Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-649
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.01/56(511) Հոդ.1140
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
04.10.2006
Подписан
Նախագահող
Дата подписания
04.10.2006
Дата вступления в силу
04.10.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 
Քաղ. Երևան

4 հոկտեմբերի 2006 թ.

 

ՔԱՂ. Մ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՔԱՂ. Հ. ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող քաղաքացիներ Մ. Քոչարյանի և Հ. Դավթյանի, դիմողների ներկայացուցիչներ Գ. Մանուկյանի և Ա. Պապիկյանի, պատասխանող` ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանի, գործով հրավիրվածներ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղ. Մ. Քոչարյանի և քաղ. Հ. Դավթյանի դիմումների հիման վրա` «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ են հանդիսացել քաղաքացիներ Մանուշակ Քոչարյանի և Հրանուշ Դավթյանի դիմումները սահմանադրական դատարան, որոնց հիման վրա սահմանադրական դատարանի որոշմամբ գործերը միավորվել են և քննվել դատարանի նույն նիստում:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի և վկայի բացատրությունները, հրավիրվածների պարզաբանումները, հետազոտելով «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

I. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ. սեպտեմբերի 24-ին, ստորագրվել է ՀՀ Նախագահի կողմից 2003 թ. հոկտեմբերի 8-ին։ Վիճարկվող 11-րդ հոդվածը, համաձայն նշված օրենքի անցումային դրույթների (հ. 17), ուժի մեջ է մտել 2004 թ. հուլիսի 1-ից։

Օրենքի 11 հոդվածը սահմանում է.

«1. Սոցիալական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս`

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության և ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական  ապահովագրության վճարներ, ինչպես նաև պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.

3) կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրվում պետական կառավարման մարմիններին.

4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը՝ սոցիալական քարտ չունեցող անձանց մասով, համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները։

3. Սոցիալական քարտի և սոցիալական քարտի համարի կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

2006 թ. մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովն օրենք է ընդունել ««Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», որի հոդված 2-ով «Սոցիալական քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Սոցիալական քարտը հոգևոր խնդիրներին չի առնչվում և մարդու խղճի ու կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել»։

II. Սահմանադրական դատարան դիմող քաղաքացիները կենսաթոշակառու են, չեն ստացել սոցիալական քարտ, քանի որ գտնում են, որ սոցիալական քարտ ստանալը հակասում է իրենց կրոնական համոզմունքներին: Սոցիալական քարտ չունենալու պատճառով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Շենգավիթի տարածքային կենտրոնի կողմից կասեցվել է նրանց կենսաթոշակի վճարումը։ Դիմողները քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան` իրենց կենսաթոշակի վճարումն ապահովելու համար: Նրանց հայցը 12.01.2006 թ. Երևան քաղաքի Շենգավիթի առաջին ատյանի դատարանը բավարարել է: 2006 թ. մարտի 22-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վճռել է «Մ. Քոչարյանի և Հ. Դավթյանի հայցն ընդդեմ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Շենգավիթի տարածքային կենտրոնի` կենսաթոշակի վճարման պահանջի մասին, մերժել»: ՀՀ վճռաբեկ դատարանը 2006 թ. մայիսի 19-ին որոշել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.03.2006 թ. վճիռը թողնել անփոփոխ: Վերաքննիչ և վճռաբեկ դատարանները, մասնավորապես, իրենց մոտեցումները հիմնավորելիս հիմք են ընդունել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջները։

Ըստ դիմողների` օրենքի 11 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 5 հոդվածի 2-րդ մասին, 6 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, քանի որ խախտում է դրանցում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքները, ինչպես նաև Սահմանադրության 26 հոդվածի 1-ին մասին, 27 հոդվածի 1-ին մասին, 37 և 42 հոդվածներին, քանի որ խախտում է դրանցում ամրագրված իրավունքները։

Վիճարկելով օրենքի 11 հոդվածի սահմանադրականության հարցը, իրականում դիմող կողմն իր եզրափակիչ խոսքում առաջ քաշեց օրենքի 11 հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի սահմանադրականության խնդիրը: Ընդ որում, օրենքի 11 հոդվածի 4-րդ մասի դրույթները դիմողների նկատմամբ չեն կիրառվել ընդհանուր իրավասության դատարանների վերջնական դատական ակտով, քանի որ այդ նորմը լրացվել է վերջնական դատական ակտն ընդունելուց հետո:

III. Պատասխանող կողմը գտնում է, որ սոցիալական ապահովության քարտերի համակարգի նպատակը ոչ թե մարդու խղճին և կրոնական համոզմունքներին «դեմ գնալն է», այլ մարդու նույնականացումը, նրան վերաբերող տվյալները մեկ տեղում կենտրոնացնելը` նպատակ, որը, իր կարծիքով, չի կարող դիտվել հակասահմանադրական։ Հերքելով օրենքի 11 հոդվածի առնչությունը Սահմանադրության 3, 5, 6, 27 և 42 հոդվածների հետ, պատասխանող կողմը գտնում է, որ այն առնչվում է Սահմանադրության 26 հոդվածին, որով ամրագրվում է մտքի, խղճի և կրոնի ազատությունը, 31 հոդվածին, որով պաշտպանվում է սեփականության իրավունքը և 37 հոդվածին, որն ամրագրում է սոցիալական ապահովության իրավունքը` այն կախման մեջ չդնելով սոցիալական քարտից կամ որևէ այլ փաստաթղթից։ Ըստ պատասխանողի՝ այն հանգամանքը, որ կրոնական համոզմունքների պատճառով սոցիալական քարտ չստացած քաղաքացիները չեն ստանում աշխատավարձ, կենսաթոշակ և նպաստ, հուշում է, որ օրենքում առկա է սահմանադրականության խնդիր: Ավելին, ըստ պատասխանող կողմի ներկայացուցչի՝ իրենք նույնպես հանգել են այն եզրակացությանը, որ օրենքի 11 հոդվածի 2-րդ մասը և 4-րդ մասը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 26, 31 և 37 հոդվածներին, քանի որ ոտնահարվել են մարդկանց սահմանադրական իրավունքները, սոցիալական քարտերի համակարգի արմատավորման խնդիրը չի կարող լուծվել հարկադրանքի միջոցով: Պատասխանող կողմը փաստեց նաև, որ օրենքում կան որոշ ներքին հակասություններ։

IV. Գործում առկա նյութերի վերլուծությունը վկայում է, որ սոցիալական ապահովության քարտ չստանալու համար տարբեր քաղաքացիներ ազատվել են աշխատանքից, նրանց չեն վճարվել նպաստ, աշխատավարձ, միանվագ դրամական օգնություն, զրկվել են ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում իրենց ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից, արգելափակվել է նրանց կողմից բանկային գործարքների կատարումը: Իսկ 2006 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տվյալների, միայն հիմնադրամի համակարգում հաշվառված 530246 կենսաթոշակառուներից կասեցվել է 1317-ին կենսաթոշակի վճարումը` սոցիալական քարտ չունենալու պատճառով:

V. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 11-րդ մասի և 68 հոդվածի 7-րդ մասի պահանջներից ելնելով` սահմանադրական դատարանն անհրաժեշտ համարեց քննության առնել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի սահմանադրականությունը` Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում ամրագրված հիմնարար սկզբունքների, ինչպես նաև այնպիսի սահմանադրական իրավունքների երաշխավորման համատեքստում, որպիսիք են սեփականության (հհ. 8, 31), աշխատանքի և վարձատրման (հ. 32, մասեր 1-ին և 2-րդ), սոցիալական ապահովության (հ. 37), օրենքով չսահմանված պարտականությունից ազատ լինելու (հ. 42) իրավունքները: Դրանք այն իրավունքներն են, որոնց առնչվում է քննության առարկա խնդիրը, և որոնք չեն կարող սահմանափակվել ոչ տվյալ հոդվածով և ոչ էլ Սահմանադրության 43 հոդվածով նախատեսված հիմքերով: Սահմանադրության 44 հոդվածը թույլ է տալիս թվարկված իրավունքների (բացի Սահմանադրության 42 հոդվածում ամրագրվածից) սահմանափակումը միայն ժամանակավորապես՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ` «արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»։

Միաժամանակ, այն հանգամանքը, որ օրենքի կիրառման ընթացքում դիմող քաղաքացիների խնդիրն առաջացել է իրենց կրոնական համոզմունքների հետևանքով, անհրաժեշտ է դարձնում դիտարկել օրենքի վիճարկվող նորմերի առնչությունները Սահմանադրության 14.1. հոդվածի (խտրականության արգելք` նաև հայացքների ու կրոնի հիմքով), 26 հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատություն), 27 հոդվածի (համոզմունքը փոխելու հարկադրանքի արգելք) նորմերի հետ:

VI. Պարզելու համար, թե որքանո՞վ է օրենքի վիճարկվող հոդվածն ապահովում մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված հիշյալ իրավունքները, անհրաժեշտ է դիտարկել օրենքի իրավակարգավորման առարկան` իր ամբողջության մեջ։ Տվյալ օրենքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է տեղեկատվական համակարգերում անհատական տվյալների մշակման ընթացքում քաղաքացու նույնականացման նոր համակարգ: Նպատակ է դրվում օրենսդրությամբ սահմանված կարգով կանոնակարգել ու բարելավել տեղեկատվության փոխանակման գործընթացները, ապահովել քաղաքացու անհատական տվյալների գաղտնիությունը: Գլխավոր խնդիրը տվյալ պարագայում այն է, թե որքանո՞վ է օրենքում հաշվի առնված, մի կողմից՝ պետության ու հանրային շահերի, մյուս կողմից` մարդու և քաղաքացու իրավունքների և օրինական շահերի հավասարակշռությունը` չստեղծելով իրավական անհստակություն կամ օրենսդրական ներքին հակասություններ:

Գործի քննությունը նախ վկայեց, որ օրենքը զերծ չէ որոշ ներքին հակասություններից, որոնց առկայությունը հավաստեց նաև պատասխանող կողմը: Վեճի առարկայի տեսանկյունից էական է «իրավունք» և «պարտականություն» հասկացությունների ներքին շփոթի բացառումը, որն առկա է օրենքի 11 հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 13 հոդվածում: Վերջինիս 1-ին մասում նշված է, որ «քաղաքացին իրավունք ունի` 1) ստանալ սոցիալական քարտ», իսկ 2-րդ մասի 2-րդ կետում՝ որ «քաղաքացին պարտավոր է [...] իր սոցիալական քարտը ներկայացնել այն մարմիններին, որոնց դա անհրաժեշտ է սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները կատարելու համար»։ Օրենքի 11 հոդվածի 1-ին մասում թվարկվում են ոլորտները, որոնցում օգտագործվելու են քարտերը։ 13 հոդվածի 1-ին մասի համատեքստում դա նշանակում է, որ նշված ոլորտներում քարտն օգտագործվելու է միայն այն քաղաքացիների մասով, որոնք օգտվել են սույն օրենքով իրենց ընձեռված իրավունքից և ստացել են սոցիալական քարտ։ Մինչդեռ նույն 11 հոդվածի 2-րդ մասի ուժով քարտի կիրառումը 1-ին մասով թվարկված ոլորտներում դառնում է համընդհանուր պարտադրանք, անկախ նրանից` օգտվե՞լ է քաղաքացին 1-ին մասով սահմանված իր իրավունքից, թե` ոչ։

Երկրորդ` իրավակիրառական պրակտիկայի կողմից օրենքի 11 հոդվածի դրույթներին տրված մեկնաբանություններով հանդերձ, հակասություն է առաջացել «Սոցիալական քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 2-րդ մասի և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի միջև, քանի որ վերջինս սպառիչ սահմանել է կենսաթոշակի վճարումը կասեցնելու միայն երկու հիմք` «կենսաթոշակառուի կողմից վեց ամիս անընդմեջ անձամբ կենսաթոշակ չստանալու դեպքում» և «հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում»: Ընդ որում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ավելի վաղ է ուժի մեջ մտել (10.04.2003 թ.): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 31.05.2002 թ.) 24 հոդվածի 3-րդ մասի պահանջն է, որ «Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը»: Միաժամանակ, նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված է, որ «Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը»: Մինչդեռ իրավակիրառական, այդ թվում` դատական, պրակտիկան անտեսել է այս նորմերի պահանջները:

VII. 1. Սոցիալական քարտի առկայությունը դարձնելով պարտադիր պայման օրենքի 11 հոդվածում թվարկված բոլոր գործառույթներում, ներառյալ կենսապահովման այնպիսի միջոցներ, որպիսիք են աշխատավարձը, կենսաթոշակը, նպաստը, հատուցումը, դրամական փոխանցման ստացումը, օրենքը մի շարք քաղաքացիների դրել է երկընտրանքի առջև. կամ զրկվել իրենց սոցիալական իրավունքների իրականացումից, կամ համոզմունք ունենալու և դրան հավատարիմ մնալու իրավունքից։ Երկու դեպքում էլ դա առնչվում է մարդու արժանապատվությանը։

Վավերացնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը` Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է դրա Նախաբանի այն հիմնարար դրույթը, ըստ որի` «մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից»։ Սահմանադրության 3 հոդվածի 1-ին մասում նշված է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»։ «Բարձրագույն արժեք» հասկացությունն այստեղ վերացական չէ և ունի որոշակի իրավական բովանդակություն։ «Բարձրագույն արժեք» նշանակում է, որ որևէ այլ արժեք, այդ թվում ե'ւ պետական, ե'ւ հանրային խնդիրների լուծմանը կոչված որևէ համակարգ, չի կարող ավելի բարձր դասվել։ Սրանից էլ բխում է Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված նորմը. «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»։ Հետևաբար, քննության առարկա օրենքի 11-րդ հոդվածից բխող իրավիճակը, որով քաղաքացիների որոշ կատեգորիաներ զրկվում են Սահմանադրությամբ չսահմանափակվող ճանաչված իրենց առանձին հիմնարար իրավունքների իրականացման հնարավորությունից, չի ապահովում արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև և չի բխում Սահմանադրության 3 հոդվածի պահանջներից։

2. Օրենքի 11 հոդվածի 2-րդ մասով սոցիալական քարտի բացակայությունը հիմք է դառնում, մասնավորապես, սահմանափակելու Սահմանադրության 37 հոդվածով ամրագրված սոցիալական ապահովության իրավունքի, ինչպես նաև Սահմանադրության 32 հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ աշխատանքի վարձատրության իրավունքի իրականացումը: Կենսաթոշակը, ինչպես նաև աշխատավարձը՝ քաղաքացու վաստակած միջոցներ են և նրա սեփականությունը։ Մասնավորապես, դիմողները կենսաթոշակի են անցել 1991 և 1994 թվականներին և մինչև 2005թ. հունվար ստացել են իրենց կենսաթոշակը, որից հետո դրանց վճարումը կասեցվել է:

Կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է։ Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է` նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (տես՝ Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործը)։ Հետևաբար, անհրաժեշտություն է ծագում դիտարկել օրենքի վիճարկվող դրույթները նաև Սահմանադրության 8 և 31 հոդվածների պահանջներից ելնելով, որոնցից առաջինը հռչակում է սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, իսկ երկրորդն ամրագրում է. «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»։ ՀՀ օրենքներում չկա որևէ նորմ, որով նախատեսված լինի սոցիալական քարտերի բացակայությունը որպես սեփականությունից զրկելու հիմք։ Մասնավորապես, այն բացակայում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին մասում, որտեղ, ինչպես նշվեց, սահմանվում են կենսաթոշակ վճարելը կասեցնելու հիմքերը, ինչպես նաև 2-րդ մասում, որը վերաբերում է կենսաթոշակի վճարումը դադարեցնելու հիմքերին:

