Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-656
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.10.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
31.10.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
31.10.2006
Дата вступления в силу
31.10.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

31 հոկտեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագրի ստորագրումը երկու պետությունների միջև պայմանավորված է միջպետական փոխհարաբերություններն ամրապնդելու և հանձնմանն առնչվող բնագավառներում արդյունավետ համագործակցություն ստեղծելու նպատակով։

2. Համաձայնագրով Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Կողմի հարցման հիման վրա հանձնել իր տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի, որը հանցագործություն կատարելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար գտնվում է մյուս պայմանավորվող Կողմի իրավասու մարմինների կողմից վարվող դատական հետապնդման մեջ։

3. Համաձայնագրի 2-րդ հոդվածում նախատեսված են հանձնման հետևյալ հնարավոր պայմանները.

- քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնում այն արարքի համար, որը Կողմերի օրենսդրությամբ համարվում է հանցագործություն և պատժելի է առավելագույնն ազատազրկման՝ ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով,

- դատապարտյալի հանձնում, որի կատարած հանցագործությունը և դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են վերը հիշատակված պայմանին և կայացված դատավճիռը սահմանում է նվազագույնը 6 ամիս ազատազրկում։

4. Համաձայնագրով, միաժամանակ, նախատեսված են հանձնման հարցումը մերժելու դեպքերը (հոդված 3).

- եթե հանցագործության կատարման պահին անձը հայցվող Կողմի քաղաքացի է,

- քաղաքական կամ զինվորական հանցագործության դեպքում,

- Կողմերից մեկի օրենսդրությանը համապատասխան հանցագործությունն իրավաբանորեն դատական կարգով հետապնդելի չէ կամ դատավճիռն ի կատար ածելու ենթակա չէ,

- հանձնման հարցման իրականացումը վնասում է հայցվող կողմի պետական ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ բարոյական նորմերին կամ հակասում է իրավական հիմնարար սկզբունքներին և այլն։

5. Համաձայնագրի այլ հոդվածներով նախատեսված են հանձնման իրականացման պայմանները և ընթացակարգը։

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները. 

- Իրանի Իսլամական Հանրապետության հարցման հիման վրա հանձնել իր տարածքում գտնվող, համաձայնագրի պայմանների համաձայն հանձնման ենթակա յուրաքանչյուր անձի, որը հանցագործություն կատարելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար գտնվում է իր իրավասու մարմինների կողմից վարվող դատական հետապնդման մեջ,

- հանձնման վերաբերյալ հարցումն ստանալով՝ իր ներպետական օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայցվող անձին ձերբակալելու կամ կալանավորելու համար, եթե առկա չեն հանձնումը մերժելու` համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված հիմքերը,

- համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հանձնումը մերժելու դեպքում, օրենսդրությանը համապատասխան դատական կարգով հետապնդել մեղադրվող անձին,

- հայցող կողմին փոխանցել հանցագործության ապացույց համարվող բոլոր իրերն ու առարկաները կամ հանցագործության համար օգտագործված կամ հանցագործության ընթացքում ձեռք բերված գործիքները,

- թույլատրել իր տարածքով այն անձի հանձնումը, որը մյուս Կողմին է հանձնվել երրորդ պետության կողմից,

- կրել իր տարածքում հանձնման հետ կապված ծախսերը, ինչպես նաև տարանցման ծախսերը, եթե հանդես է գալիս որպես հայցող կողմ: 

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30.1. հոդվածի երրորդ մասի դրույթներին և բխում են 9 հոդվածում ամրագրված` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքից։ 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


31 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-656