ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱՄԶԱՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 43082/14)
ՎՃԻՌ
Հոդված 9. Կրոնի ազատություն ● Եհովայի վկայի նկատմամբ երրորդ անձի հետ վերջինիս տանն Աստվածաշունչը քննարկելու համար կիրառված վարչական տույժ ● Հստակ և կանխատեսելի իրավական հիմքի բացակայություն ● Միջամտություն՝ ոչ «օրենքին համապատասխան»։
Պատրաստվել է քարտուղարության կողմից: Պարտադիր չէ Դատարանի համար։ |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
6 փետրվարի 2024 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Համզայանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Գաբրիելե Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անյա Զայբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins],
Սեբաստիան Ռադուլեցու [Sebastian Răduleţu]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Մարինա Համզայանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2014 թվականի հունիսի 10-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 43082/14),
չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» դիմումատուի նկատմամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Կոնվենցիայի 9-րդ և 14-րդ հոդվածների համաձայն բերված գանգատների մասով Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատի մնացած մասն անընդունելի ճանաչելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2024 թվականի հունվարի 16-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը․
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» (ԼՂՀ) իշխանությունների կողմից Եհովայի վկա դիմումատուի նկատմամբ երրորդ անձի հետ վերջինիս տանն Աստվածաշունչը քննարկելու համար կիրառված վարչական տույժի առնչությամբ Կոնվենցիայի 9-րդ և 14-րդ հոդվածների համաձայն բերված բողոքներին։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1980 թվականին և ապրում է Երևանում։ Նրան ներկայացրել են Ստրասբուրգում գործող իրավաբաններ պրն Ս.Հ. Բրեյդին և պրն Ա. Կարբոնյոն:
3. Կառավարությունը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
5. Դիմումատուն Եհովայի վկա է։ Տվյալ պահին նա ապրել է ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտ քաղաքում։
6. 2013 թվականի փետրվարի 23-ին դիմումատուն և իր ընկերը՝ Ա.Հ.-ն նույնպես ԼՂՀ-ում գտնվող Շուշի քաղաքում այցելել են հետաքրքրված անձանց՝ Աստվածաշունչը քննարկելու նպատակով, այդ թվում՝ տարեց կին Ն.-ին, որի հետ Ա.Հ․-ն ծանոթ էր, և որը հավանաբար մասնակցել էր Եհովայի վկաների մի քանի կրոնական հավաքների։
7. Կարճ ժամանակ անց ոստիկանությունը ժամանել է և խուզարկել դիմումատուի և Ա.Հ.-ի իրերը: Կազմվել է խուզարկության արձանագրություն, որտեղ նշվել է, որ առգրավվել է դիմումատուի պայուսակում հայտնաբերված կրոնական գրականությունը։
8. Այնուհետև դիմումատուին և Ա.Հ.-ին տարել են ոստիկանության բաժին, որտեղ նրանք հարցաքննվել են, իսկ նրանց անձնական իրերը կրկին խուզարկվել են։ Նրանք ոստիկանության բաժնում պահվել են մոտ չորսուկես ժամ։
9. Այնուհետև դիմումատուն Ստեփանակերտի քաղաքապետարանի վարչական հանձնաժողովից (Հանձնաժողով) տեղեկացվել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտման համար՝ ԼՂՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն (ՎԻՎՕ․ տե՛ս ստորև՝ 20-րդ պարբերությունը): Նա կանչվել է 2013 թվականի ապրիլի 2-ին կայանալիք նիստին։
10. Հանձնաժողովը 2013 թվականի ապրիլի 2-ին անցկացրել է լսում և դիմումատուի նկատմամբ կիրառել տուգանք՝ 1000 ՀՀ դրամի (մոտ 2 եվրո) չափով՝ գտնելով, որ հաստատվել է, որ ՎԻՎՕ-ի 206-րդ հոդվածի 2-րդ կետի խախտմամբ նա «խախտել է կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնները»։
11. Համապատասխան նիստի արձանագրությունը, այնքանով, որքանով վերաբերում է դիմումատուի վերաբերյալ որոշմանը, ունի հետևյալ բովանդակությունը․
«Քննարկման արդյունքում [Հանձնաժողովը]
...
Ուսումնասիրել է ոստիկանությունից ․․․ [ՎԻՎՕ] 206-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու առնչությամբ ․․․ [դիմումատուի] վերաբերյալ ստացված նյութերը:
Նախագահը հայտարարել է, որ նախորդ նիստը հետաձգվել էր [դիմումատուի փաստաբանների] խնդրանքով՝ ավագ լեյտենանտ [Ա.]-ին [Ն.-ի տուն այցելած ոստիկանության աշխատակցին] հարցաքննության հրավիրելու նպատակով։
...
Ի պատասխան [դիմումատուի փաստաբանի] հարցերին՝ [Ա.]-ն նշել է հետևյալը․
- Ստանալով [Ն.]-ից բողոք ․․․ այն մասին, որ Եհովայի վկաները եկել են իր տուն և անհանգստացրել իրեն, ես այցելեցի նրա տուն և տեսա սեղանին դրված կրոնական գրքեր, սակայն [Եհովայի վկաները] ինձ տեսնելով՝ դադարեցին խոսել: Մենք երեք բողոք ենք ստացել [Ն.]-ից, որը հայտնել է, որ իրեն մի քանի անգամ հրավիրել են հավաքների, սակայն ինքը հրաժարվել է, որից հետո նրանք նորից եկել են փորձելու իրեն համոզել։ [Դիմումատուն] և [Ա.Հ.]-ն խաթարել են անդորրը։ Ըստ [Ն.-ի]՝ [Ա.Հ.]-ն և [դիմումատուն] իրեն մի քանի անգամ տարել են հավաքների, սակայն ինքը չի ցանկացել մասնակցել դրանց, և ամեն անգամ, երբ իրեն հրավիրել են, նա անհարմար է զգացել և նրանց թույլ է տվել մտնել իր տուն։
[Հանձնաժողովի] անդամները վկային որևէ հարց չեն տվել։
[Հանձնաժողովը] կայացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում։
Որոշել է [դիմումատուի] նկատմամբ կիրառել տուգանք՝ 1000 (մեկ հազար) դրամի չափով՝ [ՎԻՎՕ] 206-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն»։
12. Կառավարությունը դատարանում ներկայացրել է, որ ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջանային վարչության տեղամասային տեսուչ Լ.Մ.-ն հեռախոսազանգեր ու բողոքներ է ստացել իր հսկողության տակ գտնվող տարածքի բնակիչներից այն մասին, որ Եհովայի վկաներն այցելել են իրենց տներ, բաժանել գրքեր, կրոնական նյութեր և այլ իրեր՝ խաթարելով իրենց անդորրը և խախտելով իրենց կրոնի ազատությունը։ Նրանք այդ առնչությամբ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:
13. Դիմումատուն 2013 թվականի մայիսի 13-ին ԼՂՀ վարչական դատարանում (Վարչական դատարան) բողոքարկել է 2013 թվականի ապրիլի 2-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Նա պնդել է, ի թիվս այլնի, որ վիճարկվող որոշումը չէր պարունակում հիմքում ընկած փաստերի նկարագրություն, չէր պարզաբանում, թե ինչպիսի ապօրինի արարք է նա կատարել, և ընդհանուր առմամբ որևէ հիմք չուներ:
14. Վարչական դատարանը 2013 թվականի հունիսի 24-ին կայացրած վճռով առոչինչ է ճանաչել Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 2-ի որոշումը՝ գտնելով, որ այն պատշաճ կերպով հիմնավորված չէր։ Այդ վճռի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«[Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 2-ի որոշումից] բխում է, որ համարվել է հաստատված, որ դիմումատուն խախտել է կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու կանոնները, մինչդեռ վերոհիշյալ որոշումից պարզ չէ, թե որ գործողությամբ է նա կատարել [տվյալ իրավախախտումը]։
Քանի որ վերոնշյալ որոշումից պարզ չէ... դիմումատուն կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու կոնկրետ որ կանոններն է խախտել... [Հանձնաժողովի որոշմամբ] ... դիմումատուի վրա դրվել է ակնհայտ ապօրինի պարտավորություն...»:
15. Ստեփանակերտի քաղաքապետարանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ հղում կատարելով, inter alia (ի թիվս այլնի), ԼՂՀ Սահմանադրության 26-րդ հոդվածին (տե՛ս ստորև՝ 19-րդ պարբերությունը) և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ և 7-րդ մասերին (տե՛ս ստորև՝ 21-րդ և 22-րդ պարբերությունները): Վերաքննիչ բողոքը վերաբերում էր նաև Ն.-ի՝ ոստիկանությունում տված ցուցմունքին, որում, ի թիվս այլնի, նշվում էր, որ նա Եհովայի վկա չէր․ նա պնդել է, որ Եհովայի վկաների հետ մասնակցել է երկու կրոնական հավաքների, քանի որ նա ենթարկվել է մանիպուլյացիայի։
16. 2013 թվականի հոկտեմբերի 31-ին ԼՂՀ վերաքննիչ վարչական դատարանը (Վերաքննիչ դատարան) բեկանել է Վարչական դատարանի 2013 թվականի հունիսի 24-ի վճիռը (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը) և անփոփոխ է թողել Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 2-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Այդ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը․
«...
[ԼՂՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերից] բխում է, որ [ԼՂՀ-ում] մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը երաշխավորված է միայն օրինական գրանցված կրոնական միավորումների հետևորդների համար, իսկ բոլոր մյուս դեպքերում Սահմանադրությունը չի երաշխավորում խմբավորման [մտքի, խղճի և կրոնի ազատությունը]՝ կապված որևէ այլ կրոնի կամ համոզմունքի կամ դրա գոյության հետ։
[Հղումներ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածին և 7-րդ հոդվածի 1-ին մասին․ տե՛ս ստորև՝ 21-րդ և 22-րդ պարբերությունները] ... Այսինքն՝ [ԼՂՀ-ում] կրոնական գործունեություն իրականացնելու իրավունքից օգտվում են միայն պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպությունները։
...դիմումատուի դեմ հարուցված ... գործը քննվել է Շուշիի ոստիկանության կողմից ստացված գործի նյութի հիման վրա ... մասնավորապես՝ տեղամասի տեսուչ [Լ.Մ.]-ին [Ն.-ի] կողմից ... Եհովայի վկաների՝ իր տուն այցելությունների մասին... ներկայացված բողոքի հիման վրա ․․․։
Գործի նյութերը չեն պարունակում ... «Եհովայի վկաներ» անվանմամբ կրոնական կազմակերպության պետական գրանցման վկայական ...։ Այսպիսով, օրենքը չի երաշխավորում «Եհովայի վկաների» կրոնական միավորման՝ ԼՂՀ-ում գործունեություն ծավալելու իրավունքը։
Այստեղից հետևում է, որ [Հանձնաժողովը] ... գործել է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում...։
...
Որոշումը ենթակա է բողոքարկման ԼՂՀ գերագույն դատարան՝ հանձնման օրվանից մեկամսյա ժամկետում...»։
17. Դիմումատուն իրավունքի խախտման հիմքով բողոք է ներկայացրել:
18. 2013 թվականի դեկտեմբերի 13-ին ԼՂՀ գերագույն դատարանը դիմումատուի իրավունքի խախտման հիմքով բողոքն անհիմն լինելու պատճառով անընդունելի է հայտարարել (այսինքն՝ մերժել է դիմումատուի բողոքարկելու իրավունքը):
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ
I. սահմանադրությունԸ
19. Սույն գործով տվյալ իրադարձությունների պահին գործող ԼՂՀ Սահմանադրության 26-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը․
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։
2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ Սահմանադրության 52-րդ հոդվածով սահմանված հիմքերով։
3. Օրենքով սահմանված կարգով գործող կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը երաշխավորված է»։
II. վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքԸ
20. ԼՂՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) 206-րդ հոդվածով նախատեսվում է, որ կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը։ Նույն դրույթով նախատեսվում է, որ կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը կարող է արտահայտվել հետևյալ ձևերով՝ կրոնական միավորումների ղեկավարների կողմից միավորումը պետական կառավարման մարմիններում գրանցելուց խուսափելը (206-րդ հոդվածի 1-ին կետ), կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելը (206-րդ հոդվածի 2-րդ կետ), ինչպես նաև պաշտամունքի սպասավորների և կրոնական միավորումների անդամների կողմից մանկական և պատանեկան հատուկ հավաքներ, ինչպես նաև աշխատանքային, գրական և պաշտամունքի ծիսակատարությունների հետ կապ չունեցող այլ խմբակներ և խմբավորումներ կազմակերպելն ու անցկացնելը։
III. «Խղճի ազատության ԵՎ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքԸ
21. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ-ի օրենքի 6-րդ հոդվածով նախատեսվում է, որ ԼՂՀ-ի տարածքում գործում են․
i) Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին (կրճատ՝ Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով,
ii) կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն։
22. 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են կրոնական կազմակերպությունների իրավունքները, այդ թվում, inter alia, աղոթատներում և դրանց պատկանող տարածքում կրոնական ժամերգություններ կատարելու, պաշտամունքի վայրերում և իրենց սեփական տարածքներում կրոնական ծառայություններ մատուցելու, կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր ձեռք բերելու և կրոնական ուսուցման խմբեր ստեղծելու իրավունքը:
7-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ կրոնական կազմակերպությունների իրավունքները տրվում են ԼՂՀ տարածքում գրանցումից հետո:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
23. Դիմումատուն բողոքել է, որ կրոնական տեքստի խաղաղ քննարկման համար իր նկատմամբ վարչական տույժի կիրառումն անօրինական և անհամաչափ միջամտություն էր Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված՝ կրոնի ազատության իր իրավունքին, որն ունի հետևյալ բովանդակությունը․
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք․ այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»։
Ա. Ընդունելիությունը
1. Իրավազորությունը
24. Կառավարությունը պնդել է, որ Հայաստանն իրավազորություն չուներ այն հարցերի նկատմամբ, որոնց վերաբերյալ դիմումատուն բողոքել էր, քանի որ դրանք բոլորը տեղի էին ունեցել ԼՂՀ տարածքում, որն ուներ անկախ ինստիտուցիոնալ և իրավական կառուցվածք՝ իր իրավական և դատական քաղաքականությամբ, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը չուներ որևէ ազդեցություն։ Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի գործով [Chiragov and Others v. Armenia] ([ՄՊ], թիվ 13216/05, § 186, ՄԻԵԴ 2015 թ.) Դատարանը հղում է կատարել ոչ թե սուբյեկտների, այլ տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողությանը», այսինքն՝ տեղական իշխանությունների գործողությունները երբևէ չեն վերագրվել Հայաստանին։
25. Դիմումատուն պնդել է, որ Կառավարության՝ Կոնվենցիայի համաձայն ԼՂՀ-ի իշխանությունների գործողությունների համար Հայաստանի պատասխանատվության բացակայության մասին պնդումները հակասում էին այս թեմայի վերաբերյալ Դատարանի նախկին եզրահանգումներին (դիմումատուն մասնավորապես հղում է կատարել Չիրագովի և այլոց գործին՝ վերևում հիշատակված, §§ 169‑86, Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործին [Zalyan and Others v. Armenia], թիվ 36894/04 և 3521/07, §§ 214-15, 2016 թվականի մարտի 17, և Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործին [Muradyan v. Armenia], թիվ 11275/07, § 126, 2016 թվականի նոյեմբերի 24)։ Նա պնդել է, որ Հայաստանն իրավազորություն ուներ այն հարցերի նկատմամբ, որոնց մասին բողոք էր ներկայացվում, և պատասխանատու էր ԼՂՀ իշխանությունների կողմից իր՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտման համար։
26. Դատարանը նշում է, որ վերջերս մեկ այլ գործով քննել է տվյալ տարածքի նկատմամբ Հայաստանի իրավազորության հարցը, այդ թվում՝ ԼՂՀ իշխանությունների որոշումների առնչությամբ, և գտել է, որ տվյալ պահին (այսինքն՝ մինչև Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում իրադարձությունների վայրում իրավիճակի փոփոխությունները, որն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի կողմից հարակից բոլոր տարածքների և ԼՂՀ-ի մի մասի բռնազավթմամբ և տարածքում առնվազն հինգ տարով ռուս խաղաղապահների տեղակայմամբ (տե՛ս Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործը [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, § 91, 2022 թվականի ապրիլի 5), և Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակման, Ադրբեջանի հետագա գործողությունների և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանման հետևանքով 2023 թվականի սեպտեմբերին իրադարձությունների վայրում իրավիճակի հետագա փոփոխությունը) Հայաստանն իրավազորություն ուներ այն հարցերի նկատմամբ, որոնց վերաբերյալ բողոք էր ներկայացվել, մասնավորապես՝ տվյալ դեպքում՝ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության՝ ԼՂՀ-ում որպես կրոնական կազմակերպություն գրանցելու հայտերի մերժումը (տե՛ս մասնավորապես՝ ԼՂՀ-ում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունն ընդդեմ Հայաստանի գործը [Christian Religious Organization of Jehovah’s Witnesses in the NKR v. Armenia], թիվ 41817/10, §§ 48 և 49, 2022 թվականի մարտի 22, տե՛ս նաև Ավանեսյանն ընդդեմ Հայաստանի գործը [Avanesyan v. Armenia], թիվ 12999/15, §§ 31-38, 2021 թվականի հուլիսի 20, հետագա հղումներով՝ ԼՂՀ-ում իր կրոնական համոզմունքներից ելնելով, գիտակցաբար զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Եհովայի վկայի կալանավորման և դատապարտման վերաբերյալ):
27. Քննվող գործը վերաբերում է ԼՂՀ իշխանությունների՝ 2013 թվականին դիմումատուի նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշմանը (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։ Դատարանը չի գտնում, որ տվյալ գործում առկա են հատուկ հանգամանքներ, որոնք բոլորը նույն կերպ տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններից առաջ, որոնք ավարտվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին (տե՛ս Ավանեսյանի գործը, § 37, և ԼՂՀ-ում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունն ընդդեմ Հայաստանի գործը, § 49, երկուսն էլ վերևում հիշատակված), ինչը դատարանից կպահանջեր շեղվել այդ վճիռներում իր արած եզրահանգումներից, և հետևաբար եզրակացնում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով Հայաստանը տվյալ պահին իրավազորություն ուներ այն հարցերի նկատմամբ, որոնց վերաբերյալ բողոք է ներկայացվել, այդ թվում՝ ԼՂՀ իշխանությունների՝ դիմումատուի նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշման նկատմամբ։
28. Դրանից հետևում է, որ Կառավարության առարկությունն իրավազորության բացակայության վերաբերյալ պետք է մերժվի։
2. Վեցամսյա ժամկետի պահպանման կանոնը
29․ Կառավարությունը պնդել է, որ եթե Դատարանը գտնի, որ Հայաստանն իրավազորություն ունի դիմումատուի բողոքների նկատմամբ, ապա վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2013 թվականի հոկտեմբերի 31-ից, այն է՝ ԼՂՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման օրվանից (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը), որն ուժի մեջ է թողել դիմումատուի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 2-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Այն պնդել է, որ հաշվի առնելով դիմումատուի պնդումներն այն մասին, որ ԼՂՀ-ում առկա էր Եհովայի վկաների դեմ շարունակվող արշավ, դիմումատուի համար պետք է ակնհայտ լիներ, որ իր՝ իրավունքի խախտման հիմքով բողոքը բավարարվելու ողջամիտ հեռանկար չուներ:
30. Դիմումատուն պնդել է, որ վերջնական ներպետական որոշումը եղել է ԼՂՀ գերագույն դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, որով իր՝ իրավունքի խախտման հիմքով բողոքն անընդունելի էր ճանաչվել հիմքերի բացակայության պատճառով (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը):
31. Վեցամսյա ժամկետը, որպես կանոն, սկսվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում վերջնական որոշում կայացվելու օրվանից: 35-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել այնպես, որ դիմումատուից պահանջվի Դատարանին իր բողոքի մասին տեղեկացնել նախքան հարցի առնչությամբ իր դիրքորոշումը ներպետական մակարդակով վերջնականապես լուծվելը, հակառակ դեպքում կխախտվի սուբսիդիարության սկզբունքը։ Այնուամենայնիվ, այս դրույթը թույլ է տալիս հաշվի առնել իրավական պաշտպանության միայն այն միջոցները, որոնք բնականոն և արդյունավետ են, քանի որ դիմումատուն չի կարող երկարաձգել Կոնվենցիայով սահմանված խիստ ժամկետը՝ անտեղի կամ սխալ գանգատներ ներկայացնելով այն մարմիններին կամ հաստատություններին, որոնք չունեն լիազորություն կամ իրավասություն՝ առաջարկելու արդյունավետ հատուցում Կոնվենցիայի համաձայն քննվող հարցի համար: Այստեղից հետևում է, որ եթե դիմումատուն դիմում է իրավական պաշտպանության այնպիսի միջոցի, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման, ապա այդ բողոքի վերաբերյալ որոշումը չի կարող հաշվի առնվել վեցամսյա ժամկետը հաշվարկելու նպատակներով (տե՛ս Լեկիչն ընդդեմ Սլովենիայի գործը [ՄՊ] [Lekić v. Slovenia [GC]], թիվ 36480/07, § 65, 2018 թվականի դեկտեմբերի 11, հետագա հղումներով):
32. Կառավարությունը պնդել է, որ վարչական տույժի նշանակման մասին դիմումատուի բողոքի նկատմամբ վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2013 թվականի հոկտեմբերի 31-ից՝ ԼՂՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման օրվանից (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը):
33. Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կարող էր բողոքարկվել ԼՂՀ գերագույն դատարան (տե՛ս վերևում՝ տույժի վերաբերյալ 16-րդ պարբերությունը), և դիմումատուն օգտվել է այդ հնարավորությունից (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Դատարան ներկայացված նյութում չկա որևէ բան, որը կհիմնավորեր Կառավարության այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ իրավունքի խախտման հիմքով սովորական բողոք ներկայացնելով՝ դիմումատուն կիրառել է ակնհայտորեն անարդյունավետ իրավական պաշտպանության միջոց, որն ի սկզբանե դատապարտված էր ձախողման (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունում ամփոփված նախադեպային իրավունքը): Ավելին, անհասկանալի է մնում, թե ինչ հիմքերով է Կառավարությունը համարել, որ ԼՂՀ գերագույն դատարան իրավունքի խախտման հիմքով ներկայացված բողոքն անարդյունավետ միջոց էր՝ ի հակադրություն, օրինակ, դիմումատուի կողմից ԼՂՀ վարչական դատարան ներկայացված հայցի՝ Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 2-ի որոշումը վիճարկելու համար (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Այդ հանգամանքներում Դատարանը հիմք չունի համարելու, որ ԼՂՀ վերաքննիչ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը, որը կարող էր բողոքարկվել, սույն գործով «վերջնական որոշում» էր՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:
34. Դատարանը նկատում է, որ ԼՂՀ գերագույն դատարանն իր 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ դիմումատուի վճռաբեկ բողոքը հիմքերի բացակայության պատճառով անընդունելի է ճանաչել (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը), այսինքն՝ մերժել է նրան բողոքարկման իրավունք տալ, և որ դիմումատուն իր գանգատը ներկայացրել է 2014 թվականի հունիսի 10-ին, այսինքն՝ վեցամսյա ժամկետի կանոնին համապատասխան։ Հետևաբար Դատարանը մերժում է Կառավարության առարկությունն առ այն, որ գանգատը ներկայացվել է ժամկետանց:
3. Անընդունելիության այլ հիմքեր
35. Դատարանը նշում է, որ այս բողոքն ակնհայտ անհիմն չէ և անընդունելի չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
36. Դիմումատուն պնդել է, որ քարոզչության միջոցով իր կրոնական համոզմունքները կիսելու համար իր նկատմամբ վարչական տուգանքի նշանակումը միջամտել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված իր իրավունքներին: Այդ միջամտությունն օրենքով սահմանված չէր, ինչպես ապացուցվել է ԼՂՀ վարչական դատարանի 2013 թվականի հունիսի 24-ի որոշմամբ (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը), որով Հանձնաժողովի որոշումը բեկանվել էր այն հիմքերով, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը չէր նշել, թե «կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու» որ «կանոններն» են գտել, որ նա խախտել է։ Ավելին, այդ միջամտությունն իրավաչափ նպատակ չէր հետապնդում և անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակության մեջ։
37. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին միջամտություն տեղի չի ունեցել։ Նա Եհովայի վկաների համայնքի անդամ էր, որը փաստացի շարունակել է ազատորեն իր գործունեությունը ծավալել ԼՂՀ տարածքում։ Ամեն դեպքում դիմումատուի իրավունքներին ցանկացած ենթադրյալ միջամտություն սահմանված է եղել օրենքով, տեղի է ունեցել՝ հաշվի առնելով հանրային անվտանգությունը և պետության ու բնակչության շահերը, և արդարացված է եղել:
38. Վկայակոչելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածը (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը)՝ Կառավարությունը պնդել է, որ Եհովայի վկաների համայնքը ԼՂՀ-ում գրանցված կրոնական կազմակերպություն չէր, սակայն այդ փաստը խոչընդոտ չէր այդ համայնքի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացմանը, որի անդամն էր դիմումատուն:
39. Կառավարությունն այնուհետև հղում է կատարել ՎԻՎՕ-ի 206-րդ հոդվածին (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը) և պնդել, որ դիմումատուի նկատմամբ վարչական տույժ նշանակելու պահին ԼՂՀ-ում հայտարարված էր ռազմական դրություն։ Ըստ Հանձնաժողովի լսումների ժամանակ ցուցմունք տված վկաների՝ բազմաթիվ բողոքներ են ստացվել այդ տարածքում Եհովայի վկաների գործունեության վերաբերյալ, և այդ գործողություններն իրականացվել են այնպես, որ անդորրը խաթարվել է (բնակիչների տներ այցելել և կրոնական գրականություն բաժանել):
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
40. Ինչպես ամրագրված է 9-րդ հոդվածով, մտքի, խղճի և կրոնի ազատությունը Կոնվենցիայի իմաստով «ժողովրդավարական հասարակության» հիմնաքարերից մեկն է: Այդ ազատությունն իր կրոնական հարթությամբ այն կարևորագույն տարրերից մեկն է, որոնք ձևավորում են հավատացյալների ինքնությունը և նրանց կյանքի ընկալումը, սակայն այն նաև մեծագույն արժեք է աթեիստների, ագնոստիկների, թերահավատների և անհավատ մարդկանց համար: Ժողովրդավարական հասարակության անքակտելի մաս կազմող բազմակարծությունը, որը դարեր շարունակ սերմանվել է, կախված է դրանից: Այդ ազատությունն առաջացնում է, inter alia, կրոնական համոզմունքներ ունենալու կամ չունենալու և կրոն դավանելու կամ չդավանելու ազատություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի [Kokkinakis v. Greece], 1993 թվականի մայիսի 25, § 31, շարք Ա թիվ 260-Ա, Բուսկարինին և այլք ընդդեմ Սան Մարինոի [ՄՊ] [Buscarini and Others v. San Marino [GC]], թիվ 24645/94, § 34, ՄԻԵԴ 1999-I, Ս.Ա.Ս.-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ][S.A.S. v. France [GC]], թիվ 43835/11, § 124, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ) և Իզեթին Դողանը և այլք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [İzzettin Doğan and Others v. Turkey [GC]], թիվ 62649/10, § 103, 2016 թվականի ապրիլի 26):
41. Անձի դավանած կրոնը դրսևորելու ազատությունը սկզբունքորեն ներառում է անձի կրոնական տեսակետներն արտահայտելու իրավունքը՝ դրանք ուրիշներին հաղորդելու միջոցով, և «իր հարևանին համոզել ձգտելու» իրավունքը, օրինակ՝ «ուսուցման» միջոցով, առանց որի՝ 9-րդ հոդվածում ամրագրված «[անձի] կրոնը կամ հավատքը փոխելու ազատությունը» ամենայն հավանականությամբ կմնար «մեռած տառ»: Որոշակի հավատքների վերաբերյալ տեղեկություններ այդ համոզմունքները չունեցող այլոց փոխանցելու գործողությունը, որը քրիստոնեության մեջ հայտնի է որպես միսիոներական կամ ավետարանչական աշխատանք, պաշտպանված է 9-րդ հոդվածով՝ պաշտամունքային այլ ձևերի հետ մեկտեղ, ինչպիսիք են կրոնական տեքստերի կոլեկտիվ ուսումնասիրությունը և քննարկումը, որոնք կրոնի կամ հավատքի դավանման համընդհանուր ճանաչված հայեցակետեր են (տե՛ս Օսեվաարդեն ընդդեմ Ռուսաստանի [Ossevaarde v. Russia], թիվ 27227/17, § 39, 2023 թվականի մարտի 7, հետագա հղումներով):
42. Այնուամենայնիվ, դավանությանը հարելու իրավունքը կարող է իրավաչափորեն սահմանափակվել, եթե այն ներառում է հարկադրանքի կամ բռնության տարր, ինչպես օրինակ՝ ճնշման գործադրումը տառապանքի մեջ գտնվող կամ օգնության կարիք ունեցող անձանց վրա կամ զինվորական աստիճանակարգության կամ աշխատանքային հարաբերություններում պաշտոնական դիրքի չարաշահումը։ Այդուհանդերձ, երբ հարկադրանքի կամ անտեղի ճնշման ապացույցներ ներկայացված չեն, Դատարանը հաստատել է անհատական ավետարանչության և տնից տուն քարոզելու իրավունքը (տե՛ս վերևում՝ Օսեվաարդեն ընդդեմ Ռուսաստանի, § 40, հետագա հղումներով):
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
43. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված իրավունքներին որևէ միջամտություն չի եղել՝ պնդելով, որ Եհովայի վկաները կարողացել են արդյունավետորեն գործել ԼՂՀ-ում (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը):
44. Հակառակ Կառավարության պնդումների՝ Դատարանը նկատում է, որ Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 2-ի որոշումը, որով դիմումատուի նկատմամբ վարչական տուգանք է նշանակվել կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու կանոնները խախտելու համար, ԼՂՀ վերաքննիչ դատարանի կողմից անփոփոխ է թողնվել այն հիմքերով, որ Եհովայի վկաների կրոնական համայնքը ԼՂՀ-ում գրանցված կրոնական կազմակերպություն չէր։ Ավելին, այդ կերպ Վերաքննիչ դատարանը գտել է, որ ԼՂՀ-ում մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը երաշխավորված է միայն գրանցված կրոնական միավորումների հետևորդների համար՝ այդպիսով եզրակացնելով, որ ԼՂՀ Սահմանադրությունը չէր երաշխավորում նույն իրավունքներն ու ազատությունները որևէ այլ կրոնի կամ հավատքի հետ կապված անձանց համար (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը):
45. Դատարանը նշում է, որ դիմումատուի հանդիպումը Ն.-ի հետ՝ Աստվածաշունչը քննարկելու համար, ընդհատվել է ոստիկանության կողմից, որը խուզարկել է դիմումատուի իրերը և առգրավել նրա կրոնական գրականությունը (տե՛ս վերևում՝ 6-7-րդ պարբերությունները): Կառավարությունն այդ հարցը չի վիճարկել։
46. Վերևում՝ 41-րդ պարբերությունում ամփոփված նախադեպային իրավունքի սկզբունքների լույսի ներքո՝ Դատարանը համարում է, որ համոզմունքների որոշակի տեսակի վերաբերյալ տեղեկություններ այդ համոզմունքները չունեցող այլ անձի փոխանցելու համար դիմումատուի նկատմամբ վարչական տուգանք նշանակելու որոշումը միջամտություն էր նրա՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ կրոնի ազատության իրավունքին: Այդ միջամտությունը կխախտի Կոնվենցիան, եթե հնարավոր չէ ապացուցել, որ այն բավարարել է այդ դրույթի երկրորդ պարբերության պահանջները, այն է՝ եթե այն «սահմանված է օրենքով», այդ դրույթի իմաստով հետապնդել է իրավաչափ նպատակ և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»:
47. Ինչ վերաբերում է միջամտության իրավական հիմքին, ապա Դատարանը վերահաստատում է, որ «օրենքով սահմանված» արտահայտությունը ոչ միայն վերաբերում է ներպետական իրավունքի օրենսդրական հիմքին, այլև պահանջում է, որ օրենքը ձևակերպվի բավարար հստակությամբ, որ անձը կարողանա կանխատեսել տվյալ գործողության հետևանքները։ Օրենքը պետք է տրամադրի պետական իշխանության մարմինների կողմից Կոնվենցիայով պաշտպանված իրավունքներին կամայական միջամտությունից իրավական պաշտպանության միջոց և պետք է բավարար հստակությամբ նշի իրավասու մարմիններին վերապահված ցանկացած հայեցողության շրջանակը և դրա իրացման եղանակը (տե՛ս Տագանրոգ ՏԿԿ-ն և այլք ընդդեմ Ռուսաստանի գործը [Taganrog LRO and Others v. Russia], թիվ 32401/10 և ևս 19 գործ, § 214, 2022 թվականի հունիսի 7, և դրանում պարունակվող հղումները նախադեպային իրավունքին):
48. Սույն գործով դիմումատուի նկատմամբ ՎԻՎՕ-ի 206-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվել է վարչական տույժ՝ «կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնները» խախտելու համար, մինչդեռ իրականում այդպիսի որևէ կանոն չի հիշատակվել (տե՛ս վերևում՝ 10-րդ և 20-րդ պարբերությունները):
49. Մասնավորապես, ՎԻՎՕ-ի 206-րդ հոդվածի 2-րդ կետով վարչական իրավախախտում է ճանաչվում կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելը, այսինքն՝ ուղղակի հղում է կատարվում այդ կանոններին։ Այնուամենայնիվ, ո՛չ Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 2-ի որոշման մեջ, ո՛չ էլ ԼՂՀ վերաքննիչ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման մեջ, որով ուժի մեջ է դրվել այդ որոշումը (տե՛ս վերևում՝ 10-րդ և 16-րդ պարբերությունները), չի նշվում, թե դիմումատուն կոնկրետ որ կանոն(ներ)ն է խախտել։ Այդ կանոններին հստակ հղման բացակայությունն էր հենց պատճառը, որ ԼՂՀ վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 2-ի որոշումը՝ գտնելով, որ դրանով դիմումատուի վրա դրվել էր «ակնհայտ ապօրինի պարտավորություն» (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը):
50. Դատարանը նկատում է, որ ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 2-ի որոշումը՝ հղում կատարելով այն ժամանակ գործող ԼՂՀ Սահմանադրության 26-րդ հոդվածին և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածին և 7-րդ հոդվածի 1-ին մասին (տե՛ս վերևում՝ 19-րդ, 21-րդ և 22-րդ պարբերությունները)՝ հիմնականում այն հիմքով, որ Եհովայի վկաների կրոնական համայնքը ԼՂՀ-ում գրանցված կրոնական կազմակերպություն չէր, և որ չգրանցված կրոնի կամ հավատքի հետևորդները չէին օգտվում Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից (տե՛ս վերևում՝ 16-րդ և 44-րդ պարբերությունները):
51. Նախ, Դատարանը նկատում է, որ ինչպես արդեն նշվել է վերևում, իշխանությունները, որոնք վարչական տույժ են կիրառել դիմումատուի նկատմամբ, չեն հիմնվել նրա վարքագիծն արգելող ներպետական օրենսդրության որևէ դրույթի վրա (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը): Երկրորդ և որ ամենակարևորն է, ԼՂՀ վերաքննիչ դատարանի կողմից Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների սահմանափակումը միայն գրանցված կրոնական կազմակերպությունների հետևորդների համար (տե՛ս վերևում՝ 16-րդ, 44-րդ և 50-րդ պարբերությունները) արմատապես հակասում էր այդ դրույթի պահանջներին և դրան առնչվող համապատասխան նախադեպային իրավունքի սկզբունքներին (տե՛ս մասնավորապես վերևում՝ 40-րդ պարբերությունը):
52. Վերոնշյալ նկատառումների լույսի ներքո (տե՛ս մասնավորապես վերևում՝ 49-րդ պարբերությունը) Դատարանը գտնում է, որ միջամտությունը չուներ հստակ և կանխատեսելի իրավական հիմք (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Տագանրոգ ՏԿԿ-ի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 215):
53. Քանի որ Դատարանն արդեն գտել է, որ միջամտությունը դիմումատուի իրավունքին չի եղել «օրենքին համապատասխան», այս եզրահանգումն այլևս ավելորդ է դարձնում որոշելը, թե արդյոք այն հետապնդել է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս, mutatis mutandis, Կուզնեցովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Kuznetsov and Others v. Russia], թիվ 184/02, § 74, 2007 թվականի հունվարի 11):
54. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
55. Դիմումատուն բողոքել է, որ ԼՂՀ իշխանությունների՝ իր նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշումը նույնպես Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում էր, որն ունի հետևյալ բովանդակությունը․
«[Սույն] Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
Ա. Կողմերի փաստարկները
56. Դիմումատուն պնդել է, որ ինքը խտրականության է ենթարկվել պետության կողմից, քանի որ իր հետ այլ կերպ են վարվել, քան պաշտոնապես գրանցված կրոնների հետևորդների:
57. Կառավարությունը պնդել է, որ տարբեր կրոնական խմբերի նկատմամբ որոշակի իրավական կարգավիճակի պաշտոնական ճանաչման արդյունքում տարբերվող վերաբերմունքը, որը հանգեցրել է արտոնությունների տրամադրմանը, ինքնին անհամատեղելի չէր Կոնվենցիայի հետ:
Բ. Դատարանի գնահատականը
58. Դատարանը գտնում է, որ այն անհավասար վերաբերմունքը, որի զոհը դիմումատուն պնդել է, որ եղել է, բավարար չափով հաշվի է առնվել վերը նշված գնահատման մեջ, որը հանգեցրել էլ Կոնվենցիայի նյութաիրավական դրույթի խախտման հայտնաբերման (տե՛ս մասնավորապես վերևում՝ 51-րդ պարբերությունը): Այստեղից հետևում է, որ նույն փաստերի առանձին քննության հիմք չկա նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի տեսանկյունից։ Հետևաբար Դատարանից չի պահանջվում վճիռ կայացնել այդ դրույթի համաձայն գանգատի ընդունելիության կամ էության վերաբերյալ (տե՛ս, mutatis mutandis, Կուզնեցովի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 78, տե՛ս նաև ԼՂՀ-ի Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության գործը՝ վերևում հիշատակված, § 85)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
59. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
60. Դիմումատուն պահանջել է 5 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
61. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջը։
62. Դատարանն ընդունում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս։ Դատարանը, որոշում կայացնելով արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
63. Դիմումատուն նաև պահանջել է 2 500 եվրո՝ որպես հատուցում ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար, և ևս 2 500 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Ի հիմնավորումն իր պահանջների՝ դիմումատուն ներկայացրել է իրավաբանական ծառայությունների մատուցման երկու պայմանագիր՝ կնքված 2019 թվականի դեկտեմբերի 10-ին։
64. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի կողմից ներկայացված իրավական օգնության պայմանագրերի վավերականությունը և պնդել է, որ պահանջներն իրականում չեն ծագել և չեն հիմնավորվել փաստաթղթային ապացույցներով:
65. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք փաստացի և անհրաժեշտաբար են կատարվել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Դատարանը նկատում է, որ դիմումատուն ներպետական վարույթի ընթացքում ենթադրաբար կրած իրավաբանական ծախսերի վերաբերյալ իր պահանջները հիմնավորել է՝ ներկայացնելով պայմանագիր, որը ստորագրվել է այդ վարույթի ավարտից տարիներ անց (տե՛ս վերևում՝ 18-րդ և 63-րդ պարբերությունները): Ուստի, այն մերժում է պահանջի այս մասը:
66. Դատարանն այնուհետև նշում է, որ ի հիմնավորումն Դատարանում կրած իրավաբանական ծախսերի վերաբերյալ դիմումատուի պահանջների՝ ներկայացված պայմանագիրը ստորագրվել է գանգատը ներկայացվելուց հետո և մինչև 2020 թվականի փետրվարի 11-ին դիմումատուի դիտարկումներն ու արդարացի փոխհատուցման պահանջները ներկայացվելը։ Հետևաբար Դատարանը համարում է, որ այս առնչությամբ դիմումատուի պահանջները պետք է բավարարվեն մասամբ, այսինքն՝ այնքանով, որքանով դրանք վերաբերում են Կառավարության դիտարկումներին դիմումատուի պատասխանի պատրաստման և արդարացի փոխհատուցման պահանջների հետ կապված իրավաբանական ծախսերին (միանվագ 1000 եվրո գումար՝ համաձայն պայմանագրի): Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 1 000 եվրո գումար՝ որպես բոլոր պահանջների մասով կրած ծախսերի ու ծախքերի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի մասով ներկայացված գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ չկա բողոքի ընդունելիությունը կամ էությունը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն քննելու անհրաժեշտություն:
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ․
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի փետրվարի 6-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Գաբրիելե Կուչկո-Ստադլմայեր |
Իլզե Ֆրայվըրթ |
Նախագահ |
Քարտուղար |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|