Բացի դրանից, «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքով սահմանելով սոցիալական քարտի պարտադիր լինելը` հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ, օրենքը հնարավորություն է ստեղծում, օրինակ, հասարակության և պետության կարիքների համար սեփականությունն օտարելիս խուսափել քաղաքացուն փոխհատուցման վճարումից, որը, ըստ Սահմանադրության 31 հոդվածի` պարտադիր է և պետք է լինի «նախնական և համարժեք»։ Հետևաբար, «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի դրույթները վեճի առարկայի շրջանակներում չեն ապահովում Սահմանադրության 8 և 31 հոդվածների պահանջների իրագործումը։

3. Ըստ դիմողների` օրենքի 11 հոդվածը հակասում է նաև Սահմանադրության 42 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին։ Սահմանադրության այս հոդվածի 1-ին մասը շեշտում է Սահմանադրությամբ չարձանագրված այլ իրավունքների առկայությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի վիճարկվող հոդվածը որևէ առնչություն չունի Սահմանադրության 42 հոդվածի 1-ին մասի հետ, բայց անմիջականորեն առնչվում է 2-րդ մասին, որն արգելում է քաղաքացուն վերագրել օրենքով չնախատեսված որևէ պարտականություն։

Սահմանադրության 42 հոդվածի հետ օրենքը համադրելիս՝ կարևորվում է նաև այդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Կատարված աշխատանքի վարձատրությունից զրկելը, նախկինում սոցիալական ապահովության պարտադիր վճարների կատարումով վաստակած կենսաթոշակի վճարման կասեցումը, ինչպես նաև մինչ օրենքի ընդունումը կայացած աշխատանքային պայմանագրերով չնախատեսված նոր պայման ավելացնելու պարտադրանքը նշանակում է՝ հակառակ սահմանադրական այս պահանջին, հետադարձ ուժ տալ օրենքին։ Օրենքի հետադարձ գործողությունն առավել ցայտուն է այն բազմաթիվ դեպքերում, երբ աշխատավարձի կամ թոշակի վճարումների ուշացման հետևանքով քաղաքացին զրկվել է օրենքի ուժի մեջ մտնելուն նախորդող տարվա կենսաթոշակից կամ աշխատավարձից։

4. Նկատի ունենալով, որ օրենքի 11 հոդվածի հատկապես 2-րդ մասի գործողության հետևանքով նյութական դժվարին վիճակում հայտնվածների զգալի մասը թոշակառուներ են, այդ նորմերը խոչընդոտում են Սահմանադրության 48 հոդվածի 12-րդ կետի պահանջի կատարումը, որով սոցիալական պետության հիմնական խնդիրներից է հռչակվել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը։

VIII. Քանի որ օրենքի 11 հոդվածն անդրադառնում է նաև նպաստի ինստիտուտին, որի ձևերից մեկն է երեխայի համար նախատեսված նպաստը, իսկ օրենքի 7 հոդվածը նախատեսում է սոցիալական քարտի անհրաժեշտությունը նաև այս դեպքում, 11 հոդվածի հետ համակարգային կապի մեջ պետք է դիտել նաև օրենքի 7 հոդվածը։ Այստեղ թվարկվում են տվյալներն ու փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են քարտ ստանալու համար։ Ի թիվս դրանց, 7 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը նախատեսում է ծննդյան վկայականներ` 16 տարին չլրացած քաղաքացիների համար։ Երեխան ո'չ աշխատանքային հարաբերությունների սուբյեկտ է (համենայնդեպս, մինչև որոշակի տարիքը), ո'չ թոշակառու, ո'չ հարկատու։ Օրենքի այս դրույթի և 11 հոդվածի 2-րդ մասի ուժով, ծնողի համոզմունքի հետևանքով իրեն հասանելիք նպաստից զրկվում է երեխան։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որին մասնակից է նաև Հայաստանի Հանրապետությունը, 3 հոդվածում նշում է. «1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի լավագույն ապահովմանը։ 2. Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները»:

Երեխաների նպաստին անմիջապես վերաբերող դրույթ ՀՀ Սահմանադրությունը չի պարունակում, և այդ իրավունքը պետք է դիտարկել Սահմանադրության 37 հոդվածի համատեքստում, որում նշված է ընդհանրապես սոցիալական ապահովության իրավունքը՝ բացի հոդվածում թվարկվածից, նաև «օրենքով նախատեսված այլ դեպքերում», որոնց շրջանակում էլ գտնվում է երեխայի նպաստի իրավունքը։ Այն պետք է դիտարկել նաև Սահմանադրության 34 հոդվածի համատեքստում, որում նշված է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի [...] իրավունք», ինչպես նաև Սահմանադրության 48 հոդվածի 1-ին կետի առնչությամբ, որով պետության հիմնական խնդիր են հռչակվում ընտանիքի, մայրության և մանկության պաշտպանությունն ու հովանավորումը։

Երեխայի նպաստը դնելով սոցիալական քարտի հետ կախման մեջ, օրենքի 11 հոդվածի վիճարկվող դրույթները` երեխաների նպաստի մասով, խոչընդոտում են Սահմանադրության նշյալ հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացումը, իսկ չհամապատասխանելով միջազգային իրավունքի նշված նորմերին և Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին՝ անտեսում են նաև Սահմանադրության 3 հոդվածի պահանջը։

IX. Բոլոր նշված սահմանադրական խնդիրներն իրավակիրառական պրակտիկայում հիմնականում ծագել են քաղաքացիների կրոնական համոզմունքների հետևանքով: Սահմանադրական դատարանի խնդիրը չէ պարզել այդ համոզմունքների դավանաբանական էությունը, սակայն օրենքի կիրառման առաջին իսկ պահից ծագած այս խնդիրները մղել են ե'ւ օրենսդրին, ե'ւ գործադիր իշխանությանը տվյալ անձանց համար գտնելու այլընտրանքային լուծումներ։ Մասնավորապես, օրենսդիրը 2006 թ. ընդունել է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որում օրենքի 11-րդ հոդվածը լրացվել է 4-րդ մասով. «Սոցիալական քարտը հոգևոր խնդիրներին չի առնչվում և մարդու խղճի ու կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել»։ Այն փաստորեն պարունակում է երկու դրույթ։ Առաջինը` որ օրենքը հոգևոր խնդիրներին չի առնչվում: Նման նորմը գործնականում զուրկ է իրավական բովանդակությունից: Երկրորդ դրույթը` «կրոնական համոզմունքների դեմ» քարտի օգտագործման արգելքը, վերացական բնույթ է կրում և չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 3-րդ մասի այն պահանջին, որ «Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն»: Օրենքի 11 հոդվածի նման լրացումը գործնականում տվյալ հոդվածի գոյություն ունեցող նորմերի իրավական բնույթի ու բովանդակության վրա որևէ ազդեցություն չի ունեցել:

 Կառավարությունն իր հերթին 2005 թ. հուլիսի 14-ի N 990-Ն որոշմամբ սահմանել է. «Կրոնական խնդիրներ ունեցող քաղաքացիներին իրենց դիմումների հիման վրա հատկացվում են առանց գծիկավոր պայմանանշանի ու առանց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի սոցիալական քարտեր»։ Այս որոշումը նույնպես չի նպաստել հիմնախնդրի վերջնական կարգավորմանը:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ օրենքի 11 հոդվածի վիճարկվող դրույթները, մասնավորապես` 2-րդ մասը, վերաբերում են ոչ միայն սոցիալական քարտից կրոնական դրդապատճառներով հրաժարվածներին, այլ իրավունքների իրականացման սահմանափակումներ են նախատեսում բոլոր անձանց համար, ովքեր, անկախ դրդապատճառից, սոցիալական քարտ չունեն: Այս առումով խնդիրը չպետք է դիտարկվի զուտ կրոնական և այլ համոզմունքների տեսանկյունից, այլ` անխտիր բոլոր մարդկանց իրավունքների սահմանափակման սահմանադրորեն թույլատրելի սահմանների տեսանկյունից:

X. Քննության առարկայի առնչությամբ իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը, դատաքննության ընթացքում բերված առանձին փաստարկներն ու պարզաբանումները վկայեցին, որ անհրաժեշտ ըմբռնում գոյություն չունի սահմանադրական այնպիսի առանցքային նորմ-սկզբունքների առնչությամբ, ինչպիսիք են «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք» (հ. 3, մաս 3-րդ) կամ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն» (հ. 6, մաս 1-ին): Բացի դրանից, ցանկացած նորմատիվ իրավական ակտ պետք է ապահովի և երաշխավորի Սահմանադրության 3 հոդվածի պահանջն առ այն, որ «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան», ինչպես նաև 43 հոդվածի երկրորդ մասի պահանջը, համաձայն որի` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:

Քննության առարկայի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ հիշյալ նորմերի պահանջները երաշխավորելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ սահմանադրորեն տարբեր իրավունքների սահմանափակման առանձնահատկություններն ու բնույթը: Որքան էլ որ այլոց իրավունքների երաշխավորումն է դառնում անհատի հասարակական վարքագծի կանոնակարգման սահմանը, միևնույն է, Սահմանադրությունը, ինչպես նշվեց, չի նախատեսում որոշակի իրավունքների սահմանափակում: Իսկ այդ իրավունքների ապահովման կարգը չի կարող դրանց իրականացման արգելանք դառնալ, այլ պետք է երաշխավորի այն: Սահմանադրորեն նախատեսված սահմանափակման ենթակա իրավունքների առնչությամբ, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքի սահմանափակումը կարող է իրականացվել միայն օրենքով՝ երաշխավորելով համաչափությունը, չաղավաղելով իրավունքի էությունը (սահմանափակման հետևանքով իրավունքը չզրկվի իր բովանդակությունից, չվտանգվի դրա գոյությունը):

«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 2-րդ մասի դրույթների` այս տեսանկյունից վերլուծությունը վկայում է, որ իրավակիրառական պրակտիկայում իրականում առկա է ոչ թե իրավունքների համաչափ սահմանափակման, այլ սահմանադրորեն սահմանափակման ոչ ենթակա (խոսքը չի վերաբերում ռազմական կամ արտակարգ իրավիճակներին) առանձին իրավունքների արգելափակման իրողությունը: Նման վիճակն առաջացել է, թերևս, նաև օրենքի 11 հոդվածի 2-րդ մասի անհստակ ձևակերպումից: Այն սահմանում է, որ «Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը՝ սոցիալական քարտ չունեցող անձանց մասով, համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները»։ Խնդիրը լուծված չէ այն դեպքում, երբ անձն ունի սոցիալական քարտ, սակայն համարը նշված չէ: Օրենքի 11 հոդվածի 2-րդ մասում «սոցիալական քարտ չունեցող անձանց մասով» դրույթի առկայությունը վկայում է, որ ի սկզբանե այս նորմը ոչ թե համապարտադիր իրավակարգավորիչ բնույթ ունի, այլ վերաբերել է անձանց որոշակի խմբի` նախատեսելով նրանց առանձին իրավունքների իրականացման արգելափակում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61 հոդվածի 1-ին մասով, 63 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը  ՈՐՈՇԵՑ.

 

1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 2-րդ մասի դրույթները` ՀՀ Սահմանադրության 31, 32 (2-րդ մաս) և 37 հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացման արգելափակման առումով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին, 2-րդ մասեր), 42, 43 և 48 (կետ 12) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 11-րդ մասի պահանջներին համապատասխան՝ անվավեր ճանաչված դրույթների կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերը կամ դրանց համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 11-րդ մասի և 68 հոդվածի 12-րդ մասի համաձայն սույն որոշումը տարածել դրա ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


4 հոկտեմբերի 2006 թ.
ՍԴՈ-649

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան