Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-653
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.10.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
20.10.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
20.10.2006
Дата вступления в силу
20.10.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱՐԳՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

20 հոկտեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով  քննեց «2006 թվականի փետրվարի 1-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթական և մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը երկու պետությունների միջև  պայմանավորված է Կողմերի մշակութային արժեքների, ավանդական մշակութային կապերի զարգացման և պահպանման փոխադարձ հետաքրքրությամբ և բխում է 1994 թվականի նոյեմբերի 28-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրից:

2. Հուշագրի համաձայն` Կողմերը պայմանավորվում են իրենց ներպետական օրենսդրությանը համապատասխան իրենց երկրներում հիմնել մյուս երկրի կրթական և մշակութային կենտրոն՝ համապատասխան պայմաններ ստեղծելով նաև սեփականության իրավունքով շենք, հողատարածքներ ձեռք բերելու խնդրում, որի հիմնական գործառույթը կրթական և մշակութային աշխատանքների իրականացումն է, այդ թվում` դպրոցի հիմնումը և այլ կրթական, մշակութային, գեղարվեստական և հրատարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հուշագրի 7 հոդվածում նախատեսված պայմաններով այդ կենտրոնների բնականոն գործունեության ապահովումը:

3. Վերոհիշյալ կենտրոնները գործելու են շահույթ չհետապնդող կազմակերպության կարգավիճակով՝ համագործակցելով համապատասխան Կողմի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

4. Հուշագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքին և բխում են Սահմանադրության 48 հոդվածի 9 և 11 կետերում նախատեսված` պետության խնդիրներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի փետրվարի 1-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթական և մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված  պարտավորությունները  համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


20 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-653