Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-659
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
31.10.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
31.10.2006
Дата вступления в силу
31.10.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
 

Քաղ. Երևան

31 հոկտեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի  (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի  հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2006 թվականի սեպտեմբերի 12-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թ. հուլիսի 5-ին` Թեհրանում և նպատակ ունի  ձևավորել ու զարգացնել կապը երկու երկրների իրավասու մարմինների  միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական համագործակցության բնագավառում` կապված քրեական և քաղաքացիական գործերի հետ:

2. Այդ նպատակի շրջանակներում Հայկական կողմը պարտավորվում է`

1) Իրանական կողմին տրամադրել իրավական օգնություն, որը ներառում է դատավարական բոլոր այն գործողությունները, որոնք ենթակա են կատարման  ինչպես հետաքննություն և նախաքննություն իրականացնող, այնպես էլ դատական մարմինների  կողմից, դրա հետ կապված հաղորդակցությունն իրականացնելով դիվանագիտական ուղիներով,

2) իրավական օգնություն տրամադրելիս ղեկավարվել ներպետական օրենսդրությամբ, այնուհանդերձ, չբացառելով հայցող Կողմի ցանկության դեպքում հատուկ կանոնի և ընթացակարգի կիրառումը` պայմանով, որ դրանք չեն հակասի ՀՀ «ինքնիշխան կառավարման օրենքներին», 

3) ապահովել` ա)  որպեսզի օգնություն ցուցաբերելուց հետո ՀՀ իրավասու մարմինը, իրավական օգնության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի հետ մեկտեղ Իրանական կողմին վերադարձնի վերջինիս տրամադրած տեղեկանքներն ու փաստաթղթերը, բ) որպեսզի ՀՀ իրավասու մարմնի կողմից փոխանցված փաստաթղթերի ստացականները կազմված լինեն ՀՀ տարածքում գործող կանոնակարգերին համապատասխան,

4) անհրաժեշտության դեպքում դատաքննությանը ներգրավել մյուս Կողմի վկային կամ փորձագետին, այդ ընթացքում ապահովելով նրանց անձեռնմխելիությունը, ինչպես նաև հրավիրված անձի չներկայանալու դեպքում բացառել հարկադրանքի միջոցների կիրառումը,

5) հայցվող Կողմ հանդիսանալու դեպքում կրել իրավական օգնություն ցույց տալու հետ կապված բոլոր ծախսերը,

6) հայցող Կողմի քաղաքացիներին տրամադրել անվճար իրավական օգնություն ստանալու հնարավորություն նույն ծավալով, ինչ և իր քաղաքացիներին,

7) մյուս Կողմի քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձի գործունակությունը որոշել ըստ այդ Կողմի օրենսդրության։

8) Նախատեսված են նաև երեխայի որդեգրման և խնամակալության, անգործունակ քաղաքացիների խնամակալության և հոգաբարձության հետ կապված հարցերը, ինչպես նաև քրեական հետապնդում հարուցելու, հանցագործության կատարումից ստացված սեփականության և եկամուտների ճակատագրի որոշման կարգը։

9) Կողմերը պարտավորվում են ճանաչել և կատարել միմյանց իրավասու դատական մարմինների վերջնական և օրինական ուժի մեջ մտած ակտերը։

3. Համաձայնագրում նախատեսված` Հայաստանի Հանրապետության ստանձնած բոլոր պարտավորությունները փոխադարձ են և համահունչ այլ պետությունների հետ հարաբերությունների փոխշահավետության սկզբունքին, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի  հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


31 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-659