Գլխավոր տեղեկություն
Номер
N 1112-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.30/46(501) Հոդ.976
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2006
Дата вступления в силу
31.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2006 թվականի N 1112-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 614-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հաստատել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր օթևան տրամադրելու կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի».

3) որոշման 1-ին կետով հաստատված ժամանակավոր օթևանի տրամադրման կարգում և պայմաններում`

ա) 1-ին կետը «անօթևան» բառից հետո լրացնել «ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետևանքով» բառերով,

բ) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայերենին չտիրապետող անձանց, հնարավորության դեպքում, աջակցությունը տրամադրվում է իրենց համար հասկանալի լեզվով»,

գ) 5-րդ կետը «պայմաններ» բառից հետո լրացնել «վստահության հեռախոս» բառերով,

դ) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Օթևանը, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում է նաև բռնության ենթարկված անձի երեխային` նրա օթևանում գտնվելու ընթացքում»,

ե) 11-րդ կետը «գործակալությունը» բառից հետո լրացնել «իսկ վստահության հեռախոսի միջոցով  տեղեկություններ ստանալու դեպքում կազմակերպությունը» բառերով,

զ) 12-րդ կետում «գործակալությունն» բառը փոխարինել «գործակալությունը կամ կազմակերպությունն» բառերով,

է) 14-րդ կետը «գործակալությունը» բառից հետո լրացնել «կամ կազմակերպությունը» բառերով,

ը) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.

«թ) անձի նկատմամբ կիրառված բռնության տեսակը` բռնության առկայության դեպքում»,

թ) 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» և «ժ» ենթակետերով.

«թ) բռնության ենթարկված անձի հետ կազմակերպությունում գտնվող երեխային` ուսման հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում,

ժ) անձի սոցիալական ադապտացիան (հարմարումը) ապահովելու նպատակով` ընտանիքի անդամների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքի միջոցով ընտանիքում բարենպաստ մթնոլորտի վերականգնմանը»,

ժ) 28-րդ կետի «դ» ենթակետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ ընտանիքում բռնության ենթարկված անձանց» բառերով.

4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1112-Ն որոշման


«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 13-ի N 614-Ն որոշման

Կ Ա Ր Գ   ԵՎ   Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնալու, ընտանիքում բռնության ենթարկվելու, թափառաշրջիկության կամ մուրացկանության հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներին (այսուհետ` երեխա) ժամանակավոր օթևան  (այսուհետ` օթևան) տրամադրելու, ինչպես նաև նրանց սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու և խախտված իրավունքները վերականգնելուն աջակցելու հետ կապված հարաբերությունները:

2. Օթևանի տրամադրումը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից մեկն է:

3. Օթևան կարող են տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշմամբ հաստատված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող երեխայի ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատությունները (այսուհետ` հաստատություն)` անկախ կազմակերպական-իրավական ձևից:

 

II. ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Երեխային օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ:

5. Հաստատությունների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ կազմակերպություններ) պաշտոնատար անձինք, որոնք տեղեկություններ ունեն սույն կարգի 1-ին կետում նշված երեխաների մասին, պարտավոր են դրա մասին հաղորդել երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

6. Սույն կարգի 1-ին կետում նշված երեխաների մասին տեղեկություն ստանալուց հետո խնամակալության և հոգաբարձության մարմինն անմիջապես երեխային տեղավորում է հաստատությունում:

7. Երեխային հաստատություն ընդունելը ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով:

8. Խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխային հաստատությունում տեղավորելուց հետո 3 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին:

9. Մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները, հաստատության մասնագետների հետ համատեղ, երեխայի հաստատությունում գտնվելու երկու ամվսա ընթացքում իրականացնում են երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և կարիքների գնահատում, որի արդյունքների հիման վրա կազմում են երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիր: Կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը տալիս է եզրակացություն երեխայի հետագա խնամքը կազմակերպելու մասին (վերադարձ ընտանիք, խնամակալի կամ հոգաբարձուի նշանակում, տեղավորում խնամատար ընտանիքում, տեղավորում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող այլ հաստատությունում):

 

III. ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

10. Օթևան տրամադրած հաստատությունում երեխայի համար լրացվում է հաշվառման քարտ, որում գրանցվում են տվյալ երեխայի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) անունը, ազգանունը, հայրանունը,

բ) ծննդյան տարեթիվը, վայրը,

գ) սեռը,

դ) երեխայի վերջին բնակության վայրը (եթե հայտնի է),

ե) մինչև հաստատությունում տեղավորելը երեխայի հայտնաբերման վայրը,

զ) երեխայի ընտանեկան դրությունը,

է) երեխային հաստատությունում տեղավորելու պատճառները,

ը) երեխային օթևան ընդունելու և դուրս գրելու ամսաթիվը,

թ) երեխային բացահայտած խնամակալության և հոգաբարձության մարմնի մասին տվյալները:

11. Երեխայի մասին տվյալները քարտում լրացվում են անձը հաստատող փաստաթղթի կամ դրա բացակայության դեպքում` երեխայի բանավոր հայտարարության հիման վրա: Երեխայի մասին տվյալների գրանցման ժամանակ նշվում է տվյալների աղբյուրը:

12. Երեխայի մասին տվյալները նրա բանավոր հայտարարության հիման վրա գրանցելու դեպքում նշվում են նաև երեխայի անհատականացման հնարավոր նշանները` սեռը, մոտավոր տարիքը, մազերի ու աչքերի գույնը և այլ անհատականացման նշաններ:

13. Կրկին անգամ նույն հաստատություն ընդունվելու դեպքում երեխայի հաշվառման քարտում կատարվում է համապատասխան նշում:

14. Հաստատություն ընդունված երեխայի համար լրացվում է բժշկական քարտ, որում գրանցվում են նրա անձնական տվյալները, ինչպես նաև կատարված առաջին բուժզննության հիման վրա իրականացված կլինիկա-լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցույց տրված բժշկական օգնությունը:

15. Հաստատություն ընդունվող երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ընդգրկվում են հաստատության ղեկավարի որոշումը, երեխայի լուսանկարը, երեխայի հաշվառման քարտը, բժշկական քարտը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, երեխայի մոտ առկա բոլոր փաստաթղթերի պատճենները:

 

IV. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Երեխան հաստատություն ընդունվելու առաջին 2 ժամվա ընթացքում ենթարկվում է սանիտարական մշակման, 1-3 օր պահվում կարանտինի պայմանում` հատուկ առանձնացված սենյակում, մինչև համապատասխան բուժհաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացություն ստանալը:

17. Բուժհաստատության կողմից պալարախտի, մաշկային, սուր վարակիչ, վեներական հիվանդությունների կամ բժշկական սպասարկումն իրականացնելու անհնարինության դեպքում երեխան ուղարկվում է համապատասխան բժշկական հաստատություն:

18. Երեխան հաստատությունում գտնվելու ընթացքում ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան խնամք և դաստիարակություն, ինչպես նաև երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրով նախատեսված սոցիալ-հոգեբանական և իրավաբանական աջակցություն:

 

V. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՅԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

19. Հաստատությունից երեխան դուրս է գրվում`

ա) ընտանիք վերադառնալու,

բ) խնամակալ կամ հոգաբարձու նշանակվելու,

գ) խնամատար ընտանիքում տեղավորվելու,

դ) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող այլ հաստատությունում տեղավորվելու,

ե) ստացիոնար բուժհաստատությունում տեղավորվելու դեպքերում:

20. Հաստատությունը երեխայի դուրսգրման մասին մեկ օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին:

21. Մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը նման տեղեկություն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հաստատությունում տեղավորող խնամակալության և հոգաբարձության մարմնին, ինչպես նաև երեխայի գտնվելու նոր վայրի (եթե վերջինս փոփոխվել է) խնամակալության և հոգաբարձության մարմնին»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան