայացվում 34-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ հայտարարությամբ, համաձայն որի` կոնվենցիայի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարցումները ՀՀ մարմիններին պետք է փոխանցվեն միայն ՀՀ կենտրոնական մարմնի միջոցով: Միաժամանակ, օգտվելով կոնվենցիայի 60-րդ հոդվածով ընձեռված` վերապահումներ կատարելու իրավունքից, Հայաստանի Հանրապետությունն իր մարմիններին իրավասություն է վերապահում մերժել ֆրանսերենի օգտագործումը կոնվենցիայի շրջանակներում ուղարկված հաղորդակցություններում, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել երեխայի այն անշարժ գույքի և պետական գրանցման ենթակա այլ գույքի սեփականության պաշտպանության համար, որը գտնվում է ՀՀ տարածքում և չճանաչել որևէ ծնողական պարտականություն կամ միջոց` այնքանով, որքանով դա անհամատեղելի է այդ սեփականության հետ կապված` ՀՀ մարմինների կողմից ձեռնարկված որևէ միջոցի հետ:

6. Կոնվենցիան կիրառվում է միայն այն միջոցների նկատմամբ, որոնք ձեռնարկվել են կոնվենցիան տվյալ պետության համար ուժի մեջ մտնելուց հետո: Ձեռնարկված միջոցների ճանաչման և իրականացման նկատմամբ կոնվենցիան  կիրառվում է այն բանից հետո, երբ  այն ուժի մեջ է մտնում միջոցներ ձեռնարկող և հայցվող պետությունների միջև:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  օրենքի 63 և 64 հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1996 թվականի հոկտեմբերի 19-ին Հաագայում ստորագրված՝ Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ և վերապահումներով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


31 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-658

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան