Գլխավոր տեղեկություն
Номер
N 303-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2006-30.09.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2006.08.17/21(230) Հոդ.269
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.06.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
07.07.2006
Дата вступления в силу
01.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006223

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հունիսի 2006 թ.

N 303-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգը»՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հոկտեմբերի 1-ին:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հուլիսի 7
Երևան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունիսի 30-ի
թիվ 303-Ն որոշման

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ)

 

Կ Ա Ր Գ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ՝ բանկեր) կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) նվազագույն պահանջները և հրապարակման (տրամադրման) կարգը:

2. Բանկերը պարտավոր են իրենց գլխամասային գրասենյակներում, մասնաճյուղերում և ներկայացուցչություններում տեսանելի վայրում փակցնել հայտարարություն՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի և ժամանակի մասին:

Բանկը պարտավոր է ցանկացած անձի կողմից պահանջվող տեղեկությունները տրամադրել առնվազն երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 2. ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ` ԲԱՆԿԻ ՏՆԱՅԻՆ ԷՋՈՒՄ, ՄՇՏԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Բանկերը ինտերնետում՝ իրենց տնային էջերում, պետք է մշտապես հրապարակեն և թարմացնեն ինչպես «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով նշված, այնպես էլ սույն գլխով սահմանված տեղեկությունները:

4. Բանկի տնային էջում (ինտերնետային կայքում) պետք է առկա լինեն հղումներ (լինքեր) հետևյալ տեղեկությունները պարունակող էջերին.

ա) բանկի առաքելությունը/գործունեության նպատակը,

բ) բանկի վարչակազմակերպական կառուցվածքը,

գ) կորպորատիվ կառավարում,

դ) ֆինանսական հաշվետվությունները,

ե) մատուցվող ծառայությունները,

զ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` բանկի բաժնետոմսերի գնանշումը,

է) շահութաբաժինները,

ը) բանկի նշանակալից մասնակիցները,

թ) բանկի ղեկավարները:

5. «Բանկի վարչակազմակերպական կառուցվածք» մասում ներկայացվում են.

ա) բանկի ներքին վարչակազմակերպական կառուցվածքը՝ գծապատկերի/սխեմայի տեսքով,

բ) եթե բանկն ընդգրկված է որևէ խմբի/հոլդինգի/կոնցեռնի/միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա պետք է ներկայացվի խմբի/հոլդինգի/կոնցեռնի/միության կառուցվածքը՝ սխեմայի տեսքով, կամ հղում տրվի համապատասխան ինտերնետային էջին, որտեղ առկա է այդ կառուցվածքի գծապատկերային/սխեմատիկ նկարագրությունը,

գ) եթե բանկն ընդգրկված է որևէ խմբի/հոլդինգի/կոնցեռնի/միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա ներկայացվում է նաև ներխմբային նշանակալի գործարքների և ներդրումների ընդհանուր բնույթը (առկայության դեպքում),

դ) բանկի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ցանկը՝ հասցեներով և հեռախոսահամարներով:

6. «Կորպորատիվ կառավարում» մասում ներկայացվում են բանկի կողմից որդեգրված կորպորատիվ կառավարման սկզբունքները: Առնվազն պետք է առկա լինեն.

ա) բանկի կանոնադրությունը, որտեղ հստակ նշված են բանկի խորհրդի և գործադիր մարմնի իրավասություններն ու պարտականությունները,

բ) տեղեկություններ բանկի խորհրդին կից մշտական գործող հանձնաժողովների վերաբերյալ, այդ թվում` անդամների ցանկը, հանձնաժողովի առաքելությունն ու գործունեությունը,

գ) բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները,

դ) բանկի և բանկի հետ կապված անձանց (այդ թվում՝ բանկի մասնակիցների և ղեկավարների) միջև գործարքները կարգավորող ընթացակարգերը՝ հաստատված բանկի խորհրդի կողմից,

ե) բանկի պետական գրանցման վկայականի պատճենը,

զ) բանկի աշխատակիցների թիվը:

7. «Ֆինանսական հաշվետվությունները» մասում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պարտադիր պահանջվող՝ բանկի վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվություններից բացի, պետք է լինեն հղումներ բանկի նախորդ տարիների տարեկան (իսկ բանկի ցանկությամբ՝ նաև միջանկյալ) ֆինանսական հաշվետվություններին (սկսած 2003 թվականի ֆինանսական հաշվետվություններից, իսկ 2003 թվականից հետո լիցենզավորված բանկերի համար՝ բոլոր տարիների ֆինանսական հաշվետվությունները):

Բանկի ֆինանսական հաշվետվությունները՝ կից ծանոթագրություններով (ներառյալ՝ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը), պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ կենտրոնական բանկ) խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի թիվ 277-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները» կարգին համապատասխան:

Բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ պետք է առկա լինի նաև արտաքին աուդիտորական ընկերության աուդիտորական եզրակացությունը:

Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում բանկը ինտերնետում՝ տնային էջում, տեղադրում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Բանկը կարող է տնային էջում տեղադրել նաև իր առանձին ֆինանսական հաշվետվությունները:

8. «Մատուցվող ծառայությունները» մասում պետք է ներկայացվեն սույն կարգի 4-րդ գլխով սահմանված տեղեկությունները:

9. «Շահութաբաժիններ» մասում ներկայացվում են ընթացիկ տարվա ընթացքում շահութաբաժիններ վճարելու մասին որոշումը (որոշումները) և հղումներ նախորդ տարիներին ընդունված նմանատիպ որոշումներին (առնվազն վերջին երեք տարվա կտրվածքով): «Շահութաբաժիններ» մասում պետք է ներկայացվի նաև բանկի շահութաբաժնային քաղաքականությունը:

Բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերը սույն ենթակետով սահմանված բաժնում կարող են տեղադրել նաև բանկի բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենը:

10. Բանկի նշանակալից մասնակիցների գծով պետք է ներկայացվեն տեղեկություններ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի նշանակալից մասնակիցների վերաբերյալ:

Բանկի նշանակալից մասնակիցների մասին տեղեկությունը պետք է առնվազն ներառի.

ա) ուղղակի նշանակալից մասնակիցների համար`

- անունը (անվանումը),

- բանկում իրենց ունեցած մասնակցության չափը,

- մասնակցի գործունեության տեսակը (իրավաբանական անձանց համար),

բ) անուղղակի նշանակալից մասնակիցների համար`

- անունը (անվանումը),

- անուղղակի մասնակցի գործունեության տեսակը,

- այն ուղղակի նշանակալից մասնակցի անունը (անվանումը), որի միջոցով մասնակիցը ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ կամ այն պահանջը, որի ուժով անձը (անուղղակի նշանակալից մասնակիցը) կարող է ազդել բանկի (կամ բանկի ուղղակի նշանակալից մասնակցի) որոշումների և գործունեության ուղղությունների վրա (օրինակ` խոշոր ավանդատու),

- առկայության դեպքում՝ նաև տվյալ բանկում մասնակցության չափը,

գ) հրապարակմանը նախորդող տասներկու ամսվա ընթացքում բանկի նշանակալից մասնակցի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ վարկի (փոխառության) տեսակը, չափը, տոկոսադրույքը, տրամադրման և մարման ժամկետները,

դ) բանկի նկատմամբ տվյալ պահի դրությամբ բանկի նշանակալից մասնակցի ընդհանուր պարտավորությունները՝ վարկերի և այլ փոխառությունների գծով (տեղեկությունները պետք է թարմացվեն պարտավորությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտավորությունները գործող վարկային քարտերի/գծերի և օվերդրաֆտների գծով կարող են ընդգրկվել միջին ամսական մեծությամբ):

11. Բանկի ղեկավարների մասին տեղեկությունը պետք է առնվազն ներառի.

ա) բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամների ցանկը: Ընդ որում, բանկի գործադիր մարմնի անդամների ցանկում պետք է առնվազն ընդգրկվեն բանկի գործադիր տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը, ներքին աուդիտի ղեկավարը,

բ) անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը,

գ) բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տասներկու ամսվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության չափը: Ընդ որում, բանկը կարող է սահմանափակել այդ տեղեկության ընթերցման հնարավորությունը, օրինակ՝ գաղտնաբառերի կիրառման միջոցով: Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները պետք է պարտադիր հասանելի լինեն բանկի բոլոր մասնակիցներին,

դ) հրապարակմանը նախորդող տասներկու ամսվա ընթացքում բանկի բոլոր ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) չափը՝ մեկ թվով: Սույն կարգի 6-րդ կետի «դ» ենթակետով նշված՝ բանկի և բանկի հետ կապված անձանց միջև գործարքները կարգավորող ընթացակարգերից բացառություններով տրամադրված վարկերի կամ այլ փոխառությունների վերաբերյալ պետք է հրապարակվեն նաև՝ վարկի (փոխառության) տեսակը, չափը, տոկոսադրույքը և տրամադրման ու մարման ժամկետները, ինչպես նաև ընթացակարգերից բացառություն հանդիսացող պայմանները: Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները, ըստ առանձին ղեկավարների, պետք է պարտադիր հասանելի լինեն բանկի բոլոր մասնակիցներին,

ե) բանկի նկատմամբ տվյալ պահի դրությամբ բանկի բոլոր ղեկավարների ընդհանուր պարտավորությունները՝ վարկերի և այլ փոխառությունների գծով (տեղեկությունները պետք է թարմացվեն պարտավորությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտավորությունները գործող վարկային քարտերի/գծերի և օվերդրաֆտների գծով կարող են ընդգրկվել միջին ամսական մեծությամբ): Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները ըստ առանձին ղեկավարների պետք է պարտադիր հասանելի լինի բանկի բոլոր մասնակիցներին:

12. Բանկի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը պետք է տեղադրվի բանկի տնային էջում՝ օրենքով սահմանված ծանուցման ժամկետներում: Բանկի ցանկությամբ տնային էջում կարող է տեղադրվել նաև ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրամադրման ենթակա ծանուցումը, որը պարունակում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները:

 

ԳԼՈՒԽ 3. ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

13. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո, օրենքով սահմանված ժամկետներում, հրապարակել աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը:

Ընդ որում, Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի թիվ 277-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի և դրանց լրացման ցուցումների» 2.2 կետով սահմանված՝ աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ՝ 2.2 կետի «ե» ենթակետով սահմանված «ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները՝ ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը՝ ձև 5»-ի) և աուդիտորական եզրակացությունը բանկերը պարտավոր են տպագրել 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում:

14. Բանկերը պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում հրապարակել միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները:

Ընդ որում, Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի թիվ 277-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի և դրանց լրացման ցուցումների» 3.1 կետով սահմանված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ՝ 3.1 կետի «ե» ենթակետով սահմանված «ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները՝ ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը՝ ձև 5»-ի) բանկերը պարտավոր են տպագրել 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում:

15. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում բանկը հրապարակում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Բանկը կարող է նաև հրապարակել իր առանձին ֆինանսական հաշվետվությունները:

16. Հաշվետվություններին կից մամուլում բանկերը պետք է հրապարակեն իրենց ինտերնետի՝ տնային էջի հասցեն՝ նշելով, որ այնտեղ գտնվում են բանկի ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը (ներառյալ՝ կից ծանոթագրությունները), աուդիտորական եզրակացությունը, բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և բանկերի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները:

17. Առնվազն եռամսյակը մեկ բանկերը պարտավոր են նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում տեղեկատվություն հրապարակել հիմնական տնտեսական նորմատիվների պահպանման վերաբերյալ` համաձայն սույն կարգի հավելված 1-ով (իսկ ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում՝ հավելված 2-ով) սահմանված ձևի:

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունում ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից հաստատված հիմնական տնտեսական նորմատիվների փաստացի և թույլատրելի մեծությունները: Կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափի, առաջին արտարժութային խմբի համախառն դիրքի առավելագույն չափի, երկրորդ արտարժութային խմբի զուտ դիրքի առավելագույն չափի և առանձին արտարժույթների բաց դիրքերի գծով «Փաստացի մեծությունը» սյունակները չեն լրացվում: «Փաստացի մեծությունը» սյունակներում ամսական հաշվարկվող նորմատիվների համար արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա նորմատիվի փաստացի մեծությունը: «ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը» սյունակում արտացոլվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվների թույլատրելի մեծությունը՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով սահմանված կարգով (ընդ որում, պարտադիր պահուստավորման նորմատիվը հաշվարկելիս վերջին ժամանակաշրջան է համարվում վերջին ամսվա վերջին լրիվ երկշաբաթյակը): «Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը» սյունակում արտացոլվում է յուրաքանչյուր նորմատիվի գծով խախտումների քանակը, իսկ եթե խախտում առկա չէ, համապատասխան տողում լրացվում են «խախտում առկա չէ» բառերը:

18. Եթե բանկի արտաքին աուդիտի եզրակացությամբ ճշգրտված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների արդյունքում բանկը խախտում է հիմնական տնտեսական նորմատիվ (նորմատիվներ), ապա բանկը պարտավոր է նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում վերահրապարակել այն եռամսյակների ճշգրտված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները, որոնցում հրապարակվող հաշվետվությունների ճշգրտման արդյունքում առաջացել է նորմատիվի (նորմատիվների) խախտումը: Ընդ որում, սույն պահանջը գործում է այն դեպքերում, երբ հրապարակվող հաշվետվությունների ճշգրտման պատճառը եղել էր հաշվապահական հաշվառման սխալը:

Հաշվապահական հաշվառման սխալ չի համարվում Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների, Միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգերի միջև առկա անհամաձայնությունների և հակասությունների հետևանքով առաջացած շեղումները:

19. Բանկերը պարտավոր են հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները տեղադրել նաև ինտերնետում՝ իրենց տնային էջերում, նախատեսելով նաև հղումներ նախորդ եռամսյակների հաշվետվություններին (առնվազն վերջին մեկ տարվա կտրվածքով):

20. Սույն գլխով սահմանված տեղեկությունները 2007 թվականի մայիսի 1-ից հետո պետք է հրապարակվեն միայն բանկերի ինտերնետային կայքերում/տնային էջերում:

 

ԳԼՈՒԽ 4. ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

21. Բանկերը պարտավոր են ինտերնետում՝ իրենց տնային էջում, տեղադրել և օրական կտրվածքով թարմացնել իրենց կողմից մատուցվող բոլոր ծառայությունների (այդ թվում՝ ավանդների ընդունում, վարկերի տրամադրում) վերաբերյալ առնվազն սույն գլխով սահմանված տեղեկությունները:

Բանկերի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ առնվազն սույն գլխով սահմանված տեղեկությունները պետք է նաև հասանելի լինեն հաճախորդների համար բանկի գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և ներկայացուցչություններում առանձին գրքույկների կամ բանկի հաճախորդների համար հասանելի այլ ձևով:

22. Բանկի տնային էջում կամ բանկի կողմից տպագրված առանձին գրքույկներում պետք է առկա լինեն բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների ցանկը՝ համապատասխան սակագներով, ինչպես նաև այն հեռախոսահամարները, որոնցով հաճախորդը կկարողանա սպառիչ տեղեկություններ ստանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ բանկի տնային էջում կամ այլ կերպ հրապարակված տեղեկությունները (այսուհետև` տեղեկություններ) պետք է ներկայացվեն պարզ և սպառողների համար մատչելի լեզվով:

23. Բոլոր տեսակի վարկերի գծով տեղեկություններում պետք է առկա լինի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը՝

ա) վարկավորվող գումարի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, եթե այդպիսիք սահմանված են բանկի կողմից,

բ) վարկերի տրամադրման նվազագույն և առավելագույն ժամկետները,

գ) վարկերի տոկոսադրույքի հաշվառման ձևը՝ այդ թվում նշելով՝ տոկոսադրույքը կիրառվում է մայր գումարի՞, թե՞ նվազող մնացորդի նկատմամբ,

դ) վարկերի տարեկան տոկոսադրույքի չափը՝ դրամով և արտարժույթով տրամադրվող վարկերի համար: Եթե տոկոսադրույքի վրա կարող են ազդել նաև այլ գործոններ, օրինակ՝ ավտոմեքենաների ձեռքբերման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքը տարբեր է հին ու նոր, կամ տարբեր մակնիշի ավտոմեքենաների համար, ապա այդպիսի տարանջատումների հիմքերը նույնպես պետք է նշվեն,

ե) մարումների հաճախականությունը (ամսական, եռամսյակային, կիսամյակային),

զ) միջնորդավճարների, ինչպես նաև այլ հնարավոր լրացուցիչ գանձումների չափը, եթե այդպիսիք առկա են (օրինակ՝ տույժերի չափը և կիրառման դեպքերը),

է) ապահովության (գրավի) տեսակը, եթե նման պահանջ առկա է: Ընդ որում, եթե վարկը տրամադրվում է վարկառուի գույքի գրավով, որը կարող է բանկի կողմից առգրավվել վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով, գույքի հնարավոր առգրավման մասին հայտարարությունը պարտադիր է,

ը) վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

24. Բանկերը պետք է նշեն նաև հաճախորդի համար վարկի հասանելիությունը սահմանափակող բոլոր պայմանները: Օրինակ՝ վարկը տրամադրվում է միայն բանկում ավանդ ունեցող հաճախորդներին, կամ սպառողական վարկերը տրամադրվում են միայն կոնկրետ առևտրի կետերից ապրանքներ ձեռք բերելու դեպքում, կամ վարկառուի տարեկան շրջանառությունը չպետք է փոքր լինի որոշ գումարից և այլն:

25. Եթե բանկը հրաժարվում է հաճախորդին վարկ տրամադրելուց, ապա այդ մասին հաճախորդին տեղեկացնելիս բանկը պետք է նշի նաև մերժման հիմքերը:

26. Վարկերի առանձին տեսակների մասին տեղեկությունները՝ բացի սույն կարգի 22-րդ կետում նշված պայմաններից, պետք է պարունակեն նաև լրացուցիչ տեղեկություններ.

26.1. անշարժ և շարժական գույքի ձեռքբերման (ինչպես նաև բնակարանների վերանորոգման) համար տրամադրվող վարկերի գծով.

ա) կանխավճարի նվազագույն չափը՝ արտահայտված տոկոսով: Եթե կանխավճարի չափը տարբերվում է՝ կախված վարկավորվող գույքի հատկանիշներից, օրինակ՝ հիփոթեքային վարկավորման դեպքում բնակարանի գտնվելու վայրից (Երևանո՞ւմ, թե՞ մարզերում, կամ Երևան քաղաքի կենտրոնո՞ւմ, թե՞ ծայրամասում), ապա պետք է նշվի վարկի ստացման առավել բարենպաստ տարբերակը և վարկի պայմանների փոփոխման տրամաբանությունը,

բ) վարկավորվող գույքի ապահովագրության պահանջի առկայությունը: Պետք է նշվի նաև՝ ապահովագրության համար հիմք է ընդունվում գույքի շուկայական արժե՞քը, թե՞ վարկի գումարը.

26.2. լոմբարդային վարկերի (թանկարժեք իրերի գրավադրմամբ տրամադրվող վարկերի) գծով՝ «վարկ - գրավի արժեք» ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ.

26.3. տուրիզմի (արձակուրդ մեկնողների) վարկավորման գծով.

ա) ավիատոմսերի, ուղեգրերի ձեռքբերման համար, ինչպես նաև ճանապարհորդության հետ կապված այլ ծախսերի գծով վճարվելիք կանխավճարի չափը՝ արտահայտված տոկոսով,

բ) վարկի տրամադրման եղանակները (օրինակ՝ կանխիկ, անկանխիկ վճարում, այլ).

26.4. վարկային գծերի (օվերդրաֆտների) գծով.

ա) անտոկոս վարկավորման օրերի քանակը,

բ) չօգտագործված վարկային գծի տարեկան տոկոսադրույքի չափը (առկայության դեպքում).

26.5. սպառողական վարկերի գծով՝ վարկի ձևակերպման վայրը (բանկո՞ւմ, թե՞ առևտրի կետերում).

26.6. արտարժույթով տրամադրվող վարկերի գծով՝ պետք է շեշտվի, որ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

27. Բանկերի կողմից տրամադրվող պլաստիկ քարտերի մասին տեղեկություններում պետք է առկա լինի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը՝

ա) տրամադրվող քարտի տեսակը, օրինակ՝ դեբետային (հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ իր հաշվին առկա մնացորդի շրջանակներում), կրեդիտային (առկա է վարկային գիծ),

բ) տրամադրվող քարտի պատկանելությունը որևէ համակարգի (համակարգերի), օրինակ՝ ԱրՔա, ՎԻԶԱ, այլ,

գ) քարտային հաշվի արժույթի տեսակը,

դ) քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը,

ե) քարտի ձեռքբերման, սպասարկման և քարտի օգտագործման հետ կապված այլ սակագները (օրինակ՝ միջոցների կանխիկացում այլ բանկին պատկանող ավտոմատ գանձման սարքերից),

զ) արտոնյալ ժամկետ («գրեյս պերիոդ») և վարկային գծի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը,

է) քարտերի տրամադրման ժամկետները:

28. Բանկերի կողմից ներգրավվող բոլոր տեսակի ավանդների մասին տեղեկություններում պետք է առկա լինի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը՝

ա) ավանդի տեսակը (օրինակ՝ ցպահանջ, ժամկետային, կուտակային, «սեզոնային» ավանդ և այլն),

բ) ավանդի տարեկան տոկոսադրույքի չափը՝ կախված արժույթից, գումարի չափից և ժամկետից,

գ) տոկոսների վճարման պայմանները, եղանակները (կանխիկ կամ անկանխիկ, վճարվում է բացառապես դրամով), վճարման պարբերականությունը (ամսական, եռամսյակային, այլ),

դ) այլ լրացուցիչ պայմաններ, ինչպիսիք են, օրինակ՝ ժամկետային ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու պայմանները, պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարի փոփոխություն, այլ,

ե) բանկային հաշիվների համար՝ չնվազող մնացորդի չափը, եթե այդպիսին նախատեսված է,

զ) ավանդային պայմանագրերի օրինակելի ձևերը:

29. Ավանդներին վերաբերող մասում բանկը պետք է նաև նշի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ նշելով հատուցման ենթակա ավանդների չափերը:

Ավանդների մասին տեղեկություններում պետք է նշել նաև, որ ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման:

30. Բանկի կողմից դրամական փոխանցումների իրականացման մասին տեղեկությունը պետք է առնվազն ներառի.

ա) փոխանցումների իրականացման տևողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում,

բ) դրամական փոխանցումների սակագները (այդ թվում՝ կախված փոխանցման երկրից և գումարի մեծությունից, եթե առկա է այդպիսի տարանջատում),

գ) տեղեկություններ այլ լրացուցիչ վճարների մասին, եթե այդպիսիք նախատեսված են կամ կարող են ծագել գործարքի ընթացքում:

31. Զանգվածային լրատվության միջոցներով (այդ թվում՝ հեռուստատեսություն, մամուլ, ռադիոգովազդ) իրենց կողմից մատուցվող ծառայությունները գովազդելիս բանկը պարտավոր է գովազդում նշել բանկի ինտերնետային կայքի (տնային էջի) հասցեն և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որոնց միջոցով սպառողները կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ գովազդվող ծառայությունների վերաբերյալ:

32. Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հրապարակվող/գովազդվող տեղեկությունները չպետք է պարունակեն ապակողմնորոշող բառեր կամ արտահայտություններ:

 

 

Հավելված 1
«Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման
(տրամադրման) կարգի»

 

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

(եռամսյակային)

 

 

______________

 

_____________ թ-ից ________ թ.

                                  

 (հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի
մեծությունը՝ հաշվարկված բանկի համար

ՀՀ կենտրոնական
բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու
եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը      
Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը      
Ն11 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը      
Ն12 Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը      
Ն21 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը      
Ն22 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը      
Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը      
Ն32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը      
Ն41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը      
Ն42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը      
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը

X
________________

   
Առաջին արտարժութային խմբի համախառն դիրքի առավելագույն չափը


X
________________

   
Երկրորդ արտարժութային խմբի զուտ դիրքի առավելագույն չափը


X
________________

   
Ըստ առանձին արտարժույթների բաց դիրքի առավելագույն չափը


X
________________

   

                  
            

 

Բանկի վարչության նախագահ

__________________

Կ.Տ.

(գործադիր տնօրեն)

 
 

Գլխավոր հաշվապահ

__________________


 

Հավելված 2
«Բանկերի կողմից իրենց վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման
(տրամադրման) կարգի»

    

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

(եռամսյակային)

 

Բանկի անվանումը

______________

Ամսաթիվը

_____________ թ-ից ________ թ.

 

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի
փաստացի
մեծությունը՝
հաշվարկված
բանկի համար

Նորմատիվի
փաստացի մեծությունը՝
հաշվարկված
բանկի
համախմբված
հաշվետվությունների
նկատմամբ

ՀՀ կենտրոնական
բանկի սահմանած նորմատիվի
թույլատրելի մեծությունը

Հաշվետու
եռամսյակում խախտումների
թիվը

1

2

 3

4

5

Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը        
Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը        
Ն11 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը        
Ն12 Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը        
Ն21 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը        
Ն22 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը        
Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը        
Ն32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը        
Ն41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը        
Ն42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը        
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը

X
_______________

 

X

 
Առաջին արտարժութային խմբի համախառն դիրքի առավելագույն չափը


X
_______________

 

X

 
Երկրորդ արտարժութային խմբի զուտ դիրքի առավելագույն չափը


X
_______________

 

X

 
Ըստ առանձին արտարժույթների բաց դիրքի առավելագույն չափը


X
_______________

 

X

 

 

 

Բանկի վարչության նախագահ

__________________

Կ.Տ.

(գործադիր տնօրեն)

 
 

Գլխավոր հաշվապահ

__________________