040.0325.07.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
7 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 1997 թվականի N 325
քաղ. Երևան
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 6-ի «Զինվորական ծառայության նախապատրաստվող անձանց առողջարարական և բուժական միջոցառումների մասին» N 121 որոշման 1-ին կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել այն հիվանդությունների ցանկը, որոնցով տառապող անձինք ազատվում կամ տարկետում են ստանում ժամկետային զինվորական ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգի համաձայն բժշկական հսկողության և հաշվառման ենթակա են նախազորակոչային (16-17 տարեկան) և զորակոչային (18-20 տարեկան) տարիքի արական սեռի բոլոր անձինք:
2. 15 տարին լրացած արական սեռի անձինք բժշկական հաշվառման են վերցվում պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում ընդհանուր պրակտիկայի թերապևտի կողմից` ըստ բնակության վայրի:
3. 15 տարին լրացած, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց` պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում պետական պատվերի շրջանակներում կատարվող բժշկական քննությունները (համաձայն հավելվածի) կազմակերպում են ընդհանուր պրակտիկայի թերապևտները:
4. Ընդհանուր պրակտիկայի թերապևտն իրականացնում է իր կողմից հաշվառման վերցված 15 տարին լրացած, ինչպես նաև նախազորակոչային տարիքի անձանց պարբերական բժշկական քննությունը` դրանց անցկացման ժամանակացույցը համաձայնեցնելով զինվորական կոմիսարիատի, ուսումնական հաստատությունների, անհրաժեշտության դեպքում` տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների հետ:
5. Պարբերական բժշկական քննության ընթացքում հիվանդություն կամ ֆիզիկական թերզարգացում հայտնաբերելու դեպքում 15 տարին լրացած, ինչպես նաև նախազորակոչային տարիքի անձինք ընդհանուր պրակտիկայի թերապևտի կողմից վերցվում են առանձին հաշվառման: Նշված անձանց բուժումը կատարվում է պետական պատվերի շրջանակներում: Հիվանդանոցային պայմաններում բուժումը կազմակերպելու համար հիմք է հանդիսանում ընդհանուր պրակտիկայի թերապևտի կողմից տրված և պոլիկլինիկայի կամ ամբուլատորիայի տնօրենի կողմից կնքված ուղեգիրը:
6. Մինչև զորակոչը տարածքային զինվորական կոմիսարիատը պոլիկլինիկաների կամ ամբուլատորիաների հետ ճշտում է զորակոչի ենթակա անձանց ցուցակները, որոնց հիման վրա պոլիկլինիկաները կամ ամբուլատորիաները զորակոչիկների բժշկական քարտերն ուղարկում են կոմիսարիատ` զորակոչիկների բժշկական քննության անցկացման համար:
7. Զորակոչիկների բժշկական քննության ավարտից հետո զինվորական կոմիսարիատը հիվանդ զորակոչիկների քարտերը վերադարձնում է պոլիկլինիկա կամ ամբուլատորիա` կցելով այն անձանց ցուցակները, որոնք`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինվորական ծառայության համար լիովին ոչ պիտանի և հանվել զինվորական հաշվառումից.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի և որոնց տրվել է տարկետում` 3 տարի ժամկետով.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի և որոնց տրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով:
8. Զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Բուժման համար հիմք է հանդիսանում զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված և զինվորական կոմիսարի կողմից կնքված ուղեգիրը:
9. 15 տարին լրացած, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար պատասխանատվությունը կրում են պոլիկլինիկաների կամ ամբուլատորիաների տնօրենները:
10. Սույն կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Հավելված |
Պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում պետական պատվերի շրջանակներում կատարվող բժշկական քննությունները
| ||||
Տարիքը |
Մասնագետները |
Հետազոտությունները | ||
| ||||
15 տարեկան պատանիներ | Ընդհանուր պրակտիկայի թերապևտ |
Ընդհանուր բժշկական զննում, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա) | ||
16 տարեկան անձինք (նախազորակոչային տարիք) |
Ընդհանուր պրակտիկայի թերապևտ, վիրաբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ մաշկավեներաբան |
Համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլյուորոգրաֆիա, արյան խումբ, RH, ցուցումների դեպքում` մեզի և արյան կլինիկական քննություն | ||
17 տարեկան անձինք (նախազորակոչային տարիք) |
Ընդհանուր պրակտիկայի թերապևտ |
Համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա) | ||
18 տարեկան անձինք (զորակոչային տարիք) |
Ընդհանուր պրակտիկայի թերապևտ, վիրաբույժ, ակնաբույժ քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ, մաշկավեներաբան |
Համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլյուորոգրաֆիա, ՄՊՌ, արյան խումբ, RH, արյան և մեզի ընդհանուր քննություն |
(հավելվածը խմբ. 08.05.99 N 300)
(կարգը խմբ. 08.05.99 N 300)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.05.2002, N 634 | 29.06.2002, N 325 | |
08.05.1999, N 300 | 08.05.1999, N 325 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|