Գլխավոր տեղեկություն
Номер
N 1285
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.2003-07.10.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.44
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2001
Дата вступления в силу
28.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.2011

040.1285.27.12.01

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2001 թվականի N 1285

քաղ. Երևան

 

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիայի ձևը (կցվում է):

2. Ուժը  կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 616 որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1285 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն  կարգով կարգավորվում են անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի (այսուհետև՝ կառավարիչ) մասնագիտական որակավորման ստուգման և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում կառավարչի մասնագիտական որակավորման ստուգման ու լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով, այլ օրենքներով և սույն կարգով:

3. Կառավարչի մասնագիտական որակավորման ստուգումն ու լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն), իսկ կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան (այսուհետև՝ լիցենզիա) ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

4. Կառավարչի մասնագիտական  որակավորման ստուգման և լիցենզիա ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և լիցենզավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարի աշխատել են որպես կազմակերպության ղեկավար, ղեկավարի տեղակալ կամ վարել են կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման ու ղեկավարման հետ կապված այլ պաշտոններ կամ էլ տնտեսագիտության կամ իրավագիտության բնագավառում կատարել են մասնագետի, գիտական աշխատողի, դասախոսի աշխատանք:

5. Լիցենզիան բարդ ընթացակարգով և անժամկետ տրվող պաշտոնական փաստաթուղթ է:

6. Լիցենզիան տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

8. Լիցենզիան, լիցենզիա տալը մերժելը, լիցենզիան վերաձևակերպելը, լիցենզիայի կրկնօրինակ տալը, լիցենզիայի գործողությունը կասեցնելը կամ դադարեցնելը, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելը ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններով:

 

II. Լիցենզիա ստանալու նպատակով մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

9. Լիցենզիա ստանալու նպատակով մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար հայտատուն նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) հայտ՝ նշելով՝

հայտատուի ազգանունը, անունը, անձնագրի սերիան ու համարը, բնակության

վայրը և հեռախոսահամարը,

դիմումին կից փաստաթղթերի ցանկը.

բ) ինքնակենսագրություն.

գ) սահմանված ձևով վավերացված աշխատանքային գրքույկի պատճենը կամ սույն կարգի 4-րդ կետի պահանջները հավաստող համապատասխան փաստաթուղթ.

դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված բանկի և վարկային կազմակերպության ադմինիստրացիայի ղեկավարի որակավորման վկայական ունեցող հայտատուն՝ այդ վկայականի պատճենը:

(9-րդ կետը լրաց. 28.11.02 N 2017-Ն)

10. Հայտատուն իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. Մասնագիտական որակավորման ստուգման կարգը

 

11. Հայտատուի մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով):

12. Սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը նախարարություն ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օր հետո հանձնաժողովն իրականացնում է հայտատուի մասնագիտական որակավորման ստուգումը:

13. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով հայտատուն պատասխանում է թեսթային հարցերին և լուծում մասնագիտական հարցեր պարունակող 3 խնդիր բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված բանկի և վարկային կազմակերպության ադմինիստրացիայի ղեկավարի որակավորման վկայական ունեցող անձանց, որոնց մասնագիտական որակավորման ստուգումն իրականացնում է հանձնաժողովը՝ հարցազրույցի միջոցով:

(13-րդ կետը լրաց. 28.11.02 N 2017-Ն)

14. Թեսթային հարցաշարը բաղկացած է 70 հարցից, որոնցից 30-ը իրավաբանական, իսկ 40-ը տնտեսագիտական ոլորտին (կառավարում, միկրոէկոնոմիկա և այլն) վերաբերող հարցեր են: Թեսթային հարցաշարի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ բալ, իսկ յուրաքանչյուր խնդիր՝ 10 բալանոց համակարգով:

15. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր, հայերենով, որի համար հատկացվում է 150 րոպե ժամանակ:

Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ չի թույլատրվում օգտվել փաստաթղթերից և տեխնիկական միջոցներից:

16. Մասնագիտական որակավորման ստուգման թեսթային հարցաշարը և խնդիրները հայտատուին են տրամադրվում ստուգման անցկացումից անմիջապես առաջ:

17. Մասնագիտական որակավորման ստուգման թեսթային հարցաշարի և խնդիրների կազմմանը վերաբերող հարցերն ու թեմաները ենթակա են պարտադիր հրապարակման՝ ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:

18. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուին պատշաճ ձևով տեղեկացվում է նշված ստուգման անցկացումից առնվազն 7 օր առաջ:

19. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել՝ չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը:

20. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նա առնվազն 65 թեսթային հարցին պատասխանել է ճիշտ, իսկ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից խնդիրների պատասխանները գնահատվել են առնվազն 24 բալ:

21. Հանձնաժողովն ստուգման արդյունքներն ամփոփում է դռնփակ:

22. Հայտատուին պատշաճ ձևով տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների մասին՝ դրա անցկացումից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում:

23. Մասնագիտական որակավորման ստուգմանն անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում դիմողի հայտը մերժվում է, ինչի մասին վերջինս տեղեկացվում է եռօրյա ժամկետում:

24. Մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցությունը մերժվում է, եթե՝

ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) դիմողն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

դ) եթե դիմողի տվյալները չեն բավարարում սույն կարգի 4-րդ կետի պահանջները:

25. Հայտում կամ դրան կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալներ, վրիպակներ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում հայտատուին տեղյակ է պահվում մասնագիտական որակավորման ստուգման  անցկացման  օրվանից  ոչ  ուշ,  քան 7 օր առաջ:

Հայտատուն կարող է մասնակցել մասնագիտական որակավորման ստուգմանը,  եթե ստուգման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ վերացրել է նշված թերությունները:

Նշված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում հանձնաժողովը եռօրյա ժամկետում մերժում է հայտը՝ դրա մասին հայտնելով հայտատուին:

26. Մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

27. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված մասնագիտական որակավորման ստուգումները կարող են ճանաչվել անվավեր՝ դատական կարգով:

 

IV. Լիցենզիա տալը ԵՎ լիցենզիա տալը մերժելը

 

28. Մասնագիտական որակավորման ստուգում անցած անձին մասնագիտական որակավորման վկայականի հետ միաժամանակ հանձնվում է լիցենզիա:

29. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուն չի ստացել մասնագիտական որակավորման վկայական՝ սույն կարգով սահմանված կարգով:

 

V. Լիցենզիայի գործողության կասեցումը ԵՎ դադարեցումը: Հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման, մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների բողոքարկումը

 

30. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել:

Լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքերը և կարգը սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

31. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման հայտերի մերժման մասին որոշումը, ինչպես նաև մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով:

 

 

Հաստատված է
ՀՀ  կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N1285 որոշմամբ

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

01 Ա  N  00000

 

Տրվում է ______________________________________________________

(անունը, ազգանունը)


Բնակության վայրը ________________________________________________

Գործողության ժամկետը՝ անժամկետ:

Նախարար ____________________________________

(ստորագրությունը)


_______  _____________________ 200  թ.

Կ.Տ.