Գլխավոր տեղեկություն
Номер
N 1735-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.01.2007-20.12.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1388
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.12.2006
Дата вступления в силу
04.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1735-Ն

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ՄԱՆԿԱՏՈՒՆ, ԳԻՇԵՐՕԹԻԿ) ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների տեղավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների տեղավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում`

ա) հաստատել երեխային մանկատանը տեղավորելու և դուրս գրելու մասին եզրակացության ու երեխային երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու և դուրս գրելու մասին եզրակացության ձևերն ու երեխաների հաշվառման մատյանի ձևը.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել երեխաներին մանկատանը տեղավորելու բժշկական ժամանակավոր հակացուցումների ցանկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետը` 2007 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 9-ի N 1735-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ (ԱՆԿԱԽ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԻՑ) ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ

 

1. Մանկատունը (անկախ կազմակերպական-իրավական ձևից) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն ապահովում է մինչև 18 տարեկան` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների (այսուհետ` երեխա) սոցիալական վերականգնումը՝ նրանց մշտական խնամքն ու դաստիարակությունը, ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` մինչև նրանց կենսաբանական ընտանիք վերադարձնելը կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը:

2. Երեխաները մանկատանը տեղավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ սահմանված ընդունելության չափանիշներին համապատասխան:

3. Մանկատանը չեն կարող տեղավորվել բժշկական ժամանակավոր հակացուցումներ ունեցող երեխաները:

4. Մանկատանը տեղավորվում են երեխաներ՝

ա) բժշկական հաստատություններից,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններից (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն),

գ) ընտանիքներից,

դ) երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններից:

5. Խնամակալության և հոգաբարձության մարմինը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալուց հետո 3 օրվա ընթացքում անցկացնում է երեխայի կյանքի պայմանների հետազոտություն, երեխայի ծնողների կամ ազգականների կողմից երեխայի խնամքի բացակայության փաստի բացահայտման դեպքում ապահովում է երեխաների ժամանակավոր տեղավորումը` դրա մասին տեղեկացնելով մարզպետարանին (Երևանի քաղաքապետարանին):

6. Խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի կյանքի պայմանների հետազոտության ընթացքում նախապատրաստում և մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) ծննդյան վկայականը (բնօրինակը) կամ երեխայի հայտնաբերման մասին արձանագրությունը,

բ) բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին (առկայության դեպքում),

գ) բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին (առկայության դեպքում),

դ) ծնողների մահվան վկայականը կամ ծնողներին ծնողական իրավունքից զրկելու կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող, կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, կամ ծնողների` կալանավայրում կամ նախնական քննության ընթացքում կալանքի տակ կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու մասին տեղեկանքը (տրված համապատասխան մարմինների կողմից), կամ ծնողական իրավունքներից ինքնակամ հրաժարվելու և որդեգրության հանձնելու մասին ծնողների (կամ միակ ծնողի) գրավոր հայտարարագիրը` վավերացված նոտարի կողմից` պահպանելով դրա գաղտնիությունը (առկայության դեպքում),

ե) ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը և ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում),

զ) տեղեկանք դպրոց հաճախելու մասին` դպրոցահասակ երեխաների համար,

է) տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին (բնակության վայրը հայտնի լինելու դեպքում):

7. 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարը հայտնաբերված երեխայի ծնողներին (կամ ծնողին) հայտնաբերելու կամ չհայտնաբերելու մասին գրավոր տեղեկացնում է այն հաստատությանը, որտեղ գտնվում է երեխան:

8. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունները և 6-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում իրականացնում է երեխայի բժշկական և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն և տալիս եզրակացություն երեխային մանկատանը տեղավորելու մասին:

9. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

10. Նախարարությունը մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված եզրակացության և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հիման վրա` եռօրյա ժամկետում երեխային ուղեգրում է համապատասխան մանկատուն: Սույն կարգի 8-րդ կետում նշված եզրակացությունն օրենսդրորեն հիմնավորված չլինելու դեպքում նախարարությունը երեխայի փաստաթղթերը հետ է ուղարկում մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

11. Մանկատանը տեղավորման ենթակա նույն ընտանիքի երեխաները (քույրեր և եղբայրներ) տեղավորվում են միևնույն մանկատանը` բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական ժամանակավոր հակացուցումներով այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն անհնար է իրականացնել միասին:

12. Բժշկական հաստատություններից և երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններից երեխաներն անմիջապես տեղավորվում են մանկատան համապատասխան խմբում, իսկ ընտանիքներից և Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններից՝ մանկատան մեկուսարանում: Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերված երեխան մանկատանը տեղավորվում է հայտնաբերման օրը, որի մասին տեղեկացվում է երեխայի հայտնաբերման վայրի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովին:

13. Երեխայի ընդունելությունը մանկատուն ձևակերպվում է տնօրենի հրամանով:

14. Մանկատանը տեղավորված երեխաների մասին տեղեկությունները գրանցվում են մանկատան հաշվառման մատյանում, որը համարակալվում, թելակարվում և հաստատվում է մանկատան կնիքով:

15. Մանկատան հաշվառման մատյանում գրանցվում են երեխայի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) անունը, ազգանունը, հայրանունը (ընկեցիկ երեխայի համար` ընկեցիկ երեխայի հայտնաբերման մասին արձանագրության համարը, տարեթիվը, ամիսը, օրը),

բ) ծննդյան տարեթիվը, վայրը,

գ) սեռը,

դ) երեխայի վերջին բնակության վայրը (եթե հայտնի է),

ե) մինչև մանկատանը տեղավորելը` երեխայի հայտնաբերման վայրը,

զ) տեղեկություններ երեխայի ծնողների կամ ազգականների մասին (առկայության դեպքում),

է) երեխային մանկատանը տեղավորելու պատճառները,

ը) երեխային մանկատուն ընդունելու և դուրս գրելու ամսաթվերը,

թ) երեխային բացահայտած խնամակալության և հոգաբարձության մարմնի մասին տվյալները:

16. Երեխայի մասին տվյալները մանկատան հաշվառման մատյանում լրացվում են անձը հաստատող փաստաթղթի, իսկ դրա բացակայության դեպքում` երեխայի բանավոր հայտարարության հիման վրա: Երեխայի մասին տվյալների գրանցման ժամանակ նշվում է տվյալների աղբյուրը:

17. Երեխայի մասին տվյալները նրա բանավոր հայտարարության կամ ընկեցիկ երեխայի հայտնաբերման մասին արձանագրության հիման վրա գրանցելու դեպքում նշվում են նաև երեխայի անհատականացման հնարավոր նշանները` սեռը, մոտավոր տարիքը, մազերի ու աչքերի գույնը և այլ անհատականացման նշաններ:

18. Մանկատուն ընդունված երեխայի համար լրացվում է բժշկական քարտ, որում գրանցվում են նրա անձնական տվյալները, կատարված առաջին բուժզննության հիման վրա իրականացված կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև մանկատանը գտնվելու ժամանակաընթացքում ցույց տրված բժշկական օգնությունը:

19. Մանկատուն ընդունված յուրաքանչյուր երեխայի համար ստեղծվում է գործ, որում պահվում են մանկատան ղեկավարի հրամանը, բժշկական քարտը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, երեխայի փաստաթղթերի բնօրինակները: Գործերի համարները պետք է համընկնեն մանկատան հաշվառման մատյանում գրանցված երեխաների հաշվառման համարներին: Երեխայի դուրս գրվելուց կամ այլ մանկատուն տեղափոխվելուց, կամ որդեգրվելուց հետո գործերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով:

20. Մանկատանը տեղավորված յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիր, և հետագայում երեխայի խնամքը կազմակերպվում է ծրագրին համապատասխան, որը վերանայվում է յուրաքանչյուր տարի:

21. Երեխաները մի մանկատնից այլ մանկատուն տեղափոխվում են տվյալ պահին երեխայի գտնվելու մանկատան ղեկավարության առաջարկությամբ` հաշվի առնելով երեխայի տարիքը և առողջական վիճակը: Երեխան մի մանկատնից այլ մանկատուն տեղափոխվում է նախարարության վերաուղեգրման միջոցով:

22. Երեխային մի մանկատնից այլ մանկատուն տեղափոխելիս` համապատասխանաբար փոխանցվում են երեխային վերաբերող բոլոր փաստաթղթերը:

23. Մանկատանը տեղավորված երեխային ծնողներին են վերադարձնում նրանց դիմումի և ծնողների բնակության վայրի մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) եզրակացության հիման վրա, որի մեկական օրինակը տրվում է նախարարությանը և երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

24. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) կամ խնամակալության և հոգաբարձության մարմինը մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնում է այն մասին, որ, եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք՝ օրենքով սահմանված կարգով:

25. Մանկատանը տեղավորված երեխային բուժման նպատակով հիվանդանոցում կամ առողջարանում տեղավորելիս՝ մանկատան տնօրինությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է նրա ծնողներին կամ հարազատներին, եթե կան:

26. Երեխան կարող է մանկատնից դուրս գրվել` մինչև նրա 18 տարին լրանալը` նրան կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու, կամ այլ մանկատուն տեղափոխելու, կամ նրան խնամատար ընտանիք` դաստիարակության հանձնելու դեպքերում:

27. Մանկատնից երեխայի դուրսգրման մասին համապատասխան գրառումներ են կատարվում մանկատան հաշվառման մատյանում:

28. Որդեգրման հանձնված երեխայի դուրսգրման դեպքում մանկատան հաշվառման մատյանում նշվում է միայն «որդեգրված» բառը, իսկ նրան վերաբերող փաստաթղթերը (երեխայի առողջության մասին բժշկական փաստաթղթերը, անձնական գործը, երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի պատճենը և այլն) պահվում են չհրկիզվող պահարանում` առանձին կնքված ծրարով, և հրապարակման ենթակա չեն:

29. Մանկատանը երեխաների խնամքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և մանկատներում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 9-ի N 1735-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ

 

1. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը (այսուհետ` գիշերօթիկ հաստատություն) իրականացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, սոցիալապես անապահով ընտանիքի` 6-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը:

2. Երեխաները գիշերօթիկ հաստատությունում տեղավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ սահմանված ընդունելության չափանիշներին համապատասխան:

3. Գիշերօթիկ հաստատությունը կազմակերպում է երեխայի կրթությունը մոտակա հանրակրթական դպրոցում:

4. Երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը երեխայի բնակության վայրի մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) ծննդյան վկայական (բնօրինակը և պատճենը),

գ) բժշկական տեղեկանքներ երեխայի առողջական վիճակի մասին,

դ) բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին,

ե) տեղեկանք ընտանեկան նպաստի իրավունք ունենալու մասին (առկայության դեպքում),

զ) ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

է) տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին:

5. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը), սույն կարգի 4-րդ կետի «ե» ենթակետով սահմանված տեղեկանքի բացակայության դեպքում, 3 օրվա ընթացքում դիմում է երեխայի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն` երեխայի ընտանիքի անապահովության գնահատում իրականացնելու և սոցիալական աջակցության խորհրդի կողմից առաջարկություն ստանալու համար:

6. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հիման վրա 5 օրվա ընթացքում կատարում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն և տալիս եզրակացություն երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին:

7. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին եզրակացությունը և սույն կարգի 4-րդ ու 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

8. Նախարարությունը մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից ստացված եզրակացության և փաստաթղթերի հիման վրա եռօրյա ժամկետում երեխային ուղեգրում է գիշերօթիկ հաստատություն` կցելով երեխային վերաբերող բոլոր փաստաթղթերը: Սույն կարգի 6-րդ կետում նշված եզրակացությունն օրենսդրորեն հիմնավորված չլինելու դեպքում նախարարությունը երեխայի փաստաթղթերը հետ է ուղարկում մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

9. Գիշերօթիկ հաստատությունում տեղավորման ենթակա նույն ընտանիքի երեխաները (քույրեր և եղբայրներ) տեղավորվում են միևնույն հաստատությունում` բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական հակացուցումներով այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն անհնար է իրականացնել միասին:

10. Երեխայի ընդունելությունը գիշերօթիկ հաստատություն ձևակերպվում է տնօրենի հրամանով:

11. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ, եթե նրանք խուսափեն իրենց երեխային այցելելուց կամ հանգստյան և տոն օրերին կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահելուց, ապա երեխան կարող է տեղափոխվել մանկատուն կամ հանձնվել ընտանիք` դաստիարակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց ծնողներին լրացուցիչ տեղեկացնելու:

12. Գիշերօթիկ հաստատությունում տեղավորված երեխային բուժման նպատակով հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության դեպքում տնօրինությունը դրա մասին անհապաղ տեղեկացնում է երեխայի ծնողներին:

13. Գիշերօթիկ հաստատությունում տեղավորված երեխան գիշերօթիկ հաստատությունից դուրս է գրվում ծնողների դիմումի և ծնողների բնակության վայրի մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) եզրակացության հիման վրա, որի մեկ օրինակը տրվում է նախարարությանը:

14. Գիշերօթիկ հաստատությունում երեխաների խնամքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և մանկատներում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան