ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԹԻՎ 12
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,
հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, ըստ որի բոլորը հավասար են օրենքի առջև և օրենքի հավասար պաշտպանության իրավունք ունեն,
վճռական լինելով ձեռնարկել հետագա քայլեր, զարգացնել բոլոր անձանց հավասարությունը 1950 թվականին նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) խտրականության ընդհանուր արգելքի կոլեկտիվ երաշխավորման միջոցով,
վերահաստատելով, որ ոչ խտրականության սկզբունքը չի խոչընդոտում մասնակից պետությունների կողմից լիակատար և արդյունավետ հավասարությունը զարգացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն` պայմանով, որ այդ միջոցառումների իրականացման համար գոյություն ունի օբյեկտիվ և հիմնավոր արդարացում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1. Խտրականության համընդհանուր արգելումը
1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության:
2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով:
Հոդված 2. Տարածքային կիրառումը
1. Ցանկացած պետություն կարող է ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման հայտարարագրերը ի պահ տալիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ Արձանագրությունը կիրառվելու է։
2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է նրանում նշված այս կամ այն տարածքին, կարող է փոփոխվել կամ չեղյալ հայտարարվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Չեղյալ հայտարարելը կամ փոփոխությունն ուժի մեջ են մտնում դրանք Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն։
5. Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո` ցանկացած ժամանակ, կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի՝ առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից սույն Արձանագրության 1-ին հոդվածի կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը։
Հոդված 3. Հարաբերությունը Կոնվենցիային
Մասնակից պետությունների միջև սույն Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:
Հոդված 4. Ստորագրումը և վավերացումը
Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել՝ առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
Հոդված 5. Ուժի մեջ մտնելը
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ տասը պետությունների կողմից, 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտվելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորված լինելու իր համաձայնությունն արտահայտում է հետագայում, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 6. Ավանդապահի գործառույթները
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Խորհրդի անդամ պետություններին ծանուցում է՝
ա. ցանկացած ստորագրման մասին,
բ. վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,
գ. 2-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,
դ. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Հռոմում 2000 թվականի նոյեմբերի 4-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը դրա հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:
Ուժի մեջ է մտել 2005թ. ապրիլի 1-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|