«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1365-Ն
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Գորիսի պետական համալսարանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով, որ կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը.
բ) երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.
գ) հաստատել կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը:
3. Սահմանել, որ կազմակերպությանը՝
ա) սեփականության իրավունքով հանձնվում է 5 մլն 056 հազ. դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի.
բ) անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է 4 մլն 664 հազ. դրամ արժողությամբ գույք, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
4. Սահմանել, որ կազմակերպության գործունեության առարկան և նպատակը հանրակրթական բնույթի (հիմնական և լրացուցիչ) գործունեության իրականացումն է:
5. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,
բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում,
գ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,
դ) սովորողների սննդի կազմակերպում,
ե) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:
6. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2006/2007 ուսումնական տարվա սկզբին աշակերտների միջին տարեկան թվի ճշգրտմամբ պայմանավորված՝ դասարանների փաստացի կոմպլեկտավորման մասին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների ցանկը լրացնել «Գորիսի պետական համալսարանի հենակետային վարժարան» բառերով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.03.2007, N 390-Ա | 26.04.2007, N 1365-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|